Just another WordPress.com site

Ներկրթահամալիրային մանկավարժական ուսումնասիրություններ

Օտար լեզվի ուսումնական պարապմունքները կրթահամալիրի դպրոցներում հոկտեմբերի 3-ին. առաջընթացը նկատելի էր

Առաջին և երկրորդ դասաժամերին Հյուսիսային դպրոցում ներկա եղա 5-րդ դասարանի ռուսերենի (դասավանդող՝ Անահիտ Նաղդալյան) և անգլերենի (դասավանդող՝ Հայկուհի Հովհաննիսյան) պարապմունքներին:

Անահիտ Նաղդալյանի ուսումնական պարապմունքը

Մոտ երեք շաբաթ է անցել այն օրից, երբ առաջին անգամ նույն դասարանում ներկա եղա Անահիտ Նաղդալյանի վարած ուսումնական պարապմունքին: Այդ օրը Անահիտը 45 րոպե շարունակ քերականական, սովորողների առօրյայից կտրված մի պարապմունք վարեց: Ես բաց նամակով դիմեցի Անահիտին՝ նշելով, որ կրտսեր դպրոցում օտար լեզվի դասավանդման հիմնական նպատակը հաղորդակցական կարողությունները զարգացնելն է: Երևի իմ դիտարկումները որոշակի դեր խաղացել էին, որովհետև այսօրվա 45 րոպեն ամբողջապես կենդանի ռուսերեն էր և՝ հաղորդակցական: Տեքստի քննարկմանը մասնակցեցին գրեթե բոլորը՝ մեկը մյուսին հերթ չտալով, լրացնելով մեկ-մեկու: Երբ պարապմունքին հատկացված ժամանակի կեսից անցել էր, երբ բոլոր նոր բառերով և արտահայտություններով նախադասություններ էին կազմվել, եկել էր դասագրքի տեքստից կտրվելու և արդեն ամրապնդված բառապաշարով ստեղծագործելու ժամանակը: Հենց այդ պահին պետք է օգտագործվեին համակարգիչները և դասը դրանով անհատականացվեր, որովհետև հարցերը կրկնվում էին և որոշ սովորողների համար, ովքեր ավելի լավ գիտեին լեզուն, դասը կամաց կամաց անհետաքրքիր էր դառնում: Դասավանդողն այդ պահին պետք է նրանց հանձնարարեր իրենց համակարգիչներում օրվա թեմային մոտ վերնագրով փոքրիկ շարադրություններ գրել: Հասունացել էր պահը: Դրա փոխարեն Անահիտը նոր թեմա սկսեց՝ “Моя семья” և նույն ձևով դասը մինչև վերջ շարունակվեց: Լավ էր, որ տնային հանձնարարությունը դասարանում արվածի զարգացումն էր. գրել փոքրիկ շարադրություն՝ ներկայացնելով ընտանիքի անդամներին: Երբ իմ դիտարկումների մասին Անահիտին ասեցի դասից հետո, նա ինձ հարցրեց, թե արդյոք կարելի է այդպես անել. սովորողների մի մասը շարադրություն է գրում, իսկ մյուս մասն էլ շարունակում է դասավանդողի հարցերին պատասխանել: Իհարկե՚ կարելի է: Հենց այսպես են սկսվում անհատականացված ուսուցման առաջին քայլերը կրտսեր դպրոցում: Դրան օգնում են համակարգիչները, որոնց քանակը բավարար չէր դասարանում: Դասարանում առկա էր 7 համակարգիչ, իսկ սովորողները 16-ն էին:

Վերջում պետք է վստահաբար ասեմ, որ Անահիտ Նաղդալյանը հաջորդ ուսումնական պարապմունքին ևս մի քայլ առաջ կգնա և դասի հաղորդակցական բնույթին կավելացնի նաև ուսուցման անհատականացման առաջին փորձերը: Դրա նախադրյալները դրվեցին այսօր:

Հայկուհի Հովհաննիսյանի ուսումնական պարապմունքը  

Հայկուհին առաջին հարկի դահլիճում անցկացրած ամբողջ պարապմունքը նվիրեց երգի ուսուցմանը՝ “We are superheroes, we are here to save the world”: Դասի նպատակին համապատասխան կառուցվածք էր ընտրված: Սկզբում Հայկուհին սկսեց բացատրել երգի մեջ հանդիպող նոր բառերը, արտահայտությունները և լեզվական կառուցվածքները: Դրանք այնքան շատ էին, որ կարծում եմ չէին համապատասխանում սովորողների լեզվական իմացության մակարդակին: Սովորողների լեզվական իմացությունը A1 էր, իսկ երգը հասկանալու համար պահանջվում էր B1: Իհարկե եղել են դեպքեր, երբ մարդիկ մի որևէ երգ այնքան են սիրել, որ հաղթահարել են լեզվական բոլոր դժվարությունները ու սովորել այն:  Սա այդ դեպքը չէ: Ինչու՞ է պետք այդքան շատ լեզվական դժվարություններ հաղթահարել, երբ սովորողները դեռ չեն սիրում այդ երգը: Երգով լեզու սովորեցնելու առաջին նախապայմանը այդ երգը սիրելն է:

Երրորդ դասաժամին արդեն Արևմտյան դպրոցում էի, որտեղ ներկա էի լինելու Լիլիթ Հայկազունու և Էլինա Սիմոնյանի անգլերեն և ռուսերեն 20 րոպեանոց պարապմունքներին՝ երրորդ դասարանի սովորողների հետ:

Լիլիթ Հայկազունու ուսումնական պարապմունքը

Որոշակի առաջընթաց կար նաև Լիլիթի մոտ: Գրեթե բոլոր սովորողները համակարգիչներով էին, որոնք բացված էին պահանջվող էջի վրա: Սովորողները ներքաշվում էին ուսուցիչ-սովորող, սովորող-սովորող երկխոսությունների մեջ: Այնուամենայնիվ, երբեմն Լիլիթի հարցերը լեզվի ավելի մեծ իմացություն էին պահանջում, քան սովորողների կարողությունն էր: Լիլիթին խորհուրդ եմ տալիս կարդալ իմ “To teach the language and not some knowledge about the language” հոդվածը Դպիրի 45-րդ համարում, որտեղ իմ մեթոդական մշակումներն են, որոնք նպատակաուղղված են կրտսեր և միջին դպրոցներում սովորողների խոսքի զարգացմանը:

Էլինա Սիմոնյանի ուսումնական պարապմունքը նույն երրորդ դասարանում

Դասի թեման տարվա եղանակներն էր: Էլինան կարողացավ այդ 20 րոպեների ընթացքում ռուսերեն հաղորդակցության մեջ ներգրավել գրեթե բոլոր սովորողներին:

Ավագ դպրոցում ներկա եղա Իրինա Ապոյանի ուսումնական պարապմունքին:

12-րդ դասարանցիների խմբում ներկա էին Իրինայի անգլերեն խաղարկային դատարանի բոլոր հիմնական դերակատարները՝ Տիգրան Աբրահամյանը, Արտակ Նշանյանը, Արման Մարտիրոսյանը… մյուսների անունները չգիտեմ: Իրինան 11 և 12-րդ դասարանցիների հետ մի հետաքրքիր նախագիծ է անում: Սովորողները կարդում են անգլալեզու լրատվական աղբյուրներից հետաքրքիր տեղեկատվություններ և դասի ընթացքում քննարկում դրանք: Նախագծի արդյունքը լինելու է լավագույն քննարկումների տեսաձայնագրությունները: Երբ ներս մտա, նրանք արդեն կարդացել և քննարկել էին իմ նյութը մեր կայքի անգլերեն էջում “Na8ek Sahakyan’s letter to me and my answer to him“. Դրանից հետո միասին սկսեցինք խոսել Լաս Վեգասի արյունոտ դեպքերի մասին: Վերջում Տիգրան Աբրահամյանը խոսեց իր նախաձեռնությամբ մի տեսաֆիլմի թարգմանության մասին: Տեսաֆիլմը Տիգրանը վերցրել է CNN-ի կայքից: Ամերիկացի հնէաբան գիտնականներն այժմ ուսումնասիրում են Քարահունջը և ուզում են պարզել դրա աշխարհի ամենահին աստղադիտարանը լինելու վարկածը: Ավագ դպրոցի 12-րդ դասարանին արժանի ուսումնական պարապմունք էր:

Սեպտեմբերի 12-ին իմ կատարած դասալսումների մասին

Առաջինը գնացի Արևելյան դպրոց՝ ներկա գտնվելու Լիանա Ասատրյանի անգլերենի դասին: Առաջին ժամը առաջին դասարանում: Լիանան հիացրեց իր դասը վարելու առույգությամբ, դասարանի բոլոր սովորողներին դասին ներգրավելու իր կարողությամբ, առաջին հաղորդակցական խոսքային նմուշների ամրապնդմամբ և երկու անգլերեն մանկական երգերով: Եվ այս ամենը ընդամենը 20 րոպե տևողությամբ դասաժամանակի ընթացքում: Չունեմ որևէ այլ դիտարկում:

Երկրորդ դասաժամին արդեն Հյուսիսային դպրոցում էի և ներկա գտնվեցի Անահիտ Նաղդալյանի վարած ռուսերենի դասերին 5-րդ դասարաններում:

Բաց նամակ եմ գրել Անահիտին, որն ուզում եմ հրապարակել այստեղ:

Дорогая Анаит Нагдалян,

Когда я открыл ваш учебный блог и стал читать учебные проекты, я был приятно удивлен. Мне не верилось, что эти проекты были написаны молодым специалистом, кто никогда ранее не работал в школе. Но все встало на свои места, когда я сегодня присутствовал на двух ваших уроках в двух пятых классах Северной школы. Вы очень хорошо владеете русским языком, но это ваше преимущество никак не может передаваться детям, если и дальше вы будете учить им знаниям по русскому языку, а не навыкам практическому владению языка. Цель обучения  иностранным языкам в общеобразовательных школах, особенно в начальной школе – коммуникативная. Нужно говорить с учащимся так, как говорят в реальной жизни. Не нужно употреблять грамматические термины. Никто в реальной жизни не говорит: “На какой вопрос отвечают неодушевленные предметы?”, или же: “Можете составить существительное от прилагательного красивый ?”. И так продолжался целый урок. Я ждал ждал и не дождался такого примера: “Армения красивая страна. Я люблю красоту. Лилит красивая девочка. Ее красота сказочная. А теперь ваши примеры.”

И так, все время нужно помнить, что наша цель не научно-лингвистическая а – коммуникативная и весь урок строить исходя из этой цели. Я надеюсь, что вы примите мои добрые советы и пожелания. Удачи вам!

 

Սեպտեմբերի 11-ին իմ կատարած դասալսումների մասին

Երրորդ դասաժամին, Արևելյան դպրոցի երրորդ դասարանում ներկա եմ եղել մեր կրթահամալիրում առաջին անգամ իր մանկավարժական գործունեությունը սկսած Լիլիթ Հայկազունու դասին: Լավ է, որ Լիլիթը կարողանում է դասն անգլերեն վարել, բայց անհաղորդ էին մնում նրա անգլերեն ասված նախադասությունները, քանի որ դասը հաղորդակցական բնույթ չուներ: Լավ կլիներ, որ Լիլիթը ամբողջ դասը այդ մանկական երգի բառերը առանձին- առանձին չկրկներ: Եթե երգի բառերն ու արտահայտությունները սովորեցնելն էր դասի նպատակը, ապա կարելի էր դա անել փոքրիկ երկխոսություններով՝ նոր բառերն օգտագործելով արդեն ծանոթ բառապաշարով կազմված նախադասություններում, որից հետո սովորողներին ասվեր երկխոսություններ կազմել արդեն կրկնված մտքերով: Այդպես անելով դասարանի մեծ մասը կմասնակցեր դասին, կխոսեին անգլերեն և դրված նպատակն էլ հասանելի կլիներ: Դասի վերջում, երբ այդ ամենն ասացի Լիլիթին, նա ոգևորվեց և խոստացավ իր աշխատանքային պլանի մեջ փոփոխություններ կատարել:

Կարծում եմ, որ կարճ ժամանակից հետո Լիլիթ հայկազունին մեծ առաջընթաց կունենա:

Չորրորդ ժամին ներկա էի Միջին դպրոցի 8-րդ դասարանի անգլերենի դասին: Դասավանդողը Տաթև Ալեքսանյանն էր: Տաթևին խորհուրդ եմ տալիս դասի ընթացքում այդքան շատ ժամանակ չհատկացնել տեքստի անգլերենից հայերեն թարգմանության վրա: Առնվազն 20-25 րոպե սովորողները անգլերենի ժամին հայերեն էին մտածում, աշխատում էին հայերեն ճիշտ նախադասություններ կազմել: Հայերեն ճիշտ նախադասություններ կազմելը անգլերեն դասավանդողի պատասխանատվության մեջ այնքան էլ չի մտնում: Եթե 8-րդ դասարանի անգլերեն դասավանդողի նպատակն է պարզել, թե արդյոք սովորողները տեքստը ճիշտ են հասկացել, պետք է նախօրոք հարցեր կազմել տեքստի վերաբերյալ և քննարկել տեքստը հարցերով:  Այդպես սովորողները կխոսեին անգլերեն, ինքնուրույն մտքեր կարտահայտեին: Տաթևին խորհուրդ եմ տալիս նաև այդքան շատ կառչած չլինել դասագրքին: Ամբողջ դասի ընթացքում սովորողները և դասավանդողը նայում են գրքին: Պետք է դասն այնպես կազմակերպել, որ շատ հաճախ հարկ լինի միմյանց աչքերին նայել և հաղորդակցվել անգլերեն: Դասագիրքը սոսկ ուղեցույցի դեր պետք է կատարի: Դասի թեման ռեստորանային սպասարկումն էր՝ սննդի, ճաշատեսակների, ուտեստների, մրգերի և բանջարեղենի բառապաշարով: Լավ կլիներ կարճաժամկետ նախագիծ մտածել այդ թեմայով, որի իրականացումը շատ ավելի արդյունավետ կլիներ, քան դասագրքի սովորական դասն էր իր թարգմանչական հնացած մեթոդով:

Տաթևը դրական տեղաշարժ կունենա, եթե հաշվի առնի այս խորհուրդները իր հետագա աշխատանքում:

 

Օտար լեզու դասավանդողների ուսումնական նախագծերը 2017-2018 ուստարում

Ուսումնասիրությունը կատարված է սկսվել է օգոստոսի 29-ին և ավարտվել է սեպտեմբերի 11-ին.

Ավագ դպրոց

Սիլվա Հարությունյան – հրապարակված են 2017-2018 ուստարվա նախագծերը: Ուսումնական նախագծերը համապատասխանում են առարկայական ծրագրին, չափորոշիչներին և մանկավարժության կենտրոնի մշակած պահանջներին: Մեկ կարևոր նկատառում՝ նախագծերը պետք է լինեն նաև անգլերեն գրված:

Իրինա Ապոյան – հրապարակված են  2017-2018 ուստարվա նախագծերը: Կան հետաքրքիր նախագծեր: Ուսումնական նախագծերը համապատասխանում են առարկայական ծրագրին և չափորոշիչներին և մանկավարժության կենտրոնի մշակած պահանջներին:  Նախագծերը պետք է լինեն նաև անգլերեն գրված:  Այլ դիտողություններ չունեմ:

Ռինա Շագինյան – նախագծերի մեծ ցանկ է, որոնց զգալի մասը «հայ-վրացական կրթական կամուրջներ» ծրագրի նախագծերն են, որոնք Ռինան հաջողությամբ իրականացնում է իր վրացախոսների ակումբի հետ:

Աննա Մարության  – նախագծերը հրապարակված են բլոգում:

Միջին դպրոց

Լուսինե Բուշ – հրապարակված են միջազգային eTwinning-ի այս տարվա նախագծերը, որոնք նախատեսված են ընտրությամբ խմբի համար: Լավ կլինի, որ բլոգի eTwinning բաժնում երևան նաև նախորդ ուսումնական տարիներին կատարված նախագծերը՝ սովորողների բլոգների հղումներով:

Լավ է, որ հրապարակված են անգլերենի ընդհանուր դասընթացի նախագծերը ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի. հոկտեմբերի 5-ին նշվում է ուսուցչի օրը կարաոկեներով, նոյեմբերի 13-ից 18-ը լուսաբանվում են Սեբաստացու օրերը, իսկ դեկտեմբերի 18-22-ը նոր տարվա կարաոկեներ են պատրաստում: Լավ կլինի, եթե բլոգում նշվեն նաև անգլերենի առարկայական կարճաժամկետ և երկարաժամկետ նախագծերը: Եթե այդ աշխատանքն էլ արվի, բլոգը կլինի օրինակելի և անթերի:

Տաթև Ալեքսանյան – Հրապարակված նախագծերը շատ բարդ են լեզվական պահանջներով և գրեթե անիրագործելի: Օրինակ, թարգմանչական նախագիծ է հրապարակված, որը համագործակցային է կենսաբանություն դասավանդողի հետ: Առաջարկվում է թարգմանել բնագիր անգլերենով կենսաբանության դասերի ֆիլմեր , որոնք նախատեսված են անգլիական կամ հնդկական դպրոցների համար: Նրանց համար այդ տեքստերի լեզուն մայրենի է: Անմտություն է չարչարել սովորողներին բջիջների մասին պատմող տեքստերը հայերեն թարգմանելով: Նույնիսկ հայերեն տեքստը դժվար կլիներ հասկանալ: Տաթևին առաջարկում եմ իջեցնել նշացողը և կենսաբանության ուսուցչի հետ այսպիսի նախագիծ անել “Կրթահամալիրի տարածքում աճող բույսերը, ծաղիկներն ու ծառերը և դրանց խնամքը”, որը կլինի պարզ լեզվով գրված անգլերեն տեքստերի փաթեթ:

Մյուսը եռօրյա ճամփորդություն է դեպի Սիսիան: Սովորողներին առաջարկվում է համացանցից նյութեր հավաքել Սիսիանի մշակութային հուշարձանների և տեսարժան վայրերի մասին և թարգմանել դրանք անգլերեն: Չի երևում դասավանդողի մասնակցությունը նախագծում: Իմ սեփական փորձից գիտեմ, որ դա շատ դժվար աշխատանք է: Լավ կլինի, որ նախագծում երևա նաև դասավանդողի աշխատանքը:

Հաջորդ նախագծով սովորողները պետք է կարդան անգլերեն տեքստեր և ձայնագրեն իրենց, որից հետո թարգմանեն այդ տեքստերը հայերեն: Անգլերենից հայերեն թարգմանչական աշխատանքը չի նպաստում անգլերեն խոսքի զարգացմանը: Այդ աշխատանքը շատ ավելի լավ են անում մայրենիի դասավանդողները: Իմ խորհուրդը Տաթևին այն է, որ մտածի հայերենից անգլերեն թարգմանչական աշխատանքի մասին, ինչը ուղղված է անգլերեն խոսքի զարգացմանը:

 

Ժաննա Հակոբյան – հրապարակված են նախագծերը իրենց նպատակներով, ընթացքով և վերջնական սպասվելիք արդյունքներով: Նախագծերը համապատասխանում են առարկայական ծրագրին, չափորոշիչներին և նախագծերին ներկայացվող պահանջներին: Բոլոր նախագծերը ստեղծական բնույթ ունեն: Բլոգում երևում է նաև անցյալ ուսումնական տարվա նախագծերը:

Սեդա Այվազյան – հրապարակված է 2017-2018 ուստարվա աշխատանքային պլանը ուսումնական նախագծերով: Դիտողություններ չունեմ:

Արևելյան դպրոց 

Լիանա Ասատրյան – հրապարակված նախագծերը համապատասխանում են մանկավարժության կենտրոնի մշակած պահանջներին: Նշված են նպատակները և ակնկալվող արդյունքները:

Գայանե Փարվանյան – հրապարակված են ռուսերենի նախագծերը Արևելյան դպրոցում: Նշված են այն լեզվական կարողությունները, որոնք սովորողները ձեռք են բերում այդ նախագծերը անելիս: Դա կարևոր է:

Արևմտյան  դպրոց –

Լիլիթ Հայկազունի – Լիլիթի առաջին ուսումնական տարին է: Լավ է, որ կարճ ժամանակում Լիլիթը իր ուսումնական բլոգն է ստեղծել և նախագծերն էլ երկու լեզվով է գրել՝ հայերեն և անգլերեն: Պարզ է, որ աշխատանքային պլանը և ուսումնական նախագծերը վերամշակման կարիք ունեն: Նրա համար ամեն ինչ նոր է: Ես այսօր դասալսում եմ կատարել նրա մոտ երրորդ դասարանում: Դասալսման արդյունքները և իմ առաջարկությունները կհրապարակեմ առանձին:

Էլինա Սիմոնյան – Հրապարակված են 2017-2018 ուստարվա նախագծերը, առարկայական ծրագիրը: Նախագծերը համապատասխանում են մանկավարժության կենտրոնի մշակած պահանջներին:

Հյուսիսային դպրոց

Հայկուհի Հովհաննիսյան – Հիմնական ուսումնական նախագիծը՝ «Մարզական պարապմունքի անցկացումը անգլերեն»: Ձևակերպված է նպատակը, ակնկալվող արդյունքը: Օրացուցային նախագծերի միայն վերնագրերն են գրված: Հայկուհուն խորհուրդ եմ տվել բացել նախագծերը և համապատասխանեցնել մանկավարժության կենտրոնի մշակած պահանջներին: Հայկուհին մշակել է նաև կրթահամալիրային նախագիծ “Թանգարանային այցելություններ, դասեր, թարգմանություններ, գիդ էքսկուրսավարների պատրաստում”: Շուրջտարյա, նախագիծը՝ այստեղ”

Լավ նախագիծ է, բայց այս նախագծի իրականացման ծանրությունը Հայկուհին դնում է դասվարների և կրտսեր դպրոցների անգլերեն դասավանդողների վրա: Լավ կլինի, որ Հայկուհին այս նախագծի աշխատանքներում ավելի մեծ դեր ունենա: Կարծում եմ, որ այս նախագծով շատ աշխատանք է պարտադրվում անել դասվարներին և կրտսեր դպրոցների անգլերեն դասավանդողներին, որոնք ունեն իրենց նախագծերը:

Մարիամ Քալանթարյան –  հրապարակված են ուսումնական նախագծերը ըստ դասարանների հայերեն և անգլերեն: Ձևակերպված են նախագծերի նպատակները, աշխատանքի ընթացքը և ակնկալվող արդյունքները:

Անահիտ Նաղդալյան –   Հրապարակված են այս ուսումնական տարվա նախագծերը: Նախագծերի լեզուն շատ ջերմ է: Զգացվում է, որ սիրով է գրել դրանք և սիրով էլ կկատարի: Ես չեմ ճանաչում Անահիտ նաղդալյանին, բայց իր ուսումնական բլոգից երևում է, որ մի նոր հիանալի դասավանդող է ոտք դրել մեր կրթահամալիր:

Հարավային դպրոց

Աննա Գանջալյան – հրապարակված են ուսումնական նախագծերը ըստ դասարանների հայերեն և անգլերեն: Ձևակերպված են նախագծերի նպատակները, աշխատանքի ընթացքը և ակնկալվող արդյունքները: Նախագծերը և աշխատանքային պլանը գրված է նաև անգլերեն:

 

 

Բլոգային ուսուցումը կրթահամալիրում 

Երբ 2010 թվականին գործուղվեցի Ավստրիայի Գրաց քաղաքը՝ Ժամանակակից եվրոպական լեզուների կենտրոն, ուր սեպտեմբերի 7-9-ը կայանալու էր  «կրտսեր դպրոցի սովորողների գրավոր խոսքի գնահատումը» թեմայով աշխատանքային սեմինար, ամենակարևոր նյութերը, որ ինձ հետ պետք է տանեյի, մեր կրթահամալիրի կրտսեր դպրոցի սովորողների ինքնուրույն գրած անգլերեն շարադրություններն էին: Այսպիսով այդ աշխատանքային սեմինարի ուսումնասիրության առարկան դարձավ եվրոպական 30 երկրներից բերված 4-6-րդ դասարանցիների գրավոր շարադրանքների փաթեթը: Բոլոր շարադրությունները պետք է  լինեին հենց այն վիճակում, ինչպես ի սկզբանե եղել էին՝ իրենց ուղղագրական, ձևաբանական, շարահյուսական սխալներով: Ուսումնասիրելով 30 երկրների միևնույն տարիքի երեխաների գրավոր աշխատանքները, մենք պետք է սահմանեինք դրանց լեզվի իմացության մակարդակը և տայինք կրտսեր դպրոցում «անգլերենը որպես օտար լեզու» ուսումնական առարկայի գրավոր խոսքի չափորոշիչների առաջին ձևակերպումները: Կարծում եմ, որ ճիշտ էին մտածել աշխատանքային սեմինարի կազմակերպիչները. գրելու կարողությունների գնահատումը և գրավոր խոսքի չափորոշիչները պետք է սահմանել՝ հաշվի առնելով երեխաների չխմբագրված տեքստերը: Սովորողների ստեղծած էլեկտրոնային տեքստերը անարժեք են համարվում, երբ դասավանդողն ուղղում է դրանց ձևաբանական և շարահյուսական սխալները: Սովորողների չխմբագրված տեքստերը նման են հարուստ հանքաքարի մեջ հանդիպող ոսկու բնակտորների: Դրանք շատ ավելի թանկ արժեն, քան հղկված, փայլեցված զարդանախշերով պատված ոսկե մատանին: Բլոգային ուսուցումը այդ «ոսկե» բնակտորներով «հարստացվող» կրթությունն է, որն ունի մի շարք առավելություններ:

  • Հանրակրթական հաստատությունների փակ համակարգից անցում դեպի բաց համակարգ

Այս առումով ավելի դիպուկ հնարավոր չէ գրել, քան տիար Աշոտ Բլեյանն է արել իր նոյեմբերի 25-ի օրագրում.

Ավանդական դպրոցում՝ խորհրդային թե այսօրվա, պետական կրթական ծրագրով հանրակրթական դպրոցում, որևէ դասարանում սովորողի տետրը՝ տեքստերով-առաջադրանքներով-լուծումներով հասանելի են միայն սովորողին, ուսուցչին, տնօրենին, տեսուչին, սովորողի ծնողին… Սրանց եմ ես անվանում փակ կալվածքներ: Ինչպես և ուսուցչի գործունեությունը՝ դպրոցի ներսում` միայն տնօրեն-ուսմասվար-մեթոդ-միավորման նախագահին տեսանելի, դրսից՝ տեսուչ մեթոդիստին… Այսպիսով, «սովորող-ուսուցիչ-դպրոց-դասարան» գործունեությունը՝ իր տեքստերով անգամ, հասանելի է մարդկանց նեղ շրջանակի: Վստահ կարելի է ասել, որ սովորողի-ուսուցչի իրական հեղինակային տեքստեր մեզ այդպես էլ բախտ չի վիճակվում տեսնել, չենք կարդում. ինչ և ինչպես են գրում սովորողը, ուսուցիչը` մենք չգիտենք… Սովորող-ուսուցչի բլոգով ուսուցումը գլխիվայր շուռ տվեց դարերով գոյություն ունեցող այս փակ-մեկուսի վիճակը… Բլոգային ուսուցումը՝ ուսուցչի-դաստիարակի՝ բլոգով ուսուցումը, սովորողի՝ երրորդ դասարանից սկսած՝ մինչև ավարտական, բլոգների պարտադիր գործածումը, նախագծային ուսուցումը՝ խմբային, նախագծերի իրագործման շուրջ ազատ հավաքված տարատարիք սովորողների-ուսուցիչների բլոգերը… նոր վիճակ ստեղծեցին կրթության մեջ… Բնական-անմիջական հեղինակային տեքստը հայտնվեց համացանցում, դարձավ մատչելի յուրաքանչյուրին… Մենք գիտենք՝ ինչ ու ինչպես է գրում, զգում, անհատական վերաբերմունք դրսևորում ամեն մի սովորող-ուսուցիչ… Եկել է ժամանակը, որ մեր հեղինակային կրթական ծրագրով ստեղծված այս ֆենոմենը՝ բլոգով ուսուցումը, դառնա հանրակրթության սեփականությունը, ներկայացվի-յուրացվի այլոց կողմից…

  • Բլոգի արխիվային նյութերի ուսումնասիրմամբ տեսանելի է դառնում տարբեր ուսումնական առարկաներից սովորողի գիտելիքների և կարողությունների զարգացումը ուսումնառության տարիների ընթացքում:

Որպես օրինակ առաջարկում եմ համեմատել Ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորող Մերի Երանոսյանի 2014 և 2016 թվականների հրապարակումները իր անգլերեն էջում: Այս համեմատությամբ երևում է Մերիի ոչ միայն լեզվական կարողությունների, այլ նաև աշխարհայացքի առաջընթացը որպես անհատականություն:

  • Հնարավո՞ր է փորձի փոխանակման ավելի արդյունավետ ձև գտնել, քան դասավանդողների կողմից միմյանց բլոգային հրապարակումների ընթերցումներն են:

Երբ սովորողն է բացում իր դասավանդողի բլոգը, նա այնտեղ գտնում է առաջադրանքներ, որոնք ինքը պետք է կատարի, ընթերցանության նյութեր, որոնք պետք է կարդա, մի որևէ երևույթի մատչելի բացատրություն, որը դասագրքային խրթին տեքստերի այլընտրանքն է: Երբ դասավանդողն է բացում նույն առարկան դասավանդող իր գործընկերոջ բլոգը, նրան այդտեղ հետաքրքրում է, թե ինչ առաջադրանքներ են կազմվել իրեն հետաքրքրող թեմայի վերաբերյալ, տվյալ գրողի, բանաստեղծի ո՞ր գործերը, տվյալ թեմայով ի՞նչ նյութեր են ընտրվել ընթերցանության համար, մեթոդական ի՞նչ հնարքներով է մեկնաբանվել ուսումնասիրվող թեմայի այս կամ այն երևույթը: Չէ՞ որ շատ հաճախ, գործընկերների գործնական մոտեցումներն ավելին են տալիս, քան դպրոցից կտրված մանկավարժական գիտահետազոտական ինստիտուտների «մեթոդիստ-գիտնականների» մտացածին տեսական մշակումները: Օրինակ, «Հայոց լեզու և գրականություն» դասավանդողները առարկայի դասավանդման առաջադեմ փորձ ձեռք կբերեն՝ ընթերցելով Նունե ՄովսիսյանիՀասմիկ ՂազարյանիԹամար Ղահրամանյանի և Ելենա Սարգսյանի ուսումնական բլոգները: Էկոլոգիա և աշխարհագրություն դասավանդողների համար օգտակար կլինի Էմանուել Ագջոյանի բլոգը, իսկ մաթեմատիկան էլ մի քիչ ավելի հետաքրքիր է դառնում, երբ բացում ենք  Հերմինե Անտոնյանի բլոգը: Քրիստինե Սահակյանցի առողջագիտական բլոգը երևի եզակի է մեր իրականության մեջ: Երաժշտություն դասավանդողների համար արժեք է Մարինե Մկրտչյանի բլոգը իր ազգային երգ ու պարով, ծեսերով ու ծես-խաղիկներով: Դասվարների համար ուսանելի փորձի փոխանակում կլինի Անահիտ Հարությունյանի բլոգի բաժիններն ուսումնասիրելը: Այս ցանկը կարելի է անընդհատ շարունակել….

  • Ուսումնական բլոգի օգնությամբ իրական ու շոշափելի է դառնում անհատականացված ուսուցումը:

«Հայոց լեզու, գրականություն» դասավանդողը կարող է անհատականացված ուսուցմանը վերաբերող գործնականապես հիմնավորված աշխատանքային փորձի շարադրանքը կարդալ Մարիետ Սիմոնյանի «Անհատականացված ուսուցում» հոդվածում: Սա ուսումնական բլոգի վրա հիմնված աշխատանքային փորձ է: Ահա մի փոքրիկ հատված այդ հոդվածից.

Ես ինքս դասավանդողի իմ բլոգում հրապարակում եմ օրվա համար առաջարկվող աշխատանքը՝ լեզվական, գրական-գեղարվեստական, գրաբար առաջադրանքներ, ինչպես նաև նախագծերի ցանկ, որոնցից կարող է ընտրել սովորողը… Եթե սովորողին հետաքրքում է առաջադրանքը, նա կարող է նաև դա անել ուսումնական պարապմունքի ժամանակ կամ տանը: Կան սովորողներ, որ համատեղում են իրենց նախագծերն ու իմ առաջարկած ուսումնական աշխատանքները: Իմ ուսումնական առաջադրանքներին, առաջարկվող նախագծերին  կարող եք ծանոթանալ իմ բլոգում` 2016-2017 ուստարվա «Ուսումնական աշխատանք» բաժնում:

  • Դպրոցական կայքը և ուսումնական բլոգները թե դասավանդողին և թե սովորողին հնարավորություն են տալիս բովանդակության սպառողից դառնալ բովանդակության ստեղծող:

Սովորողներն իրենց ուսումնական բլոգները բացում են երրորդ դասարանում, և այդ ժամանակվանից սկսած` ուսումնական գործընթացը դառնում է ստեղծական, և միևնույն ժամանակ` արդյունքները հասանելի ոչ միայն իրենց ուսուցիչներին ու ծնողներին, այլև՝ ընկերներին ու ամբողջ հանրությանը: Օրինակ, Աննա Գանջալյանը Արևմտյան դպրոցի 2-րդ դասարանցիների հորինած հեքիաթները դարձրել  է 5-րդ դասարանցիների թարգմանչական նախագիծ, և արդյունքում ստեղծվել է «Անգլերեն և հայերեն պատկերազարդ փոքրիկ հեքիաթ-պատմությունների մեդիագիրք»:

Էմանուել Ագջոյանն իր ուսումնական բլոգի «Ուսումնական նյութեր» բաժնում 7-8-9-րդ դասարանների աշխարհագրության և 10-11-րդ դասարանների էկոլոգիայի անընդհատ բարեփոխվող և կատարելագործվող էլեկտրոնային դասագրքեր է ստեղծել, իսկ Աշոտ Տիգրանյանն ու Վահրամ Թոքմաջյանը իրենց սովորողների հետ էլեկտրոնային այլընտրանքային պատմության դասագրքերն են ստեղծում:

  • Ուսումնական բլոգը առցանց ուսուցման արդյունավետ գործիք է:

2016 թվականի ամբողջ հունվար ամսին գրիպի համաճարակի պատճառով հանրապետության հանրակրթական բոլոր դպրոցները չէին գործում, իսկ մեր կրթահամալիրի դպրոցներում կրթական գործընթացը չընդհատվեց շնորհիվ mskh.am կայքի և դասավանդողների ու սովորողների ուսումնական բլոգների: Առաջին անգամ հաջողությամբ կազմակերպվեց մի ամբողջ ամսվա առցանց-հեռավար ուսուցում կրթահամալիրի բոլոր դպրոցներում:

  • Ուսումնական բլոգը մանկավարժական ֆորումների, առցանց քննարկումների արդյունավետ հարթակ է:

Նոյեմբերի 30-ի մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոցի հերթական սեմինար-պարապմունքը կազմակերպվեց հեռավար: Կրթահամալիրի բոլոր մասնախմբերի դասավանդողները իրենց բլոգների հրապարակումներով մասնակցեցին հեռավար սեմինարին, քննարկման դրեցին իրենց ձմեռային ուսումնական նախագծերը: 

  • Ուսումնական բլոգը սովորող-դասավանդող-դպրոց-ծնող կապն ապահովող հարթակ է:

Անհերքելի փաստ է, որ կրտսեր դպրոցի սովորողների ծնողները չխամրող ուշադրությամբ են հետևում իրենց երեխաների ուսումնական գործընթացին: Այդ գործընթացին հետևելը դառնում է հարմար ու դյուրին, եթե ուսուցումը բլոգային է: Ծնողը բացում է իր երեխայի դասվարի, առարկայական դասավանդողի ուսումնական բլոգը և տեղեկանում է այդ օրվա դասերի թեմաների, տնային առաջադրանքների, գալիք ուսումնական ճամփորդությունների և ուսմանը վերաբերող այլ բաների մասին: Սովորողների ուսումնական բլոգները նաև հնարավորություն են տալիս իրենց ծնողներին և ընտանիքի այլ անդամներին ընդգրկվելու ընտանեկան ուսումնական նախագծերում: Ընտանեկան ուսումնական նախագծերի մասին տեղեկություններ կարելի է ստանալ Մարինե ՄարտիրոսյանիԿարինե ՄամիկոնյանիԱննա ԳանջալյանիՄարգարիտ ԹամազյանիՍրբուհի Ներսիսյանի և կրթահամալիրի կրտսեր դպրոցների այլ դասավանդողների ուսումնական բլոգներում:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: