Just another WordPress.com site

Կրթահամալիրի նորաստեղծ օտար լեզուների ուսումնական լաբորատորիան ուսումնասիրել է հանրակրթական դպրոցներում տնային աշխատանքների հանձնարարման այլոց փորձը: Առաջին անգամ է, որ կրթահամալիրում նման ուսումնասիրությունը արվել է թիմային աշխատանքով: Օտար լեզուներից  հայերեն հոդվածներ են թարգմանել Իրինա Ապոյանը, Հայկուհի Հովհաննիսյանը, Աննա Գանջալյանը, Լիանա Ասատրյանը (անգլերենից), Էլինա Սիմոնյանը (ռուսերենից), Նարինե Բարսեղյանը (իսպաներենից), Աննա Մարությանը (ֆրանսերենից):

Թարգմանված բոլոր հոդվածներում նշվում է, որ տնային աշխատանքների հանձնարարման նպատակահարմարության մասին տեսակետների գերակշռող մեծամասնությունը բևեռացված է՝ կողմ և դեմ տեսակետներով, և ամենահետաքրքիրն այն է, որ դրանք ընդհանուր առմամբ իրարամերժ լինելով՝ չեն կարող կամ չեն էլ ուզում կասկածել հակառակ բևեռի մի որևէ տեսակետի իսկությանը: Օրինակ՝ ո՞վ կարող է կասկածել այս տեսակետի իսկությանը. «Տնային աշխատանքները լավ են նախապատրաստում միօրինականացված հարցաշարերով քննություններին», իսկ ո՞վ կարող է ընդդիմանալ այս տեսակետին. «Տնային աշխատանքը կրճատում է երեխայի խաղալու ժամանակը և կարող է սթրեսի աղբյուր լինել»: Յուրաքանչյուր տեսակետ իր կողմն է քաշում ինչպես Իվան Կռիլովի «Կարապը, գայլաձուկն ու խեցգետինը» հայտնի առակում և կրթության «աներևույթ հրճվանքը» մի իսկական ֆիզիկական մարմնով ծանր բեռ է դառնում: Շատ քիչ են երկու կողմերի փոխզիջումներով գտնված հավասարակշռված վիճակն արտահայտող այն տեսակետները, որոնց իրագործմամբ կրթության իրականացումը թեթև ու հաճելի է դառնում, որի դեպքում բավարարվում են հետազոտական աշխատանք սիրող օժտված սովորողները, ներառվում են կրթական հատուկ պայմանների կարիք ունեցողները, անխոնջ կատարողներն ու ստեղծագործողները, գեղարվեստի ու երաժշտական ձիրք ունեցողները:

Ստորև ներկայացվում են բազմալեզու հոդվածների թարգմանություններից առանձնացված երկու հակադիր տեսակետները:

Տնային աշխատանքների հանձնարարման կողմ տեսակետներ

  • Որոշ հետազոտողներ ամուր կապ են տեսնում տնային աշխատանքի և ակադեմիական հաջողությունների միջև: Դյուքի համալսարանի հոգեբանության և նյարդաբանության պրոֆեսոր Հարիս Քուփերը 2006 թվականին «Արդյո՞քտնային աշխատանքը լավացնում է ակադեմիական նվաճումները» թեմայովհամեմատականվերլուծություն է արել, որը ցույց է տվել, որ տնային աշխատանքը կարող է լավացնել սովորողների դասարանական հարցաշարերից ստացած գնահատականները: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այն սովորողները, ովքեր տնային աշխատանքներ էին կատարել մաթեմատիկայից, անգլերենից, Ամերիկայի պատմությունից և հասարակագիտությունից, ավելի լավ արդյունքներ էին ցույց տվել հարցաշարերից, քան նրանք, ովքեր տնային շխատանք չէին կատարել:
  • Տնային աշխատանքը հնարավորություն է տալիս ծնողներին մասնակցելու իրենց երեխաների կրթությանը:
  • Տնային հանձնարարությունը հնարավորություն է տալիս ուսումնական առարկան ուսումնասիրել սովորողին հարմար արագությամբ: Ոչ բոլոր երեխաներն ունեն միևնույն ընդունակությունը՝ ընկալելու դասարանում տրված տեղեկատվությունը:
  • Դպրոցական հանձնարարությունները կարող են օգնել սովորողներին զարգացնելու իրենց պատասխանատվության զգացումը և սեփական ժամանակի ճիշտ կառավարման կարողությունը:
  • Տնային աշխատանքը հնարավորություն է տալիս սովորողներին զարգացնելու հետազոտական կարողությունները և օգնում է ավելի խորը հասկանալու ուսումնական առարկաների որոշ հասկացություններ, ինչը հնարավորչի լինում անել դասարանում:

 

Տնային աշխատանքների հանձնարարման դեմ տեսակետները

  • Տնային աշխատանքը նպաստում է այն բանին, որ աշխատանքը գերարժևորվում է՝ի վնաս անձնական և ընտանեկան կյանքի բարեկեցությանը:
  • Տնային աշխատանքը անարդար է, որովհետև տնտեսապես թերապահովված սովորողները չեն կարող ուսումնական աշխատանքը կատարել նույն պայմաններում և նույնպիսի աջակցությամբ, ինչպես ավելի հարուստ ընտանիքների երեխաները:
  • Չափազանց շատ դպրոցականհան ձնարարությունները կարող են մեծապես կրճատել խաղալու, սպորտով զբաղվելու կամ էլ ընկերների և ընտանիքի անդամների հետ պարզապես շփվելու ժամանակը: Տնային աշխատանքը խանգարում է նաև երեխաների կենցաղային աշխատանքների մեջ ներգրավվելուն: Այս ձևով ժամանակի ընթացքում երեխան մեծանում ու դառնում է ինքնամփոփ, եսասեր, անկարեկից ու անհետաքրքիր անձնավորություն: (Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Բիլ Գեյթսը, մի առիթով ասել է. «Մի′ առհամարեք լավ չսովորող ձեր դասընկերոջը: Կգա ժամանակ, որ դուք ստիպված կլինեք դիմել նրան՝ աշխատանքի ընդունվելու խնդրանքով»:)
  • Փորձարարական կրթության ամսագրի 2013-ի 81-րդ համարում հրապարակված Մոլլի Գելովեյի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տնային աշխատանքը երեխաների համար կարող էսթրեսի և ֆիզիկական առողջական խնդիրների աղբյուր լինել: Այս նույն տեսակետն են արտահայտել նաև ամերիկյան www.theschoolfield.org – «Դպրոցական ոլորտ» կայքի փորձագետները:
  • Տնային աշխատանքի ոչ ճիշտ ընտրությունն ու ձևակերպումը կարող է հանգեցնել այն բանին, որ սովորողները սկսեն ատել այդ ուսումնական առարկան:

 

Կողմ և դեմ տեսակետներն արտահայտելուց հետո գրեթե բոլոր փորձագետների եզրակացությունները վերջանում են մի խորիմաստ խորհրդով, որը մոտավորապես այսպիսին է. «Սովորողներին անպայման պետք է տրվի որոշակի տնային առաջադրանք, բայց ոչ այնքան, որ նրանք լիովին կտրվեն իրենց սոցիալական ապրելակերպից։ Չենք կարող հերքել, որ տնային առաջադրանքը կարող է զարգացնել սովորողի ակադեմիական հմտությունները, այնուամենայնիվ, ուսումից բացի կյանքում ուրիշ կարևոր բաներ էլ կան։ Եթե որևէ մեկը ի վիճակի է գտնել կատարյալ հավասարակշռության բանալին, ապա նահաջողակ մարդ դառնալու ճանապարհին է։» Նման եզրակացությունները չեն կարող որևէ առաջընթաց ապահովել: Փորձագետների նման եզրակացություններից հետո նորից ու նորից համոզվում ենք, որ որոնումների ուղղությունը պետք է փորձագետներից, կրթության պետական կազմակերպիչներից, մանկավարժական գիտությունների դոկտորներից ու պրոֆեսորներից շեղել դեպի դասավանդողը՝ այն մարդը, ով անմիջապես է առնչվում սովորող երեխաների հետ և տնային աշխատանք է տալիս նրանց: Ինչպիսի՞ն են այդ տնային աշխատանքները: Կա՞ առաջընթաց հենց «շփման գծում»: Այստեղ անտեղի է նույնիսկ Ֆինլանդիայի օրինակը բերելը՝ վկայակոչելով Սին Քաֆլենի – «Why do Finnish pupils succeed with less homework? –Ինչու՞ են ֆին աշակերտները հաջողություն ունենում ավելի քիչ տնային աշխատանքներով» հոդվածը BBC News-ում: Հոդվածում համեմատվում են Ֆինլանդիան և Միացյալ Թագավորությունը: Նշվում է, որ Ֆինլանդիայում երեխաները 150 ժամով ավելի քիչ զբաղվածություն ունեն դպրոցում, ավելի երկար արձակուրդներ, շատ ավելի քիչ տնային աշխատանք, բայց PISA-ի արդյունքներով ավելի բարձր տեղ են զբաղեցնում: Իր հոդվածում Սին Քաֆլենը չի գրում այն մասին, որ Ֆինլանդիայում մինչև 9-րդ դասարանը ներառյալ սովորողները պարտադիր երկարօրյա ռեժիմով են դպրոց հաճախում, որտեղ նրանց տալիս են անվճար երեքանգամյա սնունդ և կազմակերպվում է դասերի պատրաստում բարձրակարգ մասնագետների ղեկավարությամբ: Այստեղ է թաքնված տնային աշխատանքների բացակայության գաղտնիքը: Ֆինլանդիայում հիմնական դպրոցի յուրաքանչյուր երեխայի կրթության վրա պետությունը ծախսում է տարեկան մոտ $ 13000:Այս օրինակը մեզ համար չէ՝ անհասանելի է:

Ֆրանսիայի օրինակը նույնպես վերևից է գալիս՝ երկրի նախագահից և կրթության նախարարից: Այս տարվա ամռանը որոշվել է, որ բոլոր կրտսեր և միջին դպրոցներում բացվելու են տնային աշխատանքի ակումբներ, որտեղ ուսուցիչները, պետության կողմից հավելյալ վարձատրումով, օգնելու են բոլոր այն սովորողներին, ովքեր չեն կարողանում ինքնուրույն կատարել տնային հանձնարարությունները: Այսպիսով, Ֆրանսիայում նույնպես սովորողները տուն են գնում տվյալ օրվա բոլոր հանձնարարությունները կատարած: Ֆրանսիայի օրինակը նույնպես անհասանելի է Հայաստանի համար, քանի որ այդ զարգացումը կրթության համար հատկացված ֆինանսական ծախսերի ավելացման հետ է կապված:

Ելնելով այս ամենից որոնումները մեզ տանում են դեպի այլ երկրներում գործող անհատ հեղինակ-մանկավարժների փորձի ուսումնասիրման ուղղությամբ:  https://theeducatorsroom.com/  (մանկավարժի սենյակ) կայքում հրապարակված է Քեթի Սլութերի «Why I don’t assign homeworkԻնչու ես տնային աշխատանք չեմ հանձնարարում» հոդվածը: Քեթի Սլութերը անգլերենի փորձառու գործող ուսուցիչ է արևմտյան Միչիգանում: Նա Ամերիկայում անգլերեն դասավանդողների ազգային խորհրդի անդամ է: Նրա կարծիքով տնային աշխատանքը ուսուցիչների, աշակերտների և ծնողների միջև հավերժ պայքար առաջացնող իրողություն է: Նա գրում է, որ Ֆեյսբուքյան իր էջում ծնողները անընդհատ դժգոհում են այն մասին, որ տնային աշխատանքները անհիմն շատ են ու բարդ: Թվում է, որ տնային աշխատանքը անեծք է դարձել բոլորի համար: Ուսուցիչները չեն սիրում դրանց ստուգելն ու գնահատելը, սովորողները չեն սիրում դրանց կատարելը, իսկ ծնողներն էլ չեն սիրում անընդհատ խնդրել իրենց երեխաներին, որ նրանք կատարեն դրանք: «Ուրեմն, ինչու՞ ենք տալիս տնային աշխատանք», հարցնում է Քեթի Սլութերը: Երկար ժամանակ նրան տանջել է ինքն իրեն տված այս հարցը. «Տնային աշխատանքի չկատարելը բացասական ազդեցություն ունենու՞մ է այդ դասարանի սովորողների համար սահմանված գիտելիքների և կարողությունների չափորոշչային պահանջներին համապատասխան կրթություն ստանալու վրա, թե՞միայն անպատասխանատվության զգացում է ձևավորում: Արդյո՞ք իրականում տնային աշխատանք չկատարող սովորողները «վատն» են, իսկ կատարողները՝ «լավը: Եվ եթե իմ սովորողների մեծամասնությունը չի կատարում տնային աշխատանքը, ինչի՞ համար է դա»:Այս մտքերն են Քեթի Սլութերին հանգեցրել այն որոշմանը, որ պետք է շատ քիչ տնային աշխատանք տալ սովորողներին: Նա այն կարծիքին է, որ յուրաքանչյուր տնային աշխատանք պետք է ունենա իր նպատակը: Եթե դա սոսկ տանը աշխատելուն է ուղղված, ապա դա ավելի վնասակար է, քան՝ օգտակար: Աստիճանաբար Քեթին սկսեց տալ և գնահատել միայն այնպիսի տնային աշխատանք, որով որոշվում էր, թե արդյոք սովորողների գիտելիքներն ու կարողությունները համապատասխանում են չափորոշչային ինչ-որ մի կետի:

Քեթի Սլութերի առանցքային մտքերից մեկն էլ այն է, որ դպրոցն այն վայրը չէ, որտեղ սովորողին մի որևէ գիտելիք կամ կարողություն չունենալու մեջ են բռնացնում: Էլ որտե՞ղ, եթե ոչ դպրոցում, ուսուցչի ղեկավարությամբ պետք է սովորողը ձեռք բերի այդ գիտելիքն ու կարողությունը: Օրինակ՝ Շեքսպիրի «Մակբեթը» գրականության ծրագրային նյութ է Ամերիկայի ավագ դպրոցներում, և քանի որ այդ գործը բավականին բարդ է լեզվական առումով, Քեթին այն չի հանձնարարում տանը կարդալ: Նա կազմակերպում է դասարանական բարձրաձայն ընթերցումներ՝ դադարներով և մեկնաբանություններով: Ընթերցելու, մեկնաբանությունների և քննարկումների ընթացքում Քեթին խորհուրդ է տալիս իր սովորողներին գրի առնել որոշ բացատրություններ հենց գրքերի լուսանցքներում: Վերջում այդ օրվա հանձնարարությունը լինում է միայն ընթերցված և ուսուցչի կողմից մեկնաբանված հատվածների լեզվական առումով բարդ բառակապակցությունների և փոխաբերական իմաստներով օգտագործված բառերի բացատրությունները գրելը: Դասերից հետո Քեթին դպրոցի ընթերցասրահում միշտ հասանելի է իր սովորողների համար: Սովորողները մոտենում են նրան, հարցեր տալիս և կատարում իրենց հանձնարարությունը: Տանն այլևս ոչինչ չի մնում անելու: Այս հանձնարարությունների կատարման համար Քեթին որևէ գնահատական չի նշանակում: Սովորողները գիտակցում են, որ իրենք սովորում են, այլ ոչ թե՝ իրենց գիտելիքներն ու կարողություններն են ստուգվում: Դասերից հետո սովորողներն ազատ են իրենց ժամանակը տնօրինելու հարցում: Ինչ-որ մեկը դասերից հետո պետք է հաճախի երաժշտական պարապմունքի, մյուսը՝ խնամի իր փոքր եղբորը կամ քրոջը, մինչ մայրը աշխատում է երկրորդ հերթափոխում, մի երրորդն էլ պետք է սպորտային պարապմունքի հաճախի: Որևէ մեկը չի պատժվում հանձնարարությունը չկատարելու համար: Ուսումնական գործընթացն անցնում է առանց հոգեբանական սթրեսների: Որոշ ժամանակ անց, երբ անհրաժեշտ է լինում գնահատել սովորողի գիտելիքներն ու կարողությունները, Քեթին՝ գիտենալով իր սովորողների անհատական կարողությունները, տարբերակված հանձնարարություններ է տալիս բոլորին, որոնց կատարումից ելնելով նա որոշում է իր սովորողների լեզվական մակարդակը: Գնահատականը չի լինում թվանշաններով՝ 1, 2, ..10, այլ լեզվական կարողությունների շարադրմամբ: Այս դեպքում և′ սովորողը և′ նրա ծնողները գոհունակությամբ, առանց սթրեսների են ընդունում ստացված գնահատականը: Չէ՞ որ իրենք են տնօրինել իրենց կյանքի ժամանակը՝ ըստ իրենց կարևորած առաջնահերթությունների:

Մեկ այլ ուսուցիչ՝ ԱՄՆ Օհայո նահանգի Հարավային Յուքլիդ քաղաքից Մարկ Բարնեսը, 5 պատճառով է հիմնավորում տնային աշխատանք չտալու իր ուսուցչական աշխատանքի փորձը: Պատճառները նա հետհաշվարկով է ներկայացնում.

  1. Փաստորեն, տնային աշխատանքը ուսումնական նյութը անգիր անելու համար է, բայց արդյո՞ք մեզ պետք է որևէ բան անգիր սովորել սմարթֆոնների մեր այս դարում:
  2. Տնային աշխատանքի կատարումը որևէ կապ չունի պատասխանատվության զգացումի դաստիարակման հետ: Պատասխանատվության զգացումը հիմնվում է ինքնավարության վրա: Ի՞նչ ինքնավարության մասին կարող է խոսք լինել, եթե ինչ-որ մեկը քեզ ասում է, թե ինչ անել, երբ անել, ինչ չափով անել և երբ դա վերջացնել: Տնային աշխատանքով միայն հեզություն են դաստիարակում:
  3. Տնային աշխատանքը ոտնձգություն է անում շատ ավելի արժեքավոր բաների վրա, որը կապված է ընտանիքի, խաղալու հետ:
  4. Ես կարող եմ ուսումնական թեման իմ աշակերտներին սովորեցնել դպրոցի դասին հատկացված ժամանակում: Հոգնած ուսուցիչների լաց ու կոծ եմ համարում այս պնդումը. «Ես չեմ կարող բոլոր չափորոշիչներին համապատասխան ուսում տալ իմ աշակերտներին առանց տնային աշխատանքի»: Դասախոսության փոխարեն ներգրավող գործունեությունների ստեղծումը ուսումնական պարապմունքի ընթացքում և որքան հնարավոր է քիչ ստուգող հարցաշարերի օգտագործումը թույլ է տալիս ուսուցիչներին անցնելու ամբողջ ուսումնական նյութը դասարանում և վերացնում է տնային աշխատանքի կարիքը:
  5. Սովորողները չեն սիրում տնային աշխատանքը: Ես ուզում եմ իմ սովորողների մոտ ուսման ծարավ առաջացնել: Ես ուզում եմ, որ նրանք հաճույքի և հետազոտում անելու համար կարդան: Ես ուզում եմ, որ նրանք շարունակեն սովորելը իրենց ընտրությամբ: Եթե ես բռնանամ նրանց՝ ստիպելով, որ նրանք մի գործունեությամբ զբաղվեն, որն իրենք չեն ընտրել, նրանք կատեն այդ գործունեությունը: Եթե ես պատժեմ նրանց մի որևէ գործունեություն չանելու համար, որն իրենք չեն ընտրել, նրանք էլ ավելի կատեն սովորելը: Իմ գործընկերներն ինձ ասում են, որ տնային աշխատանքը ուսուցման անբաժանելի մասն է: Ես դա չեմ ընդունում: Իսկ ո՞րն է ձեր տեսակետը:

Մարկ Բարնեսի հոդվածը հրապարակվել էր մանկավարժների մասնագիտական սոցիալական կայքում և այլ ուսուցիչների 22 ծավալուն արձագանքներին պատասխանելուց հետո Մարկը խորհուրդ է տվել քննարկումը շարունակել Twitter-ի իր էջում:

Իսկ ի՞նչ են կարծում այս կարևոր հարցի մասին մեր կրթահամալիրի դասավանդողները, սովորողներն ու նրանց ծնողները: Արդյո՞ք լիիրավ գործում են մեր կրթահամալիրի ուսումնական պլանների պարզաբանումներում և ուսումնական աշխատանքի կազմակերպման կարգերում տնային աշխատանքի մասին դրույթները: Արդյո՞ք այս հարցը Հայաստանում նույնպես կդառնա հանրային քննարկման առարկա, ինչպես դա եղավ Իսպանիայում, որտեղ 2015 թ.-ին երեք երեխաների մայր Եվա Բայլերը նախաձեռնեց Իսպանիայի կրթության նախարարությանն ուղղված ստորագրահավաք՝ տնային հանձնարարությունների վերացման պահանջով՝ հավաքելով 200000 ծնողի ստորագրություն: Իսպանիայի կառավարությունը չի ընդունում հանրակրթական դպրոցներում տնային աշխատանքների վերացման որոշումը, քանի որ չի կարող Ֆինլանդիայի և Ֆրանսիայի նման լուծումներ առաջարկել: Հայաստանում կա՞ն այս հարցը բարձրացնողներն ու դրա լուծումներն առաջարկողները:

 

 

Օգտագործված աղբյուրներ

«Netivist» բանավեճային սոցիալական կայք, «Pros and Cons of School Assignments: Should Kids Have Homework? – Դպրոցական առաջադրանքների դրական և բացասական կողմերը Պե՞տք է տնային աշխատանք տալ երեխաներին», hայերեն թարգմանությունը՝ Աննա Գանջալյանի

«The Schoolfield – Դպրոցի ոլորտ» ամերիկյան կրթական կայք «The Pros And Cons Of Homework» , հայերեն թարգմանությունը՝ Իրինա Ապոյանի

«The Schoolfield – Դպրոցի ոլորտ» ամերիկյան կրթական կայք « The Pros And Cons Of Homework: What the Experts Say – Տնային աշխատանքի դեմ և կողմ տեսակետներ. Ի՞նչ են ասում փորձագետները» հայերեն թարգմանությունը՝ Հայկուհի Հովհաննիսյանի

The Educator’s Room կայքից Katie Sluiter, Western Michigan – Why I don’t assign homework , հայերեն թարգմանությունը՝ Լիանա Ասատրյանի

Պիեռ Փոթվին, Քվեբեք, Կանադա, September 2016 –Devoirs scolaires à la maison: pour ou contre? ,

հայերեն թարգմանությունը՝ Աննա Մարությանի

Sean Coughlan – Why do Finnish pupils succeed with less homework?,  BBC News, October 2016,

Education in Finland –Wikipedia

OECD Education report -The Telegraph

Սթիվ Քինգ, Կալիֆոռնիա, ԱՄՆ –No more school homework in France – Այլևս ոչ մի տնային աշխատանք Ֆրանսիայում

The Times July 2017,  French children are promised an end to homework

Mark Barnes –  Five reasons I don’t assign homework

CBS News, September 2016 – Growing number of elementary schools now homework-free

Хмельницкая Наталья Емельяновна  Система домашних заданий для учащихся

Իսպաներեն աղբյուրներից փոխադրությունը՝ Նարինե Բարսեղյանի

Deberes escolares: sí o no

Los deberes escolares a examen y debate

Las familias de la escuela pública apoyan la regulación de los deberes

Deberes: llega el momento de proponer soluciones

Advertisements

Comments on: "Կրթահամալիրի օտար լեզուների ուսումնական լաբորատորիան ներկայացնում է. այլոց փորձի ուսումնասիրություն. տնային աշխատանք" (2)

  1. […] տնային աշխատանքի հանձնարարման մասին այլոց փորձի այս ուսումնասիրությունը, խնդրում եմ, կարդացեք, ձեր բլոգներում հրապարակեք ձեր […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: