Just another WordPress.com site

Անգլերենի ապրիլյան ֆլեշմոբը ապրիլի 18-ին սովորողների անսպասելի մեծ մասնակցություն ունեցավ՝ 284: Ընդհանրապես ուսուցման առցանց ձևի դրական կողմը առավելագույնը երևում է, երբ առկա ուսուցումը հնարավոր չի լինում լիարժեք ապահովել:

2-3-րդ դասարանցիների 90 սովորող կատարեց Լիանա Ասատրյանի կազմած առաջադրանքը: Այդ առաջադրանքի կատարմամբ նրանք կրկնեցին և ամրապնդեցին իրենց լեզվական կարողությունները՝ պատասխանելով առարկաների գույնի, տեղի, չափի մասին հատուկ հարցերին, կազմեցին իրենց ուրույն նախադասությունները ըստ տրված օրինակի:

Աննա Գանջալյանի կազմած առաջադրանքը 4-5-րդ դասարանցիների համար ունեցավ 114 մասնակից: Առաջադրանքի կատարումը ինչ-որ չափով նպաստեց սովորողների ընթերցելով հասկանալու և հաղորդակցական կարողությունների զարգացմանը:

6-8-րդ դասարանցիների 36 սովորող մասնակցեց ապրիլյան ֆլեշմոբին: Այս տարիքային խմբի համար կազմված առաջադրանքը հնարավորություն տվեց սովորողներին ամրապնդելու գործողության կատարման հաճախականություն ցույց տվող մակբայների գործածման, ընթերցելով ընկալելու և սեփական մտքեր շարադրելու հաղորդակցական կարողությունները:

Ավագ դպրոցի կրթական ծրագրի ոգուն համարժեք էր Սիլվա Հարությունյանի կազմած առաջադրանքը, որն ամբողջովին ստեղծական բնույթ ուներ: Ավագ դպրոցի 45 սովորող կատարեց առաջադրանքը: Զարմանալի է մասնակցության այս բարձր ցուցանիշը, եթե հաշվի առնենք այն փաստը, որ այդ օրը Ավագ դպրոցի սովորողներից շատերը Մարթա Ասատրյանի հետ քաղաքացիական անհնազանդության գործողությունների մասնակիցներ էին, իսկ ուշ երեկոյան սկսեցին կատարել անգլերենի ֆլեշմոբի առաջադրանքը: Ուշագրավ է 11-րդ դասարանի սովորող Արեգ Գալոյանի պատասխանը առաջադրանքի այս կետին. «Talk about a significant event that caused a positive change in you as a person. –Խոսիր քո կյանքի այն կարևոր իրադարձության մասին, որը դրական ազդեցություն ունեցավ քո որպես անձնավորություն ձևավորման գործում»:  «Մեր իրականացրած հեղափոխությունը»:

Leave a comment