Just another WordPress.com site

Երբ երկու տարի առաջ Վահրամ Թոքմաջյանը Դանիայում մասնակցում էր եվրոպական երկրների պատմության ուսուցիչների գիտաժողովին, նա այնպես գրավիչ էր ներկայացրել մեր կրթահամալիրը, որ Ֆինլանդիայի ներկայացուցիչը՝ Ռիտա Միկոլլան, ցանկացել էր անձամբ գալ և տեսնել մեր կրթահամալիրը: Այդպես էլ եղավ: 2017-ի դեկտեմբերին Ռիտա Միկոլլան նամակով հայտնեց Վահրամ Թոքմաջյանին այն մասին, որ կազմակերպում է 30 հոգանոց պատմության ուսուցիչների խմբի այցը Հայաստան: Ֆինն առաջատար պատմության ուսուցիչները համաձայնվել էին Ռիտա Միկոլլայի առաջարկին՝ մեծ ցանկություն հայտնելով գալ ու տեսնել Արարատը, Հայաստանի պատմամշակութային հուշարձանները, հինավուրձ եկեղեցիները, ինչպես նաև՝ մեր կրթահամալիրը: Խումբը ղեկավարում էր Ֆինլանդիայի պատմության և հասարակագիտության ուսուցիչների միության ամբիոնի վարիչ Էէրո Կիտունենը:

34531475_2009674192629126_4260841946882244608_n

Հանդիպեցինք Մեդիա կենտրոնի մոտ: Նրանք մի փոքր անակնկալի եկան՝ տեսնելով մեր Կենտրոնի ներքին դիզայնը՝ շախմաի սրահը, ապակեպատ սենյակները, խոհանոցը, շրջանաձև բացվածքից երևացող աստղացուցարանի մեծ գունդը: Այս ամենը մեր աչքերի համար սովորական տեսարան է, բայց նրանց համար արտասովոր էր ամեն ինչ: Ես նրանց բացատրում էի մեր Կենտրոնի դերն ու նշանակությունը ամբողջ կրթահամալիրի համար և, միևնույն ժամանակ, ինձ համար մի նոր ու անսովոր հպարտություն էի զգում, քանի որ եզակի առիթ էր ինձ ընձեռնվել՝ ներկայացնելու մեր կրթահամալիրը իր հեղինակային մանկավարժությամբ աշխարհի ամենաառաջադեմ հանրակրթական համակարգ ունեցող երկրից ժամանած 30 ուսուցչի: Իմ հպարտությունը մեկ այլ հաճելի երանգ ստացավ, երբ Սուսան Մարկոսյանը մոտեցավ խմբին ու իր կիրթ ու մեղմ ձայնով և ճիշտ կառուցված անգլերեն նախադասությամբ ողջունեց հյուրերին. ‹‹Dear guests, welcome to the Mkhitar Sebastatsi Educational Complex››: Առանձին փոքրիկ խմբերի հետ անգլերեն զրույցի էին բռնվել նաև Վահրամ Թոքմաջյանն ու Ավագ դպրոցի սովորող Լուսինե Ալեքսանյանը: Որոշեցինք, որ մենք կայցելենք Արևմտյան դպրոցը, որպեսզի մեր հյուրերը տեսնեն մեր բոլոր դպրոց-պարտեզներին բնորոշ ուսումնական միջավայրը, ինչպես նաև սովորողների սիրելի վայրը՝ ուսումնական ագարակը:

34536768_2009754249287787_1949221764273799168_n

Արևմտյան դպրոց-պարտեզում մեզ դիմավորեց Տաթև Աբրահամյանը և մեզ ուղեկցեց մի դասասենյակ, որտեղ պետք է ներկայացնեինք կրթահամալիրի կայքը: Հյուրերից մեկը ասաց, որ ինչ-որ թեթևացած զգացում է ապրում և չի հասկանում, թե դա ինչից է: Այդ ժամանակ ես խնդրեցի բոլորին ուշադրություն դարձնել թեթևություն ներշնչող թափանցիկ միջավայրին, որը ստեղծվել է ապակեպատ միջնորմներով ու դռներով: Վերացվել են մարդկանց իրարից բաժանող բետոնե անթափանց պատերը: Անսովոր բնական  լուսավորություն է ամենուր:

Հյուրերի համար հաջորդ անսովոր անակնկալը մեր բազմալեզու կրթահամալիրային կայքն էր: Հերթով սեղմում էի 7 երկրները խորհրդանշող դրոշների պատկերները և ցույց էի տալիս թարմ հրապարակումները մեր հունիսյան ուսումնական ճամբարի առօրյայի մասին: Հյուրերը հետաքրքրվեցին, թե արդյոք այդ բոլոր լեզուները դասավանդվում են մեր կրթահամալիրի դպրոցներում: Նրանց զարմացրեց դրական պատասխանը և հատկապես այն, որ հրապարակված տեքստերի մեծ մասը ստեղծել են տարատարիք սովորողները: Հյուրերի համար ամենամեծ անակնկալը Թուրքիայի դրոշի առկայությունն էր մեր կայքում, ինչը խոսում է այն մասին, որ թուրքերենը նույնպես դասավանդվում է կրթահամալիրում: Հյուրերը պատմության ուսուցիչներ էին և բոլորն էլ գիտեին հայոց ցեղասպանության մասին ու նրանց համար հետաքրքիր էր, թե ինչպես են պատմության ուսուցիչները ներկայացնում այդ թեման իրենց սովորողներին: Վահրամ Թոքմաջյանը նշեց, որ այդ թեման մեր կրթահամալիրի դասավանդողները ներկայացնում են սովորողներին՝ առանց նրանց մեջ հարևան երկրի նկատմամբ ատելություն և այլատյատություն սերմանելու:

[UNSET]

Ֆինն ուսուցիչների համար զարմանալի էր նաև, որ լողուսուցումը ընդգրկված է կրթահամալիրի դպրոց-պարտեզների ուսումնական պլանում: Մեր փակ տաքացվող լողավազանի պատուհանը բաց էր և նրանք տեսան լողացող երեխաներին, իսկ մի քանի մետր այն կողմ արևի ջերմությամբ տաքանում էր բաց լողավազանի նոր լցված թարմ ջուրը:

Երբ մեր քայլերն ուղղեցինք դեպի ուսումնական ագարակը, հյուրերին ասացի, որ կրթահամալիրում գործում են ամենատարբեր մարզաձևերի խմբակներ՝ սուսերամարտի, ձիավարության, եռամարտի, նետաձգության, հրաձգության, մարմնամարզության, ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի: Հյուրերին բացատրեցի, որ ըստ մեր հեղինակային մանկավարժության՝ ‹‹կենդանաբանություն›› ուսումնական առարկան, սերը կենդանիների և բնության նկատմամբ ավելի արդյունավետ է ուսումնական ագարակի առկայությամբ, երբ երեխաները կարողանում են մոտիկից տեսնել կենդանիներին, խնամել նրանց:

34473959_1093003017506116_8492741603805364224_n

Շրջայցն ավարտեցինք Մայր դպրոցով: Դաշնամուրի ձայնը մեզ տարավ համերգասրահ, որտեղ Լիլիթ Առաքելյանը իր դաշնամուրի պարապմունքն էր անցկացնում: Հյուրերը արդեն հոգնած էին և միանգամից հանգիստ նստեցին: Սկզբում Լիլիթի սանը նվագեց իր դասը, իսկ հետո արդեն Լիլիթը բոլորին հիացրեց Կոմիտասի ‹‹Գարուն›› ստեղծագործությամբ: Վահրամ Թոքմաջյանի կաբինետում ավելի մանրամասն ներկայացրեցինք մեր հեղինակային մանկավարժությունը, նախագծային ու բլոգային ուսուցումը՝ ի հակադրություն անգիրի դպրոցի:

Վերջում Ֆինլանդիայի պատմության և հասարակագիտության ուսուցիչների միության ամբիոնի վարիչ Էէրո Կիտունենը շնորհակալություն հայտնեց մեզ՝ ասելով, որ ինքը որպես փորձագետ աշխարհի շատ երկրների դպրոցներում է եղել, բայց հանրակրթություն իրականացնող այսպիսի կրթահամալիր իր դպրոցներով, ուսումնական միջավայրով և ուսուցման առաջադեմ մեթոդներով որևէ տեղ չի տեսել:

 

 

Այո, ճիշտ էր այսօր մեր տիար Աշոտ Բլեյանը Հայելի ակումբում ժամը մոտավորապես 12:30-ին, երբ վստահ ու խրոխտ ձայնով ազդարարեց, որ Հայաստանի հանրակրթական բրենդը ‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրն է: Ժամը 18:20-ին մոտավորապես նույն բանը այլ խոսքերով և արդեն միջազգային մասշտաբներով հաստատեցին Ֆինլանդիայից ժամանած մասնագետները:

Պայմանավորվեցինք համագործակցային կապեր հաստատել: Էէրո Կիտունենը խոստացավ դա իրենց միության անունից:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: