Just another WordPress.com site

Դասավանդողի իմ երկար տարիների հետազոտական-ստեղծագործական աշխատանքը մի քանի ուղղություններով 2016-ի դեկտեմբերին ամփոփել եմ իմ ‹‹Երևակում եմ դասավանդողի կյանքի իմ հետքը›› էլեկտրոնային գրքում, որը հրապարակված է մեր մեդիագրադարանում: Անցել է երկու տարի: Նոր հետազոտական-ստեղծագործական աշխատանքներ եմ արել: Նոր երիտասարդ դասավանդողներ են մոտք գործել կրթահամալիր, և կարծում եմ, որ ժամանակն է արժևորելով հինը՝ ներկայացնել նորը: Այս ամփոփումը կարևորվում է նաև նրանով, որ այս երկու տարիների ընթացքում ‹‹Դպիր›› մանկավարժական ամսագրում հրապարակված իմ 10-ից ավելի հոդվածներ կապի խափանման պատճառով ջնջվել են և այստեղ ինձ օգնության հասավ ‹‹Երևակում եմ դասավանդողի կյանքի իմ հետքը›› էլեկտրոնային գրքի pdf տարբերակը, որի մեջ պահպանվել են իմ բոլոր կարևոր աշխատանքները և որի հետ ավելի հեշտ ու հարմար է աշխատելը:

Դասավանդողի իմ հետազոտական-ստեղծագործական աշխատանքի հինգ ուղղությունները.

  • անգլերենի դասավանդման մեթոդական մշակումներ
  • մանկավարժական այլոց փորձի ուսումնասիրում
  • համեմատության եզրեր համաշխարհային և կրթահամալիրի մանկավարժական մոտեցումների միջև
  • իմ բողոքը
  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝ սիրով

 

Անգլերենի դասավանդման մեթոդական մշակումներ

Ուսուցչի հետազոտական, ստեղծագործական աշխատանքը տարբերվում է ակադեմիական գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատողի հետազոտական աշխատանքից: Եթե լեզվի ինստիտուտի գիտաշխատողը ուսումնասիրում է ժամանակակից մասսայական լրատվական միջոցների, ժամանակակից արձակի և պոեզիայի, պաշտոնական և առօրյա խոսակցական լեզուների բառերն ու արտահայտությունները և դուրս գրում ամենահաճախ գործածվող բառապաշարը, բառակապակցությունները, դարձվածքները, նորաբանությունները, այլ լեզուներից փոխառությունները և դրանցով մի գիրք է հրատարակում «Հայերենի (որևէ այլ լեզվի) ամենագործածական 2000 բառերն ու արտահայտությունները» վերնագրով, ապա ուսուցչի հետազոտական աշխատանքն է այնպիսի մեթոդական մշակումներ անել, որոնք կնպաստեն այդ բառապաշարի յուրացմանը:

Եթե գիտաշխատող լեզվաբանը քերականության իր դասագրքում նշում է, թե ինչպես են կազմվում որակական ածականի համեմատության աստիճանները խնդրո առարկա լեզվում, իսկ այդ լեզվի փորձագետ մեթոդիստն էլ այդ թեման յուրացնելու համար տեքստեր ու վարժություններ է մշակում, ապա դասավանդողի հետազոտական աշխատանքն է լինում որոնել, գտնել, մշակել ու իր սովորողներին առաջարկել այնպիսի ուսումնական գործունեություն, որն առավել արդյունավետն է աշխատում իրական ուսումնական կյանքում, իրական սովորողների հետ, որոնք ունեն տարբեր ակադեմիական կարողություններ, լեզվի իմացության տարբեր նախնական մակարդակներ: Եվ երբ հաջողվում է այս աշխատանքը, առաջանում է սեփական փորձը գործընկերներին փոխանցելու ներքին պահանջը:

Եթե մանկավարժական գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատողը հոգեբանական ուսումնասիրություն-վերլուծությունների հիման վրա իր հոդվածում գրում է, որ ավագ դպրոցի սովորողների սովորելու ներքին շարժառիթը մեծացնելու համար պետք է հաշվի առնել սովորողի ինքնադրսևորմանը նպաստող երեք հոգեբանական գործոնները՝ ինքնավարությունը, կարողությունը, սոցիալապես ինտեգրվածությունը, ապա հետազոտող ուսուցչի աշխատանքն է այնպես կազմակերպել ուսումնական պարապմունքները, այնպես կազմել տնային առաջադրանքները, ուսումնական նախագծի իրականացմանն ուղղված այնպիսի աշխատանքի բաժանում անել, որ յուրաքանչյուր սովորող զգա իր ինքնուրույն աշխատանքի կարևորությունը, սեփական կարողությունների ու գիտելիքի օրեցօր աճը՝ չհամեմատելով դրանք այլ սովորողների կարողությունների և գիտելիքի հետ:

Այս սկզբունքներով աշխատելու արդյունքում են ստեղծվել իմ այս մեթոդական մշակումները:

Համացանցի գործածումը՝ անգլերենի դասավանդման հզոր միջոց

Կրթահամալիր նոր ընդունված և համացանցով աշխատելու փորձ չունեցող անգլերեն դասավանդողները հետաքրքիր ու օգտակար տեղեկտեղեկություններ կարող են քաղել այս հոդվածից:

Լեզվական խաղեր 

Սովորողի խոսքը խթանվում է, երբ նա հայտնվում է մի մրցակցային իրավիճակում, երբ պետք է այդ իրավիճակից դուրս գալու համար մի միտք արտահայտել: Այդ հզոր խթանիչը լեզվական խաղն է: Օտար լեզու դասավանդողները մեծապես կշահեն, եթե այս խաղերից գոնե մեկը դարձնեն իրենցը: Որոշ խաղեր կարող են օգտագործել նաև մայրենի  դասավանդողները:

Գրել սովորեցնելը ավագ դպրոցում էջ 18

Առաջատար կրթական համակարգեր ունեցող երկրներում գրել սովորեցնելը ‹‹Teaching writing›› դպրոցական ուսումնական պլաններում մի առանձին ուսումնական առարկա է, որը սովորեցնում է սովորողներին գրել գործարար և պաշտոնական նամակներ, հաշվետվություններ, իրադարձությունների մասին հաղորդագրություններ, գրաֆիկական կորերի վերլուծություններ, պաշտոնական հրավերներ (դրանց ընդունումը և մերժումը), ռեֆերատներ, մեծ տեքստերի համառոտագրումներ, դիմումներ, համառոտ ինքնակենսագրական տեղեկատվություններ (CV) և այլ գրելու կարևոր ունակություններ, որոնց ձեռքբերումը անհրաժեշտ է իրական կյանքում: Հոդվածը գրելիս նկատի եմ ունեցել սովորողների հենց այս ունակությունների զարգացումը դպրոցում:

Ուսուցման առարկան՝ օտար լեզու և ոչ թե լեզվի մասին գիտելիք -To teach the language and not some knowledge about the language էջ 33-46

Միջին դպրոցի և առավել ևս` կրտսեր դպրոցի սովորողի համար ոչ մի արժեք չի ներկայացնում դասավանդողի այս նախադասությունը. « Ներկա շարունակական ժամանակը կազմվում է to be օժանդակ բայի ներկա ժամանակի խոնարհված ձևերով և բայի չորրորդ հիմքով››:

Այս հոդվածում ներկայացվում են սկզբնական փուլի համար նախատեսված տարբեր վարժություններ, որոնք ոչ թե սովորեցնում կամ ստուգում են որոշակի լեզվական գիտելիքներ, այլ զարգացնում են խոսելու կարողությունը: Հատուկ ուշադրություն է դարձված վարժությունների հոգեբանական և լեզվաբանական հիմքին: Հոդվածը նախատեսված է կրտսեր և միջին դպրոցի 6-7-րդ դասարաններում անգլերեն դասավանդողների համար:

Teaching English in classes of pupils with mixed abilities էջ 47

Օտար լեզու դասավանդողի համար իդեալական դասարանն այն է, երբ բոլոր սովորողները ունեն լեզվի իմացության նույն մակարդակը և լեզվական նույն ընդունակությունները, ինչը իրական կյանքում հազվադեպ է լինում: Հոդվածը լեզվի իմացության տարբեր մակարդակներ և լեզվի ընկալման տարբեր արագություններ ունեցող սովորողներով դասարաններում օտար լեզվի դասավանդումը արդյունավետ դարձնելուն է նպատակաուղղված:

Անգլերենի հաղորդակցական կարողությունները զարգացնելու երկու հնարք էջ 57

Հոդվածում փորձ է արված պատասխանելու այս երկու հարցին.

  1. ինչպե՞ս անել, որ ամենաչխոսող սովորողին էլ դրդենք խոսելու:
  2. Ինչպե՞ս անել, որ ամենաչկարդացող սովորողին էլ դրդենք կարդալու և արժևորելու իր ընթերցելով ընկալելու կարողությունը:

Ձյան փաթիլից մինչև ձնագունդ Էջ 58

Հոդվածում ներկայացնում եմ խոսքի զարգացման ‹‹Ձնագունդ›› մեթոդը իմ մեկնաբանությամբ և օրինակներով:

Լսել, լսել ու նորից լսել էջ 62

Հոդվածը նախատեսված է ավագ դպրոցում անգլերեն դասավանդողների համար:

Ուսումնասիրել և ներկայացնում եմ համացանցում առկա այն կայքերը, որոնք զարգացնում են լսելով ընկալելու կարողությունը:

 

  Ուսումնասիրում ենք այլոց մանկավարժական փորձը

Համեմատության եզրեր համաշխարհային և կրթահամալիրի մանկավարժական մոտեցումների միջև

Այլոց մանկավարժական առաջավոր փորձի ուսումնասիրումները հիմնականում այն ուղղություններով են ընթանում, որոնք եղել մեր կրթահամալիրի մանկավարժական նախաձեռնությունները, նորարարությունները, առաջին գիտափորձերը Հայաստանում և ինձ համար միշտ էլ հետաքրքիր է եղել, թե արդյոք ինչ հաջողություններ են արձանագրված այդ ուղղություններում այլ երկրներում: Այլոց փորձի ուսումնասիրման թեմա ընտրելիս ինձ հաճախ են հուշել նաև Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, ուսումնական գծով փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը, մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Սուսան Մարկոսյանը, իսկ վերջերս այդ գործը սկսել է հաջողությամբ առաջ տանել Մանկավարժական ակումբը՝ Մարիետ Սիմոնյանի համակարգմամբ:

Երբ թեման ընտրված է, սկսում եմ որոնողական աշխատանքը համացանցում: Անգլերենի իմացությունը օգնում է ինձ ցանկացած թեմայով տեղեկատվական, վերլուծական, քննադատական բնույթի տեքստեր գտնել համացանցում: Համացանցում առկա բոլոր բովանդակային տեքստերի 70-80%-ը անգլերեն է: Google-ի որոնման համակարգում մի քանի տարբերակով որոնման հրահանգներ եմ գրում: Օրինակ, եթե ես ուսումնասիրում եմ դպրոցական ակումբային գործունեությունը, հնարավոր է այսպիսի որոնման հրահանգներ տամ՝

  • School club activities – Դպրոցական ակումբների գործունեություններ
  • School club problems and the ways to solve them – Դպրոցական ակումբների խնդիրները և դրանց լուծման ձևերը
  • How are school clubs financed? – Ինչպե՞ս են ֆինանսավորվում դպրոցական ակումբները
  • Ի՞նչ նմանություններ և տարբերություններ ունեն տարբեր երկրների դպրոցական ակումբները:

Որոնման արդյունքում ի հայտ են գալիս ուսումնասիրվող թեմայով բազմաթիվ հոդվածներ: Երբ սկսում եմ աչքի անցկացնել այդ հոդվածները, առանձին մի word office թղթապանակում նշում եմ ինձ հետաքրքրող հոդվածի վերնագիրը, հղումը և կարճ մեկնաբանությունը այն մասին, թե հատկապես ինչը կարող է օգտագործվել իմ ուսումնասիրության վերջնական տեքստում: Երբ նման գրառումները շատանում են, աստիճանաբար ուրվագծվում է թեմայի ուսումնասիրության վերջնական տեքստի սկիզբը, ընթացքը և ավարտը: Միևնույն ժամանակ, անընդհատ աշխատում եմ համեմատության եզրեր գտնել մեր կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժության և ուսումնասիրվող այլոց առաջավոր փորձի միջև: Օրինակ՝ ամբողջ աշխարհում շատ է խոսվում ու գրվում Ֆինլանդիայի մանկավարժական առաջավոր փորձի մասին, բայց տարբեր թեմաներով ուսումնասիրություններում անընդհատ հանգում եմ այն մտքին, որ մեր կրթահամալիրի հեղինակային մանկավարժական փորձը երբեմն չի էլ զիջում: Որոշ ուսումնասիրություններ էլ դրդում են քննադատական խոսք ասել մեր երկրում իրականացվող կրթական քաղաքականությանը:

Լուրջ կրթությունը լուրջ ներդրումներ է պահանջում էջ 75

Ուսումնասիրվել և պարզվել են, թե որոնք են Ճապոնիայի, Ավստրալիայի, Գերմանիայի և Ֆինլանդիայի կրթական համակարգերի հաջողությունների հիմնական գրավականները. Ճապոնիայում և Ավստրալիայում՝ կրկնուսույցների մեծ ներգրավվածությունը և պետական նույնչափ մեծ ներդրումները կրթական գործում, իսկ Գերմանիայում և Ֆինլանդիայում՝ միայն պետական մեծ ներդրումները:

Մարկ Բրեյի գիրքը. Դիմակայում ստվերային կրթության համակարգին էջ 76

Հոնգ Կոնգի համալսարանի պրոֆեսոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համեմատական կրթության Կենտրոնի տնօրեն Մարկ Բրեյի «Դիմակայում ստվերային կրթության համակարգին. ինչպիսի՞ պետական քաղաքականություն կրկնուսուցման յուրաքանչյուր դեպքում» գրքի իմ վերլուծական անդրադարձն է:

Երբեք չեմ գովի իմ սովորողին, թե որքան խելացի է նա

Khan Academy կայքի հիմնադիր, մեդիակրթության աշխարհի ամենահայտնի մանկավարժներից մեկի՝ Սալմա Խանի, հոդվածի թարգմանությունն է իմ անդրադարձ-կարծիքներքվ:

Անընդհատ սերտել ու անընդհատ քննությու՞ն տալ

Ուսումնասիրության շեշտը հիմնականում դրվել է տարբեր երկրների  հանրակրթական

դպրոցներում սովորողների գիտելիքների և  կարողությունների ստուգման (քննությունների) ձևերի  ու պարբերականության վրա:

Մաթեմատիկական կրթության չինական հիմնարար սկզբունքները

Ինչպե՞ս են չին ուսուցիչները կարողանում հասնել հանրակրթական մաթեմատիկայից աշխարհում ամենաբարձր արդյունքների: Ուսումնասիրությունը հենց այս հարցին է պատասխանում:

Ինչու՞ է դպրոցում պարը նույնքան կարևոր, որքան մաթեմատիկան

Երբ Քեն Ռոբինսոնը անում էր այս հարցադրումը, նա չգիտեր, որ աշխարհի քարտեզի վրա հազիվ երևացող մի երկիր կա, որի մայրաքաղաքի ծայրամասային մի կրթահամալիրի դպրոցներում պարերգն ու պարը ներառված են կրթական ծրագրում:

Պլանշետները նախակրթարանում

Հաճելի է, երբ այլոց մանկավարժական առաջավոր փորձն ուսումնասիրելիս պարզվում է, որ մեր փորձը նույնպես արժանի է ուսումնասիրման ու գնահատման:

Տեխնոլոգիական կրթությամբ դպրոցի կյանքը կապվում է իրական կյանքի հետ

Ուսումնասիրությունը պարզաբանում է, թե ինչ է տեխնոլոգիական ուսուցումը, որը հիմնված է հետազոտական աշխատանքի, պլանավորման, ստեղծական և գնահատման փուլերի վրա:

Ուսուցչին հավելավճար տալու ամենաարդար և հաշվարկելի մեխանիզմը սովորողների առաջադիմությու՞նն է

Այս հոդվածը հայերեն թարգմանելուց հետո գրեցի իմ արձագանքը անգլերեն և ուղարկեցի «Education Week» ամերիկյան էլեկտրոնային մանկավարժական ամսագրին, որտեղ քննադատելով հոդվածում արծարծված հիմնական միտքը՝ ներկայացրեցի մեր կրթահամալիրում գործող ուսուցչին հավելավճար տալու կարգը: Խմբագրական անձնակազմը հավանել էր իմ արձագանքը, բայց ինձ համար անհայտ պատճառով այն չհրապարակվեց ամսագրում: My Reflections after Reading Brenda Iasoveli’ Article. 

Առաջադրանքներ գրավոր խոսքի զարգացման համար  

Առաջարկվում է սովորողի գրավոր խոսքը զարգացնող առաջադրանքների փաթեթ:

 

Հեռավար ուսուցման կազմակերպումը հանրակրթությունում

Ներկայացվում է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում և Ավստրալիայում հեռավար կրթության կազմակերպման առաջավոր փորձը:

Ճամփորդությամբ ուսուցում

Ուսումնասիրությունը պատասխանում է հետևյալ հարցերին.

Ինչպե՞ս են ֆինանսավորվում ուսճամփորդությունները:

ինչպե՞ս են սովորողները և ուսուցիչները նախապատրաստվում ուսճամփորդություններին:

Ի՞նչ դեր են ունենում սովորողների ծնողները:

Սովորողի տնային ուսումնական աշխատանք

Տնային ուսումնական աշխատանքների կողմ և դեմ տեսակետների բախումների վերլուծություն է եղել այս ուսումնասիրությունը:

Կերպարվեստը և տեխնոլոգիան հանրակրթության մեջ

Ուսումնասիրության արդյունքում ներկայացվում է կանադական www.technokids.com կայքի և կրթության մեջ տեխնոլոգիաների ներդրման ամերիկյան կենտրոնի առաջավոր փորձը:

Երբ պատժում ենք սովորողին, պատժում ենք նաև ինքներս մեզ

Ուսումնասիրության նպատակաուղղվածությունը եղել է այն, թե ինչպես կանխարգելել վատ արարքը, որպեսզի խուսափել պատժի կիրառումից: Որպես ասվածի գիտական հենք օգտագործվել է ամերիկացի հոգեբան Աբրահամ Մասլոուի ‹‹Մարդկային պատճառաբանության (շարժառիթների)

տեսությունը››:

Սինգապուրում երեխաներն այլևս քննության արդյունքներքվ չեն գնահատվի

«Սովորելը մրցակցություն չէ»,- պնդում է Սինգապուրի կրթության նախարար Օնգ Յե Քունգը: Կրթության նախարարությունը փոփոխությունների շարք է նախատեսում, որով չի խրախուսում սովորողների առաջադիմությունը միմյանց հետ համեմատելը և, ընդհակառակը, անհատապես խրախուսում է սովորողներին կենտրոնանալ իրենց ուսումնական աճի վրա:

Երբ դասարանում ուսումնական հատուկ կարիքով երեխաներ կան

Այս հարցը ուսումնասիրելիս տեղեկատվության հոսքում ինձ առանձնապես հետաքրքրում էին այն հոդվածներն ու ուսումնասիրությունները, որոնք պարունակում էին իրական կյանքում, իրական դպրոցում և դասարանում փորձարկված ու հաջողություն ունեցած մանկավարժական մոտեցումները:

Սովորողների գիտելիքների և կարողությունների գնահատումը հանրակրթական դպրոցներում

Ուսումնասիրությունը կառուցված է կրթական մեծ ձեռքբերումներ ունեցող երկրների, որոնք ունեն սովորողների գիտելիքների և կարողությունների ստուգման լարված համակարգ և Ֆինլանդիայի անքննություն կրթական համակարգի հակադրության վրա:

Նախագծային ուսուցում  

Ամերիկյան Բաք կրթության ինստիտուտի կրթական բլոգի գլխավոր խմբագիր Ջոն Լարմենի ‹‹Gold Standard PBL: Essential Project Design Elements  (Նախագծով ուսանելու ոսկե չափորոշիչը. ուսումնական նախագծի հիմնական տարրերը) հոդվածի փոխադրությունն է հայերենի:

Իմ բողոքը

Լավն ու առաջադեմը տեսնելը, գնահատելը, տարածելը միշտ էլ գերիշխողն է եղել իմ հետազոտական-ստեղծագործական աշխատանքում, բայց երբ կրթական սխալ քաղաքականություն է տարվում, երբ կրթության կազմակերպումը հետադիմական է, չեմ կարողանում լռել: Հանրապետական առարկայական օլիմպիադայի երեք փուլերի (համայնքային, տարածքային, հանրապետական) կազմակերպման ձևի դեմ եմ բողոքում իմ այս տարիներ առաջ գրած հոդվածով: Խորհրդային տարիներից ժառանգված ձևը չփոխվեց անկախության տարիներին, չփոխվեց նաև թավշյա հեղափոխությունից հետո:

Հանրապետական օլիմպիադայի համայնքային փուլից   

Իմ բողոքն եմ արտահայտել նաև այն իրողության դեմ, որ մեր ավարտական քննությունների պահանջները չեն համապատասխանում չափորոշչային կարողություններին: Այս հարցը այսօր էլ արդիական է:

Ավարտական քննությունը պետք է արտացոլի չափորոշչային կարողությունները

 

‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրին՝ սիրով

Մի քանի հոդված ունեմ, որոնցում ուզեցել եմ մատչելի լեզվով ու հոգու ջերմությամբ ներկայացնել մեր կրթահամալիրը բոլոր նրանց, ովքեր չեն եղել մեր դպրոցներում ու չգիտեն, թե ինչ է մեր հեղինակային մանկավարժությունը:

Գնահատել նշանակում է ստեղծել

Կրեդոն ընդդեմ դոգմայի

 

 

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: