Just another WordPress.com site

Հոգևո՞ր, թե՞ կրոնական կրթություն: Աշխարհիկ երկրներ կան, որտեղ կրոնականի փոխարեն  հոգևոր կրթությունն են կարևորում՝ համապատասխան երաժշտությամբ, գրականությամբ, բարոյագիտական նորմերով: Այլ աշխարհիկ երկրներում էլ կրոնական կրթությունը պարտադիր բայց ոչ դավանանքային ուսումնական առարկա է հանրակրթական դպրոցներում: Այդ երկրներում տարբեր կրոնների (Բուդդիզմ, Իսլամ, Քրիստոնեություն) կրոնական հասկացությունները, ծեսերը, կրոնական տոների նշանակությունների պարզաբանումները դասավանդվում են որպես գիտություն:Ըստ սովորողների ծնողների համոզմունքների՝ կրոնական կրթության ազատ ընտրությամբ լինելը պաշտպանված է 1960 թվականին Փարիզում ընդունված UNESCO-ի կրթության խտրականության դեմ կոնվենցիայով (Convention against Discrimination in Education): Այսուհանդերձ, կրոնական կրթությունը աշխարհի տարբեր երկրներում հակասական մոտեցումներ ունի: Որոշ երկրներ, օրինակ՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը չեն ֆինանսավորում կրոնական կրթությունը հանրակրթական պետական դպրոցներում և այդ երկրների դպրոցների ուսումնական պլաններում կրոնական կրթությունը ընդգրկված չէ:

Բոլորովին այլ է կրոնական կրթությունն ու դաստիարակությունը կրոնական երկրներում (Աֆղանստան, Պակիստան, Իրան): Այստեղ խիստ պարտադիր է կրոնական կրթության իրականացումը որպես կոնկրետ մի կրոնի քարոզչություն ու դավանանք և սովորողները խիստ պատժվում են, եթե խախտում են իրենց կրոնի կանոննները: Օրինակ`Շարիաթի օրենքները Իսլամում:

Այլոց փորձի մեր ուսումնասիրման նպատակն է պարզել, թե ինչպես է իրականացվում կրոնական-հոգևոր կրթությունը տարբեր երկրներում, համեմատություններ անել Հայաստանում իրականացվող «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» ուսումնական առարկայի հետ և այս ամենի ֆոնին առանձնացնել մեր կրթահամալիրում իրականացվող հոգևոր կրթության առանձնահատկությունները որպես հայ հոգևոր մշակույթի գործնական փոխանցում մեր սովորողներին:

Ավստրիան իր պատմության ընթացքում երկար ժամանակահատված եղել է բազմազգ ժողովուրդների կայսրություն և այդ պատճառով էլ 19-րդ դարից սկսած այս երկրում դասավանդվել է Սունի իսլանը, Հռոմեական կաթոլիկություն, բողոքականություն, ուղղափառ հավատք: Այժմ, ըստ ավստրիական կրթական օրենքի՝ կրոնի փոխարեն սովորողների ծնողները կարող են ընտրել «բարոյագիտություն» ուսումնական առարկան:

 Ֆինլանդիայում հանրակրթական դպրոցներում Ավետարանչական լութերական կրոնի ուսուցումը պարտադիր է: Թույլատրվում է դասավանդել նաև այլ կրոն, եթե դրա դավանության անվանումը գրանցված է երկրում: Այն սովորողները, ում ընտանիքները չեն պատկանում որևէ կրոնական դավանանքի, ուսումնասիրում են «բարոյագիտություն» առարկան:

Ֆրանսիան, որպես լիարժեք աշխարհիկ պետություն, որևէ կերպ չի ընդունում  կրոնի դերը կրթության ոլորտում և չի ֆինանսավորում կրոնի դասավանդումը: Բայցևայնպես, ֆրանսիական պետությունը սուբսիդավորում է մասնավոր ուսումնական հաստատությունները, որոնց մեջ կան նաև կրոնական ուսումնական հաստատություններ`այն պայմանով, որ կրոնական առումով որևէ խտրականություն չցուցաբերվի սովորողների նկատմամբ:

Ռուսաստանում կրոնական կրթությունը լիովին առանձնացված է պետական հանրակրթական համակարգից: Այստեղ գործում են պետության կողմից չֆինանսավորվող կիրակնօրյա դպրոցներ, որտեղ հաճախում են այն երեխաները, ում ծնողներն ունեն նման կրթության անհրաժեշտության համոզմունքը:

Գերմանիայի հանրակրթական դպրոցներում կրոնական կրթությունն իրականացվում է եկեղեցու հետ համագործակցելով: Կրոնական կրթության ուսուցիչները կարող են լինել համալսարանական կրթությամբ մասնագետներ, որոնք վճարվում են պետության կողմից, բայց դասընթացի բովանդակության առումով հաշվետու են եկեղեցուն: Կրոնական կրթությունը հանրակրթական դպրոցներում պարտադիր չէ միայն Բեռլինում, Բրեմենում և Բրանդենբուրգում: Մինչև 14 տարեկանը ծնողն է որոշում, թե որ կրոնի դասընթացներին մասնակցի. Հռոմի կաթոլի՞կ, բողոքականությու՞ն, թե՞ իսլամ: Այն սովորողները, ում ծնողները դեմ են որևէ կրոնի դասընթացին, կարող են մասնակցել բարոյագիտության կամ փիլիսոփայության դասընթացներին: 14 տարեկանից բարձր սովորողները իրենք են ընտրում, թե որ կրոնի դասընթացին մասնակցեն:

Հունաստանի հանրակրթական դպրոցներում դասավանդվում է Հույն ուղղափառ եկեղեցու դավանանքը, պահպանելով ծնողի ընտրության իրավունքը:

Լատվիայում ծնողները հենց առաջին դասարանից կարող են ունենալ ընտրության իրավունք. երեխան մասնակցի քրիտոնեակա՞ն, թե բարոյագիտության դասերին: Այս երկրում քրիստոնեական դասերը քրիստոնեական տարբեր ուղղությունների վրա խարսխված միջդավանանքային են. Հռոմի կաթոլիկ, լութերականություն, ուղղափառ, բաբտիզմ, հին հավատացյալներ:

Լեհաստանում կրոնական կրթությունը պետական հանրակրթական դպրոցներում կամավոր է: Ծնողն ունի երեք ընտրություն. Երեխան մասնակցի կրոնի դասընթացին, երեխան մասնակցի բարոյագիտության դասընթացին, երեխան չմասնակցի ոչ կրոնի, ոչ էլ բարոյագիտության դասընթացին:

Ժամանակակից Թուրքիայի հանրակրթական դպրոցներում դասավանդվում է «Կրոնի մշակույթ և բարոյագիտություն» ուսումնական առարկան, որի ծրագիրը պետական է: Ծրագրում առաջնային է համարվում իսլամի ուսմունքը, որից հետո սովորողներին ծանոթացնում են նաև այլ կրոնների բարոյական նորմերին:

Հնդկաստանում 19-րդ դարի սկզբներին Յոգանանդան հիմնադրել է առաջին Ապրելու  իմաստության դպրոցը, որի հիմնական ուղղվածությունը հոգևոր կրթությունն է: Այս տիպի դպրոցներում հոգևոր կրթություն ասելով նկատի չունեն եկեղեցական-կրոնական տիպի կրթություն: Դպրոցի սովորողի գիտակցության մեջ ամրապնդվում է այն միտքը, որ մարդը կարող է երջանիկ լինել, եթե նա բարի է մյուսների հանդեպ և աշխատում է բարձր գաղափարների համար: Եթե երեխան իր պայուսակում խուրմայով լցված մի տոպրակ ունի և դա միայնակ է ուտում դասամիջոցներին, չի կարող երջանիկ լինել: Երջանիկ կարող է լինել այն երեխան, ով իր ունեցածից բաժին է հանում իր ընկերներին, ով եսակենտրոն չի: Իմաստության դպրոցների հետևորդները այն կարծիքին են, որ մարդկաին հարաբերությունների նման մոտեցման ուսուցանումը դպրոցում իսկական հոգևոր կրթություն է:

Միացյալ թագավորությունում կրոնական կրթությունը պարտադիր է: Պետության կողմից ֆինանսավորվող բոլոր հանրակրթական դպրոցներում պարտադիր կերպով կրոնական դասընթացներ են կազմակերպվում, բայց այդ դասընթացները պարտադիր չեն այն սովորողի համար, ում ծնողները չեն ընտրում այն: Այստեղ կրոնը դասավանդվում է որպես գիտություն, որի հիմքը դրել է Օքսֆորդի համալսարանի համեմատական փիլիսոփայության պրոֆեսոր Մաքս Մյուլլերը 1873 թվականին իր ‹‹Introduction to the Science of Religion – Կրոնագիտության ներածություն›› գրքով: Հետագայում գիտության այս ճյուղի զարգացնողները երբեք իրենց կրոնագետ չեն համարել: Նրանք իրենք իրենց համարել են աստվածաբան, փիլիսոփա, մարդաբան, սոցիոլոգ, հոգեբան, պատմաբան:

Իսկ ի՞նչ է ուսումնասիրում կրոնագիտությունը, որոնք են այս գիտության հիմնական ուղղությունները: Ո՞ր ուղղության մեջ կարող ենք ինքներս մեզ գտնել:

Տարբեր կրոնների սուրբ գրքերի ուսումնասիրում.

Սուրբ գրքերի ուսումնասիրության շատ մոտեցումներ կան: Դրանցից ամենատարածվածն այն է, երբ սուրբ գրքերի տեքստերին վերաբերվում են այնպես, ինչպես կվերաբերվեին գրական երկերին. դրանցում եղած փոխաբերությունների, թեմատիկ տարրերի, կերպարների էության ու գործողությունների շարժառիթների ուսումնասիրում: Մեր կրթահամալիրում այս մոտեցումը կամավոր սկզբունքով, մոտ մեկ ուսումնական տարի իրականացվեց որպես լրացուցիչ կրթություն՝ միայն դասավանդողների համար՝ ‹‹Աստվածաշնչյան ընթերցումներ›› նախագծով:

Հոգեբանությունը կրոնում

Կրոնական որոշ համեմատաբար նոր ուղղություններ կան, որոնք օգտագործում են մարդու հոգեբանությանը վերաբերող սկզբունքները, որպեսզի հասնեն իրենց նպատակին՝ մարդու կրոնական փոխակերպմանը: Կրոնական փոխակերպման քարոզչությունը որևէ կերպ իր տեղը չունի Հայաստանի հանրակրթական դպրոցներում և մեր կրթահամալիրում:

Կրոնը և օրենքը

1970-ականներից սկսած կրոնական կրթության մեջ մեծ տեղ է հատկացվում պետական և եկեղեցական օրենքների ուսուցմանը, դրանց համեմատությանը: Ուսումնական դասընթացի համար հիմք են ծառայել աշխարհի տարբեր երկրներում հրապարակված գրքերն ու ամսագրերը այս թեմայով. The Journal of Law and Religion – Օրենքի և կրոնի ամսագիր, Ecclesiastical Law Journal – Եկեղեցական օրենքների ամսագիր : Մասնագետները հետազոտել են եկեղեցական կանոնների և պետության կողմից ընդունված օրենքների կապը. քրիստոնեական պատվիրանները և օրենսդրական նորմերը, արդարադատությունը և գթասրտությունը, ամուսնությունը, ընտանիքը և մարդու իրավունքները:

Տնտեսությունը և կրոնը

Կրոնական կրթության համար արված սոցիոլոգիական հետազոտական հարցումները ցույց են տվել, որ աշխարհի ամենակրոնականացված երկրները ամենաաղքատ երկրներն են, որտեղ մարդկանց տարեկան ընդհանուր եկամուտը մինչև $2000-է: Այս երկրների մարդկանց 98-99%-ը այն կարծիքին է, որ կրոնը ամենակարևոր դերն ունի իրենց կյանքում: Այդպիսի երկրներից են Բանգլադեշը, Շրի Լանկան, Եմենը, Մավրիտանիան, Բուրունդին…: Իսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Էստոնիան, Շվեդիան, Դանիան, Ճապոնիան, Ֆրանսիան, մարդկանց 16-30%-ն է կարծում, որ կրոնը կարևոր դեր ունի իրենց կյանքում: Հատկանշական է, որ Միացյալ թագավորությունում, որտեղ կրոնը պարտադիր ուսումնական առարկա է որպես գիտություն, մարդկանց միայն 27%-ն է կարծում, որ կրոնը մեծ դեր ունի իրենց կյանքում:        

Կրոնի պատմություն

Կրոնի պատմության ուսումնասիրության առարկան ոչ թե ինքնին աստվածաբանական պնդումներն են, այլ այդ պնդումների կարևորությունը պատմական տարբեր ժամանակաշրջաններում: Այս ուսումնական առարկայի թեմաներից են կրոնական ակնառու դեմքերը, իրադարձությունները և տարբեր կրոնների վարդապետական ուսմունքների զարգացումը պատմության մեջ:

Հայաստանի ԿԳ նախարարությունը ‹‹Հայ առաքելական եկեղեցու պատմություն›› ուսումնական առարկան է ընդգրկել մեր երկրի հանրակրթական դպրոցների ուսումնական պլաններում, որն ընդունված կրթական դրույթ է, ինչով Հայաստանն իր մասն է կազմում համաշխարհային կրոնական կրթության համակարգում: Այլ հարց է, թե իրականում ինչպես է այդ ուսումնական առարկան դասավանդվում: Արդյո՞ք պահպանվում են փարիզյան կոնվենցիայի սկզբունքները: Ուսումնասիրություններ դեռ արված չեն:  

Կրոնի մշակութային մարդաբանությունը

Կրոնի մշակութային մարդաբանությունը վերաբերում է կրոնի մշակութային կողմին, որի առաջնահերթություններից են ծեսերը, հավատալիքները, կրոնական արվեստը, մշակույթի միջոցով ենթագիտակցական անվերապահ հավատի ստեղծումն ու պահպանումը: Կրոնական կրթության հենց այս ուղղությունն է իրականացվում մեր կրթահամալիրում, միայն մի տարբերությամբ. մեր կրթահամալիրում սա սովորելու համար ուսումնական առարկա չէ, սա մասնակցություն է Հայ առաքելական եկեղեցու  ծեսերին, ծիսական պարերի ու երգերի, միջնադարյան շարականների ուսուցմանը, որոնք ամեն ուրբաթ առավոտյան ժամերգության ժամանակ իրականում կատարվում են Սուրբ երրորդություն եկեղեցում: Այս ամենը սովորողների մոտ անվերապահ հավատ ու սեր է ձևավորում հոգևոր մշակույթի նկատմամբ, ինչը չէր կարող անել կրոնական կրթության առարկայական ուսուցումը:            

 

 

Համացանցային կայքեր, որոնցից տեղեկատվություն եմ վերցրել

Religious Education

Religious Studies

Connection between Religion and Poverty

Living Wisdom Schools

Benefits of Spirituality

 

%d bloggers like this: