Just another WordPress.com site

Երբ 2018-2019 ուստարվա սկզբին ինձ առաջարկվեց վարել Քոլեջի ‹‹Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում›› մասնագիտությամբ սովորողների անգլերենի դասընթացը, միանգամից սիրով ընդունեցի առաջարկը, քանի որ Հայաստանը, հայկական մշակույթը օտարներին ներկայացնելու առաքելությունը միշտ էլ ինչ-որ չափով իմն եմ համարել: Իմն էի համարում նույնիսկ այն ժամանակ, երբ ինքս էի ուսանող և օտար լեզուների ուսուցման պետական չափորոշիչների պահանջներն էլ դեռ գրված չէին:

Երբ առցանց հանրագիտարանում բացում ենք ‹‹Զվարթնոցի տաճարը›› վերնագրով տեղեկատվությունը ու փորձում ենք կարդալ, տեքստի լեզվական բարդ կառույցները, ճարտարապետական տերմինների առատությունը վանում են ոչ մասնագետ ընթերցողին: Որպես ասվածի ապացույց առաջարկում եմ կարդալ այս մեջբերումը. ‹‹ Զվարթնոցը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 643–652 թթին։ Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը։ Ըստ Սեբեոսի՝ 301 թին այստեղ են հանդիպել Հայոց Տրդատ Գ արքան և Գրիգոր Լուսավորիչը։Տաճարը կառուցվել է յոթաստիճան պատվանդանի կենտրոնում։ Արտաքուստ՝ եռաստիճան՝ հաջորդաբար նվազող 3 գլանաձև ներդաշնակ ծավալների միասնական շինություն է, որի հորինվածքի միջուկը քառակոնքն է։ Վերջինիս խորանները միավորված են 4 զանգվածեղ մույթերով, որոնք վերին՝ կապող 4 կամարների և առագաստների հետ կազմում են գմբեթակիր միաձույլ համակարգ››: Ընդունելի չի լինի գրավոր խոսքին բնորոշ նման խրթին ոճը, որը կարող է միայն մասնագետ ճարտարապետներին հետաքրքիր թվալ:  Զբոսաշրջիկին ուղղված խոսքը պետք է, նախ և առաջ, մատչելի լինի, ընտրված բառերը՝ ամենօրյա գործածական:

Ահա Զվարթնոցի տաճարի մասին պատմող մեր դասընթացի տեքստը, որը մատչելի է, բարեհունչ է լեզվական կառույցների պարզությամբ, իսկ զբոսաշրջիկներին երկրորդ դեմքով ուղղված նախադասությունները խոսքին հաճելի ջերմություն են հաղորդում:

Մենք հիմա ընդամենը երեք կիլոմետր ենք հեռու Էջմիածնից՝ հայ հոգևոր կենտրոնից: Մեր առջև Զվարթնոց տաճարի ավերակներն են:   

Զվարթնոց տաճարը կառուցվել է 643-652 տարիներին՝ կաթողիկոս Ներսես Շինարարի պատվերով: Հին հայերենում «զվարթ» նշանակել է «հրեշտակ», այսպիսով «զվարթնոց» նշանակել է «հրեշտականոց»՝ մի տեղ, որտեղ հրեշտակներն էին ապրում: Ասում են, որ հրեշտակները մինչև հիմա էլ այստեղ են ապրում: Զգոն, սիրալիր ու սիրառատ եղեք միմյանց նկատմամբ: Ձեզ հրեշտակներն են պահպանում ու հսկում: Տաճարը կանգուն է մնացել մինչև 10-րդ դարը: Այն տարիների պատմիչները չեն նշել, թե որն է Զվարթնոցի փլուզման պատճառը: Կարծիք կա, որ այն կործանվել է հզոր երկրաշարժից: Ոչինչ չգիտեին Զվարթնոցի մասին մինչև 20-րդ դարի սկիզբը: Հնէաբանների մի խումբ Զվարթնոցի ավերակները հողի տակից պեղեցին 1902-1907 թթ.: 1905 թվականին հայ հայտնի ճարտարապետ Թորոս Թորոմանյանը կառուցեց Զվարթնոցի փոքր մակետը: Ըստ Թորոս Թորոմանյանի Զվարթնոցը երեք հարկ է ունեցել:

Պատմամշակութային հուշարձանները օտարերկրացիներին ներկայացնելիս կարևորում եմ շինության ոչ այնքան ճարտարապետական առանձնահատկությունները, որքան դրանց հետ կապված ժողովրդական ավանդապատումները, որոնք վերցված են Արամ Ղալանանյանի ‹‹Ավանդապատումներ›› գրքից: Օրինակ՝ Գոշավանքի մասին տեքստում Մխիթար Գոշի մասին այսպիսի մի ավանդապատում է ընդգրկված. ‹‹Մի անգամ Մխիթարը երազ է տեսնում. Երազում Աստված նրան ասում է. ‹‹Մխիթա՛ր, յոթ տարի հացի առատություն է լինելու, յոթ տարի էլ՝ չորային. Առատության տարիներին պաշար հավաքիր՝ սովի ժամանակ ժողովուրդը նեղություն չքաշի››: Գոշը մեծմեծ ամբարներ է շինել տալիս, վանքի հարստությամբ հացի էժան տարին ցորեն է առնում լցնում ամբարները: Երբ սովն ընկնում է ժողովրդի մեջ, նա մի գուշ (փայտե կլոր աման) է շինել տալիս և այդ գուշով ցորեն է բաժանում մարդկանց: Դրանից հետո նրա անունը մնում է Գոշ Մխիթար: Երբ Մխիթարը մեռնում է, գյուղը նրա անունով կոչում են Գոշի գյուղ, իսկ վանքն էլ՝ Գոշավանք››:

Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիների մասին տեքստերում կարևորվել է Հռոմից Հայաստան փախած այդ երկու կույսերի նահատակված կյանքերի մասին պատումները:

Հայաստանի թանգարանների, մշակութային գործիչների տուն թանգարանների մասին պատմող տեքստերը ծանրաբեռնված չեն նրանցում առկա ցուցանմուշների նկարագրությամբ: Երբ զբոսաշրջիկները որևէ թանգարան են այցելում, նրանց դիմավորում ու այդ թանգարանում եղած բոլոր ցուցանմուշների մասին ամենամանրամասն տեղեկություններն է հաղորդում այդ թանգարանի էքսկուրսավարը: Մեր դասընթացի տեքստը կարևորում, արժևորում է տվյալ մշակութային գործչին և նրա նկատմամբ հայ ժողովրդի սերն է փոխանցում օտարերկրացուն և, ընդհանրապես, պատասխանում է այն հարցին, թե ինչու է արժանի այցելել այդ մշակութային օջախը: Որպես օրինակ՝ ներկայացնում եմ Ավետիք Իսահակյանի տուն թանգարանի մասին պատմող մեր երկլեզու տեքստը, իսկ տուն թանգարանն այցելելուց հետո Քոլեջի ուսանող Անժելա Շամոյանը ստեղծեց անգլերեն իր տեսաֆիլմը:

Մեր անգլերեն դասընթացի գերակշիռ մասը երևակայական (մի անգամ էլ իրական եղավ) երկխոսություններն են օտարերկրացիների հետ օդանավակայանում, Երևանի փողոցներում, հյուրանոցում, ռեստորանում, առևտրի մոլերում և բացօթյա ցուցահանդեսներում:

Դասընթացի տեքստերի մի մեծ շարք մեկը մյուսի բովանդակային շարունակությունն է կազմում: Օրինակ՝ ‹‹Զբոսաշրջիկների դիմավորումը օդանավակայանում – Meeting the Tourists at the Airport››, ‹‹Օդանավակայանից մինչև Մարիոթ հյուրանոցը. նախաճաշ – On the Way to the Mariotte Hotel››, ‹‹Նախաճաշ հյուրանոցում-Breakfast at the Hotel››, ‹‹Երևանի կենտրոնը – The center of Yerevan››:

Համացանցում, իհարկե, կան առանձին տեքստեր Հանրապետության հրապարակի, Աբովյան փողոցի ու Հյուսիսային պողոտայի, Օպերայի շենքի, Կարապի լճի ու Ազատության հրապարակի մասին, Մարտիրոս Սարյանի հուշարձանի ու նրա շուրջը ժամանակակից նկարիչների բացօթյա ցուցահանդես վաճառքի մասին: Մեր դասընթացը տարբերվում է այս բոլորից նրանով, որ այս ամենը օտարերկրացիների հետ երևակայական կենդանի երկխոսությունների միջոցով է ներկայացված, երբ զբոսաշրջիկների հետ քայլում ենք Երևանի փողոցներով ու պատասխանում նրանց հարցերին: Բոլոր երկխոսությունները սկզբում գրվում են հայերեն, որից հետո ուսանողները  թարգմանում են անգլերեն: Լեզվական սխալները ուղղելուց հետո սկսվում է տեքստի հետ աշխատանքի երկրորդ փուլը: Երկրորդ փուլի ընթացքում ուսանողները իրենց համակարգիչների, սմարթֆոնների վրա բացում են տեքստի միայն հայերեն տարբերակը և հայերենը մտքում կարդալով՝ խոսում են անգլերեն: Երրորդն ազատ ոճի փուլն է, երբ համակարգիչները, սմարթֆոնները անջատված են և սկսվում է կենդանի երկխոսությունը: Այս փուլում ուսանողները ազատ ու անկաշկանդ ստեղծում են իրենց խոսքը՝ շատ հաճախ էլ շեղվելով բնագրից:

Մենք միասին ստեղծում ենք Քոլեջի ‹‹Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում›› մասնագիտության անգլերենի մեր հեղինակային դասընթացը: Դեռ շատ աշխատանք կա անելու:

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: