Just another WordPress.com site

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Միլերսվիլ համալսարանի դոցենտներ Փերսիդա և Բիլ Հիմելները ներկայացնում են.

Հոդվածը հրապարակված է edutopia էլեկտրոնային մանկավարժական ամսագրում 2019-ի սեպտեմբերի 26-ին:

Հայտնի է, որ ուսուցիչների ամենատարածված հարցը, երբ ուզում են սովորողներով լի դասարանին ներգրավել մի ինչ-որ քննարկման, ուսումնական գործունեության մեջ, սա է. ‹‹Ո՞վ կարող է ինձ ասել, …››: Նույն հարցը հնարավոր է ձևակերպվի տարբեր ձևերով. ‹‹Որևէ մեկը գիտի՞ այս հարցի պատասխանը, … ››: Արդյունքում նույն պատկերն է. Սովորաբար միայն մի քանի սովորող է ձեռք բարձրացնում, և նրանց պատասխանները որպես բարոմետր են ծառայում՝ ամբողջ դասարանի առաջընթացը գնահատելու համար:

Իհարկե, այդ պատասխանները կարող են ապակողմնորոշող լինել՝ սխալմամբ վստահեցնելով ուսուցիչներին հավատալ, որ իրենց բոլոր աշակերտները սովորում են, մինչդեռ, դա այդպես չէ: Բարեբախտաբար կան շատ ավելի արդյունավետ ձևեր սովորողների ընկալողունակությունը ստուգելու համար՝ ձևեր, որոնք թույլ են տալիս  բոլոր սովորողներին մտածել և արձագանքել ուսուցչի հուշումներով տրված հարցերին:

Կարծիքների կարճ գրառումները գրատախտակին (տեղայնացնելով այս գործունեությունը մեր կրթահամալիրում, կարող ենք ենթավերնագիրը ձևակերպել այսպես. կարծիքների մուտքագրումը անհատական նեթբուք-նոթբուքերում)

Կարծիքների կարճ գրառումները թույլ են տալիս ուսուցիչներին բացահայտել բոլոր սովորողների մտածելակերպն ու արձագանքները ուսուցչի հուշումներով տրված հարցերին: Այս հնարքի արդյունավետությունը հենվում է ուսուցչի բովանդակալից հուշող հարցի վրա, որն ուղղորդում է ուսումնասիրվող թեմայի բուն գաղափարների բացահայտմանը: Օրինակ՝ փոխանակ հարցնելու, թե ինչպես կարելի է բնորոշել կապիտալիզմը, մի հարց, որի դեպքում կարելի էր ակնկալել բոլոր սովորողների գրեթե նույնանման պատասխանները, ուսուցիչը կարող էր հարցը ձևակերպել այսպես. ‹‹Ի՞նչ մարտահրավերներ են հասունանում դեպի կապիտալիզմ գնացող հասարակություններում››:

Ուղեցույց ուսուցչին.

  • Հարկ է, որ ուսուցիչը նախապատրաստի դասի գլխավոր գաղափարին ուղղորդող հուշող հարցը:
  • Ուսուցիչը խնդրում է սովորողներին գրի առնել իրենց պատասխանները առանձին թերթիկների վրա:
  • Որպեսզի այս գործունեությունը շատ ժամանակ չպահանջի, սովորողներն ամենաշատը 15 բառ են օգտագործում իրենց պատասխաններում: Հետո նրանք վերցնում են մի կտոր կավիճ կամ մարկեր գրիչները և գրատախտակի վրա իրենց համար հատկացված տեղում գրում են իրենց կարճ պատասխանները:
  • Ի տարբերություն բանավոր հարցումների՝ կարծիքների կարճ գրառումները թույլ են տալիս բոլոր սովորողներին միաժամանակ ներկայացնելու իրենց պատասխանները. նրանք ստիպված չեն լինում սպասելու և լսելու միշտ առաջինը ձեռք բարձրացնող սովորողի պատասխանը: Այս գործունեության շնորհիվ նույնիսկ ներամփոփ, իներտ ու պասիվ վարքագծով սովորողները սկսում են ակտիվորեն մտածել հուշող հարցին պատասխանելու համար:

Դասարանը ժամատախտակով զույգերի բաժանելու հնարքը

Եթե ուսուցիչներն իրապես ուզում են ներգրավել բոլոր սովորողներին, պետք է հնարավորություն տան նրանց միմյանց հետ թեմայի շուրջը զրուցելու: Դասարանը զույգերի բաժանելու հնարքը թույլ է տալիս ուսուցիչներին դասարանն արագ զույգերի բաժանել՝ պարզապես օրվա ժամեր արտաբերելով: Այս հնարքի շնորհիվ սովորողներն իրենց տեղերից վեր են կենում և տեղափոխվում մեկ այլ նստարանին՝ միանալով այլ սովորողի: Ուղեղի աշխատանքը ակտիվանում է, երբ շարժումը զուգակցվում է սովորելուն:

Ուղեցույց ուսուցչին.

Ուսուցիչը յուրաքանչյուր աշակերտին մի ժամատախտակ է տալիս, որտեղ նշված է տվյալ զուգընկերոջը հանդիպելու պայմանական ժամը:

Ուսուցիչը խնդրում է սովորողներին կազմել իրենց զուգընկերների հետ հանդիպելու ժամատախտակը:

Ենթադրենք սա Վարդանի ժամատախտակն է:

Ժամը Վարդանը հաջորդող սյունակներում գրում է այն սովորողի անունը, ում հետ կցանկանար հանդիպել տվյալ ժամին:
Ժամը 9-ն է Սոնա (Սոնան իր ժամատախտակի այս սյունակում գրում է Վարդանի անունը)
Ժամը 10-ն է Հակոբ
Ժամը 11-ն է Հրայր
Ժամը 12-ն է Արփի

Եվ այսպես ժամատախտակը շարունակվում է մինչև ժամը 24-ը՝ համապատասխանաբար գրելով նոր զուգընկերների անունները:

Երբ ուսուցիչն ուզում է դասարանը զույգերի բաժանել, նա կարող է պարզապես ասել. ‹‹Ժամը 15-ն է››: Բոլոր սովորողները նայում են իրենց ժամատախտակներին և արագ տեղափոխվում են ու հանդիպում այդ ժամվա իրենց զուգընկերոջը: Թեմային վերաբերող հարցը տրվում է և սովորողները զույգերով քննարկում են այն ու առաջարկում պատասխաններ: Ուսուցչին մնում է միայն վերահսկել քննարկումները և ստանալ զույգերի պատասխանները:

Մենք սովորաբար տպում ենք կազմված ժամատախտակները գունավոր թերթիկների վրա, որպեսզի հեշտ լինի դրանք գտնելը: Մենք նաև պատճենահանում ենք դասարանի սովորողների կազմված ժամատախտակները և պահում մեր մոտ, որպեսզի իրենց ժամատախտակները կորցնելու դեպքում կարողանան վերականգնել դրանք: Կազմված ժամատախտակները հնարավոր է օգտագործել բազմակի անգամ:

Դադար, աստղանիշ, աստիճան

‹‹Դադար, աստղանիշ, աստիճան››-ի հնարքը ուղղորդում է սովորողներին վերհիշել ու վերլուծել իրենց սովորածը: Այս հնարքը առանձնապես լավ է աշխատում մեծ ծավալի բովանդակային նյութ յուրացնելու համար: Օրինակ՝ մեկ կամ երկու շաբաթ տևողությամբ թեմաները ի մի բերելու համար, երբ հարկ է լինում կանգ առնել,  վերանայել ու իմաստավորել նյութը նախքան այն կարող է ծանրաբեռնել սովորողներին:

Ուղեցույց ուսուցչին.

  • Դասի կամ դասերի շարքի վերջում ուսուցիչը խնդրում է սովորողներին արագ աչքի անցկացնել իրենց գրառումները և աստղանիշեր տեղադրել իրենց կարծիքով հիշարժան հասկացությունների, գաղափարների վրա:
  • Հետո ուսուցիչը խնդրում է սովորողներին աստիճանակարգել իրենց աստղանիշերով նշած երեք ամենակարևոր գաղափարները, մտքերը:
  • Վերջում ուսուցիչը խնդրում է սովորողներին կամ իրենց կարծիքների կարճ գրառումներ անել գրատախտակին (մեր դեպքում՝ մուտքագրել համակարգիչներում)՝ այսինքն օգտագործել առաջին հնարքը, կամ էլ՝ կիրառել դասարանը զույգերի բաժանելու հնարքը և քննարկել իրենց նշած ամենակարևոր առաջին գաղափարը զուգընկերոջ հետ:

Եզրակացություն

Ակադեմիական բարձր կարողություններ ունեցող սովորողները միշտ էլ կարողանում են սովորական դասապրոցեսների ընթացքում արտահայտել իրենց տեսակետը, վերանայել, վերլուծել ու քննարկել սովորածը, մինչդեռ, ավելի քիչ կարողություններով օժտված սովորողները սովորաբար դուրս են մնում ուսումնական գործընթացից: Հոդվածում ներկայացված մանկավարժական հնարքները բոլոր սովորողներին են հնարավորություն տալիս ինքնաարտահայտվելու, վերանայելու ու վերլուծելու՝ յուրաքանչյուրն ըստ իր մտածելու արագության ու մտավոր կարողությունների չափով: Ուսումնական գործընթացը ներառական է լինում:

 

 

Թարգմանություն անգլերենից

Աղբյուրը՝

Persida and Bill Himmele: 3 Ways to Ask Questions That Engage the Whole Class  

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: