Just another WordPress.com site

Archive for July, 2013

10-11-րդ դասարանների անգլերենի ընտրությամբ դասընթացի ծրագրով որոշված ուսումնական նախագծի մշակման-իրականացման մեթոդական նկարագրության ստեղծում

Նախագիծ

«Հայ մշակույթը անգլերեն» ընդհանուր նախագծի շրջանակներում Միքայել Չամչյանի «The History of Armenia»  գրքի հիման վրա «Հայոց պատմությունը» անգլերեն համառոտ դասընթացի ստեղծումը և կիրառումը Ավագ դպրոց-վարժարանում

 Նախագծի կատարման ժամկետները. 2013-2014 ուսումնական տարի

Նախագիծն իրականացնողները. 10-11-րդ դասարանների սովորողներ` Յուրա Գանջալյանի ղեկավարությամբ

Նախագծի ուսումնական նպատակը. Ստեղծելով Միքայել Չամչյանի «The History of Armenia»  գրքի հիման վրա «Հայոց պատմությունը» անգլերեն համառոտ դասընթացը և միաժամանակ կիրառելով այն Ավագ դպրոց-վարժարանում սովորողները`

  • ձեռք են բերում հայ ժողովրդի պատմությունը անգլերեն ներկայացնելու կարողություններ
  •  ձեռք են բերում պատմա-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին վերաբերող ակտիվ թեմատիկ բառապաշար և նման թեմաները քննարկելու կարողություն անգլերենով

 Նախագծի գործնական նպատակը. Ստեղծվում են հայ ժողովրդի պատմության անգլերեն լեզվով համառոտ էլեկտրոնային դասընթացներ

Նախագծի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքներ  

  • Սովորողներին է ներկայացվում անգլերեն բարդ տեքստերը համառոտ և ավելի  պարզ լեզվով փոխակերպելու համակարգչային ծրագիրը`  http://freesummarizer.com/ 

Նախագծի իրականացման ընթացիկ աշխատանքների մեթոդական կազմակերպում

Այս ծրագրով յուրաքանչյուր սովորող կարող է իր ընդունակությունների սահմաններում համառոտ ձևով ամփոփել ցանկացած տեքստ: Ծրագիրը հնարավորություն է տալիս սովորողին 4-5 էջանոց տեքստի հիմնական բովանդակությունը ունենալ մեկ էջի կամ նույնիսկ 10 տողի սահմաններում: Աշխատելով անձնական նոթբուք-նեթբուքերով, սովորողներից  յուրաքանչյուրը կունենա իր համառոտագրած դասընթացը, որը կարող է էապես տարբերվել իր դասընկերների կողմից ստեղծված դասընթացից: Այսպիսով ուսուցման գործընթացը խիստ անհատականացվում է: 10-րդ դասարանի մի սովորող կարող է ունենալ ավելի ընդարձակ և ավելի բարդ լեզվով գրված դասընթաց, քան 11-րդ դասարանի մեկ այլ սովորող: Այսպիսով անհատական դասընթացները կազմվում են ըստ անհատական լեզվական ունակությունների, հետաքրքրվածության աստիճանի և հետաքրքրությունների դաշտերի: Անհատական լեզվական ունակությունների և հետաքրքրվածության աստիճանի մասին արդեն խոսվել է, իսկ ահա հետաքրքրության դաշտերի մասին կարելի է ասել հետևյալը. մի սովորողի կարող է ավելի շատ հետաքրքրել  տվյալ դարաշրջանի միայն ժամանակագրական տեղեկությունները, մյուսին`տնտեսական կյանքն ու հարաբերությունները, իսկ երրորդին` մշակույթը:

Միքայել Չամչյանի գիրքը հրատարակվել է 19-րդ դարում և այն ժամանակվա հրատարակչական հնարավորությունները  սահմանափակ էին նկարների, պատկերների, քարտեզների առումով: Սովորողները կարող են լրացնել այս բացը` օգտվելով  համացանցից ու անպայմանորեն նշելով աղբյուրները:

Սովորողներն իրենց ստեղծած նյութերը տեղադրում են իրենց ուսումնական բլոգներում: Յուրաքանչյուր նոր տեքստի տակ գրվում են նոր բառերն ու բառակապակցությունները, որոնք արժանի են մտապահելու:  Ուսումնական տարվա վերջում սովորողն իր բլոգում ունենում է իր ստեղծած անհատական դասընթացը:     

   

Յուրա Գանջալյան

 

10-11-րդ դասարանների անգլերենի ընդհանուր դասընթացի ծրագրով որոշված ուսումնական նախագծի մշակման-իրականացման մեթոդական նկարագրության ստեղծում

Նախագիծ

Դպիրը եռալեզու` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի այլընտրանքային, հեղինակային մանկավարժությունը անգլերեն

 

Նախագծի կատարման ժամկետները. 2013-2014 ուսումնական տարի

Նախագիծն իրականացնողները. 10-11-րդ դասարանների սովորողներ` Յուրա Գանջալյանի ղեկավարությամբ

Նախագծի ուսումնական նպատակը. Թարգմանելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարբեր առարկաներ դասավանդողների հեղինակային մանկավարժական հոդվածները անգլերեն`

  • Սովորողները ձեռք են բերում թարգմանչական ռեալ կարողություններ, յուրացնում են տարբեր ուսումնական առարկաներին բնորոշ բառապաշարը անգլերեն
  •  Սովորողները մի ամբողջ ուսումնական տարի ներգրավված են լինում ստեղծական, պատասխանատու և վերջնական արդյունք ունեցող կարևոր աշխատանքում, որն օտար լեզվի իմացության գործնական կիրառման մեծ փորձաշրջան կլինի:
  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի այլընտրանքային, հեղինակային մանկավարժության տարածումը մի նոր որակական առաջընթաց է ունենում:

Նախագծի գործնական նպատակը. Էապես հարստանում է Դպիրի անգլերեն էջը և նպաստում է «Դպիրը եռալեզու» նախագծի իրականացմանը:

 

Նախագծի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքներ

  • Մինչև ուսումնական տարվա սկիզբը Դպիրի տարբեր համարներից ընտրել 20 հոդված, որոնք լավագույն ձևով են ներկայացնում կրթահամալիրի հեղինակային այլընտրանքային մանկավարժությունը:
  • Սովորողներին ծանոթացնել հետևյալ էլեկտրոնային բառարաններից ճիշտ  օգտվելու ձևերին. http://translate.google.ru/?hl=ru&tab=wT#hy/en/  և http://www.translator.am/am/index.html
  • Ուսումնական տարվա սկզբին ստեղծել թարգմանչական փոքրիկ խմբեր 10-11-րդ դասարաններում

  Ընթացիկ աշխատանքի կազմակերպումը

Օգտագործվում է ուսումնական գործընթացի կազմակերպման համագործակցային մեթոդը:

3-4 հոգուց բաղկացած 4 խմբերից յուրաքանչյուրին թարգմանելու համար տրվում է հոդվածի  10 տող, բայց բոլոր աշխատանքային խմբերն էլ պետք է կարդան հոդվածն ամբողջությամբ, որպեսզի ավելի լավ հասկանան իրենց հատվածի իմաստը: Յուրաքանչյուր աշխատանքային խումբ ունենում է իր առաջնորդը-ղեկավարը, ում մոտ են հավաքվում տեքստի թարգմանված տարբերակները: Վերջինս կրում է վերջնական տարբերակի պատասխանատվությունը` ուղարկելով այն դասավանդողին: Ստանալով առանձին հատվածների թարգմանությունները, դասավանդողը խմբագրում է դրանք և ուղարկում բոլոր խմբերին: Այդպիսով բոլոր խմբերն էլ ունենում են ամբողջ հոդվածի թարգմանությունը: Դասարանական դասերի ընթացքում դասավանդողն անդրադառնում է այն լեզվական սխալներին, որոնք ընդհանուր են եղել բոլոր խմբերի թարգմանություններում:

 

Յուրա Գանջալյան