Just another WordPress.com site

Archive for December, 2015

Մտորումներ Սթիվեն Ջոնսոնի «Ամեն ինչի վատը լավ է քեզ համար» գիրքը կարդալուց հետո

Սուսան Հովհաննիսյանը իր «Չկա չարիք առանց բարիքի, կամ ինչպես են տեսախաղերը զարգացնում երեխայի ինտելեկտը» հոդվածի թարգմանությամբ ընթերցողի ուշադրությունը հրավիրեց Սթիվեն Ջոնսոնի «Everything bad is good for you» գրքին: Համակարգչային խաղերի չափավոր օգտագործմանը վերաբերող «…ծածուկ բարերար ազդեցություն» արտահայտության դիպուկությունն էր պատճառը, որ տիար Աշոտ Բլեյանի առաջարկով սկսեցի կարդալ այս անսովոր մտքերով լի ու աղմկահարույց գիրքը:    

Գրքի հեղինակը գրում է, որ երբ ինքը 9-10 տարեկան էր, չէր սիրում մյուս երեխաների նման աղմկոտ խաղեր խաղալ բակում: Նա սիրում էր ինքնուրույն սեղանի խաղեր պատրաստել, որոնք դրդում էին մտածել, և ասում է, որ այն ինչը անում էր իրենց ննջասենյակի հատակի վրա, հետագայում դարձավ մասսայական զվարճանքի միջոց: Այս գիրքն այն մասին է, թե ինչպես համակարգերի վերլուծությունները, հավանականության տեսությունը, կերպարների ճանաչումը և այնպիսի հնաոճ համարվող որակ, ինչպիսին համբերությունն է, դարձավ ժամանակակից թվային տեխնոլոգիաներով ապրելու ու աշխատելու մշակույթի մաս: Այս տիպի կրթությունը դասասենյակներում ձեռք չի բերվում: Այդ կրթությունը ձեռք է բերվում տան հյուրասենյակում կամ նկուղում, անձնական համակարգչով և հեռուստատեսությամբ: Մեր ժամանակներում ամենաշատը քննադատվել  են տեսախաղերը, հեռուստատեսային բռնի տեսարաններով դրամաները, երիտասարդության համար ստեղծվող իրավիճակային կատակերգությունները: Քննադատողները շեշտել են այն, որ հեռուստատեսությունը իջնում է բազմության մակարդակին և ուզում է մշակույթ ստեղծել ըստ նրա պահանջի, և այդ պատճառով էլ մշակույթի մակարդակն իջնում է: Բայց տարիների փորձը ցույց է տալիս, որ հակառակ գործընթացն է տեղի ունենում: Ավելի ու ավելի լավ ֆիլմեր, խաղեր են ստեղծվում: Մշակույթի մակարդակի կորը սկսում է բարձրանալ:

Սթիվեն Ջոնսոնը պնդում է, որ մեր օրերում արագ փոփոխվող սոցիալական հարաբերությունները և տեխնոլոգիաները առաջ են բերում նոր մշակութային ձևեր: Մշակույթը չի կարող հետ մնալ այդ պատմական փոփոխություններից: Այսօրվա ստեղծվող մասսայական մշակույթը, միգուցե,  բարոյական ճիշտ ճանապարհը ցույց չի տալիս մեզ, բայց այն մեզ ավելի խելացի է դարձնում:

Գրքի հաջորդ տողերում և էջերում հեղինակը նախադեպը չունեցող ուրույն ձևով համեմատում է ընթերցելը խաղալու հետ: Սկզբում նա մեջբերում է անում Բենջամեն Սփոքի «Baby and Child Care – Երեխան և նրա խնամքը» գրքից. «Ամենալավ բանը, որը կարելի է ասել վիդեո խաղերի մասին, դա երեխայի աչք-ձեռք կոորդինացիայի զարգացումն է: Ամենավատ բանը, որը կարելի է ասել դրանց մասին, այն է, որ դրանք հավանություն են տալիս և նույնիսկ զարգացնում են ագրեսիան և կոնֆլիկտային իրադրությունում երեխային դրդում են ագրեսիվ պատասխանների: Բայց ավելի մեծ որոշակիությամբ կարելի է ասել, որ համակարգչային խաղերի մեծ մասը ժամանակի վատնում է: Ես առաջարկում եմ, որ Ձեր երեխաների մոտ սերը դեպի ընթերցանությունը և տպագիր բառը զարգացնեք ամենասկզբից: …Ամենակարևորն այն է, որ ձեր երեխային անհագ ընթերցող դարձնեք:… » : Սթիվեն Ջոնսոնը համամիտ չէ Բենջամեն Սփոքի այդ մտքի հետ: Նա այն կարծիքին է, որ ընթերցել միայն կարելի է հաճույքի համար, իսկ հաճույք ստանում ես միայն այն բանից, ինչը շատ ես սիրում: Ես համամիտ եմ Սթիվեն Ջոնսոնի այս տեսակետի հետ և միշտ էլ չեմ հասկացել «գերազանցիկների» ջանասիրության շարժառիթները՝ ստանալ գերազանց գնահատական բոլոր առարկաներից, անկախ այն բանից, թե սիրում ես այդ առարկան, բնագավառը թե՝ ոչ: Այս միտքը շատ լավ է շարադրված «Почему троечники становятся начальниками, а отличники – подчиненными» հոդվածում:  Սթիվեն Ջոնսոնը շարունակում է իր խորհրդածությունները ի հաշիվ խաղի ամեն գնով շատ ընթերցելու վնասակարության մասին: Նա գրում է, որ մարդու մտածելու ունակությունը մեծացնելու խնդրում ընթերցանության դերը այնքան է անվերապահորեն ընդունված, որ որևէ այլընտրանքային տեսակետ համոզիչ դարձնելը շատ դժվար է: Այդ պատճառով էլ նա այդ խորը մտած սեպը հենց սեպով էլ հանում է մի, իմ կարծիքով, ֆանտաստիկ առաջարկությամբ: Նա գրում է, որ խաղի հաշվին ընթերցանության ջատագովների հաղթաթուղթն այն է, որ գիրն ու գրականությունն է մարդկանց զարգացրել, քանի որ այն ավելի շուտ է հայտնագործվել, քան համակարգչային խաղերը: Բայց չէ որ մարդիկ գիր ու գրականության հայտնագործումից հարյուրավոր տարիներ առաջ էլ խաղացել են և խաղերով ու գործունեությամբ են փորձ ձեռք բերել ու զարգացել: Եվ այսպիսով նա առաջարկում է երևակայությունը լարել և պատկերացնել, որ տեսա-համակարգչային խաղերը շատ ավելի շուտ են հայտնագործվել մարդկության կողմից, քան այբուբենը, գիրն ու գրականությունը, և հիմա ինչպե՞ս կքննադատեին համակարգչային խաղերով զարգացած կրթության տեսաբանները, մանկավարժներն ու հոգատար ծնողները գրքերի ներխուժումը կրթության բնագավառ: Սթիվեն Ջոնսոնը ինքն էլ մեկնաբանում է նրանց այդ երևակայական տեսակետները. գրքեր կարդալը խրոնիկական ձևով թերագնահատում է զգացողությունները: Ի տարբերություն ավանդական խաղային վիճակի, երբ երեխան կենդանի եռաչափ զգացողության աշխարհում է, որը լի է շարժվող պատկերներով և երաժշտական հնչյուններով, որոնք ուղղորդվում և վերահսկվում են նրա կողմից համալիր մկանային շարժումներով, գրքերը միայն բազմաթիվ էջերի վրա բառերի  ամուլ շարան են: Կարդալու ընթացքում ուղեղի միայն շատ փոքր մասն է ակտիվանում, մինչդեռ խաղերը ակտիվացնում են ուղեղի զգացողական կենտրոնների և գորշ նյութի լրիվ տեսականին: Գրքերը նաև ողբերգականորեն մեկուսացնող են, իսկ խաղերը միշտ էլ երեխաներին ներգրավել ու միավորել են բարդ սոցիալական հարաբերություններում և ստիպել են միասին կառուցել ու հետազոտել աշխարհը. գրքերը ստիպում են երեխային առանձնանալ մի փոքրիկ տարածքում՝ կտրված իր հասակակիցներից: Վերջերս առաջացած նոր տարածքները, որոնք «գրադարանների ընթերցասրահներ» են կոչվում, սարսափազդու տեսարաններ են: Տասնյակ բնականից կայտառ ու սոցիալապես ինտերակտիվ երեխաներ լուռ կարդում են իրենց առանձնախցերում՝ մեկը մյուսին անհաղորդ: Շատ երեխաներ կան, որոնք, անշուշտ բավականություն են ստանում կարդալուց և երբեմն էլ դա նրանց երևակայությանը թռիչքներ է պարգևում, բայց բնակչության զգալի տոկոսի համար պարտադիր ընթերցանությունը իրավունքների ոտնահարում է… , բայց գրքերի ամենավտանգավոր բանն այն է, որ նրանց ուղղությունը գծային ձևով ֆիքսված է: Դու որևէ կերպ չես կարող միջամտել և վերահսկել գրքում շարադրվածը: Դու միայն պետք է նստես, կարդաս ու ստանաս այն, ինչը թելադրվում է քեզ: Մեզ, ինտերակտիվ կերպով դաստիարակվածներիս համար, գոյության այս կերպը ապշեցուցիչ է: Այս իրավիճակում ինչու՞ պետք է որևէ մեկը կամովի ուզենա ընկղմվել մի արկածի մեջ, որը լիովին ուրիշի կողմից է բեմականացվում ու վերահսկվում: Բայց այսօրվա սերունդը ամեն օր միլիոնավոր անգամ ամենուր հենց դա է անում, ընկղմվում է ուրիշի կողմից թելադրված արկածների մեջ: Սա մեր երեխաների մեջ պասսիվություն սերմանելու մեծ ռիսկ է պարունակում, որը ստիպում է նրանց մտածել, որ իրենք անկարող են փոխել այն պայմանները, որոնցում ապրում են: Ընթերցանությունը ակտիվ գործընթաց չէ, այն հնազանդության  ու խոնարհության է դրդում: Գիրք կարդացող մեր նոր սերունդը սովորում է հետևել սյուժեին, այլ ոչ թե՝ առաջնորդել:

Այստեղ Սթիվեն Ջոնսոնը հումորով գրում է, որ առանց ասելու էլ պարզ է, բայց ավելի պարզ է ասելով, որ ինքը համաձայն չէ վերը շարադրված հակագրքային փաստարկների հետ, բայց մյուս կողմից էլ՝ լիովին ճիշտ չէ ասել, որ այդ հակագրքային պնդումները բացարձակապես սխալ են: Այդ պնդումները միակողմանի են: Այդտեղ չի նշված, որ ընթերցանությունը որքան օգտակար է ճիշտ ընտրության դեպքում:… Չի նշված նաև միևնույն գրքի ընթերցումից հետո սովորողների ինտերակտիվ քննարկման առավելությունները: Գրքերի ընթերցումը անշուշտ մեծ արժեք է, բայց նույնիսկ գրքերի ամենաանհագ ընթերցողը մեր ժամանակակից մշակույթի թելադրանքով ու պայմաններում, ամեն դեպքում չի կարող ժամանակ չծախսել մեդիայի այլ տեսակների հետ առնչվելու վրա (համակարգչային խաղեր, ֆիլմեր, հեռուստատեսություն, ինտերնետ):

Սթիվեն Ջոնսոնի մեծ աղմուկ հանած «Ամեն ինչի վատը լավ է քեզ համար» գրքի ընդամենը վեց էջ կարդալուց հետո փոխադրեցի այս հետաքրքիր մտքերը: Հաջորդ էջերում հեղինակը մանրամասն նկարագրում է տարբեր համակարգչային խաղերի բարերար ազդեցության մասին չափավոր օգտագործման դեպքում:

Բոլոր դասավանդողներն էլ, այդ թվում նաև ես, տանել չեն կարողանում, երբ սովորողները դասի ընթացքում համակարգչային խաղեր են խաղում: Ամենից շատ վիրավորվում ենք, երբ լավ սովորողն է սկսում խաղալ: Իսկ, միգուցե, նրանք փախչում են միօրինակությունի՞ց: Նրանք շատ են տարբերվում 90-ականների մեր ջանասեր աշակերտներից: Չէ՞ որ նրանք 21-րդ դարում ծնված սերունդն են ներկայացնում: Այսօրվա 11-րդ դասարանցիները 2000 թվականին են ծնվել ու համակարգիչն էլ նրանց դաստիարակն է եղել դեռ նախքան դպրոց գալը: Նրանք շատ հավատարիմ են իրենց առաջին դաստիարակներին: Դասերն ավելի ինտերակտիվ դարձնելով, որոշ խաղային դրվագներ կազմակերպելով (իրավիճակային դերախաղեր օտար լեզվի դասերին, պատմական անցյալին վերաբերող դրվագների բեմականացում պատմության դասերին, հետաքրքրաշարժ փորձեր բնագիտության դասերին),  ինչու չէ՝ նաև ուսումնական համակարգչային խաղերին դասի ընթացքում որոշակի ժամանակահատված տրամադրելով կարող ենք ավելի մոտենալ այս նոր ու լավ իմաստով խենթ սերնդին:   

 

Աղբյուրը՝ Steven Johnson “Everything bad is good for you