Just another WordPress.com site

Archive for the ‘Իմ հին հոդվածներից’ Category

Մխիթար Աբբահոր մեծ Առաքելությունը

Մեր կրթահամալիրային տոնի՝ ‹‹Սեբաստացու օրեր››-ի առիթով վերահրապարակում եմ 2012-ին իմ գրած այս հոդվածը:

Без названияԱշխարհի գրեթե բոլոր ժողովուրդներն իրենց մշակութային պատմության մեջ ունեցել են անհատներ, ովքեր անգնահատելի մեծ ծառայություն են մատուցել իրենց մայրենի լեզվի պահպանման ու հարստացման համար, ուրեմն նաև` ազգապահպանման համար: Սլավոնական ժողովուրդների համար այդ գործը սկսել են Կիրիլը և Մեֆոդին` ստեղծելով սլավոնական այբուբենը 16-րդ դարում, իսկ 1860 թվականին արդեն Վլադիմիր Դալը ստեղծել է ռուսաց լեզվի առաջին ծավալուն բացատրական բառարանը`«Толковый словарь живого великорусского языка»:

Без названия (4)

Գերմանական ժողովրդի համար այս սրբազան գործը սկսեցին Գրիմ եղբայրները`1838 –1854թթ`տքնելով գերմաներենի առաջին մեծածավալ բառարանի`«Deutsches Wörterbuch»-ի ստեղծման վրա` գերմանացիներին հատուկ աշխատասիրությամբ ու գործի նկատմամբ մեծագույն պատասխանատվությամբ: Այս բառարանի վրա մոտ հարյուր տարի լեզվաբանների մի քանի սերունդ է աշխատել, անընդհատ հարստացնելով այն և միայն 1961 թվականի հրատարակությունն է համարվել լիակատար` իր 32 հատորներով, որոնց մեջ 67000 սյունակներում 330000 բառի բացատրություն է տրված:

Без названия (2)

1604 թվականին հրատարակվել է անգլերենի առաջին բացատրական բառարանը, որի հեղինակը եղել է Ռոբերտ Քոդրեյը: Այս բառարանն ունեցել է ընդամենը 2543 բառ: Անգլերեն առաջին բառարանները եղել են ոչ ծավալուն: Նրանք այդ բառարաններում ընդգրկել են միայն այն բառերը, որոնք քիչ գործածական են եղել և անգլիացիների համար դժվար հասկանալի: Այդ բառարանները կոչվել են «Hard Word Dictionaries – Դժվար բառերի բառարաններ»:
1755 թվականին է լույս տեսել անգլերենի առաջին ընդարձակ բառարանը`«A Dictionary Of The English Language», որի համար անգլիացիները պարտական են Սամուել Ջոնսոնին իր վեց տարվա տքնաջան աշխատանքի համար:

johnson-dictionary

Այո´, Սամուել Ջոնսոնը վեց տարի տքնաջան աշխատել է, բայց նա իր ձեռքի տակ ունեցել է նախկինում ստեղծված, թեկուզև ոչ ծավալուն բառացանկերով բառարաններ`Թոմաս Էլիոտի բառարանը` 1538թ, Ռիչարդ Մուլկաստերի «The Elementarie»`1582թ, Ռոբերտ Քոդրեյի «The Table Alphabeticall»`1604թ.: Հաշվի առնելով այս նշանակալից աղբյուրների գոյությունը` կարելի է պատկերացնել այն տիտանական աշխատանքը, որը 25 տարի (1724-1749) կատարել է մեր Մխիթար Աբբահայրը Վենետիկի Սբ. Ղազար կղզում իր «Բառգիրք հայկազեան լեզուի» երկատորյակը ստեղծելիս` չունենալով հայոց լեզվի բառարանագրության ոչ մի նշանակալից նախադեպ, հայերենի ոչ մի այբբենական բառացանկ: Պատմությանը հայտնի էր միայն Արիստակես Գրչի վեցդարյա վաղեմության ուղղագրական փոքրածավալ ձեռագիր բառարանը, որը չէր կարող որևէ կերպ Մխիթարին ուղեցույց լինել: Նրա հավակնությունները շատ մեծ էին: Նա ուզում էր իր ժամանակի եվրոպական չափանիշներին համապատասխան բառարան ստեղծել:

Без названия (1)

Այդքան ցածր կետից այդպիսի բարձր թռի՞չք. ճիշտ է, որ հայոց մեծերը նմանվում են ցածրադիր Արարատյան դաշտավայրից 5000 մ կտրուկ վեր խոյացող Արարատին: Կարող էին չէ՞ այլոց նման լատինական պատրաստի տառերը գործածել որոշ ձևափոխումներով: Ո´չ, վեր խոյացող թռիչք էր պետք, մեզ պետք էր մեր ուրույն դեմքն ու հոգին, մեզ պետք էր, որ մեր մայրենիի յուրաքանչյուր հնչյուն ունենար իր համապատասխան տառը առանց որևէ հատուկ տարբերակման նշանների, մեզ մի Սուրբ Մեսրոպ Մաշտոց էր պետք V դարում: Հայոց մեծերի երկրորդ կարևոր հատկանիշն այն է, որ նրանք մեր ժողովրդի պատմության ամենադժվար պահերին, երբ այլ ազգերի հետ ձուլման վտանգն է առկախվում, դիմում են մեր լեզվի օգնությանը: Ստեղծելով հայոց գիրը, Աստվածաշունչը հայերեն թարգմանելով, հայկական տարբեր բնակավայրերում բացելով հայկական առաջին դպրոցները` Սբ. Մեսրոպ Մաշտոցը փրկեց հայերին հույների, պարսիկների և ասորիների հետ վերահաս ձուլման վտանգից:

XVIII դարում Արևմտյան Հայաստանում ապրող հայերի մեծ մասի կենցաղը հասկանալի պատճառներով թուրքական էր: Շրջապատող առարկաների անվանումները հայերն ավելի հեշտությամբ թուրքերեն էին ասում, քան հայերեն: Մի ահռելի սեպ էր խրվել հայոց լեզվի, հայոց հոգու մեջ, և այդ ժամանակ մեր մեծերի`Մեսրոպ Մաշտոցի, Դավիթ Անհաղթի, Անանիա Շիրակացու, Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու, Ներսես Շնորհալու, Մխիթար Գոշի, Հակոբ Մեղապարտի դարերից եկող փոխանցումավազքին միացավ Մխիթար Սեբաստացին: Նա այդ ահռելի լեզվական սեպը հենց լեզվական սեպով էլ հանեց: Իր կյանքի ընթացքում նա 50 հայերեն գիրք հրատարակեց, որից 14-ի հեղինակն ինքն էր: Ահա թե ինչ է գրում Հ.Սահակ Ճեմճեմյանը իր «Մխիթար Աբբահօր հրատարակչական առաքելութիւնը» գրքի ներածականում. «Ու կը տեսնենք զինքը խոնարհած հայ մանուկին առջեւ, տալու անոր Աբբենարանն ու Քրիստոնէականը , պատանիին դիմաց`սորվեցնելու Քերականն ու Զարգացելոցը , չափահասին`բացատրելու Մոլութիւններէ հրաժարիլն ու Առաքինութիւններու հետեւիլը, կու տայ ամէնուն Աստծոյ Շունչը տպագիր, բացատրելով ամէնուն ու Մեկնելով նոյն Գիրքին մեջ պարունակուած երկնային իմաստները, կը հրաւիրէ ամենքը իջնել Պարտեզ հոգեւոր եւ կամ Բուրաստան, Խոկալու համար հոն` Քրիստոնէական վարդապետութիւնը, թոյլ տալով մանուկներուն որ Խաղի տետրը առած` սթափին ու զուարճանան կրկնելով հաւատքի մասերը. Կընծայե հուսկ հայ գիտունին` բոլոր գանձերը Հայկազեան բառարանին»:

Բառգիրք հայկազեան լեզուի

Հ. Սահակ Ճեմճեմյանն իր վերը հիշատակած գրքում ջանում է որքան հնարավոր է մանրամասն ներկայացնել Մխիթար Սեբաստացու բառարանաստեղծական աշխատանքի եղանակը: Նա գրում է, որ Միաբանության Մայրավանքի դիվանում պահվում է բառարանի սևագիր օրինակների մի ծրար, որի պարունակությունը թույլ է տալիս բաժանելու աշխատանքի ուղղությունը երեք խմբերի.
ա) Մխիթար Աբբահոր ինքնագիր օրինակը. աշխատանքային այս սաղմնային փուլում նա հիմնականում տվել է Աստվածաշնչում հանդիպող հասարակ անունների` գոյականների բացատրությունները` աստվածաշնչյան վկայություններով և հետևաբար` տալով միայն բառերի այն իմաստները, որոնցով դրանք գործածված են Աստվածաշնչում:
բ) Բառգիրք նախնեաց մատենագրութեան. աշխատանքային այս փուլում Մխիթարը հավաքել է Խորենացու, Նարեկացու, Լաբրոնացու, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Արծրունու, Ոսկեբերանի, Ագաթանգեղոսի և այլ պատմիչների, գրողների և մատենագիրների գործերում հանդիպող բառերը: Այս փուլի ընթացքում չեն կրկնվել առաջին փուլում հավաքված բառերը:
գ) Բառգիրք Սուրբ Գրքի. այստեղ հավաքված են միայն Աստվածաշնչի բառերը, որոնք ունեն ավելի ճոխացված մեջբերումներ և բացատրություններ:

Հ. Սահակ Ճեմճեմյանը նշում է, որ այս ամենով հանդերձ, Հայկազյան բառարանի հիմնական աղբյուրը յոթ լեզվով գրված Ս. Գիրքն է եղել, որի մեջ եղած բառերի քննությունը և հայերեն օրինակների հետ համեմատությունը ավելի արժանահավատ է դարձրել բառերի բացատրությունները:
Մխիթարի համար մեծ օգնություն է եղել նաև 1620թ տպագրության Կալեպինո Ամբրոսիոյի «Յոթ լեզուների բառարանը»: Ուսումնասիրելով տարբեր լեզուներից հայերենի փոխառությունները` Մխիթար Սեբաստացին ջանացել է տալ այդ նոր բառերի ստուգաբանական, գիտական բացատրությունները:
Իր Հայկազյան բառարանում Մխիթարը զետեղեց նաև տարբեր քարտեզներ` «Համատարած աշխարհացույց», «Մոլորակների ընթացքը», «Աստղալից երկինքը», «Երկիր Ավետյաց», որոնք բառարանը ավելի հանրագիտարանային դարձրեցին:
Ցավալին այն է, որ Մխիթար Սեբաստացին իր կենդանության օրոք Հայկազյանը չտեսավ տպագրված: Նա վախճանվեց բառարանի առաջին հատորի լույս տեսնելուց 22 օր առաջ`1749թ. ապրիլի 27-ին: 1769-ին տպագրվեց Հայկազյան բառարանի երկրորդ հատորը, որով իրականացվեց Մխիթար Սեբաստացու վաղեմի երազանքը` գրաբարից աշխարհաբար և աշխարհաբարից գրաբար բառարանների լույս աշխարհ գալը: Նրա երազանքն էր, որ աշխարհի բոլոր տառաճանաչ հայերը, անկախ իրենց կրթական աստիճանից, կարողանան կարդալ և հասկանալ հայոց հոգևոր ժառանգությունը:

Նոր բառգիրք հայկազեան լեզուի
1836-1837թթ. Մխիթարյան միաբանության անխոնջ վանահայրերի` Գաբրիել Ավետիքյանի (1751-1827), Խաչատուր Սյուրմելյանի (1751-1827) և Մկրտիչ Ավգերյանի (1762-1854), 50 տարիների տքնաջան ու խորահմուտ աշխատանքով լույս տեսավ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանը: Այս բառարանում բառերի իմաստները բացի հայերեն բացատրություններից տրվում են նաև տվյալ բառի հունարեն, լատիներեն, թուրքերեն, պարսկերեն, ֆրանսերեն համանիշները: Ինչ խոսք, սա ավելի կատարյալ բառարան է, քան Մխիթար Սեբաստացու ստեղծածը: Հենց դա էլ կլիներ Մեր մեծ Աբբահոր նվիրական փափագը. կյանքը զարգացում է պահանջում, որ աշակերտները ավելի հեռուն գնան, քան իրենց ուսուցիչը:
Ժամանակակից լեզվաբանները, գրականագետները, հնէաբանները, պատմաբանները, մշակութաբանները ավելի շատ են առիթ ունենում բացելու այս բառարանը, բայց հավատացնում եմ, որ ցանկացած մասնագիտության մարդկանց համար էլ հետաքրքիր է այն, որովհետև ներկայացված բառերով երբեմն զգում ես անցած կյանքերի, զգացումների, արարքների, գաղափարների ու առարկաների շունչը:

Օրինակ`
Աշտանակ – ճրագակալ. ինչ գեղեցիկ բառ է, հիմա այն բոլորովին չի գործածվում. գործածվում է «մոմակալ» բառը (անգլ. candle stick): Այստեղից` աշտանակազարդ (ճրագակալներով զարդարված) բառը. կգտնե՞նք դրա նման սիրուն համանիշ անգլերենում:
Ապալեր – ամայի, անբեր վայր (Երևանից Գյումրի տանող ճանապարհի մեծ մասը ապալեր է:)
Բոցաշավիղ – Նա բոցաշավիղ կյանք ապրեց. այսինքն` իրենից հետո լույս թողնելով ապրեց: Ինչու՞ է գործածությունից դուրս եկել այս բառը: Այստեղ տեղին է այն օգտագործել. Մխիթար Սեբաստացին բոցաշավիղ կյանք ապրեց:
Գանձանակ – պահարան, որտեղ գանձն են պահում: Եթե այպիսի լավ բառ ունենք, մեր ինչին է պետք «երկաթյա չհրկիզվող պահարանը», կամ էլ օտարածին «սեյֆը»:
Այստեղ էլ տեղին է օգտագործել այն այսպես` «Մեր մայրենի լեզվի գանձանակն է «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանը»:

Օգտագործված գրականություն և համացանցային կայքերի հասցեներ
1. Հ. Սահակ Ճեմճեմյան «Մխիթար Աբբահօր հրատարակչական առաքելութիւնը», Վենետիկ, Ս.Ղազար, 1996
2. «Հայ մշակույթի նշանավոր գործիչները V-XVIII դարեր» ԵՊՀ, Երևան-1976
3. Լեո «Հայոց պատմություն», Սովետական գրող, Երևան 1985
4. «Նոր բառգիրք հայկազեան լեզուի», Վենետիկ, Ս. Ղազար, 1836

http://armscoop.com/

http://en.wikipedia.org/wiki/Explanatory_Dictionary_of_the_Live_Great_Russian_language 

http://www.literaturecollection.com/a/grimm-brothers/

http://grammar.about.com/od/words/a/Samuel-Johnsons-Dictionary.htm

http://en.wikipedia.org/wiki/Dictionary

 

Ավարտվեց մեր մայիսյան հավաքը

Ավարտվեց մեր մայիսյան հավաքը

 

 

Երբ Վանաձորցի Անուշ Թորոսյանի հետ Միջին և Նոր դպրոցները այցելելուց հետո գնում էինք Գեղարվեստի դպրոց, նա մանկական անկեղծությամբ ու ամենալավ իմաստով լոռեցու պարզությամբ մի պարզ, բայց պատասխանելու համար շատ բարդ հարց տվեց. «Երանի ես այս թաղամասի երեխա լինեի ու սովորեի ձեր դպրոցում:Այդ ինչպե՞ս է գոյատևում ձեր դիմացի դպրոցը: Ինչու՞ են գտնվում մարդիկ, որ ձեր հրաշքը թողած իրենց երեխաներին սովորական դպրոց են ուղարկում:» Այդ ժամանակ ես չկարողացա սպառիչ պատասխան տալ ու միայն ասացի, որ շատերը դեռ չեն հասկանում մեզ: Եվ հիմա, երբ նստած եմ համացանցին միացած համակարգիչի առջև, մի ավելի դժվար հարց տվեցի ինքս ինձ. «Իսկ միգուցե մե՞նք ենք սխալ»: Իմ այս սադրիչ հարցին պատասխանելու համար դիմեցի այն մարդկանց օգնությանը, որոնք դարեր շարունակ եղել են մարդկային մտքի անվիճելի հեղինակություններ` անկախ նրանց  ազգային պատկանելիությունից ու դավանանքից:   http://www.inspirational-quotes.info/success-quotes.html  հասցեում գտա Արիստոտելի, Ցիցերոնի, Անատոլ Ֆրանսի, Ալբերտ Էյնշտեյնի և այլ երախտավորների կրթության, ուսուցիչների, ինքնակրթության, իմացումի հրճվանքի, ընթերցանության, սովորել սովորեցնելուն, գործունեությամբ կրթելուն ուղղված այնպիսի հարազատ մտքեր, որ ամեն ինչ իր տեղն ընկավ: Այդ ասույթները խմբավորեցի, թարգմանեցի ու ահա, թե ինչ ստացվեց.

Այսօրվա ամփոփիչ նիստի վերջում Տիար Բլեյանը ասաց, որ պետք չէ քննադատել նախարարությանը` մեր հավաքին մեծ ուշադրություն չդարձնելու համար, և որ քննադատելը ամենահեշտ ու անպտուղ ճանապարհն է մեր գործում: Եվ պետք էլ չէ փորձել վերափոխել ուրիշներին, եթե նրանք դա չեն ուզում: Նա խորհուրդ տվեց մեզ ավելի շատ նվիրվել գործին: Այս մտքի ճշմարիտ լինելը վաղուց հավաստել է անգլիացի գրող Բենջամեն Ռոբերտ Հայդոնը. « Ուրիշներին բարեփոխելու փոխարեն ինքնակատարելագործվելու սկզբունքն ամենաապահովն է կյանքում»:  “The safest principle through life, instead of reforming others, is to set about perfecting yourself.”B. R. Haydon

«Մերը գործունեության դպրոցն է», հաճախ է կրկնում Աշոտ Բլեյանը: Մեր կրտսեր ու միջին դպրոցները իրոք որ գործունեության դպրոցներ են: Կենսաբանության խրթին դասագրքերի խրթին դասերի խրթին տերմինները սերտելու փոխարեն` մեր սովորողները իրենց դասավանդողների հետ ջերմոց են ստեղծել մայր դպրոցի տանիքին ու սերմեր ցանելով, ջրելով ու խնամելով, առաջին ծիլերով ուրախանալով են սովորում այդ առարկան: Հին չինական ասույթն ասում է. «Ես լսում եմ ու մոռանում եմ: Ես տեսնում եմ ու հիշում եմ: Ես անում եմ ու հասկանում եմ: “I hear and I forget. I see and I remember. I do and I understand.”
Համանման միտք արտահայտելու հավակնությունն ունեն նաև բնիկ ամերիկացիները (աղբյուրում չի նշվում, թե որ հնդկացիական  ցեղն է դրա հեղինակը). « Ասա ինձ և ես կմոռանամ: Ցույց տուր ինձ և ես կարող է չհիշեմ: Ներգրավիր ինձ և ես կհասկանամ:»   Tell me and I’ll forget. Show me, and I may not remember. Involve me, and I’ll understand.Native American Saying
Հին հույն բանաստեղծ Փինդարը (518թ) ասել է. « Բնական կարողությունը ամենալավն է, բայց շատ մարդիկ են հասել մեծ ճանաչման` ունակություններ ձեռք բերելով, որն ուսուցման ցանկալի պտուղն է»:  “Natural ability is by far the best, but many men have succeeded in winning high renown by skill that is the fruit of teaching.”Pindar

Ես հիշում եմ, որ դեռ շատ վաղուց մեր կրթահամալիրի կրտսեր դպրոցի այցեքարտն էր «Իմացումի հրճվանք» բառակապակցությունը: Մեր կրտսեր դպրոցում փոքրիկ սովորողի ձեռքերը չեն դողում վախից, երբ նա գրում է: Գրելու ժամանակ այստեղ կարևորվում է ոչ թե ինչպեսը, այլ` ինչը: Դասավանդողն անկեղծորեն ուրախանում է, երբ տեսնում է փոքրիկի գրած առաջին, թեկուզև, ծուռումուռ բառը: Այդ ուրախությունը երեխային է փոխանցվում ու նա հրճվանքի պահեր է ապրում: Ուրախության ու հրճվանքի պահերով է լցվում դասը, և երեխայի ենթագիտակցության մեջ ուսումը կապակցվում է ուրախության հետ, և նա սկսում է սիրել դասն ու իր ուսուցչին:  Անգլիացի քաղաքական գործիչ, հնէաբանություն գիտության հիմնադիր Ջոն Լուբոկը նշել է. «Ամենակարևոր բանը ոչ այնքան այն է, թե ինչ և որքան սովորեցնել երեխային, այլ այն, որ ամեն երեխայի մեջ պետք է արթացնել սովորելու ցանկությունը»:  “The most important thing is not so much that every child should be taught, as that every child should be given the wish to learn.” John Lubbock

Այս առումով շատերը կարող են առարկել, որ իրենց դպրոցում էլ կան այնպիսի նվիրյալ դասվարներ, ովքեր երեխաների մեջ սեր են արթացնում ուսման նկատմամբ: Մի բան է առանձին նվիրյալների աշխատանքը, մեկ այլ բան`հենց այդ նպատակին ուղղված ծրագրային ուսուցումը մեր կրթահամալիրի երեք կրտսեր դպրոցներում: Ցանկացած պահի կարող եք բացել առաջինից վեցերորդ դասարանների ցանկացած դասասենյակի դուռ ու կտեսնեք իմացումի այդ հրճվանքը: Դասավանդողի անհատականությունն այստեղ շատ մեծ դեր չի խաղում: Գործում է հստակ մշակված մեխանիզմ: Հիմա արդեն տեղին է մեջբերել Անատոլ Ֆրանսի խոսքերը. « Կրթության ինը տասերրորդը քաջալերանքն է»: “Nine-tenths of education is encouragement.”Anatole France

Գրեթե ամեն օր ընդհանուր պարապմունքների ժամանակ Աշոտ Բլեյանը կրկնում է, որ մեր դպրոցը ստեղծողի դպրոցն է, որ մեր դպրոցը անգիրի դպրոցը չէ: Դրան է նպաստում Կրթահամալիրի www.mskh.am կայքն ու մասնաճյուղերի ենթակայքերը: Վաղ առավոտից մինչև ուշ երեկո բառիս բուն իմաստով ստեղծագործում են սովորողները: Գրում են իրենց խոհերի մասին, լրատվություն են անում, վիճահարույց հարցեր են բարձրացնում ու վիճում իրար հետ: Մեդիաօլիմպիադաներն էլ ստեղծագործական առաջադրանքներով են հագեցած, որոնք մեկ միանշանակ պատասխան չեն ակնկալում: Ըստ Ալբերտ Էյնշտեյնի`. «Ուսուցչի գերագույն արվեստը ստեղծագործող և գիտելիք ձեռք բերող երեխայի մեջ ուրախություն արթնացնելն է»: “ It is the supreme art of the teacher to awaken joy in creative expression and knowledge.”Albert Einstein  Այս տարվա անգլերենի գարնանային օլիմպիադայի առաջադրանքն այնպիսին էր, որ 90 սովորող, յուրաքանչյուրը մոտ 300 բառով ինքնուրույն մտքեր, շարադրություններ գրեցին: Առաջադրանքների վերջում գրեթե բոլոր սովորողները նշել էին, որ հաճույքով են պատասխանել հարցերին:

Մեդիահանրակրթությունը իր «Կա մեդիա, կա կրթություն» որակումով դարձել է մեր կրթահամալիրի նշանաբանը: «Կրթությունը քաղաքակրթության փոխանցումն է», Ուիլ Դուրանտ. Education is the transmission of civilization. (Will Durant) Իսկ մեդիան այս գործը ամենալավը կարող է անել: Գերարագ զարգացող տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների 21-րդ դարում կրթությունը և կրթական համակարգը չի կարող փակ լինել և սահմանափակվել միայն դասագրքերի կանոնները անգիր անելով: Այդ են վկայում մեր մայիսյան հավաքին ներկայացված մոտ 150 նյութերը: 20-րդ դարի մեծագույն բանաստեղծ Թոմաս Սթերնզ Էլիոտը գրել է.  « Փաստորեն կրթության խնդիրն է օգնել մեզ փախչելու ոչ մեր սեփական ժամանակից, քանի որ մենք գամված ենք դրան այլ`մեր ժամանակի ինտելեկտուալ և հուզական սահմանափակումներից»: It is in fact a part of the function of education to help us escape, not from our own time — for we are bound by that — but from the intellectual and emotional limitations of our time. (T.S. Eliot)  Իսկ Ջոզեֆ Հոլը, որին կոչում են անգլիական Սենեկա, գրել է. « Գիտելիքը ոչ թե պահելու, այլ բաժանելու համար է տրվել: Այս թանկարժեք գոհարի հմայքը կորչում է, երբ այն պահում են:»  “Seldom Learning is like was any knowledge given to keep, but to impart; the grace of this rich jewel is lost in concealment.”(Bishop Joseph Hall)

Մեր կրթահամալիրի կայքն իր «Դպիր» մանկավարժական էլեկտրոնային պարբերականով բաց է բոլորի համար: Իսկ մեդիայի շնորհիվ բաց են ինքնակրթվելու  բոլոր դռները մեր սովորողների և դասավանդողների համար:

Համոզված եմ, որ բոլոր դպրոցներում էլ կան անընդհատ ինքնակրթվող մանկավարժներ, բայց մեր կրթահամալիրում դա հրամայական պահանջ է, որն ամրագրված է կրթահամալիրի ներքին կանոնակարգով և գործում են վերահսկման վարչարարական ձևեր:

Վերջում ուզում եմ Ալբերտ Էյնշտեյնի խոսքն ուղղել մանկավարժության մեջ մեծ հաջողությունների` այսինքն գիտությունների դոկտորի աստիճանի հասած հաջողակներին, որոնք երբևէ չեն զբաղվել իրական մանկավարժությամբ. «Ձգտիր լինել ոչ թե հաջողակ, այլ արժեք ներկայացնող մարդ»: “Try not to become a man of success but a man of value.”(Albert Einstein)

Արժեք է ներկայացնում այն մարդը, ով արժեք է ստեղծում: Մի ամբողջական արժեք է  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, քանի որ նա գետի մեջ պատահաբար ընկած ու հոսանքին համընթաց լողացող մի անշունչ գերան չէ: Նա իր սովորողներով ու ամբողջ անձնակազմով իր նավակը թիավարում է հոսանքին հակառակ ուղղությամբ`դեպի վեր:

Յուրա Գանջալյան

15.05.2011

 

 

Զգու΄յշ, առաջարկում է Գնահատման և թեստավորման կենտրոնը

Մի քանի օր առաջ մեր կրթահամալիրը նամակ ստացավ ԳԹԿ-ից, որում առաջարկվում էր  գնել Լուսինե Աթոյանի գիրքը` <<Անգլերեն պետական ավարտական և միասնական քննությունների թեստերի ժողովածու>>, Երևան <<Կռունկ տպագրատուն>>, 2012: Գրքի շապիկի վրա գրված է, որ Լուսինե Աթոյանը Գնահատման և թեստավորման կենտրոնի առաջատար մասնագետ է: Ես առաջարկեցի իմ աշակերտներին գնել այդ գիրքը, քանի որ դա կողմնորոշիչ դեր էր ունենալու այս տարվա ընդունելության քննությունների լեզվական մակարդակը որոշելու համար: Գնեցինք և հիասթափվեցինք: Երբ առաջին սխալը նկատեցի, համարեցի, որ դա վրիպակ է. ու՞մ հետ չի պատահում, բայց գալիս է մի պահ, երբ քանակը որակ է կազմում և արդեն յուրաքանչյուր սխալ աններելի է դառնում: Ավելի լավ է իմ ասածները հիմնավորեմ օրինակներով:

Բացում ենք գրքի 96-րդ էջը, որտեղ սկսվում է 6-րդ թեստը:

  1. Կարդում ենք <<Ա>> մակարդակի առաջին տեքստի առաջին հարցը, որի միակ ճիշտ պատասխանը կարող է համարվել “a” տարբերակը, որը նույնպես սխալ է, քանի որ տեքստում խոսվում է նաև Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների մասին, որոնք Լոնդոնում չեն:
  2. 98-րդ էջի 11-րդ հարցի բաց թողնված մասից հետո կարդում ենք`…to tell time… Բոլոր քերականական գրքերում գրված է, որ “the” հոդի գործածության կայուն կապակցություններից է “to tell the time”-ը: Ինչու՞ պետք է սովորողը տեսնի առանց հոդի սխալ ձևը: “To tell the time” ձևը ոչ մի բացառություն չունի:
  3. 14-րդ հարցի ճիշտ պատասխանը պետք է լինի “Simple Past” բայական ժամանակաձևով, որը ոչ մի տարբերակում չի նշված: When three parts of the candle burned down, an hour had passed by. Իսկ գրքի հեղինակները պահանջում են, որ լինի “When three parts of the candle had burned down, an hour had passed by”, ինչը կոպիտ քերականական սխալ է:
  4. 26-րդ հարցի մեջ անհրաժեշտ է “in” նախդիրի առկայությունը “here”-ից առաջ: Պետք է լինի “It’s dark in here”, քանի որ դրան հաջորդող նախադասությունից պարզ է դառնում, որ նրանք սենյակի մեջ են: Այդ դեպքում “in” նախդիրը գործածվում է:
  5. V առաջադրանքի տեքստի մեջ կրավորական սեռի մեջ գործածված կանոնավոր բայը առանց “ed” վերջավորության է:  “Nothing can be exempt, neither a stone thrown into the air nor an exploding star.” “Exempt” բառը հազվադեպ հանդիպողներից է: Լավ սովորողը անպայման այն կնայի բառարանում, և եթե բառարանում նշված չլինի, որ այն կանոնավոր բայ է, ապա կմտածի, որ դա անկանոն բայ է, քանի որ չունի “ed” վերջավորությունը:
  6. V առաջադրանքի երկրորդ կոպիտ սխալը “need” բայի գործածումն է հաստատական նախադասության մեջ որպես մոդալ բայ, որին հետևում է բայը առանց “to” մասնիկի: Դա նույնպես քերականական կոպիտ սխալ է: Կասկածողները կարող են կարդալ Michael Swan “Practical English Usage”, կետ 399:
  7. VI առաջադրանքի վերևից երրորդ տողում գրված է. “…even the best skateboards fall sometimes.” Պետք է լինի “… even the best skateboardersfall sometimes.” Չէ՞ որ այդ “er”-ը առարկան դարձնում է գործողություն կատարողը: Ինչու՞ ենք անհարկի շփոթեցնում քննություն տվողին:
    1. 44-րդ հարցի միակ ճիշտ պատասխան համարվող “a” տարբերակը նույնպես սխալ է: “Could” բառը հարցական նախադասություններում շատ հաճախ գործածվում է հարցին ավելի նուրբ ու քաղաքավարի երանգ տալու համար: Այդ դեպքերում նախադասությունը ձևով հարցական է, բայց իմաստով խնդրանք է արտահայտում: Այդ պատճառով էլ ճիշտ պատասխանը պետք է լիներ. “He asked me to speak more slowly”:
    2. 48-րդ հարցում գրված է. …because I’ve met her an hour before. Պետք է լինի. …because I met her an hour ago. Չի կարելի գործածել գործածել “Present Perfect” բայական ժամանակաձևը, երբ նշվում է գործողության կատարման փաստացի ժամանակը:
    3. 58 –րդ հարցի պատասխանների բոլոր տարբերակները վերաբերում են 6-րդ պարբերության 27-32 տողերին, այլ ոչ թե 3-րդ պարբերության 12-19 տողերին: Ինչու՞ եք շփոթեցնում քննություն տվողներին:
    4. 77-րդ հարցում տրված նախադասության մեջ պակասում է շաղկապը: Կամ պետք է շաղկապ դնել, կամ էլ`վերջակետ առաջին մասից հետո: Ինչու՞ եք շփոթեցնում քննություն տվողներին:
    5. 78-րդ հարցի նախադասության մեջ պակասում է մի “no”: Այս նախադասությունը ուզում եմ հայերեն թարգմանել, որպեսզի ավելի պարզ լինի:

<<Մեր համար հիմա դժվար է պատկերացնել, որ երբ մեր տատիկը փոքր աղջիկ էր, կային էլեկտրական լամպեր>>: Այս նախադասության մեջ <<չ >> ժխտական մասնիկը <<կային>> բառի առջևում ուղղակի անհրաժեշտություն է:

“To be or not to be?” Շեքսպիրյան հավերժական հարցն ինձ ստիպեց չլինել անտարբեր և գրել այս նյութը ընդդեմ

Լրացում

2010թ հունիսին Բրյուսովի անվան Լեզվաբանական համալսարանում ես մասնակցում էի Ժամանակակից եվրոպական լեզուների կենտրոնի փորձագետ Ջոզե Նոյջոնսի սեմինարին, որը անգլերենի տարբեր գրավոր քննություններին ներկայացվող պահանջների մասին էր: Իմ այն հարցին, թե քանի մարդ է մասնակցում “IELTS”-ի մի թեստ կազմելու աշխատանքներին, նա պատասխանեց.<<Սովորաբար Քեմբրիջի համալսարանի փորձագետների խումբն է աշխատում մի քանի ամիս>>: Այդ սեմինարի ժամանակ ես առաջարկեցի 2010թ պետական ավարտական և միասնական քննությունների  հայաստանյան մի անգլերենի թեստ քննարկել և պարզել, թե արդյոք այն բավարարում է գրավոր քննության եվրոպական պահանջներին: Անգլերենի թեստեր փորձագետ դոկտոր Ջոզե Նոյջոնսի տրամադրությունն ու ոգևորությունը մի քանի րոպեով ընկավ, որովհետև նա ինքը չկարողացավ գտնել մի հարցի ճիշտ պատասխանը, քանի որ ոչ մի ճիշտ տարբերակ չկար: Երբ ուզում եմ հայերին բնորոշ անպատասխանատվությունից խոսել, անմիջապես հեռահար ամաչում եմ “ՆՈՐ ԲԱՌԳԻՐՔ ՀԱՅԿԱԶԵԱՆ ԼԵԶՈՒԻ” ստեղծողներից, Հրաչյա Աճառյանից, Մանուկ Աբեղյանից, Հովհաննես Մասեհյանից, Պարույր Սևակից, Ռուբեն Զարյանից, Վահրամ Փափազյանից, Խաչիկ Դաշտենցից ու Գևորգ Աբաջյանից: Մարդիկ այն ժամանակ ավելի դժվար ժամանակներ էին ապրում, բայց ոչ`անպատասխանատու:

20.04.2012