Just another WordPress.com site

Archive for May, 2023

Ավագ դպրոցի սովորողների անգլերեն գրած հետազոտական աշխատանքների գրախոսականներ. պաշտպանությունը՝ մայիսի 24-ին

Թեմա«Leadership Styles of the 21st Century’s Most Influential Businessmen or Women. – 21-րդ դարի ամենաազդեցիկ գործարար մարդկանց առաջնորդության ոճերը»

Սովորող՝ Էլեն Կարապետյան, 11-րդ դասարան

Ղեկավար՝ Սիլվա Հարությունյան

Գրախոսող՝ Յուրա Գանջալյան

Աշխատանքի կառուցվածքը համապատասխանում է հետազոտական աշխատանքին ներկայացված պահանջներին՝ տիտղոսաթերթ, բովանդակություն, ներածական մաս, հիմնական մաս, եզրակացություն, օգտագործված աղբյուրներ:

Ներածական մասում պարզաբանվում է, թե ինչու է ընտրվել այս թեման հետազոտական աշխատանքի համար: Էլեն Կարապետյանը ընտրել է այս թեման, որովհետև հենց գործարար առաջնորդողի դերում է նա պատկերացնում իր ապագան, և իր համար հետաքրքիր է, թե առաջնորդության ինչ ոճերով են աշխատել աշխարհում հայտնի մեծ գործարարները: Նա հույս է հայտնում, որ այս հետազոտական աշխատանքը կօգնի իրեն հաջողակ լինելու իր ապագա աշխատանքում: Նա ուզում է ծրագրավորող դառնալ և այդ պատճառով էլ օրինակ է բերում ծրագրավորմամբ մեծ հաջողությունների հասած Մարկ Ցուկենբերգին, Բիլ Գեյթսին և Լարի Փեյջին:

Արդյոք ո՞ր առաջնորդության ոճերով են աշխատել մեծ հաջողությունների հասած գործարարները՝ ավտորիտար, ժողովրդավարական, ազատական, փոխակերպման, գործարքային և ծառայողական:

Այսպիսով՝ հետազոտական աշխատանքի նպատակն է դառնում պարզել, թե առաջնորդության որ ձևերն են ամենաաարդյունավետները:

Հիմնական մասը. գլուխ առաջին

Ավտորիտար առաջնորդությունը (ղեկավարությունը) առաջնորդության ոճ է, որտեղ առաջնորդը լիովին վերահսկում է որոշումների կայացումը և հազվադեպ է հաշվի առնում թիմի անդամների կարծիքը: Ղեկավարության այս ոճում առաջնորդը որոշումներ է կայացնում՝ առանց ուրիշների կողմից համաձայնություն կամ հաստատում ակնկալելու, և թիմի անդամներից ակնկալվում է, որ կհետևեն հրահանգներին՝ առանց հարցեր տալու կամ կարծիք հայտնելու: Ավտորիտար առաջնորդները հաճախ ուժեղ անհատականություններ են լինում: Էլենը նշում է, որ այդպիսի ուժեղ անհատականություն է եղել Հենրի ֆորդը՝ ավտոմոբիլային արդյունաբերության առաջամարտիկը: Հենրի Ֆորդը գործել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Այն ժամանակ աշխատակիցների մեծ մասի կրթությունը բավարար չի եղել: Այդ է պատճառը, որ Հենրի Ֆորդի ավտորիտար ղեկավարման ոճը արդարացված է եղել իր ժամանակաշրջանի համար: Նա ինքն էր աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար առաջարկություններ անում:

Այս գլխում տրվում են նաև ավտորիտար ղեկավարման թերությունները: Դա կարող է հանգեցնել թիմի անդամների նորարարության և ստեղծականության բացակայությանը, քանի որ նրանց հնարավորություն չի տրվում առաջարկել այլընտրանքային գաղափարներ: Ղեկավարության այս ոճը կարող է նաև ստեղծել բացասական աշխատանքային միջավայր, աշխատողները կարող են թերագնահատված և նույնիսկ չգնահատված զգալ:

Աշխատանքում համեմատվել են ավտորիտար ղեկավարությամբ աշխատող Հենրի Ֆորդի և Սթիվ Ջոբսի ոճային տարբերությունները: Էական տարբերություններ չկան: Երկուսն էլ ավտորիտար ոճով ղեկավարներ են բնորոշվում: Նշվում է, որ Հենրի ֆորդը իր ուշադրությունը կենտրոնացրել էր միայն աշխատանքի արդյունավետության բարձրացման վրա, իսկ Սթիվ Ջոբսը՝ նորարարության և դիզայնի վրա: Այդ տարբերությունները տարբեր ոլորտների ղեկավարման պատճառով է առաջացել (ավտոմոբիլաշինություն և տեղեկատվական բարձր տեխնոլոգիաներ), բայց ղեկավարման ընդհանուր ոճը նույնն է՝ այդ պատճառով էլ կարծում եմ, որ ավելորդ էր այդ համեմատությունը հետազոտական աշխատանքում:

Գլուխ երկրորդ. ժողովրդավարական առաջնորդություն կամ ղեկավարություն

Նշվում է, որ Ժողովրդավարական ղեկավարությունը առաջնորդության ոճ է, որտեղ առաջնորդը ներգրավում է թիմի անդամներին որոշումների կայացման գործընթացում և ակնկալում է նրանց կարծիքն ու առաջարկությունները: Ժողովրդավար առաջնորդը գնահատում է համագործակցությունը, բաց հաղորդակցությունը և կոնսենսուսի ստեղծումը: Միակողմանի որոշումներ կայացնելու փոխարեն, ժողովրդավար առաջնորդը խրախուսում է թիմի բոլոր անդամների մասնակցությունն ու ներդրումը:

Այնուհետև աշխատանքում նշվում է ժողովրդավար առաջնորդների մի քանի անուն:

Կարծում եմ, որ սխալ է ժողովրդավար առաջնորդությունը միայն դրական կողմերով մեկնաբանելը: Իսկ եթե աշխատակիցների մեծ մասը չի փայլում փորձագիտական գիտելիքներով ու կարողություններով, և նրանց տված կարծիքներն ու առաջարկությունները սխալ են, կամ էլ պարզապես ուզում են հաճոյանալ ղեկավարին, ի՞նչ կլինի կազմակերպության վիճակը ու դրա ապագան:

Գլուխ երրորդ. ազատ կամ ազատական ղեկավարումը ղեկավարության ոճ է, որի դեպքում ղեկավարը որդեգրել է ձեռնպահ (չեզոք) մոտեցում և թույլ է տալիս թիմի անդամներին որոշումներ կայացնել և կատարել առաջադրանքներ՝ առանց ղեկավարության կամ վերահսկողության:

Նշված է, որ ընդհանուր առմամբ, ազատ ղեկավարման արդյունավետությունը կախված է իրավիճակից և թիմի անդամների կարողություններից: Թեև դա կարող է լինել արժեքավոր առաջնորդության ոճ որոշակի պայմաններում, այն չի կարող լինել լավագույն մոտեցումը բոլոր իրավիճակներում: Առաջնորդության այս ոճով գործարարներից է Ֆեյսբուքի հիմնադիր Ցուկերբերգը: Ընդհանուր առմամբ, Ցուկերբերգի առաջնորդության ոճը հաջողակ է եղել Facebook-ի աճի և նորարարության խթանման գործում, բայց նաև քննադատվել է որոշակի ոլորտներում բավարար վերահսկողություն և հաշվետվողականություն չապահովելու համար: Օրինակ՝ չի վերահսկվում ապատեղեկատվությունը Ֆեյսբուքում:

Գլուխ չորրորդ. փոխակերպվող առաջնորդություն

Առաջնորդության ոճ է, որի դեպքում առաջնորդը ոգեշնչում և դրդում է իր հետևորդներին հասնել ավելի մեծ հաջողությունների՝ ստեղծելով ընդհանուր տեսլական և խրախուսելով անհատական աճն ու զարգացումը: Ղեկավարության այս ոճը կենտրոնանում է աշխատանքի դրական մշակույթի ստեղծման վրա, որը հիմնված է համագործակցության, նորարարության և ստեղծագործության վրա: Չունի թերություն:

Գլուխ հինգերորդ. գործարքային առաջնորդություն

Առաջնորդության ոճ է, որը կենտրոնանում է կատարողականի դիմաց պարգևների և պատիժներ կիրառելու վրա: Բիլ գեյթսն է օգտագործել այս ոճը:

Գլուխ վեցերորդ. Ծառայողական առաջնորդությունը

Ծառայողական ղեկավարությունը առաջնորդության ոճ է, որի դեպքում առաջնորդը գերադասում է հաճախորդների կարիքներն ու բարեկեցությունը, քան իրենցը: Ղեկավարության այս մոտեցումը հիմնված է այն համոզմունքի վրա, որ առաջնորդի դերը իրենց թիմի անդամներին և հաճախորդներին ծառայելն է, այլ ոչ թե հակառակը:

Գլուխ յոթերորդ. հայ գործարարները և մեր դպրոցի ղեկավարման ոճը

Նշված է Հրանտ Վարդանյանի մասին առ այն, որ նա եղել է հաջողակ գործարար, բայց հստակ չի նշված, թե ինչ ոճի ղեկավար է եղել նա:

Նշված է նաև Խաչատուր Սուքիասյանի և նրա հիմնած Սիլ Կոնցեռնի մասին, բայց նորից հստակ չի նշված նրա գործարար ոճի մասին:

Քրք Քրքորյանի մասին էլ է գրված, բայց նորից առանց ոճի: Այստեղից կարելի է եզրակացնել, որ հայ գործարարն ուրիշ է: Նրա ղեկավարման ոճը չի համընկնում գիտականորեն սահմանված որևէ ոճին:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ղեկավարության մասին

Էլենը գրել է, որ կրթահամալիրի ղեկավարման սկզբունքն այն է, որ վստահվում է դպրոցների ղեկավարներին, և բոլոր աշխատակիցներին որոշումներ կայացնելու հարցում և խրախուսվում են նրանց աշխատանքն ու առաջարկությունները: Նա բաց է փոփոխությունների և նոր գաղափարների համար: Դա նշանակում է, որ նա դեմոկրատ առաջնորդ է՝ տրանսֆորմացիոն ղեկավարի հակումներով։

Ես իմ կողմից կարող եմ ավելացնել, որ մեր կրթահամալիրը նաև գործարքային ղեկավարման ոճ ունի: Երբ մի որևէ կարևոր և հաջողված նախագիծ է իրականացվում, դասավանդողը պարգևատրվում է: Դասավանդողը և սովորողները պարգևատրվում են նաև նաև անվանական մրցանակներով. և հակառակը՝ դասավանդողը և սովորողը նկատողություն են ստանում, եթե թերացումներ են լինում իրենց գործունեության մեջ:

Վերջում Էլենը գրել է խարիզմատիկ ղեկավարի ոճի մասին:

Խարիզմատիկ առաջնորդությունը առաջնորդության ոճ է, որտեղ առաջնորդն օգտագործում է իր անձնական հմայքը և գրավչությունը՝ ոգեշնչելու և մոտիվացնելու իրենց հետևորդներին: Խարիզմատիկ առաջնորդները հաճախ նկարագրվում են որպես մագնիսական անհատականություն, հաղորդակցման ուժեղ հմտություններ և ազդեցիկ տեսլական արտահայտելու կարողություն, որը գրավում է իրենց հետևորդների երևակայությունը:

Եզրակացություն

Եզրակացության մեջ Էլենը նորից կրկնում է բոլոր ոճերի առավելությունները և թերությունները և այնուամենայնիվ, որոշում է, որ ինքը հետևելու է հիմնականում ժողովրդավարական ոճին՝ ընդունելով, որ երբեմն կարելի է փոխել ոճը՝ ըստ տարբեր իրավիճակների:

Խորը և համակողմանի հետազոտական աշխատանք է:

Թեմա «Mental Health – Հոգեկան առողջություն»

Սովորող՝ Արաքս Քալիճյան, 11-րդ դասարան

Ղեկավար՝ Նունե Այդինյան

Գրախոսող՝ Յուրա Գանջալյան

Աշխատանքի կառուցվածքը համապատասխանում է հետազոտական աշխատանքին ներկայացված պահանջներին՝ տիտղոսաթերթ, բովանդակություն, ներածական մաս, հիմնական մաս, եզրակացություն, օգտագործված աղբյուրներ:

Ներածական մասում նշված է, որ բավարար չափով ուշադրություն չի դարձվում հոգեկան առողջությանը, քանի որ մարդիկ, ընտանիքները խուսափում են այդ մասին խոսելուց: Գովելի է, որ ներածական մասը լիովին ինքնուրույն է գրված, բայց չեն գրված այն խնդիրները, որոնք հետազոտվելու են աշխատանքում և հստակ չի նշված նաև հետազոտական աշխատանքի նպատակը: Ներածական մասում նաև չհիմնավորված հայտարարություն է արված այն մասին, որ Հայաստանի հոգեկան առողջության հետ կապված արձանագրություն չունենք: Այս գրառումը ցույց է տալիս, որ սովորողը բավարար հետևողականությամբ չի հետազոտել համացանցը: Եթե բավարար հետաքրքրություն ցուցաբերված լիներ, ապա համացանցում հայտնաբերված կլինեին այս փաստաթղթերը՝ 1. «Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014- 2019թթ. ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների իրականացման վերաբերյալ» , 2. Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգ»,3. Կկարգավորվի հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայությունների  տրամադրումը. նախագիծ

Կարելի էր Google-ի որոնման պատուհանում հայերեն գրել «Հոգեկան առողջություն» բառակապակցությունը: Այդտեղ կհայտնվեր հայերեն հոդված, որը ունի այս բաժինը՝ «Իրավիճակը Հայաստանում»: Այդտեղ մանրամասն արձանագրված է ամեն ինչ:

Ես 5 րոպե փնտրեցի և գտա նաև անգլերեն մի շատ հետաքրքիր ու մեծածավալ հոդված մեզ հետաքրքրող հարցի մասին «Why Are Reforms in Armenia’s Mental Health Sector Being Delayed?»

Հայաստանում գոյություն ունի նաև հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն: Կարելի էր չէ՞ այդ կազմակերպություն գնալ և մի փոքր տեղեկատվություն ստանալ այս հետազոտական աշխատանքի համար:

Հիմնական մասը

Ի տարբերություն ներածական մասի՝ հիմնական մասի ենթավերնագրերը հուշում են, որ Արաքս Քալիճյանը բավականին հետազոտական աշխատանք է կատարել՝ հիմնականում օգտվելով անգլիալեզու աղբյուրներից և ցանկանում է գտնել հոգեկան առողջությանը վերաբերող և իրեն հետաքրքրող այս հարցադրումների պատասխանները՝

Ի՞նչ է հոգեկան առողջությունը:

Հոգեկան առողջություն ընդդեմ հոգեկան հիվանդության

Ի՞նչ է հոգեկան հիվանդությունը:

Ընդհանուր հոգեկան առողջության խնդիրների տեսակները

Հոգեկան առողջության հետ կապված իմ փորձը

Հոգեկան առողջությունը երեխաների, դեռահասների, մեծահասակների և տարեցների մոտ

Հոգեկան առողջության իրազեկման ամիս

Հոգեկան առողջությունը Հայաստանում

Հարցազրույցներ

Ի՞նչ է հոգեկան առողջությունը

Արաքս Քալիճյանը հարցադրում է անում. ո՞րն է «հոգեկան առողջություն» և «հոգեկան հիվանդություն» հասկացությունների տարբերությունը, որից հետո՝ օգտվելով անգլիալեզու աղբյուրներից՝ տրամաբանված բացատրություններ է տվել իր իսկ բարձրացված հարցին:

Աշխատանքում տրված են հոգեկան հիվանդության ախտանշանները և այն ազդակները, որոնք ռիսկային են հոգեկան հիվանդության առաջացման համար:

Հետաքրքիր են նաև այն պնդումները, թե ինչպես կանխարգելել հոգեկան հիվանդությունների առաջացումը: Այս ամենը վերցված են մասնագիտական հոդվածներից, և ես չեմ ուզում և չեմ էլ կարող որևէ ձևով կասկածել դրանց հավաստիությանը: Ինձ համար հատկապես հետաքրքիր էր այն գրառումը, որտեղ ասվում է՝ «Շշալցված զգացմունքներ. սա տեխնիկապես հոգեկան հիվանդություն չէ, բայց այն կարող է ավելի մեծ խնդիր դառնալ, եթե ուշադրության չարժանացնել: Դա այն է, երբ դուք ճնշում եք ձեր ներքին զգացմունքները…Դա նման է եռացող կաթսայի կափարիչը փակելուն»: Շատ հետաքրքիր այլ մտքերի մասին էլ կարելի է կարդալ հետազոտական աշխատանքում: Օրինակ՝ այն մասին, թե ինչպես են կարող սեփական թերարժեքության բարդույթի դրսևորումները վերաճել հոգեկան հիվանդության և ինչպե՞ս է կարելի կանխարգելել այդ: Կամ էլ՝ ինչպե՞ս է կարելի օգնել այն մարդուն, ով հակված է ինքնավնասման կամ ինքնասպանության:

Լիովին ինքնուրույն և հետաքրքիր բացահայտումներով է գրված հիմնական մասի այս հատվածը՝ «Հոգեկան առողջության հետ կապված իմ փորձառությունը»: Այս հատվածը ընթերցելուց հետո հասկացա, թե ինչ գերզգայուն և ուրիշի նկատմամբ որքան կարեկցող ու ապրումակցային բնավորության տեր է Արաքս Քալիճյանը:

Առանձին ենթավերնագրերով ներկայացված են երեխաների, դեռահասների, միջին տարիքի և մեծահասակների ու ծերերի հոգեկան առողջության խնդիրները:

Մի խոսքով՝ սա հոգեկան առողջության մասին 32 էջի վրա գրված լիարժեք մի հետազոտական աշխատանք է, որը կարող է բավարարել տվյալ հարցով հետաքրքրվողների հետաքրքրությունը:

Արաքսը նաև հարցազրույց է ունեցել ամերիկահայ հոգեբույժ Ջորջ Սաբոնջյանի հետ ու ձայնագրել նրա խոսքը: Ջորջ Սաբոնջյանը, հաշվի առնելով Արաքս Քալիճյանի տարիքը, բարձր է գնահատել Արաքսի հետազոտական աշխատանքի մասնագիտական կողմը:

Թեմա «Lingua-cultural analysis of English humour Անգլիական հումորի լեզվամշակութային վերլուծություն»

Սովորող՝ Սերլի Շաջանյան

Ղեկավար՝ Իրինա Ապոյան

Գրախոսող՝ Յուրա Գանջալյան

Աշխատանքի կառուցվածքը համապատասխանում է հետազոտական աշխատանքին ներկայացված պահանջներին՝ տիտղոսաթերթ, բովանդակություն, ներածական մաս, հիմնական մաս, եզրակացություն, օգտագործված աղբյուրներ:

Ներածական մասում նշված են խնդիրները, որոնց լուծումով է պայմանավորված հետազոտական աշխատանքի նպատակը:

Սույն հետազոտության նպատակն է բացահայտել անգլիական մշակույթի ազդեցությունը անգլիական հումորի ձևավորման գործում՝ հաշվի առնելով նրա լեզվական առանձնահատկությունները։
Սույն հոդվածի նպատակին հասնելու համար առաջ են քաշվել հետևյալ խնդիրները.

  • Լեզվամշակութային տեսանկյունից կատարել հումորի հասկացության մանրակրկիտ ուսումնասիրություն
  • Բացահայտել հումորի և ծիծաղի ինչպես սոցիալական, այնպես էլ առողջարար օգուտները
  • Ուսումնասիրել մշակութային իրազեկությունը հումորը հասկանալու համար
  • Դիտարկել անգլիական հումորի լեզվամշակութային առանձնահատկությունները՝ համեմատելով ամերիկյան և հայկական հումորի հետ
  • Մատնանշել անգլիական հումորի մշակութային հատուկ թեմաներ

Հետազոտական աշխատանքի արդիականությունը այն է, որ կարևոր է հասկանալ դիմացինի միտքը. արդյո՞ք նա կատակում է, թե լուրջ է խոսում: Անգլիական հումորն այնքան նուրբ է, որ հաճախ դժվար է լինում տարբերել կատակը լուրջ խոսքից:

Հիմնական մասը

Հիմնական մասում Սերլին հումորի տեսակների սահմանումներ է տալիս, բայց դրանք քիչ են լուսաբանվում օրինակներով: Չորս տեսակներից են՝

Աֆիլիատիվ հումորը ուրիշներին զվարճացնելու միջոց է՝ հարաբերությունները հեշտացնելու համար: Այն դրական է և ներառական։ Սա ներառում է անեկդոտներ պատմել այն բաների մասին, որոնք բոլորը կարող են ծիծաղելի համարել: Նպատակն է օգտագործել հումորը՝ մարդկանց համախմբելու և ուրախ տրամադրություն ստեղծելու համար:

Ագրեսիվ հումորը

Ագրեսիվ հումորը հումորի օգտագործումն է ուրիշներին նվաստացնելու համար՝ որպես նրանց շահարկելու միջոց: Մարդկանց ծաղրելու համար է ագրեսիվ հումորը:

Ինքնանվաստացնող հումոր

Երբ մարդ ինքն իրեն է հիմար վիճակի մեջ դնում, ինքն իրեն է ծաղրում ու նվաստացնում է, նախքան դա ուրիշները կանեն:

Ինքնազարգացնող հումոր երբ մարդը ինքն իր վրա է ծիծաղում՝ առանց ինքնանվաստացման:

Անգլիացիները եղանակի մասին շատ են հումորով խոսում: Այսպիսի հումորի օրինակ է սա. «Մեր մոտ անցյալ չորեքշաբթի կեսօրից հետո ամառ էր»: Նկատի ունեն, որ Անգլիայում եղանակը միշտ մռայլ է, և երբ մի քանի ժամ արևոտ է լինում, ասում են, որ ամառ է:

Հետազոտական աշխատանքի թերի կողմն այն է, որ հումորի տեսակների մասին լուրջ սահմանումներ է տալիս՝ առանց օրինակների, կամ էլ շատ քիչ օրինակներով:

Աշխատանքում խոսվում է այն մասին, որ անգլիացիների հումորը ինտելեկտուալ է և նուրբ: Անգլիական մշակույթի առանձնահատկությունը այն է, որ յուրաքանչյուր խոսքում թաքնված հումոր կա: Օրինակ՝ Անգլիայում գիտեն, որ Էսսեքսի մարդիկ մի քիչ ուշ հասկացող են: Մեկը հարցէ տալիս. «Ինչպես ծիծաղեցնել Էսսեքսի աղջկան չորեքշաբթի օրը»: Պատասխանը սա է. «Անեկդոտ պատմել նրան երեքշաբթի օրը»:

Անգլիացիները հումորներ ունեն իրենց թագավորական ընտանիքի մասին, եղանակի մասին, սպորտի և թեյախմության մասին:

Աշխատանքում համեմատվում է ամերիկյան հումորը անգլիականի հետ: Հումորների տարբերությունները նրանց դասիարակության արդյունքն է: Օրինակ՝ ասում են, որ ամերիկացիները այնպես են դաստիարակվում, որ նրանցից շատերը կարծում են, որ իրենք են լինելու երկրի հաջորդ նախագահը, իսկ անգլիացիները շատ ավելի ինքնամփոփ են և ոչ հոխորտացող:

Սերլին իր աշխատանքը եզրափակում է Գյումրիի, Լոռվա և Գեղարքունիկի հումորների օրինակներով:

Սերլի Շաջանյանը հասել է իր հետազոտական աշխատանքի նպատակին. նկարագրել է անգլիական հումորի տեսակները, տվել դրանց սահմանումները, որոնք լուսաբանել է որոշ օրինակներով: Ես ավելին էի սպասում այս վերնագրով հետազոտական աշխատոնքից: Օրինակ՝ որքան ավելի հետաքրքիր ու գրավիչ կլիներ աշխատանքը, եթե տասնյակ հումորներ վերլուծվեին՝ ճշգրտելով դրանց տեսակը, ոլորտը, մշակութաբանական և լեզվական առանձնահատկությունները :

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուների ուսուցման լաբորատորիայի աշխատանքը 2023-ի մայիս ամսին

Մեթոդական մշակումներ

4-րդ դասարանի սովորողների ուսումնառության ձևավորող-բնութագրող գնահատում Աննա Գանջալյան

Մշակումը Աննայի հետ առցանց քննարկել են Մարգարիտ Սարգսյանը և Մարիետ Սիմոնյանը

Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգի մշակում. Մարգարիտ Սարգսյան, Յուրա Գանջալյան, Ժաննա Հակոբյան և Աշոտ Տիգրանյան

Նոր առարկայական ծրագրերի ստեղծում Պետական չափորոշչի և հեղինակային կրթական ծրագրի պահանջներին համապատասխան. 2023-2024 ուսումնական տարի

4-րդ դասարանի անգլերենի առարկայական ծրագիրը Աննա Գանջալյան

4-րդ և 5-րդ դասարանների անգլերենի առարկայական ծրագիրը Անի Մրտեյան

Ավագ դպրոցի 10-րդ դասարանի անգլերենի առարկայական ծրագիրը Իրինա Ապոյան, Սիլվա Հարությունյան, Նունե Այդինյան, Անժելա Մովսիսյան,

Սա ծրագրի ընդհանուր մասն է: Հունիս ամսին յուրաքանչյուր դասավանդող ստեղծելու է Ավագ դպրոցի բոլոր դասարանների ծրագրերի իր տարբերակները՝ կրթահամալիրային և անհատական նախագծերեվ, ուսճամփորդություններով:

9-րդ դասարանի անգլերենի բանավոր քննության բովանդակությունը – Իրինա Ապոյան, Սիլվա Հարությունյան, Նունե Այդինյան, Անժելա Մովսիսյան

Մեթոդական մշակում – Հոդված

Ինչպե՞ս գրել հետազոտական աշխատանքը Յուրա Գանջալյան

Ընթացիկ աշխատանքներ

1-ը մայիսի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ» մասնագիտությամբ ուսանողները ստեղծում են իրենց եռալեզու դասընթացը Արդյունքը ամփոփված է ուսանողների ուսումնական բլոգներում:

Մայիսի 7-ին

Ավագ դպրոցի սովորողների անգլերեն գրած հետազոտական աշխատանքների գրախոսություններ. պաշտպանությունը մայիսի 8-ին

Մայիսի 9-ին

Ավագ դպրոցի սովորողների անգլերեն գրած հետազոտական աշխատանքների գրախոսությունները. պաշտպանությունը՝ մայիսի 10-ին

Մայիսի 10-ին

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների հավաք մայիսի 10-ին

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների Մայիսյան 18-րդ ստեղծագործական հավաք

Բաց դասեր

Մայիսի 11-ին Իրինա Ապոյանի անգլերենի ընտրությամբ գործունեության բաց դասը, որի թեման էր «Բիզնես և գովազդ» նախագծի արդյունքների ներկայացումը: Նույն բաց դասի անգլերեն լուսաբանումը

Մայիսի 11-ին Անժելա Մովսիսյանի բաց դասը «People who have changed the world»

Մայիսի 18-ին Բաց դաս համագործակցային նախագծով Միլենա Մանուչարյան և Աննա Գանջալյան

Կլոր սեղան

Մայիսի 18-ին

Օտար լեզուների ուսուցման նորարարական ձեռքբերումները կրթահամալիրում

Օտար լեզուների ուսուցման նորարարական ձեռքբերումներ

Տարբեր օտար լեզուների դասավանդման ի՞նչ նորարարական ձեռքբերումներ են եղել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում և Քոլեջում 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում: Այս հարցին պատասխանելուն էր նվիրված Մայիսյան 18-րդ հավաքի կլոր սեղանը, որը կայացավ մայիսի 18-ին Մայր դպրոցի փոքր դահլիճում: Ներկա էին սովորողներ, օտար լեզուներ դասավանդողներ, հյուրեր: Հյուրերի թվում էին Գյումրու թիվ 15 դպրոցի դասավանդողներ, Հայաստանում ամերիկյան Խաղաղության կորպուսի մասնագետ Մերի Առաքելյանը և Հայաստանի անգլերենի ուսուցիչների ասոցիացիայի նախագահ Աննա Առաքելյանը:

Առաջինը իրենց նորարարական ձեռքբերումների մասին խոսեցին Ավագ դպրոցի Անգլերենի դասավանդող Սիլվա Հարությունյանը և մի խումբ սովորողներ: Նշվեց, որ Ավագ դպրոցում սովորողներն առաջին անգամ անգլերեն հետազոտական աշխատանքներ են գրել և հանրային պաշտպանություն իրականացրել: Ներկայացվեցին հետևյալ հետազոտական աշխատանքները՝

Արզումանյան Արև -11-րդ դաս. – Psychology of human being

Կարապետյան Էլեն – 11-րդ դաս. – Leadership styles of the most influential businessmen of the 21st century

Շահինյան Սարգիս – 11-րդ դաս. – Mental Health. Its role in Armenia.

Ընդհանուր առմամբ 20-ից ավել անգլերեն հետազոտական աշխատանքներ են գրվել մեր Ավագ դպրոցում:

Ռուսերենի ուսուցման լաբորատորիայի ղեկավար Ժաննա Հակոբյանը խոսեց դերային խաղերի միջոցով (квест технология) ռուսերենի առարկայական նախագծերի իրականացման մասին:

Իրինա Ապոյանը ներկայացրեց իր «Business and Advertising – Բիզնես և գովազդում» նախագիծը, որից հետո, որպես օրինակ՝ 11-րդ դասարանի սովորող Անիելա Հավնճեանը ներկայացրեց իր դասընկերների հետ ստեղծած Healthy Lunch Break գովազդը: Տպավորիչ էր:

Միջին դպրոցում ռուսերեն դասավանդող Անի Ավետիսյանը իր սովորողների հետ ներկայացրեց ռուսերենի դասավանդման այլընտրանքային ձեռնարկը:

Անգլերեն պրեզենտացիաների նոր յուրացված ձևերի մասին խոսեց Նունե Այդինյանը: Պետք է նշել, որ համակարգչային տարբեր ծրագրերի օգտագործման առումով վաղուց արդեն սովորողները առաջ են անցել դասավանդողներից:

Քոլեջի դասավանդողներ Մարիամ Քալանթարյանը և Արփի Թովմասյանը իրենց սովորողների հետ ռուսերեն և անգլերեն ներկայացրեցին «Проектная деятельность , годовые проекты в соответствии с профориентационной работой колледжа». և «Ընթերցանության կարևորությունը անգլերենի դասավանդման մեջ» իրենց խոսքը:

Միջին դպրոցի անգլերեն դասավանդողներ Անահիտ Մելքոնյանը և Տաթև Ալեքսանյանը իրենց սովորողների հետ ներկայացրեցին մի շատ սպասված նորարարական նախաձեռնություն՝ անգլերեն-հայերեն դպրոցական պատկերազարդ բառարանի ստեղծման աշխատանքները: Նշվեց, որ բառարանում ընդգրկվելու են լեզվի միայն առարկա ցույց տվող գոյականները: Բառարանը կունենա գործնական մեծ նշանակություն: Բառարանի ստեղծումը դեռ աշխատանքային փուլում է:

Հանրակրթության նոր պետական չափորոշչով սահմանված է, որ հանրակրթական դպրոցների 1- 4-րդ դասարաններում, ինչպես նաև՝ 5-րդ դասարանի առաջին կիսամյակում գնահատման միավորային թվանշաններ չեն դրվում: Կիրառվում է միայն ձևավորող-բնութագրող գնահատման ձևը: Այս ուղղությամբ իր մեթոդական մշակումը ներկայացրեց կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի անգլերենի դասավանդող Աննա Գանջալյանը:

Վիրտուալ ճամփորդություններ դեպի Ֆրանսիա, Իտալիա և Իսպանիա ընդհանուր վերնագրով իրենց նախագծերը ներկայացրեցին Կարինե Թևոսյանը, Մարիամ Սարդարյանը և Ռուզաննա Սարգսյանը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը Հայաստանի միակ ուսումնական հաստատությունն է, որտեղ վրացերեն է դասավանդվում և իրականացնում է իրական կրթական փոխանակումներ Վրաստանի հանրակրթական դպրոցների հետ: Վրացերեն դասավանդող Ռինա Շագինյանը և սովորող վրացախոսների խումբը ներկայացրեցին «Հայ վրացական հանրակրթական կամուրջներ 2022-2023» նախագծի պրեզենտացիան:

Մեկնարկել է 2023-ի անգլերենի մայիսյան ֆլեշմոբը

3-րդ դասարաններ – Հասմիկ Սարիբեկյան

4-5-րդ դասարաններ – Անի Մրտեյան

6-8-րդ դասարաններ – Անահիտ Մելքոնյան

9-12-րդ դասարաններ – Անժելա Մովսիսյան

Ինչպե՞ս գրել հետազոտական աշխատանքը

2022-2023 ուսումնական տարվա ընթացքում Ավագ դպրոցի ուսումնական կյանքը ավելի հետաքրքիր ու բովանդակալից է դարձել` շնորհիվ հետազոտական աշխատանքներ գրելու և դրանց պաշտպանությունների աննախադեպ գործընթացի: Ամեն ինչ նոր էր սովորողների և դասավանդողների համար՝ հետազոտական աշխատանքի թեմայի ընտրությունը, ներածական մասի նպատակային ձևակերպումը, հիմնական մասի ներկայացումը իր ենթակետերով, աղբյուրների հետ ճիշտ աշխատանքը, եզրակացությունը, գրախոսությունը և այս ամենից հետո՝ Ավագ դպրոցի ուսումնական օրացույցով որոշված հետազոտական աշխատանքի հանրային պաշտպանությունը: Այս հսկայածավալ աշխատանքի ընթացքում եղել են և՝ թերություններ, և ձեռքբերումներ, որոնք նշված են գրախոսություններում, ինչպես նաև՝ բոլոր պաշտպանությունների ընդդիմախոս Աշոտ Տիգրանյանի դիտարկումներում:

Ինչպե՞ս օգնել սովորողներին և դասավանդողներին՝ որքան հնարավոր է բարձրացնել ու պատշաճ մակարդակի հասցնել հետազոտական աշխատանքների որակը: Այս խնդրի լուծմանն է նպատակաուղղված այս հոդվածը:

Հետազոտական աշխատանքի թեմայի ընտրությունը 

Թեմայի ընտրությունը աշխատանքի հաջողությանը նպաստող առաջին կարևոր քայլն է: Գիտության և տեխնիկայի, մշակույթի, արվեստի, գործարար աշխարհի, հանրային կյանքի, հասարակագիտության, պատմության, առողջապահության, կրթության, գրականության և  բարձր տեխնոլոգիաների ձեռքբերումների, ինչպես նաև՝ չլուծված խնդիրների բացահայտումներ ակնկալող բազմաթիվ թեմաներ կան, որոնցով կարելի է հետազոտական աշխատանքներ գրել: Կարևորն այն է, որ սովորողը ընտրի այն բնագավառը, որով ինքը հետաքրքրվում է, որի հետ նա կցանկանար առնչվեր իր հետագա գործունեության ընթացքում: Այլ կերպ ասած՝ սովորողը պատճառաբանված ու մեծ հետաքրքրությամբ է ուսումնասիրում աղբյուրները, բացահայտում մի որևէ խնդրի մասին տարբեր կարծիքների դրական և բացասական կողմերը, եզրահանգումներ անում: Միայն այս դեպքում է հնարավոր հետաքրքրել հետազոտական աշխատանքը կարդացողին, և միայն այս ձևով է հնարավոր հասնել հետազոտական աշխատանքի ներածական մասում ձևակերպված նպատակին:

Եթե Google-ի որոնման համակարգում գրենք «Topics on research papers for high school students – Հետազոտական աշխատանքի թեմաներ ավագ դպրոցի սովորողների համար», ապա կառաջարկվեն տարբեր բնագավառներին վերաբերող հետազոտական աշխատանքի հարյուրավոր թեմաներ ավագ դպրոցի սովորողների համար: Իմ որոնման արդյունքում մոտ հարյուր թեմա ընտրեցի, որոնք ներկայացնում եմ փոխադրաբար և որոշակի տեղայնացմամբ: Ամենևին էլ պարտադիր չէ սևեռվել հենց միայն նշված թեմաների վրա: Դրանք կարող են նաև հուշել և նոր թեմաների գաղափարներ արթնացնել:  

Կրթություն

Կրթական ծրագրերի բազմազանության առավելությունները և թերությունները (հանրակրթական դպրոցներ, այլընտրանքային դպրոցներ և հեղինակային կրթական ծրագրերով դպրոցներ)

Արդյո՞ք մասնավոր դպրոցներն օգտակար են ազգային կրթական համակարգի համար:

Ինչպե՞ս է ժամանակակից տեխնոլոգիան փոխել ուսուցումը:

Համահարթեցված թեստավորման միջոցով քննությունների դրական և բացասական կողմերը:

Դպրոցների ֆինանսավորման ո՞ր հատկացումներն են առավելագույն օգուտ տալիս սովորողների ուսումնառությանը:

Կրկնուսույցների գործառույթը աշխարհի տարբեր երկրներում և Հայաստանում:

Երաժշտություն

Երաժշտական կրթությունը հանրակրթական դպրոցներում

Որևէ հայտնի երաժշտի ազդեցությունը փոփ երաժշտության վրա

Ջազմենների և ռեփերների իմպրովիզացիոն գործունեությունը

Ինչպե՞ս է ձայնային էֆեկտների տեխնոլոգիան փոխել երաժշտական արդյունաբերությունը:

Կառավարման համակարգ

Կառավարման միապետական, նախագահական, կիսանախագահական և խորհրդարանական համակարգեր

Կարո՞ղ է կապիտալիստական համակարգը արդյունավետորեն կրճատել անհավասարությունը:

Արդյո՞ք արդյունավետ է կառավարման երեք ճյուղանի համակարգը՝ գործադիր, օրենսդիր և դատաիրավական: 

Ի՞նչն է առաջացնում բևեռայնությունը այսօրվա քաղաքականության մեջ:

Պատմություն

Հայտնի պատմական առաջնորդներ, ովքեր կորցրեցին իշխանությունը. Ի՞նչը հանգեցրեց նրանց վերջնական անկմանը:

Հայ ժողովրդի բազմադարյան պատմության ընթացքում գործած պատմական սխալները, որոնք առաջ են բերել գոյապահպանման պայքար մղելու անհրաժեշտություն. հայ ժողովրդի պատմության դասերը: 

Ինչպե՞ս է զարգացել Հայաստանը անցած հարյուրամյակի ընթացքում:

Ո՞ր պատմական իրադարձությունն է ամենամեծ ազդեցությունն ունեցել Հայաստանի վրա անկախացումից ի վեր:

Պատմական և քաղաքական ապատեղեկատվություն

Գրականություն

Երբ գեղարվեստական գրականությունը օգտագործվում է քարոզչության համար:

Շեքսպիրի Տիմոն Աթենացին և Ավ. Իսահակյանի Աբու Լալա Մահարին

Վերածծնդի դարաշրջանի գրականությունը Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Անգլիայում

Հայ գրողների պատմավեպերը և իրական պատմությունը

 Հասարակական կյանք

Ազգային փոքրամասնությունները մեծ երկրներում :

Սոցիալական պետության մեջ ապրելու առավելությունները:

Ավելի կարևոր է հետևել սոցիալական նորմերի՞ն, թե՞ կրոնին:

Հոգևոր կյանք

Աշխարհի կրոնները և դրանց հիմնական ուսմունքները

Մեդիա

Անկախ լրատվամիջոցներն իրենց լրագրողներով և քաղաքական պատվերներ կատարողները:

Անաչառ տեղեկատվությու՞ն, թե՞ քաղաքագետների փորձագիտական վերլուծություններ

Ապատեղեկատվությունը մեդիայում

Համացանց

Արդյո՞ք սովորողներն ավելի խելացի են դարձել համացանցի հայտնվելուց հետո:

Ի՞նչ շեղումներ է կատարել համացանցը իր սկզբնական դիզայնից:

Թվային ներբեռնումն օգնե՞լ է երաժշտական արդյունաբերությանը:

Համացանցի ավելի խիստ գրաքննության առավելություններն ու ծախսերը:

Ի՞նչ կլիներ, եթե համացանցն անջատվեր:

Բարձր տեխնոլոգիաներ

Արհեստական բանականությունը կփոխի մեր կյանքը:

Կրիպտոարժույթի դրական և բացասական կողմերը:

Սոցիալական  ցանցերի ազդեցությունը մարդկանց միմյանց հետ փոխհարաբերությունների վրա:

Ի՞նչն է ավելի արդիական այսօրվա աշխարհում՝ բջջային հավելվածները, թե՞ կայքերը:

Տեքստային հաղորդագրություններն ազդեցությունը դեռահասների գրագիտության վրա:

Գիտություն և տեխնիկա

Աշխարհահռչակ հայ գյուտարարները

Տիեզերքի սև խոռոչները

Արդյո՞ք երկրաբնակները տիեզերքի միակ բանական արարածներն են

Հակաքաղցկեղային պատվաստանյութի հայտնագործման հնարավորությունը

Կարո՞ղ է գիտությունը օգնել փրկելու բուսական և կենդանական վտանգված տեսակները:

Շրջական միջավայր 

Մեծածավալ անտառահատումների հետևանքները

Արդյո՞ք գլոբալ տաքացումը անշրջելի է:

Covid 19-ի ազդեցությունը գլոգալ տաքացման և կլիմայի փոփոխության վրա

Պլաստիկ թափոնների վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Գործարարություն  

Արդյո՞ք ձեռներեցությունը այն հատկանաշին է, որով մարդիկ ծնվում են, թե սովորելով են ձեռք բերում այն:

Հնարավո՞ր է բիզնես սկսել առանց փողի:

Գործարար կյանքը Հայաստանում

Աշխարհահռչակ գործարարների հաջողության հասնելու սկզբունքները

Թեմայի ընտրությունից հետո երկրորդ քայլը ներածական մասի ձևակերպելն է:

Ներածական մասը 

Ներածական մասը գրելու համար պետք է, նախ և առաջ, ընդհանուր պատկերացում կազմել հետազոտական աշխատանքի թեմայի հիմնական խնդիրների մասին՝ պարզել, թե ինչ խնդիրների լուծման հետ ենք առնչվելու, այսինքն՝ ի՞նչն է լինելու հետազոտական աշխատանքը կատարելու նպատակը: Հետազոտական աշխատանքի խնդիրները պարզելու և նպատակը ձևակերպելու համար պետք է թեմայի վերնագիրը թարգմանել անգլերեն, ռուսերեն, կամ մի որևէ ձեր իմացած օտար լեզվով և հայերեն ու անգլերեն  գրել այդ վերնագրերը Google-ի, YouTube-ի և միայն անգլերեն՝ TED որոնողական համակարգերում, որից հետո ընտրել համակարգչի էկրանին երևացող տարբեր հոդվածներից ու տեսաֆիլմերից այն ամենը, ինչը առնչվում կամ համապատասխանում է թեմայի բովանդակությանը:

Ենթադրենք գտել ենք երկու հայերեն, 2-3 ռուսերեն և 7-8 անգլերեն հոդված: Առաջարկված հոդվածների ընտրության ժամանակ պետք է հատուկ ուշադրություն դարձնել PDF ձևաչափով ներկայացվածներին: Որպես կանոն դրանք ամենաամբողջական ձևով են ներկայացնում իրենց մեջ արծարծվող թեմաները: Մեր հաջորդ քայլը լինելու է որքան հնարավոր է հստակ տեսակավորել այդ հոդվածները՝ ըստ իրենց բարձրացրած խնդիրների: Դրա համար անհրաժեշտ է ընտրած թեմայի վերնագրով մի Word Office ֆայլ բացել, որտեղ հերթականությամբ մուտքագրել համացանցում գտած հոդվածների վերնագրերը իրենց հղումներով:

Մեր հաջորդ քայլը այդ հոդվածները կարդալն է և դրանց տակ կարևոր նշումներ, այսինքն՝ բարձրացված խնդիրների մասին հակիրճ գրառումներ անելն է: Երբ վերջացնենք այս տևական ժամանակ (հնարավոր է մոտ երկու շաբաթ) պահանջող աշխատանքը, մենք կտեսնենք, որ երկու երեք հիմնական գաղափարներ կրկնվում են մի շարք հոդվածներում: Հենց այդ կրկնվող գաղափարներով ձևակերպվող խնդիրներն էլ կլինեն մեր ներածական մասի հիմնական խնդիրները, որոնց բացահայտումը կլինի մեր հետազոտական աշխատանքի նպատակը: Ներածական մասում կարևոր է նաև հիմնավորել հետազոտական աշխատանքի արդիականությունը և գործնական նշանակությունը:

Հետազոտական աշխատանքի հիմնական մասի տեխնիկական կողմը

Տեխնիկական կողմն այն է, որ պետք է զերծ մնալ գրագողությունից:

Ինչպե՞ս ազատվել գրագողություն՝ «copy and paste – արտատպում» անելու գայթակղությունից և իրավամբ համարվել հետազոտական աշխատանքի հեղինակ, երբ աշխատում ենք հետազոտական աշխատանքի հիմնական մասի վրա:  

Անգլերեն գրված հետազոտական աշխատանքներում գրագողությունը շատ հեշտ է բացահայտվում Plagiator Detector գործիքով: Երբ մեր սովորողների անգլերեն գրած հետազոտական աշխատանքները հրապարակվում են իրենց բլոգներում, դրանք մեխանիկորեն մտնում են համացանց: Պատկերացնու՞մ եք անգլերեն բնագիր հոդվածի հեղինակի վրդովմունքը, երբ համացանցում պատահաբար կարդա իր հոդվածի ամբողջական էջերը նույնությամբ արտատպված՝ որպես մեկ այլ մարդու հետազոտական աշխատանք:   

Պետք է կարողանալ մի որևէ էջում գրված տեքստի բովանդակությունը որոշ կրճատումներով և հոմանիշ արտահայտություններով այնպես վերարտադրել այն, որ ընդհանուր միտքը չշեղվի: Լեզվական այս աշխատանքը կոչվում է փոխադրություն: Կարելի է նույնիսկ ընդարձակել հակիրճ գրված բնագիր տեքստը՝ օգտագործելով հոմանիշներ և տալով ավելի հասկանալի սեփական բացատրություններ: Աշխատանքի այս ձևը կարող է ձեզ զերծ պահել գրագողությունից:

Գրագողությունից խուսափելը ավելի հեշտ է, երբ սովորողը անգլերեն է գրում հետազոտական աշխատանքը: Գոյություն ունի «Paraphrasing Tool – տեքստի փոխադրող գործիք», որը վայրկյանների ընթացքում փոխադրում է անգլերեն գրված տեքստը: Օրինակ՝ անգլերեն գրեցի այս նախադասությունը «I can’t anticipate anything extraordinary from you –Ես չեմ կարող որևէ արտակարգ բան ակնկալել քեզնից» պահանջվող տեղում, սեղմեցի «Paraphrase» և աջ սյունակում գրվեց փոխադրված նախադասությունը՝ «Nothing unusual can be expected from you. – Ոչ մի անսովոր բան հնարավոր չէ սպասել քեզնից»:

Գրագողությունից խուսափելու երկրորդ՝ ավելի ընդունված և օրինական միջոցը այն է, որ պետք է հետազոտական աշխատանքում նշել հոդվածի հեղինակի անունը՝ ներկայացնելով նրա միտքը կամ ուղղակի մեջբերումով, կամ փոխադրաբար: Ավելի լավ է փոխադրաբար անել՝ տալով սեփական ավելի մատչելի ու պարզ բացատրություններ՝ օրինակներով: Դա կլինի իսկական հեղինակային հետազոտական աշխատանք:            

Հետազոտական աշխատանքի հիմնական մասի բովանդակայինը

Ներածական մասում նշված ընդհանուր խնդիրները կարող են տրոհվել ավելի նեղ խնդիրների, որոնց հնարավոր է բացահայտել ու ձևակերպել՝ ընտրված հոդվածների առանձնակի հետաքրքրություն ներկայացնող հատվածների վերընթերցումներով: Ներածական մասի ընդհանուր և վերընթերցումներով բացահայտված նեղ խնդիրների ձևակերպումներով էլ կազմվում է հիմնական մասի բովանդակությունը՝ ենթավերնագրերով:

Հետազոտական աշխատանքը հետաքրքիր է լինում, երբ բացահայտվում է, որ միևնույն խնդրի վերաբերյալ տարբեր հեղինակներ ունենում են միմյանցից տարբերվող տեսակետներ: Այս դեպքերում նպատակահարմար է օգտագործել շարադրվող մտքերի այսպիսի անցումներ՝ «Ընդունված է, որ …հայտնի փաստ է, որ …, այս (գաղափարի) տեսակետի աջակիցները պնդում են, որ …, կան հեղինակներ, ովքեր ունեն հակառակ տեսակետը …, այնուամենայնիվ, արժե նշել, որ …այս տեսակետի գլխավոր առավելությունը այն է, որ …այս տեսակետի գլխավոր թերությունն այն է, որ …»:

Հետազոտական աշխատանքը լիարժեք և արդիական կդառնա ու կունենա գործնական նշանակություն, եթե հիմնական մասի բովանդակության մեջ ներառվեն նաև տվյալ թեմային վերաբերող հայաստանյան խնդիրները:

Եզրակացությունը

Եզրակացության հիմնական բովանդակությունը պետք է լինի ամբողջ հետազոտական աշխատանքի հակիրճ ամփոփումը՝ հիմնավորելով այն, որ հեղինակը հասել է ներածական մասում ձևակերպված նպատակին:

Եզրակացության մեջ սովորաբար օգտագործվում են այս լեզվական անցումները՝ «Ամփոփելով այս ամենը`կարող ենք եզրակացնել, որ…ես համոզված եմ, որ …հաշվի առնելով բոլոր վերը նշված փաստերը՝ …իմ կարծիքով ….դեռ ավելին՝ …, … այլ կերպ ասած ….այս գաղափարի զարգացման միտում կա, …այսպիսով, հաշվի առնելով …կարելի վստահաբար պնդել, որ …»:

Վերջում պահանջվող կառուցվածքի մեջ ենք ամփոփում մեր հետազոտական աշխատանքը:

Տիտղոսաթերթ

Բովանդակություն

Ներածական մաս

Հիմնական մաս՝ իր ենթավերնագրերով

Եզրակացություն

Օգտագործված աղբյուրներ          

4-րդ ուսումնական շրջանի ընթացքում ուսումնական պարապմունքներ անցկացրեցի Ավագ դպրոցի սովորողների հետ:

Գոհար Իսկանդարյանի ջոկատ – մայիսի 30-ին Հետազոտական աշխատանք գրելու գաղտնիքները Լիլիթ Մինասյան

Իրինա Ապոյանի ջոկատ – հունիսի 2-ին Հետաքրքիր և արդյունավետ պարապմունք Յուրա Գանջալյանի հետ Լուիզա Արտենյան

Անահիտ Ամիրխանյանի Անուշ Ասատրյանի ջոկատների հետ – հունիսի 6-ին Արդյունավետ պարապմունք անգլերենի մասնագետ Յուրա Գանջալյանի հետ

Եվրոպական և տարածաշրջանային օտար լեզուներ դասավանդողների հավաք մայիսի 10-ին

Մայիսի 10, ժամը 15:15, Ավագ դպրոցի 3-4 կաբինետ

9-րդ դասարանցիների անգլերենի ելքի ստուգատեսի այլընտրանքային քննական թերթիկների ներկայացում. պատասխանատուներ՝ Ավագ դպրոցում անգլերեն դասավանդողներ

2023-2024 ուստարվա անգլերենի նոր առարկայական ծրագրերի մշակման հարցեր. պատասխանատու՝ Յուրա Գանջալյան

Ավագ դպրոցի սովորողների անգլերեն գրած հետազոտական աշխատանքների գրախոսությունները. պաշտպանությունը՝ մայիսի 10-ին

Թեմա: «Rap as a Sociocultural and Linguistic Phenomenon – Ռեփը որպես սոցիալ-մշակութային և լեզվաբանական երևույթ»

Սովորող՝ Միքայել Գևորգյան

Ղեկավար՝ Իրինա Ապոյան

Գրախոսող՝ Յուրա Գանջալյան

Հետազոտական աշխատանքի կառուցվածքը համապատասխանում է ներկայացված պահանջներին՝ տիտղոսաթերթ, բովանդակություն, ներածական մաս, հիմնական մաս, եզրակացություն և օգտագործված աղբյուրներ:

Ներածական մասում Միքայելը ներկայացնում է Ռեփը որպես սոցիալ-մշակութային և լեզվական երևույթ՝ տեղեկացնելով այն մասին, որ ռեփ երաժշտությունը վերածվել է համաշխարհային երևույթի: Այն նաև բացահայտում է աֆրոամերիկյան ժողովրդական անգլերենի էությունը՝ որպես հիփ-հոփ մշակույթի լեզվական հիմք: Աֆրոամերիկացիների և լատինաամերիկյան համայնքներում ծագած այս երաժշտությունը դարձել է գեղարվեստական նոր արտահայտչամիջոցների և մշակութային մեկնաբանությունների կարևոր միջոց:
Որպես սոցիալ-մշակութային և լեզվական երևույթ՝ ռեփ երաժշտությունն արտացոլում է այն համայնքների սոցիալական և քաղաքական իրողությունները, որոնցից այն առաջացել է: Ռեփ երգերը հաճախ բարձրաձայնում են աղքատության, ռասիզմի և սոցիալական անարդարության հետ կապված հարցեր, ինչպես նաև անձնական փորձառություններ ամենօրյա կենցաղային իրողությունների վերաբերյալ:

Ռեփ երաժշտությունը նաև նշանակալից հարթակ է եղել լեզվական նորարարության և ստեղծագործության համար: Ռեփերները իրենց երգերում հաճախ օգտագործում են փոխաբերություն, բառախաղ և ժողովրդական լեզու՝ իրենց մտքերը մարդկանց փոխանցելու համար: Նրանց լեզվական նորարարությունները զգալի ազդեցություն են ունեցել հանրային մշակույթի վրա:

Սույն հետազոտական աշխատանքի նպատակին հասնելու համար առաջ են քաշվել հետևյալ խնդիրները՝

  • Կատարել «աֆրոամերիկացիների ժողովրդական անգլերեն » հասկացության ուսումնասիրություն
  • Ուսումնասիրել աֆրոամերիկացիների ժողովրդական անգլերենի պատմական արմատները և մշակութային նշանակությունը, ինչպես նաև դրա ազդեցությունը միջանձնային հաղորդակցության վրա:
  • Ուսումնասիրել ենթամշակութային խմբերը,
  • ուսումնասիրել ռեփում աֆրոամերիկացիների ժողովրդական անգլերենի հնչյունական և քերականական առանձնահատկությունները՝ վերլուծելով ռեփ երգերի բառերը և ուսումնասիրելով մշակութային համատեքստերը, որոնցում դրանք ստեղծվել են։

Հետազոտական աշխատանքի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ այն մեր ժամանակակից հասարակության (նույնիսկ Հայաստանում) անհրաժեշտ բաղադրիչն է։

Հետազոտական աշխատանքի գործնական նշանակությունը Միքայելը բացատրում է նրանով, որ այն ժամանակակից խոսակցական անգլերենի այնպիսի նոր բացահայտումներ է անում, որոնք չկան անգլերենի դասագրքերում:

Հիմնական մասի առաջին գլխում տրված է աֆրոամերիկյան ժողովրդական անգլերենի առաջացման հակիրճ պատմությունը:

Այդ նոր ժողովրդական անգլերենի արմատները կարելի է գտնել ստրկության ժամանակներից, (17-րդ, 18-րդ և 19-րդ դարերը), երբ աֆրիկացիներին բերում էին Միացյալ Նահանգներ և ստիպում սովորել անգլերեն՝ իրենց տերերի հետ շփվելու համար: Լեզվի այս բռնի յուրացման արդյունքում աֆրիկացի ստրուկները զարգացրին անգլերենի հստակ ձև, որը ներառում էր իրենց սեփական լեզուների և մշակութային ազդեցությունների տարրերը:

20-րդ դարի ընթացքում աֆրոամերիկյան ժողովրդական անգլերենը ավելի ու ավելի էր խարանվում և ասոցացվում աֆրոամերիկացիների մասին բացասական կարծրատիպերի հետ: Այնուամենայնիվ, լեզվաբաններն այդ ժամանակվանից ճանաչել են դրա օրինականությունն ու մշակութային արժեքը, և այն այժմ լայնորեն ճանաչվում է որպես եզակի բարբառ՝ իր կանոններով և քերականական կառուցվածքներով:

Աֆրոամերիկյան ժողովրդական լեզվով առաջացած հիփ-հոփ երաժշտությունը կարծես դարձել է համաշխարհային «համավարակ»: Աշխարհի շատ երկրներում են ստեղծում իրենց լեզուներով ռեփեր: Հիփ-հոփ երաժշտական ոճը առաջացել է 1970-ականներին: Նոր աֆրոամերիկյան անգլերենի օգտագործումը հիփ-հոփ մշակույթում նույնպես վեճերի և քննադատության առարկա է դարձել: Ոմանք պնդում են, որ դրա օգտագործումը հավերժացնում է աֆրոամերիկացիների մասին բացասական կարծրատիպերը, իսկ մյուսները պնդում են, որ դա գեղարվեստական արտահայտման օրինական ձև է, որն արտացոլում է աֆրոամերիկյան մշակույթի բազմազանությունն ու բարդությունը:

Քանի որ աֆրոամերիկացիները ստեղծել են իրենց ժողովրդական լեզուն և մշակույթը՝ որպես ենթամշակութային խումբ, և որի մասին է այս հետազոտական աշխատանքը, Միքայելը իր աշխատանքում տվել է նաև ԱՄՆ-ում գոյություն ունեցող այլ ենթամշակութային խմբերի բնորոշումները՝

Նեոթրիբալիզմ – անվանումը առաջացել է անգլերեն «tribe – ցեղ» բառից: Այս խմբի հետևորդները այն կարծիքի են, որ պետք է ապրել ցեղերով, այլ ոչ թե սոսկ հասարակությամբ, ինչպիսին որ կա հիմա:

Կիբեռմշակութային – այս խումբը մեծ կախվածություն ունի տեխնոլոգիական ռեսուրսներից, ինչպիսիք են համակարգիչները, ինտերնետը, կապի ցանցերը և զվարճանքի կայքերը:

Հակամշակութային խումբ – Այս խմբի հետևորդները չեն կիսում այն սկզբունքները, որոնք հատուկ են այն հասարակությանը, որտեղ նրանք ապրում են:

Հետազոտական աշխատանքի երկրորդ գլխում տրված են աֆրոամերիկյան ժողովրդական անգլերենի հնչյունաբանական, բառապաշարային և քերականական առանձնահատկությունները:

Ահա մի քանի հետաքրքիր բառապաշարային նմուշներ, որոնք առանձնացրել է Միքայելը.

blood – ստանդարտ մեզ հասկանալի անգլերենով այս բառը նշանակում է «արյուն», բայց աֆրոամերիկյան ժողովրդական անգլերենով՝ «սև մարդ», այսինքն՝ արյունակից մարդ:

bang – մեր համար հասկանալի անգլերենով՝ «շրխկոց», բայց աֆրոամերիկյանով՝ «սեռական հարաբերություն»:

chick – սովորական անգլերենով՝ «հավի ճուտ», իսկ աֆրոամերիկյանով՝ «գեղեցիկ կին»:

bread – մեզ հասկանալի ընդհանուր իմաստը՝ «հաց», բայց աֆրոամերիկյանով՝ «փող»: Հասկանալի է, որ աղքատ մարդու համար փողը հաց է, իսկ հացը՝ փող:

Բառապաշարի օրինակները որոշակի իմաստ ունեն և որոշակի հասկանալի բացատրություններ ունեն նաև հայերենում, բայց աֆրոամերիկյան անգլերենի քերականական ձևափոխությունների օրինակներ հարկ չկա բերելու այս գրախոսության մեջ, քանի որ հայերեն հնարավոր չէ դրանք արտահայտել: Կարևորն այն է, որ Միքայելը համբերատար հետևողականությամբ է դրանց բնագիր անգլերեն օրինակները տվել: Դրանք կօգնեն այն հայ երիտասարդներին, ովքեր լսում են անգլերեն ռեփեր և ուզում են հասկանալ դրանք:

Եզրակացության մեջ Միքայել Գևորգյանը նորից է շեշտում աֆրոամերիկյան ժողովրդական անգլերենի իմացության կարևորությունը, եթե որևէ մեկը ուզում է հասկանալ նրանց հիփ-հոփ երաժշտական ռեփերի իմաստը, բովանդակությունը:

Պետք է ասել, որ Միքայելը բարեխղճորեն և հետևողականորեն հասել է իր հետազոտական աշխատանքի նպատակին և խնդիրներին: Լավ է:

Այնուամենայնիվ, կուզենայի նշել, որ հետազոտական աշխատանքը գերազանց կլիներ, եթե Միքայելը անդրադառնար նաև հայկական ռեփերներին: Չէ՞ Հայաստանում նույնպես որոշակի զարգացում է ապրել ռեփ երաժշտությունը: Իսկ ինչպիսի՞ն է հայկական ռեփի լեզուն: Արդյո՞ք այդ լեզուն ունի բառապաշարային և քերականական օրինաչափություններ: Ովքե՞ր են երիտասարդությանը հայտնի հայ ռեփերները: Կարո՞ղ է Միքայելը շարունակել և զարգացնել իր հետազոտական աշխատանքը՝ տալով այս նշված հարցերի պատասխանները:

Ավագ դպրոցի սովորողների անգլերեն գրած հետազոտական աշխատանքների գրախոսություններ. պաշտպանությունը մայիսի 8-ին

  • Պաշտպանող՝ Ռուզան Գասպարյան 12-րդ դասարան
  • Ղեկավար՝ Իրինա Ապոյան

Հետազոտական աշխատանքի կառուցվածքը թերի է, քանի որ վերջում բացակայում է աղբյուրների ցանկը: Առկա է տիտղոսաթերթը, բովանդակությունը, ներածական մասը, հիմնական մասը, եզրակացությունը:

Ներածական մասում նշված է հետազոտական աշխատանքի նպատակը՝

  • իրականացնել անգլերենի պատմության համառոտ ուսումնասիրություն
  • ուսումնասիրել այն պատմական գործոնները, որոնք լույս են սփռում բրիտանական անգլերենի և ամերիկյան անգլերենի միջև լեզվական տարբերությունների վրա
  • ուսումնասիրել այլ լեզուների ազդեցությունները անգլերենի վրա
  • դիտարկել ամերիկյան անգլերենը և դրա ազդեցությունը բրիտանական անգլերենի վրա
  • նշել բրիտանական անգլերենի և ամերիկյան անգլերենի տարբերությունները բառապաշարում, ուղղագրության և քերականության մեջ
  • Ընդգծել բրիտանական և ամերիկյան անգլերենի տարբերությունները, որոնք թելադրված են երկու երկրների մշակութային տարբեր արժեքներով
    Սույն աշխատանքի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ այն մեր ամենօրյա հաղորդակցության անհրաժեշտ բաղադրիչն է։
    Սույն աշխատանքի գործնական նշանակությունը կայանում է նրանում, որ ստացված արդյունքները կարող են կիրառվել անգլերեն սովորելու ժամանակ:

Պետք է ասել, որ հետազոտական աշխատանքի ներածության մեջ նշված լեզվի պատմությանը վերաբերող կետերը չունեն արդիականություն և գործնական նշանակություն: Անգլերենի պատմության ուսումնասիրությունը իհարկե կարևոր է, բայց ոչ՝ այս թեմայով հետազոտական աշխատանքի համար: Առաջին գլխում բավականին մեծ տեղ է հատկացված լեզվի պատմությանը, որը չի ծառայում այս հետազոտական աշխատանքի արդիական գործնական նշանակությանը: Դրան հակառակ շատ քիչ տեղեկատվություն կա բրիտանական և ամերիկյան անգլերենի քերականական և բառապաշարի տարբերություններին:

Հետազոտական աշխատանքի դրական կողմն այն է, որ Ինքնուրույն են գրված ներածական և եզրակացության մասերը:

Դաս-առաջադրանք Ավագ դպրոցի հեռավար սովորողների համար

I. “If” is a perfect conjunction and is often used. However, there are some other conjunctions that can be used instead of “if” to make the sentence more impressive.

as long as or so long as (եթե միայն)

I will lend you the amount of money you are asking for as long as (so long as) you promise to return it next month.

unless (եթե չ…) is used instead of “if not”

We will continue these physical exercises unless you are tired. The verb is not negated after unless. Բայը չի ժխտվում unless-ից հետո: Հայերեն թարգմանվում է ժխըված ձևով: Մենք կշարունակենք ֆիզիկական վարժությունները, եթե հոգնած չես:

Provided or providing (եթե – այն պայմանով, որ)

Water turns into ice provided the temperature is below zero.

Task

Translate these sentences into English without using “if”

Եթե ընդունեք մեր պայմանները, մենք կհամագործակցենք ձեր հետ:

Ես րան չեմ ների, եթե ներողություն չխնդրի:

Շունը չի հարձակվի քո վրա, եթե կտրուկ շարժումներ չանես:

Մենք կմեկնենք ԱՄՆ, եթե դեսպանատունը տա իր համաձայնությունը: (approve the visa)

Complete the sentences by using as long as, provided (providing), unless

…. you put your signature here.

We will be able to pass the exam …

You won’t achieve your goal …

He is not talkative. He will speak ….

II. Moreover-ավելին, դեռ ավելին, notwithstanding – չնայած (in spite of-ի հոմանիշն է), nevertheless -այնուամենայնիվ (however-ի հոմանիշն է), whereas – մինչդեռ (while-ի հոմանիշն է)

He didn’t apologize for that incident. Moreover, he doesn’t admit being wrong.

Notwithstanding his shyness, he is an excellent guide.

He doesn’t want to receive us. Nevertheless, we are trying.

She is a diligent student, whereas her brother is a capable

Translate into English

Չնայած իր բարձր ջերմությանը, նա չի ուզում ջերմությունը իջեցնող դեխ ընդունել:

Մաթեմատիկայի համար Ալիսայի խելքն իրենը չի, մինչդեռ նրա եղբայրը հետաքրքրվում է միայն գրականությամբ:

Մենք չենք ուզում մասնակցել այդ փառատոնին, այնուամենայնիվ, ստիպված ենք մեկ աշխատանք ներկայացնել:

Նա շատ փող է կորցրել խաղատանը, դեռ ավելին, իր ավտոմեքենան էլ վթարի է ենթարկել: (crash one’s car)

Creative task

Should artificial intelligence programs be used at schools?

Առաջադրանքը կատարել են՝

Ալիսա Ղասաբյանը – մայիսի 7-ին: Պատասխանել եմ 9-ին:

Նարեկ Սուքիասյան – մայիսի 8-ին: Պատասխանել եմ 9-ին:

Հայկ Խաչատրյանը – մայիսի 10-ին: Պատասխանել եմ 14-ին:

Գոհար Կարագյան – մայիսի 15-ին: Պատասխանել եմ նույն օրը:

«Հայաստանի պատմամշակութային հուշարձանները և տեսարժան վայրերը» եռալեզու դասընթացի ստեղծումը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ» մասնագիտությամբ ուսանողների համար եռալեզու դասընթացի ստեղծում.

Դասընթացի նպատակը. դասընթացը նպաստում է, որպեսզի «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ» մասնագիտությամբ ուսանողները կարողանան մեր հանրապետություն այցելած զբոսաշրջիկներին հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով ավանդազրույցներով և պատմական հետաքրքիր տեղեկություններով ներկայացնեն Հայաստանի պատմամշակութային հուշարձանները և տեսարժան վայրերը:

Դասընթացի նկարագրությունը. Դասընթացը էլեկտրոնային է և եռալեզու՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն: Յուրաքանչյուր պատմամշակութային հուշարձան ներկայացվում է տեքստով, թարգմանչական որոշակի դժվարություններ ունեցող բառերի բացատրություններով, ավանդազրույցներով և լուսանկարներով:

Դասընթացի էլեկտրոնային ձևը հնարավորություն է տալիս անընդհատ զարգացնել և հարստացնել այն:

Եռալեզու դասընթացի տեքստերը հրապարակվում են ուսանողների բլոգներում:

Անի Բարսեղյան

Քնար Հարությունյան

Մարիամ Շախվերդյան

Նելլի Միսկարյան