Just another WordPress.com site

Archive for January, 2018

Օտար լեզուների ուսումնական լաբորատորիայի աշխատանքը հունվարին

Հունվար ամսին անգլերենի ֆլեշմոբի առաջադրանքները կազմել են հետևյալ դասավանդողները՝ Սիլվա Հարությունյան – 9-12-րդ դասարանների համար, Իրինա Ապոյան – 6-8-րդ դասարանների համար, Լիանա Ասատրյան – 4-5-րդ դասարանների համար և Աննա Գանջալյան – 2-3-րդ դասարանների համար:

Օտար լեզուների դասավանդողները հունվարի 19-ի մեդիաուրբաթի պատասխանատուներն էին և նրանք իրենց սովորողների հետ Մարմարյա սրահում երգեցին տարբեր լեզուներով երգեր նվիրված ամանորին և Սուրբ ծննդին: Մեդիաուրբաթի կազմակերպիչներն էին Լուսինե Բուշը, Հայկուհի Հովհաննիսյանը և Լիանա Ասատրյանը:

Լուսինե Բուշը թարգմանել է Բենեզեթի «Թվաբանության ուսուցում. Մի գիտափորձի պատմություն»  հոդվածի երկրորդ մասը, որը հիմա խմբագրում է Մարիետ Սիմոնյանը:

Իմ կատարած աշխատանքը  

Անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն եմ թարգմանել Վիեննայում կայանալիք երգչախմբերի փառատոնի մասին նամակագրությունները:

Հայերենից անգլերեն եմ թարգմանել Մարգարիտ Սարգսյանի հոդվածը. «The International Youth Ethnographic Archaeological Camp as an Effective Environment for the Educational Programme»

Ներկրթահամալիրային ուսումնասիրություն.

Ուսումնասիրել եմ Ավագ դպրոցի բոլոր 9-րդ դասարանցիների բլոգները և ուսումնական առաջին շրջանի գնահատման մատյանները: Ամբողջ աշխատանքը կազմել է 10 էջ: Ուսումնասիրությունը իմ դիտարկումներով ուղարկել եմ Գևորգ Հակոբյանին, Սուսան Մարկոսյանին և Մարթա Ասատրյանին:

Հայերեն եմ թարգմանել Բենեզեթի «Թվաբանության ուսուցում. Մի գիտափորձի պատմություն» հոդվածի առաջին մասը:

 

Հունվարի 8-ին և 9ին ուսումնասիրել եմ Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանների տարատարիք ճամբարային ջոկատների գործունեությունների մեկնարկն ու ընթացքը:

Հունվարի 23-ին և 24-ին ուսումնասիրել եմ Արևմտյան դպրոցի ճամբարային գործունեության արդյունքները և գրել եմ ‹‹Ստեղծածով սովորածը միշտ սովորողի հետ է. Կրթահամալիրի ուսումնական երկրորդ շրջանի գնահատում ուսումնական մեկ ճամբարի օրինակով›› հոդվածը:

Շարունակել եմ Միջին և Ավագ դպրոցների անգլերենի հեռավար ուսուցումը:

Կազմել եմ Դիջիթեք 2018-ի “Ուսումնական բաց նախագիծ” անվանակարգի պահանջները և Հունվարի 20-ից սկսել եմ ուսումնասիրել այդ անվանակարգով ուղարկված հայտերը: Աշխատանքը դեռ ընթացքի մեջ է:

Շարունակել եմ mskh.am-ի անգլերեն էջի խմբագրումը: Անգլերեն նյութ եմ գրել հունվարի 26-ի ծիսական  հարսանիքի մասին:

Կրթահամալիրի ուսումնական երկրորդ շրջանի գնահատում մի դպրոցի օրինակով

Արդեն մի քանի տարի է, ինչ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում գործում են հունվարյան և հունիսյան ուսումնական ստուգատեսային ճամբարները: Հունիսյան ստուգատեսներից են թարգմանչականը, թատերականը, երաժշտականը, կինո-ֆոտո գործունեությանը: Հունիսին գործում է նաև «Բարեկամություն» միջազգային ճամբարը՝ Վրաստանի, Արցախի, Հայաստանի տարբերի մարզերի հանրակրթական դպրոցների սովորողների և մանկավարժական աշխատողների մասնակցությամբ: Կրթահամալիրի հունվարյան ուսումնական ճամբարը նշանավորվում է հանրակրթական ամենամյա Դիջիթեք և բնագիտատեխնիկական ստուգատեսներով: Նշված բոլոր ստուգատեսների անցկացմանը զուգահեռ կրթահամալիրի բոլոր դպրոցները ամբողջովին անցնում են նախագծային ուսուցմանը: Նախագծային ուսուցումը սովորական ավանդական ուսուցման կազմակերպումից տարբերվում է նրանով, որ այն ամբողջովին աշակերտակենտրոն է և հիմնված է սովորողի գործունեության վրա, երբ սովորողը ոչ թե վերարտադրում է ուսուցչի ասածը կամ դասագրքում գրածը, այլ ստեղծում է իրենը իր հետազոտական, փորձարարական աշխատանքով և հասնում է նախանշած արդյունքի: Փաստորեն կրթահամալիրի ուսումնական ճամբարները իրենց բնույթով հաստատում են հին չինական առածը. «Ասա ինձ և ես կմոռանամ, ցույց տուր ինձ և ես կհիշեմ, ներգրավիր ինձ գործունեության մեջ և ես կսովորեմ»:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ունի չորս կրտսեր դպրոց՝ երկուսից չորս տարեկանների նախակրթարանային խմբերով, Միջին և Ավագ դպրոցներ և միջին մասնագիտական կրթությամբ մի Քոլեջ: Այնպես է ստացվել, որ մեր կրտսեր դպրոց-պարտեզները Մայր (Միջին և Ավագ դպրոցների) շենքի համեմատությամբ իրենց աշխարհագրական դիրքերով համընկնում են աշխարհի չորս կողմերին՝ հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան և մեր կրտսեր դպրոց-պարտեզները հենց այդպես էլ կոչվում են՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ, Հարավային դպրոց-պարտեզ, Արևելյան դպրոց-պարտեզ և Արևմտյան դպրոց-պարտեզ:

Այս հոդվածում ներկայացնում եմ Արևմտյան դպրոց-պարտեզում հունվարի 8-9-ին և 23-24-ին իմ կատարած դիտարկում-ուսումնասիրությունը՝ ցույց տալով ուսումնական ստուգատեսային ճամբարի համար նախատեսված նախագծերը և դրանց իրականացման արդյունքները ճամբարի վերջում:

Այսպիսով, տրված է ձմեռային ուսումնական ստուգատեսային ճամբարի մեկնարկը կրթահամալիրի բոլոր դպրոցներում: Ինձ հետաքրքրում է, թե ինչ նախագծերի վրա են աշխատում 4-5-րդ դասարանների տարատարիք ջոկատները: Նախքան դպրոց մտնելը ուսումնասիրում եմ դպրոցի 4-5-րդ դասարաններում դասավանդողների ուսումնական բլոգները:

Առաջինը հետաքրքրվում եմ թարգմանչական նախագծերով զբաղված սովորողների  գործունեությամբ: Նոր ճամբարային նախագիծ է սկսել Լիլիթ Հայկազունին. «Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթները հայերեն կարդալը և հեշտացված անգլերենով ներկայացնելը»:

Էլինա Սիմոնյանի բլոգում կարդում եմ նույն ջոկատի ռուսերեն թարգմանական նախագծերի մասին: Ուշադրության է արժանի «В мире животных» նախագիծը, որը և հետազոտական է և թարգմանական:

Մաթեմատիկոսների խոհարարական նախագծից   երևում է, որ Գրետա Բակունցը համառորեն ուզում է մաթեմատիկայի ուսուցումը իրական կյանքի հետ կապել:  Իրոք, կոտորակների գաղափարի ամենատեսանելի բացատրությունը խոհանոցում է՝ նոր թխած կլոր գաթան կտրատելիս:

Շուշան Ալեքսանյանի բնագիտական նախագծի գործունեությունը ներառում է կենդանիների խնամք ագարակում, բույսերի և դրանց թաղարների խնամք և’ իրենց Արևմտյան դպրոցում և’ Քոլեջում՝ Շողիկ Պողոսյանի ջերմոց լաբորատորիայում:

Սոնա Փափազյանն իր բլոգում հայրենագետների խումբն անվանել է «հայրենագետ-հետախույզների» ջոկատ:  Սովորողների այս խմբի առանցքային նախագիծը «Ազգային և ավանդական խաղերն» է:

Բազմազան է Զառա Ոսկանյանի տեխնոլոգիական խմբի գործունեության ցանկը: Ահա այդ ցանկից մի օրինակ. «-«2800 խնդրով Երևան» խնդրագիրք. երևանյան տեղային և ընդհանուր, փոքր ու մեծ խնդիրները. նկարագրություն-ուսումնասիրություն, լուծման առաջարկություն-փորձ, լուծում»:

Խոստումնալից ու հետաքրքիր նպատակ է դրել Արմինե Աբրահամյանը իր ստեղծագործող-ընթերցասերների առջև. «Մայրենի լեզվի լաբորատորիա -ընթերցասրահի ստեղծման, ձևավորման աշխատանքներ»:

Բոլոր նախագծային խմբերի գործունեության բնույթն ու էությունը մի բան ստեղծելն է: Սերտածը շատ շուտ մոռացվում է, բայց ստեղծածով սովորածը միշտ սովորողի հետ է:

Պատմեին, չէի հավատա:

Արևմտյան դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանների դասավանդողների բլոգները հունվարի 8-ին ուսումնասիրելուց հետո հունվարի 9-ի առավոտյան արդեն դպրոց-պարտեզում էի, որպեսզի իմանամ, թե ինչպես են հրապարակված նախագծերն իրականացվում: Որքան էլ ինձ պատմեին, չէի հավատա ու զգա այն ամենը, ինչի ականատեսը եղա այդ օրը:

Եթե ինձ ասեին, որ հինգերորդ դասարանցին կարդում է կենդանիների մասին հանրագիտարանը, բարդ լեզվով ու անհարկի մանրամասն տեղեկություններով գրված տեքստից քաղում է իր համար հետաքրքիր միտքը և պարզ ռուսերենով շարադրում իր բլոգում, չէի հավատա: Բայց ես տեսա՝ Էդուարդ Սարգսյանի և Հայկ Ղազարյանի աշխատանքի ականատեսը եղա: Տեսա նաև, թե ինչպես են Լուզիա Եղիազարյանը և Անահիտ Թովմասյանը ռուսերեն կենդանիների մասին երաժշտական մուլտֆիլմի թարգմանությունն անում:

Դպրոցի մեդիահարթակում հավաքվել էր Արմինե Աբրահամյանի ընթերցասեր-ստեղծագործողների խումբը: Երբ վարագույրը մի կողմ քաշեցի ու ներս մտա, ինձ համար անսովոր տեսարան էր: Դասավանդողը լուռ հետևում էր, թե ինչպես է սովորող Հայկ Նահապետյանը իր ընկերներին համակարգչային նոր ծրագիր սովորեցնում: Ծրագիրը կոչվում է Playbuzz, որը, կարծում եմ, օգտակար կլինի նաև ուսուցիչներին, քանի որ այդ ծրագրով կազմում են ուսումնական առաջադրանքներ, թեստեր: «Հայկ, դիմացդ սովորողներ են նստած, որոնք չգիտեն այդ ծրագիրը: Մի քիչ դանդաղ ու ավելի մանրամասն բացատրիր», լսվում է Արմինեի ձայնը: Որքան լուրջ էին հետևում Հայկի բացատրություններին: Շատ ու շատ դասավանդողներ կուզենային այդպիսի լսարան ունենալ:

Իսկ հարևանությամբ Զարուհի Ոսկանյանի տեխնոլոգիայի կաբինետն էր, որտեղ աշխատում էր տեխնոլոգիական նախագծեր իրականացնող խումբը: Այո՚ նրանք աշխատում էին բառի առաջնային ոչ փոխաբերական իմաստով. առաջին դասարանցիների համար գունավոր տառախաղ էին ստեղծում: Մի ժամից նրանք հյուր էին գնալու Աշխեն Թադևոսյանի առաջին դասարանցիներին՝ իրենց հետ տանելով նորաստեղծ տառերը, որպեսզի փոքրիկները կարողանային տառերը կողք-կողքի շարելով՝ բառեր ու նախադասություններ գրել սեղանի վրա:

Սոնա Փափազյանը հավատարիմ էր իրենց «ազգագրական ավանդական խաղեր» նախագծին: Իրենց հերթական ծիսական խաղի համար տարեգաթա էին թխում:

Շատ էի ուզում տեսնել, թե ինչպես է Գրետա Բակունցը մաթեմատիկան համակցում խոհանոցին:  Կարելի է ապրել այնպես, որ երբեք չառնչվել մաթեմատիկային: Կարելի է ապրել այնպես, որ ամենուր առնչվել մաթեմատիկային: Գրետա Բակունցը ապրելու երկրորդ ձևն էր սովորեցնում իր ջոկատի անդամներին: Այդ օրը վաղ առավոտյան նրանք վերցրել էին մրգային աղցանի բաղադրատոմսը և իրենց մաթեմատիկայի ուսուցչի հետ խանութ էին  գնացել: Ի՞նչ արժե տանձի, բանանի, խնձորի և նարինջի մեկ կիլոգրամը: Իսկ ի՞նչ կարժենա բանանի 200 գրամը, խնձորի 250 գրամը և որքա՞ն պետք է վճարել դրանց համար: Կյանքում հանդիպող, ոչ դասագրքային մաթեմատիկայի իսկական խնդիրներ, որոնք լուծում էին պահանջում ոտքի վրա:

Հունվարի 23-ն է և ուսումնական ստուգատեսային ճամբարի վերջին օրերին նորից սկսում եմ հետևել Արևմտյան դպրոցի նախագծերի իրականացման ընթացքին, ծանոթանում արդեն արձանագրված արդյունքներին:

Լիլիթ Հայկազունու և Էլինա Սիմոնյանի թարգմանական խմբի տարատարիք ճամբարականները արդյոք կարողացե՞լ են իրականացնել իրենց թարգմանական նախագծերը: Ի՞նչ արդյունքներ են արձանագրել Գրետա Բակունցի «Մաթեմատիկան խոհանոցում» նախագիծն իրականացնողները: Առաջին դասարանցիները օգտագործեցի՞ն Զարուհի Ոսկանյանի տեխնոլոգիական խմբի ստեղծած գունավոր տառախաղը: Արմինե Աբրահամյանն իր ընթերցասերների խմբով կարողացա՞վ ստեղծել մայրենի լեզվի լաբորատորիա-ընթերցասրահը: Հնարավո՞ր է բացահայտել, թե ինչ ազգային ավանդական խաղեր է խաղացել Սոնա Փափազյանի «Հայրենագետ-հետազոտողների» խումբը:

Ինձ հուզող հարցերի պատասխանները ստանալու համար նախ այցելում եմ Արևմտյան դպրոց՝ հանդիպելու ուսումնական նախագծեր իրականացնող դասավանդողներին, իսկ հետո սկսում եմ ուսումնասիրել նախագծերն իրականացնողների ուսումնական բլոգները:

Ահա գտնում եմ Հանս Քրիստիան Անդերսենի «Մատնաչափիկը» հեքիաթի մոտիվներով պարզեցված տեքստի հայերենից անգլերեն թարգմանությունը, որն արել է 5-րդ դասարանցի Արև Սուքիասյանը:

Հունվարի 9-ի իմ զարմանք արտահայտող «պատմեին չէի հավատա» միտքը իրենց հայերենից ռուսերեն թարգմանություններով արդարացրեցին հինգերորդցիներ Հայկ Ղազարյանը, Տիգրան Մարջանյանը և Լուզիա Եղիազարյանը:

Մաթեմատիկա դասավանդող Գրետա Բակունցի ուսումնական բլոգում երեք տեսաֆիլմերի միջոցով բացահայտում ենք, թե ինչպես է փոքրիկ մաթեմատիկոսների խումբը երկրաչափական պատկերների նմանությամբ թխվածքբլիթներ թխում, մրգեր կտրատում, իսկ կոտորակների գաղափարն իմաստավորում՝ պիցցա պատրաստելով, կտրատելով և համտեսելով:

Այս տեսաֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես է Զարուհի Ոսկանյանի տեխնոլոգիական նախագծեր իրականացնող սովորողների պատրաստած   տառախաղը փորձարկվում երկարացված օրվա կազմակերպիչ Փառանձեմ Գրիգորյանի խմբում:

Միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ կենսաբանության տարբեր բաժինների (բուսաբանություն, կենդանաբանություն, գենետիկա) դասագրքերը լի են անհարկի գիտականությամբ գրված տեքստերով, որոնք վանում են դպրոցահասակ սովորողին, չեն թողնում սիրել բնությունը, բույսերին ու կենդանիներին: Բայց չէ՞ որ հանրակրթական դպրոցի հիմնական աստիճանում այս ուսումնական առարկայի գերխնդիրը հենց բնությունը սիրելը պետք է լինի: Դա է բնագիտության կրթական ամենակարևոր չափորոշիչը: Բնությունը սիրելու կրթական չափորոշչի հետևողական ձևավորմանն է ուղղված Շուշան Ալեքսանյանի ճամբարային յուրաքանչյուր օր:

Ո՞վ կարող է տեսնել ու գնահատել անտեսանելին ու անգնահատելին՝ ազգային ինքնաճանաչողության, թեկուզև, փոքր արթնացումը Սոնա Փափազյանի «հայրենագետ-հետախույզների» մոտ՝  հայկական ավանդական հոլախաղով, աքլորակռվով, կոխով,  պարան ձգոցիով, հարսանեկան գաթայի պատրաստումով ու թոնրի լավաշի թխումով, տարբեր ծիսական պարերգերով:

Հունվարյան ուսումնական ստուգատեսային ճամբարի ձեռքբերումներից էր նաև Արմինե Աբրահամյանի «Ստեղծագործ ընթերցասերներ» նախագծային խմբի աշխատանքի արդյունքը՝ մայրենի լեզվի լաբորատորիա-ընթերցասրահի ստեղծումը Արևմտյան դպրոցում: Վստահ եմ, որ Արմինե Աբրահամյանի այս նախագծով ավելացավ կրտսեր դպրոցի 4-5-րդ դասարանցիների մայրենի լեզվի և ընթերցանության նկատմամբ սիրո չափը, բայց ո՞վ կարող է այն չափել ու գնահատել:

Օտար լեզուների ուսումնական լաբորատորիայի պարապմունք

Հունվարի 31-ին առաջարկում եմ կազմակերպել օտար լեզուների ուսումնական լաբորատորիայի պարապմունք:

Պարապմունքի քննարկվող հարցերն են՝

  1. Ուսումնական երրորդ շրջանում օտար լեզուների լրացուցիչ կրթության և տնային աշխատանքների բնույթը կրթական տարբեր աստիճաններում՝ կրտսեր, միջին և ավագ դպրոցներում
  2. Նախագծային ուսուցման արտացոլումը սովորողների բլոգներում
  3. Գործնական առաջարկություններ Ալլա Հովհաննիսյանին (Գյումրիում վրացերեն դասավանդող) և Գյումրիի վրացերեն սովորողների խմբին մեթոդական, մեդիատեխնոլոգիական օգնություն ցույց տալու համար:

Տրված է անգլերենի հունվարյան ֆլեշմոբի մեկնարկը

2018-ի հունվարի 19-ն է, ժամը 19:00: Սկսում ենք պատասխանել ֆլեշմոբի առաջադրանքների հարցերին:

2-3-րդ դասարաններ. առաջադրանքը կազմել է Աննա Գանջալյանը

4-5-րդ դասարաններ. առաջադրանքը կազմել է Լիանա Ասատրյանը

6-8-րդ դասարաններ. առաջադրանքը կազմել է Իրինա Ապոյանը

9-12-րդ դասարաններ. առաջադրանքը կազմել է Սիլվա Հարությունյանը

 

Ածականների համեմատական կառուցվածքներ. ուսումնական նյութ և առաջադրանք Ավագ և Միջին դպրոցների հեռավար ուսուցմամբ սովորողների համար

as + ածական + as -այնքան որքան.

Այս կառուցվածքով համեմատվում են միանման հատկանիշ ունեցող գոյականները:

Yerevan is as beautiful as Tbilisi. Երևանն այնքան գեղեցիկ է, որքան Թբիլիսին:

Echmiatsin is as far from Yerevan as Ashtarak. Էջմիածինն այնքան հեռու է Երևանից, որքան Աշտարակը:

not so +ածական + as – ոչ այնքան, որքան

Gyumri is not so large as Yerevan.  Գյումրին այնքան մեծ չէ, որքան Երևանը:

There are not so many old buildings in Yerevan as there are in Gyumri. Երևանում այնքան շատ հին շենքեր չկան, որքան Գյումրիում:

twice as big as – երկու անգամ ավելի մեծ, քան. three times (five times, ten times) as big as  – երեք անգամ (հինգ անգամ, տաս անգամ) ավելի մեծ, քան ….

Moscow is about ten times as big as Yerevan. Մոսկվան մոտ տաս անգամ ավելի մեծ է, քան Երևանը:

There was three times as much snow in Tsaghkadzor last year than there is this year. Անցյալ տարի Ծաղկաձորում երեք անգամ ավելի շատ ձյուն կար, քան այս տարի:

the + ածականի համեմատական աստիճան + the + ածականի համեմատական աստիճան

որքան … այնքան 

The sooner the better. Որքան շուտ, այնքան լավ:

The more books you read the more things you will learn: Որքան շատ գրքեր կարդաս, այնքան շատ բան կսովորես:

get + ածական – ածականին բայական իմաստ է տալիս:

black – սև —–  get black – սևանալ

short – կարճ —– get short — կարճանալ, get shorter – ավելի կարճանալ

Առաջադրանք.

I. Translate into English

  1. Վիեննան այնքան հին քաղաք չէ, որքան Հռոմը:
  2. Արամը նույնքան բարձրահասակ է, որքան Դավիթը:
  3. Իմ կարծիքով քիմիան այնքան հետաքրքիր չէ, որքան ֆիզիկան:
  4. Քերականությունը այնքան հետաքրքիր է, որքան գրականությունը:
  5. Անցյալ տարի մի քանի անգամ ավելի ցուրտ էր, քան այս տարի:
  6. Իմ բանկային հաշվի (bank account) վրա երկու անգամ ավելի շատ փող կա, քան քո հաշվի վրա:
  7.  Որքան շատ ենք սովորում, այնքան շատ ենք իմանում

որքան շատ ենք իմանում, այնքան շատ ենք մոռանում

Որքան շատ ենք մոռանում, այնքան քիչ ենք իմանում,

Ինչու՞ սովորել:

8. Աշնանը օրերը կարճանում են, իսկ գիշերները՝ երկարում:

9. Գարնանը օրերը երկարում են, իսկ գիշերները՝ կարճանում:

Դավիթ Խաչատրյանի պատասխանը

  1. Վիեննան այնքան հին քաղաք չէ, որքան Հռոմը:
    Vienna is not so old as Rome.
  2. Արամը նույնքան բարձրահասակ է, որքան Դավիթը:
    Aram is as tall as Davit.
  3. Իմ կարծիքով քիմիան այնքան հետաքրքիր չէ, որքան ֆիզիկան:
    In my opinion, chemistry is not as interesting as physics..
  4. Քերականությունը այնքան հետաքրքիր է, որքան գրականությունը:
    Grammar is as interesting as literature.
  5. Անցյալ տարի մի քանի անգամ ավելի ցուրտ էր, քան այս տարի:
    Last year, it was several times as cold as it is this year.
  6. Իմ բանկային հաշվի (bank account) վրա երկու անգամ ավելի շատ փող կա, քան քո հաշվի վրա:
    My bank account has twice as much money as your account.
  7.  Որքան շատ ենք սովորում, այնքան շատ ենք իմանում
    որքան շատ ենք իմանում, այնքան շատ ենք մոռանում
    Որքան շատ ենք մոռանում, այնքան քիչ ենք իմանում,
    Ինչու՞ սովորել:
    The more we learn, the more we know.
    The more we know, the more we forget.
    The more we forget, the less we know,
    Why learn?
  1. Աշնանը օրերը կարճանում են, իսկ գիշերները՝ երկարում:
    In autumn days get short, and the nights get long.
    Գարնանը օրերը երկարում են, իսկ գիշերները՝ կարճանում:
    In spring days get long, and nights get short.

Well done, Davit. Only the 8th and 9th sentences had mistakes. In such sentences “get” should be used.

Get short – կարճանալ

Get long – երկարել

Միջին դպրոցի սովորող Ռուզան Մինասյանի պատասխանը իր բլոգում

https://ruzanminasyannd.wordpress.com/category/%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80-%D5%A1%D5%B6%D5%A3%D5%AC%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6/

Միջին դպրոցի սովորող Ռուբեն Գալստյանի պատասխանը

Առաջադրանք.

  1. Translate into English
  2. Վիեննան այնքան հին քաղաք չէ, որքան Հռոմը:

Vienna is not so old as Rome.

  1. Արամը նույնքան բարձրահասակ է, որքան Դավիթը:

Aram is as tall as Davit.

  1. Իմ կարծիքով քիմիան այնքան հետաքրքիր չէ, որքան ֆիզիկան:

I think chemistry is not so interesting as physics.

  1. Քերականությունը այնքան հետաքրքիր է, որքան գրականությունը:

Grammar is as interesting as literature.

  1. Անցյալ տարի մի քանի անգամ ավելի ցուրտ էր, քան այս տարի:

Last year, it was several times as cold as it is this year.

  1. Իմ բանկային հաշվի (bank account) վրա երկու անգամ ավելի շատ փող կա, քան քո հաշվի վրա:

My bank account has twice as much money as yours.

  1. Որքան շատ ենք սովորում, այնքան շատ ենք իմանում

որքան շատ ենք իմանում, այնքան շատ ենք մոռանում

Որքան շատ ենք մոռանում, այնքան քիչ ենք իմանում,

Ինչու՞ սովորել:

The more we learn, the more we know,

the more we know, the more we forget

the more we forget, the less we know,

so WHY LEARN???

  1. Աշնանը օրերը կարճանում են, իսկ գիշերները՝ երկարում:

Days in autumn get short and nights get long.

  1. Գարնանը օրերը երկարում են, իսկ գիշերները՝ կարճանում:

Days in spring get long and nights get short.

 

Միջին դպրոցի սովորող Տիգրան Խաչատրյանը պատասխանել է. Սխալները ուղղած հետ եմ ուղարկել և պահանջել եմ հրապարակել բլոգում

1.Վիեննան այնքան հին քաղաք չէ, որքան Հռոմը:

Vienna is not so old city as Rome.

2.Արամը նույնքան բարձրահասակ է, որքան Դավիթը:

Aram is as tall as David.

3.Իմ կարծիքով քիմիան այնքան հետաքրքիր չէ, որքան ֆիզիկան:

In my opinion, chemistry is not as interesting as physics.

4.Քերականությունը այնքան հետաքրքիր է, որքան գրականությունը:

Grammar is as exciting as literature.

5.Անցյալ տարի մի քանի անգամ ավելի ցուրտ էր, քան այս տարի:

Last year it was several times more cold than this year.

6.Իմ բանկային հաշվի (bank account) վրա երկու անգամ ավելի շատ փող կա, քան քո հաշվի վրա:

On my bank account there are twice as much money than on your account.

7 Որքան շատ ենք սովորում, այնքան շատ ենք իմանում

The more we learn, the more we know.

որքան շատ ենք իմանում, այնքան շատ ենք մոռանում

The more we know, the more we forget.

Որքան շատ ենք մոռանում, այնքան քիչ ենք իմանում,

Ինչու՞ սովորել:

The more we forget, the less we know,

Why Learn?

8. Աշնանը օրերը կարճանում են, իսկ գիշերները՝ երկարում:

In the autumn the days get short and the nights get long.

9. Գարնանը օրերը երկարում են, իսկ գիշերները՝ կարճանում:

In the spring the days get long, and the nights get short.

Ավագ դպրոցի սովորող Միքայել Մնացականյանը պատասխանել է և ես ուղղել եմ սխալներն ու հետ ուղարկել:

Vienna is not as old city as Rome. Aram is as tall as David. In my opinion, chemistry is not as interesting as physics. Grammar is as also interesting as literature. Last year it was several times more cold than is this year. There are twice as much money on my bank account than on your account.

The more we learn, the more we know, the more we know, the more we forget.
The more we forget, the less we know, why learn.
8. The days get shorten in the autumn, and the nights are long.
9. In the spring the days get longer and the nights are shorter.
Միքայելի բլոգում հրապարակվել է

Թվաբանության ուսուցումը I. Մի գիտափորձի պատմություն

Լ.Փ. Բենեզեթ

Նյու Հեմփշայեր նահանգի Մանչեսթերի դպրոցների տեսուչ

Առաջին անգամ հրատարակվել է Ազգային կրթական միության ամսագրի 24-րդ հատորի 8-րդ համարում, 1935-ի նոյեմբերին:  

Անգլերենից հայերեն թարգմանությունը`Յուրա Գանջալյանի

 

1929 թվականի գարնանը Նյու Յորք նահանգի Իթաքայի դպրոցների տեսուչ և տեսչության բաժնի նախագահ՝ լուսահոգի Ֆրանկ Դ. Բօյնթոնը, իր մի քանի ընկերներին և աշխատակից տեսուչներին մի հոդված ուղարկեց, որը հանրակրթական դպրոցների մի նոր ծրագիր էր: Նրա թեզի մեխն այն էր, որ մեզ   անընդհատ առաջարկվում է նոր ուսումնական առարկաներ ավելացնել ուսումնական պլանին (անվտանգության հիմունքների ուսուցում, առողջապահության հիմունքների ուսուցում, տնտեսողականության հիմունքների ուսուցում և նման այլ բաներ), բայց ոչ ոք երբևէ չի առաջարկում, որ մենք որևէ բան հանենք ուսպլանից: Նրա հոդվածն ավարտվում էր մի մարտահրավերի նմանվող կոչով, որը, կարծես, ասում էր. «Փորձեք ցույց տալ ինձ, թե ինչը կարող ենք կրճատել  այս նյութից»: Այստեղ, իհարկե՛, մեր միտքն է գալիս ՄաքԷնդրյուսի հայտնի համեմատությունը առ այն, որ ամերիկյան տարրական դպրոցի ուսումնական պլանը նման է Ջոունսի տան ձեղնահարկին: Ջոունսներն այս տուն են տեղափոխվել հիսուն տարի առաջ և երբեք որևէ բան դեն չեն նետել:

Ես մի ամիս սպասեցի և հետո մի ութ էջանոց նամակ գրեցի Բոյնթոնին՝ ասելով նրան, թե, իմ կարծիքով, ինչը կարող է հանվել մեր ներկայիս ուսումնական պլանից: Ես մեջբերում եմ երկու պարբերություն.

Առաջին հերթին, ինձ թվում է, որ մենք շատ ժամանակ ենք վատնում տարրական դպրոցներում՝ մաքառելով այնպիսի թեմաների հետ, որոնք հարկ է բաց թողնել, կամ էլ՝ հետաձգել դրանց ուսուցանումը մինչև այն ժամանակը, երբ երեխաները դրանց սովորելու պահանջն ունենան: Եթե իմ որոշելով լիներ, ես թվաբանության ուսուցումը կհանեի առաջինից վեցերորդ դասարանների ուսպլանից: Ես կթույլատրեի երեխաներին ինքնաշեն նկարված թղթադրամներով առք ու վաճառքի գործառույթների մեջ վարժվել՝ գումարելով գնված ապրանքների գները, և հանում կատարելով՝ որոշել փողի մնացորդը: Չէ՞ որ 11 տարեկան երեխայի համար թվաբանությունն իրական կյանքում միայն այդ իրավիճակում է պետք գալիս:

Կարծում եմ, որ անիմաստ է ութ տարի շարունակ երեխաներին սովորեցնել թվաբանական գործողություններ կատարել հիմնական դպրոցում: Արդյո՞ք տաս տարեկան երեխային կարիք կա իմանալու երկար կամ սյունակով բաժանման գիտելիքը: Թվաբանության ամբողջ նյութը կարելի է հետաձգել մինչև յոթերորդ դասարանը, որից հետո երկու տարում ցանկացած նորմալ երեխա կկարողանա յուրացնել այն:

Նամակը գրելուց հետո որոշեցի, որ եթե իրապես հավատում եմ սրան, ապա կթերանամ իմ աշխատանքում, եթե գործնականում դա չկիրառեմ: Այդ ժամանակ ես արդեն հինգ տարի Մանչեսթերի դպրոցների տեսուչն էի և արդեն ինձ խիստ քննադատության էին ենթարկել, որովհետև ես առաջին երկու ուսումնական տարիների ընթացքում, ինչպես նաև երրորդ ուսումնական տարվա առաջին կեսում, թվաբանությունը դուրս էի թողել ուսումնական պլանից: 1924 թվականին սովորողների թիվը առաջին դասարանում 20%-ով ավելի մեծ էր քան երկրորդում, որովհետև սովորողների մեկ հինգերորդ մասը չէր կարողանում բավարարել երկրորդ դասարան տեղափոխվելու համար թվաբանության պահանջներին և ստիպված էին կրկնել ուսումնական տարին: Մինչև 1929 թվականը առաջին դասարանում սովորողների ներգրավվածությունը ավելի մեծ չէր քան երրորդում:

Միևնույն ժամանակ, ինձ վհատություն էր պատճառում միջին կարողություններով սովորողի անգլերենի գործածման անկարողությունը: Եթե երեխաները ինքնատիպ մտքեր էին ունենում, նրանք չէին կարողանում հասկանալի կերպով վերարտադրել դրանք անգլերեն: Մի օր ես մի ութերորդ դասարան մտա սղագրողի հետ, որը պետ է բառ առ բառ գրի առներ իմ հարցերին տրված երեխաների պատասխանները: Ես փորձում էի հասնել այն բանին, որ երեխաներն իրենց բառերով ասեին ինձ, որ եթե մենք նույն համարիչով երկու կոտորակ ունենք, ապա ավելի փոքր հայտարար ունեցող կոտորակն է մեծը: Ես մեջբերում եմ բնորոշ պատասխաններ առանց խմբագրման:

  •  «կոտորակի մեջ փոքր թիվը միշտ ամենամեծն է»:
  • «Եթե համարիչները երկուսն էլնույնն են, իսկ հայտարարները մեկը ավելի փոքր է քան մեկը, մեկը, որը փոքր է ավելի մեծ է››:
  • «Եթե մի բան ունենայիր և կտրեիր այն ու բաժանեիր երկու կտորների, ավելի փոքր կտորը ավելի մեծն է: Ես նկատի ունեմ այն որը կարող էիր բաժանել ավելի քիչ թվով կտորների ավելի մեծ կտորներն են»:
  • «Հայտարարը որը ամենափոքրն է ամենամեծն է»:
  • «Եթե երկու համարիչներն էլ նույն թվերն են, ավելի փոքր հայտարարը ամենամեծն է – ավելի մեծը երկուսից»:
  • «Եթե ունեք երկու կոտորակ և մի կոտորակը ունի ամենափոքր թիվը ներքևի մասում: Այն կտրվում է մասերի և մեկը ունենում է ավելի շատ մասեր: Եթե երկու կոտորակները հավասար են, ներքևի թիվը ավելի փոքր էր քան մյուս կոտորակինը: Ամենափոքրը ունի ամենամեծ թվով մասեր, ապա կունենար ամենաքիչ թվով մասեր, բայց նրանք ավելի մեծ կտորներ կլինեին քան այն մեկը, որը բաժանել էին ավելի շատ կտորների»:

Սովորական ոչ մասնագետը կկարծի, որ սա հատուկ ընտրված սակավամիտ երեխաների խումբ է, բայց ես վստահեցնում եմ ձեզ, որ մտքերն անգլերեն ձևակերպելու նման կարողությունը բնորոշ է ամբողջ երկրի ցանկացած մասի տասնչորսամյա երեխաներին: Խնդիրն այստեղ երեխաներինը կամ ուսուցչինը չէ. խնդիրն ուսումնական ծրագրի հետ է կապված: Եթե դասընթացի ծրագիրը պահանջում էր, որ երեխաները լավ յուրացնեին սյունակով երկար բաժանումը նախքան չորրորդ դասարանը ավարտելը, իսկ կոտորակների թեման էլ՝ նախքան հինգերորդ դասարանը վերջացնելը, ապա ուսուցիչը ստիպված էր լինում մեծ քանակի ժամեր ծախսել այդ աշխատանքի վրա՝ անտեսելով մտքերն անգելերեն ձևակերպելու-իմաստավորելու վարժանքը: Ես նույն գիտափորձն արել եմ Ինդիանայի նահանգի Վիսկոնսին քաղաքում և ունեցել եմ ճիշտ նույն արդյունքը, ինչը եղել էր Նյու Յորքի Հեմփշայերում:

1929 թվականի աշնանը ես որոշում կայացրեցի փորձարկել մինչև յոթերորդ դասարանը մաթեմատիկան ուսպլանից հանելու և երեխաներին ընթերցել, պատճառաբանել ու մտքերը արտաբերել սովորեցնելու գիտափորձը: «Արտաբերել» ասելով ես նկատի չունեի ուսուցչի ասածի, կամ էլ դասագրքում գրածի նույնությամբ վերարտադրելը: Ես նկատի ունեի անգլերեն խոսելը: Ընտրությամբ կազմեցի 5 դասարան. երրորդ դասարանցիներից բաղկացած երեք դասարան, մեկ դասարան՝ միավորելով երրորդ և չորրորդ դասարանցիներին, և մեկ դասարան՝ բաղկացած միայն հինգերորդ դասարանցիներից: Ես հարցրեցի ուսուցիչներին, թե արդյոք նրանք կցանկանային մասնակցել գիտափորձին: Նրանք երիտասարդ ուսուցիչներ էին՝ միջինը չորս տարվա աշխատանքային փորձառությամբ: Ուսուցիչների մանրազնին ընտրություն կատարեցի, բայց ավելի ուշադիր և մանրազնին էր դպրոցների իմ ընտրությունը: Ներգրավված չորս դպրոցներից երեքը գտնվում էին այն շրջաններում, որտեղ երեխաների ծնողների մայրենի լեզուն անգլերենը չէր: Ես գրություններ ուղարկեցի երեխաների ծնողներին՝ պատմելով պատմելով նրանց գիտափորձի մասին, որը պատրաստվում էի իրականացնել և խնդրեցի նրանց դիմել ինձ, եթե որևէ մեկը դեմ է այդ գիտափորձին: Ես ոչ մի բողոք չունեցա: Իհարկե, ես բավականին համոզված էի դրանում, երբ գրություններ էի ուղարկում նրանց: Եթե ես քաղաքի այլ դպրոցներ գնայի, որտեղ ծնողները ավագ դպրոցների կամ քոլեջների շրջանավարտներ էին, ես բողոքների հեղեղներ կունենայի և իմ գիտափորձը երբեք էլ չէր փորձարկվի: Ես մի քանի զրույց ունեցա ուսուցիչների հետ և նրանք ուսուցման նոր ծրագրին միացան խանդավառությամբ:

Այս նորաստեղծ դասարաններում երեխաներին խրախուսում էին մեծ չափի բանավոր ստեղծական աշխատանք կատարել: Նրանք զեկույցներ էին անում իրենց կարդացած գրքերի,  տեսած միջադեպերի, կատարած այցելությունների մասին: Նրանք պատմում էին իրենց տեսած կինոֆիլմերի մասին և հանպատրաստից պատմություններ էին հորինում: Կենսական լիցքեր էիր ստանում, երբ այցելում էիր այդ դասարաններից որևէ մեկը: Երջանիկ և ուրախ ոգի էր թևածում այնտեղ: Երեխաներն այլևս բազմապատկման աղյուսակը սերտելու կամ էլ սյունակով բաժանումը հաղթահարելու մաքառման լարվածության մեջ չէին: Նրանք լիովին բավականություն էին ստանում դպրոցում անցկացրած ժամերից:

Ութ ամիս անց ես մի սղագրողի հետ այցելեցի քաղաքի բոլոր չորրորդ դասարանները: Քանի որ մեզ մոտ կիսամյակային փոխադրումներ են, այն երեխաները, ովքեր երրորդ դասարանի ավարտական փուլում էին գիտափորձի սկզբին, այժմ արդեն չորրորդ դասարանի առաջին կեսում էին: Հակադրությունը ուշագրավ էր: Երբ ավանդական չորրորդ դասարաններում հարցրեցի, թե ինչ են իրենք կարդում, նրանք կարկամեցին, շփոթվեցին ու երկչոտեցին: Որևէ չորրորդ դասարանում ես մի եզակի երեխա չգտա, ով կարող էր ընդունել, որ կարդալու մեխք է գործել: Խոսք ասելու ոչ մի կամավոր չեղավ, և երբ փորձեցի նրանց հարկադրել խոսել, նրանք ոտքի կանգնեցին, գլուխները տարուբերեցին ու նորից նստեցին: Փորձարարական 4 չորրորդ դասարաններում նույնիսկ չմտածեցին էլ այն մասին, թե ինչ են իրենք կարդում: Յուրաքանչյուր դասարանում անմիջապես 10-12 ձեռք էր թափահարվում օդում, իսկ դեմքերն էլ ընկճված տեսք էին ընդունում, քանի որ մենք ժամանակ չունեինք լսելու իրենց:

Գիտափորձից առաջ մի քանի տարի շարունակ ես այն մտքին էի եղել, որ թվաբանության վաղ ներմուծումը բթացնում ու քնեցնում է երեխայի մտածելու ընդունակությունը: Թվաբանական մի խնդիր կար, որը ես ոչ թե մեկ այլ հարյուր անգամ էի փորձել վեցերորդ, յոթերորդ և ութերորդ դասարաններում: Ահա այդ խնդիրը. «Եթե ես կարող եմ քայլել հարյուր յարդ մեկ րոպեում (1 յարդը 91,44 սմ է), քանի՞ մղոն կարող եմ քայլել մեկ ժամում՝ պահպանելով իմ շարժման նույն արագությունը»: Քսանից տասնիննի դեպքում պատասխանը լինում է 6000 և, եթե ես ժպտալով համաձայնվեի, ամբողջ դասարանը ինքնագոհ շունչ կքաշեր: Բայց եթե ես ասեի. «Պարզ է: Դա նշանակում է, որ ես կկարողանայի այստեղից Սան Ֆրանցիսկո ոտքով գնալ և վերադառնալ մեկ ժամում»: Այս դեպքում անկասկած ծիծաղ է լսվում և երեխաներն էլ հիմարացած տեսք են ընդունում: Այդ պատճառով էլ գիտափորձով դասարանների ուսուցիչներին ասում էի, որ նրանք պետք է երեխաների հետ բարձրություններ, երկարություններ, տարածքների մեծություններ, տարածություններ և նման այլ բաներ չափելու շատ վարժանքներ անեն: Նման աշխատաոճի մեկ տարվա ուսումից հետո ես այցելեցի գիտափորձով դասարան, որն ուսումնական տարվա սկզբում կազմված էր եղել 3-րդ և 4-րդ դասարանցիների միավորումով: Տարվա վերջին նրանք արդեն 4-րդ և 5-րդ դասարանցիներ էին: Ես գրատախտակի վրա մոտավոր քարտեզ նկարեցի, որը պատկերում էր Օնթարիո լճի արևմտյան վերջնամասը, Էրի լճի արևելյան վերջնամասը և Նիագարա գետը: Ես հարցրեցի նրանց, թե ինչ է պատկերված և չզարմացա, երբ նրանք գուշակեցին պատկերված տեղանքը: Հետո ես գետի վրա երեք կետ նշեցի տառերով «Q», «NF» և «B». Նրանք անմիջապես առանց դժվարության հասկացան, որ NF-ը «Niagara Falls-Նիագարայի ջրվեժների»-ի հապավումն է (Նիագարան երեք իրար մոտ գտնվող ջրվեժ ունի), B-ն Բաֆըլլոու քաղաքի առաջին տառն է, բայց նրանց համար հանելուկային էր «Q» տառը: Մի քանիսը պնդեցին, որ դա Քվեբեքն, ուրիշներն այլ կարծիքի էին: Ի վերջո ես ասացի, որ դա Քուինզթաունն է (Queenstown): Հետո ես մեծ ջրվեժը հատող մի գիծ քաշեցի՝ ցույց տալով ջրվեժի վերևի մասի պինդ ու մեծ ժայռաբեկորը և դրա տակի քարազերծ մասը, որը ժամանակի ընթացքում մաշվում էր: Սովորողներն իրենք բացատրեցին, որ ժամանակի ընթացքում ջուրն այնքան է քշում տանում ներքևի փափուկ շերտերը, որ մի օր էլ մեծ ժայռաբեկորն է ընկնում և ջրվեժը, կարծես, հետ է շարժվում՝ հոսանքի հակառակ ուղղությամբ: Հետո ես հայտարարեցի, որ 1680 թվականին, երբ առաջին սպիտակամորթ մարդիկ տեսան ջրվեժը, այն գետի հոսանքի ուղղությամբ  այժմյան դիրքից 2500 ոտնաչափ ավելի ցած էր: Հետո հարցրեցի նրանց, թե ինչ արագությամբ է ջրվեժը շարժվում գետի հոսանքի հակառակ ուղղությամբ: Այս երեխաները, որ մի ամբողջ տարի թվաբանության ֆորմալ դասեր չէին ունեցել, բայց մտածելու վարժանքներ էին արել, ասացին ինձ, որ, եթե արդեն 250 է անցել այն ժամանակից, ինչ առաջին անգամ սպիտակամորթ մարդիկ տեսել են այդ ջրվեժը, ուրեմն ջրվեժը շարժվում է հոսանքի հակառակ ուղղությամբ տարեկան 10 ոտնաչափ արագությամբ: Հետո ես ակնարկեցի, որ գիտությունը պարզել է, որ իրականում ջրվեժը սկիզբ է առել Քուինզթաուն քաղաքի մոտից, որը 10 մղոն հոսանքն ի վար տարածքում է: Ես հարցրեցի, թե քանի տարի է, ինչ ջրվեժը նահանջում է: Նրանք պատասխանեցին, որ եթե 250 տարի է պահանջվել ջրվեժին կես մղոն տեղաշարժվելու համար, ուրեմն 500 տարում մեկ մղոն կշարժվեր, կամ էլ՝ 5000 տարի Քուինզթաունից մինչև ներկայիս դիրքը: Քարտեզն այնպես էի նկարել, որ Նիագարայի ջրվեժից մինչև Բաֆըլոու տարածությունը երկու անգամ ավելի երկար լիներ, քան Քուինզթաունից մինչև Նիագարայի ժրվեժը: Հետո ես հարցրեցի երեխաներին, թե արդյոք որևէ գաղափար ունեն, թե երբ ջրվեժը հետ գնալով կհասնի Բաֆըլոու քաղաքը և կցամաքեցնի դրա կողքի լիճը: Նրանք ասացին, որ դա հաջորդ 10000 տարիների ընթացքում չի լինի: Ես հարցրեցի նրանց, թե ինչպես նրանք գտան այդ պատասխանը և նրանք պատասխանեցին, որ Նիագարա ջրվեժից մինչև Բաֆըլոու 20 մղոն է, իսկ դա երկու անգամ ավելի շատ է, քան Քուինզթաունից մինչև Նիագարա ջրվեժը:

Այնպես պատահեց, որ գիտափորձով դասարանի հետ այդ հանդիպումից հետո ես այցելեցի Նյու Ինգլանդ շրջանի մի մեծ քաղաք իմ գործընկերներ հինգ տեսուչների հետ: Այդ շրջանի դպրոցների աշխատանքը վերահսկող տեսուչը հետաքրքրվեց իմ գիտափորձով դասարանի հետ այդ խնդրի լուծմամբ և առաջարկեց, որ ես նույն խնդիրը տամ իրենց դպրոցներից մեկի հինգերորդ դասարանցիներին: Ընտրվեց քաղաքի լավագույն ցուցադրական դպրոցը, ուր սովորաբար տանում են կրթությամբ հետաքրքրված քաղաքի այցելուներին: Այսպիսով, ես կանգնած էի այդ դպրոցի հինգերորդ դասարանի աշակերտների դիմաց: Փորձնական դասին հետևում էին նաև իմ գործընկեր տեսուչները որպես հանդիսատես: (Հաջորդում է այդ փորձնական դասի սղագրությունը:)

Հյուրընկալող տեսուչ. «Երեխաներ, կցանկանա՞ք, որ Նյու Հեմփշայերի Մանչեսթերի տեսուչ  Բենեզեթը մի քանի հարց տա ձեզ Նիագարայի ժրվեժի մասին»:

Երեխաները հաճույքով համաձայնվեցին:.

Պ-ն Բենեզեթ. (նկարելով մի քարտեզ գրատախտակին)«Երեխաներ, ի՞նչ եմ նկարել գրատախտակին»:

Երեխաներ. «Մեծ լճերը»:

Պ-ն Բ. «Լավ, ո՞ր լճերն են»:

Մի երեխա. «Օնտարիո լիճը և Էրի լիճը»:

Պ-ն Բ. «Լավ. ո՞ր գետն է սա»:

Մի երեխա. «Սուրբ Լոուրենս գետն է»:

Պ-ն Բ. «Դա, իրոք, ճիշտ է: Դա Սուրբ Լոուրենս գետն է: Բայց այստեղ այն ուրիշ անունով են կոչում: Այն կոչում են Նիագարա: Ի՞նչ գիտես Նիագարա գետի մասին»:

Մեկ ուրիշ երեխա. «Նիագարայի ջրվեժներն են այնտեղ»:

Մեկ ուրիշ երեխա. «Նիագարայի ջրվեժները կապված են Նիագարա գետի հետ»:

Պ-ն Բ. «Ինչպե՞ս են նրանք կապված»:

Մի երեխա. «Ջուրը ջրվեժներով թափվում է և լցվում է Նիագարա գետը»:

Պ-ն Բ. «Այո՛, ուժեղ է թափվում: Ձեզնից որևէ մեկը տեսել է Նիագարայի ջրվեժները»:

Երեքը ձեռք է բարձրացնում:

Պ-ն Բ. «Որքան է այդ ջրվեժների բարձրությունը: Որևէ գաղափար ունե՞ք դրանց մասին: Դրանք ավելի բա՞րձր են, քան այս սենյակը»:

Երեխաներ. «Այո» (կասկածանքով)

Պ-ն Բ. «Որքա՞ն է այս սենյակի բարձրությունը»:

Ամենուր սենյակների բարձրությունը 11-40 ոտնաչափ է (3,3-ից 12 մ): Սենյակի բարձրությունը  փաստորեն մոտ 16 ոտնաչափ է (4,8 մետր):  Այս ամենից հետո  ջրվեժների բարձրության հարցը ավելորդ եղավ:

Պ-ն Բ.  «Լավ, պետք չէ հիմա մտատանջվել, թե որքան է Նիագարայի ջրվեժների բարձրությունը: Այս քարտեզի վրա ես մի կետ եմ նշել և անվանել եմ այն “NF” և մեկ ուրիշ կետ էլ նշել եմ “B”. Ի՞նչ է նշանակում “NF”-ը:

Երեխաներ. «Նիագարայի ջրվեժներ».

Պ-ն Բ.  «Ի՞նչ է ցույց տալիս “B”-ն:

Մեկ ուրիշ երեխա. «Ծովախորշ»

Պ-ն Բ. «Ոչ, հիշեք, որ Նիագարա ֆոլզը ոչ միայ ջրվեժի անուն է, այլև՝ քաղաքի»:

Մի երեխա. «Բալթիմոր»

Երկար դադարից հետո սենյակի վերջում նստած հյուրընկալող տեսուչը ասաց, որ այդ քաղաքի անունը նաև կենդանու անուն է:

Մի երեխա. «Բաֆըլոու»

Պ-ն Բ.  «Այո’՚՚: Մեկ ուրիշ քաղաք էլ կա այստեղ, որը ես նշանակում եմ “Q” տառով, բայց այն Քվեբեքը չի: Դա Քուինզթաունն է: Մարդիկ, ովքեր մանրազնին  ուսումնասիրել են այս տեղանքը, պարզել են, որ ինչ-որ մի ժամանակ ջրվեժները եղել են Քուինզթաունի մոտ: Հիմա ինձ ասե’ք: Ի՞նչ եմ ուզում ասել, եթե ասեմ, որ ուզում եմ ցույց տալ ձեզ խնձորի կտրվածքը:

Դասարանը տարակուսած է:

Պ-ն Բ. «Ենթադրենք դանակով կիսում եք խնձորը: Ի՞նչ եմ ցույց տալիս ձեզ, եթե ձեռքում պահեմ խնձորի մի կեսը»:

Մի երեխա. «Խնձորի կեսը»:

Մեկ ուրիշ երեխա. «Խնձորի միջուկը»:

Երրորդ երեխա. «Խնձորի ներսը»:

Պ-ն Բ. «Ասացեք ինձ, արդյոք «կտրվածք»-ը նոր բառը է ձեր մեծամասնության համար»:

Բոլորը միասին. «Ո՚՚’չ»

Պ-ն Բ. ‹‹Լավ, խնձորի կտրվածքը նշանակում է խնձորը մեջտեղից կտրած վիճակում. Ինչու՞ ես ասացի դա ձեզ››:

Միևնույն ժամանակ նա Նիագարայի ջրվեժի կտրվածքն է գծում գրատախտակին:

Մի երեխա. ‹‹Որովհետև դա ջրվեժի կտրվածքն է››:

Պ-ն Բենեզեթը հիմա ցույց է տալիս ջրի տակի երկու տեսակի ապարները և հարցնում է, թե որն է ավելի ամուր: Նրանք ի վերջո գտան, որ վերևի ապարը ավելի ամուր է: Հետո նա բացատրում է, թե ինչպես է ներքևի փափուկ ապարը աստիճանաբար քշվում ջրի շփումից և գալիս է մի պահ, երբ վերևի ապարը օդում, կարծես, կախված է և ծանրության ուժից ընկնում է ցած: Այդ պատճառով է, որ ջրվեժը հետ է գնացել մոտ 10 ոտնաչափ:

Պ-ն Բ. ‹‹Երբ սպիթակամորթ մարդիկ առաջին անգամ տեսան ջրվեժները 1680 թվականին (նա այդ թվականը գրում է գրատախտակին), ջրվեժներն այդ ժամանակ գետի հոսանքի ուղղությամբ ավելի ներքև էին, նրանց այժմյան դիրքը և հաշվարկված է, որ այդ ժամանակվանից ի վեր ջրվեժները հետ են գնացել գետի հոսանքի հակառակ ուղղությամբ մոտավորապես 2500 ոտնաչափ: Որքա՞ն ժամանակ առաջ էր, երբ սպիտակամորթները առաջին անգամ տեսան ջրվեժները:

Մի երեխա. ‹‹Չորս հարյուր տարի››:

Մեկ ուրիշ երեխա. ‹‹Երկու հարյուր տարի››:

Երրորդ երեխա. ‹‹Երեք հարյուր տարի››:

Կռահումների սահմանները տատանվում էին 110-ից 450 տարի: Մի տղա ասում է, որ դա այն ժամանակ էր, երբ Կոլոմբոսը նավով Ամերիկա եկավ: Մեկ ուրիշն էլ ասում է, որ դա ուխտագնացների և պուրիտանների ժամանակաշրջանում էր:

Պ-ն Բ. ‹‹Դե, ինչպե՞ս ենք գտնելու պատասխանը››:

Որոշ ժամանակ ընդհանուր շփոթվածություն տիրեց:

Մի երեխա. ‹‹1680-ից հանենք այժմյան թվականը՝ 1930››:

Պ-ն Բ. ‹‹Հրաշալի է››:

Նա գրատախտակին գրում է.

1680

1930

Պ-ն Բ. ‹‹Հիմա նայք այս գրածին և առանց հանելու ասեք, թե քանի տարի էր տարբերությունը: Տեսեք, թե արդյոք կարող եք հանում կատարել՝ թիվ առ թիվ››

Պետք է նշել, որ ոչ մի երեխա ուշադրություն չդարձրեց այդ թվերի սխալ տեղերի վրա: Նրանք միայն կռահում են՝ 350 տարի, 200 տարի, 400 տարի:

Պ-ն Բ. ‹‹Լավ, եկեք հանենք թիվ առ թիվ››:

Մի երեխա. ‹‹0-ն հանած 0-ից հավասար է 0: 8-ից հանած 3 հավասար է 5: 6-ից հանած 9 հավասար է 3: Պատասխանը երեք հարյուր հիսուն է››:

Պ-ն Բ. ‹‹Ովքե՞ր են կարծում, որ 350-ը ճիշտ պատասխանն է››:

Աշակերտների մոտ երկու երրորդը ձեռք է բարձրացնում: Ի վերջո երկու երեք աշակերտ կարծում է, որ դա սխալ է:

Պ-ն Բ. ‹‹Շատ լավ, ուղղի՛ր››:

Մի երեխա. ‹‹Պետք էր 16-ից հանել 9, որը հավասար կլիներ 7››:

Պ-ն Բենեզեթը գրում է 750-ը որպես պատասխան: Երբ նա հարցրեց, թե քանիսն են մտածում, որ դա է ճիշտ պատասխանը, գործնականում բոլորը ձեռք բարձրացրեցին: Մինչև այս պահը տեղական հյուրընկալող տեսուչը հուսահատ բարկությունից ետ ու առաջ էր անում դռան մոտ, մերթ ընդ մերթ էլ հուսահատությունից ձեռքերը վեր էր բարձրացնում, որ իրենց մրցանակակիր աշակերտները այդպես են իրենց դրսևորում: Որոշ ժամանակ անց, քանի որ պ-ն Բենեզեթը շփոթված տեսք ուներ, երեխաներն էլ աստիճանաբար կորցրեցին ինքնավստահությունը: Ի վերջո, Էլսի Միլլեր անունով մի փոքրիկ աղջիկ գալիս է գրատախտակի մոտ, շրջում է թվերը, կատարում հանում և ասում է, որ պատասխանը 250 տարի է:

Պ-ն Բ. ‹‹Շատ լավ, եթե ջրվեժները 250 տարվա ընթացքում նահանջել են 2500 ոտնաչափ, ապա մեկ տարվա ընթացքում քանի՞ ոտնաչափ են նրանք գետն ի վեր շարժվել››:

Մի երեխա. ‹‹Երկու ոտնաչափ››:

Պ-ն Բենեզեթը ցույց է տալիս , որ լիովին բավարարված է և հարցնում է, թե քանիսն են համաձայն այդ պատասխանի հետ:

Գործնականում ամբողջ դասարանը նորից ձեռք է բարձրացնում:

Պ-ն Բ. ‹‹Որևէ մեկը ունի՞ այլ պատասխան››:

Մի երեխա. ‹‹Ութ ոտնաչափ››:

Մեկ ուրիշ երեխա. ‹‹Քսան ոտնաչափ››:

Ի վերջո Էլսի Միլլերը նորից վեր է կենում և ասում, որ պատասխանը 10 ոտնաչափ է:

Պ-ն Բ. ‹‹Ի՞նչ, տաս ոտնաչա՞փ››(մեծ զարմանք արտահայտելով):

Ամբողջ դասարանը սկսեց ծիծաղել: Էլսի Միլլերը պնդում է իր պատասխանը և պ-ն Բենեզեթը ասում է նրան գալ գրատախտակի մոտ և ապացուցել իր պատասխանը: Նա ասում է, որ տարօրինակ է, որ Էլսի Միլլերը այդքան համառն է, երբ բոլորը նրա դեմ են: Նա, ի վերջո, ապացուցում է իր տեսակետը և պ-ն Բենեզեթը ընդունում է այն և ասում, որ բոլոր մնացած աշակերտները սխալ են:

Պ-ն Բ. ‹‹Մի մղոնի որքան մասն է ջրվեժը հետ շարժվել 250 տարվա ընթացքում››:

Երեխաները կռահում են. ‹‹3/2, 3/4, 2/3, 1/20, 7,8›› – ամեն ինչ բացի 1/2-ից: Դասի ավարտի զանգը տալիս է:

Պետք նշել, որ տեղական տեսուչը մի փոքր հուշում կատարեց սկզբում, որը չարվեց Մանչեսթերի երեխաներին, երբ ասվեց ‹‹Նիագարայի ջրվեժներ››: Նրանք նախապատրաստված էին, որ ճանաչեին իմ քարտեզը: Մանչեսթերի երեխաները, որոնք չէին սովորել բազմապատկման աղյուսակներ, բայց շատ էին խոսել տարածությունների և չափսերի մասին, միանգամից հասկացան, որ 2500 ոտնաչափը մոտավորապես կես մղոն է, մինչդեռ, ավելի մեծ քաղաքի երեխաները, որոնք նոր էին սերտել բազմապատկման աղյուսակը, քիչ գաղափար ունեին տարածության մասին:

Ես այնքան էի հիացած գիտափորձի հաջողությամբ, որ 1930-ի աշնանը մենք 6-7 նոր գիտափորձով դասարաններ բացեցինք:

Մի օր էլ ես անգլերեն արտահայտվելու գիտափորձ արեցի: 7-բ դասարանի առջև կախեցի Ֆրեդերիք Վոգի մի նկարի կրկնօրինակը, որտեղ բաց ծովում լողում էր մի փոքրիկ սառցաբեկոր, որի վրա մի բևեռային սպիտակ արջ էր նստած: Սկզբում գիտափորձն արեցի ավանդական ուսումնական պլանով ու առարկայական ծրագրերով սովորող երեխաների հետ: Այդ դասարանում սովորողների գերակշիռ մասի համար անգլերենը մայրենի լեզու էր: Ես խնդրեցի երեխաներին գրեն այն, ինչ զգում են և ինչն իրենց ոգեշնչում է, երբ նայում են նկարին: Երեք քառորդ ժամ հետո ես այդ նույն նկարը կախեցի մեկ ուրիշ՝ գիտափորձով 7-բ դասարանի առջև, որտեղ միայն 3 երեխայի համար էր անգլերենը մայրենի լեզու: Հետո ես կանչեցի քաղաքի դպրոցների 7-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչներին և նրանց համար բարձրաձայն կարդացի նախ մի դասարանի 10 ամենալավ գրավոր աշխատանքները, իսկ հետո՝ մյուս դասարանի 10 ամենալավ աշխատանքները: Ես հարցրեցի նրանց, թե արդյոք նրանք զգացին տարբերությունը: Մի ուսուցիչ ակնարկեց, որ մի խումբը մյուսից մոտ մեկ ու կեսից երկու տարի ավելի առաջ է արտահայտվելու հասունությամբ քան մյուսը և բոլորն էլ համաձայնվեցին այդ պնդման հետ: Ես ասացի ուսուցիչներին. ‹‹Եթե ասեմ ձեզ, որ մի խումբը ‹‹A›› դպրոցից է, իսկ մյուսը՝ ‹‹B››, ի՞նչ եք կարծում, որ դպրոցի աշակերտներն են ավելի լավ գրել››: Նրանք ասացին. ‹‹Անկասկած ‹‹A›› դպրոցի երեխաները, ում ծնողները տանը անգլերեն են խոսում››:

«Ոչ, այդպես չէ, հենց հակառակը››, ասացի ես, և անվստահության ու անհավատության շշուկներ լսվեցին: Հետո մենք վերլուծեցինք գրավոր աշխատանքները և հաշվեցինք ավանդական ուսուցմամբ աշակերտների օգտագործած ածականները: Օգտագործված էր քառասուն ածական. սիրուն, լավ, կապույտ, կանաչ, ցուրտ, սառը և այլն: Հետո մենք հաշվեցինք մյուս խմբի օգտագործած ածականները և մենք գտանք 128 ածական, որոնք ներառում էին այնպիսիները, ինչպիսիք են՝ հոյակապ, ապշեցուցիչ, ոգեշնչող, եզակի, փառահեղ և այլն: Փոքրիկ հույները, հայերը, լեհերը, ֆրանսիացի-կանադացիները շատ էին առաջ անցել իրենց անգլիախոս հակառակորդներից:

Հաջորդը մի նմանատիպ թեստ էր: Ես միևնույն բնանկարը (գետ Մանչեսթերի մոտ) կախեցի 10 հինգերորդ դասարաններում: Նրանց հինգը ավանդական դասարաններ էին, իսկ մյուս հինգը՝ գիտափորձային: Նույն պատմությունը եղավ: Գիտափորձով դասարանները գերազանցեցին իրենց արտահայտվելու սահունությամբ: Գիտափորձով ուսուցմամբ երեխաները այնպիսի բառեր էին օգտագործել, որ մյուսները նույնիսկ չէին էլ լսել: Գիտափորձով ուսուցմամբ ամենավատ ուղղագրությամբ գրավորը ավելի քիչ ուղղագրական սխալներ ուներ, քան ամենալավ ավանդական ուսուցմամբ սովորողը: Ամենազարմանալին այն էր, որ 5-րդ դասարանի առաջին ուսումնական շրջանում սովորող գիտափորձով երեխաները, ովքեր մաթեմատիկա չէին սովորում, ավելի լավ արդյունք ցույց տվեցին քան ավանդական 5-րդ դասարանի սովորողները, ովքեր ավարտական ուսումնական շրջանում էին:

Այժմ արդեն պատրաստ էինք իրականացնելու ավելի մեծ ծավալի գիտափորձ: Մինչև 1932 թվականի աշունը Մանչեսթերի դպրոցների երրորդ, չորրորդ և հինգերորդ դասարանների մոտ կեսը արդեն նոր ուսումնական պլանով էր աշխատում: Դպրոցների տնօրեններից մի քանիսը կասկածամիտ էին և խնդրեցին թվաբանության ֆորմալ ուսուցումը հետաձգել մինչև վեցերորդ դասարանի սկիզբը՝ յոթերորդի փոխարեն: Չորս դպրոցի թույլատրվեց սկսել օգտագործել թվաբանության դասագիրքը 6-րդ դասարանի երկրորդ ուսումնական շրջանում, որը պայմանականորեն անվանվում է 6-B դասարան:

Բոստոնի համալսարանի պրոֆեսոր Գայ Ուիլսոնը թույլտվություն խնդրեց մեր կրթական ծրագրի զննում իրականացնել: Մեր ավագ դպրոցի ուսուցիչներից մեկը Բոստոնի համալսարանի մագիստրատուրայում էր սովորում և Գայ Ուլյամսը նրան հանձնարարություն տվեց պարբերաբար, ուստարվա ընթացքում, թվաբանության ստուգողական աշխատանքներ տալ Մանչեսթերի դպրոցների 200 վեցերորդ դասարանցիների: Այդ 200 թիվը արդար բաժանված էր 98 գիտափորձով աշակերտների և 102՝ ավանդական: Նրանք քաղաքի բոլոր վեցերորդցիներն էին: Նրանց կեսը թվաբանություն չէր անցել մինչև վեցերորդ դասարանի սկիզբը, իսկ մյուս կեսը թվաբանության առարկայական ծրագրով ուսում էր ստացել երրորդ դասարանի սկզբից: Ինչպես և սպասվում էր, առաջին ստուգողական աշխատանքները ավելի լավ կատարեցին ավանդական կրթություն ստացողները, քանի որ ստուգվում էին թվաբանական չորս գործողություններ կատարելու հմտությունները: Ապրիլին արդեն բոլոր դասարաններն իրենց արդյունքներով հավասարվեցին, իսկ երբ հունիսին տրվեց վերջին ստուգողականը, ամենաբարձր արդյունքը քաղաքում գիտափորձով մի դասարանինն էր: Այլ կերպ ասած, այս երեխաները՝ շրջանցելով թվաբանական գործողություններ կատարելու սկզբնական վարժանքը, կարողացան մեկ տարվա ընթացքում հասնել 6-րդ դասարանի ավարտական մակարդակին, որին ավանդական ուսումնական պլանով սովորողները հասնում են երեք ու կես տարվա թվաբանական  վարժանքների ընթացքում:

 

Մեկնարկին հետևում է ընթացքը

Պատմեին, չէի հավատա:

Երեկ ներկայացրեցի Արևմտյան դպրոցի ուսումնական ստուգատեսային ճամբարի տարատարիք ջոկատների գործունեության մեկնարկը: Այսօր նորից Արևմտյան դպրոցում եմ և հետևում եմ նախագծերի իրականացման ընթացքին: Որքան էլ ինձ պատմեին, չէի հավատա ու զգա այն ամենը, ինչի ականատեսը եղա այսօր:

Եթե ինձ ասեին, որ հինգերորդ դասարանցին կարդում է կենդանիների մասին հանրագիտարանը, բարդ լեզվով ու անհարկի մանրամասնություններով գրված տեքստից քաղում է իր համար հետաքրքիր միտքը և պարզ ռուսերենով շարադրում իր բլոգում, չէի հավատա: Բայց ես տեսա՝ Էդուարդ Սարգսյանի և Հայկ Ղազարյանի աշխատանքի ականատեսը եղա: Տեսա նաև, թե ինչպես են Լուզիա Եղիազարյանը և Անահիտ Թովմասյանը ռուսերեն կենդանիների մասին երաժշտական մուլտֆիլմի թարգմանությունն անում:

20180109_10581320180109_105826

Դպրոցի մեդիահարթակում հավաքվել էր Արմինե Աբրահամյանի ընթերցասեր-ստեղծագործողների ջոկատը: Երբ վարագույրը մի կողմ քաշեցի ու ներս մտա, ինձ համար անսովոր տեսարան էր: Դասավանդողը լուռ հետևում էր, թե ինչպես է սովորող Հայկ Նահապետյանը իր ընկերներին համակարգչային նոր ծրագիր սովորեցնում: Ծրագիրը կոչվում է Playbuzz, որը, կարծում եմ, օգտակար կլինի նաև ուսուցիչներին, քանի որ այդ ծրագրով կազմում են ուսումնական առաջադրանքներ, թեստեր: «Հայկ, դիմացդ սովորողներ են նստած, որոնք չգիտեն այդ ծրագիրը: Մի քիչ դանդաղ ու ավելի մանրամասն բացատրիր», լսվում է Արմինեի ձայնը: Որքան լուրջ էին հետևում Հայկի բացատրություններին: Շատ ու շատ դասավանդողներ կուզենային այդպիսի լսարան ունենալ:

file1-2   file2-2

Իսկ հարևանությամբ Զառա Ոսկանյանի տեխնոլոգիայի կաբինետն է, որտեղ աշխատում է տեխնոլոգիական ջոկատը: Այո՚ նրանք աշխատում են բառի առաջնային ոչ փոխաբերական իմաստով. առաջին դասարանցիների համար գունավոր տառախաղ են ստեղծում: Մի ժամից նրանք հյուր են գնալու Աշխեն Թադևոսյանի առաջին դասարանցիներին՝ իրենց հետ տանելով նորաստեղծ տառերը: Փոքրիկները կարող են տառերը կողք-կողքի շարելով՝ բառեր ու նախադասություններ գրել սեղանի վրա:

IMG_0354 Без названия (1)

Սոնա Փափազյանը հավատարիմ է իրենց «ազգագրական ավանդական խաղեր» նախագծին: Իրենց հերթական ծիսական խաղի համար տարեգաթա են թխում:

20180109_113402

 

Շատ էի ուզում տեսնել, թե ինչպես է Գրետա Բակունցը մաթեմատիկան համակցում խոհանոցին:  Կարելի է ապրել այնպես, որ երբեք չառնչվել մաթեմատիկային: Կարելի է ապրել այնպես, որ ամենուր առնչվել մաթեմատիկային: Գրետա Բակունցը ապրելու երկրորդ ձևն է սովորեցնում իր ջոկատի անդամներին: Այսօր նրանք վերցրել են մրգային աղցանի բաղադրատոմսը և իրենց մաթեմատիկայի ուսուցչի հետ խանութ են գնացել: Ի՞նչ արժե տանձի, բանանի, խնձորի և նարինջի մեկ կիլոգրամը: Իսկ ի՞նչ կարժենա բանանի 200 գրամը, խնձորի 250 գրամը և որքա՞ն պետք է վճարել դրանց համար: Կյանքում հանդիպող, ոչ դասագրքային մաթեմատիկայի իսկական խնդիրներ, որոնք լուծում են պահանջում ոտքի վրա:

20180109_095544    Без названия

Զարմանալի ուսումնական ճամբար է Արևմտյան դպրոցում:

Արևմտյան դպրոցի ուսումնական ստուգատեսային ճամբարի նախագծային տարատարիք ջոկատները. հունվարի 8

 

26175644_1536344963101540_230752233_n

Ստեղծածով սովորածը միշտ սովորողի հետ է:

Տրված է  ձմեռային ուսումնական ստուգատեսային ճամբարի մեկնարկը կրթահամալիրի բոլոր դպրոցներում: Այսօր եղել եմ կրթահամալիրի Արևմտյան դպրոցում:

Սկսել են գործել Սոնա Փափազյանի հայրենագետների, Շուշան Ալեքսանյանի բնագետների, Զառա Ոսկանյանի տեխնոլոգիական, Գրետա Բակունցի մաթեմատիկների, Լիլիթ Հայկազունու և Էլինա Սիմոնյանի թարգմանիչների և Արմինե Աբրահամյանի ստեղծագործողների ջոկատները:

Ինձ համար բնական էր, որ առաջինը հետաքրքրվեցի թարգմանիչների ջոկատի գործունեությամբ: Հետաքրքիր ճամբարային նախագիծ է սկսել Լիլիթ Հայկազունին. «Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթները հայերեն կարդալը և հեշտացված անգլերենով ներկայացնելը»:

Էլինա Սիմոնյանի բլոգում, կարդում ենք նույն ջոկատի ռուսերեն թարգմանական նախագծերի մասին: Ուշադրության է արժանի «В мире животных» նախագիծը, որը և հետազոտական է և թարգմանական:

Մաթեմատիկների ջոկատի խոհարարական նախագիծը:  

Նախագծի բովանդակությունից երևում է, որ Գրետա Բակունցը համառորեն ուզում է մաթեմատիկայի ուսուցումը իրական կյանքի հետ կապել:  Իրոք, կոտորակների գաղափարի ամենատեսանելի բացատրությունը խոհանոցում է՝ նոր թխած կլոր գաթան կտրատելիս:

Շուշան Ալեքսանյանի բնագիտական ջոկատի գործունեությունը համապատասխանում է ջոկատի անվանը. կենդանիների խնամք ագարակում, բույսերի և դրանց թաղարների խնամք և’ իրենց Արևմտյան դպրոցում և’ Քոլեջում՝ Շողիկ Պողոսյանի ջերմոց լաբորատորիայում:

Սոնա Փափազյանն իր բլոգում հայրենագետների ջոկատն անվանել է «հայրենագետ-հետախույզների» ջոկատ:  Ջոկատի առաջիկա օրերի առանցքային նախագիծը «Ազգային և ավանդական խաղերն» է:

Բազմազան է Զառա Ոսկանյանի տեխնոլոգիական ջոկատի գործունեության ցանկը: Ահա այդ ցանկից մի օրինակ. «-«2800 խնդրով Երևան» խնդրագիրք. երևանյան տեղային և ընդհանուր, փոքր ու մեծ խնդիրները. նկարագրություն-ուսումնասիրություն, լուծման առաջարկություն-փորձ, լուծում»:

Խոստումնալից ու հետաքրքիր նպատակ է դրել Արմինե Աբրահամյանը իր ստեղծագործողների ջոկատի առջև. «Մայրենի լեզվի լաբորատորիա -ընթերցասրահի ստեղծման, ձևավորման աշխատանքներ»:

Բոլոր ջոկատների թվարկված նախագծերի բնույթն ու էությունը մի բան ստեղծելն է: Սերտածը շատ շուտ մոռացվում է, բայց ստեղծածով սովորածը միշտ սովորողի հետ է: