Just another WordPress.com site

Archive for July, 2020

Ինչու՞ եմ միացել մասնագիտական զարգացման «Դպիր» խմբին

«Դպիր» էլեկտրոնային մանկավարժական ամսագիրը մեր կրթահամալիրի հեղինակային մանկավարժության տարածման լուրջ հարթակ է:

Միացել եմ այս խմբին, որովհետև սիրում եմ «Դպիրը» և ուզում եմ մասնագիտական առումով այն ավելի լավը տեսնել:

Իմ աշխատանքը խմբում.

  1. Մի որևէ մանկավարժական կարևոր հարց ուսումնասիրել անգլիալեզու հրապարակումներում և ուսումնասիրության հիման վրա նշված հարցը լուսաբանող հոդված ստեղծել:
  2. Իրականացնել կրթահամալիրի դասավանդողների հաջողված հոդվածների թարգմանությունը անգլերեն:
  3. Խմբագրել այլ դասավանդողների հայերենից անգլերեն թարգմանությունները, ինչպես նաև՝ անգլերեն գրված հոդվածները:

Ինչպե՞ս ավելի լավը դարձնել Դպիրը

  1. Ինչպես աշխարհի բոլոր ամսագրերի բոլոր հոդվածները, Դպիրի յուրաքանչյուր հոդված պետք է ունենա հրապարակման երևացող տարեթիվը, ամսաթիվը: Ոչինչ չի ասում ընթերցողին 7 (155) թվերը: Միգուցե դա արդեն հնացած հոդված է:  Ընթերցողի համար շատ կարևոր է հոդվածի թարմ լինելը:
  2. Երբ այլոց փորձի ուսումնասիրություն եմ անում, շատ անգլիալեզու հոդվածներ եմ կարդում և երբեք չեմ հանդիպում մի որևէ հղում հոդվածի մեջ: Մեր հոդվածներում չափազանց շատ են հղումները: Եթե ընթերցողը բացի այդ բոլոր հղումները, դիտի բոլոր տեսաֆիլմերը, կարդա լրացուցիչ նյութերը, նախագծերի տեքստերը, կձանձրանա և կմոռանա, թե ինչ կարևոր հարց էր բարձրացնում հոդվածը, կկորցնի հետաքրքրությունը առաջարկվող մեթոդական մշակման վերաբերյալ:

Առաջարկում եմ բոլոր կարևոր հղումները իրենց վերնագրերով ներկայացնել       հոդվածի վերջում: Իսկ հոդվածը շարադրել որքան հնարավոր է մատչելի: Միշտ մտածել այն մասին, որ ընթերցողն առաջին անգամ է իրազեկվում մեր կրթահամալիրի, կրթահամալիրի հեղինակային մանկավարժության մասին:

 Ինչպե՞ս ավելի ճանաչելի դարձնել Դպիրը և ինչպե՞ս ավելի լավ տարածել մեր հեղինակային մանկավարժական փորձը    

Առաջարկում եմ ստեղծել «Դպիր» մանկավարժական ամսագրի առանձին անգլերեն կայքը, որպես առանձին անգլիալեզու մանկավարժական կայք:

Երբ Դպիրում հրապարակված մի որևէ հայերեն հոդվածի անուն գրենք և Google-ի որոնման տիրույթում հրահանգ տանք, հավանականությունը մեծ է, որ որոնումը կբերի մեր հոդվածի դպիրյան հղումը: Հավանականությունը շատ ավելի քիչ է անգլերեն էջի հրապարակումների դեպքում: Պատճառն այն է, որ Դպիրի անգլերեն էջի հրապարակումները կարդալու համար նախ պետք է հայերեն իմանալ: Պետք է կարողանալ հայերեն կարդալ «Դպիր» բառը, ինչ-որ կերպ կռահել, որ դա մանկավարժական ամսագիր է և ինչ-որ զգայարանով կռահել, որ այդ ամսագիրն ունի նաև անգլերեն էջ, նպատակաուղղված որոնել և գտնել այդ էջը:

 

Օտար լեզուների առարկայական նոր չափորոշիչների և ծրագրերի մասին

Օտար լեզվի առարկայական նոր չափորոշիչները և ծրագրերը

2010 թվականի սեպտեմբերին Եվրոխորհրդի ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի հրավերով Ավստրիայի Գրաց քաղաքում մասնակցեցի «Սովորողների գրավոր խոսքի գնահատումը» միջազգային բանաժողովին, որին մասնակցում էին Եվրոպայի 30 երկրների անգլերենի առաջատար ուսուցիչներ: Աշխատանքային սեմինարների ընթացքում մշակեցինք հանրակրթական դպրոցի տարրական դասարանների գրավոր խոսքին վերաբերող չափորոշիչներ: Սեմինարավարը խորհուրդ տվեց մեզ տուն վերադառնալուն պես նույն ոգով շարունակել այդ աշխատանքը հանրակրթության բոլոր երեք աստիճանների համար՝ հաշվի առնելով խոսքային գործունեության չորս բաղադրիչները՝ ընթերցելով հասկանալը,  լսելով հասկանալը, խոսելը և գրելը:

Մոտ 2-3 ամիսների ինտենսիվ աշխատանքի արդյունքում 2011-ի Դպիրյան մի համարում հրապարակվեց իմ «Անգլերեն սովորողներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջներ» վերնագրով ծավալուն աշխատանքը, որը փաստորեն Հայաստանում «օտար լեզու» ոլորտի՝ տվյալ դեպքում անգլերենի, առաջին  հանրակրթական եռաստիճան  չափորոշիչներն էին ըստ լեզուների իմացության (իրազեկության) համաեվրոպական համակարգի սանդղակների`A1, A2, B1, B2, C1 և C2: Իմ մշակած չափորոշիչները վերջանում էին B1 մակարդակով, քանի որ Հայաստանում հանրակրթության օտար լեզվի իմացության մակարդակը միշտ էլ սահմանվել է B1-ը:

Արդեն երրորդ օրն է, ինչ ուսումնասիրում եմ «Օտար լեզվի առարկայական նոր չափորոշիչները և ծրագրերը» և խորապես գիտակցում եմ այն հսկայածավալ աշխատանքը, որն իրականացրել է հեղինակը (կամ ստեղծագործական խումբը):  Անընդունելի է մի կես ժամով աչքի անցկացնել ամիսներ և, միգուցե, տարիներ տևած աշխատանքը, թվացյալ մի սխալ միտք գտնել ու քննադատել այն՝ այդպիսով սին պատրանք ստեղծել, թե դու ավելի լավ ես պատկերացնում ամեն ինչ:

Ի տարբերություն այլ ուսումնական առարկաների, օտար լեզուների առարկայական չափորոշիչների և ծրագրերի համար հիմք է հանդիսացել Լեզուների իմացության համաեվրոպական համակարգը, որը մշակել են Եվրոխորհրդի լավագույն գործող մասնագետները: Այդ պատճառով էլ որակային առումով ընդունելի է:

Կառուցվածքը սկզբունքորեն նոր է՝ տրամաբանական զարգացումներով.

  1. Օտար լեզու դասավանդման նպատակը և խնդիրները
  2. Նպատակի ու խնդիրների ձևակերպումներից հետո ինձ համար նորություն էր ո՚չ թե լեզվական կարողությունների շարադրանքը, այլ այն կարողունակությունների ձևակերպումները, որոնց ձևավորմանն են միտված լինելու օտար լեզվի դասընթացները: Այսինքն՝ օտար լեզվի դասագրքերի բովանդակային հանձնարարականներ են տրվում: Օրինակ՝ առաջին հայացքից անտեղի ու ավելորդ են թվում «տեղեկատվական հոսքի մեջ կողմնորոշվելու հմտություն և մեդիագրագիտություն», «ինքնավար սովորելու և աշխատելու հմտություններ», «հասարակության կյանքի (մշակութային, պետաիրավական և տնտեսական ոլորտներ) ճանաչում և անկողմնակալ ընկալում» ձևակերպումները: Հեղինակն այն միտքն է առաջ քաշում, որ դասագրքերում նման բովանդակությամբ տեքստեր լինեն, որպեսզի սովորողը կարողանա հաղորդակցվել այդ թեմաներին բնորոշ թեմատիկ բառապաշարով, տերմիններով:
  3. Այնուհետև ավելի մանրամասն տրվում են այդ կարողունակությունների ձևակերպումները ըստ կրթական աստիճանների՝ տարրական, միջին և ավագ:
  4. Իսկ հիմա քննարկենք չափարոշչային ամենակարևոր փոփոխությունը, որն առաջարկվում է այս նոր փաստաթղթով: Այստեղ է, որ ես ոչ մի կերպ չեմ համաձայնվում հեղինակի (հեղինակների հետ):

Ինչպես արդեն նշել եմ, իմ մշակած չափորոշիչները վերջանում էին B1 մակարդակով, քանի որ Հայաստանում հանրակրթության օտար լեզվի իմացության վերջնարդյունքը՝ մակարդակը միշտ էլ սահմանվել է B1-ը: Նոր համակարգով առաջարկվում են հետևյալ մակարդակները ըստ կրթական աստիճանների՝

Տարրական դպրոց

4-րդ դասարանում ուսումնառության վերջնարդյունքները հավասարեցվում են A1 մակարդակին:

6-րդ դասարանում ուսումնառության վերջնարդյունքները հավասարեցվում են A2 մակարդակին: (Այժմյան չափորոշիչներով և գործող առարկայական ծրագրով A2 մակարդակին սովորողները հասնում են միջին դպրոցի վերջում և այդ մակարդակով 9-րդ դասարանի վերջում ավարտական քննություն են տալիս:

Միջին դպրոց 

9-րդ դասարանում ուսումնառության վերջնարդյունքները հավասարեցվում են B1 մակարդակին: Այժմյան չափորոշիչներով և գործող ծրագրերով սովորողները B1 մակարդակով ավագ դպրոցի ավարտական և համալսարանների ընդունելության քննություն են տալիս 12-րդ դասարանում:

Ավագ դպրոց 

12-րդ դասարանում ուսումնառության վերջնարդյունքները հավասարեցվում են լեզվական B2 մակարդակին: Կարծում եմ, որ B2 մակարդակը տրամաբանական կլիներ, եթե միջնակարգ կրթությունը պարտադիր չլիներ (ավագ դպրոցում սովորելը պարտադիր չլիներ): B2 մակարդակը անգլերենի AELTS միջազգային քննության 6 միավորն է (կամ էլ TOEFL-ի 90-ը), որով ընդունվում են աշխարհի ցանկացած համալսարան: Համեմատության համար ասեմ, որ Բրյուսովի անվան համալսարանի ավարտական կուրսի ուսանողների մեծ մասը հենց այդ մակարդակն ունի: Մեր կրթական օրենքը պահանջում է, որ միջին դպրոցն ավարտողը սովորի նաև ավագ դպրոցում՝ անկախ այն բանից, թե արդյոք ինչ մոտիվացիա ունի սովորելու. ուզու՞մ է կրթությունը շարունակել համալսարանում, թե՞ ոչ: Այս պայմաններում ուտոպիա է բոլորին պարտադրել օտար լեզվի B2 մակարդակը:

5. Օտար լեզուների առարկայական չափորոշիչներ

Մանրամասն ներկայացված են կրթական եռաստիճան չափորոշիչները՝ հաղորդակցություն, մշակույթ, քննական և հետազոտական միտք, ինքնություն բաժիններով: Ներկայացման ձևը, լեզուն, առանձնացված ուղղությունները  ճշգրիտ և հավաստի են:

6. Նույնպիսի մանրամասնությամբ և սկզբունքային հետևողականությամբ ներկայացված են առարկայական չափորոշիչների հիման վրա կազմված առարկայական ծրագրերը ըստ դասարանների և ըստ հաղորդակցություն, մշակույթ, քննական և հետազոտական միտք, ինքնություն բաժինների: Կրթության կազմակերպման այսպիսի բարեխիղճ աշխատանքը նախարարության կողմից նորություն է հայ իրականության մեջ:

7. Օտար լեզուների առարկայական ծրագրի բովանդակային միջուկը ըստ դասարանների

Ներկայացվում են ուսումնասիրվող թեմաները իրենց ժամաքանակներով: Ըստ դասարանների ներկայացված են տվյալ թեմաներին առնչվող հարցերը, հնարավոր բովանդակային քննարկումները, ինչպես նաև միջառարկայական կապերը ըստ դասարանների: Առաջին անգամն եմ տեսնում այսպիսի լայնածավալ, խիստ անհրաժեշտ ու պատասխանատվության զգացումով արված աշխատանք իմ բնագավառում հայի կողմից:

8. Վերջում առանձին առանձին տրված են անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի «հնչյունաբանությունը, բառապաշարը և քերականությունը ըստ դասարանների»: Այս առումով հատուկ վերաբերմունք է տրված ռուսերենին: Ռուսերենի ծրագիրը գրված է ամբողջությամբ ըստ դասարանների՝ իր բովանդակային միջուկի թեմաներով, հնչյունաբանությամբ, բառապաշարով և քերականությամբ:   

Իմ առաջարկությունը.

  1. Դիմել հեղինակին (հեղինակներին), որպեսզի մի մակարդակ ներքև իջնեն՝ կրթական աստիճանների վերջնարդյունքները շարադրելիս: Հիմա մեր դպրոցների սովորողները և դասավանդողները, մեր ընդհանուր մշակույթով պատրաստ չենք, որ միջնակարգ դպրոցի ավարտական մակարդը լինի B2-ը:
  2. Ճիշտ է, մեր կրթահամալիրը հեղինակային մանկավարժություն է իրականացնում, իսկ մեր դասավանդողներն էլ այդ մանկավարժության հեղինակներն են, բայց, այնուամենայնիվ, առաջարկում եմ, որ օտար լեզվի մեր դասավանդողները ուշադիր ուսումնասիրեն այս լայնածավալ կրթական փաստաթուղթը: Վստահ եմ, որ շատ այստեղ նրանք կարևոր մտքեր, գաղափարներ, գործունեության տեսակներ կգտնեն, որոնք օգտակար կլինեն իրենց աշխատանքում: Ես ընդամենը երեք օր եմ կարդացել, ուսումնասիրել, բայց գտնում եմ, որ դեռ շատ բան կա քաղելու այստեղից:

Անգլերենի ֆլեշմոբների մասին

Ես միշտ էլ ինձ պատասխանատու եմ զգացել անգլերենի ֆլեշմոբների քառամակարդակ առաջադրանքների որակի համար:

Ամբողջ ուսումնական տարվա ընթացքում աշխատել եմ պահպանել անգլերենի ֆլեշմոբների ընդունված սկզբունքները.

  1. Ֆլեշմոբների առաջադրանքները պետք է հեղինակային լինեն. ոչ մի copy paste, ոչ մի արտագրություն որևէ դասագրքից. եթե զգում եմ, որ առաջադրանքը վերցված է այլ աղբյուրից, փոխում եմ օրինակները:
  2. Ֆլեշմոբները նպատակաուղղված չեն սովորողների լեզվի իմացությունը ստուգելուն: Ընդհակառակը՝ դրանք օգնում են իմացածը ամրապնդելուն և նոր կարողություններ ձեռքբերելուն:
  3. Ֆլեշմոբի գլխավոր նշանաբանը՝ «Լեզուն հաղորդակցության միջոց է»: Դասավանդողների ուղարկած առաջադրանքները այնպես եմ ձևափոխում, որ համապատասխանի այս սկզբունքին:

4     Ֆլեշմոբը լեզվի իմացության օլիմպիադա չէ: Այն պետք հեշտ, ուսուցանող, օգտակար ու մի փոքր էլ զվարճալի լինի լինի:

Որևէ առաջարկ չունեմ, որպեսզի փոխեմ այս թվարկած սկզբունքները: Ամեն ինչ ճիշտ է մտածված: Կազմակերպչական առումով նույնպես առաջարկություն չունեմ:

 

Անցյալ ուսումնական տարվա երրորդ ուսշրջանում ընդունեցինք սովորողների աշխատանքների ստուգման նոր ձևը՝ յուրաքանչյուր դասավանդող ստուգում է իր սովորողների աշխատանքները: Դա նպաստեց մասնակիցների ավելացմանը: Սովորողն ավելի մոտիվացված է լինում, երբ մտածում է, որ իր ուսուցիչն է ստուգելու իր աշխատանքը:

Այս անցած ուսումնական տարին նշանավոր էր նաև նրանով, որ առաջադրանքներ կազմելու հնարավորություն տրվեց բոլոր դասավանդողներին:

Կարծում եմ, որ օգոստոս ամսվա համար կարելի անգլերենի ֆլեշմոբ կազմակերպել:

 

Հեռավար հանդիպում անգլերենի ակումբի անդամների հետ

Two tasks: one for not English teachers, and the other for English teachers.
1. Sona Papazyan, Lucine Petrosyan, Christine Shahbazyan, Lucine Sargsyan and
Satenic Simonyan are to watch this film “The most beautiful thing”. After watching the
film write about your point of view why the film is entitled “The most beautiful thing”.
2. The rest of the English Club members are English teachers. I suggest reading some
articles concerning the professional development of teachers.
Our online meeting will be on July 25. I think you will have enough time to read them.
We will discuss them at our English Club on Luly 25 at 12am. Link. I will also appreciate your
willingness to translate them into Armenian for our pedagogical journal Dpir.

Հեռավար առաջադրանք անգլերենի ակումբն ընտրած ոչ անգլերենի մասնագետների համար

Սիրելի գործընկերներ, ուրախ եմ, որ ընտրել եք անգլերենի ակումբը: Ես ուզում եմ իմանալ ձեր անգլերենի իմացության մակարդակը՝ հետագա աշխատանքները անհատական և ճիշտ ուղղությամբ տանելու համար:
Խնդրում եմ պատասխանել այս հարցերին՝ չդիմելով որևէ մեկի օգնությանը.
Եթե բոլորովին չգիտեք անգլերեն, անկեղծորեն գրեք այդ մասին: Ես անհատական դասընթացով ձեր հետ կաշխատեմ.
  1. What is your first name? What is your last name?
  2. At which school do you work? What subject do you teach?
  3. How long have you been teaching at our EduComplex?

Now imagine that you are taking part in an interview the topic of which is “My Favourites”. Answer the questions in English.

What is your favourite kind of music?

What is your favourite memory of childhood?

What is your favourite pastime?

What is your favourite season? Why?

What is your favourite TV programme?

What is your favourite Website? Why?

Who is your favourite character from literature? Why?

Who is your favourite author? Why?

What is your favourite time of the day? Why?

Who is your favourite actress or actor? What can you tell about her or him?

 

Պատասխանել են՝

Լուսինե Պետրոսյանը՝ հուլիսի 14-ին: Պատասխանից երևում է, որ մոտիվացված է: Պետք է սկսել ակտիվացնել ունեցած գիտելիքները և զարգացնել հաղորդակցական կարողությունները:

Քրիստինե Շահբազյանը՝ հուլիսի 14-ին: Պատասխանից երևում է, որ մոտիվացված է: Երևում է նաև, որ խոսքաշեն է: Հաղորդակցական կարողությունները պետք է զարգացնել:

Լուսինե Սարգսյանը՝ հուլիսի 14-ին: A1 մակարդակ:

Սոնա Փափազյանը՝ հուլիսի 15-ին: B1 մակարդակ: Օրիգինալ ձև էր ընտրել. ձայնագրել էր  բոլոր հարցերի իր պատասխանները:

Անգլերենի ակումբի առաջին առցանց հավաքը

Հուլիսի 11-ին, ժամը 12-ին կայանալու է անգլերենի ակումբի առաջին առցանց հավաքը: Քննարկվելու են կազմակերպչական հարցեր: Մասնակիցները կարող են միանալ այս հղումով:

Ակումբի անդամների հավաքը կայացավ նշանակված ժամին: Քննարկեցինք հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում մեր նախատեսվող աշխատանքները երեք ուղղություններով՝

  1. Համաշխարհային ժամանակակից մանկավարժական առաջավոր փորձի լուսաբանում
  2. Կրթահամալիրի հեղինակային մանկավարժության փորձի տարածում.

հրապարակումներ mskh.am-ի անգլերեն էջում, Դպիրում հրապարակված             հոդվածների հայերենից անգլերեն թարգմանություններ 

     3. 2020-2021 ուստարվա անգլերենի առկա և հեռավար համակցված դասընթացների նոր ծրագրերի մշակում: