Just another WordPress.com site

Archive for December, 2016

Չգիտեմ ինպե՞ս, ու չգիտեմ ինչու՞ հայերեն թարգմանեցի Բուլատ Օկուջավայի այս երկու երգերը տարեմուտի երեկոյին:2016 թվականի դեկտեմբերի 31, ժամը 22:00

Ֆրանսուա Վիյոնի աղոթքը   (Երգի ձայնագրությունը)

Բուլատ Օկուջավա

Քանի դեռ պտտվում է երկիրը,

Քանի դեռ պայծառ է լույսը,

Տեր Աստված, տուր յուրաքանչյուրին այն,

Ինչի կարիքը նա ունի:

Իմաստունին խելք տուր,

Վախկոտին՝ նժույգ,

Փող տուր երջանիկին,

Ու իմ մասին էլ չմոռանաս:

Քանի դեռ պտտվում է երկիրը,

Տեր Աստված, Քոնն է զորությունը,

Թող նա հագենա իշխելուց, ով

տենչում է իշխանության,

Առատաձեռն էլ թող դադար առնի՝

Գոնե մինչև մայրամուտ,

Կայենին ապաշխարում տուր

Ու իմ մասին էլ չմոռանաս:

Ես գիտեմ՝ ամենակարող ես,

Հավատում եմ Քո իմաստությանը,

Ինչպես սպանված զինվորն է հավատում,

Որ դրախտում է ինքը ապրում,

Ինչպես ամեն մի ականջ հավատում է,

Քո խոսքերին ցածրաձայն,

Ինչպես և  մենք ենք հավատում,

Չիմանալով, թե ինչ ենք մենք անում:

Տեր իմ Աստված,

Կանաչաչյա Տեր իմ,

Քանի դեռ պտտվում է երկիրը,

Եվ նույնիսկ ի զարմանս իրեն,

Քանի դեռ կա նրա մեջ

Ժամանակ ու կրակ,

Տուր ամենքին քիչ-քիչ,

Ու իմ մասին էլ չմոռանաս:

Վրացական երգ  

Բուլատ Օկուջավա  Երգի ձայնագրությունը

Տաք հողի մեջ խաղողի կորիզը կթաղեմ,

Ու որթատունկը կհամբյուրեմ, ու հասած ողկույզը կքաղեմ,

Ու ընկերներիս կկանչեմ, սիրտս էլ սիրուն կհարմարեցնեմ,

Այլապես՝ ինչու եմ ապրում այս հավերժ երկրում:

Հավաքվե′ք, հյուրեր իմ, եկե′ք, հյուրասիրում եմ,

Հենց իմ երեսին ասե′ք այն, ինչին արժանի եմ,

Երկնային Տերը մեղքերիս համար ներում կուղարկի,

Այլապես՝ ինչու եմ ապրում այս հավերժ երկրում:

Իմ Դալին կերգի ինձ համար՝ իր մուգ կարմիր զգեստը հագին,

Ինքս էլ՝ սպիտակ ու սևով, կխոնարհեմ գլուխս նրա առաջ,

Եվ կլսեմ ու կլսեմ, եվ կմեռնեմ սիրուց ու վշտից,

Այլապես՝ ինչու եմ ապրում այս հավերժ երկրում:

Եվ երբ վերջալույսի շողերը կանցնեն անկյունից անկյուն,

Թող նորից ու նորից աչքերիս առաջ գան

Կապույտ գոմեշը, սպիտակ արծիվն ու կարմրախայտը ոսկեգույն,

Այլապես՝ ինչու եմ ապրում այս հավերժ երկրում:

Կապույտ գոմեշը, սպիտակ արծիվն ու կարմրախայտը ոսկեգույն,

Այլապես՝ ինչու եմ ապրում այս հավերժ երկրում:

Ռուսերենից թարգմանությունը՝

Յուրա Գանջալյանի

Սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում իմ կատարած ամենակարևոր աշխատանքները

  1. Իրականացված նախագծեր

ա) Նշված ժամանակահատվածում վարել եմ կրթահամալիրի մանկավարժական աշխատողների անգլերենի դասընթացը: 

Մանիկ Պողոսյանը, Հասմիկ Նալբանդյանը, Մերի Գրիգորյանը, Տաթև Աբրահամյանը, Հասմիկ Ղազարյանը (դասվար), Հասմիկ Թոփչյանը, Մենուա Հարությունյանը, Իվետա Ջանազյանը, Էմանուել Ագջոյանը, Անահիտ Գևորգյանը, Բաբկեն Փաշինյանը, Հռիփսիմե Գալստյանը:

Դասավանդողների աշնանային ճամբարի ընթացքում դասավանդողների ավելի ընդլայնված լսարանի համար վարել եմ ամենօրյա «խորհրդատվության ժամ»:

Իմ բլոգում հրապարակել եմ աշնանային ճամբարի ընթացքում իմ անհատական աշխատանքային պլանը և խորհրդատվության ժամի ծրագիրը:

բ) Շարունակել եմ մասնակցել “Քառալեզու Դպիր” նախագծի աշխատանքներին: Անգլերեն եմ թարգմանել հետևյալ հոդվածները՝

Աշոտ Բլեյան «Մի՛ անցիր ու մի՛ շտապիր. խնդիր է՝ հիմա լուծիր…»

Իմ հոդվածը «Կրեդոն ընդդեմ դոգմայի – Credo vs Dogma»

Աշոտ Տիգրանյան «Սովորողը ծրագիր է ընտրում»

Մարիետ Սիմոնյան «Անհատականացված ուսուցում –Individualized Teaching»

գ) Որոշ փոքր կրճատումներով տնօրենի 4 օրագրային գիր եմ թարգմանել, որոնք վերաբերում են Երուսաղեմ կատարած ուխտագնացությանը.

This is a Pilgrimage, not an Experience or just Another Pedagogical Experience with Davit

This is Jerusalem, but it Seems to be Armenia..

The Dead Sea is Hereafter Alive

A Simple Formula to Acquire the Spiritual Integrity of a Christian

Հայերենից անգլերեն եմ թարգմանել “Mkhitar Sebastatsi” Educational Complex կրթահամալիրում մշակվող և իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի մասին տեղեկատվական նյութը, որը ռուսերեն թարգմանության հետ դարձավ մեր մանկավարժության ձեռքբերումների տարածման  երկլեզվյա տեղեկանք:

An Extract from the Educomplex Director’s Diary, տնօրենի նոյեմբերի 25-ի օրագրից հատված, որը վերաբերում է բլոգային ուսուցմանը:

2. Առարկայական ֆլեշմոբ

Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբերի առաջադրանքներն եմ կազմել և կազմակերպել եմ ֆլեշմոբերի ընթացքը:

Սեպտեմբերյան ֆլեշմոբ

Հոկտեմբերյան  ֆլեշմոբ

Նոյեմբերյան ֆլեշմոբ

Դեկտեմբերյան ֆլեշմոբ

3. Մանկավարժական հոդված, ուսումնասիրություն

Որպես օգնություն դասավանդողներին՝ մեկ դասարանի օրինակով մշակել եմ դասավանդողի աշխատանքային պլանը սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածի համար 

Սովորողների ակումբի մասին

Կրեդոն ընդդեմ դոգմայի

Ուսումնական նյութ

Առաջադրանքներ գրավոր խոսքի զարգացման համար

Գրագիտության փոխվող դեմքը  (թարգմանություն)

Բլոգային ուսուցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  (Ուսումնասիրության արդյունք հոդվածը գրեցի 2 օրում, բայց կրթահամալիրի բոլոր դասավանդողների և սովորողների մի մասի բլոգների ուսումնասիրության ընթացքը տևեց գրեթե մեկ ամիս:)

4. Կրթահամալիրի «Սեբաստացու օրեր» ամենամյա ավանդական տոնը ինձ համար առանձնահատուկ ձևով եմ նշանավորել: Կրթահամալիրում աշխատանքային բոլոր տարիների ընթացքում Դպիրում իմ հրապարակումները հոդվածների, ուսումնասիրություն-վերլուծությունների, փոխադրությունների տեսքով էլեկտրոնային գիրք եմ կազմել՝ տեսակավորված 5 ուղղություններով: Գրքի վերնագիրն է՝ «Երևակում եմ դասավանդողի կյանքի իմ հետքը»: Լուսինե Ալեքսանյանը էլեկտրոնային գրքի հատուկ ծրագրով տեղադրելու է այն Մեդիագրադարանում:

Առաջարկություններ

«Հունվարյան գիտագործնական հավաքին ընդառաջ» նշանաբանով առաջարկում եմ երկու ներկայացում (պրեզենտացիա) պատրաստել՝

  • «Առարկայական ֆլեշմոբերը կրթահամալիրում » որպես լրացուցիչ կրթության  և սովորող-դասավանդող-ընտանիք կապի կազմակերպման նոր ձև
  •  «Բլոգային ուսուցումը կրթահամալիրում» որպես հանրակրթության բաց համակարգի հաստատման, կրթության անհատականացման, մանկավարժական առաջավոր փորձի փոխանակման, սովորողների և դասավանդողների ստեղծականության զարգացման, առցանց-հեռավար ուսուցման, մեդիակրթության, սովորող-դասավանդող-ընտանիք-համայնք կապի կազմակերպման արդյունավետ հարթակ:

Անգլերենի դեկտեմբերյան ֆլեշմոբի արդյունքների ամփոփում

Սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում անգլերենի դեկտեմբերյան ֆլեշմոբը ամենաշատ մասնակիցներն ունեցավ՝ 316, որից 1-3-րդ դասարաններ-110, 4-5-րդ դասարաններ՝ 95, 6-8-րդ դասարաններ՝ 88, 9-12-րդ դասարաններ՝ 23:

Առանձնահատուկ ակտիվություն ցուցաբերեցին 6-8-րդ դասարանների սովորողները:

 

Բոլոր մասնակիցների աշխատանքներն իրենց գնահատականներով ուղարկված են անգլերեն դասավանդողներին՝ իրենց սովորողներին տեղյակ պահելու և քննարկելու համար:

Բոլոր մասնակիցներին նոր հաջողություններ եմ մաղթում 2017 թվականին:

Սիրելի Սանտա, եթե քո մտքով անցնի Հայաստան գալ, խաղաղություն բեր քո հետ

untitled_4_3

Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբն ինձ թույլ տվեց հաղորդակցվել կրթահամալիրի ավելի շատ սովորողների հետ մեկ ուստարվա ընթացքում, քան երբ դասավանդողի լրիվ ծանրաբեռնվածությամբ էի աշխատում: Դեկտեմբերյան ֆլեշմոբին 316 սովորող մասնակցեց: Այս անգամ Միջին դպրոցի 6-8-րդ դասարանցիների վերջին առաջադրանքը Ձմեռ պապիկին, Սանտա Կլաուսին նամակ գրելն էր: Անկախացումից ի վեր մեր երեխաներին այցելում և նվերներ է բերում նաև Սանտա Կլաուսը: Այնքան անկեղծ ու հետաքրքիր են այդ նամակները, որ հրապարակում եմ դրանց անգլերեն բնօրինակները առանց խմբագրման:  88 նամակներից առանձնացրել եմ 18-ը՝ պատահական ընտրությամբ:

Թող ձեր բոլորի երազանքներն իրականանան: Աստվածային է Ձեր սերն ու ներելու շնորհը:   

Garik Barkhudaryan Grade 6 – Գարիկ Բարխուդարյան 6-2 դասարան  – Dear Santa I wished  a very good and lovely Merry Christmas and New year. I wished for in this year you deliver  all presents for children. I wished for all homeless received homes and to live without worries.  Սիրելի Սանտա, ցանկանում եմ բարի ու լավ Սուրբ ծնունդ և Նոր տարի: Ցանկանում եմ, որ բոլոր երեխաներին նվերներ բերես: Ցանկանում եմ, որ բոլոր անտունները տուն ստանան և ապրեն առանց հոգսերի:

Davit Martirosyan Grade 6 – Դավիթ Մարտիրոսյան  6-5 դասարան – Dear Santa, my name is David from Erevan. I am ten. I go music school and I want to have drums. My lovely music instrument is udarnik, I playing very well in drums. Thank you Santa. Սիրելի Սանտա, ես Դավիթն եմ Երևանից: Ես տաս տարեկան եմ: Ես երաժշտական դպրոց եմ գնում և թմբուկներ եմ ուզում: Իմ սիրելի երաժշտական գործիքը հարվածայինն է: Ես շատ լավ եմ թմբուկներ նվագում: Շնորհակալություն, Սանտա:

Anna Stepanyan Grade 8 Աննա Ստեփանյան – 8-2  I want peas for my country and for all the world. Let all the children be happy and let all the wishes come thru.  Ես խաղաղություն եմ ուզում իմ երկրի համար: Թող բոլոր երեխաները ուրախ լինեն և իրականանան նրանց ցանկությունները:

Astghik Avagyan Grade 6 Աստղիկ Ավագյան 6-3 դասարան – Hello my lovely Santa. How are you ? This year I  don’t want present for me miself, but for all people in the world. I want that every people in this world  will never be  ill and will never be war .I want that all peopple be happy and kinde .Please Santa do so in order to all my dreams come  true for all people . Ողջույն, սիրելի Սանտա: Ինչպե՞ս ես: Այս տարի ես ինձ համար նվերներ չեմ ուզում, բայց ունեմ ցանկություններ աշխարհի բոլոր մարդկանց համար: Ես ուզում եմ, որ ոչ ոք երբեք չհիվանդանա և երբեք պատերազմ չլինի: Ես ուզում եմ, որ բոլոր մարդիկ լինեն երջանիկ և բարի: Խնդրում եմ Սանտա, այնպես արա, որ բոլոր մարդկանց համար իմ երազանքը իրականանա:

Emilia Aidinyan Grade 6 Էմիլիա Այդինյան 6-րդ դասարան – Dear Santa you wrote’ Emilia Aydinyan. I want people to be kind and loving peace. And I am asking you to make my dream come true. Սիրելի Սանտա, Էմիլիա Այդինյանն է քեզ գրում: Ես ուզում եմ, որ մարդիկ բարի լինեն և սիրեն խաղաղությունը: Խնդրում եմ, իրականացրու իմ երազանքը:

Svetlana Melkumyan Grade 6 Սվետլանա Մելքումյան 6-1 դասարան – Dear Santa, I wish that all dreams are fulfilled. Everyone should be happy. Peace reign in the world. All friends are together. I honestly wish everyone a successful and full year. Սիրելի Սանտա, ցանկանում եմ, որ բոլորի երազանքներն իրականանան: Յուրաքանչյուր ոք պետք է երջանիկ լինի: Թող աշխարհում խաղաղություն տիրի: Անկեղծորեն ուզում եմ, որ բոլորը հաջողակ լինեն ամբողջ տարվա ընթացքում:

Elen Yeranosyan Grade 7 Էլեն Երանոսյան 7-2 դասարան – Dear Santa, I wish all wars will finish in New Year, and all people, kids and animals will never be killed!!!! Սիրելի սանտա, ցանկանում եմ, որ բոլոր պատերազմները ավարտվեն նոր տարվա ընթացքում և մարդիկ, երեխաներն ու կենդանիները երբեք չսպանվեն:

Ani Mamikonyan Grade 6 Անի Մամիկոնյան 6-1 դասարան – Dear Santa, I want a world without war. Սիրելի Սանտա, ես ուզում եմ առանց պատերազմի աշխարհ:

Ruzan Minasyan Grade 6 Ռուզան Մինասյան 6-2  դասարան – Hi dear Santa! My name is Ruzan. I am writing to you a letter from Armenia. In expectation of New Year and Christmas it would be desirable to ask you only that  my relatives all be good. I want the world to be in peace and all people to be happy, no wars and no illness. Ողջույն, սիրելի Սանտա: Իմ անունը Ռուզան է: Այս նամակը գրում եմ Հայաստանից: Նոր տարվա և Սուրբ ծննդյան սպասումներով կցանկանայի, որ բոլոր իմ բարեկամները լավ լինեին: Ես ուզում եմ, որ խաղաղություն լինի աշխարհում, և բոլոր բարդիկ էլ երջանիկ լինեին, չլինեին պատերազմներ և հիվանդություններ:

Nazeli Ter-Petrosyan – Նազելի ՏերՊետրոսյան  8-րդ դասարան   Dear Santa I don’t want something, because I know that there are many children who waits you and your presents. They have a many dreams. And I think that it will be better to be able to make my dreams true myself. Սիրելի Սանտա, ես որևէ բան չեմ ուզում, որովհետև գիտեմ, որ շատ երեխաներ են սպասում քեզ ու քո նվերներին: Ես կարծում եմ, որ ավելի լավ կլինի, որ ինքս իրականացնեմ իմ երազանքը:

Anna Gharibyan – Grade 7 Աննա Ղարիբյան 7-րդ դասարան  – Dear Santa I’m Ann. I leave in Armenia. I’m 12. This Year I wish peace, happiness and Armenian soldiers health. Սիրելի Սանտա, ես Աննան եմ: Ես ապրում եմ Հայաստանում: Ես 12 տարեկան եմ: Այս տարի ես խաղաղություն եմ ուզում, երջանկություն և առողջություն հայ զինվորներին:

Davit Arakelyan Grade 7 – Դավիթ Առաքելյան 7-րդ դասարան My name is David and I am 12 years old. I have been a very good boy this year. I hope, that you know that my favourite part of Christmas is giving! Giving is better, than getting. It just filles my heart with joy to see someone with blessed. I decided give many presents to the not welfare children in Armenia. You can bring me nothing in this. Իմ անունը Դավիթ է և ես 12 տարեկան եմ: Ես շատ լավ տղա եմ եղել այս տարի: Ես հուսով եմ, որ դու գիտես, որ Սուրբ ծննդյան ժամանակ իմ սիրելի բանը նվերներ տալն է: Տալը ավելի լավ է, քան ստանալը: Դա իմ սիրտը ուրախությամբ է լցնում: Ես որոշել եմ շատ նվերներ տալ Հայաստանի անապահով երեխաներին: Դու ինձ ոչինչ չբերես այս տարի:

Gohar Harutyunyan Grade 6 – Գոհար Հարությունյան 6-րդ դասարան  Dear Santa, I dream of having a small hedgehog. I …will play with him only to bring these little hedgehog. I would like also that this year comes to a lot of snow so we can play a good snowballs.Thanks in advance my dear Santa. Սիրելի սանտա, ես երազում եմ մի փոքրիկ ոզնի ունենալ: Ես կխաղամ նրա հետ: Ես նաև ուզում եմ, որ շատ ձյուն գա այս տարի և մենք ձնագնդիկ խաղանք: Նախօրոք շնորհակալություն եմ հայտնում, սիրելի Սանտա:

Aram Petrosyan Grade 6 – Արամ Պետրոսյան 6-րդ դասարան Dear Santa, Hello, I am Aram from Armenia. I hope you remember me from last letters 🙂  Please give me a brother or sister in next year, please… I don’t have brother and sister. I want to be someones big brother and protector. If you are thinking, that you cannot give me a brother or sister, please give me a invitation to Laplandia. I want to see you, your house, your Elfes, I want to be friend with you, I’m sure you are a friendly grandfather. Ողջույն, սիրելի Սանտա, ես Արամն եմ Հայաստանից: Ես հուսով եմ, որ հիշում ես ինձ իմ նախորդ նամակներից: Ես եղբայր կամ քույր եմ ուզում: Ես չունեմ եղբայր կամ քույր: Ես ուզում եմ ինչ-որ մեկի մեծ եղբայրն ու պաշտպանը լինել: Եթե կարծում ես, որ չես կարող ինձ եղբայր կամ քույր բերել, խնդրում եմ ինձ Լապլանդիայի հրավեր ուղարկիր: Ես ուզում եմ տեսնել քեզ, քո տունը, քո էլֆերին: Ես ուզում եմ քո ընկերը լինել: Համոզված եմ, որ դու բարի պապիկ ես:

Aren Poghosyan Grade 8 – Արեն Պողոսյան 8-րդ դասարան  Dear Santa if you thought come Armenia, bring peace in Armenia. Սիրելի Սանտա, եթե մտքովդ անցնի Հայաստան գալ, խաղաղություն բեր քո հետ:

Ellada Babayan Grade 7 – Էլլադա Բաբայան 7-րդ դասարան Dear Santa, gifts for me not so important, So I want you to some of my dreams fulfilled by you. I want to give good service to our Armenian soldiers. I want people to host, I wish people learn to  save our planet, I wish peace to our planet. Սիրելի Սանտա, նվերներն ինձ համար այնքան էլ կարևոր չեն: Ես ուզում եմ, որ մեր զինվորներին բարի ծառայություն լինի: Ես ուզում եմ, որ մարդիկ հյուրասեր լինեն: Ես ուզում եմ, որ մարդիկ սովորեն, թե ինչպես կարելի է փրկել մեր մոլորակը: Խաղաղություն եմ ցանկանում մեր մոլորակին:

Vachagan Khachatryan Grade 8 – Վաչագան Խաչատրյան 8-րդ դասարան I love you and believe that you exist. ‘I am asking for only one thing: I know you can do it, but you can not do that. I do not know why but you do not do it. I ask you to bring me a time machine. I will wait for Christmas Christmas miracle. Ես սիրում ու հավատում եմ քեզ: Ես միայն մի բան եմ խնդրում: Ես գիտեմ, որ դու կարող ես դա անել, բայց չգիտեմ, թե ինչու չես անում դա: Ես խնդրում ժամանակի մեքենա բերել ինձ: Ես կսպասեմ Ծննդյան տոների հրաշքին:

Yana Nahapetyan Grade 6 – Յանա Նահապետյան 6-րդ դասարան I would like to have a drawing implements. I want it because I love to paint. And I dream that would later become a famous painter. That’s why I want to. Ես նկարչական պիտույքներ եմ ուզում: ես ուզում եմ դրանք, որովհետև սիրում եմ նկարել: Ես երազում եմ նշանավոր նկարիչ դառնալ ապագայում: Այդ պատճառով էլ ուզում եմ դրանք:

Թարգմանական առաջադրանքներ անգլերեն սովորող դասավանդողների համար

Հարցեր և պատասխաններ կրթական ֆորումից

Բաբկեն Փաշինյան և Տաթև Աբրահամյան «Ինչպե՞ս կարող եմ գրելն ավելի քիչ սթրեսային դարձնել ինձ համար – How can I make writing less stressful» :

Բաբկեն փաշինյանը իր թարգմանությունը արել է և հրապարակել է իր բլոգում դեկտեմբերի 24-ին:    

Մերի Գրիգորյան և Իվետա Ջանազյան  «How would you summarise the purpose of life in one sentence?- Ինչպե՞ս կամփոփեիր կյանքի նպատակը մեկ նախադասության մեջ»:

Հասմիկ Ղազարյան և Անահիտ Գևորգյան «What are the best lessons of life to teach a primary school kid? – Որո՞նք են ամենալավ կյանքի դասերը, որ կարելի է տալ կրտսեր դպրոցի սովորողին»:

Հասմիկ Նալբանդյան և Մանիկ Ղազարյան «What are the objectives of teaching mathematics in primary school? – Որո՞նք են կրտսեր դպրոցում մաթեմատիկա դասավանդելու խնդիրները»

Հասմիկ Նալբանդյանը արել է թարգմանությունը և հրապարակել իր բլոգում դեկտեմբերի 27-ին:

Մենուա Հարությունյան և Հռիփսիմե Գալստյան «Ինչպե՞ս կարող եմ իմանալ, թե արդյոք ինչ-որ մեկը խելացի է – How do I tell if somebody is intelligent?»

Պարզաբանում.

Յուրաքանչյուր հարց կարող է ունենալ մի քանի պատասխան: Ընտրեք այն պատասխանը, որի հետ համակարծիք եք և լեզուն էլ շատ բարդ չէ: Եթե հեշտ լինի, կարող եք երկու պատասխան թարգմանել:

 

Անգլերեն սովորող դասավանդողների դեկտեմբերի 19-ի պարապմունքը

A Story without words

The participants read the story on page 183 and try to change it into the Simple Past tense.

The participants talk together using the Simple Past tense.

The participants answer each other’s questions trying to use verbs in the Simple Past tense.

Առաջադրանքներ անգլերեն սովորող դասավանդողներին

Թարգմանչական աշխատանք

Առաջարկում եմ www.quora.com կայքի ինքնակրթությանը վերաբերող հավաքածուից ընտրել մի որևէ հոդված և թարգմանել հայերեն: Կարող եք որոշ կրճատումներով թարգմանել: Ընտրեք այն հոդվածը, որը ձեզ հատկապես կհետաքրքրի և լեզվական առումով էլ շատ դժվար չլինի: Խնդրում եմ տեղյակ պահել ինձ, երբ ընտրեք հոդվածը: Գրեք ինձ, երբ անհաղթահարելի թվացող դժվարությունների հանդիպեք: Միասին կհաղթահարենք:

Այն դասավանդողները, ովքեր կցանկանան թարգմանել հայերենից անգլերեն, առաջարկում եմ թարգմանել Ձեր ձմեռային նախագծերը: Նախքան բլոգում հրապարակելը ուղարկեք ինձ:

Բլոգային ուսուցումը կրթահամալիրում

Երբ 2010 թվականին գործուղվեցի Ավստրիայի Գրաց քաղաքը՝ Ժամանակակից եվրոպական լեզուների կենտրոն, ուր սեպտեմբերի 7-9-ը կայանալու էր  «կրտսեր դպրոցի սովորողների գրավոր խոսքի գնահատումը» թեմայով աշխատանքային սեմինար, ամենակարևոր նյութերը, որ ինձ հետ պետք է տանեյի, մեր կրթահամալիրի կրտսեր դպրոցի սովորողների ինքնուրույն գրած անգլերեն շարադրություններն էին: Այսպիսով այդ աշխատանքային սեմինարի ուսումնասիրության առարկան դարձավ եվրոպական 30 երկրներից բերված 4-6-րդ դասարանցիների գրավոր շարադրանքների փաթեթը: Բոլոր շարադրությունները պետք է  լինեին հենց այն վիճակում, ինչպես ի սկզբանե եղել էին՝ իրենց ուղղագրական, ձևաբանական, շարահյուսական սխալներով: Ուսումնասիրելով 30 երկրների միևնույն տարիքի երեխաների գրավոր աշխատանքները, մենք պետք է սահմանեինք դրանց լեզվի իմացության մակարդակը և տայինք կրտսեր դպրոցում «անգլերենը որպես օտար լեզու» ուսումնական առարկայի գրավոր խոսքի չափորոշիչների առաջին ձևակերպումները: Կարծում եմ, որ ճիշտ էին մտածել աշխատանքային սեմինարի կազմակերպիչները. գրելու կարողությունների գնահատումը և գրավոր խոսքի չափորոշիչները պետք է սահմանել՝ հաշվի առնելով երեխաների չխմբագրված տեքստերը: Սովորողների ստեղծած էլեկտրոնային տեքստերը արժեզրկվում են այն պահից ի վեր, երբ դասավանդողը ուղղում է դրանց ձևաբանական և շարահյուսական սխալները: Սովորողների չխմբագրված տեքստերը նման են հարուստ հանքաքարի մեջ հանդիպող ոսկու բնակտորների: Դրանք շատ ավելի թանկ արժեն, քան հղկված, փայլեցված զարդանախշերով պատված ոսկե մատանին:

Բլոգային ուսուցումը այդ «ոսկե» բնակտորներով «հարստացվող» կրթությունն է, որն ունի մի շարք առավելություններ:

  • Հանրակրթական հաստատությունների փակ համակարգից անցում դեպի բաց համակարգ

Այս առումով ավելի դիպուկ հնարավոր չէ գրել, քան տիար Աշոտ Բլեյանն է արել իր նոյեմբերի 25-ի օրագրում. «Ավանդական դպրոցում՝ խորհրդային թե այսօրվա, պետական կրթական ծրագրով հանրակրթական դպրոցում, որևէ դասարանում սովորողի տետրը՝ տեքստերով-առաջադրանքներով-լուծումներով հասանելի են միայն սովորողին, ուսուցչին, տնօրենին, տեսուչին, սովորողի ծնողին… Սրանց եմ ես անվանում փակ կալվածքներ: Ինչպես և ուսուցչի գործունեությունը՝ դպրոցի ներսում` միայն տնօրեն-ուսմասվար-մեթոդ-միավորման նախագահին տեսանելի, դրսից՝ տեսուչ մեթոդիստին… Այսպիսով, «սովորող-ուսուցիչ-դպրոց-դասարան» գործունեությունը՝ իր տեքստերով անգամ, հասանելի է մարդկանց նեղ շրջանակի: Վստահ կարելի է ասել, որ սովորողի-ուսուցչի իրական հեղինակային տեքստեր մեզ այդպես էլ բախտ չի վիճակվում տեսնել, չենք կարդում. ինչ և ինչպես են գրում սովորողը, ուսուցիչը` մենք չգիտենք… Սովորող-ուսուցչի բլոգով ուսուցումը գլխիվայր շուռ տվեց դարերով գոյություն ունեցող այս փակ-մեկուսի վիճակը… Բլոգային ուսուցումը՝ ուսուցչի-դաստիարակի՝ բլոգով ուսուցումը, սովորողի՝ երրորդ դասարանից սկսած՝ մինչև ավարտական, բլոգների պարտադիր գործածումը , նախագծային ուսուցումը՝ խմբային, նախագծերի իրագործման շուրջ ազատ հավաքված տարատարիք սովորողների-ուսուցիչների բլոգերը… նոր վիճակ ստեղծեցին կրթության մեջ… Բնական-անմիջական հեղինակային տեքստը հայտնվեց համացանցում, դարձավ մատչելի յուրաքանչյուրին… Մենք գիտենք՝ ինչ ու ինչպես է գրում, զգում, անհատական վերաբերմունք դրսևորում ամեն մի սովորող-ուսուցիչ… Եկել է ժամանակը, որ մեր հեղինակային կրթական ծրագրով ստեղծված այս ֆենոմենը՝ բլոգով ուսուցումը, դառնա հանրակրթության սեփականությունը, ներկայացվի-յուրացվի այլոց կողմից…»

  • Բլոգի արխիվային նյութերի ուսումնասիրմամբ տեսանելի է դառնում տարբեր ուսումնական առարկաներից սովորողի գիտելիքների և կարողությունների զարգացումը ուսումնառության տարիների ընթացքում:

 Որպես օրինակ առաջարկում եմ համեմատել Ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորող Մերի Երանոսյանի 2014 և 2016 թվականների հրապարակումները իր անգլերեն էջում: Այս համեմատությամբ երևում է Մերիի ոչ միայն լեզվական կարողությունների, այլ նաև աշխարհայացքի առաջընթացը որպես անհատականություն:

  • Հնարավո՞ր է փորձի փոխանակման ավելի արդյունավետ ձև գտնել, քան դասավանդողների կողմից միմյանց բլոգային հրապարակումների ընթերցումներն են:

Երբ սովորողն է բացում իր դասավանդողի բլոգը, նա այնտեղ գտնում է առաջադրանքներ, որոնք ինքը պետք է կատարի, ընթերցանության նյութեր, որոնք պետք է կարդա, մի որևէ երևույթի մատչելի բացատրություն, որը դասագրքային խրթին տեքստերի այլընտրանքն է: Երբ դասավանդողն է բացում նույն առարկան դասավանդող իր գործընկերոջ բլոգը, նրան այդտեղ հետաքրքրում է, թե ինչ առաջադրանքներ են կազմվել իրեն հետաքրքրող թեմայի վերաբերյալ, տվյալ գրողի, բանաստեղծի ո՞ր գործերն են ընտրվել ընթերցանության համար, մեթոդական ի՞նչ հնարքներով է մեկնաբանվել ուսումնասիրվող թեմայի այս կամ այն երևույթը: Չէ՞ որ, շատ հաճախ, գործընկերների գործնական մոտեցումները ավելին են տալիս քան դպրոցից կտրված մանկավարժական գիտահետազոտական ինստիտուտների «մեթոդիստ-գիտնականների» մտածածին տեսական մշակումները: Օրինակ, «Հայոց լեզու և գրականություն» դասավանդողները առարկայի դասավանդման առաջադեմ փորձ ձեռք կբերեն՝ ընթերցելով Նունե Մովսիսյանի, Հասմիկ Ղազարյանի, Թամար Ղահրամանյանի և Ելենա Սարգսյանի ուսումնական բլոգները: Էկոլոգիա և աշխարհագրություն դասավանդողների համար օգտակար կլինի Էմանուել Ագջոյանի բլոգը, իսկ մաթեմատիկան էլ մի քիչ ավելի հետաքրքիր է դառնում, երբ բացում ենք  Հերմինե Անտոնյանի բլոգը: Քրիստինե Սահակյանցի առողջագիտական բլոգը երևի եզակի է մեր իրականության մեջ: Երաժշտություն դասավանդողների համար արժեք է Մարինե Մկրտչյանի բլոգը իր ազգային երգ ու պարով, ծեսերով ու ծես-խաղիկներով: Դասվարների համար ուսանելի փորձի փոխանակում կլինի Անահիտ Հարությունյանի բլոգի բաժիններն ուսումնասիրելը: Այս ցանկը կարելի է անընդհատ շարունակել….

  • Ուսումնական բլոգի օգնությամբ իրական ու շոշափելի է դառնում անհատականացված ուսուցումը:

«Հայոց լեզու – գրականություն» դասավանդողը կարող է անհատականացված ուսուցմանը վերաբերող գործնականապես հիմնավորված աշխատանքային փորձի շարադրանքը կարդալ Մարիետ Սիմոնյանի «Անհատականացված ուսուցում» հոդվածում: Սա ուսումնական բլոգի վրա հիմնված ախատանքային փորձ է: Ահա մի փոքրիկ հատված այդ հոդվածից. «Ես ինքս դասավանդողի իմ բլոգում հրապարակում եմ օրվա համար առաջարկվող աշխատանքը՝ լեզվական, գրական-գեղարվեստական, գրաբար առաջադրանքներ, ինչպես նաև նախագծերի ցանկ, որոնցից կարող է ընտրել սովորողը… Եթե սովորողին հետաքրքում է առաջադրանքը, նա կարող է նաև դա անել ուսումնական պարապմունքի ժամանակ կամ տանը: Կան սովորողներ, որ համատեղում են իրենց նախագծերն ու իմ առաջարկած ուսումնական աշխատանքները: Իմ ուսումնական առաջադրանքներին, առաջարկվող նախագծերին  կարող եք ծանոթանալ իմ բլոգում` 2016-2017 ուստարվա «Ուսումնական աշխատանք» բաժնում:»

  • Դպրոցական կայքը և ուսումնական բլոգները թե դասավանդողին և թե սովորողին հնարավորություն են տալիս բովանդակության սպառողից դառնալ բովանդակության ստեղծող:

Սովորողներն իրենց ուսումնական բլոգները բացում են երրորդ դասարանում և այդ ժամանակվանից սկսած ուսումնական գործընթացը դառնում է ստեղծական և միևնույն ժամանակ հասանելի ոչ միայն իրենց ուսուցիչներին ու ծնողներին, այլև՝ ընկերներին ու ամբողջ հանրությանը: Օրինակ, Աննա Գանջալյանը Արևմտյան դպրոցի 2-րդ դասարանցիների հորինած հեքիաթները դարձրել  է 5-րդ դասարանցիների թարգմանչական նախագիծ և արդյունքում ստեղծվել է «Անգլերեն և հայերեն պատկերազարդ փոքրիկ հեքիաթ-պատմությունների մեդիագիրք»:

Էմանուել Ագջոյանն իր ուսումնական բլոգի «Ուսումնական նյութեր» բաժնում 7-8-9-րդ դասարանների աշխարհագրության և 10-11-րդ դասարանների էկոլոգիայի անընդհատ բարեփոխվող և կատարելագործվող էլեկտրոնային դասագրքեր է ստեղծել, իսկ Աշոտ Տիգրանյանն ու Վահրամ Թոքմաջյանը իրենց սովորողների հետ էլեկտրոնային այլընտրանքային պատմության դասագրքերն են ստեղծում:

  • Ուսումնական բլոգը առցանց ուսուցման արդյունավետ գործիք է:

2016 թվականի ամբողջ հունվար ամսին գրիպի համաճարակի պատճառով հանրապետության հանրակրթական բոլոր դպրոցները չէին գործում, իսկ մեր կրթահամալիրի դպրոցներում կրթական գործընթացը չընդհատվեց շնորհիվ mskh.am կայքի և դասավանդողների ու սովորողների ուսումնական բլոգների: Առաջին անգամ հաջողությամբ կազմակերպվեց մի ամբողջ ամսվա առցանց-հեռավար ուսուցում կրթահամալիրի բոլոր դպրոցներում:

  • Ուսումնական բլոգը մանկավարժական ֆորումների, առցանց քննարկումների արդյունավետ հարթակ է:

Նոյեմբերի 30-ի մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոցի հերթական սեմինար-պարապմունքը կազմակերպվեց հեռավար: Կրթահամալիրի բոլոր մասնախմբերի դասավանդողները իրենց բլոգների հրապարակումներով մասնակցեցին հեռավար սեմինարին, քննարկման դրեցին իրենց ձմեռային ուսումնական նախագծերը: 

  • Ուսումնական բլոգը սովորող-դասավանդող-դպրոց-ծնող կապն ապահովող հարթակ է:

Անհերքելի փաստ է, որ կրտսեր դպրոցի սովորողների ծնողները չխամրող ուշադրությամբ են հետևում իրենց երեխաների ուսումնական գործընթացին: Այդ գործընթացին հետևելը դառնում է հարմար ու դյուրին, եթե ուսուցումը բլոգային է: Ծնողը բացում է իր երեխայի դասվարի, առարկայական դասավանդողի ուսումնական բլոգը և տեղեկանում է այդ օրվա դասերի թեմաների, տնային առաջադրանքների, գալիք ուսումնական ճամփորդությունների և ուսմանը վերաբերող այլ բաների մասին: Սովորողների ուսումնական բլոգները նաև հնարավորություն են տալիս իրենց ծնողներին և ընտանիքի այլ անդամներին ընդգրկվելու ընտանեկան ուսումնական նախագծերում: Ընտանեկան ուսումնական նախագծերի մասին տեղեկություններ կարելի է ստանալ Մարինե Մարտիրոսյանի, Կարինե Մամիկոնյանի, Աննա Գանջալյանի, Մարգարիտ Թամազյանի, Սրբուհի Ներսիսյանի և կրթահամալիրի կրտսեր դպրոցների այլ դասավանդողների ուսումնական բլոգներում: