Just another WordPress.com site

Archive for February, 2017

Փետրվար ամսվա հաշվետվությունը

Հաշվետվությունը արված է ըստ անհատական աշխատանքային պլանում նշված կետերի

Աշխատանքի ուղղվածությունը ըստ անհատական աշխատանքային պլանի Աշխատանքի կատարումը
Դասավանդողի աշխատանք Ավագ դպրոցում Փետրվարի 1-ից սկսել եմ վարել «Մեդիալրագրությունը անգլերեն» ակումբի աշխատանքները Ավագ դպրոցում, շաբաթական 4 ժամով, իսկ փետրվարի 14-ից փոխարինում եմ նաև Անահիտ Մելքոնյանին՝ անգլերեն դասավանդելով 9-4 դասարանում ( 3 դասաժամ)

Դասավանդողների անգլերենի դասընթացի վարում. «Ուսումնական նախագծերի իրականացման մեջ օտար լեզուների կիրառում». սկզբունքին աջակցություն  (3 դասաժամ)

Դասավանդման հետ կապված աշխատանք (առաջադրանքների պատրաստում, բլոգի վարում) Փետրվարի 14-ից սկսեցի վարել մասնագետ-դասավանդողի օրագիրը իմ բլոգում:
Այլոց մանկավարժական փորձի ուսումնասիրություն թարգմանություն-փոխադրությունների, կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժական առաջավոր փորձի հետ համեմատական ուսումնասիրությունների կատարում. Վերջնական արդյունքը՝ հոդված Դպիր մանկավարժական ամսագրում: Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբների առաջադրանքները – հոդված Դպիր մանկավարժական ամսագրում.
Մասնակցություն մանկավարժության կենտրոնի ուսումնասիրություններին-գնահատմանը 10-12-րդ դասարանների ուսումնական պլանի պարզաբանումներում կրթության կազմակերպման համապատասխան կարգերի ուսումնասիրություն եմ կատարել: Ուսումնասիրության արդյունքներն իմ առաջարկությունների հետ ուղարկել եմ Սուսան Մարկոսյանին փետրվարի 15-ին:
 

Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի իրականացման առաջավոր փորձի տարածում, կրթահամալիրում ստեղծված նյութերի թարգմանություն անգլերեն (mskh.am-ի, Դպիրի անգլերեն համարի նյութերի հրապարակում)

 

Անգլերեն եմ թարգմանել Քնարիկ Ներսիսյանի «We are Different but we are Together» հոդվածը: Մարի Գաբանյանի հետ սկսել եմ մասնակցել «Գրադարանավարներ ամբողջ աշխարհի» միջազգային նախագծին:

mskh.am-ի անգլերեն էջի սպասարկում 5 նյութ եմ հրապարակել mskh.am-ի անգլերեն էջում,
Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբի առաջադրանքների պատրաստում, հրապարակում,  աշխատանքների ստուգում Անգլերենի փետրվարյան ֆլեշմոբի առաջադրանքները պատրաստել և հրապարակել եմ մինչև փետրվարի 17-ը:  Ստուգել եմ բոլոր 223 աշխատանքները և Փետրվարի 26-ին հրապարակել եմ ամփոփիչ նյութը իմ բլոգում և կայքում:
Մեդիաուրբաթներ  մասնակցել եմ
Մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոց  մասնակցել եմ
Մասնաժողով Մասնակցել եմ

 

 

 

Փետրվարի 26. հաշվետվություն՝ ոչ թվերի լեզվով

Հաշվետվություն՝ ոչ թվերի լեզվով

Անգլերենի փետրվարյան ֆլեշմոբը 223 մասնակից է ունեցել, որից 84-ը` (38%), Միջին դպրոցից են եղել: Այսքանով բավարարվենք թվեր նշելը:

1-3-րդ դասարանների համար նախատեսված առաջադրանքներն այնպիսին էին, որ պատասխանները շատ քիչ են տարբերվում, որովհետև ստեղծագործական տարրը քիչ է դրանց մեջ, քանի որ այդ տարիքային խմբի սովորողները դեռ նոր են սկսում առաջին մտքերը ձևավորել ու գրել:

4-5-րդ դասարանների համար նախատեսված երեք առաջադրանքներն էլ հետաքրքիր էին և նորարարական: Գոհ եմ այն մտքից, որ ֆլեշմոբին մասնակցած այս տարիքային խմբի 54 մասնակից հիմա կարողանում է թվաբանական 4 գործողություններն անել՝ անգլերեն խոսելով: Օրինակ, 8+3=11 (eight plus three is eleven), 8-3=5 (eight minus three is five, կամ՝ three from eight is five), 8×3=24 (eight times three is twenty-four), 8:2=4 (eight divided into two is four): Սա լեզվական կարողություն է, որն ամբողջ կյանքում է պետք գալու:

Հոգեբանների կողմից ընդունված տեսակետ է, որ որևէ միտք կամ տրամաբանական շարադրանք սովորողի երկարատև հիշողության մեջ է պահվում, եթե այն սովորողն է ձևակերպել և որը ինչ-որ հույզեր է արթնացրել իր մեջ: Այս տարվա երկարատև ու ցուրտ ձմռանից հետո Հայաստանի հատկապես՝ Երևանի և Արարատյան դաշտավայրի բոլոր բնակիչներն էլ անհամբեր գարնանն են սպասում: Այս իրողությամբ թելադրված առաջադրանքը. «…որքան լավ գրեք գարնան մասին, այնքան այն շուտ կգա», մեկտեղեց երկարատև հիշողության մեջ պահելու պահանջները: Արդյունքը տեսանելի է սովորողների աշխատանքներից չխմբագրված մեջբերումներում.

Լուիզա Արտենյան, 5-րդ դասարան, Հյուսիսային դպրոց. «I  like  spring. Everyone  waits  for  it. We  miss sunny  and warm days.The  days  become longer. We can see the first flowers and green leaves. Spring  come quickly.»:

Իռեն Կարապետյան, 4-րդ դասարան, Արևմտյան դպրոց. «Soon will come spring. first flower of spring, the snowdrop. Snow and ice are melting in spring. Birds come bag in spring. The nature wakes up in spring. I’ts warmer in spring. And we are happy in spring.»

Փետրվարյան ֆլեշմոբի 6-8-րդ և 9-12-րդ դասարանների համար նախատեսված առաջադրանքները մի հիմնական ուղղվածություն ունեին՝ տալ մի որևէ բառի անգլերեն բացատրությունը, գրել թե ինչ մտքեր են արթնանում մի որևէ բառ ասելիս, ասված նախադասության միտքն արտահայտել այլ բառերով և արտահայտություններով: Վստահ եմ, որ լեզուն սիրող սովորողը ստեղծագործական հրճվանք է ապրել այս առաջադրանքները կատարելիս: Որևէ նշանակություն չունի մայրենիով են դրանք արվել, թե՞ օտար լեզվով:

«Candy» բառի բացատրությունը՝ երկու իրարամերժ կարծիքների օրինակով՝

Վիկտորյա Միկաիլ, 7-րդ դասարան . «It is something sweet that all kids like to eat, but it isn’t that healthy»:

v-nane@mskh.am էլեկտրոնային հասցե ունեցող սովորողը, ով մոռացել է գրել իր անունը և ազգանունը. «Candy is the tastiest thing ever»:

«Bicycle» բառի բացատրությունը դասական և սեբաստացիական ձևով՝

Մարկ Միկաիլ, 6-րդ դասարան «It’s a vehicle that has two wheels and you have to pump two pedals with your feet for it to move»:

Սամվել Զաքոյանի բացատրությունն էլ երևի մի որևէ բառարանից է վերցված: Ես չեմ էլ հանդիմանում Սամվելին: Շատ էլ լավ է արել: Անգլերենի բացատրական բառարան է բացել և դուրս գրել բացատրությունը. «It is a human-powered, pedal-driven, single-track vehicle, having two wheels attached to a frame, one behind the other»: Երբ ես 6-րդ դասարանի սովորող էի, չգիտեի, որ բացատրական բառարաններ կան: Առաջին անգամ անգլերենի բացատրական բառարան տեսա, երբ մասնագիտական բուհի առաջին կուրսի ուսանող էի: Հիմա արդեն 21-րդ դարն է: Համացանցը ուսումնատենչ սովորողի համար ավելին է, քան 10000 դասավանդող՝ ԳԹԿ-ն էլ միասին վերցրած:

8-րդ դասարանցի Նազելի Տեր-Պետրոսյանին կհասկանան միայն մեր թաղամասում. «The transport of Ashot Bleyan»:

Ամեն անգամ առանձնահատուկ սպասումով ու հետաքրքրությամբ եմ բացում 9-12-րդ դասարանցիների պատասխանների Excel ֆայլը: Նրանք արդեն մեր կրթահամալիրի մանկավարժության, ստեղծագործական նախագծային ուսուցման արդյունքի լիիրավ կրողներն են:

Այս տարիքային խմբի համար փետրվարյան ֆլեշմոբի ամենահետաքրքիր առաջադրանքը սա էր. «Imagine as if you were a philosopher, and make up your own sayings by continuing the following beginning – Պատկերացրեք որ փիլիսոփա եք և հորինեք ձեր սեփական ասույթները՝ շարունակելով տրված սկիզբները.»

Life is … – Կյանքը …

Մերի Երանոսյան, 10-րդ դասարան. «Life is 10% what happens to us and 90% how we react to it –Կյանքը 10%-ն է այն ամենի, ինչը պատահում է մեզ հետ և 90%-ը այն է, թե ինչպես ենք արձագանքում դրանց»: Ես չգիտեմ, թե արդյոք Մերին ինքն է հորինել այս ասույթը: Հրաշք է, եթե ինքն է հորինել: Հոյակապ է, եթե համացանցում է գտել:

Մերի Մարկոսյան, 10-րդ դասարան (որքան էլ Մերին չուզենա, ես նրան միշտ հիշում եմ որպես Եվայի քույր). «Life is really simple, but we insist on making it complicated – Կյանքն իրականում պարզ է, բայց մենք համառորեն բարդացնում ենք այն»:

Արման Մարտիրոսյան, 11-րդ դասարան. «Life is a gift which is to be taken care of – Կյանքն ընծա է, որի մասին միշտ պետք է հոգ տանել»:

Հուրի Իսկանյան, 10-րդ դասարան. «Life is short, so live it to the fullest – Կյանքը կարճ է, ապրի′ր այն լիարժեք»:

Being young is … – Երիտասարդ լինելը …

Աննա Հարությունյան, 11-րդ դասարան. «Being young is a one-time opportunity, don’t waste it. – Երիտասարդ լինելը միանգամյա հնարավորություն է, մի՛ վատնիր այն»:

Սոնա Բեզիրգանյան, 11-րդ դասարան. «Being young is like choosing and starting our favorite chapter in life’s general book – Երիտասարդ լինելը նման է կյանքի ընդհանուր գրքի ամենասիրելի գլուխը կարդալուն»:

Being old is … Ծեր լինելը …

Արման Մարտիրոսյան, 11-րդ դասարան «Being old is an honor, which you have to represent by the actions you have taken in your past – Ծեր լինելը պատիվ է, որը ներկայացնում ես քո անցած կյանքի գործողություններով»:

Սոնա Բեզիրգանյան, 11-րդ դասարան. «Being old is like continuing and developing the chapter we have already chosen when we were young – Ծերությունը նման է կյանքի գրքի երիտասարդ ժամանակ ընտրած գլխի ընթերցելը շարունակելուն»:

Հուրի Իսկանյան, 10-րդ դասարան «Being old is a blessing and a great time to look at the past with a smile – Ծեր լինելն օրհնություն է և անցյալին ժպիտով նայելու մի հիասքանչ ժամանակ»:

Happiness is … Երջանկությունը …

Ադելինա Միքայելյան, «Happiness is to love, to be loved and be able to help others – Երջանկությունը սիրելն է, սիրվելը և ուրիշներին օգնել կարողանալը»:

Սոնա Բեզիրգանյան. «Happiness is not something to expect to reach in the book’s last chapter, it’s something the whole book has to breath with, to reach to the desirable finish – Երջանկությունը մի բան չէ, որին ակնկալում ես հասնել կյանքի գրքի վերջին գլուխը կարդալով. այն մի բան է, որով ամբողջ գիրքը պետք է շնչի, որպեսզի հասնել ցանկալի վերջնագծին»:

Դիանա Տատինցյան, 10-րդ դասարան. «Happiness is Pizza – Երջանկությունը “պիցցա” է»:

Այս նույն հարցերը ես տվել եմ նաև դասավանդողների անգլերեն դասընթացի դասաժամին: Դասավանդողները բանավոր էին պատասխանում, և եթե ինձ տրվեր այս վերջին հարցը, ես կգրեի. «Happiness is being able to compile English flash mob tasks for the students of our Educomplex  and then checking the answer sheets»:

Ֆլեշմոբի բոլոր մասնակիցների աշխատանքները առաջադրանքների հետ ուղարկված են անգլերեն դասավանդողներին: Ամեն ինչ բաց է և թափանցիկ իսկ փետրվարի 9-ին մայրաքաղաքի Թիվ 137 դպրոցում կայացած անգլերենի առարկայական տարածքային օլիմպիադայի առաջադրանքները մինչև հիմա քողարկված են անհասկանալի, գաղտնի շղարշով:

Փետրվարի 21-ի օրագիրը

Այսօր 3 դասաժամ եմ ունեցել 9-րդ դասարանցիների իմ երկու խմբերի հետ: Դասավանդման մոտեցումը անհատականացված է: Քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել մինչև տարեվերջյան բանավոր քննությունը, դասավանդման ուղղվածությունը, բանավոր խոսքի թեմաները հենց քննականներն են: Այն սովորողները, ովքեր կարողանում են ինքնուրույն տեքստեր գրել և դրանց մասին խոսել, այդպես էլ անում են: Օգնում եմ այն սովորողներին, ովքեր չեն կարողանում անգլերեն միտք արտահայտել: Չեմ կարողանում օգնել նրանց, ովքեր որևէ գիտելիք չունեն և չեն էլ ուզում ստանալ: Ինչու՞ են նրանք անգլերենը ընտրել: Մեր կրթահամալիրը ընտրության այնքան մեծ հնարավորություններ է տալիս:

Մտահոգիչ էր Լուսինե Բուշի ներկայացրած տեղեկանքը մասնաժողովին անգլերենի առարկայական օլիմպիադային մեր սովորողների մասնակցության մասին: Անպայման պարզելու ենք, թե արդյոք եղել են միտումնավոր խախտումներ օլիմպիադայի կազմակերպիչների կողմից: Դա կարող ենք հեշտությամբ անել, երբ հրապարակվեն առաջադրանքները:

Փետրվարի 20-ի օրագիրը

Այսօր հայերեն թարգմանեցի Լատվիայի գրադարանավարների միության “Գրադարանավարներ ամբողջ աշխարհի” նախագծի իրականացման համար անհրաժեշտ նյութերը (նախագիծը և հոդվածի ուղեցույցը), որը կօգնի Մարի Գաբանյանին մասնակցելու այդ նախագծին: Պարզեցի, որ Մարի Գաբանյանը մեր գրադարանի գործունեությանը վերաբերող մի քանի նյութեր է տվել Իրինա Ապոյանին և Լուսինե Բուշին, որպեսզի նրանք իրենց սովորողների հետ թարգմանություններ անեն, ինչը կարող է օգնել վերջնական հոդվածի անհրաժեշտ որոշ հղումներ անելու համար: Այս աշխատանքն ուրույն ձևով մեծ ներդրում կարող է անել մեր կրթահամալիրի մանկավարժական փորձի տարածման գործում: 24 երկրներում կկարդն այդ հոդվածը:

5-րդ դասաժամին մեկ դասաժամ պարապեցի 9-4 դասարանի անգլերենի ընտրության խմբում: Դասի թեման “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրն էր, որը այս տարվա 9-րդ դասարանցիների անգլերենի ավարտական քննության թեմաներից է:

Դասից հետո գրադարանում Մարի Գաբանյանի հետ քննարկեցինք ապագա հոդվածի պահանջները և ուրվագծեցինք հովածի բովանդակային մասը:

Ժամը 15:00-16:00 մանկավարժական աշխատողների անգլերենի դասընթացի հերթական պարապմունքն էր: Ներկա էին Մերի Գրիգորյանը, Հայկուշ Գևորգյանը, Նինա Հովհաննիսյանը, Մանիկ Պողոսյանը և Հասմիկ Նալբանդյանը: Պարապմունքի հիմնական թեման “My Meals” -ն էր, բայց քննարկեցինք նաև մասնագիտական հոդվածների թարգմանչական աշխատանքների ընթացքը. Մանիկ Պողոսյան “Մաթեմատիկան կրտսեր դպրոցում”, Հայկուշ Գևորգյան և Նինա Հովհաննիսյան “Հատուկ կրթական կարիքներ ունեցող սովորողների անհատական ուսպլանների և առարկայական ծրագրերի մասին”:

Աջակցություն Մարի Գաբանյանին՝ միջազգային նախագծի իրականացման գործում

Լատվիայի գրադարանավարների միությունը`LBB JSS, կազմակերպել է «Աշխարհի գրադարանավարները» միջազգային նախագիծը, որի նպատակն է կազմակերպել գրադարանավարի աշխատանքի առաջավոր փորձի փոխանակում, ցույց տալ գրադարանի դերը կրթության կազմակերպման գործում, ինչպես նաև՝ երկրների իշխանությունների ուշադրությունը հրավիրել գրադարանների խնդիրներին ներկա ժամանակներում:

Նախագծի մասնակիցները ներկայացնելու են գրադարանավարի գործի կազմակերպման իրենց փորձը ինչպես նաև՝ տեղեկատվություն իրենց երկրում գրադարանների գործունեության մասին: 37 գրադարանավարներ 24 երկրներից ընտրվել են որպես այս նախագծի մասնակից: Փաստորեն կան երկրներ, որոնց մի մասնակից է ներկայացնում, և կան երկրեներ, որոնց մեկից ավել մասնակից է ներկայացնում: Նամակից պարզ չէ, թե արդյոք Հայաստանից միայն մեր Մարի Գաբանյանն է «Տիգրան Հայրապետյան» գրադարանը և Հայաստանի գրադարանային գործունեությունը ներկայացնում, թե կա նաև երկրորդ, երրորդ մասնակիցը:    Սա պետք է պարզել: Նախագիծը առցանց է և մասնակցությունը լինելու է հոդվածով, որը ուղարկվելու է lbbjss@gmail.com հասցեին մինչև 2017 թվականի մարտի 15-ը: Հոդվածի անունը լինելու է սա՝ article_Armenia.docx

Հոդվածին ներկայացվող պահանջները.

Հոդվածին պետք է նախորդի հոդվածագիր գրադարանավարի մասին հետևյալ տեղեկատվությունը՝

  • անուն ազգանուն, գրադարանի անունը, հաստատության անունը, առկայության դեպքում՝ գիտական աստիճանը, քաղաքը, երկիրը, էլեկտրոնային հասցեն.
  • Գրադարանավար-հոդվածագրի լուսանկարը
  • Վիճակագրական տեղեկատվություն Հայաստանի գրադարանների թվի և տեսակների մասին (ակադեմիական, հանրային, դպրոցական)

Հոդվածը բաղկացած է լինելու երկու մասից: Առաջին մասում (350-500 բառ) գրադարանավարը ներկայացնում է գրադարանավարի իր առաջավոր փորձը՝ գործի կազմակերպում, նախագծեր, առանձին միջոցառումներ և այլն:

Երկրորդ մասում ներկայացվում է երկրում գրադարանային գործի վիճակը՝ գրադարանների մասնակցությունը կրթական գործի կազմակերպման մեջ, տեղեկատվական տեխնոլոգիաների առկայությունը գրադարաններում, գրադարանային գործի կազմակերպմանը վերաբերող օրենքներ, գրադարանավարների վերապատրաստումը և նրանց ներկայացվող պահանջների մասին:  Խորհուրդ է տրվում երկրորդ մասի ծավալը սահմանափակել մինչև երեք էջի մեջ:

Եթե մի մասնակից է մի երկրից, ապա ամեն ինչ պետք է անել ըստ վերը շարադրվածի, իսկ եթե մեկից ավել գրադարանավար է ներկայացնում այդ երկիրը, ապա պետք է աշխատանքը թիմային համարել: Յուրաքանչյուր գրադարանավար-հոդվածագիր հոդվածի առաջին մասում ներկայացնում է իր փորձը, իսկ երկրորդ մասը Հայաստանի մասշտաբով գրադարանային գործը թիմային աշխատանք է, որն արվում է միասին:

Հոդվածը հրապարակվելու Լատվիայի գրադարանավարների միության բլոգում, որը կարդալու են առնվազն 24 երկրներում:

Հոդվածը պետք է մոտքագրվի A4 ձևաչափով, Times New Roman տառատեսակով , 12 տառաչափով և տողերի միջև 1,5 տարածությամբ: Պետք է երկու կողմից լուսանցքներ պահպանել: Մեջբերումները և հղումները պետք է համապատասխանեն APA ոճին:

Տեքստում բոլոր լուսանկարները իրենց ներքի մասում պետք է ունենան իրենց նկարագրությունները:

Լուսանկարները պետք է համարակալվեն այսպես՝ Armenia_01.png, Armenia_02.png և այլն և ուղարկվեն առանձին zip ֆայլով:

Հարցերի դեքում պետք է դիմել նախագծի ղեկավար  Elina Sniedze-ին:

lbbjss@gmail.com

Աղբյուրը

Հոդվածը գրելու անգլերեն ուղեցույցը

Լատվիայի գրադարանավարների միության «Գրադարանավարներ ամբողջ աշխարհի» միջազգային նախագիծը:

Աջակցության առաջին քայլը հոդվածի ուղեցույցի և նախագծի թարգմանությունն էր: Երկրորդ քայլը՝ անգլերեն թարգմանել Մարի Գաբանյանի գրադարանավարի առաջավոր փորձի մասին իր հոդվածը՝ կրթահամալիրը ներկայացնող ընդհանուր տեղեկատվության հետ միասին: Անգլերեն թարգմանել նաև հոդվածի երկրորդ մասը, որը վերաբերելու է Հայաստանի գրադարանային գործին:

Փետրվարի 17-ի օրագիրը

Առավոտյան սկսեցի ֆլեշմոբային առաջադրանքները տեղադրել Google Drive-ի ձևաթղթերում ըստ տարիքային 4 խմբերի: Աշխատանքը ստեղծագործական չէ, բայց  բավականին աշխատատար է: Այդ աշխատանքի արդյունքն է, որ կապ է ստեղծում ֆլեշմոբի բոլոր մասնակիցների և իմ միջև: Այս պահին հուսով եմ, որ շատ սեբաստացիներ են անգլերենի ֆլեշմոբով զբաղված:

Ժամը 13:00, կենտրոնական ընթերցասրահը լեփ լեցուն է սովորողներով, դասավանդողներով, իսկ բոլորի հայացքներն ուղղված են Մայիս Նիկողոսյանի ինքնաբավ ժպիտով լեցուն դեմքին: Երջանիկ էր մայիսը, նախ և առաջ, այն բանով, որ այդ հանդիպումն իր թոռնուհին էր վարում: Շատերը խոսեցին, հիշեցին Մայիսի հետ իրենց ուսման և աշխատանքի մասին: Իմ հերթին ես հիշեցի 1989 թվականի սեպտեմբերի այն առաջին օրերը, երբ նոր էի ոտք դրել կրթահամալիր: Այժմյան Հարավային դպրոցի շենքում էր մեր Գիմնազիան: Ամեն առավոտ, երբ պատրաստվում էի առաջին դասին, հանկարծ լսվում էր մի բարձրաձայն «աղոթք»: Մայիս Նիկողոսյանի 10-րդ դասարանը ամբողջ խմբով ու հանդիսավոր լրջությամբ արտասանում էր «Ես իմ անուշ Հայաստանի»-ին: Շուշան Դոյդոյան, Վահե Գևորգյան, Նեկտար Ղազարյան, Էդուարդ … ազգանունը չեմ հիշում: Ինչ դասարան էր ստեղծել Մայիսը:

Մեծ բավականություն ստացա այսօրվա մեդիաուրբաթից: Արևելյան դպրոցի փոքրիկներն իրենց «Անբան Հուռի» ռեփով, Քնարիկ Ներսիսյանի խումբն իրենց նուրբ մնջախաղ-արտասանությամբ, Սյուզի Մարգարյանը Քոլեջի սովորողների չարենցյան խրոխտ մեկնումով մի տեսակ թարմ շունչ տվեցին:

Անգլերեն թարգմանեցի երկու փաստաթուղթ՝ «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի 2017 թվականի ծրագիրը և «Հայ – վրացական կրթական նախագծերի բաց ստուգատեսը»

Փետրվարի 16-ի օրագիրը

Օրվա առաջին կեսը.

Ինչու՞ Երևանն էլ սահմանամերձ քաղաք չի կոչվում, եթե ավտոմեքենան միջինը 55կմ/ժ արագւթյամբ ընթանալով 30 րոպեում հասնում է սահմանամերձ գյուղ:

Ինչու՞ է Երևանը այդքան անհաղորդ իր հարևանությամբ գտնվող գյուղի հոգսերի նկատմամբ:

Ինչու՞ են Հայաստանի իշխանությունները կարծում, որ մեր մոտ հանրակրթությունը ամենաբարձր ցուցանիշներն ունի՝ վկայակոչելով Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի և Քվանտի օժտված երեխաների մեդալները միջազգային օլիմպիադաներում:

Ինչու՞ է Երասխահունի դպրոցի տնօրենը պատին փակցրել Հայաստանի հանրապետության նախագահի նկարը, եթե այդ նախագահի 8-9 տարիների նախագահության ընթացքում այդպես էլ չի լուծվել իրենց դպրոցի ջեռուցման հարցը:

Ինչու՞ են նախարարության աշխատողներն ամեն տարի ստում՝ ասելով, որ հանրապետությունում չկա չջեռուցվող դպրոց:

Ինչու՞ են Երասխահունի բնակիչները դպրոց ուղարկում երեխաներին, եթե դասասենյակներում ընդամենը 5 աստիճան է:

Ինչու՞ է մայրաքաղաքին այդքան մոտ գտնվող գյուղի դպրոցը այդքան տարբերվում մայրաքաղաքային դպրոցներից:

Ինչու՞ Գյուղնախարարությունը Ագրարային համալսարանի մասնագետների հետ չի կարողանում բերրի դարձնել Երասխահունի աղուտ հողերը:

Օրվա երկրորդ կեսը.

“Խոսել սովորում են խոսելով” սկզբունքն այսօր էլ մեր ուղեկիցն էր: Մի ժամ անընդհատ իրավիճակային երկխոսություններ էինք կազմում: Ուրախ եմ, որ վերջերս մեր խմբին են միացել Նինա Հովհաննիսյանը, Հայկուշ Գևորգյանը և Արման Երանոսյանը: Նինա Հովհաննիսյանը և Հայկուշ Գևորգյանը աշխատում են մի մասնագիտական հոդվածի թարգմանության վրա: Հովածը կրթական հատուկ պահանջներ ունեցող երեխաների անհատական ուսումնական պլաններ կազմելու մասին է:

15-ը փետրվարի. մասնագետ-դասավանդողի օրագիր

Այսօր վերջացրեցի երկու օր առաջ սկսած ներկրթահամալիրային ուսումնասիրությունը, որը վերաբերում է 10-12-րդ դասարանների ուսումնական պլանի պարզաբանումներում կրթության կազմակերպման համապատասխան կարգերին: Պարզել եմ որոշ կարգերի բացակայությունը և որոշ կարգերի վերաբերյալ արել եմ առաջարկություններ: Ուսումնասիրության արդյունքները ուղարկեցի Սուսան Մարկոսյանին:

Ժամը 11:30-ին Ավագ դպրոցում էի: Այսօր առաջին անգամ 9-4 դասարանի ընտրության խմբում պետք է դասավանդեի: Ամբողջ դասը անգլերեն վարեցի: Դասի թեման մեր կրթահամալիրն էր: 9-րդ դասարանցիների տարեվերջյան անգլերենի բանավոր քննության հարցերից մեկը “Իմ դպրոց”-ն է: Նրանք պետք է կարողանան որքան հնարավոր է լավ անգլերեն ներկայացնել մեր կրթահամալիրը: Զգացվում էր, որ նրանց համար հետաքրքիր էր իմ անգլերեն խոսքը կրթահամալիրի մասին: Սովորողները նույնպես ներկայացան: Հանձնարարեցի գրավոր անգլերեն շարադրեն իրենց մտքերը կրթահամալիրի մասին:

Առաջին տպավորությունը դասարանի մասին բավականին գոհացուցիչ էր: Այդ դասարանում կան սովորողներ, ովքեր կարողանում են բավականին ազատ անգլերեն արտահայտել իրենց մտքերը: Վերջում հայտարարեցի, որ փետրվարի 17-ին լինելու է մեր անգլերենի ֆլեշմոբը:

Ժամը 15:15-ին նորից Մայր դպրոցում էի: Կրթահամալիրի արհեստակցական միության ժողովն էր: Համաձայն եմ Հերմինե Անտոնյանի բոլոր մտքերի և կայացրած ու կայացնելիք որոշումների հետ, որովհետև նա արդար է խելացի ու ազնիվ:

Մասնագետ-դասավանդողի օրագիրը

Փետրվարի 14, 2017

Ժամը 9-ից մինչև 12:20-ը առանց ընդհատւմների աշխատել եմ անգլերենի փետրվարյան ֆլեշմոբի առաջադրանքները կազմելու վրա: Ինձ համար միշտ էլ ամենադժվարը 1-3-րդ դասարանների առաջադրանքները կազմելն է եղել: Եթե հաշվի առնել միայն 3-րդ դասարանցիների լեզվական կարողությունները, 1-ին դասարանցիները շատ կխեղճանան: Եթե հաշվի առնենք միայն առաջին դասարանցիների լեզվական մակարդակը, ապա երրորդցիների համար հետաքրքիր չի լինի: Ոսկե միջինը միշտ էլ գտել եմ այն հաղորդակցական արտահայտությունների, խոսքային նմուշների մեջ, որոնք միշտ սովորողի հետ են՝  տանը թե դպրոցում: Այսօրվա առաջադրանքն էլ շատ հեռու չէր այդ մտքից. 1. Ներկայացնել տան որոշ առարկաներ և ասել, թե իրենք ինչ են կարողանում անել դրանցով 2. Ներկայացնել դասասենյակի որոշ առարկաներ և ասել, թե իրենք ինչ են կարողանում անել դրանցով: Երրորդ առաջադրանքն էլ այնպիսին է, որի կարողությունը 1-ին դասարանից մինչև ավագ դպրոց չի կորցնում իր հաղորդակցական նշանակությունը: Սովորողները պետք կարողանան ասել. «May I go out? –Կարելի՞ է դուրս գնալ», կամ էլ՝ «May I open the window? – Կարելի՞ է բացել պատուհանը» և այլ նմանատիպ խնդրանքներ՝ ուղղված ուսուցչին:

4-5-րդ դասարանների առաջադրանքը մի փոքր ավելի սահուն ստացվեց: British Council-ի անգլերենի ուսուցման կայքից մի փոքրիկ մուլտֆիլմի հղում տեղադրեցի և հարցեր կազմեցի այդ մուլտֆիլմի վերաբերյալ: Հաճելի առաջադրանք է և, միաժամանակ, կզարգանա լսելով հասկանալու և գրելու կարողությունը: «Մաթեմատիկան անգլերեն» վերնագիրը կրող առաջադրանքը երկրորդը եղավ: Մաթեմատիկական պարզագույն գործողությունների կատարելը, բարձրաձայն ասելը և դրանք մուտքագրելը անգլերեն: Սկզբում տալիս եմ օրինակը՝ 2+3=5, որն այսպես են անգլերեն ասում՝ 2 and 3 is 5: Նմանատիպ բացատրությամբ օրինակներ էլ գրեցի հանման, բազմապատկման և բաժանման գործողությունների համար:

Երրորդ առաջադրանքը բոլոր հայաստանցիների սրտից է բխած: 3. «Հիմա բոլորը Հայաստանում ուզում են, որ գարուն գա: Նկարագրեք գարունը 5-6 նախադասությամբ»:

Այս անգամ ամենահետաքրքիր առաջադրանքը ստացվեց 6-8-րդ դասարաններինը: Գրեթե բոլոր դասագրքերում, քերականական վարժություններում, տեքստերում օգտագործվում է, այսպես ասած, ստանդարտ անգլերենը, որը բոլորի կողմից ընդունված և ճիշտ համարվող անգլերենն է, բայց կյանքում շատ հաճախ է պատահում, որ մարդիկ դուրս են գալիս այդ ստանդարտ անգլերենի սահմաններից՝ կախված իրենց հուզական վիճակից, դիմացինի հետ հարաբերությունից և այն վայրից, որտեղ այդ խոսքն ասվում է: Օրինակ, երբ Ազգային ժողովում պատգամավորները բարձրաձայն խոսում են և խոսնակն ուզում է, որ պատշաճ լռություն պահպանվի, նա չի ասում. «Ձայներդ կտրե′ք» կամ էլ՝ «Դե սսկվեք էլի»: Այս առումով հետաքրքիր է առաջին առաջադրանքը: Առաջարկում եմ «Լռություն պահպանե՛ք – Keep silent, please» ստանդարտ անգլերենից շեղված ձևերը և դեպի անչափ քաղաքավարին, և դեպի սաստող կոպիտը: Իմ պահանջն է ընտրել արտահայտությունները և շարադասել դրանք՝ սկսելով  ամենաքաղաքավարիից և աստիճանաբար անցնելով դեպի ամենակոպիտը: Սովորողները պետք է իմանան, իրենց հետ կոպի՞տ, թե՝ քաղաքավարի են խոսում, մտերմի՞կ, թե՝ պաշտոնական:

Ինքս ինձ համար հայտնություն արեցի մյուս առաջադրանքով, որի լեզվական նյութը այնքան նոր է, որ դեռ չի հասցրել մտնել որևէ դասագրքի, կամ էլ գեղարվեստական գրքի մեջ: Դա վերջին տարիներին սկզբնավորված և մեծ թափ հավաքող ֆեյսբուքյան համառոտագրումն է, որից օգտվում են դեռահասներն ու երիտասարդները իրենց «chat»-երում: Նրանք ուզում են կարճ ու արագ գրել և այդ պատճառով էլ օգտագործում են u տառը you-ի փոխարեն, y տառը why-ի փոխարեն, c տառը see-ի փոխարեն, 2 թիվը` to-ի փոխարեն, r տառը՝ are-ի փոխարեն, L8-ը late-ի փոխարեն և այլ նման բաներ: Սրանք էլ հուշեցին առաջադրանքը. Սովորական անգլերենով գրեք հետևյալ երկխոսությունը՝

“Hi, Jane. RU OK?”

“Hi, Tom. Gr8!”

“Want 2 speak 2 U. W8ing 4 U.”

“I’ll not B L8. CU in 5 minutes.”

9-12-րդ դասարանցիների համար առաջադրանքները ավելի հոգեհարազատ են, քանի որ ամենաշատը այդ տարիքային խմբերի հետ եմ աշխատել: 1.Explain the meanings of these words without using them in your sentences. For example, optimistic – a person who always thinks good things will happen. 2.  Imagine as if you were a philosopher, and make up your own sayings by continuing the following beginnings: Life is …. Love is …, Happiness is … և այլ նմանատիպ սկիզբներ: 3.Paraphrase these sentences by using other words and word combinations leaving the meaning of the sentence the same. For example: Don’t give up! Go on standing for your own point of view.

Իսկ ժամը 12:55-ին արդեն Ավագ դպրոցում էի՝ Էմանուել Ագջոյանի կաբինետում, որտեղ ինձ էր սպասում 9-րդցիների իմ խումբը: Նախագիծը, որով սկսել էի աշխատել այդ խմբի հետ այսպես է կոչվում «Մեդիալրագրությունը անգլերեն»: Սա այն դեպքն է, երբ իրականությունն ավելի համեստ է, քան երազանքները: Դասավանդման երկրորդ շաբաթն է ընթանում և ընդամենը մի փոքրիկ հոդված է արժանացել հրապարակման կայքի անգլերեն էջում, որի հեղինակը Մարիամ Խաչանյանն է: Սովորողները շատ են դժվարանում նույնիսկ հայերեն շարադրել իրենց մտքերը: Այնուամենայնիվ, մոտակա երկու օրերին կհրապարակվեն նաև Էլեն Ջանոյանի և Տաթև Հարությունյանի անգլերեն փոքրիկ հոդվածները մեր կրթահամալիրի մասին: Ես չեմ հուսահատվում: Պայքարելու եմ, որ բարձրանա նրանց հետաքրքրությունը լեզվի նկատմամբ:

Ժամը երեքին արդեն մեդիակենտրոնում էի և վերջացրեցի 9-12-րդ դասարանցիների վերջին առաջադրանքը:

Երեկ առավոտյան պարզվեց, որ փոխարինելու եմ Անահիտ Մելքոնյանին՝ Ավագ դպրոցի 9-4 դասարանում: Առաջին անգամ նրանց հանդիպելու եմ փետրվարի 15-ին, 7-րդ ժամին: Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի:

Կրթահամալիրում իրականացվող անգլերենի ամենամսյա ֆլեշմոբների առաջադրանքները

Ֆիզիկայի գծով 2000 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Ժորես Ալֆյորովը «Կյանքի գիծը» հեռուստահաղորդման ժամանակ պատմել է, որ Խորհրդային Միության տարիներին բավականաչափ անգլերեն էր սովորել, որպեսզի կարողանար իր գիտական զեկուցումը անգլերեն կարդալ Ամերիկայում: Նա շատ հպարտ է, եղել իր լեզվական կարողություններով մինչև ճաշկերույթի հրավիրվելը: Ճաշկերույթի ընթացքում նա լիովին անօգնական է զգացել: Սեղանի շուրջը բոլորն էլ անգլերեն էին խոսում, բայց այդ հզոր ինտելեկտի տեր գիտնականը մոտավորապես այս իրավիճակում էր հայտնվել . «Это мы не проходили, это нам не задавали…»: Իհարկե ներելի և հասկանալի էր այն իրավիճակը, որում հայտնվել էր Ժորես Ալֆյորովը: Նա կրթվել էր «երկաթյա վարագույրով» պատված փակ համակարգում, որտեղ օտար լեզուն հաղորդակցման միջոց չէր: Ու՞մ հետ և որտե՞ղ հաղորդակցվեին:

Հիմա արդեն 21-րդ դարն է, Խորհրդային Միությունը փլուզվել է և Հայաստանն էլ տոնել է իր անկախության 25-րդ տարին: Այլևս չկան երկաթյա վարագույրները: Իրականություն են դարձել միջազգային կրթական, մշակութային, տնտեսական փոխանակումները, բայց այսօրվա օտար լեզու ուսուցանող դասագրքերը և հատկապես հանրակրթության հիմնական  դպրոցի ավարտական բանավոր քննությունների պահանջները մնացել են նույնը: Կյանքի պահանջներն ավելի առաջադիմական են, քան առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, էլ ավելի հետ են մնում գիտելիքների ստուգման քննությունների պահանջները: Ինչու՞ է պետք ստիպողաբար պատմել սովորել Լոնդոնի կամ Վաշինգտոնի տեսարժան վայրերի, Միացյալ թագավորության և Միացյալ նահանգների քաղաքական համակարգերի մասին դեռահասի համար միանգամայն անհետաքրքիր տեղեկատվական դասերը, իսկ մյուս կողմից էլ՝ կարկամել ու չիմանալ, թե ինչ ասել, երբ մի զբոսաշրջիկ Հյուսիսային պողոտայում հարցնում է, թե ինչպես կարող է գնալ Փարաջանովի տուն թանգարանը: Ինչու՞ է պետք, որ դեռահասը պատմել սովորի «Means of Communication – Հաղորդակցության միջոցները» տեղեկատվական դասը, եթե չգիտի, թե ինչ պատասխան տա հյուրին, երբ նա դիմում է իրեն նման իրավիճակում՝ «I am sorry, I broke the cup to pieces»:

Հիմա, երբ անգլերեն դասավանդողի լիարժեք ծանրաբեռնվածությամբ այլևս չեմ աշխատում, ուրախ եմ, որ ստանձնել եմ անգլերենի ամենամսյա ֆլեշմոբների կազմակերպման պատասխանատվությունը և շարունակում եմ առցանց ռեժիմով շփվել ավելի մեծ քանակի տարատարիք սովորողների հետ: Ամեն ամիս միջինը 200-250  առաջինից 12-րդ դասարանցիներ են մասնակցում ֆլեշմոբներին: Այս ֆլեշմոբային նախագծի նպատակն է սովորողների մոտ հետաքրքրություն ձևավորել և զարգացնել անգլերենի հատկապես հաղորդակցական կարողությունները, քանի որ լեզուն, նախ և առաջ, հաղորդակցության միջոց է: Պետք է խոստովանեմ, որ դժվար է նման նպատակով առաջադրանքներ կազմելը տարատարիք սովորողների համար: Հուղարկավորության արարողակարգային երաժշտություն է հիշեցնում մեր անգլերենի ավարտական և միասնական բուհական ընդունելության քննությունների շտեմարանը: Այստեղ պահանջվում է միայն երկու բան՝ անգլերենի քերականական տարբեր բաժինների լավ իմացություն և ընթերցելով հասկանալու կարողություն: Իսկ համացանցն էլ ողողված է տարբեր երկրներում ստեղծված լեզվական տարբեր քննություններին նախապատրաստող հարցաշարերով, որոնք պահանջում են լեզվի իմացության տարբեր մակարդակներ՝ ստուգելով լսելով հասկանալու, ընթերցելով հասկանալու, գրելու և խոսելու կարողությունները: Այս բոլոր պահանջվող գիտելիքներն ու կարողությունները անհրաժեշտ դասականն են իրենց երկարաշունչ տեքստերով,  լսելու համար նախատեսված ձայնագրություններով ու գրավոր շարադրությունների առաջարկվող թեմաներով: Դրանց կատարման համար շատ երկար ժամանակ է պահանջվում: Դրանք մեծ բարդություն չպահանջող, ջերմ, մարդամոտ ու ընտանեկան չեն, ինչպես պետք է լինեն մեր կրթահամալիրային ֆլեշմոբները: Պետք էր գնալ շատ քիչ տրորված և երբեմն էլ՝ դեռևս չտրորված արահետով: Պետք էր այնպես կազմել առաջադրանքները, որ դրանց կատարման համար պահանջվեր 15-20 րոպե: Պետք էր ուշադրությունը կենտրոնացնել այնպիսի լեզվական կառուցվածքների, հաղորդակցական արտահայտությունների վրա, որոնցով լեզուն համ ու հոտ է ստանում: Պետք էր այնպիսի գիտելիքների և կարողությունների հաղորդակիցը դարձնել մեր տարատարիք սովորողներին, որոնց տիրապետելով նրանք կկարողանային արտահայտվել իրական կյանքում հանդիպող իրավիճակներում, երբ պետք է լինում դիմացինին քաջալերել, հանդիմանել, նրանից ներողություն խնդրել, ուշադրություն հրավիրել, ներել, շնորհավորել տարբեր առիթներով, շնորհակալությունը արտահայտել և պատասխանել շնորհակալությանը, ցավակցել, նրա հետ համաձայնվել կամ չհամաձայնվել, կասկած ու զարմանք, կարծիք ու խորհուրդ, ափսոսանք ու գոհունակություն արտահայտել, ճանապարհ հարցնել ու մոլորվածին ճանապարհը ցույց տալ, որպեսզի ոչ ոք չմոլորվի այս հարափոփոխ հոգևոր և ֆիզիկական աշխարհներում: Փաստորեն այս նախագծով, ֆլեշմոբային թեթև ու ուրախ ոգով օտար լեզուն՝անգլերենը, որքան հնարավոր է ակադեմիական ոլորտից հեռացվում և մոտեցվում է իրական կյանքին ու դրանով ավելի մարդամոտ դառնում:

Առաջադրանքների ձևն ու բովանդակությունը

Անգլերենը որպես օտար լեզու սովորեցնող բոլոր դասագրքերում իր ուրույն տեղն ունեն հայերենից անգլերեն թարգմանելու պահանջներով առաջադրանքները: Դրանք սովորաբար առաջարկվում են կատարել՝ անցած բառապաշարը, լեզվական կառուցվածքները հիշողության մեջ ամրապնդելու նպատակով: Այդ առաջադրանքներն իհարկե որոշակի չափով իրենց դերը կատարում են, բայց անգլերենի ֆլեշմոբներում ես աշխատել եմ որքան հնարավոր է խուսափել այդ «հնադարյան» թարգմանչական մեթոդից և փոխարենը առաջարկում եմ տարբեր իրավիճակներ, որտեղ սովորողը ստիպված է լինում ինքը որոշի, թե ինչ ասի: Օտար լեզու դասավանդողների համար ծանոթ է սովորողների այս արտահայտությունը. «Չեմ կարողանում…, չգիտեմ, թե ինչ ասեմ…դուք ասեք և ես կթարգմանեմ»: Կրտսեր և միջին դպրոցների համար առաջադրանքները կազմում եմ հայերեն՝ ավելի հասկանալի դառնալու համար, դեռ ավելին՝ հաճախ օգնող բառակապակցություններով, ամբողջական օրինակներով: Ֆլեշմոբների հիմնական նպատակը գիտելիքների և կարողությունների ստուգումը չէ, այլ օգնելը, որպեսզի սովորողները հաղորդակցման համար անհրաժեշտ ինքնավստահություն ձեռք բերեն:

Ահա մի քանի իրավիճակային առաջադրանքներ, որտեղ սովորողն ինքը պետք է որոշի իր ասելիքը:

Այս առաջադրանքը նախատեսված է 4-5-րդ դասարանցիների համար:

1.Ինչպե՞ս հրաժարվել և ինչպե՞ս չհրաժարվել հյուրասիրությունից:Եթե ճաշկերույթի ժամանակ մի որևէ բան են հյուրասիրում և դուք չեք ուզում վերցնել, ապա պետք է ասել. «No, thank you» կամ «No, thank you, I am fed up»: Եթե ուզում եք օգտվել հյուրասիրությունից, ապա պետք է ասել. «Yes, please» կամ «Yes, please, I want some more», կամ «Yes, please. I want a piece of cake». Հիմա եկեք փորձենք.

  1. a) Do you want some more rice porridge? (հրաժարվեք)
  2. b) Help yourself to apples. (չհրաժարվեք)
  3. c) Taste this piece of cake. It is very delicious (համեղ). (չհրաժարվեք)

 

2.Սեղանի շուրջը նստած ժամանակ հարմար չէ ձեռքը շատ երկարացնել, որպեսզի աղամանը կամ մի կտոր հաց վերցնել: Այդ դեպքերում օգտագործում են այս ձևերը. «Pass me the salt cellar please», «Pass me a piece of cake please», «Pass me the pepper cellar please», «Pass me the sugarpot please», «Pass me the salad bowl please»: Փորձենք սեղանի շուրջը: Ի՞նչ կասեք այս իրավիճակներում:

Կարտոֆիլի պյուրեն մի քիչ անալի է, իսկ աղամանը հեռու է քեզնից:

Թեյը բոլորովին քաղցր չէ: Ինչ լավ կլիներ, որ շաքարամանը մոտիկ լիներ:

Անգլիացիները չգիտեն, որ հայերը հաց շատ են սիրում: Ինչ հեռու են դրել հացը:

 

1-3-րդ դասարանցիների համար առաջադրանքներն ավելի պարզ են և ուղեկցվում են օրինակներով.

Ուզում ենք, վերցնում ենք, շնորհակալություն ենք հայտնում, կամ էլ՝ խնդրածը տալիս ենք ու պատասխանում շնորհակալությանը. We ask for something, take it and thank for it.Օրինակ, Ես կարմիր փուչիկ եմ ուզում. – I want a red balloon.- Ահա′, խնդրեմ: – Here you are. Կամ՝ “Take it please.”-  Շնորհակալություն: – Thank you.-  Խնդրեմ. – You are welcome.

  1. a) – Ես սև մատիտ եմ ուզում: Շարունակեք անգլերեն`ըստ օրինակի

….

  1. b) – Ես կարմիր խնձոր եմ ուզում: Շարունակեք անգլերեն`ըստ օրինակի:

….

c)- Ես կապույտ գրիչ եմ ուզում: Շարունակեք անգլերեն`ըստ օրինակի:

 

 

9-12-րդ դասարանցիների համար

  1. Pardon me…, excuse me…, I am sorry… The meanings of these three English expressions in Armenian are expressed with one Armenian word «ներողություն», but do you know in which situations they are used? (2 points)

 

  1. “How is your Dad doing?”

“My Dad died five years ago.”

  1. You spilled some wine on the hostess’s dress.

….

  1. You didn’t hear the last two words.

….

  1. Two people are talking together, and you want to ask them a question.

 

Ընկերոջդ օգնում ես քո խորհուրդներով

9-12-րդ դասարանցիների համար

a)Whatever I do I can’t remember the new English words.  …

b)I don’t know why I should go in for boxing instead of taking piano lessons.

c)My grandfather needs to be operated on but he hasn’t got medical insurance.

  1. d) Whatever I do my car won’t start.
  2. e) Ouch! I have cut myself.
  3. f) Hi, John. I am phoning you to find out how I can come back to the hotel. I forgot the hotel name and now I am lost in the big city.

Բացականչությունների վրա հիմնված առաջադրանքներ

6-8-րդ դասարանների համար

  1. Շատ է պատահում, երբ մարդիկ բացականչություններ են անում, օրինակ`wow, sheesh, oops, yuck, … Կարևոր է հասկանալ այդ բացականչությունների իմաստները, որպեսզի համապատասխան ձևով արձագանքեք: Կարո՞ղ եք ճիշտ կռահել հետևյալ բացականչությունների տեղերը. sh, yuck, oops, oh-la-la, br, yeah: (կարող եք բառարանից օգտվել կամ էլ՝ կռահեք զգալով)
  2. …., I made the same mistake again.
  3. …., the baby is sleeping.
  4. …., it’s terribly cold today.
  5. “Are you Armenian?” “…., I come from Yerevan.” e)
  6. …., don’t touch that worm.
  7. …., he has again bought a new car.

 

Ազատ շարադրանք պահանջող առաջադրանքների օրինակներ

4-5-րդ դասարանցիների համար

Պատասխանեք հետևյալ հարցերին: Ընդարձակ պատասխան տվեք, եթե կարող եք:

  1. a) Who is a better cook: your mother or grandmother?

Վստահ եմ, որ կրտսեր դպրոցների սովորողները ֆլեշմոբերին մասնակցում են իրենց ծնողների հետ: Պատկերացնու՞մ եք, թե ինչ հույզեր կարող է ընտանիքում արթնացնել այս հարցը: Շատերն են պատասխանել, որ երկուսն էլ լավ խոհարարներ են, կամ էլ վստահ գրել են, որ իրենց մայրիկը կամ տատիկն է ավելի լավ խոհարար, բայց իր եզակի պատասխանով առանձնացավ Արևելյան դպրոցից Ալինա Արզումանյանը. «I love my mother very much, but my grandmother is the best cook-Ես շատ եմ սիրում իմ մայրիկին, բայց տատիկս ամենալավ խոհարարն է»: Ընդհանրապես, եթե գիտելիքի և կարողությունների ձեռքբերումներն ուղեկցվել են որոշակի հույզերի ուղեկցությամբ, ապա դրանք շատ դժվար են մոռացվում:

6-8-րդ դասարանցիների համար

Բանավոր խոսքում անգլերենի ամենահաճախ գործածվող շաղկապներից է «if»-ը: Տրված է երկու ավարտուն և մեկ անավարտ նախադասություն: Ավարտեք երրորդ անավարտը և նույն տրամաբանությամբ շարունակեք կազմել չորրորդ, հինգերրորդ և վեցերրորդ նախադասությունները:

If I have enough money, I will buy an iPhone 7 for me. If I buy an iPhone 7, I will connect it to the Internet. If I connect my iPhone 7 to the Internet, I ….

 

6-8-րդ դասարանցիների դեկտեմբերյան ֆլեշմոբի շարադրության թեման «A Letter to Santa» և հատկապես սովորողների պատասխանները մեծ ուշադրության արժանացան: Պարզվեց, որ սովորողների մեծ մասը Ձմեռ Պապից խաղաղություն է ուզում: Նույնիսկ կրթահամալիրի տնօրենը մի քանի անգամ անդրադարձավ այդ պատասխաններին իր օրագրի էջերում:

9-12-րդ դասարանցիների համար

Compose a short story about your possible future life using the following conjunctions: because, but, despite, although, however, or else, as soon as, when, before. Նկարագրեք ձեր հնարավոր ապագան՝ օգտագործելով հետևյալ շաղկապները՝ որովհետև, բայց, բացի, չնայած, այնուամենայնիվ, այլապես, հենց որ, երբ, նախքան:

Իր ապագան այսպես է պատկերացնում 9-րդ դասարանցի Վահե Սարգսյանը (առանց խմբագրման). «I think about my future very often because I want to become older very soon and start to work in my favourite field which is 3 D modelling and animation.Despite of my age I’m already working on different projects , games although it takes much time but I fell very well when my work is appreciated. When I grow up I hope to become a high qualificated spetialist.»

 

  1. b) Do you know the word brainstorm? It is translated into Armenian as “մտագրոհ”: This word is often used by educators, lecturers at the beginning of their work-shops or seminars. They want to find out how much you know about the topic they are going to deliver. For example, if you are asked to brainstorm the word “education” you are to say words associated with education: public school, teaching, college, university, future career, foreign languages …

    Now I want you to brainstorm the word “Computer”. Write at least 10 words.

  1. c) Do you agree about this saying «When poverty comes in through the door, love flies out of the window»? – Համաձայն ե՞ս այս ասացվածքի հետ. «Երբ աղքատությունը դռնից ներս է մտնում, սերը դուրս է թռչում պատուհանից»:

Ահա 11-րդ դասարանցի Տիգրան Աբրահամյանի պատասխանը առանց խմբագրման. «It’s a bit controversial saying, but mostly I think that money makes people happier, and makes our life beautiful. In another hand I can say, that there are very many poor families who live in an extremely poverty, but they are delighted with life, they are happy, they love each other.»

Ամփոփելով այս հոդվածը՝ տեղին է այստեղ մեջբերել դեկտեմբեր ամսին  Դպիրում հրապարակված իմ հոդվածի գլխավոր միտքը. «Սովորողների չխմբագրված տեքստերը նման են հարուստ հանքաքարի մեջ հանդիպող ոսկու բնակտորների: Դրանք շատ ավելի թանկ արժեն, քան հղկված, փայլեցված զարդանախշերով պատված ոսկե մատանին»: Ֆլեշմոբներում գրված տեքստերի մեծ մասը հենց այդպիսի բնակտորներ են, որովհետև դրանք խմբագրված չեն:

Տեխնիկական և կազմակերպչական հարցեր

Կազմված առաջադրանքները դրվում են Google Drive-ի հարցաշարային ձևաթղթի ծրագրում: Յուրաքանչյուր առաջադրանք հղումով կապվում է իր պատասխանների համար նախատեսված ձևաթղթի հետ, որը Excel ծրագրով է: Երբ սովորողը բոլոր հարցերին պատասխանում է, սեղմում է Submit կոճակը և Google Drive-ի իմ էջում ունենում եմ ֆլեշմոբի բոլոր մասնակիցների պատասխանները մի Excel ֆայլում:

Անգլերեն դասավանդողներին եմ ուղարկում արդեն գնահատված բոլոր աշխատանքները ըստ դասարանների Excel ֆայլով: Առանձին Word Office ֆայլով դասավանդողները ստանում են նաև տվյալ ամսվա առաջադրանքը ու հրապարակում այն իրենց ուսումնական բլոգներում, որոնք արդեն պատրաստի ուսումնական նյութեր են՝ պարապմունքների ընթացքում աշխատելու համար:

Հետաքրքրվողների համար ներկայացնում եմ անգլերենի ֆլեշմոբների բոլոր առաջադրանքները Word Office ֆայլով:

Առաջադրանքներն ըստ ամիսների Google Drive-ի առցանց ձևաթղթերում՝

Սեպտեմբերյան ֆլեշմոբ

Հոկտեմբերյան ֆլեշմոբ

Նոյեմբերյան ֆլեշմոբ

Դեկտեմբերյան ֆլեշմոբ

Հունվարյան ֆլեշմոբ

 

 

 

Ուսումնական ակումբի նախագիծ՝ «Մեդիալրագրությունը անգլերեն »

Նախագիծը նախատեսված է Ավագ դպրոցiի տարատարիք սովորողների համար: Ներկայումս ակումբի աշխատանքներում ներգրավված են միայն 9-րդ դասարանցիներ:

Նախագծի նպատակը՝

Սովորողների մոտ ձևավորել և զարգացնել ուսումնական կայքի, ենթակայքերի համար անգլերեն տեղեկատվական տեքստեր գրելու, անգլերեն հարցազրույցներ վարելու և ռադիո լուրեր պատրաստելու, կայքի հայերեն տեղեկատվական տեքստերը անգլերեն թարգմանելու կարողություններ:

Արդյունքը.

mskh.am-ի անգլերեն էջում պարբերաբար կհրապարակվեն կրթահամալիրի առօրյան լուսաբանող ակումբի անդամների նյութերը, մեկնաբանություններով ֆոտոպատումները, հարցազրույց-ռադիոլուրերը, հայերենից անգլերեն թարգմանությունները: Նախագծով աշխատելը նպաստելու է նաև 9-րդ դասարանցիների տարեվերջյան անգլերենի բանավոր քննությունը հաջողությամբ հանձնելուն:

Պարապմունքները նախատեսված են երեքշաբթի և հինգշաբթի օրերին 5-6-րդ դասաժամերին:

Ակումբի յուրաքանչյուր անդամ պարապմունքներին մասնակցում է իր թվային ուսումնական միջոցով (note-books, net-books, tablets, smart phones), որի մեջ ներբեռնված է grammarly.am ծրագիրը:

Աշխատանքի ընթացքը.

Յուրաքանչյուր պարապմունք ուղեկցվելու է անգլերենի բանավոր և գրավոր հաղորդակցման համար անհրաժեշտ լեզվական կառուցվածքների ուսուցմամբ, որոնք նպաստելու են նախագծի նպատակի իրականացմանը և արդյունքների ապահովմանը:

 

 

Փետրվարի 6-ի պարապմունքը անգլերեն սովորող դասավանդողների հետ

Գրառումը դասից առաջ.

Պարապմունքի ընթացքում դասավանդողները կներբեռնեն grammarly.com ծրագիրը, որից հետո նրանք մի փոքրիկ տեքստ կգրեն և կստուգեն ծրագրի աշխատանքն ու արդյունավետությունը:

Գրառումը դասից հետո.

Ծրագրի ներբեռնումը չստացվեց, որովհետև բնագիտության լաբորատորիայում, որտեղ պարապմունքն էինք անցկացնում, ինտերնետ չկար:

Անգլերեն քննարկեցինք մեր անելիքները ուսումնական երրորդ շրջանում: Որոշեցինք , որ անգլերեն դասընթացի յուրաքանչյուր մասնակից զբաղվելու է նաև անգլերենից հայերեն թարգմանչական աշխատանքներով: Տեքստերի, հոդվածների ընտրությունը լինելու է ըստ մասնագիտության: