Just another WordPress.com site

Archive for August, 2018

Անգլերենի լրացուցիչ կրթության դասընթացի կազմակերպում դասավանդողների համար

Սիրելի գործընկերներ, տեղեկացնում եմ, որ 2018-2019 ուստարվա ընթացքում վարելու եմ դասավանդողների անգլերենի լրացուցիչ կրթության դասընթաց: Պարապմունքները լինելու են երկուշաբթի և հինգշաբթի օրերին 90 րոպե տևողությամբ: Դասընթացին մասնակցողները նկատելիորեն կբարելավեն իրենց անգլերենով հաղորդակցվելու և անգլերեն մասնագիտական  գրականությունից օգտվելու կարողությունները: Ցանկացողները պետք է լրացնեն այս հայտը, որպեսզի ես կարողանամ ճշտել ծրագրային որոշ մանրամասներ:

Օտար լեզվի ուսուցումը դարձնել ավելի բովանդակային

Շատերին ծանոթ իրավիճակ է, երբ սովորողն ունի օտար լեզվի բավականաչափ բառապաշար և լեզվական կառուցվածքների ճիշտ կազմության որոշակի գիտելիքներ, բայց դժվարանում է հաղորդակցվել՝ այդ լեզվով կարծիք արտահայտել, պաշտպանել սեփական տեսակետը: Սահուն խոսքի բացակայության, օտար լեզվով սեփական մտքեր արտահայտելու անկարողության հիմնական պատճառն այն է, որ աննպատակ ու բովանդակազուրկ են եղել այդ բառապաշարով և լեզվական կառուցվածքներով կազմված նախադասությունները: Օտար լեզու դասավանդողի նպատակը եղել է այդ բառապաշարի և լեզվական կառուցվածքների ինքնանպատակ ուսուցանումը: Հաղորդակցական իրավիճակներ չեն ստեղծվել, երբ անհրաժեշտ է լինում հանպատրաստից ստեղծել սեփական խոսքը: Այդ դասավանդողը սովորականի նման գոհ է եղել, երբ սովորողը աննպատակ կերպով վերապատմել է դասագրքի տեքստը:    Վերջին տարիներին, իհարկե, մեր կրթահամալիրում բավականին առաջընթաց է եղել հենց միայն այն պատճառով, որ ներդրվել է նախագծային ուսուցումը՝ հրաժարվելով դպրոցական դասագրքերից և լայնորեն օգտագործելով համացանցը: Եվ, այդուհանդերձ, եկել է մի նոր առաջադիմական քայլ անելու ժամանակը: Նախանշված է, որ 2018-2019 ուստարվա ընթացքում ինտեգրվելու է օտար լեզուների և հասարակագիտական ուսումնական առարկաների ուսուցումը: Սա էր օտար լեզու և հասարակագիտական ուսումնական առարկաներ դասավանդողների այսօրվա պարապմունքի գլխավոր թեման: Օտար լեզվի ուսուցման այս նոր ձևը ավելի բովանդակային կլինի, քանի որ հասարակագիտությունը ներառում է մեր սոցիալական կյանքի բոլոր բնագավառները՝ բարոյագիտություն (Էթիկան ethics հետազոտում է մարդկային բարոյականության հետ կապված խնդիրները, այսինքն՝ բարու և չարի, ճշտի և սխալի, առաքինության և արատի, արդարության և հանցանքի խնդիրները, գեղագիտություն-esthetics (գեղագիտական ճաշակ, արվեստ, գեղարվեստական կերպար, գեղեցիկը), հոգեբանություն-psychology (ուսումնասիրում է մարդու ներաշխարհը, նրա հոգեկան կյանքի կոնկրետ փաստերն ու տվյալները, մարդու արարքները, վարքը, ինչպես նաև այն, թե ինչպես է մարդն իրեն դրսևորում այլ մարդկանց հետ հարաբերությունների ժամանակ, բացահայտում է հոգեկան այս կամ այն երևույթի դրսևորման պատճառները և օրինաչափությունները, այսինքն` այն առանձնահատկությունները, որոնք բնորոշ են որոշակի խմբի մարդկանց,   տնտեսագիտություն  (արտադրական հարաբերություններ, աշխատանքի հասարակական կազմակերպման օրինաչափություններ, տնտեսագիտական օրենքների գործողությունը, հասարակական արտադրության կառավարման կիրառվող ձևերը:

Հասարակագիտության ուսումնասիրման բնագավառներից են նաև՝ պատմությունը, մարդաբանությունը, մշակութաբանությունը, սոցիոլոգիան, ազգագրությունը, իրավագիտությունը: Երբ այս բնագավառներին վերաբերող թեմաներով սովորողները կարողանան հայերենով, իսկ հետո նաև՝ ուսումնասիրվող օտար լեզվով մտքեր արտահայտեն, երկխոսություններ կազմեն, զրույցներ վարեն, վիճաբանեն, այդ ժամանակ կարող ենք ասել, որ օտար լեզվի ուսուցումը բովանդակային է դարձել:

Պարապմունքի այս ներածականից հետո նշվեցին 2017-2018 ուստարվա ընթացքում  կրթական տարբեր աստիճաններում մի քանի արդեն իրականացված հասարակագիտական բնույթի նախագծեր: Օրինակ՝ Արևելյան դպրոց-պարտեզում Լիանա Ասատրյանի և Գայանե Փարվանյանի ‹‹Մեր բակը›› նախագիծը (նախագծի հասարակագիտական բնույթը կայանում է նրանում, որ քաղաքացի է դաստիարակվում), Հարավային դպրոց-պարտեզում Աննա Գանջալյանի և Մարիամ Քալանթարյանի ‹‹Մեր զբոսայգիները›› նախագիծը, Միջին դպրոցում Հայկուհի Հովհաննիսյանի ‹‹Բիոլճակ›› նախագիծը, Աշոտ Տիգրանյանի ‹‹Այլընտրանքային պատմություն›› նախագիծը, Ավագ դպրոցում մեծ հաջողություն ունեցած անգլերեն ‹‹Խաղարկային դատարան››-ը Իրինա Ապոյանի ղեկավարությամբ: Այս արդեն իրականացրած նախագծերը ոգևորեցին և հուսադրեցին դասավանդողներին, որ նման նախագծերը անհասանելի ու անմատչելի չեն:

Վերջում առաջարկվեց, որ հինգշաբթի օրը՝ մեր հաջորդ պարապմունքին, յուրաքանչյուր դասավանդող ներկայանա իր հասարակագիտական ուղղվածություն ունեցող նախագծերով, որոնք իրականացվելու են սեպտեմբեր-դեկտեմբեր ուսումնական փուլի ընթացքում: Քննարկվեց նաև Ավագ դպրոցում օտար լեզու և հասարակագիտական ուսումնական առարկաներ դասավանդողների և սովորողների համագործակցությամբ հասարակագիտական հասկացություններ լուսաբանող եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) դասընթաց ստեղծելու հնարավորությունը:

 

 

Ծրագիր-մոդուլ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված ուսուցմամբ» մասնագիտությամբ սովորողների համար

Ծրագիր-մոդուլը լրամշակվել է 2022-ի հունիսին.

Ծրագիր-մոդուլի նպատակն է ձևավորել սովորողների անգլերեն խոսելու, լսելով հասկանալու, թարգմանելու և գրելու կարողություններ, որոնք անհրաժեշտ են «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում» մասնագիտությամբ աշխատելու համար:

Ուսումնական պլանով օտար լեզվին շաբաթական հատկացվող ժամաքանակը՝ 4 ժամ

Սովորողների ելքային կարողությունները դասընթացի վերջում. 

«Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում» մասնագիտական որակավորում ստացողը պետք է ունենա անգլերենի հետևյալ անհրաժեշտ լեզվական կարողությունները՝

Խոսելու և լսելով հասկանալու կարողություններ.

Կարողանում է մասնագիտությանն առնչվող բնագավառներին բնորոշ բառապաշարով զբոսաշրջիկի հետ հաղորդակցվել օդանավակայանում, հյուրանոցում, ռեստորանում, քաղաքային տրանսպորտում.

Կարողանում է պարզ ու մատչելի լեզվական կառուցվածքներով հայերեն և անգլերեն ներկայացնել Երևանի, Գյումրու, Վանաձորի, Դիլիջանի և Հայաստանի այլ բնակավայրերում և տարածքներում գտնվող տեսարժան վայրերը, պատմամշակութային հուշարձանները, ինչպես նաև պատասխանել զբոսաշրջիկների հնարավոր հարցերին, որոնք վերաբերում են տվյալ տեսարժան վայրի կամ պատմամշակութային հուշարձանի ճարտարապետությանը, պատմությանը և ժողովրդական ավանդապատումներին:

Կարողանում է խոսելու ընթացքում տեղին և ժամանակին օգտագործել օտար լեզվին բնորոշ հաղորդակցական գործառույթների այնպիսի արտահայտչամիջոցներ, ինչպիսիք են՝ ողջույնը և հրաժեշտը, շնորհակալությունը և դրա պատասխանը, համաձայնությունը և անհամաձայնությունը, գոհունակությունը և դժգոհությունը, կասկածանքը և վստահությունը, հեռախոսային հաղորդակցական բառապաշարը, խնդրանքը և դրապատասխանը, ժամանակն ասելը, երթուղին քարտեզով կամ խոսքով բացատրելը:

 

Գրելու կարողություններ

Կարողանում է գրել պաշտոնական և մտերմիկ էլեկտրոնային նամակներ, որոնք արտահայտում են շնորհակալություն մատուցած պատշաճ և բողոք՝ ոչ պատշաճ ծառայության համար, հրավեր և հրավերի ընդունում, տարբեր տեսակի պայմանավորվածություններ (նախատեսվող շրջագայությունների, ուղևորությունների ժամանակի, տրանսպորտի տեսակների, քայլարշավների մասին և այլն), բարեմաղթանքներ և նման նամակների պատասխաններ:

Թարգմանական կարողություններ

Կարողանում է բանավոր թարգմանական ծառայություններ մատուցել զբոսաշրջիկին օդանավակայանում, հյուրանոցում, ռեստորանում, ներքաղաքային և քաղաքից դուրս կատարվող ուղևորությունների ընթացքում ամենատարբեր խոսքային իրավիճակներում:

Կարողանում է զբոսաշրջային ծառայությունների կազմակերպման հարցերին վերաբերող թեմաներով հայերենից օտար լեզու և օտար լեզվից հայերեն գրավոր թարգմանություններ կատարել:

Ծրագիր-մոդուլի բովանդակային մասը

I մոդուլ

Մոդուլի անվանումը՝ «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված ուսուցմամբ» մասնագիտության մասնագիտական հաղորդակցում օտար լեզվով

Թեմա՝ 1. Ողջույնի ձևերը օրվա տարբեր ժամերին՝ ուղղված ընկերներին, հասակակից անծանոթներին, մեծահասակներին, մտերմիկ և պաշտոնական իրավիճակներում

Թեմա 2. Օդանավակայանում

Ուսումնական պարապմունքի նպատակը՝

  1. սովորողը կարողանում է բանավոր խոսքում կիրառել ողջույնի ձևերը`ուղղված ընկերներին, հասակակից անծանոթներին, մեծահասակներին, մտերմիկ և պաշտոնական իրավիճակներում
  2. սովորողը կարողանում է  օդանավակայանին վերաբերող գործառույթներին (ժամանումների և մեկնումների առցանց չվացուցակ, ուղևորների և նրանց ուղեբեռի գրանցում, արտարժույթի փոխանակում, տեղեկատվական կենտրոն) վերաբերող տերմինների իմացությամբ մայրենի և օտար լեզվով հաղորդակցվել օդանավակայանի աշխատակազմի և զբոսաշրջիկների հետ:

Արդյունք՝ նշված թեմաներով հայերեն, ռուսերեն և անգլերեն հրապարակված երկխոսություններ, տեսադասեր սովորողների ուսումնական բլոգներում:

Ուսումնառության նյութ 1.

Ողջույնի ձևերը ընկերներին, անծանոթ հասակակիցներին մտերմիկ ոչ պաշտոնական միջավայրում.

Սովորական, դասական դարձած ձևը՝

-Hello, how are you?

-Fine, and how are you?

Ամենօրյա, իրական կյանքում ասվող ձևը՝

-Hi, how’re you doing?

-Good, and you?

Ողջույնի ձևերը ուղղված անծանոթ մեծահասակներին, պաշտոնական կամ գործարար իրավիճակներում.

Առավոտյան մինչև ժամը 12:00՝ «Good morning» (իջնող հնչերանգով)  կամ «Good morning, Mr. Brown, Ms. Brown», եթե գիտեք անունը: Պատասխանը նունն է՝ բարձրացող հնչերանգով:

Ցերեկը 12:00-ից հետո՝ «Good afternoon» կամ՝ «Good afternoon, Mr. Brown, Ms. Brown»:

Երեկոյան 18:00-ից հետո՝  «Good evening» կամ՝ «Good evening, Mr.Brown, Ms.Brown»

Եթե հանդիպել եք երեկոյան 24:00-ից հետո, ընդունված չէ ասել «Good night»: Այս դեպքում կարելի է գործածել «Good evening» ձևը և հրաժեշտ տալուց միայն՝ «Good night»:

Ողջույնի ձևը օտարերկրյա դեսպանին հանդիպելիս. 

Օրվա ցանկացած պահին՝

Թեթևակի գլխով անելով՝-Your excellency. կամ՝ Mr.Ambassador; Madam Ambassador

Ձեռքը սեղմելու համար առաջինը նա պետք է պարզի ձեռքը, եթե ցանկանա:

Ողջույնի ձևը կաթոլիկ կամ ուղղափառ հոգևորականին՝

-Good morning, Father; կամ՝ «Good morning Father Bernard», եթե գիտեք անունը:

Եթե ուզում եք, որ նա օրհնի ձեզ, ապա ասում եք «Bless, Father»:

At the Airport (at the check-in desk- գրանցման պատուհանի մոտ)

_ Good evening. May I have your passport please?

_ Here you are.

_ Are you checking any bags? – Հանձնելու ուղեբեռ ունե՞ք:

_ Yes, only this suitcase.

_ OK, put your suitcase on the scale.

__ You will have to pay an overweight baggage fee. That is  $20. – Ստիպված կլինեք վճարել ավել կիլոգրամների համար:

_ Have you got any carry-on bags? – Ձեռքի ուղեբեռ ունե՞ք:

_ Yes, here you go. _ Այո, ահա խնդրեմ:

_ Here is your boarding pass. _Ահա ձեր ինքնաթիռ նստելու անցաթուղթը: Your flight is from Gate 4. – Ձեր թռիչքը 4-րդ մուտքից է:

_

 Useful words and expressions

Stopover or layover -ռուսերեն՝ «пересадка» – հայերեն՝  «տեղփոխ». Օրինակ, «I am flying to Frankfurt on the Main but I will have a layover at Warsaw airport.»

check-in desk – գրանցման պատուհան

fragile – կոտրվող

The flight is on schedule – թռիչքն ըստ չվացուցակի է

25-minute delay – 25 րոպե ուշացում

The plane has landed – ինքնաթիռը վայրէջք է կատարել

The plane has taken off – ինքնաթիռը թռել է

Firearms or flammable materials are forbidden – հրազեն կամ դյուրավառ նյութերը արգելվում են

Put your carry-on bag on the conveyor belt of the X-Ray machine – Դրեք ձեր ձեռքի պայուսակը ռենտգենյան սարքի շարժափոկի վրա:

Սովորողները կազմում են նոր երկխոսություններ՝ հիմք ընդունելով տրված երկխոսությունը և նոր բառապաշարը:

Երկխոսություններով լրացուցիչ տեքստ

Զբոսաշրջիկների դիմավորումը օդանավակայանում – Meeting the tourists at the airport

-Բարի գալուստ Հայաստան:

_ Բարև ձեզ, դուք ճամփորդական գործակալությունի՞ց եք:

_ Այո, ես Shamoyan Travel գործակալությունից եմ: Ինչպե՞ս եք: Դուք պարոն և տիկին Հանսեննե՞րն եք Դանիայից:

_Այո, մենք Հանսեններն ենք Կոպենհագենից: Մենք հյուրանոց ենք պատվիրել ձեր գործակալության միջոցով: (through your agency)

_Ուրախ եմ ձեզ հանդիպելու համար: Իմ անունը Միլենա է: Սա՞ է ձեր ուղեբեռը: (luggage)

_Այո: մենք պետք է տաքսի՞ պատվիրենք:

_ Ոչ, կարիք չկա: Մեր ճամփորդական գործակալությունը ունի իր սեփական փոխադրամիջոցը: Այն Մերսեդես միկրոավտոբուս է: Եկեք գնանք այս ուղղությամբ:

_Որքան է հեռավորությունը օդանավակայանից մինչև քաղաքի կենտրոն:

_Մոտավորապես 7-8 կմ է:

_ Հայաստանում կա՞ն շատ տեսարժան վայրեր:

_ Երբ ամերիկացի նշանավոր նկարիչ Ռոքվել Քենթը այցելեց Հայաստան 1960-ականներին, նա մեկնելուց առաջ ասաց. «Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ»: Բայց պետք է ասեմ, որ չեք կարող Հայաստանում գտնել հին տներ, պալատներ և այլ շինություններ: Կամ ավերիչ երկրաշարժներն են դրանք փլուզել կամ օտար նվաճողները:(foreign invaders): Միակ հնադարյան շինությունները եկեղեցիներն ու վանքերն են:

_Բայց ես կարդացել եմ, որ Հայաստանում նույնիսկ քարանձավներ կան, որտեղ մարդիկ են ապրել դարեր առաջ:

_Այո, քարանձավներ կան Վայոց ձորում և Գորիսում:

_Մենք կայցելե՞նք այնտեղ:

Այո:

_Ինչ հետաքրքիր է:

-Welcome to Armenia.

_ Hello, are you from a travel agency?

_ Yes, I am from Shamoyan Travel agency. How are you? Are you Mr and Mrs Hansens from Denmark?

Yes, we are the Hansens from Kopenhagen. We have booked a hotel room through your agency. (through your agency)

  • I am glad to meet you. My name is Milena. Is this your luggage?
  • Yes, it is. Shall we order a taxi?
  • No, you needn’t. Our travel agency has its own means of transport. It is a Mercedes microbus. Let’s go in this direction.
  • What’s the distance from the airport to the centre of the city?
  • It is about 7-8 km.
  • Are there many places of interest in Armenia?
  • When the famous American artist Rockwell Kent visited Armenia in the 1960-s, he said before leaving: “Armenia is a museum in the open air.” But I must say that you can’t find old houses, palaces or other ancient constructions in Armenia. They were pulled down by either terrible earthquakes or foreign invaders. The only ancient constructions are the churches and monasteries.
  • But I have read that there are even caves in Armenia where people lived centuries ago.
  • Yes, there are such caves in Vayots Dzor and Goris.
  • Shall we visit there?
  • Yes, certainly.

Supplementary vocabulary in conversations

At the Airport (at the check-in desk- գրանցման պատուհանի մոտ)

_ Good evening. May I have your passport please?

_ Here you are.

_ Are you checking any bags? – Հանձնելու ուղեբեռ ունե՞ք:

_ Yes, only this suitcase.

_ OK, put your suitcase on the scale.

__ You will have to pay an overweight baggage fee. That is  $20. – Ստիպված կլինեք վճարել ավել կիլոգրամների համար:

_ Have you got any carry-on bags? – Ձեռքի ուղեբեռ ունե՞ք:

_ Yes, here you go. _ Այո, ահա խնդրեմ:

_ Here is your boarding pass. _Ահա ձեր ինքնաթիռ նստելու անցաթուղթը: Your flight is from Gate 4. – Ձեր թռիչքը 4-րդ մուտքից է:

_

 Թեմա 2 Գնումներ կատարելը – Shopping 

Թեմա 3 – Զբոսաշրջիկներին ենք ներկայացնում Երևանը (Օդանավակայանից մինչև Մարիոթ հյուրանոց)

Ուսումնական պարապմունքի նպատակը

2. Սովորողները ձեռք են բերում խոսքային կարողություններ, որոնք անհրաժեշտ են գնումներ կատարելիս:

3. Սովորողները ձեռք են բերում քաղաքի տարբեր շինություններ ներկայացնելու իրենց առաջին կարողությունները:

Արդյունք՝ նշված թեմաներով հայերեն, ռուսերեն և անգլերեն հրապարակված երկխոսություններ, տեսադասեր սովորողների ուսումնական բլոգներում:

————————————————————————————————————————-

Թեմա 4 

Սեփական անձը, նպատակները ներկայացնելը. “Ներկայանում ենք“,  “Ես ունենալու եմ իմ մասնավոր զբոսաշրջային գործակալությունը”

Լեզվական նյութը՝ անձնական և ցուցական դերանուններ, ածականի համեմատության աստիճանները, համեմատական կառուցվածքներ

Թեմա 5

Սննդի կազմակերպումը. Նախաճաշը հյուրանոցի ռեստորանում

Լեզվական նյութը՝ the Simple Present Tense

Ուսումնական պարապմունքի նպատակը

4. Սովորողը կարողանում է ներկայանալ և ներկայացնել ուսումնառության և ապագա աշխատանքին վերաբերող գործնական նպատակները:

5. Սովորողը ձեռք է բերում ռեստորանում, սրճարանում և հասարակական սննդի կազմակերպման այլ վայրերում նախաճաշ, ճաշ, ընթրիք պատվիրելու, մատուցողի հետ երկխոսություն վարելու, զբոսաշրջիկին հայկական ուտեստներ ներկայացնելու կարողություններ:

Արդյունք՝ նշված թեմաներով հայերեն, ռուսերեն և անգլերեն հրապարակված երկխոսություններ, տեսադասեր սովորողների ուսումնական բլոգներում:


Թեմա 6.  

Զբոսաշրջիկներին ենք ներկայացնում Երևանը. Երևանի կենտրոնը 

Լեզվական նյութ՝ ածականի համեմատական կառույցներ

Թեմա 7. Ներկայացնում ենք Հայաստանի պատմամշակութային արժեքները. Սուրբ Գայանե եկեղեցի  

Լեզվական նյութ. The Simple Past Tense 

Ուսումնական պարապմունքի նպատակը

6. Սովորողները ձեռք են բերում Երևանի կենտրոնը ներկայացնելու կարողություն՝ Հանրապետության հրապարակը, Աբովյան փողոցը, Հյուսիսային պողոտան, Կարապի լիճը, Ազատության հրապարակը, Օպերայի շենքը, Ֆրանսիայի հրապարակը և Վերնիսաժը:

7. Սովորողները ձեռք են բերում պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունը ներկայացնելու կարողություն՝ որոշ թեմատիկ բառապաշարով:

Արդյունք՝ նշված թեմաներով հայերեն, ռուսերեն և անգլերեն հրապարակված երկխոսություններ, տեսադասեր սովորողների ուսումնական բլոգներում:


Թեմա 8.

Ներկայացնում ենք Հայաստանի պատմամշակութային արժեքները. Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Լեզվական նյութ. The Simple Past Tense 

Թեմա 9

Ներկայացնում ենք Հայաստանի պատմամշակութային արժեքները. Զվարթնոցի տաճարը

Լեզվական նյութ. The Simple Past Tense Passive

Ուսումնական պարապմունքի նպատակը

8. Սովորողները ձեռք են բերում պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունը ներկայացնելու կարողություն՝ որոշ թեմատիկ բառապաշարով:

9. Սովորողները շարունակում են ձեռք բերել պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունը ներկայացնելու կարողություն՝ որոշ թեմատիկ բառապաշարով:

Արդյունք՝ նշված թեմաներով հայերեն, ռուսերեն և անգլերեն հրապարակված երկխոսություններ, տեսադասեր սովորողների ուսումնական բլոգներում:


Թեմա 10.

Զբոսաշրջիկներին ենք ներկայացնում հայ մեծերի տուն-թանգարանները. Ավետիք Իսահակյան

Թեմա 11.

Զբոսաշրջիկներին ենք ներկայացնում հայ մեծերի տուն-թանգարանները. Եղիշե Չարենց

Թեմա 11.

Ուսումնական նյութ «Սևանա լիճ – Lake Sevan»

Թեմա 12

Ուսումնական նյութ «Դիլիջան – Dilijan»

Թեմա 13 

Ուսումնական նյութ «Հաղարծին – Haghartsin»

Թեմա 14 

Ուսումնական նյութ «Գառնիի հեթանոսական տաճարը Pagan Temple Garni»

Թեմա 15

Ուսումնական նյութ «Գյումրի – Gyumri»

Թեմա 16

Ուսումնական նյութ «Վայոց ձորի մարզը – Vayots Dzor Province»

Թեմա 17

Ուսումնական նյութ «Գեղարդի վանքը»

Թեմա 18

Ուսումնական նյութ «Զբոսաշրջիկ-էքսկուրսավար երկխոսություն Գեղարդավանքի մասին»

Թեմա 19

Մասնագիտական բովանդակությամբ Gerund-ի դարձվածքներով խոսքային նմուշների փաթեթի ուսումնասիրում և դրանց գործածման կարողությունների ձևավորում:

Թեմա 20

Հաղպատի վանքը – Haghpat Monastery 

Թեմա 21

Լոռու մարզը – Lori Province

Թեմա 22

Հեռախոսային խոսակցություն – Telephone Conversation

Թեմա 23

Նորավանք – Noravank

Թեմա 24 

Ոչ պաշտոնական նամակներ –  Informal letters

Թեմա 25

Աշխարհահռչակ հայերը – World Famous Armenians

Թեմա 26

Սասունցի Ավթի արձանը Երևանում – The Statue to Davit of Sassoun in Yerevan

Թեմա 26

Պաշտոնական կամ գործարար նամակներ գրելը – Writing Formal or Business Letters

Թեմա 27

Հայկական ազգային ծեսերը – Armenian National Rituals

Օգոստոսյան մանկավարժական բաց ճամբար

Ուսումնական պարապմունքների ծրագիր օտար լեզու և հասարակագիտական ուսումնական առարկաներ դասավանդողների համար

Պարապմունքների նպատակը. Օտար լեզուների և հասարակագիտական ուսումնական առարկաների ինտեգրված ուսուցման և դասավանդողների համագործակցային աշխատանքի առաջարկությունների քննարկում:

Օգոստոսի 21-ին և 23-ին, ժ 12:30-14:00

  1. Որոշակի հասարակագիտական ուղղվածության ռուսերենի և անգլերենի ուսուցման նախագծերի առաջարկում դպրոց-պարտեզների 4-5-րդ դասարանների համար: Պարապմունքի սկզբում առաջարկվում է դիտել 2017-2018 ուստարվա ընթացքում նման բովանդակությամբ արդեն արված նախագծերի արդյունքները, որից հետո դասավանդողներն առաջարկում են իրենց նախանշած նախագծերը 2018-2019 ուստարվա համար: (30 րոպե)
  2. Ամփոփվում են Միջին դպրոցի 6-8-րդ դասարաններում հասարակագիտական բովանդակությամբ արդեն արված որոշ նախագծերի արդյունքները: Օտար լեզուների և հասարակագիտական ուսումնական առարկաների ինտեգրմանն ուղղված առաջարկություններ են անում դասավանդողները: (30 րոպե)
  3. Ընթերցում ենք Վահրամ Թոքմաջյանի ներկայացրած հասարակագիտության առարկայական ծրագիրը Ավագ դպրոցի 10-րդ դասարանի համար: Ավագ դպրոցի  օտար լեզու դասավանդողները և հասարակագետները քննարկում և առաջարկություններ են անում նոր ուսումնական տարվա ընթացքում իրենց համագործակցության ձևերի վերաբերյալ՝ (հասարակագիտական համատեղ նախագծեր, թարգմանություններ, հասարակագիտական հասկացություններ լուսաբանող բազմալեզու դասընթացի ստեղծում): (30 րոպե)

 

Ինչու է պարը դպրոցում նույնքան կարևոր, որքան մաթեմատիկան

Հեղինակ՝ Քեն Ռոբինսոն

Թարգմանություն անգլերենից

Աղբյուրը՝ Ken Robinson IDEAS.TED.COM, March 21, 2018, Why dance is just as important as math in school

featured_art_robinson_stocksy

«Պարը և ֆիզիկական ակտիվ գործունեությունը դպրոցներում պետք է մաթեմատիկայի, բնագիտության և լեզվի նման կարգավիճակ ունենան: Պարը նույնիսկ կարող է բարձրացնել ստուգողական աշխատանքների գնահատականները նշված ուսումնական առարկաներից», ասում է Քեն Ռոբինսոնը

Մի քանի տարի ես Լոնդոնի ժամանակակից պարերի դպրոցի հովանավոր եմ եղել: 2016-ին ինձ հրավիրեցին դպրոցի հիմնադիր տնօրեն Ռոբերտ Կօհանի պատվին դասախոսություն կարդալ, և ես որոշեցի խոսել դպրոցներում պարի դերի մասին:

Նախքան դասախոսությունը սոցցանցում հարցում արեցի հետևյալ վերնագրով. «Ինչու է պարը դպրոցում նույնքան կարևոր, որքան մաթեմատիկան»: Ես շատ դրական և մի քանի հատ էլ թերահավատ արձագանք ստացա: Արձագանքներից մեկն այսպիսին էր. «Սա ձեր երբևէ կարդացած ամենակարճ դասախոսությու՞նն է»: Մեկ ուրիշն էլ ուղղակի գրեց. «Քեն, պարն այնքան կարևոր չէ, որքան մաթեմատիկան»: Մի մարդ էլ այսպես մեկնաբանեց. «Եվ ի՞նչ: Հեռախոսն ավելի կարևո՞ր է, քան բանա՞նը: Մրջյունն այնքան կարևոր չէ, որքան զուգարանակոնք մաքրող բադիկը: Թղթի ամրակն ավելի կարևոր է, քան արմունկը»: (Այդ մեկը, գոնե, ստեղծական էր:) Եղան նաև ավելի գործին վերաբերող գրառումներ. «Դա այդպե՞ս է: Կարևոր է ինչի՞ կամ ու՞մ համար: Իմիջայլոց, ես մաթեմատիկայի ուսուցիչ եմ»:

Ես չեմ վիճաբանում ընդդեմ մաթեմատիկայի: Դա մարդկային մտքի արկածախնդիր ստեղծականության անփոխարինելի մասն է: Ստեղծական միտքը սերտորեն կապված է նաև պարի դինամիկայի հետ: Երեխայի կրթության գործում այդ գործոնները պետք է հավասար լինեն: Եվ ամեն մի երեխայի ընդհանուր կրթության գործում պարը նույնչափ կարևորություն ունի, որքան նկարչությունը, լեզուները, մաթեմատիկան, հումանիտար և բնագիտական ուսումնական առարկաները:

Պարը մեր անհանգիստ ու մտահոգ կյանքում կարող է վերականգնել հոգու հրճվանքն ու կայունությունը, թուլացնել բռնության և ահաբեկության հետևանքով առաջացած լարվածությունը դպրոցներում:

Ի՞նչ է պարը: Դա մարդկային հարաբերությունների, զգացմունքների, գաղափարների ֆիզիկական արտահայտումն է շարժումների և ռիթմի միջոցով:  Պարը ոչ մեկի հայտնագործությունը չէ: Այն գալիս է պատմական վաղընջական ժամանակներից և խորը նստած էյուրաքանչյուր մշակույթի սրտի խորքում: Մարդկության զգացմունքային զարկերակի մի մասն է պարը:Այն ընդգրկում է բազմաթիվ ժանրեր, ոճեր և ավանդույթներ և անընդհատ զարգանում է: Նրա դերը վերականգնողականից հասնում է մինչև սրբազան զգացմունքներին և տարածվում է սոցիալական ուղղվածության բոլոր ձևերի վրա:

Որոշ մարդիկ վաղուց են հասկացել, որ պարը կյանքի և կրթության էական մասն է կազմում: «Dance Education around the World: Perspectives on Dance, Young People and Change» աշխատության մեջ հետազոտողներ Շարլոտ Սվենդլեր Նիլսենը և Ստեֆանի Բարիջը ի մի են բերում պարի արժեքի դրսևորումների իրենց վերջերս արված ուսումնասիրությունները աշխարհի տարբեր երկրներում. Ֆինլանդիայից մինչև Հարավային Աֆրիկա, Գանայից մինչև Տայվան, Նոր Զելանդիայից մինչև Ամերիկա: Պարի ցածր կարգավիճակը դպրոցներում սերում է ավանդական ակադեմիական աշխատանքի բարձր կարգավիճակից, որը մտավոր կարողությունը հիմնականում  կապում է խոսքային և մաթեմամատիկական տրամաբանության հետ: Նիլսենի և Բարիջի ուսումնասիրությունները ցույց են տալիս, թե ինչպես է պարի էության ավելի խորը հասկանալը մարտահրավեր նետում մտավոր կարողության և ձեռքբերումների մասին ստանդարտ հասկացություններին, ինչպես նաև նշում են տարբեր տարիքի և ծագման մարդկանց համար պարի փոխակերպող ուժը: Պարը մեր անհանգիստ ու մտահոգ կյանքում կարող է վերականգնել հոգու հրճվանքն ու կայունությունը, թուլացնել բռնության և ահաբեկության հետևանքով առաջացած լարվածությունը դպրոցներում:

 

Մի քանի պարային արհեստավարժ ընկերություններ ծրագրեր են առաջարկում դպրոցներին: Նրանցից մեկը շահույթ չհետապնդող Dancing Classrooms– ն է, որը Նյու Յորք Սիթիում է և պարահանդեսային պարեր է առաջարկում տարրական և միջին դպրոցների համար կրթական առումով երկրի ամենադժվար համբավ ունեցող շրջաններում: Օգտագործելով պարը՝ կազմակերպությունը նպատակ ունի բարելավելու գենդերային սոցիալական հարաբերությունները և հարստացնելու դպրոցների կենցաղային մշակույթը՝ սերմանելով համագործակցություն, հարգանք և կարեկցություն: 1994-ին պարող Պիեռ Դուլեյնն է հիմնել ծրագիրը, որն այժմ 20 դաս է առաջարկում 10 շաբաթվա ընթացքում, իսկ դասընթացն ավարտվում է պարային ցուցադրական համերգով:

Dancing Classrooms-ի հետ աշխատանքային փորձի մասին այս պատմությունը տրամադրել է Լիհայի տարրական դպրոցի նախկին տնօրեն Թոնի Ուոկերը:«Երբ այս երիտասարդ օրիորդը առաջին անգամ եկավ Լիհայ, նրա անձնական գործը երկու դյույմ հաստություն ուներ (մոտ 5 սմ)», հիշում է Ուքերը: «Նա զգում էր, որ կարիք ունի ապացուցելու ինքն իրեն և համոզվելու, որ բոլորը գիտեն, որ ինքը ուժեղ է և կպայքարի»: Աղջիկը չէր ուզում միանալ պարահանդեսային պարերի ծրագրին, բայց մասնակցությունը պարտադիր էր: Շուտով նա պարզեց, որ բնական կարողություններ ունի: «Հաջորդ դասին նրա վերաբերմունքը մի փոքր փոխվեց և մենք ստիպված չեղանք ստիպել նրան պարել», հիշում է Ուոքերը: «Նա պարզապես հունի մեջ ընկավ»:

Մինչև երրորդ և չորրորդ դասերը, Ուոքերը ասում է, որ սովորողը վերափոխվեց. «Նրա պահվածքն այլ է դարձել, այլ ձևով է խոսում, նա բարի է, հարգարժան: Նա ոչ մի կարգապահական տույժ չի ունեցել, ո՚՚չ մի: Նրա մայրը իր աչքերին չի հավատում: Զարմանալի է, զարմանալի է: Ծրագիրը շատ ավելի մեծ ուժ ունի, քանի մարդիկ հասկանում են»:

Մի գնահատման մեջ ուսուցիչների 95%-ը ասաց, որ միասին պարելու արդյունքում բարելավվում է սովորողների համագործակցելու կարողությունը:

Պարային կրթությամբ սովորողները կարևոր ձեռքբերումներ են ունենում սոցիալական հարաբերություններում, մասնավորապես տարբեր սեռերի և տարիքային խմբերի միջև: Պարերի շատ ձևեր, ներառյալ պարահանդեսայինները,իրենց բնույթով սոցիալական են: Նրանց մեջ ներառվում է միմյանց զգալով համաժամանակ շարժվելը՝ ուղղակի ֆիզիկական շփումով: Լոս Անջելոսում մի հարցման ժամանակ դպրոցների տնօրենների 66%-ը ասաց, որ ծրագիրն անցնելուց հետո իրենց սովորողների 81%-ը ավելի մեծ հարգանքով էր վերաբերվում ուրիշների նկատմամբ: Պարը ունի նաև տնտեսական օգուտներ: Շատ գործատուներ անձի պարային ունակությունները էական են համարում, որպես համագործակցային, այլոց հետ հարմարվող աշխատուժ:

Մի տնօրեն հատկապես տպավորվել էր իր հինգերորդ դասարանցիների ընթերցանության և մաթեմատիկայի գնահատականների բարելավմամբ: «Որևէ վերապահում «եթե»-ով, «և»-ով կամ «բայց»-ով չկա մեր երեխաների ակադեմիական կյանքի վրա այս ծրագրի ազդեցության հարցում», ասում է Լուիս Հաբթեսը՝ Էմանուել Բենջամեն Օլիվերի անվան տարրական դպրոցից: «Երբ ես առաջին անգամ այստեղ եկա, նրանք ցածր գնահատականներ ունեին: Անցյալ տարի, մեր պարային ծրագրի երկրորդ տարին, 83 % առաջադիմություն ունեցանք: Այս տարի մեր հինգերորդցիները ունեցան 85% ընթերցանությունից, որն ամենաբարձրն էր դպրոցում»:

Դա, իհարկե, սոսկ պար չէ: «Պարող դասարանների»-ի հաջողությունը լավ փաստարկված օրինակ եղավ ֆիզիկական ակտիվ գործունեության և ակադեմիական առաջադիմության կապի մասին: Միացյալ նահանգների դպրոցների մեծ մասի միտումն է կրճատել ֆիզիկական կրթության դասաժամերը ի օգուտ մաթեմատիկայի, բնագիտական առարկաների և անգլերենի անընդհատ ավելացող դասաժաների: Այս ձեռնարկումները պարզապես չեն լավացրել սովորողների առաջադիմությունը, ինչպես սպասում էին նման կրթական քաղաքականության հեղինակները:

Կինեզիոլոգիայի (մկանային շարժումներն ուսումնասիրող գիտություն) և մանկաբուժության հետազոտողների մի խումբ դպրոցահասակ երեխաների վրա ֆիզիկական ակտիվության ազդեցության մոտ 850 ուսումնասիրություն ամփոփեցին: Ուսումնասիրությունների մեծ մասը ներկայացնում էր չափումներ, որոնք արվել էին 30-ից 45 րոպե տևողությամբ չափավորից մինչև բարձր ինտենսիվությամբ ֆիզիկական ակտիվության ազդեցությունը մի շարք գործոնների վրա. գիրություն, սրտանոթային համակարգ, արյան ճնշում, ինչպես նաև, ընկճախտ և ոսկրային խտություն, դեպրեսիա, հոգեկան անհանգստություն, ներամփոփվածություն և ակադեմիական առաջադիմություն: Հիմնվելով ուսումնասիրությունների ակնհայտ վկայությունների վրա, հետազոտողների խումբը հաստատապես վճռականորեն խորհորդ տվեց, որ սովորողները ամեն օր մեկ ժամ պետք է զբաղվեն չափավորից մինչև բարձր ինտենսիվության ֆիզիկական ակտիվ գործունեությամբ: Դիտարկելով հատկապես ակադեմիական առաջադիմությունը, հետազոտողների խումբը ուժեղ ապացույցներով հիմնավորեց այն եզրակացությունը, որ «ֆիզիկական ակտիվությունը դրական ազդեցություն է ունենումհիշողության, ուշադրության կենտրոնացման և դասարանական վարքի վրա»:

Միացյալ նահանգների շատ դպրոցներում սովորողները երաժշտության և դիտարվեստի որոշ կրթություն ստանում են, ինչը հաճախ շատ կցկտուր է: Բայց պարին ու թատրոնին նայում են որպես երկրորդ կարգի քաղաքացիների, և ընդհանրապես, սովորողներին արվեստի հետ շփվելու ամենափոքր հնարավորությունն է տրվում աղքատության բարձր մակարդակ ունեցող վայրերում:   «Դեռ միլիոնավոր սովորողներ կան, որոնք արվեստի որվևէ տեսակին վերաբերող ուսուցում չեն ստանում: Նրանցից շատերը մեր աղքատ համայնքներում են, որտեղ այս ծրագրերի կարիքն ամենաշատն է զգացվում», ասում է Quadrant Research-ի հիմնադիր տնօրեն Բօբ Մօրիսոնը:

«Լավ կլինե՞ր, եթե միլիոնավոր սովորողների համար անհասանելի լինեին մաթեմատիկան և լեզուները», հարցնում է նա:  «Իհարկե, ո՚՚, և նույնը չի կարելի հանդուրժել արվեստի նկատմամբ: Համառորեն իր ճանապարհը հարթող աեասպել կա, որ արվեստը միայն օժտված և տաղանդավոր երեխաների համար է, բայց մենք գիտենք, որ արվեստից օգուտ են ստանում բոլորը`անկախ նրանց ընտրած մասնագիտական նեղ արահետից», ասում է նա: «Մենք մաթեմատիկան չենք սովորեցնում, որպեսզի բացառապես բոլորին մաթեմատիկոսներ դարձնենք, և մենք գրել չենք սովորեցնում, որպեսզի վիպասանների մի նոր սերունդ ստեղծենք: Նույն ճշմարտությունն էլ արվեստի դեպքում է: Մենք մեր սովորողներին արվեստ ենք սովորեցնում, որպեսզի նրանք դառնան բազմակողմանի զարգացած քաղաքացիներ, ովքեր կկարողանան արվեստի ոգեղենությամբ կիրառել իրենց ունակությունները, գիտելիքը և փորձը իրենց ընտրած մասնագիտական աշխատանքում և կենցաղում»:

 

 

 

1994-ի ամառը Արատեսում

1994-ի ամռանը, երբ արդեն ազատագրվել էր Շուշին, երբ արդեն Ադրբեջանի Միլի Մեջլիսի, Հայաստանի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ստորագրել էին Բիշքեքյան համաձայնագիրը անժամկետ զինադադարի մասին, երբ Երևանում արդեն կանոնավոր կերպով երկու անգամ երկու ժամով էլեկտրականություն էին տալիս, երբ Հայաստանի գրեթե բոլոր հանգստյան տները դեռ լիքն էին Ադրբեջանից ժամանած փախստականներով և որևէ տեղ հնարավոր չէր ընտանիքով մեկնել ամռան տապին, ես իմ ընտանիքի հետ հաճույքով միացա Արատեսի ամառային տասնօրյա ճամբար մեկնող մեր կրթահամալիրի մոտ 30 հոգանոց խմբին: Ճամբարի ղեկավար էր նշանակվել այն ժամանակ դեռ չամուսնացած (կես կատակ կես լուրջ ասում էր, որ կամուսնանա, երբ կկարողանա «Բոթասներ» գնել…որքան դժվար և միևնույն ժամանակ հուսառատ տարիներ էին) Արտեմ Ալեքյանը: Ճամբարային 10 օրերից միայն երկու օրը Արտեմը կարողացավ ղեկավարել այդ մեծ խմբին: Արտեմը շատ մեղմ բնավորությամբ երիտասարդ մաթեմատիկոս էր, ում հետաքրքիր տրամաբանական խնդիրները շատ շուտ կորցրեցին իրենց գրավչությունը այդ երբեմնի ադրբեջանաբնակ ու հիմա արդեն՝ լքված լեռնային գյուղում: Շատ դժվար էր Միջին դպրոցի անհանգիստ չարաճճիներին աչքի առաջ պահել. մեկին ձգում էր արագահոս ու զուլալ մաքրությամբ գետակը, մյուսին՝ քարանձավը, ուր արջի թարմ ոտնահետքեր էին նկատել, մյուսներին էլ՝ դաշտային ծաղիկներով բացատները:  Հետագայում պարզվեց, որ այդ խումբը կարողացավ հրաշալիորեն ինքնակազմակերպվել: Խոհանոցի հոգսերն իր վրա վերցրեց ութերորդցի Տաթև Բլեյանը: Բոլորը կուշտ էին ու առողջ:

 

Без названия (3)

Իմ Աննային շատ էին հետաքրքրում դաշտային ծաղիկները, իսկ Դավիթը չէր ուզում հեռանալ գետակից:  Զարմանալի ջուր ունի Արատեսի գետակը: Այն այնքան սառն է ու այնքան մաքուր, որ կարելի է խմել: Այնպիսի տպավորություն է, որ մի մեծ ու ջրառատ աղբյուր է հոսում: Հենց այդպես էլ կա. նրա ափերի տարբեր տեղերում գետնի տակից աղբյուրներ են դուրս գալիս ու միանում  գետակի ջրերին:

Без названия (4)

 

Без названия (2)

Արատեսի ճամբարի ամենահետաքրիր հիշողություններից մեկն էլ այն եղավ, որ ես ավելի  մոտիկից ճանաչեցի Աշոտ Բլեյանին,  չնայած արդեն 5 տարի աշխատում էի Կրթահամալիրի Ավագ դպրոցում, որն այն ժամանակ Գիմնազիա էր կոչվում: Ճամբարի 5-րդ օրն էր ընթանում, երբ մի անասելի աշխուժություն սկսեց տիրել: Ճամբար էին ժամանել Գևորգ Հակոբյանը, Նորայր Այվազյանը (ընկերական շրջապատում նրան Սպարապետ են կոչում) և Աշոտ Բլեյանը:  Տիար Բլեյանը չհանդուրժեց ճամբարային արդեն հաստատված ծույլ ու խաղաղ ռեժիմը: Նա տագնապ բարձրացրեց, բոլորին հանեց քնից, նիրհից ու ննջելուց: Պետք է քայլարշավի գնանք իր հետևից: Սկզբում նա մեզ տարավ այն քարանձավը, որտեղ արջի հետքեր էին տեսել: Քայլարշավի ընթացքը բավականին արագ էր: Ժամանակ չկար տնտղելու, թե ուր ես դնում ոտքդ, արդյո՞ք այդտեղ թաքնված օձ կա, թե՞ ոչ: Համարձակ եղի՚ր, առա’ջ, առա’ջ: Քարանձավում ենք, մեզնից վախեցած տասնյակ չղջիկներ միանգամից սկսում են թռչել այս ու այն կողմ: Ահա «մեր կրթահամալիրի արջի» թարմ հետքերը, բայց պետք չէ երկար մնալ այստեղ. օրը ճաշ դառավ, արջը կարող է շոգել և վերադառնալ քարանձավ՝ մի քիչ զովանալու: Քարանձավից զառիթափով արագ դեպի գետակ է իջնում մեր Բլեյանը: Պետք է հետևել նրան՝ թեկուզև արջին չհանդիպելու պատճառով: Արագ, արագ դեպի ներքև, դեպի սառը գետակը: Ես վերջինը հասա գետակին: Մի իսկական փորձություն էր քայլել գետակն ի վար տիար Բլեյանի հետևից: Այստեղ մեծ քար է, որին պետք է շրջանցել, իսկ այստեղ մեծ փոս է, բայց ջուրն այնքան զուլալ է և խոշորացույցի նման հատակը մոտեցնում է ու չի զգացվում  խորությունը: Պետք է հաղթահարել, ճչալով կամ անտրտունջ, ծիծաղով կամ խոժոռ հայացքով, իսկ տիար Բլեյանը այնքան առաջ է անցել ու բարձրաձայն պատմում է շրջապատող լեռների, դաշտերի ու աղբյուրների մասին՝ հետ չնայելով ու կանչելով բոլորին. «Եկեք, եկեք, հետ մի մնացեք»: Այդ տարվա սեպտեմբերին մեր Գիմնազիան տեղափոխվեց այժմյան Քոլեջի մասնաշենքը ու այդ ուսումնական տարվա սկզբից փոխվեց մեր գիմնազիական ակադեմիական ուսուցմամբ հանգիստ կյանքը: Եվ արդեն 24 տարի շարունակ. «Հետ մի՚՚ մնացեք, առա՚ջ, առա՚ջ, անհոգնել առա՚ջ»: