Just another WordPress.com site

Archive for June, 2017

Լողափնյա ընթերցանություն. քաղցրավենիքի և այն մասին, թե ուր կորան դինոզավրերը

Երբ մտա Հարավային դպրոցի լողափնա տարածքը, Սեդա Խաչատրյանի ջոկատի ճամբարականներն արդեն լողացել էին և սկսել էին իրենց առաջին ընթերցած գրքերի քննարկումը: Գոհար Բալջյանն էր վարում քննարկումը, որն այնքան անմիջական էր, հանպատրաստից ու բնական, որ մեծ ցանկություն ունեցա փոքրիկ տեսաֆիլմերով ներկայացնել որոշ դրվագներ:

Վեց տարեկան Դավիթը իր գրքում կարդացել է, որ վնասակար է շատ քաղցրավենիք ուտելը և այդ մասին պատմում է իր ընկերներին:

 

Այնուհետև բուռն քննարկում գնաց դինոզավրերի մասին:

 

Իսկ Արևելյան դպրոցում ճամբարականները չէին ուզում դուրս գալ ջրից:

Մանկավարժական նորարարության «Բարեկամություն» ճամբարի առաջին օրը. բլոգային ուսուցում

Այսօր կայացավ կրթահամալիրի մանկավարժական մի կարևոր նորարարության՝ բլոգային ուսուցման սեմինարը, ճամբարի մասնակիցների չորս խմբերում: Ինձ համար հետաքրքիր էր, թե ինչպես էին կարողանալու սեմինարավարներ Հասմիկ Թոփչյանը, Նունե Մովսիսյանը, Հերմինե Անտոնյանը և Անահիտ Հարությունյանը այդքան կարճ ժամանակում ներկայացնելու այս հարցում այն դրականը, որը ստեղծված է մեր կրթահամալիրում: Իմ այցելած առաջին խմբի սեմինարը վարում էր Հասմիկ Թոփչյանը: Այս խմբում էին նաև Վրաստանից ժամանած մանկավարժները, որոնց համար սեմինարը թարգմանում էր Ռինա Շագինյանը: Մեր կրթահամալիրում դասավանդողի լավագույն բլոգներից մեկը Հասմիկ Թոփչյանինն է և պարզ էր, որ նա կկարողանա իր սեփական փորձի հիման վրա մատչելի ձևով ամեն ինչ ներկայացնել:

IMG_6870

Դժվար աշխատանք է մեր կրթահամալիրի մանկավարժական նորարարությունները ներկայացնել եռօրյա ճամբարի ընդամենը մի քանի ժամ տևող սեմինարների ընթացքում: Դժվար է, որովհետև հյուր-մասնակիցների համար միանգամից տեղեկատվական հեղեղ է թափվում, որը նախ և առաջ, ընկալել է պետք: Հյուր-մասնակիցների համար ավելի է դժվարանում ընկալելը, երբ նյութը տեսական գաղափարներով է մատուցվում: Երևի այս բոլոր դժվարությունները հաշվի էին առել մեր սեմինարավարները և բլոգային ուսուցման հիմնական սկզբունքները, առավելությունները և յուրահատկությունները բացատրում էին կրթահամալիրի դասավանդողների կոնկրետ գործող բլոգները ցուցադրելով: Սեմինարի սկզբում բոլոր չորս խմբերում էլ կարևորվեց այս հարցի պատասխանը. «Իսկ ինչու՞ բլոգային ուսուցում: Ի՞նչն է դրա առավելությունը»: Հենց այս հարցն էր պարզաբանում Նունե Մովսիսյանը, երբ միացա իրենց խմբին:

IMG_6872.JPG

Այդ պահին նա բացեց Դպիրի «Բլոգային ուսուցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» հոդվածը, որի ենթակետորը հենց առաջ քաշված հարցի պատասխանն են տալիս

  • Հանրակրթական հաստատությունների փակ համակարգից անցում դեպի բաց համակարգ
  • Դպրոցական կայքը և ուսումնական բլոգները թե դասավանդողին և թե սովորողին հնարավորություն են տալիս բովանդակության սպառողից դառնալ բովանդակության ստեղծող:
  • Ուսումնական բլոգը առցանց ուսուցման արդյունավետ գործիք է:
  • Ուսումնական բլոգի օգնությամբ իրական ու շոշափելի է դառնում անհատականացված ուսուցումը:

Սեմինարի ընթացքի երկրորդ մասում Լուսինե Բուշի խմբում էի: Լուսինեն դասավանդողի բլոգի բաժինները ցույց էր տալիս՝ բացելով կրթահամալիրի դասավանդողների բլոգները: Նա բլոգի յուրաքանչյուր բաժին բացատրում էր կոնկրետ օրինակներով: Երբ ներկաներն արդեն բավականաչափ մոտիվացված էին, Լուսինեն սկսեց ցույց տալ նրանց, թե ինչպես կարելի է գտնել տարբեր կրթական աստիճանների տարբեր առարկաների դասավանդողների բլոգները մեր կրթահամալիրի կայքում:

IMG_6876.JPG

Անահիտ Հարությունյանի սեմինարի թեման էր «Բլոգային ուսուցումը կրտսեր դպրոցում»: Իր սեմինարի ընթացքում նա կարևորել էր ընտանիք-սովորող-դպրոց կապը, որի արդյունավետ գործիքն է կրտսեր դպրոցի դասավանդողի և սովորողի բլոգը: Այստեղ ես ուզում եմ մի նկատառում անել: Երբևէ ուշադրություն դարձրե՞լ եք, որ ամեն օր ժամը 12:30-ին երիտասարդ ծնողների բազմություն է հավաքվում այլ դպրոցների մոտ: Նրանք չեն հեռանում նույնիսկ, երբ իրենց երեխաները դուրս են գալիս դպրոցից: Նրանց հետ ամեն օր դասվարները ոտքի վրա ծնողական ժողովներ են անցկացնում. բացատրում են ծնողներին, թե ինչ նոր թեմա է բացատրվել դասարանում և ի՞նչ տնային աշխատանք է հանձնարարված: Պետք է ասեմ, որ բոլոր այլ առավելությունների հետ մեկտեղ բլոգային ուսուցումը ավելորդ է դարձնում նաև նմանատիպ հարկադրված ամենօրյա ծնողական ժողովները:

Հերմինե Անտոնյանը մեր կրթահամալիրի մեդիա կրթության նորարարներից է: Հիմա էլ՝ լինելով այս ճամբարի ղեկավարը, մի պահանջ էր դրել բոլոր խմբերի սեմինարավարների առաջ. սեմինարի վերջում հյուր-մասնակիցների ուժերով սեմինարն ամփոփող նյութ հրապարակել ճամբարի նորաստեղծ բլոգում:

Վաղը նախագծային ուսուցումն է ներկայացվելու: Հաջողություն եմ ցանկանում մեր մանկավարժական նորարարության «Բարեկամություն» ճամբարի երկրորդ օրվա բոլոր սեմինարներին և նախաձեռնություններին:

 

 

Անգլերենի հունիսյան ֆլեշմոբ

UntitledՍիրելի սովորողներ և ծնողներ, ամառային ուրախ արձակուրդներն ավելի բովանդակալից դարձնելու համար մենք շարունակելու ենք մեր անգլերենի ամենամսյա ֆլեշմոբները:

Այսօր հունիսի 22-ն է՝ անգլերենի հերթական ֆլեշմոբի օրը: Ընտրեք ձեր տարիքային խումբը և սկսեք կատարել առաջադրանքը: Առաջադրանքները կընդունվեն նաև հունիսի 23-ին, քանի որ հնարավոր է ձեզնից շատերը մեկնել են ճամփորդության: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում:

1-3-րդ դասարաններ

4-5-րդ դասարաններ

6-8-րդ դասարաններ

9-12-րդ դասարաններ

9-րդ դասարանի օտար լեզվի բանավոր քննության նոր մոտեցում

Այս տարի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 9-րդ դասարանցիների օտար լեզվի քննությունը տարբերվում է հանրապետության այլ դպրոցներում ընդունված կարգից: Հանրապետության բոլոր դպրոցներում սովորողը կարող է ընտրել կամ ռուսերեն կամ որևէ այլ՝ (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) օտար լեզու և քննություն տալ այդ լեզվից միայն: Ըստ մեր կրթահամալիրում ընդունված նոր կարգի՝ ստուգվում է յուրաքանչյուր սովորողի լեզվական կարողությունները 2 օտար լեզուներից՝ ռուսերեն և անգլերեն. սովորողի ընտրությամբ մի լեզվից միայն ստուգարք, իսկ մյուսից՝ գնահատականով քննություն: Քննության ընթացակարգն էլ է փոխված: Յուրաքանչյուր սովորող քննության է ներկայանում իր համակարգչով: Քննություն հանձնողը ոչ թե կարդում է ԳԹԿ-ի կազմած շտեմարանների տեքստերը, որոնց բովանդակությունն ու հարցերի պատասխանները անգիր գիտեն բոլորը, այլ իր իսկ կազմած տեքստը տարվա ընթացքում արված որևէ նախագծի վերաբերյալ: Փաստորեն քննող ուսուցիչն էլ չգիտի, թե ինչ տեքստ է կարդալու սովորողը և նախօրոք էլ պատրաստած հարցեր չունի, որովհետև այդ նախագիծը կարող է մեկ այլ ուսումնական առարկայից լինել: Հարցերը առաջանում են ընթերցման ընթացքում, իսկ պատասխաններն էլ հանպատրաստից են: Բնական ընթացքով ուսուցիչ-սովորող հաղորդակցություն է լինում: Մեր կրթահամալիրում բլոգային-նախագծային ուսուցում է իրականացվում և օտար լեզուն միջոց է համացանցից մի նոր տեղեկատվություն իմանալու, ուսումնասիրելու և սեփական մտքերով դա զարգացնելու և փոխանցելու համար: Քննության ընթացքը, սովորողների լեզվական կարողությունները ցույց տվեցին, որ օտար լեզվի դպրոցական դասագրքերից հրաժարվելը և համացանցից կենդանի և նպատակային տեքստերով աշխատելը, տեսաֆիլմերի, ֆիլմերի կենդանի խոսք լսելը շատ ավելի լուրջ արդյունքների է հանգեցնում:

Ահա մի քանի սովորողների պատասխանների տեսաձայնագրությունները, երբ նրանք խոսում են անգլերեն և ռուսերեն:

Առաջին տեսաֆիլմում Անատոլի Լալայանն է, ով անգլերենը որպես ստուգարք է հանձնում, իսկ ռուսերենը՝ քննություն:

 

Միայն «զարմանահրաշ» բառը կարող է բնորոշել Միքայել Կամենդատյանի անգլերեն քննությունը: Սկզբում նա ներկայացրեց Թբիլիսիի թաղամասերի մասին իր նախագիծը: Այդ նախագծի բնագիր տարբերակը վրացերեն է եղել, որից հետո նա այն թարգմանել է հայերեն, որպեսզի ներկայացնի թարգմանչական ստուգատեսին, իսկ այժմ այդ նույն նախագիծը ներկայացնում է անգլերեն: Քննության վերջում Միքայելին իր ապագա մասնագիտության մասին հարց տվեցի, որին նա այսպես պատասխանեց.

 

 

Գևորգ Հովհաննիսյանը իր անգլերեն քննությանը ներկայացրեց կենսաբանություն առարկայի «Գույները և մարդկանց բնավորությունը» նախագիծը: Ռուսերենի ստուգարքի ընթացքում նա խոսեց իր սիրած զբաղմունքների մասին:

 

 

Անգլերեն և ռուսերեն իր մտքերն ազատ շարադրում էր Հրաչ Եղիազարյանը:

 

 

 

Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբերից լավ էի ճանաչում Հուրի Իսկանյանին, իսկ ահա իր եղբայրը՝ Սարո Իսկանյանը, ինձ համար հայտնություն էր:

 

Սոֆյա Գալստյանը տևական ժամանակ հեռավար ուսուցմամբ է սովորել մեր կրթահամալիրում: Նա խոսեց կրթահամալիրում իրականացվող մեդիակրթության, հարկ եղած դեպքում էլ հեռավար ուսուցման հնարավորությունների ու դրա առավելությունների մասին:

 

Նարեի տարեվերջյան հաշվետու համերգը

 

IMG_6313

 

 

Մայիսյան ճամբարային երաժշտական ֆլեշմոբի արդյունքները

untitled_4_3

1-3-րդ դասարաններ

Բոլոր 46 մասնակիցներն էլ լավ են կատարել առաջադրանքը: Սա ճամբարային երաժշտական և անցած լեզվական նյութը կրկնելու առաջադրանք էր, որի համար գնահատական չի նշանակվում: Գնահատականը այն հաճելի պահերն են, որոնք անցկացրել եք այս առաջադրանքը կատարելիս:

4-5-րդ դասարաններ – 38 մասնակից

Բոլոր մասնակիցներն էլ լավ են կատարել առաջադրանքը: Նրանք լսել են ուրախ երգը, արտագրել են տեքստը և թարգմանել հայերեն: Վստահ եմ նաև, որ նրանք սովորել են երգի մեջ նշվող կենդանիների անունները: Սա ամառային ճամբարային, երաժշտական ֆլեշմոբ էր, որը հասավ իր նպատակին:

6-8-րդ դասարաններ – 6 մասնակից

Նարե Մելքոնյանը, Սերգեյ և Մանե Բոյախչյանները իրենց պատասխանները անգլերեն են գրել, իսկ Նազելի Տեր-Պետրոսյանը և Անի Գևորգյանը՝ հայերեն: Բոլորն էլ հասկացել են երգի իմաստը: Նրանք գիտեն, որ երազանքին հասնելու համար պետք է շատ աշխատել և չվախենալ դժվարություններից:

9-12-րդ դասարաններ – մեկ սովորող՝ Մերի Մարկոսյան – 10-րդ դասարան և մեկ դասավանդող՝ Բաբկեն Փաշինյան:

Այս առաջադրանքը հաճելի հիշողություններ է արթնացրել նաև իմ նախկին սովորողների մոտ, ովքեր իրենց տպավորությունները գրեցին Ֆեյսբուքյան իմ էջում:

 

 

Կրթական համակարգերի ժողովրդավարացում. Հունիսի 3, Թբիլիսի

 

IMG_6214

Հունիսի 3-ին Թբիլիսիի Բոմոնդ Գարդեն հյուրանոցի առաջին հարկի  նիստերի դահլիճում կայացավ «Նոր հնարավորություններ և համագործակցություններ տարածաշրջանում կրթական համակարգերի ժողովրդարացման համար՝ Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան» աշխատանքային սեմինարը: Սեմինարին մասնակցում էին ներկայացուցիչներ բոլոր չորս երկրներից:

IMG_6216

Աշխատանքային սեմինարի մասնակիցներին ողջույնի խոսքեր ասացին Իստանբուլի Քաղաքացիական ասամբլեայի ղեկավար Սինան Գոգչեն և Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Երկու ելույթ ունեցողներն էլ նշեցին, որ մեր տարածաշրջանի երկրներում հակամարտությունների վերացման, կայուն խաղաղության հաստատման, տնտեսական զարգացման գործում մեծ ավանդ պետք է ունենա կրթական համակարգի ժողովրդավարացումը: Սինան Գոգչեն հատկապես նշեց հայ-ադրբեջանական հակամարտության լարվածության թուլացման գործում երկու երկրների կրթական համակարգերի դերը այն առումով, որ դասագրքերի բովանդակությամբ և ուսուցիչների անմիջական խոսքերով թշնամություն չսերմանվի հարևան երկրի նկատմամբ: Իր ողջույնի խոսքում էլ Արթուր Սաքունցը մասնավորապես նշեց, որ բացառությամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, որը մեր երկրի կրթական բնագավառում ժողովրդավարության և ազատ մտքի արտահայտման կղզյակ է, հայաստանյան բոլոր կրթական հաստատությունները համապատասխանում են ամբողջատիրական երկրների փակ կրթական համակարգերին բնորոշ բոլոր հատկանիշներին: Որպես օրինակ՝ նա նշեց մեր երկրում խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում մի քանի հանրակրթական դպրոցների տնօրենների մեզ հայտնի հակաօրինական գործունեությունները: Ելույթ ունեցողները նաև հույս հայտնեցին, որ թբիլիսյան աշխատանքային սեմինարի մասնակիցների առաջարկություններով և դրանց իրականացման համար հարթակների ստեղծումով առաջին քայլերը կարվեն տարածաշրջանի 4 երկրներում կրթական համակարգերի ժողովրդավարացման գործում:

IMG_6218

Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակից Արմինե Սադիկյանը և Քաղաքացիական ասամբլեայի Իստանբուլի գրասենյակի աշխատակից Էսրա Գուչլյուրը ներկայացրեցին, թե ինչ աշխատանք են կատարել «Յավաշ-կամաց ամառային դպրոց» նախագծով, որը «Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման» ընդհանուր նախագծի շրջանակներում է: Մեր կրթահամալիրը մասնակցել է «Յավաշ-կամաց ամառային դպրոց» նախագծով 2015 թվականի աշխատանքներին, որը կայացել է Աղվերանում:  Պետք է նշեմ, որ թբիլիսյան աշխատանքային սեմինարի վերջում տիար Աշոտ Բլեյանը խոսեց այդ ամառային դպրոցի համակարգող Էսրա Գուչլյուրի հետ, և պայմանավորվածություն ձեռք բերվեց 2017 թվականի հուլիսի 9-16 –ը Իստանբուլում կայանալիք «Յավաշ-կամաց» ամառային դպրոցին մեր կրթահամալիրից մեկ ուսուցչի մասնակցության համար:

Ըստ օրակարգի՝ 10:45-ին սկսվեցին մասնակիցների 10 րոպեանոց ելույթները: Առաջինը սկսեց խոսել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Նա ողջունեց աշխատանքային սեմինարի մասնակիցներին և նշեց, որ դրա նշանաբանը՝ հարևան երկրների միջև բարիդրացիական, խաղաղ հարաբերությունների հաստատումը, միշտ էլ եղել է իր քաղաքացիական կյանքի, մանկավարժական գործունեության ամենակարևոր բովանդակային մասերից մեկը, և այդ ամենը նա արել է ոչ թե խոսքերով, այլ իրական գործունեությամբ`նախագծերով, որոնցում ներգրավված են եղել հարյուրավոր տարատարիք սովորողներ և դասավանդողներ: Անգլերեն թարգմանելով մեր տնօրենի այս խոսքերը՝ ես մոտեցա պրոյեկտորին միացված համակարգչին և սկսեցի մեր ցուցադրությունը «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծով: Առաջին սլայդով ներկայացվեց «Georgia and Armenia: happy with each other’s achievements and anxious about each other’s difficulties and always sincere… Վրաստան և Հայաստան․ ուրախ՝ միմյանց հաջողություններով, մտահոգ՝ մեկմեկու դժվարությունների համար և միշտ անկեղծ…» Աշոտ Բլեյանի արդեն հայտնի դարձած խոսքը երկու տեսահոլովակներով, որտեղ վրացի սովորողները ողջունում են Հայաստանի 1918 թվականի անկախացումը հայերեն, իսկ կրթահամալիրի սովորողները Վրաստանի 1918 թվականի անկախացումը ողջունում են վրացերեն: Ցուցադրության ժամանակ ես նայում էի ներկաների աչքերին: Բոլորն էլ ժպտացող աչքեր էին, բայց առանձնակի գնահատում, բավարարվածություն և երանություն կար վրացի մասնակիցների աչքերում: Հպարտություն կար հայ մասնակիցների և զարմանք՝ Ադրբեջանի և Թուրքիայի մասնակիցների աչքերում: Սեմինարավար Սինան Գոգչեն հարցրեց՝ պետակա՞ն, թե՞ մասնավոր դպրոց է մերը: Տիար Բլեյանը պատասխանեց, որ մեր կրթահամալիրը հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություն է, և այդ միջազգային նախագիծն էլ արժանացել է մեր և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների հավանությանը: Այդ պահին էլ ցուցադրվեց Վրաստանի և Հայաստանի կրթության և գիտության նախարարների այս տարվա մայիսի 17-ին Կրթահամալիր կատարած այցի մասին պատմող նյութը: Այնուհետև ներկայացվեցին «Գետը քաղաքում», «Վրացերենի օրը կրթահամալիրում» նախագծերի մասին պատմող սլայդները: Ըստ ներկայացվող ցուցադրության՝ դեռ շատ բան կար ասելու և ցուցադրելու «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի մասին, բայց սեմինարավարը հարց տվեց, թե արդյոք մեր կրթահամալիրը որևէ կրթական կապ է ունեցել թուրքական որևէ դպրոցի հետ: Աշոտ Բլեյանը խոսեց Իզմիրի տիեզերագիտական ճամբարին մեր կրթահամալիրի մասնակցության մասին: Ես ավելացրեցի AIESEC կազմակերպության միջոցով երիտասարդ թուրք մասնագետների՝ մեր կրթահամալիրում կրթական փոխանակման նախագծեր իրականացնելու մասին: Ցուցադրության վերջում ներկայացվեցին կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարանների մասին պատմող սլայդները: Ցույց տալով կացարանների լուսանկարները՝ տիար Աշոտ Բլեյանը ասաց, որ հարևան երկրների հետ կրթական փոխանակումներ իրականացնելու համար կրթահամալիրն ունի բոլոր հարմարությունները: Իհարկե 10 րոպեն բավարար չէր ներկայացնելու ամբողջ ցուցադրությունը և այն ամենը, ինչն արվում է կրթահամալիրում կրթության ժողովրդավարացման հարցում: Բայց կարող եմ վստահորեն ասել, որ մենք կարողացանք ներկաներին փոխանցել ամենակարևորը. կրթահամալիրն ունի բաց կրթական համակարգ և նախագծային-բլոգային ուսուցման հիման վրա իրականացվող կրթությունը իր միջազգային նախագծերով, ստուգատեսներով ու փառատոներով մեծապես նպաստում է սովորողների, դասավանդողների, ծնողների, հետևաբար նաև համայնքի ժողովրդավարական, հանդուրժողական ու ազատ մտածողության զարգացմանը:

Վրացական կողմը ներկայացրեց Վրաստանի հանրակրթական դպրոցներում իրենց կատարած ուսումնասիրությունը վրացական կրթական համակարգի խնդիրների մասին: Զեկուցողը նշեց, որ Վրաստանը բազմազգ հանրապետություն է և իրենց դպրոցներում կողք կողքի սովորում են ռուս, հայ, ադրբեջանցի, վրացի և այլ ազգային փոքրամասնությունների երեխաներ: Այստեղից էլ բխում են իրենց կրթական համակարգին բնորոշ խնդիրերը. տարբեր ազգություններին պատկանող, տարբեր կրոններ դավանող երեխաների նկատմամբ հանդուրժողականություն սերմանելը, խտրականության բացառելը, ազգային փոքրամասնությունների լեզուների և միևնույն ժամանակ պետական լեզվի՝ վրացերենի նկատմամբ հարգանքի և պարտադիր ուսուցման անհրաժեշտությունը: Զեկուցողը նշեց, որ ընդհանուր առմամբ Վրաստանում կրթական փակ համակարգ է գործում՝ մեկ միասնական ուսումնական պլանով, որը պարտադիր է կատարման համար:

Ադրբեջանական կողմի ներկայացուցիչն արտահայտեց այն միտքը, որ այս չորս երկրների հակամարտության, կրթության ժողովրդավարացման խնդիրները հենց իրենց երկրների և անմիջական հարևանների լուծելիք խնդիրներն են, այլ ոչ թե՝ մի այլ արտաքին ուժի:

Թուրքիայի կրթական խնդիրների մասին խոսեց Ուզփեդերը: Նա հատկապես նշեց խնդիրները, որոնք առաջացել են Սիրիայից փախստականների երեխաների մեծ հոսքի պատճառով: Դժվարություններ կան նաև քուրդ երեխաների կրթական գործում, որի հիմնական դժվարությունը թուրք և քուրդ երեխաների միմյանց չհանդուրժելն է:

Թուրքական կողմի մեկ այլ ներկայացուցիչ՝ Սոներ Սիմսեկը, ներկայացրեց նորաստեղծ «Online Citizenship Academy-Քաղաքացիության առցանց ակադեմիա» կազմակերպության գործունեությունը: Այդ կազմակերպության հիմնական նպատակը Թուրքիայում տարբեր ազգություններին պատկանող մարդկանց (հիմնականում ներգաղթյալների և փախստականների) որպես քաղաքացի ինտեգրումն է Թուրքիայում: Նրանք իրենց նպատակին նպաստող տարբեր առցանց դասընթացներ են վարում: Դասընթացները թուրքերեն են: Օրինակ, իրենց ցուցադրության ժամանակ հասցրեցի կարդալ մի դասընթացի վերնագիր՝ «Լեզվական արգելքի հաղթահարումը բազմազգ դասարանում»:

Աշխատանքային սեմինարն ավարտվեց մասնակիցների ամփոփիչ խոսքերով, նոր հնարավոր համագործակցային առաջարկներով:

Թուրքական կողմից Սինան Գոգչենը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և առաջարկեց ստեղծել առցանց հաղորդակցության կրթական հարթակ չորս հարևան երկրների միջև: Նա ավելացրեց, որ առայժմ չի կարող ասել, թե ինչպես է ստեղծվելու և գործելու այդ հարթակը, քանի որ ամեն ինչ պետք է քննարկել և համաձայնեցնել կողմերի միջև:

Տպավորիչ և ազդեցիկ էր կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ամփոփիչ խոսքը՝ այնքան ազդեցիկ, որ գրեթե անգիր եմ հիշում: Խոսքն ասվեց հատու, կարճ նախադասություններով և ինձ համար էլ հեշտ էր միտքն ու ոգին անգլերեն փոխանցել ներկաներին: Նա ասաց. «Ես Աշոտ Բլեյանն եմ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենն եմ: Ժամանակին եղել եմ «Նոր ուղի» կուսակցության առաջնորդը, եղել եմ նորանկախ հանրապետության առաջին խորհրդարանի պատգամավոր, Հայոց համազգային շարժման վարչության անդամ, Հայաստանի լուսավորության նախարար, Երևան քաղաքի փոխքաղաքապետ, երկու տարի եղել եմ քաղբանտարկյալ: Միշտ էլ ակտիվ քաղաքացիական կյանքով եմ ապրել և երբեք չեմ դավաճանել հեղինակային նորարարական մանկավարժական գործունեության իմ սկզբունքներին և քաղաքական-քաղաքացիական համոզմունքին՝ կոնկրետ, իրական նախագծերով, այլ ոչ թե սոսկ խոսքերով բարիդրացիական խաղաղասիրական հարաբերություններ իրականացնել մեր հարևան երկրների սովորողների, նրանց ծնողների, ուսուցիչների հետ:

Առաջարկում եմ մեր կրթահամալիրում կազմակերպել մանկավարժության  տարածաշրջանային ճամբար: Այդ մանկավարժության ճամբարը կօգնի մեր չորս երկրների կրթական համակարգերի ժողովրդավարացմանը և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված համագործակցմանը: Հավաստիացնում եմ, որ մեր կրթահամալիրն ունի մանկավարժության տարածաշրջանային ճամբար կազմակերպելու բոլոր հնարավորությունները՝ միջազգային կրթական փոխանակումների կազմակերպման փորձ և կրթական փոխանակումների կացարաններ»:

 

Democratising Educational Systems

The objectives of an educational system (1) (1)