Just another WordPress.com site

Archive for July, 2015

Կինոդիտում և քննարկում ԱՄՆ դեսպանատանը

Կարո՞ղ ես շարունակել աշխատել, երբ պարզ հասկացնում են, որ դու հարմար չես այդ զբաղեցրած պաշտոնին: Կարո՞ղ ես ավելին անել, քան դու անում ես քո ուժերի գերլարված վիճակում, երբ սահմանին ես հասել, երբ մի ավել քայլն անելն անհնարին է թվում ու երբ մի վերջին անհավանական թվացող ճիգով անում ես այդ անհնարին քայլը, կարո՞ղ ես չփնթփնթալ, չբողոքել քո աշխատանքի դժվարություններից և ղեկավարի անբարեհաճ վերաբերմունքից: Պարզվում է, որ կարող ես, եթե դու ոչ միայն սիրում ես քո աշխատանքը, այլ նաև ամբողջ հոգու ու մարմնական ուժերով տրվում ես նրան՝ ոչինչ չթողնելով քո մտերիմներին, հարազատներին, ընտանիքին: Իսկ կարո՞ղ ես հանուն քո կարիերայի կոխոտել քեզ շատ բաներում օգնած քո գործընկերոջ կարիերան:

Հուլիսի 28-ին Ամերիկյան դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնում կազմակերպված «Սատանան Պրադա է հագնում» ֆիլմի  հրապարակային ցուցադրություն-քննարկումը հենց այս հարցերն էր բարձրացրել: Այո, մեր հին ու բարի մոլորակի վրա շատ է փոխվել կյանքը: Որքան զարգացած է երկիրը, այնքան ավելի դաժան ու պահանջկոտ է աշխատանքային շուկան: Թուլանալը, ծուլանալը հավասարազոր է մասնագիտական ինքնասպանության, բայց ֆիլմի հերոսուհին կանգ է առնում: Նա նախընտրում է հոգու ազատությունը և անձնական մարդկային երջանկությունը: Այդ երիտասարդ կինը ապրում է Ամերիկայում, ուր գործազրկության մակարդակն ամենացածրերից է աշխարհում՝ ընդամենը 8%: Այդ երկրում մարդիկ դեռ կարող են իրենց թույլ տալ  հոգու ազատություն:

Այսօր երեքշաբթի է, բայց արձակուրդային օրերին ինչո՞վ է այն տարբերվում կիրակիից: Այդ պատճառով էլ առաջարկում եմ «երեքշաբթիօրյա» կինոդիտում. «Սատանան Պրադա է հագնում»:

Մորիս Ռավելի «Բոլերո» ստեղծագործությունը և մեր կրթահամալիրը. Գնահատել նշանակում է ստեղծել

Փարիզի Գրանդ Օպերայի դահլիճը լեփլեցուն էր 1928 թվականի նոյեմբերի 22-ին: Այդ օրը Մորիս Ռավելի «Բոլերո» ստեղծագործության պրեմիերան էր, որը հանդիսատեսին գերեց, հիպնոսացրեց 15 րոպե անընդհատ կրկնվող միևնույն մեղեդիով իր պարզությամբ ու անմիջականությամբ և միևնույն ժամանակ՝ 20-րդ դարում գիտության ու տեխնիկայի հարաճուն ու ահագնացող թափի ազդարարմամբ: Վերջում, երբ բոլորն ուժգին ծափահարում էին ու «բրավո» բացականչում, մի կին շատ ավելի բարձր ու զիլ ձայնով բղավեց. «Նա խե′նթ է, խե′նթ է»: Այդ բղավոցին Մորիս Ռավելն արձագանքեց. «Որքան ճիշտ է նա հասկացել իմ երաժշտությունը»: Որոշ երաժշտագետներ շտապեցին գրել, որ Մորիս Ռավելը երաժշտությամբ իր բողոքի ձայնն է բարձրացնում այդ տարիներին գործարաններում շարժափոկերի (կոնվեյեր) ներդրման դեմ, երբ մարդը ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում շարժափոկի առջև կանգնած ստիպված է միևնույն պարզ գործողությունը կատարել, որը ոչ մի ստեղծականություն չի պահանջում և շատ ձանձրալի է, բայց մարդը ստիպված է դա անել. դա իր աշխատանքն է ու պետք է դա անել, քանի դեռ մի ավտոմատ սարք էլ իրեն չի փոխարինել: Պետք է ասել, որ Բոլերոյի այս մեկնաբանությունը շատ տրամաբանական է հնչում, բայց համոզիչ չէ հենց միայն այն պատճառով, որ ստեղծագործությունը մեկ տարվա ընթացքում գրավեց ամբողջ աշխարհի երաժշտասեր մարդկանց սրտերը և մինչև հիմա էլ շարունակում է իր հաղթարշավը: Ինչպե՞ս կարող է ձանձրույթը, տանջանքը, ատելությունը գրավել մարդկանց սրտերը: Հետագայում արդեն Մորիս Ռավելն էլ խոստովանեց, որ այդ ստեղծագործությամբ նա պարզապես ցանկացել է իր սերն արտահայտել երաժշտական գործիքների և ամբողջ նվագախմբի նկատմամբ. մի պարզ մարդկային ցանկություն, և Ռավելն ինքն էլ չէր ակնկալում, ու որքան էլ որ չէր ցանկանում, Բոլերոն իր ամբողջ ստեղծագործական կյանքի այցեքարտը դարձավ: Պատճառը երաժշտական գործիքների, նվագախմբի յուրաքանչյուր երաժիշտի և միասին ամբողջ նվագախմբի ու ընդհանրապես՝ երաժշտության մոգական ազդեցության նկատմամբ սիրո արտահայտությունն էր: Նվագախմբում, ինչպես և կյանքում, յուրաքանչյուր մարդ իր տեղն է գտնում ու իր մասնակցությունն է ունենում սեփական ներուժի սահմաններում: Նույնն է նաև մեր կրթահամալիրում:

Բոլերոն և մեր կրթահամալիրը

Առաջարկում եմ սկզբում լսել և դիտել «Բոլերոն» Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ` Վալերի Գերգիյեվի ղեկավարությամբ, որը տևում է ուղիղ 15 րոպե և 50 վայրկյան: Ուշադրություն դարձրեք նրա դիրիժորական փայտիկին և աչքերին:

Տեսաերիզը դիտելուց ու լսելուց հետո նորից միացրեք այն, բայց այս անգամ արդեն թողնելով միայն ձայնը, իսկ համակարգիչի էկրանին հոդվածն է:

Բոլերոյի սկիզբը – նախակրթարան ու կրտսեր դպրոց

Թմբուկի վրա երկու փայտիկներն այնքան թեթև ու նուրբ են հարվածում, որ կարծես չեն ուզում խախտել քար լռությունը, բայց որքան էլ որ խորհրդավոր լինի այդ լռությունը, այն պետք է խախտել, որովհետև Գերգիյեվը թարթեց աչքերը ու հարկ է  սկիզբն ազդարարել: Եվ հանկարծ, այդ բազմամարդ նվագախմբի տասնյակ շողշողացող դեպի վեր ցցված ու ներքև ուղղված գործիքներից մեկը սկսում է նվագել:  Թմբուկի հազիվ լսվող ձայնին միացել էր պիկկոլոն (փոքր չափսերով ֆլեյտա): Տպավորությունն այնպիսին է, որ այդ պիկկոլոն սխալվել է, որովհետև բոլորն անշարժ ու լուռ են, և միգուցե, պիկկոլոյի երաժիշտը փորձում էր իր գործիքը: Ոչ′, նա չէր սխալվել: Նա մի պարզ ու հասանելի մեղեդի սկսեց ու վերջացրեց: Ավելի ճիշտ՝ չէր էլ վերջացրել, երբ նրան միացավ սովորական ֆլեյտան ու նորից լսվեց նույն մեղեդին: Նրանք դա արեցին Գերգիյեվի զուսպ հայացքի ու 5-6 սանտիմետրանոց սրածայր փայտիկի աննշան շարժումին ի պատասխան: Հաջորդ քայլին նույն մեղեդիով նրանց է միանում հոբոյը: Երաժիշտներն այնքան լուրջ են ու անգնահատելիորեն մեծ է յուրաքանչյուր երաժիշտի սերը իր գործիքի նկատմամբ: Նրանք չեն ուզում զարմացնել իրենց վարպետությամբ: Նրանցից յուրաքանչյուրն իր գործիքի անունից է խոսում. «Ես թմբուկն…, ես պիկկոլոն եմ…, ես ֆլեյտան եմ…, իսկ ես հոբոյն եմ….դուրդ գալի՞ս է իմ ձայնը»: «Այո, դու լավն ես, մենք քեզ սիրում ենք», ի պատասխան այս հարցումի ձայնակցում են պիկկոլո կլարնետը իր ընկերոջ՝ սովորական կլարնետի հետ միասին:

Առաջին անգամ մայրիկից հեռու, մի քիչ վախվորած, հազիվ արցունքները զսպելով 2-ից 4 տարեկանների խմբին է միանում առաջին անգամ նախակրթարան ոտք դրած մանուկը, և կամաց-կամաց, խաղալով ու գրեթե չխաղալով, երբեմն լացելով իր ես-ն է ձևավորում նոր միջավայրում: Նրա ցանկությունը որևէ մեկին իր գիտելիքներով և կարողություններով զարմացնելը չէ: Նա պարզապես ուզում է, որ իրեն սիրեն այս նոր միջավայրում: Նա միայն կարող է ասել. «Ես Անին եմ.., ես Վահագն եմ…, ես Նարեկն եմ…., ես Նարեն եմ…»: Այստեղ է, որ վրա է հասնում 2-ից 4 տարեկան երեխաների զարգացման միայն սիրո վրա հիմնված ծրագիրը իր ավազաթերապիայով, տառթխիկներով, խաղերով ու  ծիսական խաղիկներովչլմփոցներով ու շրխկաններով:

«Իմացումի հրճվանք» ծրագրով կրտսեր դպրոց հաճախելը գրավիչ է նրանով, որ շեշտը չի դրվում միայն օժտված երեխաների, նրանց սրտացավ ու գերպահանջկոտ ծնողների հետևողական աշխատանքի վրա, երբ տանը տառապանքով երեխաների հետ միասին դասեր են սերտում: Կարևորն այն է, որ երեխան սկսի սիրել սովորելը:

Հենց այսպես էլ ապրում ենք մեր հեղինակային այլընտրանքային կրթական աշխատանքով:

Փողային գործիքներ – միջին դպրոց         

Արդեն հոգեհարազատ դարձած մեղեդին նույնությամբ կրկնում են ֆագոտները և երեք սաքսոֆոնները, տրոմբոնները և տարբեր տեսակի շեփորները: Յուրաքանչյուր գործիք կարծես ասում է. «Ես համբերությամբ լսեցի բոլորիդ, հիմա էլ թույլ տվեք ձեզ միանալ»: Նորից նույն մեղեդին, իսկ ունկնդիրը չի ձանձրանում, որովհետև զգում է Մորիս Ռավելի մեծ սերը երաժշտական գործիքների նկատմամբ՝ նրանցից ոչ մեկին նախապատվություն չտալով: Բոլոր գործիքները նույն նպատակին են ծառայում՝ երաժշտություն են ստեղծում: Բոլերոյի գրավչության երկրորդ կարևոր պատճառը, որն ասոցացվում է հասարակական կյանքին ու մարդկային փոխհարաբերություններին, յուրաքնչյուր գործիքի առանձնացված գնահատումն ու արժևորումն է:

Միջին դպրոցում արդեն մանկավարժության շեշտը դրվում է յուրաքանչյուր սովորողի ինքնադրսևորման, անհատականության բացահայտման վրա: Ուսումնական գործընթացում մեծ դեր ունի նաև ստեղծված թափանցիկ միջավայրը: Սովորողները կարողանում են ինքնաարտահայտվել, ինքնադրսևորվել  Միջին դպրոցի ենթակայքում, սովորողների բլոգներում, Մարմարյա սրահում, ուսումնական նախագծերում, «Ռադիո բան»-ում, ուսումնական ճամփորդություններում:

Հենց այսպես էլ ապրում ենք մեր հեղինակային այլընտրանքային կրթական աշխատանքով:

Միանում են լարային գործիքները և ամբողջանում է սիմֆոնիկ նվագախումբը – Ավագ դպրոց

Բոլերոն ներկայացնելիս սիմֆոնիկ նվագախմբում ամենահամբերատարները լարային գործիքներն են՝ ջութակները, ալտերը, վիոլոնչելիները, կոնտրաբասերը և իհարկե՝ աստվածային տավիղը: Իրենց հերթին սպասելիս երաժիշտները մատներով են հպվում ջութակների լարերին, ինչպես կիթառահարներն են վարվում: Դա արդեն նվագող գործընկերներին գոհունակություն արտահայտելու, ծափահարելու յուրօրինակ արտահայտչամիջոց է: Եվ երբ գալիս է լարայինների ժամանակը, իր հանգիստ նիրհից արթնանում է նույնիսկ Վալերի Գերգիյեվը և դահլիճը հոգեցնցումի հաճելի սարսուռ է ապրում՝ արդեն որերորդ անգամ ծանոթ մեղեդին այս ուժգնությամբ լսելու հնարավորություն ստանալով, երբ թմբուկի ուժգին հարվածներին հետևում է նաև ցիմբալի շաչոցը: Ոգևորված է Գերգիյեվը, ամբողջ նվագախմբի բոլոր գործիքները դրսևորում են իրենց ողջ ներուժը ու հանկարծ՝ լռություն…: Ի՞նչ եղավ, վերջացա՞վ… Իսկ ու՞ր մնաց երաժշտական գրեթե բոլոր ստեղծագործությունների ավարտն ավետող ու այս առումով շատ բնորոշ վերջաբանը: Բոլերոն սրանով էլ է առանձնանում բոլոր ուրիշ երաժշտական ստեղծագործություններից: Այն չունի բնորոշ վերջաբան, այն կարծես անավարտ է և իր անավարտությամբ շարունակում է ապրել ունկնդիրների հոգիներում: Երաժշտությունը չի ավարտվել, այն միայն մի պահ ընդհատվեց ու հիմա արդեն շարունակվում է իմ հոգում:

Հանրապետության բոլոր այլ հանրակրթական ավագ դպրոցների կրթական կարևորագույն փաստացի նպատակը Պետական ավարտական և միասնական քննություններին նախապատրաստվելն է, որը որևէ կապ չունի պետական չափորոշիչների պահանջների հետ: Փաստորեն բոլոր այդ դպրոցներում երեք տարի շարունակ առարկայական շտեմարանների հարցաշարերը վերացնում են սովորողների սովորելու նկատմամբ սերը և անհատականության դրսևորման հնարավորությունները: Համահարթեցվում է ամեն ինչ՝ և′ սովորողների կարողությունները, և′ գիտելիքների պաշարը: Նրանցից պահանջվում է միայն փաստերի, տեղեկատվության, բանաձևերի կիրառման մտապահում և համապատասխան տեղերում խաչերի տեղադրում: Իսկ ի՞նչ է կատարվում մեր մոտ: Ստացվել է այնպես, որ մեր Ավագ դպրոցում հեղինակային, այլընտրանքային մանկավարժությամբ, նախագծային և ոչ ֆորմալ ուսումնական պարապմունքների կիրառմամբ շատ ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում պետական չափորոշիչների իրականացմանը, քան պետական ծրագրերով առաջնորդվող բոլոր այլ հանրակրթական ավագ դպրոցները: Այսուհանդերձ, մեր ավագ դպրոցում առկա է մի կարևոր բացթողում: Անհատական ուսումնական պլանները, մտրակի՝ ամենօրյա դասասերտման բացակայությունը, նախագծային ուսուցման հիմքի վրա իրականացվող կառուցողական աշակերտակենտրոն ուսումնական պարապմունքները իդեալական դրախտային պայմաններ են ստեղծել և սովորող անհատի, և չսովորող անհատի ձևավորման համար: Ինչպե՞ս անել, որ մեր մոտ սովորելու գա միայն նա, ով …: Այս է մեր Ավագ դպրոցի այսօրվա խնդիրը:

Գյուղատնտեսության մեջ աշունն է բերքահավաքի շրջանը, իսկ մեր կրթահամալիրում՝ ամռան սկիզբը: Որքան զբաղված բերքահավաքի շրջան էր այս տարվա հունիսը իր ուսումնական ամառային ճամբարով, ստուգատեսներով և փառատոներով. հանդիպումներ, քննարկումներ, ստուգատեսային ու փառատոնային նյութերի դիտումներ, հյուրեր, ուսճամփորդություններ: Որքան ոգևորիչ էին Աշոտ Բլեյանի հունիսյան գրառումները: Հունիսի սկիզբն ու ընթացքն այս առումով համեմատելի է Բոլերոյի կատարման մեջ լարային գործիքների մուտքին: Դասավանդողների ամառային ճամբարի վերջին օրը նշանավորվեց անցնող ուսումնական տարվա ամենահաջողված նախագիծ-նորարարությամբ՝ համերգային մեդիաուրբաթով: Հունիսի ավարտով սկսվեց դասավանդողների ամենամյա արձակուրդային շրջանը, բայց կյանքը կրթահամալիրում շարունակվու է, ինչպես Մորիս Ռավելի անվերջաբան երաժշտությունը:

Հիմա հուլիսն է, շոգ ամառ, բայց կրթահամալիրը շարունակում է ապրել ակումբային կյանքով, ամառային ճամփորդություններով, դաստիարակների ամառային դպրոցով, դասվարների ճամբարով, ինտելեկտուալ քննարկումներով, մեդիաուրբաթներով: