Just another WordPress.com site

Archive for May, 2016

Հեղինակային կրթական ծրագրի իրականացման զարգացումները 2015-2016 հավաքից հավաք

Զարգացումները  ուսուցման նյութական միջավայրում

Հիմնովին վերակառուցվել ու բարեկարգվել են Մայր դպրոցի նկուղային տարածքները: Այդ տարածքների արտաքին ապակեպատումը սև երկաթյա ամրան-անկյունակներով շենքին նոր ու ժամանակակից տեսք է տալիս: Տարբեր անպետք իրերով լցված նկուղնեը վերածվել են մաքուր ուսումնական տարածքների՝ «Հայրենագիտական ակումբ», «Հրաձգարան-նետաձգարան», «Հեծանվային ակումբ», «Ընթերցարան», «Բրուտանոց», իսկ մեր Միջին դպրոցի հատվածն էլ,  կարծես, չորս հարկանի է դարձել:

IMG_1880IMG_1882

IMG_1885IMG_1889

Նույնպիսի վերակառուցումներ են նախատեսվում նաև մեր այլ կրթական օբյեկտներում: Նոր դպրոցն արդեն ունի իր «Հեծանվային ակումբը»: Այժմ շինարարական աշխատանքներ են ընթանում Գեղարվեստի դպրոցում:

Սկսվել ու ընթանում են «Կրթական պարտեզ արվարձանում» քաղաքաշինական մասշտաբի նախագծի աշխատանքները: Նախագծի նպատակն է՝ Հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամասի մանկական-կրթական հաստատությունները՝ բոլորը, անկախ նրանց պատկանելությունից, մեկ կենսական տարածքում բարեկարգել՝ խելամիտ-գրավիչ-հարմար անցումներով՝ իրար հետ ու թաղի, կանաչապատումով-բարեկարգումով, ենթակառուցվածքներով։

Զարգացումներ ուսուցման մեդիամիջավայրում

2015-2016 ուսումնական տարվա հեղինակային կրթական ծրագրում նշված «մեկ սովորող՝ մեկ համակարգիչ» դրույթի զարգացումը դարձավ «5-6 տարեկանների ուսումնական պլանշետ» նախագիծը, ինչի իրականացումը պարտադրեց «Բզեզ» ուսումնական կայքի ստեղծումը, որն իր տեսակով միակն է Հայաստանում (կայքի ստեղծող և սպասարկող՝ Անահիտ Հարությունյան) 5-6 տարեկան երեխաների, նրանց ծնողների, դաստիարակների ու վաղ տարիքում մեդիագրագիտության հարցերով հետաքրքրվողների համար:  Այս առումով բավականին մեծ արձագանք ունեցավ «Պլանշետները նախակրթարանում» ուսումնասիրություն-հոդվածը:

Կրթահամալիրի կայքը համալրվեց նաև  «Գրապտույտ» և «Կանթեղ» պատանեկան էլեկտրոնային պարբերականներով (խորհրդատու դասավանդող՝ Նունե Մովսեսյան):

Կրթահամալիրի մեդիաաշխարհը էապես հարստացավ՝ զարգացնելով  էլեկտրոնային ուսումնական ռադիոցանցը՝ «Սեբաստացի ռադիոն» դպրոցների ռադիոխմբագրություններով՝  Ավագ դպրոցի «Էթիկետ»-ը և «Սուրհանդակը», Քոլեջ-արհեստների ուսկենտրոնի «Արտբզզանը», Միջին դպրոցի «Ռադիո բանը», Դպրոց-պարտեզի «Ռադիոն», Նոր դպրոցի «Նոր ռադիոն», Գեղարվեստի դպրոցի «Գեղարվեստը», Հիմնական դպրոցի «Հիմնականը». Այժմ կրթահամալիրի մեծաքանակ դասավանդողներ յուրաքանչյուր շաբաթ առնվազն մեկ էլեկտրոնային ռադիոնյութ են ստեղծում:

Դասավանդողների, սովորողների ու նրանց ծնողների համար կրթահամալիրի ուսումնական մեդիաաշխարհն իր հաղթարշավը գրանցեց 2016-ի հունվարին`մի ամբողջ ամիս կրտսեր, միջին և ավագ դպրոցներում ուսումնական գործունեությունը առցանց-հեռավար կազմակերպելով, երբ հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունները չէին գործում՝ գրիպի հնարավոր լայնածավալ համաճարակը կանխարգելու նպատակով: Տեղին ու ժամանակին էր Սոֆյա Այվազանի ուսումնասիրություն-հոդվածը՝ «Հունվարյան առցանց-հեռավար դպրոց կրթահամալիրում», որի անգլերեն թարգմանությունը նույնպես չուշացավ: Կրթահամալիրի առցանց-հեռավար ուսուցման կազմակերպման փորձը արժանի է տարածելու ահաբեկչություններով, բնակլիմայական անոմալիաներով, համաճարակներով և տարաբնույթ այլ արտակարգ իրավիճակներով լի ամբողջ աշխարհում: Կրթությունը պետք է անընդհատ լինի՝ անկախ որևէ պատճառից:

Զարգացումներ կրթական փոխանակումների բնագավառում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կրթական փոխանակումների պայմանագիր է ստորագրել AIESEC –ի հետ (առևտրի և տնտեսագիտության բնագավառի ուսանողական միջազգային միություն): Ի կատարումն այս պայմանագրի՝ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Կանադայից, Բրազիլիայից, Թուրքիայից, Հոնգ Կոնգից, ԱՄՆ-ից երիտասարդ մասնագետներ հյուրընկալվեցին մեր կրթահամալիրի կրթական փոխանակումների Գեղարվեստի հյուրատանը: Նրանք հաջողությամբ իրականացրեցին «Ֆինանսական գրագիտություն» նախագիծը կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողների հետ:

Հայաստանի գործատուների հանրապետական միության միջնորդությամբ նոր կրթական փոխանակումների հեռանկարներ են բացվել կրթահամալիրի և Գերմանիայի գործատուների միջազգային միության հետ:

Զարգացումներ հեղինակային կրթական ծրագրերի իրականացման աջակցության գործում

Ուսումնական օրացույցը ամենօրյա գործունեության ուղեկիցն ու թելադողը դարձավ:  

Էապես բարեփոխվել է կրթահամալիրի ուսումնական օրացույցը: Բացի տվյալ ուստարվա ամբողջական օրացույցից, կրթահամալիրի կայքում առաձնացվում է նաև ամսեկան և օրեկան օրացույցներ`իրենց շտկումներով, օրվա աշխատակարգերով, ժամանակացույցով ու այլ մանրամասնություններով: Բացելով տվյալ օրվա օրացույցը՝ կայքի այցելուն անմիջապես տեղեկանում է կրթահամալիրի տվյալ օրվա բոլոր իրադարձությունների մասին:

Ամենամյա ստուգատեսները  համակարգում են սովորողները

Հեղինակային կրթական ծրագրի ոգուն միանգամայն համապատասխան էր Ավագ դպրոցի սովորողներ Էմմա Իսախանյանին և Նարեկ Սահակյանին (հեռավար ռեժիմով) վստահել կրթահամալիրյան «Դիջիթեք 2016» ստուգատեսի համակարգումը:

Հեղինակային մանկավարժության նույն սկզբունքով էլ Ավագ դպրոցի սովորող Սարգիս Հակոբյանին և Միջին դպրոցի սովորող Միքայել Կամենդատյանին վստահվեց «Էկոտուր 2016» ստուգատեսի համակարգումը:

Նման գործունեությունների մեջ ներգրավվելով են սովորողները ձեռք բերում ապագա առաջատարներին բնորոշ որակներ: Նորարար դպրոցներին ուղղված հարցաշարերում  այսպիսի մի հարց է կարևորվում. «Ի՞նչ է անում դպրոցը, որպեսզի սովորողների մոտ առաջատարներին բնորոշ որակներ զարգացնի»: Հսկայական ֆինանսական ներդրումներ պահանջող միջազգային կրթական ծրագրերը, որոնցից են, օրինակ, ամերիկյան Flex-ը և դիլիջանյան միջազգային քոլեջը,  մեծ նշանակություն են տալիս այս հարցին: Այդ ծրագրերով կրթությունը շարունակելու համար ավելի մեծ մրցույթ պետք է հաղթահարել, քան աշխարհի որևէ հեղինակավոր համալսարան: Փաստ է, որ մեր կրթահամալիրը միջազգային այս նշված  չափանիշներով կրթություն է իրականացնում. Ներկայումս Հովհաննես Ալեքյանը իր կրթությունը շարունակում է Դիլիջանի միջազգային քոլեջում, իսկ Նարեկ Սահակյանն էլ՝ Flex –ծրագրով Մեդվիլի ավագ դպրոցում, ԱՄՆ: Այս տարի Flex ծրագրով ԱՄՆ է մեկնելու մեր Նելլի Հարությունյանը:

Ֆլեշմոբը որպես ուսումնական նոր մեդիագործիք

Կարծում եմ, որ հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան ամենամյա  հավաքի մրցանակների մեջ պետք է ներառել նաև մեկ լրացուցիչ մրցանակ՝ «Տարվա նոր ուսումնական գործունեություն», որը կկարևորի տարվա լավագույն ուսումնական գործունեության մուտքը կրթահամալիր: Այդ մրցանակը որևէ մեկին չի հանձնվի, որովհետև այդ գործունեության մեջ ընդգրկված են եղել գրեթե բոլոր դասավանդողները, սովորողները, ծնողներն ու ընտանիքի այլ անդամները: Այդ մրցանակը կլինի բոլորինը: Այս տարվա այդպիսի ընդգրկուն ուսումնական գործունեություն էր «Ֆլեշմոբ»-ի մուտքը կրթահամալիրի կյանք:

Առարկայական Ֆլեշմոբերի նախաձեռնողը մանկավարժական լաբորատորիայի ղեկավար Գևորգ Հակոբյանն է եղել: Ֆլեշմոբի մեկնարկի մասին ուստարվա սկզբին ես գրել եմ. «Ֆլեշմոբը հանպատրաստից հանրային կատարում-ներկայացում է, որը հայտնվում է հանկարծակի, չսպասված՝ մեկ մարդու նախաձեռնությամբ, այդ պահին իր տրամադրության և երևույթների համընկումով ու հոգեկան մեծ վերելքի առկայությամբ նա սկսում է պարել: Այդ ոգևորությունը, տրամադրությունը փոխանցվում է ներկա գտնվող մեկ այլ մարդու, երրորդին, չորրորդին: Որոշ ժամանակ հետո արդեն պարում են հարյուրից ավելի մարդիկ: Մարդիկ հրճվում ու զարմանում են, որ այդ պահին պարում են:

Կրթահամալիրի մանկավարժական լաբորատորիայի ղեկավար Գևորգ Հակոբյանի նախաձեռնությամբ ֆլեշմոբի այս ոգին հետևողականորեն բերվում  է մաթեմատիկական մտածողության թվերի աշխարհ. հետաքրքիր է հնչում՝ մաթեմատիկական ֆլեշմոբ: Ես կարդացել եմ 4-5 –րդ դասարանների համար նախատեսված առաջադրանքները: Հետաքրքիր, զվարթացնող խնդիրներ են, որոնք երբեմն էլ կարող են ծնողներին ու ընտանիքի այլ անդամներին էլ մարտահրավերներ նետել: Աշխատում ենք առցանց: Ժամանակը սկսում է աշխատել: Թվում է՝ հեշտ է, բայց կարող ես լուծել… դե՛, միացիր: Այս ոգին կարող է աշխատել նաև այլ ուսումնական առարկաների համար: Կարևորը ֆլեշմոբի ոգուն հարազատ առաջադրանքներ կազմելն է»:

Ֆլեշմոբի կայացմանը նպաստել են տարբեր առարկաների դասավանդողներ՝ Գևորգ Հակոբյան և Լիանա Հակոբյան (մաթեմատիկա), Սուսան Մարկոսյան և Վանուհի Բաղմանյան (հայոց լեզու), Վահրամ Թոքմաջյան և Աշոտ Տիգրանյան (պատմություն), Էմանուել Ագջոյան (բնագիտություն), Լուսինե Բուշ (օտար լեզուներ), Առնոլդ Միքայելյան (շախմատ):

 

 Ուսումնական պարապմունքների նոր ձևեր են առաջարկում դասավանդողները

Հերմինե Անտոնյանի նախաձեռնությամբ սկսվեց օգտագործվել մաթեմատիկական  math-o-mir համակարգչային ծրագիրը, որը հնարավոր դարձրեց մաթեմատիկայի ուսուցումը առանց գրատախտակի:

Կրթահամալիրի մանկավարժական լաբորատորիան առաջին անգամ կրթահամալիրի դասավանդողին՝ Աշոտ Տիգրանյանին, վստահել է վարելու իր անհատական լաբորատորիան որպես հեղինակային մանկավարժության հեղինակ:

Շնորհիվ Աշոտ Տիգրանյանի հեղինակային նորարարական աշխատանքի՝ (դասարանային դասի երկդասյա կառուցվածք՝ թեմայի լուսաբանում և դասարանական աշխատանք, տնային աշխատանքի մեկամսյա ժամկետ, նախագծային և հետազոտական աշխատանքի կարևորում գնահատման համակարգում) Միջին դպրոցի սովորողների համար պատմությունը պարտադիր հանրակրթական առարկայից վերածվել է իսկական հետազոտական աշխատանքի:

 

Վահրամ Թոքմաջյանը հետաքրքիր նորամուծություն է իրականացրել Ավագ դպրոցի  պատմության ուսումնական պարապմուններում`դերախաղ «Ժամանակի մեքենա»: Օրինակ, 4-րդ դարի գործիչները (Արշակ և Պապ թագավորները, Փառանձեմը) հայտնվում են այժմյան Հայաստանում և մամուլի ասուլիսում պատասխանում են լրագրողների հարցերին: Բանախոսները պատասխանում են ոչ միայն իրենց ժամանակաշրջանին վերաբերվող հարցերին, այլ նաև անցյալի դիտանկյունից վերլուծում են ներկայիս իրադարձությունները: Իհարկե, այս ամենին նախորդում է այդ ժամանակաշրջանի և գործիչների մասին հետազոտական աշխատանք, երբ ուսումնասիրվում են բոլոր հնարավոր աղբյուրները՝ գիտական հոդվածներ, հրապարակախոսական և գեղարվեստական գրականություն, հարցազրույցներ, հաղորդումներ: «Ժամանակի մեքենա»-ով արդարացվում է պատմությունն ուսումնասիրելու անհրաժեշտությունը՝ անցյալից դասեր քաղելը, անցյալի սխալները չկրկնելը և որոշակի պատմական օրինաչափություններից ելնելով ապագայի հնարավոր զարգացումները կանխատեսելը:

2015-ի հունիսից մեծ թափ հավաքեցին ուսումնական ճամբարները

Անընդհատ մի քանի հերթափոխերով գործեցին Մեղրաձորի, Ուրցաձորի և Բյուրականի ճամբարները:

img_8758(1).jpg12166665_846214898829960_1372741116_n_0

2015-ի սեպտեմբերի 21-ին մի խումբ սեբաստացիներ Աշոտ Բլեյանի առաջնորդությամբ առաջին անգամ հաղթահարեցին Խուստուփը (3200 մետր)

 

Khustup12067360_1086524498037985_1374371319_n

https://www.youtube.com/watch?v=iBPDPOLUmS4

2015-2016 ուստարվա ընթացքում ստեղծվեց ռազմամարզական ուսումնական կենտրոնը. Ղեկավար՝  Ալեքսան Մինասյան, զինղեկ՝ Բորիս Վարդանյան

Առաջին անգամ կրթահամալիրում կազմակերպվեց ռազմամարզական ստուգատես, որի անսովորությունը, մրցումային մթնոլորտը, հետաքրքիր և ոչ այնքան էլ հեշտ առաջադրանքները ոգևորեցին և′ սովորողներին, և′ դասավանդողներին:

Ապրիլի սկզբին Սևանի ափամերձ տարածքում գտնվող «Ժայռ» հանգստյան գոտում սկսեց գործել կրթահամալիրի եռօրյա ռազմամարզական ճամբարը, որի մշտական գործունեությունը կրթահամալիրի սովորողների ռազմամարզական դաստիարակության ամենաարդյունավետ ձևը կլինի:

20160430_153414.jpg13077295_598396300337413_1452090637_n.jpg

Կրթահամալիրում սկսեցին գործել նոր մարզաձևեր՝  սուսերամարտ, հրաձգություն, նետաձգություն և ամենասիրվածն ու մասսայականը`հեծանվային սպորտը: 2015-ին կրթահամալիր մուտք գործեց հեծանիվը:

 հեծանիվimg_1381

Կրթահամալիրը կյանքի դպրոց է . «Տրիաթլոն՝ հեծանիվ-լող-վազք»

Վերջերս Տիար Բլեյանը իր ամենօրյա գրերում և տարբեր ելույթներւմ ավելի շատ է շեշտում, որ կրթահամալիրը կյանքի դպրոց է: Այստեղ սովորողները սովորում են ներդաշնակ ապրել համայնքի, շրջակա միջավայրի, բնության հետ: «Կրթական պարտեզ արվարձանում» նախագիծը թերի կլիներ առանց «Տրիաթլոն –լող-վազք» նախագծի իրականացման: Այս ուսումնական տարվա ընթացքում առաջնային դարձավ ու բոլորն էլ լուրջ ընդունեցին այս կարգախոսը՝ «Բոլոր սեբաստացիները պետք է կարողանան հեծանիվ քշել, լողալ և վազել՝ բավարարելով որոշակի պահանջների»:

Մանկավարժության լաբորատորիայի աշխատանքի արդյունավետության բարձրացումը

2015-2016 ուստարվա սկզբում կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը զարգացավ, համալրվեց նոր աշխատակիցներով ու նոր անուն ձեռք բերեց`«մանկավարժության լաբորատորիա»: Լաբորատորիան սկսեց ղեկավարել տիար Գևորգ Հակոբյանը:

Մեր մանկավարժության լաբորատորիայի գործունեության հիմնական նպատակը հեղինակային կրթական ծրագրերի լրամշակման ու նոր ծրագրերի մշակման, դրանց իրականացման ու տարածման գործում մեթոդական ու գործնական աջակցություն ցույց տալն է կրթահամալիրի ուսկենտրոններին, դասավանդողներին՝ ուղղորդելով ուսումնական գործի կազմակերպումը ըստ փորձարարական մանկավարժության մեր որդեգրած սկզբունքների, մշակված կարգերի:

Ըստ անհրաժեշտության վերամշակվել ու մշակվել են ուսումնական գործունեությունը կազմակերպող մի շարք կարգեր, համակարգվել են համակրթահամալիրային նախագծեր, կատարվել են ուսումնական նախագծերի իրականացման ուսումնասիրություններ:

«Դպիր» մանկավարժական ամսագիրը հարստացել է այլոց փորձի ուսումնասիրման և միաժամանակ մեր հեղինակային մանկավարժության փորձի համադրման առումով  որակապես նոր հոդվածներով`թարգմանություն-փոխադրություն-ուսումնասիրություններով: Ահա մեկ օրինակ՝ «Գնահատե՞լ, թե՞»:

Կրթահամալիրի աշխատակազմի նշանակալից փոփոխություններ

Ավագ դպրոցի ծրագրի ղեկավար նշանակվեց Մարթա Ասատրյանը:

Միջին դպրոցի ծրագրի ղեկավար նշանակվեց Մարգարիտ Սարգսյանը:

Քոլեջ-արհեստների ուսումնական կենտրոնի ղեկավար նշանակվեց Նվարդ Սարգսյանը:

Գեղարվեստի ծրագրի ղեկավար նշանակվեց Քնարիկ Ներսիսյանը:

Հիմնական դպրոցի ծրագրի ղեկավար նշանակվեց Շամիրամ Պողոսյանը:

Այս երիտասարդ ղեկավարների աշխատանքային հաջողություններն ու ձեռքբերումները կլինեն բոլոր սեբաստացիներինը: