Just another WordPress.com site

Archive for June, 2015

Դասավանդողների ամառային դպրոց. Անգլերենի գիտելիքների և կարողությունների զարգացման դասընթացի հատուկ ծրագիր դասավանդողների համար

Դասընթացի առաջին փուլ (հունիսի 15-ից մինչև հունիսի 30-ը ամեն աշխատանքային օր, մեկ ժամ – 60 րոպե)

Նպատակը.

Դասավանդողը ունենում է անգլերենի բավականաչափ լեզվական ունակություններ, որպեսզի կարողանա կարդալ և հասկանալ իր առարկայական բնագավառին վերաբերող անգլերեն տեքստեր, գրավոր և բանավոր կերպով հաղորդակցվել թե կենցաղային և թե մասնագիտական թեմաներով:

Դասընթացի մասնակիցները.

Վահրամ Թոքմաջյան, Արման Երանոսյան, Էմանուել Ագջոյան, Լուսինե Սարգսյան, Ռինա Շագինյան, Մարթա Ասատրյան, Անի Արսենյան, Քրիստինե Սահակյանց.

Մանկավարժական և մեթոդական մոտեցումներ.

Ուսումնական պարապմունքներին անհատական մոտեցում է տրվում՝ հաշվի առնելով դասընթացի մասնակցի մասնագիտությունը և լեզվական ունակությունների մակարդակը: Օգտագործվում է էլեկտրոնային նամակագրությունը:

Ծրագրի բովանդակային մասը.

Ուսուցումը իրականացվում է միաժամանակյա երկու բովանդակային ուղղություններով՝

ա. կենցաղային առօրյա բառապաշարի հիման վրա պարտադիր լեզվական կառուցվածքների յուրացում (նույնն է բոլոր մասնակիցների համար)

բ. մասնագիտական տերմիններով և հասկացություններով կազմված տեքստերի ընթերցում, քննարկում, մշակում (տարբեր է՝ ըստ մասնագիտությունների)

Յուրաքանչյուր թեմային (Ա և Բ միասին) կարող է 2-3 դասաժամ հատկացվել

Ա. Թեմա 1 – բովանդակություն Մեթոդը
Անորոշ և որոշյալ հոդերի կիրառումը հաշվելի գոյականների հետ, ցուցական դերանուններ, հոգնակի և եզակի թիվ,  հարցական դերանուններ, տեղ ցույց տվող նախդիրներ, ունենալ բայը, there is… there are … .- կա… կան… Մասնակիցները բազմակի վարժանքներով, կրկնություններով, սեփական նախադասություններով, նկարների նկարագրումներով են յուրացնում առաջին կառուցվածքները:
Բ. Թեմա 1.

Իմ մասին –About Myself

Մասնակիցը ներկայացնում է ինքն իրեն:

Ինքնակենսագրական տեղեկություններ (ընտանեկան դրությունը, կրթությունը,  աշխատանքային փորձառություն )

Յուրաքանչյուր մասնակից սկզբում ներկայանում է բանավոր: Ես անում եմ անհրաժեշտ ուղղումները: Տանը մասնակիցը գրում է իր մասին և ուղարկում ինձ: Ես ուղղում եմ սխալները: Հաջորդ դասին մասնակիցը կարողանում է անսխալ ներկայանալ և պատմել իր մասին:
Ա. Թեմա 2

Հարցական նախադասությունների 4 տիպերը ներկա ժամանակում, of դարձվածքով նախադասություններ կազմելը (երբ պատկանելություն է ցույց տալիս), գույներ

Գյուղացիական տնտեսության նկարի նկարագրում
Բ. Թեմա 2 Իմ աշխատավայրը – My Working Place

Մասնակիցները անգլերեն ներկայացնում են “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրը, կրթահամալիրի մանկավարժության ընդհանուր գծերը.

Ուսումնական պարապմունքի ընթացքում մասնակիցները բանավոր ներկայացնում են կրթահամալիրը, իսկ ես անհրաժեշտ շտկումներն եմ անում, իսկ տանը նրանք նույնը մուտքագրում են և ուղարկում ինձ: Իմ շտկումներից հետո նրանք տեքստը տեղադրում են իրենց բլոգներում և հաջորդ դասին արդեն կարողանում են անթերի և յուրաքանչյուրը յուրովի ներկայացնել կրթահամալիրը:
Ա. Թեմա 3 Ներկա շարունակական ժամանակով նախադասություններ կազմելը, երկխոսություններ վարելը. Մարդաշատ սրճարան և լողափ պատկերող նկարների նկարագրություն: Նկարների յուրաքանչյուր դրվագի մասին կազմվում են երկխոսություններ Ներկա շարունակական ժամանակաձևով: Մասնակիցը պատկերացնում են, որ նկարում պատկերվածներից մեկը ինքն է և ասում է, թե ինչ է ինքը անում հիմա, որից հետո հորինվում են բազմաթիվ իրավիճակային հնարավոր երկխոսություններ նկարում պատկերված մարդկանց միջև:
Բ. Թեմա 3 Իմ մասնագիտությունը կամ՝ ես դասավանդում եմ … Յուրաքանչյուր մասնակից բանավոր պատմում է իր մասնագիտության, ուսումնական առարկայի կարևորության մասին, ինչպես նաև՝ մեթոդների և առարկայական նախագծերի մասին: Տանը նույնը մուտքագրում է և ուղարկում ինձ: Իմ շտկումներից հետո տեքստը դրվում է բլոգում և հաջորդ դասին ավելի ներկայանալի ձևով է պատմում իր մասնագիտության և աշխատանքի մասին: Մասնակիցը կարող է այս թեմային կցել նաև «Դպիր»-ում իր գրած հոդվածի անգլերեն թարգմանությունները, եթե իհարկե կան այդպիսիները:

Ինչպես տեսնում ենք, “Բ” ուղղության 3-րդ թեմայից արդեն ուսուցումը 50%-ով անհատականանում է:

Երկրորդ փուլի (հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 15-ը ) ուսումնական պարապմունքները կարող են լինել շաբաթը 1-2 անգամ ֆիզիկական ներկայությամբ և ավելի ակտիվացած էլեկտրոնային կապով:

Երկրորդ փուլի ծրագիրը, աշխատանքային պլանը կներկայացվի հուլիսի առաջին օրերին:

Յուրա Գանջալյան

2014-2015 ուստարվա իմ իմ կատարած ամենակարևոր աշխատանքների հաշվետվությունը

Ուսճամփորդություններ

Հիպոթերապիայի «Կենտավր» կենտրոն. Բուժիչ ձիեր

Ճամբարային օրը կենդանաբանական այգում

Կինոդիտումներ ԱՄՆ դեսպանատանը Անգլախոսների ակումբի անդամների և 11-րդ դասարանի իմ խմբի սովորողների հետ:

Առարկայական ծրագրերի մշակման և փորձագիտական գնահատման աշխատանքներ

Լրամշակել եմ 2015-2016 ուստարվա Ավագ դպրոցում անգլերենի ընդհանուր և ընտրությամբ դասընթացների ծրագիրը

Անգլախոսների ակումբ. 2014-2015 ուսումնական տարվա աշխատանքային ծրագիր

Կրթահամալիրի երկու ծրագրի փորձագիտական գնահատում եմ արել.

10-12-րդ դասարանների «Հայոց լեզու, գրականություն» դասընթացի առարկայական ծրագրի փորձագիտական գնահատում

Ծրագրի փորձագիտական գնահատում

Այլոց մանկավարժական փորձի ուսումնասիրում

Թարգմանություն-փոխադրություն. Երբեք չեմ գովի իմ սովորողին, թե որքան խելացի է նա

Թարգմանություն- փոխադրություն. «Շրջված դասարան». ի՞նչ է սա

Թարգմանություն-փոխադրություն. Ո՞րն է ամենալավ կրթական համակարգը

Կազմակերպել եմ Բրիտանական խորհրդի ծրագրերի համակարգող Ադեհ Հովասափյանի սեմինարը կրթահամալիրի անգլերեն դասավանդողների համար

Կրթահամալիրի մանկավարժական փորձի տարածում

2014-2015 ուստարում Անգլախոսների ակումբը մոտ 200 հայերենից անգլերեն թարգմանված և անգլերեն շարադրված նյութերով հարստացրել է mskh.am-ի անգլերեն էջը:

Մխիթար Սեբաստացու օրերին Անգլախոսների ակումբը մասնակցել է “Բազմալեզու կայք” ներկայացմանը Մեդիակենտրոնում:

Անգլախոսների ակումբի անդամները մեր կայքի անգլերեն էջը ներկայացրել են նաև Մանկավարժական համալսարանում, ուր այդ օրը նշվում էր Եվրոպական լեզուների օրը:

2014-2015 ուստարվա ընթացքում հայերենից անգլերեն եմ թարգմանել կրթահամալիրի դասավանդողների գրած 30 հոդված:   Dpir 2014 և Dpir 2015

Իմ գրախոսականը Պիետրո Շաքարյանի “School Without Walls – Դպրոց առանց պատերի” դիպլոմային աշխատանքի վերաբերյալ

Անգլերենի նախագծային ուսուցում

Մայիսյան հավաքին եմ ներկայացրել. “Հրաժարում անգլերենի դասավանդման շտեմարանային-դասագրքային սահմանափակվածությունից” հոդվածը, որտեղ մանրամասն ներկայացրել եմ, թե ինչպես եմ իրականացրել անգլերենի նախագծային ուսուցումը:

 

Մասնակցություն ուսումնական ճամբարներին և հեղինակային մանկավարժության հավաքներին

Աշնանային 9-րդ հավաքին եմ ներկայացրել Անգլախոսների ակումբի և անգլերենի առարկայական ծրագրերը

. Անգլախոսների ակումբ. 2014-2015 ուսումնական տարվա աշխատանքային ծրագիր

Ավագ դպրոցի անգլերենի ընդհանուր և ընտրությամբ դասընթացների ծրագիր և գնահատման համակարգ 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ

Աշնանային հավաքին եմ ներկայացրել նաև « Երբեք չեմ գովի իմ սովորողին, թե որքան խելացի է նա» թարգմանությունփոխադրությունը

Մայիսյան հավաքին եմ ներկայացրել. “Հրաժարում անգլերենի դասավանդման շտեմարանային-դասագրքային սահմանափակվածությունից” հոդվածը, որտեղ մանրամասն ներկայացրել եմ, թե ինչպես եմ իրականացրել անգլերենի նախագծային ուսուցումը:

Անգլախոսների ակումբի և իմ անձնական մասնակցությունը ձմեռային ուսումնական ճամբարին և “EduDigitech 2015” ստուգատեսին:

Ձմեռային ճամբարի մասին. Դրականը և բացասականը

2015թ ամառային երկշաբաթյա ուսումնական ճամբարին իմ և իմ սովորողների մասնակցության մասին

Իմ մասնակցությունը 2015թ հունիսյան ստուգատեսային ճամբարին

Ո՞րն է ամենալավ կրթական համակարգը

Վերջին տարիների ընթացքում անգլիական The Telegraph էլեկտրոնային պարբերականը ուսումնասիրել է տարբեր երկրներում կայացած և հաջողված  կրթական համակարգերը և ուշագրավ հետևություններ է արել՝ պարզելով, թե որն է տվյալ երկրում կրթական հաջողությունների խթանող ուժը: Բացի նշված պարբերականում հրապարակված նյութերից ուսումնասիրել եմ նաև այլ աղբյուրներ, որպեսզի իմ նյութն ավելի բովանդակալից լինի: Ուսումնասիրության շեշտը հիմնականում դրվել է տարբեր երկրների  հանրակրթական դպրոցներում սովորողների գիտելիքների և կարողությունների ստուգման քննությունների ձևերի  ու պարբերականության վրա: Նշված բոլոր երկրներում էլ կրթությանը մեծ ուշադրություն է դարձվում և հաջողություններն էլ առկա են: Բայց ու՞մ փորձն է ուսանելի մեզ համար. այս է  խնդիրը:

Յուրա գանջալյան

 

Կրթությունը Ֆինլանդիայում

Հարիեթ Ալեքսանդրը գրում է, որ շատ բրիտանացի ուսուցիչների համար Ֆինլանդիայի իրենց գործընկերների մասին պատմող նյութերի ընթերցումից առաջացած լարվածությունը չափազանց դժվար կլինի տանել:

Ֆինլանդիայում մինչև երեխայի երեք տարեկան դառնալը երեխայի ծնողներից մեկին պետությունը վճարում է բավականաչափ նպաստ, որպեսզի նա կարողանա լիարժեք կերպով զբաղվի երեխայի խնամքով: Երեք տարեկանից հետո երեխաներին կարելի է ընդգրկել նախակրթարանական խմբերում, որտեղ յուրաքանչյուր 12 երեխայի հետ աշխատում է մեկ դաստիարակ և երկու դայակ: Նախակրթարաններում որևէ գիտելիք չեն սովորեցնում: Երեխաներն աշխարհը խաղալով են ընկալում:

Պարտադիր կրթությունը սկսվում է յոթ տարեկանում միայն ազգային ուսումնական պլանով: Ֆինլանդիայում չկան դպրոցական կրթությունը վերահսկող տեսուչներ, չկան դպրոցների վարկանիշային սանդղակներ, դպրոցներում քննություններ չեն անցկացվում մինչև սովորողների 16 տարեկան դառնալը: 40 տարի առաջ երկրում լայնածավալ կրթական բարեփոխումներ սկսելուց ի վեր երեխաներին չեն բաժանում ըստ ընդունակությունների, և ոչ էլ նրանք երեկոներն անցկացնում են իրենց դասերը սերտելով: Երկրում գոյություն չունի մասնավոր դասերի գործառույթ, և ապօրինի է համարվում դպրոցներում ուսման վճարներ գանձելը նույնիսկ մասնավոր դպրոցներում: Մասնավոր դպրոցները պետությունից ստանում են նույնչափ դրամական աջակցություն, որքան պետական դպրոցները: Կրտսեր դպրոցի յուրաքանչյուր սովորողի վրա տարեկան ծախսվում է $7100:  Մասնավոր դպրոցը ծառայում է միայն այն նպատակին, որ որոշ մասնագետներ կարողանան դասավանդել իրենց նախընտրած այլընտրանքային դասագրքերով և ծրագրերով: Յուրաքանչյուր երեխա կրթվում է իր բնակավայրում գտնվող հանրակրթական դպրոցում: Նույնիսկ 15 տարեկանների համար տնային աշխատանքին չի կարող հատկացվել 30 րոպեից ավել ժամանակ: Բայց սա չի նշանակում, որ սովորողներին որևէ հանձնարարություն չի տրվում: Մինչև 9-րդ դասարանը ներառյալ սովորողները պարտադիր երկարօրյա ռեժիմով են դպրոց հաճախում, որտեղ նրանց տալիս են անվճար երեքանգամյա սնունդ և կազմակերպվում է դասերի պատրաստում բարձրակարգ մասնագետների ղեկավարությամբ: Ուսուցչի մասնագիտությունը Ֆինլանդիայում ամենաբարձր վարձատրվողներից է (սկսնակ ուսուցչի աշխատավարձը սկսվում է $2500-ից) և այդ պատճառով էլ՝ ամենահեղինակավորներից մեկը: Կրտսեր դպրոցից սկսած մինչև ավագ դպրոցի ուսուցիչները պետք է պարտադիր կերպով ունենան մագիստրոսի կրթական աստիճան, որպեսզի բավարարեն աշխատանքի ընդունվելու պահանջները: Երկրում առկա 17 համալսարանների գերազանց առաջադիմությամբ ավարտածների միայն 15%-ին է հաջողվում հաղթել մանկավարժի թափուր տեղերի համար հայտարարված մրցույթներում:  Այսուհանդերձ, մասնագիտական խորը գիտելիքներ ունեցող մանկավարժների ներգրավվածությունը երկրի հանրակրթության մեջ դեռ բավարար պայման չէ Ֆինլանդիայի կրթական հաջողությունների համար: Ըստ մանկավարժ փորձագետ Ուելշի Ֆինլանդիայի ուսուցիչներին և սովորողներին տալիս են անկախ գործելու ազատության մեծ չափաբաժին: Օրինակ, Հելսինկիում կարելի է տեսնել յոթ տարեկան երեխայի ավտոբուսով միայնակ դպրոց գնալիս: Անձի անկախությունը շատ բարձր է գնահատվում Ֆինլանդիայում: Անընդհատ չեն ղեկավարում, ուղղորդում նրան:  Եթե որևէ երեխա ընկնում է սառույցի վրա, թողնում են, որ նա ինքը ոտքի կանգնի՝ ցուցաբերելով կամային հատկություններ: Սովորողները համազգեստ չեն կրում և ուսուցչին անունով են դիմում: Նշված բոլոր հիմնավոր պատճառները և ընկերական, փոխադարձ հարգանքի, սիրո վրա հիմնված փոխհարաբերությունները հանգեցրել են Ֆինլանդիայի կրթական հրաշքին: Սովորողների առաջադիմության միջազգային գնահատման արդյունքներով (PISA – Programme for International Student Assessment) Ֆինլանդիան աշխարհում 12-րդ արդյունքն ունի մաթեմատիկայից, իսկ ընթերցելով հասկանալու կարողությամբ 6-րդն է, բնագիտական առարկաների գծով՝ 5-րդն է: Եվ սա այն երկրում, որտեղ առաջին անգամ քննություն են անցկացնում 16 տարեկանում: Կարևոր փաստ է նաև այն, որ ուսումնասիրությունները պարզել են, որ Ֆինլանդիայում ակադեմիապես ամենաուժեղ և ամենաթույլ սովորողների արդյունքների տարբերությունը ամենափոքրն է աշխարհում:

Ամբողջ աշխարհի կրթական ասպարեզի փորձագետները փորձում են պարզել, թե արդյոք հնարավոր է ֆինների փորձը կիրառել իրենց երկրներում: Մանկավարժ փորձագետ Ուելշը այն կարծիքին է, որ ամեն ինչ հնարավոր չի լինի ընդօրինակել ֆիններից, քանի որ նրանց երկրում ընդամենը 5.5 մլն մարդ է ապրում, որոնք գրեթե բոլորն էլ նույն մշակույթի կրողներն են: Բոլորովին այլ պատկեր է Մեծ Բրիտանիայում, ուր ներգաղթյալների շնորհիվ մշակույթների բազմազանություն է: Նույն պատկերն է նաև ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Եվրոպական մի շարք այլ երկրներում: Փորձագետ Ուելշն այն կարծիքին է, որ ֆինների նման պետք է ազատվել ընդհանրացված հարցաշարային նյարդայնացնող հաճախակի քննություններից:

Ֆինլանդիայի CIMO կրթական հաստատության տնօրեն Փասի Սալբերգը իր «Ֆիննական դասերը» գրքի ներկայացման մեջ գրում է, որ միայն Ֆինլանդիայի ուսուցիչների մասնագիտական բարձր մակարդակը և կրթության կազմակերպման ուրույն ձևը չէ, որ այս երկիրը դարձրել են կրթական առաջատար երկիր: Կրթության զարգացմանը մեծապես նպաստում է նաև այն, որ Ֆինլանդիայում իշխում է խորհրդարանական իրական ժողովրդավարությունը, ունի աշխարհում մրցունակ շուկայական տնտեսություն, տնօրենների և ուսուցիչների 95%-ը միաբանված են, այսինքն՝ խոսքները մեկ արած նույն մտահոգությամբ են աշխատում: Անգնահատելի մեծ դեր է կատարում նաև այն փաստը, որ Ֆինլանդիան բարեկեցիկ երկիր է, որի բնակչության 5,3%-ն է միայն համարվում աղքատ: Մնացած ամբողջ բնակչության տարեկան եկամուտների միջև եղած տարբերությունը ամենափոքրն է աշխարհում: Բայց Ֆինլանդիայի կրթական հրաշքի ամենահիմնավոր բնորոշումը կարդացի «Education in Finland – Կրթությունը Ֆինլանդիայում» Վիքիպեդյան հոդվածում. «Ֆիննական վաղ մանկության կրթությունը շեշտը դնում է յուրաքանչյուր երեխայի անհատականության վրա, որպեսզի նա զարգանա որպես եզակի անհատ: Կրտսեր դպրոցի մանկավարժները զարգացնում են երեխաների սոցիալական և հաղորդակցական կարողությունները, քաջալերում են նրանց ուշադրություն դարձնել ուրիշների կարիքներին և հետաքրքրություններին, հոգ տանել ուրիշների մասին, դրական վերաբերմունք ունենալ ուրիշ մարդկանց, մշակույթների, միջավայրների  նկատմամբ: Սովորողներին աստիճանաբար տրվող նոր հնարավորությունների նպատակն այն է, որ աճի նրանց ինքնուրույնությունը և անկախությունը, որպեսզի բոլոր սովորողները կարողանան իրենք իրենց համար հոգ տանել արդեն հասուն տարիքում, կարողանան որոշումներ կայացնել, որպեսզի արդյունավետորեն մասնակցեն հասարակական գործերին որպես քաղաքացիներ և ի վիճակի լինեն հասուն տարիքում էլ օգնել ուրիշներին, եթե նրանք դրա կարիքն ունենան»: Այ թե որն է հիրավի մարդասիրական, հայրենասիրական, քաղաքացիական կրթությունը: Ամեն ինչ մարդկային է ու հասանելի: Ուշադրություն դարձրեցի՞ք: Ֆիննական կրթական հիմնական նպատակի ձևակերպման մեջ բացակայում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ լեզվամտածողությունը, հայրենասիրությունը, բարոյահոգեբանական հատկանիշները, գրագիտությունը և նման այլ երեխայից շատ հեռու բաներ, որոնցով ձևակերպված է տարրական դպրոցի համար գրված մեր Պետական կրթական չափորոշիչը:

Ճապոնացի երեխաները անընդհատ ստիպված են սերտել ու քննություն հանձնել, սերտել ու քննություն հանձնելJapan

Ի տարբերություն Ֆինլանդիայի՝ Ճապոնիայում երեխան դեռ նախակրթարանային տարիքից անընդհատ գիտելիքների ստուգման, քննությունների նյարդային իրավիճակների միջով է անցնում: Ամեն ինչ սկսվում է էլիտար մանկապարտեզներ հաճախելու իրավունք ձեռք բերելու համար նախատեսված հարցազրույցներին նախապատրաստելուց: Էլիտար մանկապարտեզները ապահովում են էլիտար դպրոցների բաց դռներ: Չորրորդ դասարանում չապոնացի երեխաները հանձնում են տարրական դպրոցն ավարտելու քննություններ, որոնք  համարվում են իրենց ապագա ամբողջ կյանքի ամենակարևոր քննությունները: Կրկնուսույցների գործառույթը շատ է կարևորվում հենց այս դպրոցական առաջին քննությունը հանձնելու համար: Միջին դպրոցի ավարտական քննության հաջողությունն ապահովում է ավագ դպրոցներում սովորելու իրավունքը, ինչն իր հերթին բացում է հեղինակավոր համալսարանների դռները: Այս ամենի արդյունքում բարգավաճող ընկերություններում լավ վճարվող աշխատատեղերն ապահովված են: Մի խոսքով՝ ճապոնացի երեխան ստիպված է 2-3 տարեկանից քննություններ հանձնելով պայքարել իր բարեկեցիկ ապագայի համար:

Նիդերլանդներ – Հաջողության գրավականը անընդհատ վարժանքի վրա հիմնված ուսուցումն է

Բռունո Ուոթերֆիլդը մաթեմատիկա է դասավանդել արդեն 25 տարի, որից 17-ը՝ Նիդերլանդներում, իսկ 8-ը՝ Շոտլանդիայում: Նա այն կարծիքին է, որ ուսուցման հոլանդական մեթոդը շատ նման է ասիական երկրներում (Ճապոնիա, Հարավային Կորեա) կիրառվող մեթոդին, որն է՝ վարժանք, վարժանք, վարժանք: Այնտեղ որքան հնարավոր է շատ թեստեր են լուծում, քննություններ հանձնում յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջին: Ստեղծականության վրա այնքան էլ ուշադրություն չեն դարձնում: Սովորողները մաթեմատիկայի տնային առաջադրանքները առցանց են անում և միշտ կապի մեջ են իրենց ուսուցիչների հետ: Դասավանդողը չի հանձնարարում վարժությունների և խնդիրների պարտադիր որոշակի քանակ: Սովորողները գրում են որքան, որ ուզում են: Քննությունների ընթացքում էլ նրանք չեն նյարդայնանում, քանի որ իրենց ամենօրյա սովորական գործունեությամբ են զբաղված:

Իռլանդիա

Հոգևոր հովվի հոգածությունը բարձր է պահում կրթական մակարդակը

Հարիեթ Ալեքսանդրը գրում է, որ աշխարհին Օսկար Ուայլդ և Ջեյմս Ջոյս տված  երկրի քաղաքացիները հպարտ են նաև նրանով, որ իրենց երկիրը գրագիտության մակարդակով 10-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում, իսկ Եվրոպայում 2-րդն է Ֆինլանդիայից հետո: Այս երկրում Ֆինլանդիայի նման տարրական դպրոցի վերջում պաշտոնական քննություններ չկան, և միայն 15 տարեկանում են սովորողները հանձնում իրենց առաջին գրավոր քննությունները (որոշ առարկաներից էլ բանավոր հարցերի են պատասխանում, կամ էլ՝ նախագծեր անում) և ստանում են իրենց հիմնական կրթությունը հաստատող վկայականը:

Լեհաստանի կոմունիստական անցյալը սովորողներին գիտելիքի ծարավի զգացողություն է տալիս

Մեթյու Դեյը գրում է, որ Լեհաստանի դպրոցները արտաքինից շատ անշուք են, քանի որ դպրոցական գրեթե բոլոր շենքերը կառուցվել են կոմունիստական ժամանակաշրջանում, բայց այդ անշուք շենքերի ներսում աշխարհի ամենաառաջավոր կրթական համակարգերից մեկն է գործում: Թե որքան է Լեհաստանը հոգում իր երեխաների կրթության մասին, խոսում է այն փաստը, որ այս երկրի կրթության նախարարությունը ստեղծվել է 1773թ, որն ամենահինն է աշխարհում (Education in Poland, Wikipedia): 2014թ Լեհաստանի կրթական համակարգի վարկանիշը իր բարձրությամբ 4-րդն է եղել Եվրոպայում և 10-րդը աշխարհում:

2012/2013 ուսումնական տարվանից սկսած Լեհաստանում երեխաները սկսում են տարրական դպրոց հաճախել 6 տարեկանից՝ նախկինի 7-ի փոխարեն: Տարրական դպրոցը երկու փուլով է, որոնցից յուրաքանչյուրը տևում է 3 տարի: Առաջին փուլում առարկաներն ինտեգրված են և մի ուսուցիչ է աշխատում երեխաների հետ ինչպես մեր մոտ: Երկրորդ փուլում ուսուցումն արդեն առարկայական է և տարբեր ուսուցիչներ են մտնում դասարան: 6-րդ դասարանցիները տարրական դպրոցն ավարտում են պարտադիր գրավոր քննություններով, որոնց հարցաշարերը համապատասխանում են իջազգային չափորոշիչներին: Քննությունները հաջողությամբ հանձնած սովորողները տարրական դպրոցի ավարտական վկայականներ են ստանում:

Միջին դպրոցում ուսումնառությունը տևում է 3 տարի և ավարտվում է երեք քննություններով՝ հումանիտար, բնագիտություն և օտար լեզուներ:

Սինգապուր ում ավելի մեծ ուշադրության են արժանացնում ուսումնատենչ սովորողներին, քան միայն օժտվածներին

Սինգապուրի կրթական համակարգը բարձր է գնահատվում աշխարհում շնորհիվ PISA-ի բարձր արդյունքների, բայց ի տարբերություն Ֆինլանդիայի, ուր մինչև 16 տարեկան դառնալը սովորողը ոչ մի քննություն չի հանձնում, և սովորողներին էլ չեն առանձնացնում ըստ ընդունակությունների, Սինգապուրում կրթական ամբողջ համակարգը կազմակերպվում է տարբեր քննությունների միջոցով սովորողներին ըստ ընդունակությունների առանձնացնելու և կրթական գործընթացը, ուսումնական պարապմունքները միանման ակադեմիական ընդունակություններով ու կարողություններով կազմված դասարաններով կազմակերպելու վրա: Այս ձևով նրանք բոլոր սովորողներին հավասար հնարավորություն են տալիս իրենց գիտելիքների և կարողությունների զարգացման համար: Հատկանշական է, որ Սինգապուրի տնտեսության հիմքում նույնպես գործում է իրենց կրթական համակարգի սկզբունքը՝ յուրաքանչյուրին աշխատանք, պաշտոն է տրվում միայն ըստ ընդունակության և կարողությունների: Այս առումով բոլորն էլ գիտեն, որ արդարությունն է իշխում և բոլորին էլ տրված են հավասար հնարավորություններ: Միգուցե իրենց կրթական համակարգի և տնտեսության կազմակերպման այս սկզբունքն է սինգապուրյան տնտեսական հրաշքի գաղտնիքը:

Սինգապուրի կրթական համակարգը ներսից ավելի լավ ուսումնասիրելու համար Էնդրյու Լինֆորդը՝ մանկավարժ Սան Ֆրանցիսկոյից, 15 ամիս աշխատել է այդ երկրի  դպրոցներից մեկում՝ դասավանդելով անգլերեն և մաթեմատիկա: Նա գրում է, որ Սինգապուրում իրականացվում է դպրոցական քննությունների մի շատ խիստ համակարգ, որը սկսում է գործել սովորողների վաղ տարիքում: Նույնիսկ երրորդ դասարանում քննությունների միջոցով առանձնացնում են երեխաներին ըստ իրենց ընդունակությունների, որպեսզի հետագա ուսուցման մեջ ոչ ոք չտուժի: Վեցերորդ դասարանի վերջում սովորողները որակավորման քննություններ են հանձնում, որոնց արդյունքներով որոշում է կայացվում, թե տվյալ սովորողը ինչպիսի միջին դպրոցում է շարունակելու իր ուսումը: Այս որոշումը միջին դպրոցում սովորելու տարիներին հնարավոր է փոխել, որը շատ հազվադեպ է լինում: 10-րդ դասարանի վերջին սովորողները նորից քննություն են հանձնում, որի բովանդակությունը կախված է այն բանից, թե ինչպիսի միջին դպրոցի հետ գործ ունենք: Այս քննությամբ վերջնականապես որոշվում է, թե արդյոք սովորողը կարող է իր ուսումը շարունակել համալսարանում, թե պետք է բավարարվի միջին մասնագիտական կրթություն ձեռք բերելով:

Օգտագործված աղբյուրները

http://en.wikipedia.org/wiki/Primary_School_Leaving_Examination

Finland has no inspections, no league tables and few exams approach , by Harriet Alexander

Finnish Lessons,  by Pasi Sahlberg

Japanese students have to cram, by Julian Ryall

Մարկ Բրեյի գիրքը. Դիմակայում ստվերային կրթության համակարգին, Յուրա Գանջալյան

Confronting the Shadow Education System, by Mark Bray

The Netherlands: Practice is the key to success

Singapore concentrates on the pupils who struggle as well as stars

Education in Singapore, Wikipedia

Singapore’s Education, Andrew Linford

Education in Finland, Wikipedia

Իմ մասնակցությունը հունիսյան ստուգատեսերին

Հունիսի 15

9:00-9:30 Ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9:30-10:30 Մասնակցություն Թարգմանչական ստուգատեսի աշխատանքներին.

Անգլախոսների ակումբը ստուգատեսին մասնակցում է mskh.am-ի անգլերեն էջով: Ստուգատեսին եմ ներկայացրել նաև Dpir 2015-ը, որտեղ այս տարվա սկզբից արված իմ 15 մանկավարժական հոդվածի հայերենից անգլերեն թարգմանություններն են:

Անգլախոսների ակումբի անդամ Սուսաննա Ավետիսյանը հունիսի 15-ին ներկայացնելու է mskh.am-ի անգլերեն էջը: Ակումբի անդամներ Նինա Հովհաննիսյանը, Եվա Մարկոսյանը և Հակոբ Քելեշյանը նույնպես մասնակցելու են Թարգմանչական սուգատեսի աշխատանքներին:

13:00-14:00  Վարում եմ անգլերենի դասընթաց դասավանդողների հետ. Վահրամ Թոքմաջյանի կաբինետում

15:00-16:30 Մասնակցություն “Մեկ կադր, մեկ հայացք” կինո ֆոտո փառատոնին. “Թևանիկ” ֆիլմի դիտում

Այս փառատոնին է ներկայացված 11-րդ դասարանի անգլերենի իմ խմբի ստեղծած ֆիլմը անգլերենի նախագծային ուսուցման մասին    

11-րդ դասարանի սովորողներ Նարեկ Սահակյան, Աննա Մկրտչյան, Անի Մանուկյան, Ջուլի Սիմոնյան, Սանասար Գևորգյան, Նինա Հովհաննիսյան

Փառատոնյան բոլոր օրերին մասնակցելու ենք ժ.10:30-ին սկսվող մրցույթային ֆիլմերի դիտմանը Մարմարյա սրահում:

“Թարգմանիր” էլեկտրոնային հանդեսի հայտարարած մրցույթի արդյունքների ամփոփման աշխատանքներ ժյուրիի կազմում.

Հունիսի 16

9:00-9:30 Ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9:30-10:30 Մասնակցություն Թարգմանչական ստուգատեսի աշխատանքներին. Հայտավորված նյութերի դիտում- ընթերցում և քննարկում

10:30-11:30 Մասնակցություն “Մեկ կադր, մեկ հայացք” փառատոնին

12:00-13:00 “Թարգմանիր” էլեկտրոնային հանդեսի հայտարարած մրցույթի արդյունքների ամփոփման աշխատանքներ ժյուրիի կազմում.

13:00-14:00 Վարում եմ անգլերենի դասընթաց դասավանդողների համար Վահրամ Թոքմաջյանի կաբինետում

Դասընթացի մասնակիցներ՝ Վահրամ Թոքմաջյան, Արման Երանոսյան, Էմանուել Ագջոյան, Ռինա Շագինյան, Մարթա Ասատրյան, Մարիետ Սիմոնյան

Հունիսի 17

9:00 – 9:30 Ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9:30-10:30 Մասնակցություն Թարգմանչական ստուգատեսի աշխատանքներին. Հայտավորված նյութերի դիտում- ընթերցում և քննարկում

10:30-11:30 Մասնակցություն “Մեկ կադր, մեկ հայացք” փառատոնին

13:00-14:00 Վարում եմ անգլերենի դասընթաց դասավանդողների համար Վահրամ Թոքմաջյանի կաբինետում

Դասընթացի մասնակիցներ՝ Վահրամ Թոքմաջյան, Արման Երանոսյան, Էմանուել Ագջոյան, Ռինա Շագինյան, Մարթա Ասատրյան, Մարիետ Սիմոնյան

15:15-16:00 Դասավանդողների սեմինար պարապմունք

2015թ ամառային ուսումնական երկշաբաթյա ճամբարին իմ և իմ ջոկատի մասնակցությունը

  1. Հունիսի 4-ին անմոռանալի ճամփորդություն դեպի Ուշի գյուղի Հիպոթերապիայի կենտրոն
  2. Ճամբարային գեղեցիկ օր Կենտավր կենտրոնում
  3. Հունիսի 5-ին՝ «Շրջակա մջավայրի պահպանման օրը» և 10-ին առավոտյան Մայր դպրոցի վարդերը մեզ էին սպասում
  4. Հունիսի 11-ին մեր ջոկատը ուսումնական ճամփորդություն կատարեց դեպի Կենդանաբանական այգի:
  5. Հունիսի 9-ին և 11-ին մասնակցեցինք գրքերի քննարկումներին՝ Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վիպակը հայերեն և Շարլոտա Բրոնտեի «Ջեյն Էյր» վեպը անգլերեն:
  6. Մեր ջոկատը կրթահամալիրի կայքում հրապարակված ամառային ճամբարին վերաբերող մի շարք նյութեր է թարգմանել անգլերեն.

http://www.mskh.am/en/50980

http://www.mskh.am/en/50988

http://www.mskh.am/en/51075

http://www.mskh.am/en/51108

http://www.mskh.am/en/51144

http://www.mskh.am/en/51175

http://www.mskh.am/en/51200

http://www.mskh.am/en/51274

http://www.mskh.am/en/51329

Հունիսի 10-ի ավագ դպրոցի օտար լեզվի մասնախմբի սեմինարի բովանդակության մասին

1. Դասավանդողներին է ներկայացվելու 2015-2016 ուստարվա ավագ դպրոցի անգլերենի լրամշակված առարկայական ծրագիրը: 

2. Քննարկվելու է “Իմ մասնակցությունը հունիսյան ստուգատեսներին” հարցը: Յուրաքանչյուր դասավանդող ներկայացնելու է մասնակցության իր նախատեսած ձևը:

Անգլերենի առարկայական ծրագիր և գնահատման համակարգ (ընդհանուր և ընտրությամբ դասընթացներ) Նախագիծ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ավագ դպրոցի անգլերենի ընդհանուր և ընտրությամբ դասընթացների ծրագիր

և գնահատման համակարգ

10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ

2015 – 2016 ուստարի

Նպատակը

Ավագ դպրոցում անգլերենի դասավանդումը նպատակաուղղված է սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցմանը, միջմշակույթային փոխըմբռնմանը, այլ մշակույթների ու արժեքների ընկալմանն ու գնահատմանը, ոչ հայախոս անձանց հետ շփվելու, այլ երկրների ու ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթը այլ ժողովուրդներին մատչելի դարձնելուն:

Խնդիրները

Հաղորդակցական իրազեկության զարգացումը ըստ անգլերենի իմացության համաեվրոպական մակարդակների խոսքային գործունեության 4 ուղղություններով` լսելով հասկանալը, խոսելը, կարդալով հասկանալը և գրելը՝ ավագ դպրոցի 10-րդ դասարանի վերջում` B1.2, 11-րդ  դասարանի վերջում`B2.2 մակարդակ։

Մանկավարժական մոտեցումներ

Օտար լեզվի ուսուցումն իրականացվում է նախագծային աշակերտակենտրոն ուսուցման սկզբունքներով:

Դասավանդող-սովորող, սովորող-սովորող իրավիճակային երկխոսությունների ստեղծում, իմաստի որոնում. (իմաստը չի տրվում պատրաստի ձևավորված վիճակում: Դրան աշակերտը հասնում է որոնելով, կշռադատելով):

Սովորողներն իրենք են եզրահանգում անում, դասավանդողը տալիս է առաջնային գաղափարներ, որից հետո կազմակերպվում են քննարկումներ:

Հաշվի է առնվում սովորողի կարծիքը։

Լեզվամտածողության զարգացումը կազմակերպելու համար դասավանդողն աշխատում է հետևյալ համագործակցային և խմբային հետազոտական մեթոդով.

Նախագծերի թեմաները համապատասխանում են օտար լեզուների առարկայական ծրագրերի թեմաներին` հաշվի առնելով նաև կրթահամալիրի ուսումնական օրացույցի այն կետերը, որոնցով հնարավոր կլինի համալրել ու հարստացնել անգլերենի առարկայական ծրագիրը:

Ուսումնական միջավայր

Նյութական միջավայր

թափանցիկ, ինքնասպասարկվող, ներառող 1-1 պլանշետ/նոթբուք/նեթբուքներով ուսուցմամբ դասարաններ,

Կրթահամալիրի բոլոր կաբինետները, ընթերցասրահները, լաբորատորիաները, արհեստանոց-արվեստանոցները աշխատում են անլար ինտերնետային WIFI ծածկույթով:

Անգլերենի դասավանդման նյութական միջավայր են նաև բակը, դաշտային պայմանները, բնության և պատմության հուշարձանները, թանգարանները, ցուցահանդեսները, ուսումնական ճամբարները, ստեղծագործական հավաքները:

Մեդիա միջավայր

mskh.am կայք, մեդիա գրադարան, TV

Դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներ, մանկավարժական/պատանեկան/մանկական էլեկտրոնային ամսագրեր

Սոցկայքեր՝ Facebook, YouTube

Տանը նույնպես,  սովորողը պետք է ունենա համացանցին միացված համակարգիչ, ձայնագրիչ, թվային ֆոտոխցիկ և այլ միջոցներ, որոնք կարող են նպաստել հանձնարարությունն ավելի արդյունավետ կատարելուն:

Օգտագործվող գրականություն

”English in mind” book 2,3, student’s book, Destination B1 և B2 Malcolm Mann, Steve Taylore-Knowles

First Certificate Passkey, Nick Kenny 1996.

«English Grammar in Use», Raymond Murphy, Cambridge, third edition

«Անգլերեն լեզվի գրավոր քննության հարցաշարերի շտեմարան», Լուսակն հրատարակչություն, Երևան 2003

2014թ. լույս տեսած անգլերենի գրավոր քննության հարցաշարերի շտեմարաններ

http://www.britishcouncil.am/en

http://learnenglishteens.britishcouncil.org/

http://www.english-test.net/

http://www.tolearnenglish.com/

http://www.usingenglish.com/comprehension/

http://www.englishleap.com/

Գրքերի թվային տարբերակներն առկա են  գրադարանի կայքում  http://gradaran.mskh.am/sites/default/files/Passkey.pdf

Ուսումնական աշխատանքի կազմակերպում

Ուսումնական աշխատանքի կազմակերպումը նպատակաուղղված է ուսումնառության դրական դրդապատճառների ձևավորմանը: Դրական դրդապատճառները ձևավորվում են ուսումնական գործունեության հետևյալ ձևերով.

Կառուցողական մանկավարժության սկզբունքներով կազմակերպվող ուսումնական պարապմունք

Ուսուցում ըստ նախասիրությունների (ակումբային գործունեություն և ընտրությամբ դասընթացներ) և անհատական ուսումնական պլանների

Ուսումնական ճամփորդություն

Պարզաբանում. Ուսումնական ճամփորդությանը նախորդում է ճամփորդության վայրի մասին տեղեկատվության որոնման աշխատանքներ անգլերեն լեզվով: Ճամփորդության ընթացքում աշխատանքային լեզուն հնարավորին չափ անգլերեն պետք է լինի:

Մասնակցություն ստեղծագործական հավաքներին և ստուգատեսներին

Մասնակցությունը կարող է լինել մանկավարժական հոդվածներով, թարգմանություններով, նախագիծ ներկայացնելով, տեսանյութերով, ուսումնական նյութերով, ուսումնական ճամփորդություններով:

Բլոգավարություն

Դասավանդողի բլոգին ներկայացվող պահանջները.

Բլոգը պետք է ունենա «Իմ մասին» էջը, որտեղ պետք է լինի տեղեկատվություն դասավանդողի աշխատանքային գործունեության, կրթության, հրապարակումների, վերապատրաստումների, համակարգչային ծրագրերի իմացության մասին:

Հունիս ամսվա վերջին դասավանդողը իր բլոգում հրապարակում է հաջորդ ուստարվա ընդհանուր և ընտրությամբ գործունեության դասընթացների առարկայական ծրագրերը:

Ուսումնական նախագծերի թեմաները ծրագրերում նշված են, բայց բլոգում դասավանդողը պետք է ունենա նաև տվյալ ուսումնական տարվա նախագծերին հատկացված բաժինը, որտեղ մանրամասն ներկայացվում է նախագծի ընթացքը սովորողների բլոգների հղումներով:

Բլոգում առանձին բաժիններով ներկայացված են դասավանդողի մանկավարժական հոդվածները և թարգմանությունները:

“Լեզվական կառուցվածքներ” բաժնում դասավանդողը ըստ անհրաժեշտության ներկայացնում է տարբեր լեզվական կառուցվածքներն ամրապնդող բացատրություններ, վարժանքներ:

Բլոգում դասավանդողը պետք է ունենա ամենահաճախ օգտագործվող ուսումնական ռեսուրսներ համացանցային հղումները, առցանց բառարանների և սովորողների բլոգների հղումները:

Թարգմանություններ, օտարալեզու հրապարակումներ կայքում

Դասավանդողի և սովորողի թարգմանությունները և անգլերեն հրապարակումները կարող են լինել իրենց բլոգներում, ավագ դպրոցի ենթակայքում, mskh.am-ի անգլերեն էջում:

Բազմագործառնության իրականացում

Անգլերենի ուսուցումը իրականացվում է այնպես, որ դա լինի և՛ որպես ուսուցման նպատակ, և՛ որպես միջոց` գիտելիքների տարբեր բնագավառներից տեղեկություններ քաղելու:

Միջառարկայական ինտեգրում

Անգլերենը գործածվում է տարբեր ուսումնական առարկաներից ուսումնական նախագծեր իրականացնելիս` օտարալեզու աղբյուրներից տեղեկություններ հայթայթելու և դրանք թարգմանելու միջոցով:

10-րդ դասարան

(ընդհանուր դասընթացի համար շաբաթական ժամաքանակը՝ 4, ընտրությամբ դասընթացինը՝ 6)

Լեզվական նյութը

Բառապաշար։ Առաջարկվող թեմաների շրջանակներում ունենալ մոտ 1300 բառային միավորների վերարտադրողական բառապաշար։

Բառակազմություն։ Ածանցում – վերջածանցներ, նախածանցներ։ Կարողանալ ածանցների միջոցով որոշել բառերի պատկանելիությունը տարբեր խոսքի մասերին:

Կարճաժամկետ նախագծերի համար առաջարկվող ուսումնական թեմաները

Առաջին կիսամյակ

Անհատ և ընկերություն, խառնվածք, նորաձևություն

Իմ դպրոցը, կրթահամալիրը, նրա ձեռքբերումները և բացթողումները

Մասնագիտությունների ընտրություն

Հաղորդակցություն

Ինտերնետ և բլոգ

Զանգվածային լրատվական միջոցներ, նորություններ, համացանցային պատմություններ

Երկրորդ կիսամյակ

Սպորտ և մարզական խաղեր, առողջ ապրելակերպ

Շրջակա միջավայրը և նրա պահպանումը

Հայաստանի ներկան, անցյալը և ապագան

Մշակույթ, ավանդույթներ, սովորույթներ

Անգլերենը` որպես միջազգային լեզու

Երիտասարդներ և մեծահասակներ

Միջազգային կապեր

Քերականություն (Grammar)

Ձևաբանություն։ Հոդ. որոշյալ, անորոշ, հոդի բացակայություն. գործածությունը նյութ ցույց տվող անհաշվելի գոյականների հետ, վերացական գոյականների հետ, կայուն կապակցությունների հետ։

Գոյական։ Թիվ, հոլով, սեռ։ Գոյական + գոյական կառուցվածքները։

Դերանուն։ Անձնական, ցուցական, հարցական, անորոշ, ստացական, անդրադարձ, փոխադարձ, հարաբերական։

Թվական։ Քանակական, դասական, կոտորակային։

Ածական։ Որակական և հարաբերական ածականներ, ածականների համեմատության աստիճանները։ Համեմատական աստիճանների ուժեղացում (much more/far more interesting)

Մակբայ՝ տեղի, ժամանակի, ձևի, չափի։ too, enough մակբայները և դրանցով կազմված կառուցվածքները. too + adj. (too difficult), adj/adv + enough (quick enough), enough + noun (enough offers). մակբայի կիրառման յուրահատուկ դեպքեր։

Ածական և մակբայ. կիրառման յուրահատուկ դեպքեր։

Նախդիրներ՝ ժամանակ, տեղ, ուղղություն ցույց տվող։

Բայ։ Կանոնավոր և անկանոն բայեր, բայական ժամանակներ (Present Indefinite, Past Indefinite, Future Indefinite, Present Continuous, Past Continuous, Future Continuous, Present Perfect, Past Perfect, Future Perfect) սեռ, մոդալ բայեր։ Բայական ժամանակներ (Present Perfect Continuous, Past Perfect Continuous)։ Անցողական և անանցողական բայեր։ Մոդալ բայեր, մոդալ բառեր և արտահայտություններ։ Բայական դարձվածքների կիրառում գրավոր և բանավոր խոսքում (verbal phrases) հետևյալ բայերի հետ. To make, to cut, to call, to bring, to come, to go, to break, to look, to set, to hand, to hold, to get, to become, to turn, to grow բայերի հետ: Բայերի խնդրառություն։ Բայի անդեմ ձևեր /Infinitive, Gerund, Participle / և դրանցով կազմված կառուցվածքները։

Շարահյուսություն – նախադասություն

Բարդ համադասական և ստորադասական նախադասություններ

Շարադասություն (word order), շրջադասություն

Ենթակա + ստորոգյալ + խնդիր։ Բարդ ենթակա (Complex subject)։ Բարդ նախդրավոր խնդիր (Complex prepositional object)։

Ստորադասական նախադասություններ։ Պայմանական ստորադասական նախադասությունների տիպերը (conditional sentences)։ Conditional I  (իրական/ռեալ պայմանական նախադասություններ). If I know her telephone number I will phone her. Conditional II  (անիրական/ոչ ռեալ պայմանական նախադասություններ). If I knew her telephone number I would phone her. Wish… But for… It’s (high) time… As if… բառերով և բառակապակցություններով կառուցվածքները։

11-րդ դասարան

 (ընդհանուր դասընթացի համար շաբաթական ժամաքանակը՝ 4, ընտրությամբ դասընթացինը՝ 6)

Լեզվական նյութը

Բառապաշար, բառակազմություն։ Հաղորդակցության համար անհրաժեշտ  բառապաշար (1500 (1150+350) բառապաշարային միավոր):

Կարճաժամկետ նախագծերի համար առաջարկվող ուսումնական թեմաները

Առաջին Կիսամյակ

Անհատ և հարաբերություններ։ Հին և նոր ընկերներ, բարեկամներ, հարևաններ։ Բնավորության գծերի նմանություններ և տարբերություններ

Հաղորդակցություն, զանգվածային լրատվական միջոցներ։ Բլոգ,  ինտերնետ

Սերունդների հակասություններ, ապագա մասնագիտության ընտրությունը

Երկրորդ կիսամյակ

Շրջակա միջավայրը և նրա պահպանումը։ Մարդկության ապագան մարդկանց ձեռքերում է

Նորաձևություն, ցուցադրություններ, հագուստներ, դաջվածքներ

Առողջություն և սպորտ

Մեր ազգային և կրթահամալիրային տոները

Հայաստանի և լեզվակիր երկրի քաղաքական համակարգերը։ Նմանություններ և տարբերություններ

Կրթություն։ Հայաստանի կրթական համակարգ։ Անգլախոս երկրների կրթական համակարգը

 

Քերականություն (Grammar)

Ձևաբանություն

Բայ (The Verb)։ Բայի ժամանակների, սեռի, մոդալ բայերի կրկնություն։ Կրավորական սեռը (The Passive Voice) կրկնություն

Հոդ (The Article ) կրկնություն

Past conditionals and Wish

Բայի անդեմ ձևեր (գերունդիումով արտահայտություններ)

Բայական դարձվածքներ

Շարահյուսություն

Նախադասություն (Բարդ համադասական և ստորադասական նախադասություններ)

Ուրիշի ուղղակի խոսքի ազատ վերարտադրում (Reported Speech)

Հարցական նախադասություններ

Պատասխան հարցեր և տրոհված հարցեր (reply questions and tag questions )

Ենթակա և խնդիր երկրորդական նախադասություններ։ It seemed/proved/turned out … that

It is necessary/strange … that. Somebody suggests/believes … that

Սովորողների ուսումնական գործունեության ձևերը

Անհատական աշխատանք

Ինտերնետային կայքերից  նյութերի  հայթայթում տարբեր նախագծերի համար

Մասնակցություն առցանց քննարկումներին

Հետազոտական աշխատանք.

Տարբեր աղբյուրներից տեղեկատվության որոնում

Համեմատում, զուգադրում, վերլուծում

Սեփական տեսակետի ձևավորում և եզրահանգումների կատարում

Գործունեություն ըստ կրթահամալիրի 2015-2016 ուսումնական տարվա օրացույցի

Մասնակցություն հեղինակային մանկավարժության աշնանային հավաքին (թարգմանություններ, բաց դասեր, հոդվածներ)

Մխիթար Սեբաստացու օրեր – նոյեմբեր 2015 (մասնակցությունը թարգմանչական աշխատանքով)

Մասնակցություն ձմեռային և ամառային ուսումնական ճամբարներին

Մասնակցություն հանրակրթական Digitech ստուգատեսին (անգլերեն տեսադասեր, ուսումնական նյութեր, տեսաֆիլմեր)

Մասնակցություն թարգմանական ստուգատեսին

Գնահատման կարգը

Գնահատումը հիմնվում է սովորողի կատարած նախագծային աշխատանքի վրա` հաշվի առնելով հետևյալ բաղադրիչները և դրանց հատկացվող միավորները.

Ա. Թեմատիկ բառապաշարի ճիշտ գործածումը – առավելագույնը 2 միավոր

Բ. Լեզվական կառուցվածքների ճիշտ գործածումը – առավելագույնը  2 միավոր

Գ. Վերջնական արդյունքի (հոդված, Power point ծրագրով ներկայացում, տեքստով տեսանյութ, ձայնագրւթյուն) բովանդակության և նախագծի նպատակի համապատասխանությունը – առավելագույնը 3 միավոր

Ստացած առավելագույն 7 միավորին սովորողը հնարավորություն ունի ավելացնելու ևս 3 միավոր՝

ինքնուրույն կատարած թարգմանություններով և հետազոտական աշխատանքներով – 1 միավոր,

ուսումնական ճամփորդություններով – 1 միավոր,

ստուգատեսներին և օլիմպիադաներին մասնակցելով -1միավոր,

Անգլերենի առարկայական նախագծերին ներկայացվող պահանջները

2015-2016 ուստարում 10-11-րդ դասարաններում անգլերենի առարկայական նախագծերն արվում են առարկայական ծրագրի մեջ նշված ուսումնական թեմաներին համապատասխան:

Յուրաքանչյուր սովորող նախագիծը կատարում է լեզվական կարողությունների իր սահմաններում: Նախագիծը կատարված է համարվում, եթե սովորողը իր բլոգի «Անգլերեն» բաժնում արդեն ունի հետևյալ հրապարակումը.

1.Նախագծի անունը

2.Տվյալ թեմայով համացանցից ընտրված մի որևէ նյութ և սովորողի կարծիքը այդ նյութի վերաբերյալ (նյութն ընտրվում է մի քանի նմանատիպ նյութեր կարդալուց, դրանք թարգմանելուց հետո, իսկ կարծիքը պետք է լինի ինքնուրույն գրված):

3.Սովորողի ինքնուրույն գրած տեքստը տվյալ թեմայի վերաբերյալ (հավանական գրագողությունը ստուգվում է հատուկ ծրագրի միջոցով http://www.grammarly.com/?q=plagiarism&utm_source=google&utm_medium=cpc&utm_campaign=Search%20$.10%20-%20$.20%20CPC%20-%20Good%20&%20Fair&utm_):

4.Թեմատիկ բառապաշար – thematic vocabulary (բառապաշարում տրվում են թեմային վերաբերող որքան հնարավոր է շատ անգլերեն բառեր և բառակապակցություններ իրենց հայերեն թարգմանություններով):

12-րդ դասարան

Լեզվական նյութը

Դասընթացը հաջողությամբ ավարտած 12-րդ դասարանի սովորողները ունենում են անգլերենի բավարար գիտելիքներ և լեզվական կարողություններ`անգլերենի Պետական ավարտական (ընդհանուր դասընթաց՝ շաբաթական 2 ժամով) և միասնական (ընտրությամբ դասընթաց՝ շաբաթական 6 ժամով) գրավոր քննությունը հաջողությամբ հանձնելու համար:

Դասընթացի բովանդակությունը և սովորողների գիտելիքներն ու կարողությունները ըստ լեզվական նյութի

Բառապաշարը

Վերարտադրողական բառապաշարը – մոտ 1500 բառ

Վերարտադրողական, ակտիվ բառապաշարի մեջ, բացի կենցաղային առօրյա օգտագործման բառերից, անպայմանորեն ընդգրկվում են բոլոր շաղկապները, կապակցող բառերն ու բառակապակցությունները: Շաղկապների և կապակցող բառերի ցանկը կարելի է գտնել այստեղ http://dpir.mskh.am/art.php?id=80.

Ճանաչողական, պասսիվ բառապաշարը- մոտ 2000

Բառակազմություն

Միասնական թեստերում կարևորություն է տրվում բառակազմությանը` նախածանցների և վերջածանցների իմացությանը: Եթե նույնիսկ բառն անծանոթ է, սովորողը նախածանցներից և վերջածանցներից պետք է գուշակի, թե որ խոսքի մասին է պատկանում տվյալ բառը, որպեսզի բազմընտրական առաջադրանքներում ճիշտ ընտրություն կատարի:

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել հետևյալ նախածանցները – ժխտական նախածանցներ-in, ir, il, dis, un

Գործողությունը նորից անելու իմաստ տվող – re

Գործողությունը սխալ անելու իմաստ տվող – mis

Ածականին և գոյականին բայ դարձնող – en

«Թերի» իմաստն արտահայտող – under

«Գեր» իմաստն արտահայտող – over

«Նախ» իմաստն արտահայտող – pre

«ետ» իմաստն արտահայտող – post

«Նախկին» իմաստն արտահայտող – ex

Սովորողը պետք է ճանաչի և գործածի հետևյալ վերջածանցները.

Գոյականակերտ վերջածանցներ – er և or, որոնք ցույց են տալիս գործողությունը կատարող անձին

Գործողությունը կատարողի մասնագիտությունը նշող – ist

Ազգային պատկանելիությունը, լեզուն կամ մասնագիտությունը նշող – ian

Ee – ցույց է տալիս այն անձին, ում հանգում է գործողությունը

Բայից վերացական գոյական ստեղծող – age և al

Ance և ence, որոնք համապատասխանաբար ant և ent վերջածանց ունեցող ածականներից ստեղծում են գոյականներ

Ածականից գոյական ստեղծող – dom, ness, th, ity, ability, ibility

Բայից գոյական ստեղծող –ment, ation, tion, sion, ssion

Գոյականից վերացական գոյական ստեղծող – ship, hood

Բայից գոյական ստեղծող – ture, sure, ssure, zure

Ածականակերտ վերջածանցներ

Բայից ածական ստեղծող – able, ible, ant, ent

«ական» իմաստն ունեցող – ary, ory

Գոյականից ածական ստեղծող – ful, less, ous, y

«ավուն» իմաստն ունեցող – ish

Բայաստեղծ վերջածանցներ

Գոյականից բայ ստեղծող – ate, ute

Ածականից և գոյականից բայ ստեղծող – en, fy, ify

Գոյականից բայ ստեղծող – ize, ise

Մակբայակերտ վերջածանցներ

Ածականից ձևի մակբայ ստեղծող – ly

Գործողության ուղղություն ցույց տվող – ward, wards

Ձևաբանություն

Սովորողը պետք է իմանա և կարողանա գործածել.

անորոշ և որոշյալ հոդերի բոլոր կիրառությունները. հոդի բացակայությունը նյութ ցույց տվող անհաշվելի գոյականների հետ, հոդերի կիրառումը վերացական գոյականների հետ, հոդի բացակայությունը և «some» անորոշ դերբայի կիրառումը, հոդերի կիրառումը հատուկ անուն գոյականների հետ, հոդերի կիրառումը աշխարհագրական անունների հետ, անորոշ հոդի կիրառումը կայուն կապակցություններում, որոշյալ հոդի կիրառումը կայուն կապակցություններում, հոդի բացակայությունը կայուն կապակցություններում, որոշյալ հոդի կիրառումը, երբ հարկ է լինում նշել կենդանու տեսակը – The tiger is a powerful beast. ,» go to university» և «go to the university» կիրառումները, որոշյալ հոդի կիրառումը ածականի գերադրական աստիճանի հետ և դրա բացակայությունը մակբայի գերադրական աստիճանի հետ, որոշյալ հոդի կիրառումը «the … the» համեմատական կառուցվածքում, որոշ ածականների հետ որոշյալ հոդի կիրառումը հավաքական գոյականի իմաստ ստանալու համար –the rich, the poor, որոշյալ հոդի կիրառումը նավերի, հյուրանոցների, թերթերի և ամսագրերի անունների հետ, անորոշ հոդի բացակայությունը որոշ գոյականների հետ-advice, weather, information, progress…, որոշյալ հոդի կիրառումը և դրա բացակայությունը կազմակերպությունների և ձեռնարկությունների անվանումների հետ, որոշյալ հոդի կիրառումը դասական թվականների հետ, «the tenth gate» և «Gate 10» կիրառումները, «a two-week holiday» և «two weeks’ holiday» կիրառումները, «hair, room, paper, noise» գոյականների կիրառումը անորոշ հոդով և առանց հոդի, անորոշ հոդի կիրառումը և դրա բացակայությունը բացականչական նախադասություններում:

Գոյական

Սովորողը պետք է ճանաչի ու իմանա հաշվելի և անհաշվելի, նյութ ցույց տվող և վերացական գոյականները:

Սովորողը պետք է իմանա գոյականների հոգնակի թվի կազմումը, բարդ գոյականների հոգնակի թվի կազմումը:

Սովորողը պետք է իմանա, որ կան գոյականներ, որոնք.

Անկանոն ձևով են կազմում իրենց հոգնակի թիվը (foot-feet, woman-women,…)

Միշտ հոգնակի թիվ են արտահայտում առանց –s վերջավորության (people, police, cattle, poultry, )

Միշտ գործածվում են եզակի թվով (furniture, news, accommodation, advice, bread, information, luggage…)

Ունեն –s վերջավորությունը, բայց եզակի թիվ են արտահայտում (mathematics, physics, phonetics, politics …)

Հավաքական են և ունեն եզակի թվով կիրառում, ինչպես նաև հոգնակի թվով կիրառում առանց –s վերջավորության

Առանց –s վերջավորության չեն գործածվում և միշտ հոգնակի թվում են (trousers, binoculars, pincers …)

Առանց –s վերջավորության հոգնակի թիվ են արտահայտում, եթե նրանց նախորդում են թվականներ (dozen, pair, couple-օրինակ`three pair of shoes)

Ունեն նույն ձևը և եզակի, և հոգնակի կիրառություններում (sheep, deer, fish)

Նյութ ցույց տվող են, բայց երբեմն գործածվում են հոգնակի թվով` նախադասության մեջ այդ նյութի շատությունը տարբեր տեսակները  շեշտելու համար (The snows of Kilimanjaro…, The waters of the Volga… ) ,(There are 300 sorts of cheeses here. Different mineral waters are produced in Armenia)

Ունեն հոգնակի թվի երկակի ձևեր տարբեր նշանակություններով (penny-pence և pennies, cloth –cloths և clothes, brother- brethren և brothers )

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա կազմել հասարակ և բարդ գոյականների ստացական հոլովը, ինչպես նաև իմանա գոյականի ստացական հոլովի և «of phrase»-ի  գործածման դեպքերը, «a friend of my brother’s» ձևը:

Սովորողը պետք է ճանաչի, հասկանա և կարողանա  գործածել ածականացված գոյականներ, երբ մի գոյականը մյուսի համար որիշիչի դեր է կատարում (school garden, railway station, table cloth…):

Ածական

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել

որակական ածականների համեմատության աստիճանները,

  • many, much, good, bad, little, far, late, old, near ածականների համեմատության աստիճանները
  • ածականների համեմատական աստիճանի ուժեղացման դեպքերը
  • «most» բառի գործածումը անորոշ հոդով և առանց դրա, երբ այն ունի «ծայրահեղ» և «մեծ մասը, մեծամասնությունը» իմաստները
  • Ածականների համեմատական կառուցվածքները
  • Ածականների շարադասությունը նախադասության մեջ
  • «interesting-interested, exciting-excited, …» տիպի բառազույգերը
  • «so, such, enough, too» մակբայների գործածումը ածականների հետ
  • Ածական + one/ones կառույցը (Which do you want? –The blue ones.»)
  • «It +to be+adjective+infinitive» կառույցը (It is difficult to find an innocent man.)
  • «It +to be+adjective+of you(him, them, Tom)+infinitive» կառույցը (It is kind of you to help me.)
  • «It +to be+for smb+to do smth» կառույցը

Մակբայ

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել.

Ձևի, չափի, տեղի, ժամանակի, հաճախականության, աստիճանի մակբայները

  • Ածականները և մակբայները, որոնք նույն ձևն ունեն և մի ձև էլ` -ly վերջավորությամբ «hard-hard-hardly, high-high-highly, wide-wide-widely, pretty-pretty-prettily, deep-deep-deeply,…»
  • Մակբայների համեմատության աստիճանները և համեմատական կառուցվածքները
  • «most» բառի գործածումը, երբ այն նախորդում է ածականին`»very» իմաստով (He treated her most kindly.)
  • « adverb+adjective և adverb+past participle» կառուցվածքները (extraordinarily beautiful, beautifully decorated)
  • Մակբայների շարադասությունը նախադասության մեջ
  • Որոշ մակբայներից հետո շրջուն շարադասության դեպքերը, երբ օժանդակ բայը դրվում է ենթակայից առաջ, ինչպես հարցերում է արվում. «hardly ever, in no circumstances, never, no sooner…than, hardly…when, not only, nowhere, on no account, only by, only in this way, only then, scarcely…when, seldom» (On no account should you agree with him. Only by working hard will you be able to pass your exam.)

Դերանուն

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել բոլոր տեսակի դերանունները

Անձնական(I, you,..), խնդիր հոլով անձնական դերանունները(me, you, him…), ստացական դերանունները(my, your…), ստացական դերանունների բացարձակ ձևերը(mine, yours,…), անդրադարձ և շեշտող (myself, yourself…), փոխադարձ (each other, one another), ցուցական (this, that…), հարցական (who, what…), hարաբերական (who, which, …), անորոշ (all, each, every, both, neither, either, some, any, no, none)

Բայ

Սովորողը պետք է պատկերացում ունենա, ճանաչի և խոսքում գործածի

բայի դիմավոր ձևերը

  • օժանդակ, կապակցող և իմաստավոր բայերը
  • բայի սահմանական եղանակի բոլոր ժամանակները ներգործական և կրավորական սեռում գործածության իրենց բոլոր դեպքերով ու համապատասխան ուղեկցող բառերով, 4 տիպի հարցական, ինչպես նաև ժխտական ձևերով
  • բայական ժամանակների հաջորդականությունը (համաձայնեցումը)
  • բայի ներգործական սեռով նախադասության փոխակերպումը կրավորականի և հակառակը
  • Բայի հրամայական եղանակը, let-ով սկսվող նախադասությունները, շեշտող հրամայական նախադասությունները օժանդակ բայի գործածմամբ (Do come with me!), հրամայական նախադասության անջատական հարցը «will you?»-ով
  • Ստորադասական եղանակը (Subjunctive 1-Present Subjunctive and Past Subjunctive և Subjunctive 2)
  • «Can, may, must» մոդալ բայերն իրենց բոլոր իմաստներով և գործածության դեպքերով և « be able to, have to, be allowed to» համարժեքներով, ինչպես նաև «modal verb + perfect» ձևերն իրենց իմաստներով
  • Shall, should, ought to, needn’t, daren’t, to be to մոդալ նշանակության բայերը

Բայի անդեմ ձևերը.

Սովորողը պետք է կարողանա ճանաչել և գործածել

Անորոշ դերբայը (Infinitive) «to» մասնիկով և առանց դրա, անորոշ դերբայի ներգործական և կրավորական ձևերը (to read-to be read), «Indefinite» և «Perfect» ձևերը (to go – to have gone),

  • ցանկություն, հարկադրանք, զգացում, ենթադրություն արտահայտող բառախմբերը, որոնցից հետո հնարավոր է կազմել բարդ խնդիր-Complex Object (I want you to help me.)
  • «To say, to state, to report, to announce, to suppose, to think, to believe, to expect, to know, to consider» բայերի կրավորական սեռով սկսվող և անորոշ դերբային նախորդող կառուցվածքները (Mr Hakobyan is reported to have left for Iran.)
  • Անորոշ դերբայը «seem, prove, happen, chance» բայերից հետո (He seems to agree with us. She appeared to be right. )
  • Անորոշ դերբայը առանց «to» մասնիկի «would rather» և «had better» բառերից հետո
  • Անորոշ դերբայը «likely, unlikely, certain, sure» ածականներից հետո (They are sure to arrive soon.)
  • Գերունդին (Gerund) անկախ որևէ բայից կամ նախդիրից (Reading is my favourite occupation), Գերունդին «on, without, by, after, before» նախդիրների հետ, որոշակի բայերից հետո առանց նախդիրների և նախդիրների հետ
  • Բայերի այն ցուցակը, որոնցից հետո գերունդի է օգտագործվում և բայերի այն ցուցակը, որոնցից հետո միշտ անորոշ դերբայ է օգտագործվում
  • Որոշ բայերից հետո կամ գերունդի, կամ անորոշ դերբայ (remember, forget, regret, try, begin, start, go on, stop)
  • Դերբայը (Participle) իր կազմության ձևերով և կիրառման բոլոր դեպքերով
  • Դերբայական դարձվածով կազմված պարզ ընդարձակ նախադասությունները փոխակերպել պարզ բայական ստորոգյալով բարդ ստորադասական նախադասությունների (Not knowing him very well I couldn’t turn to him for help. As I didn’t know him very well, I couldn’t turn to him for help.)

Նախդիր

Սովորողը պետք է իմանա և կարողանա գործածել

անգլերենի հասարակ (in, on under, at, beside,…) , բարդ (into, upon, onto,… ) և բաղադրյալ (in front of, at the back of, instead of, ) նախդիրները

  • անկախ գործածվող նախդիրները (The sparrow is on the branch) և բառերը, որոնք իրենցից հետո պահանջում են այս կամ այն նախդիրը (I insist on your joining our group.)
  • «to make, to take, to look, to get, to come, to go, to fall, to break, …» բայերով կազմված առավել հաճախ հանդիպող բայական դարձվածքները և դրանց թարգմանությունները հայերեն

Շաղկապ

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել

Համադասական շաղկապները (and, as well as, both …and, but, either…or, neither…nor, not only…but also, or, whereas, while)

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել հետևյալ ստորադասական շաղկապները.

  • Ենթակա և խնդիր երկրորդական նախադասությունների (that, if, whether)
  • Ժամանակի պարագա երկրորդական նախադասությունների (after, when, as, as soon as, hardly…when, no sooner…than, since, until, till)
  • Պատճառի պարագա երկրորդական նախ-ների (because, as, for, now that, since, on the ground that,)
  • Պայմանի պարագա երկրորդական նախ-ներ (if, in case, on condition that, provided կամ provided that, providing կամ providing that, as long as կամ sօ long as, unless, )
  • Նպատակի պարագա երկրորդական նախ-ներ (so that, in order that, lest,)
  • Ձևի պարագա երկրորդական նախ-ներ (as, as if, as though, so…that, such…that)
  • Զիջողական պարագա երկրորդական նախադասություններ (though կամ although, in spite of the fact that, notwithstanding that)• «Whose, who, whom, where, which, how, why, what» հարաբերական դերանունները նույնպես շաղկապների դեր են կատարում

Շարահյուսություն

Սովորողից չի պահանջվում նախադասության վերլուծություն անել և որոշել, թե որն է նախադասության ենթական կամ ստորոգյալը, ինչ տիպի են դրանք և ինչ խոսքի մասերով են նրանք արտահայտված, բայց սովորողի համար շատ կարևոր կարողություն է համարվում նախադասության մեջ ենթակայի և ստորոգյալի համաձայնեցումը դեմքով և թվով:

Սովորողը պետք է կարողանա ստորոգյալը համաձայնեցնել ենթակայի հետ դեմքով և թվով եթե.

Ենթական հավաքական գոյական է

  • Ենթական արտահայտված է «news, advice, information, luggage, phonetics, linguistics,…» և այդ շարքի այլ բառերով
  • Ենթական արտահայտված է «everybody» անորոշ դերանունով և պետք է որոշել անջատական հարցի վերջնամասը
  • Պետք է թարգմանել «խնձորը լավ է առողջության համար» կամ «Կարտոֆիլը պահասենյակում է» և նման կարգի այլ նախադասություններ
  • «all» բառով ենթական անձ է նշում, և երբ այն առարկա է նշում
  • Ենթական արտահայտված է երկու բառով և նրանց կապում է «and» շաղկապը
  • Ենթական արտահայտված է երկու բառով և նրանց կապում է «with» նախդիրը
  • Ենթական արտահայտված է երկու բառով և նրանք կապված են «either…or»-ով կամ «neither..nor»-ով
  • Գործ ունենք «a number of…» և «the number of …» կապակցությունների հետ
  • Ենթական երկրի, գրքի, ֆիլմի կամ որևէ այլ ստեղծագործության անուն է` արտահայտված հոգնակի թվով գոյականով
  • Ենթական արտահայտված է մի քանի անորոշ դերբայներով
  • Ենթական երկու բառերով է արտահայտված և նրանց կապում է «as well as»-ը
  • Ենթական երկու իրար շատ սերտ բառերից է կազմված, օրինակ`»thread and needle»

Շարահյուսական առաջադրանքներում մեծ կարևորություն է տրվում նաև, թե ինչ շարունակություն է ընտրվում այս կամ այն կապակցող բառից հետո. նախադասության առաջին մասից հետո ընտրենք տրամաբանակա՞ն շարունակության միտք, թե` նրան հակասողը, շարունակությունը ընտրենք ժխտվա՞ծ տարբերակովը, թե չժխտվածը, շարունակության մասը ենթակայով և ստորոգյալով նախադասությու՞ն է լինելու, թե իմաստային բառախումբ:

Սովորողը պետք է իմանա և կարողանա ճիշտ գործածել տրամաբանական շարունակություն պահանջող հետևյալ շաղկապները կամ կապակցող բառերը. «and, because, for, as, since, therefore, consequently, moreover, hence, accordingly»:

Սովորողը պետք է իմանա և կարողանա ճիշտ գործածել տրամաբանական շարունակությանը հակասող միտք պահանջող հետևյալ շաղկապներն ու կապակցող բառերը. «though, although, whereas, while, however, yet, still, notwithstanding, but, contrary to, despite, in spite of the fact that»:

Սովորողը պետք է իմանա և կարողանա ճիշտ գործածել իրենցից հետո նախադասություն պահանջող հետևյալ շաղկապները. «although-չնայած, so that-որպեսզի, in order that-որպեսզի, because-որովհետև, in spite of the fact that-չնայած որ»:

Սովորողը պետք է իմանա և կարողանա ճիշտ գործածել իրենցից հետո նախադասություն չպահանջող շաղկապներն ու կապակցող բառերը. «despite-չնայած, in spite of-չնայած, because of-պատճառով, so as to-որպեսզի, in order to-որպեսզի»:

Սովորողը պետք է կարողանա կատարել փոխակերպման հետևյալ առաջադրանքները.

  • Ուրիշի ուղղակի խոսքի վերածումը անուղղակիի և հակառակը` պահպանելով բայական ժամանակաձևերի հաջորդականության կանոնները, երբ ուղղակի խոսքը պատմողական է, կամ` հարցական, արտահայտում է խնդրանք, կամ` հրաման
  • Ներգործական սեռի նախադասության վերածումը կրավորականի և հակառակը

Սովորողը պետք է իմանա և կարողանա գործածել պայմանական նախադասությունների երեք տիպերը:

Ընթերցելով հասկանալու կարողության պահանջները այս դասընթացի շրջանակներում

Ավարտելով դասընթացը սովորողը պետք է կարողանա.

  • Պատասխանել լեզվական իրազեկության B1 մակարդակով գրված տեքստի բովանդակությանը վերաբերող հարցերին առանց բառարանի
  • Համադրել տեքստի մեջ գործածված բայական դարձվածքները, առանձին բառերը նրանց հոմանիշային արտահայտությունների, բայական դարձվածքների և առանձին բառերի հետ, որոնք տրված են առաջարկվող բազմընտրական հարցերում
  • Գուշակել, թե ինչպիսին կլիներ տվյալ տեքստի շարունակությունը

Գնահատման համակարգը

Դասընթացն ավարտելուց հետո սովորողի լեզվական գիտելիքները և կարողությունները գնահատվում են ըստ ՀՀ ԿԳ նախարարության ԳԹԿ-ի առաջարկած Պետական ավարտական և միասնական անգլերենի գրավոր քննությունների թեստերի նմուշների` 20 բալային համակարգով:

Ընթացիկ ստուգումները կազմակերպվում են յուրաքանչյուր ամսվա վերջին ըստ արդեն յուրացված լեզվական նյութի` 10 բալային համակարգով: