Just another WordPress.com site

Archive for April, 2016

Միացյալ նահանգները պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին

download

Հեղինակ՝ սենատոր Մարկ Կիրկ, ԱՄՆ Իլինոյս նահանգից

Հրապարակվել է ամերիկյան «The Hill» էլեկտրոնային պարբերականում

04.27.16

Ադրբեջանի համար ժամանակը եկել է, որպեսզի ԼՂՀ-ի նկատմամբ ակնհայտ ռազմական ագրեսիա իրականացնելու պատճառով ընդունի Միացյալ Նահանգներից և միջազգային հանրությունից եկող հետևանքները:

Տարիներ շարունակ սուր ճոճելուց հետո Ադրբեջանի չորսօրյա ռազմական գրոհը՝ ԼՂՀ վրա այս ամսվա սկզբին, ամենասարսափելի հարձակումն էր 1994 թվականին հրադադարի համաձայնագրի ստորագրումից ի վեր: Այս վերջին ռազմական գործողությունները ցույց են տալիս, որ նոր ձեռնարկումներ են անհրաժեշտ, որպեսզի փոփոխություններ արվի հրադադարն ապահովող համաձայնագրի հենքում, որը հիմա չի աշխատում:

Հրադադարը հսկելու համակարգի բացակայության պայմաններում Ադրբեջանի ագրեսիվությունն աճում է, քանի որ հրադադարի խախտումների համար ոչ մի պատասխանատվություն չի կրում: Սա պետք է փոխվի:

Ես վճռականորեն պաշտպանում եմ նախագահող կոնգրեսական Էդ Ռոյսի և Կոնգրեսի արտաքին գործերի կոմիտեի անդամ Էլիոտ Էնջելի պնդումը, որը խաղաղապահ երեք ձեռնարկում է առաջարկում, որպեսզի հրադադարի անհրաժեշտ հսկողություն սահմանվի, ինչն ավելի քան քսան տարի անվստահելի ձևով ինքնահսկել են հայկական և ադրբեջանական ուժերը:

Առաջինը, կողմերը պետք է համաձայնվեն հեռացնել դիպուկահարներին ԼՂՀ ամբողջ շփման գծից:

Երկրորդը, ցանկացած հարձակման արձակված կրակոցների տեղը որոշող լոկատորային համակարգ պետք է տեղադրվի ամբողջ շփման գծի երկայքով, որը հսկելու է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (OSCE):

Երրորդ, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) լրացուցիչ դիտորդներ պետք է տեղակայվեն շփման գծի երկայնքով, որպեսզի արդյունավետ կերպով հսկեն հրադադարի խախտումները: Հակամարտության գոտում այժմ միայն 6 դիտորդ կա, որը յուրաքանչյուր օր հրադադարի բոլոր խախտումները հսկելու համար բավարար չէ:  Ներկայացուցիչների պալատի ավելի քան 80 անդամ ստորագրել է Ռոյս-Ենջելյան այս առաջարկությունները, որոնց պաշտպանել է նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը և Մինսկի խմբի համանախագահողը:

Որպեսզի տևական խաղաղություն հաստատվի, պետք է բարի կամք և վստահություն լինի երկու կողմերում: Բայց, և′ Հայաստանը, և ԼՂՀ պաշտպանել են խաղաղություն կառուցող այս ձեռնարկումները, իսկ Ադրբեջանը՝ ո′չ: Իրականում հրադադարի պահպանման հսկողության բացակայությունը օգտակար քող է Ադրբեջանի ռազմական նկրտումների համար:
Միացյալ նահանգների առաջնորդող դերն է հիմա անհրաժեշտ, որպեսզի դադարեցվի արյունալի ընդհարումների կրկնվող մոդելը, որում Ադրբեջանը հարձակվում է ԼՂՀ-ի վրա, ԼՂՀ-ն պատասխանում է, իսկ հետո Ադրբեջանը մեղադրում է հայերին հրադադարը խախտելու մեջ: Մենք այլևս չենք ընդունելու Բաքվի աղաղակող երկերեսանիությունը:

Ես կոչ եմ անում վարչակազմին Ռոյս-Էնջելյան առաջարկություններն ուղղել Ադրբեջանի կառավարությանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին միջազգային քննադատության են ենթարկել մարդու իրավունքների ոտնահարման համար, ինչպիսիք են Ազատություն ռադիո կայանի լրագրող Խադիջա Իսմայիլովայի և 20 այլ անձերի բանտարկությունը, որոնք դատական կարգով հետապնդվել են քաղաքական մեղադրանքներով:  Ինչպես որ միջազգային հանրությունը միասնական է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության հանդեպ գործած իրավախախտումների համար Բաքվի կառավարությանը պատասխանատվության կանչելու մեջ, նույն կերպ էլ պետք է նրան պատասխանատվության ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ վերաբերմունքի համար:

ԵԱՀԿ Մինսկի գործընթացը, որը սկսվել է 1995-ին՝ հակամարտության կողմերին խաղաղ և համապարփակ կարգավորման հանգեցնելու համար, այժմ թելից է կախված:  Եթե առկա է լինելու դիվանագիտությունը, ապա ստուգելի և հսկվող հրադադար է անհրաժեշտ:

Ծանր քայլը Ադրբեջանինն է, որպեսզի ցույց տա Միացյալ նահանգներին և միջազգային հանրությանը, որ նա իսկապես ուզում է խաղաղության գործընկեր լինել Հայաստանի և ԼՂՀ հետ: Բաքուն պետք է լիովին կատարի Ռոյս-Էնջելյան առաջարկությունները:

Նախագահ Ալիևի համար ընտրությունը պարզ է. կամ նա պետք է հայերի հետ խաղաղ բանակցությունների մեջ մտնի, կամ շարունակի ընդհարման ռազմատենչ ու անօգուտ քաղաքականությունը: Եթե նա ընտրի երկրորդը, ապա նա պետք է իմանա, որ ադրբեջանական ագրեսիայի ամեն մի գործողություն միայն կարող էլ ավելի  վավերացնել Լեռնային Ղարաբաղի հիմնավորումը, որ այն պետք է գնա Կոսովոյի ճանապարհով: Որպես Կոսովոյի պատերազմի վետերան, ես իսկապես հույս ունեմ, որ Ադրբեջանը կգիտակցի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով:

Աղբյուրը` The Hill

Անգլերենից հայերեն թարգմանեց Յուրա Գանջալյանը

27.04.2016

 

 

 

 

 

Հավաքից հավաք

Բնապահպանական թեմայով հրապարակախոսական հոդված`Երկրի օրը. Ո′չ, մոմլաթե տոպրակներին

Մարտ ամսին առաջին անգամ միջազգայինքաղաքական թեմաներով անգլերենից հայերեն հոդվածների թարգմանություններ եմ արել, որոնցից առաջինը հասարակագիտական ստուգատեսին եմ ներկայացրել:

Մակեդոնիայի նախագահը Գերմանիային. «Ձեր երկիրը լիովին ձախողել է գործը»

Գերմանիան հասկացել է, թե ինչպես հետ ուղարկի ներգաղթյալներին. Պետք է վճարել նրանց

Ճնշված Եվրոպական մուսուլմանների կործանարար առասպելը

 

 

Կրթահամալիրի հեղինակային մանկավարժության տարածմանը նպաստող աշխատանքներ

  1. Հայերենից անգլերեն 22 հոդվածների թարգմանիչ-խմբագիրն եմ եղել.

2015-ի մայիս-դեկտեմբեր Dpir 2015  և 2016-ի հունվար-մայիս ժամանակահատվածում Dpir 2016

2. Ստեղծել եմ Alternative Pedagogy  բլոգը, որտեղ հրապարակել եմ 2013-2016թթ Դպիրում հրապարակված բոլոր անգլերեն թարգմանված հոդվածները: Նոր բլոգը նախատեսված է ոչ հայախոս ընթերցողների համար: Բոլոր հոդվածները հրապարակված են ըստ կատեգորիաների:

2. Անգլախոսների ակումբի սովորողների հետ շարունակել ենք mskh.am-ի անգլերեն էջի համալրման, հարստացման աշխատանքները:

3. “Mkhitar Sebastatsi” Educational Complex

www.mskh.am –ի անգլերեն էջի համար մեր կրթահամալիրը ներկայացնող տեղեկանք եմ ստեղծել, որն առաջին էջի վերևի մասում ֆիքսված վիճակում է: Տեղեկանքը ներկայացնում է կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժությունը կրթական երեք աստիճաններում: Տեղեկանքում հատուկ ուշադրության է հատկացված կրթական փոխանակումներին:

4. Reference

Հայերենից անգլերեն եմ թարգմանել «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրի 2016-ի տեղեկանքը:

5. Արձագանք Աշոտ Բլեյանի բարձրացրած մտքին՝ «Գնահատել նշանակում է ստեղծել»

Կրթահամալիրը ներկայացնելու յուրահատուկ ձև է: Մորիս Ռավելի «Բոլերոն» համեմատվում է կրթահամալիրում իրականացվող մանկավարժության հետ:

 

6. Անգլերենի դասավանդման մասնագիտական փորձառություն (հայերեն)

Professional Practices for English Language Teaching (անգլերեն)

Այս հոդվածը գրել եմ այն ժամանակ, երբ մասնակցում էի Բրիտանական խորհրդի կազմակերպած անգլերեն դասավանդողների միջազգային նույնանուն հեռավար դասընթացին: Աշխարհի տարբեր երկրների մոտ 64,000 անգլերեն դասավանդողներին դասընթացի 6 շաբաթյա ժամանակամիջոցին անընդհատ, ամեն օր ներկայացրել եմ մեր կրթահամալիրի հեղինակային մանկավարժության առաջավոր փորձը: Dpir 2015-ում հրապարակված այս հոդվածին դրական է արձագանքել Բրիտանական խորհրդի ծրագրերի տնօրեն Ադդեհ Հովասափյանը:

 

 Կատարել եմ հետևյալ ուսումնասիրությունները.

  1. Պլանշետները նախակրթարանում    

Երբ սկսվեց 5-6 տարեկանների «Ուսումնական պլանշետը տանը և դպրոցում» նախագծի իրականացումը, ցանկություն ունեցա այդ գործընթացի միջազգային փորձն ուսումնասիրել, որպեսզի դրանով ինչ-որ ձևով օգնեմ մեր կրտսեր դպրոցի դաստիարակներին ու դասվարներին: Զուգահեռաբար ուսումնասիրում էի Բզեզի հրապարակումները այդ թեմայով: Հոդվածին 5 դրական արձագանք եղավ և 32 (like), ինչն ինձ հուսադրեց, որ հոդվածը հասել է իր նպատակին:

  1. Տեխնոլոգիական կրթությամբ դպրոցի կյանքը կապվում է իրական կյանքի հետ

 

  1. Ֆինլանդիայում կրթական նոր հեղափոխություն է նախապատրաստվում

Ուսումնասիրություն-հոդվածում ցանկացել եմ ցույց տալ, որ այն ինչը հիմա նախապատրաստվում է անել Ֆինլանդիայում, մեր կրթահամալիրում առօրյա ուսումնական կյանք է արդեն մի քանի տարի:

  1. Գնահատե՞լ, թե՞…

Տարբեր հանրակրթական առարկաների տարածքային, հանրապետական և միջազգային օլիմպիադաների կազմակերպման ուսումնասիրություն-վերլուծություն է այս հոդվածը:

  1. Մաթեմատիկական կրթության չինական հիմնարար սկզբունքները
  2. Ի՞նչն է մաթեմատիկայի չինական դասերն այդքան լավը դարձնում

Տարբեր աղբյուրներ ուսումնասիրելով՝ փորձել եմ բացահայտել չինական մաթեմատիկական դպրոցի հաջողության գաղտնիքը: Արդեն մի քանի տարի շարունակ Չինաստանը միջազգային մաթեմատիկական օլիմպիադաներում առաջին տեղն է գրավում:

  1. Անընդհատ սերտել ու անընդհատ քննությո՞ւն տալ

Ուսումնասիրել եմ կրթական ասպարեզում նշանակալից ձեռքբերումներ ունեցող երկրների կրթական համակարգերը`մասնավորապես հանրակրթական դպրոցներում գիտելիքների և կարողությունների ստուգման ձևերը, պարբերականությունը: Նշված բոլոր երկրներում էլ կրթությանը մեծ ուշադրություն է դարձվում, և հաջողություններն էլ առկա են: Բայց ո՞ւմ փորձն է ուսանելի մեզ համար. այս է  խնդիրը:

  1. «Սեբաստացու օրեր. Կրթահամալիրի տոն»

Ներկայացվում է մեկ տարվա ընթացքում իմ կատարած հայերենից անգլերեն թարգմանությունները, անգլերեն աղբյուրներից թարգմանություն-փոխադրություն-ուսումնասիրությունները, մեթոդական մշակումները: Կարծում էի, որ հեղինակների համար հետաքրքիր կլինի կարդալ իրենց հոդվածների վերաբերյալ թարգմանչի կարծիքը: Չէ՞ որ հեղինակից հետո թարգմանիչը երկրորդ մարդն է, որ ամենաշատն է կարդացել ու աշխատել հոդվածի վրա:

 

  1. Ավագ դպրոցում ձմեռային առցանց ուսուցման կազմակերպման ուսումնասիրություն եմ արել, որի արդյունքներն ուղարկել եմ լաբորատորիայի ղեկավար`Գևորգ Հակոբյանին:

 

  1. Նախագծային ուսուցման շաբաթի համար «Օտար լեզու» դասավանդողների նախագծերի ուսումնասիրություն: Արդյունքները ուղարկել եմ Գևորգ հակոբյանին: Առանձին դասավանդողների ուղարկել եմ իմ դիտարկումները՝ աշխատանքները բարելավելու առաջարկություններով:
  2. Անգլերեն դասավանդողներին մեթոդաբանական օգնություն տալու նպատակով մի քանի ուսումնական պարապմունքների ներկա եմ եղել Նոր դպրոցում, Դպրոց-պարտեզում և Ավագ դպրոցում:
  3. Ուսումնասիրել եմ Աշոտ Տիգրանյանի «Այլընտրանքային պատմություն» նախագծով հրապարակումները, պատմության հանրակրթական ծրագիրը, ներկա եմ եղել նրա ուսումնական պարապմունքներին և շատ հետաքրքիր հեռավար կառուցողական բանավեճ ենք ենք ունեցել:

Երկրի օրը. «Ո′չ, մոմլաթե տոպրակներին» ուշացած համահայկական նախագծի գաղափար

images (1)

Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասում գոյացել է այսպես կոչված «Խաղաղօվկիանոսյան մեծ աղբաբիծը», որը ջրի մակերեսին հավաքված պլաստիկ շշերի ու տարաների, մոմլաթե տոպրակների ու խցանների, ամեն տեսակ նմանատիպ ջրում չսուզվող աղբի կուտակում է: Օվկիանոսի հոսանքները տարբեր ծայրերից այդ աղբը հավաքում, բերում ու կուտակում է մի շարժվող աղբակղզու նմանվող տեղում, որի միջին մակերեսը հավասարվում է 700,000 քառ.կմ: Մոտավորապես  20 անգամ ավելի մեծ, քան մեր Հայաստաննի տարածքն է: Այս աղբը գոյացել է վերջին 50 տարիների ընթացքում, երբ սկսվել է մոմլաթե տոպրակների և պլաստիկ շշերի արտադրությունը: 1965 թվականին Շվեդացի ինժեներ Գուստավ Սթեն Թուլինը իհարկե մեծ շահույթ ստացավ`պատենտավորելով մոմլաթե տոպրակների արտադրության տեխնոլոգիան, բայց նա այդ ժամանակ չէր էլ գիտակցում, թե ինչ վնաս է հասցնելու երկիր մոլորակին իր գյուտը: 50 տարին երկրի միլլիարդավոր տարիների պատմության հետ համեմատած մի ակնթարթ էլ չէ, բայց այդ չնչին ժամանակահատվածում որքան շատ է աղտոտվածությունը: Բոլոր առափնյա երկրներն էլ մտահոգված են այդ մեծ աղբաբիծը մաքրելու համար, բայց դա անհնար է անելը: Հաշվել են, որ եթե 67 մեծ բեռնատարողության նավ  ամեն օր զբաղվի այդ աղբը ջրի մակերևույթից հանելով և տեղափոխելով, ապա  մեկ տարվա ընթացքում բոլոր նավերը միասին կկարողանան այդ աղբաբծի միայն մեկ տոկոսը մաքրել: Այս աղբաբիծը աշխարհի անլուծելի էկոլոգիական աղետների թվին է պատկանում: Եթե նույնիսկ սկսեն մաքրել օվկիանոսը այդ աղբաբծից, ապա նորից անլուծելի հարց կառաջանա. ո՞ր երկիրը կընդունի այդ աղբը: Չէ՞ որ այն չի քայքայվում հարյուրավոր տարիների ընթացքում, իսկ այրելուց էլ՝ քաղցկեղածին ծուխ է առաջանում: Այդ պատճառով էլ տարբեր երկրներում սկսել են պայքարել միանգամյա օգտագործման  մոմլաթե տոպրակների կիրառման դեմ:

2015-ի հուլիսի 3-ը «Oր՝ առանց մոմլաթե տոպրակների» համաշխարհային նախագծի օրը դարձավ: Աշխարհի 5 մայրցամաքների տարբեր երկրների 100,000 կազմակերպություն սկսեց պահանջել երենց երկրներում ապրող ժողովուրդներին չօգտագործել միանգամյա օգտագործման մոմլաթե տոպրակներ: Դա ամբողջ աշխարհի մասշտաբով ամենամեծ էկոնախագիծն էր, որին չմասնակցեց Հայաստանը:

Մոնտենեգրոյի Փոդգորիքա մայրաքաղաքում մոմլաթե տոպրակներից պատրաստած հրեշ էր շրջում փողոցներում և այդ հրեշից շուտափույթ ազատվելու հոգեբանական ազդեցություն էր թողնում քաղաքացիների վրա:

Հունգարիայում սկսեցին ֆլեշմոբ անել գնումների համար նախատեսված փոքրիկ ձեռնասայլակներով, որոնք իրենց մեջ ունեն կտորից պատրաստված տոպրակներ:

Սլովենիայում ժողովրդին կտորից պատրաստած տոպրակներ բաժանելու ակցիա կազմակերպեցին՝ հայտարարելով, որ 10 մոմլաթե տոպրակ հանձնելով նրանք կստանան կտորից պատրաստած մեկ տոպրակ:

Ֆիլիպինների Մանիլայում ֆիլմերի միջոցով սկսեցին ցույց տալ, թե ինչպես է իրենց փոքրիկ երկիրը ապականում դեն նետելուց հետո չքայքայվող այդ աղբը:

Զամբիայում որոշ կազմակերպություններ դիմել են երկրի օրենսդիր իշխանությանը, որպեսզի մոմլաթե տոպրակների օգտագործումը արգելող օրենք ընդունեն:

Ընդամենը մի քանի տարի առաջ Սինգապուրրը համարվում էր մեկ բնակչի հաշվարկով աշխարհում ամենաշատ մոմլաթե տոպրակ սպառող երկիրը: Այժմ արդեն այդ երկրում գրեթե անհետացել են գնումների համար նախատեսված մոմլաթե տոպրակները:

Կանադայում Վանկուվեր քաղաքում կամավորականները իրենց անձնական գումարով սկսեցին բազմակի օգտագործման կտորից պատրաստած տոպրակներ գնել և բաժանել ժողովրդին: Պարզ է, որ կանադացիներն իրենց աշխատավարձով կամ կենսաթոշակներով կարող են այդ տոպրակներն իրենք գնել, բայց նվիրելու այդ համատարած գործողությունը հոգեբանական ազդեցություն է թողնում և մարդիկ հիմնովին արդեն հրաժարվում են միանգամյա մոմլաթե տոպրակներից:

Ավստրիայում սուպերմարկետներում առևտուրն այնպես է կազմակերպված, որ ձեռնտու չէ օգտագործել միանգամյա մոմլաթե տոպրակներ: Գրեթե բոլոր տեղացի գնորդները նպարեղենի խանութներ և սուպերմարկետներ են գալիս իրենց բազմակի օգտագործման ծղոտե զամբյուղներով կամ կտորից պատրաստած տոպրակներով, քանի որ հսկիչ գանձապահը ոչ մի անվճար մոմլաթե տոպրակ չի առաջարկում: Մոլաթե տոպրակն այստեղ վաճառվում է միայն զարմացած զբոսաշրջիկներին՝ մեկ եվրոյով: Երկրորդ անգամ այդ նույն զբոսաշրջիկը գնումների է գնում արդեն նոր գնված բազմակի օգտագործման տոպրակով:

 

Հայաստանում մոմլաթե տոպրակների լայնածավալ օգտագործումը 30 տարի ուշացումով է սկսվել՝ 90-ականների սկզբում, և հիմա էլ հասել է հաճախակի օգտագործման իր  գագաթնակետին: Երևանում առևտրի քաղաքակիրթ ձև է համարվում մոլաթե տոպրակների օգտագործումը: Որքան շատ ու տարբեր չափսերի մոմլաթե տոպրակների մեջ են դնում մեր գնած ապրանքները, այնքան շատ ենք գոհ լինում ու մտքում ասում. «Ինչ լավ սպասարկում է»: 200 գրամ աղացած սուրճ տուն տանելու համար երեք մոմլաթե տոպրակ է օգտագործվում: Որոշ խանութներ, սուպերմարկետներ նույնիսկ ունեն իրենց տարբերանշաններով պատվիրված մոմլաթե տոպրակներ:

Եկեք մի պահ մտաբերենք ամառային քամոտ երեկոները Երևանում, երբ օդում ծիծեռնակների հետ «պարում են» մոմլաթե տոպրակները: Բարձրահարկ շենքերի աղբատար խողովակների, Սանիտեկսի աղբարկղերի պարունակության զգալի մասը մոմլաթե տոպրակներն ու պլաստիկ շշերն են: Դրանց վերջին հանգրվանն էլ Նուբարաշենի մոտ գտնվող աղբանոցն է՝ իր էկոլոգիական աղետ գուժող ապագայով: Եթե անցյալ դարում այդ աղբի մեծ մասն այրվում էր, իսկ մնացած մասն էլ փտում ու հող դառնում, ապա հիմա այն չի փտում, չի այրվում: Այն միայն ծխում է ու ծխում, վերածվում անհասկանալի քիմիական բաղադրության սև խեժի՝ ապականելով օդը, հողը, ստորգետնյա ջրերը:

Ո′չ, մոմլաթե տոպրակներին:

Ի՞նչ պետք է անել էկոլոգիապես ավելի մաքուր և գեղագիտորեն ավելի հաճելի միջավայրում ապրելու համար: Մենք չենք կարող մոմլաթե տոպրակներ արտադրողին պարտադրել, որ նա փակի արտադրությունը: Չենք կարող սուպերմարկետներում արգելել մոմլաթե տոպրակներով սպասարկումը:

Եկե′ք ձեռք բերենք գնումների բազմակի օգտագործման տոպրակներ:

Ո′չ, մոմլաթե տոպրակներին:

Մենք չենք կարող իսպառ վերացնել մոմլաթե տոպրակների օգտագործումը: Մեր ամենօրյա կենցաղային աղբը ինչպե՞ս թափել: Աղբը թափելու համար գոյություն ունեն հատուկ դրա համար արտադրված սև մոմլաթե տոպրակներ:

Ո′չ, գնումների համար նախատեսված մոմլաթե տոպրակներին: