Just another WordPress.com site

Archive for March, 2016

2016-ի մարտ ամսվա իմ հաշվետվությունը

  1. Անգլախոսների ակումբն արդեն առցանց է աշխատում: Կրթահամալիրի կայքի անգլերեն էջում հրապարակվել են հետևյալ թարգմանությունները.

Լուսաբանվել է հասարակագիտական ստուգատեսը՝

The 2016 Annual Open Review of Social Studies in Public Education

A Master Class Lesson with Mesrop Harutyunyan Թարգմ. Էլինա և Արինա Հակոբյաններ

Global Money Week, Expo Economics

Լուսաբանվել են ճամփորդություններ

The Old Walnut Tree in Haghartsin  Թարգմ. Հեղինակի՝ Աննա Մկրտչյան

The Traveller’s Notes  Թարգմ. Եվա Մարկոսյան

Armenian-Georgian Bridges  Թարգմ. Սուսաննա Ավետիսյան

12-րդ դասարանցիների նախագիծ

A Letter to the One Who Will Come Tomorrow   Մերի Թելունց

Էկոդասը Թբիլիսիում

Eco Lesson in Tbilisi

  1. Մարտ ամսին առաջին անգամ միջազգային-քաղաքական թեմաներով անգլերենից հայերեն հոդվածների թարգմանություններ եմ արել, որոնցից առաջինը հասարակագիտական ստուգատեսին եմ ներկայացրել:

Մակեդոնիայի նախագահը Գերմանիային. «Ձեր երկիրը լիովին ձախողել է գործը»

Գերմանիան հասկացել է, թե ինչպես հետ ուղարկի ներգաղթյալներին. պետք է վճարել նրանց

Ճնշված Եվրոպական մուսուլմանների կործանարար առասպելը

  1. Դպիրի երեք հոդված հայերենից անգլերեն եմ թարգմանել:

Educational Blog as a Text-book

Distant-Online Science and Country Studies

Online TV as Tool for Education

  1. Կատարել եմ հետևյալ ուսումնասիրությունները

(Տեխնոլոգիական կրթություն)Տեխնոլոգիական կրթությամբ դպրոցի կյանքը կապվում է իրական կյանքի հետ

Նախագծային ուսուցման շաբաթի համար «Օտար լեզու» դասավանդողների նախագծերի ուսումնասիրություն: Արդյունքները ուղարկել եմ Գևորգ հակոբյանին: Առանձին դասավանդողների ուղարկել եմ իմ դիտարկումները՝ աշխատանքները բարելավելու առաջարկություններով:

Պլանշետները նախակրթարանում

 

Յուրա Գանջալյան

29.03.2016

Պլանշետները նախակրթարանում

 

DSC_0678             12782428_978593172230412_708343937_n-150x150 (2)

Մանկավարժներին և ծնողներին վերջին տարիներին հուզում է այն հարցը, թե արդյոք ո՞ր տարիքի երեխաների զարգացմանը կարող են նպաստել տեղեկատվական թվային միջոցները: Ամերիկայի մանկաբուժական ակադեմիայի խորհուրդը միաձայն պնդում է, որ արգելվում է էկրանային պատկերները հասանելի դարձնել երեխաներին մինչև նրանց երկու տարեկան դառնալը:  Մինչև երկու տարեկան երեխաների ուղեղները զարգանում են կենդանի շփումներով և ֆիզիկական միջավայրում` չկանոնակարգված խաղերով: Բարձրորակ ինտերակտիվ մեդիա միջավայրը կարող է բարելավել երեխայի սոցիալական, լեզվական կարողությունները և նույնիսկ նախապատրաստել դպրոցին միայն երկու տարեկանից ավելի բարձր հասակում: Այդուհանդերձ, Նախակրթարանային տարիքի երեխաների կրթության ամերիկյան ազգային միությունը և Վաղ հասակի կրթության ու մանկական մեդիայի Ֆրեդ Ռոջերսի կենտրոնը միասնաբար պնդում են, որ պետք է բացառել վաղ հասակի երեխաների կողմից պլանշետների և այլ թվային միջոցների պասսիվ ոչ ինտերակտիվ օգտագործումը առանց մեծահասակների բանիմաց ուղղորդման և համապատասխան ինտերակտիվ համակարգչային ծրագրերի: Դեռ խորը ու հիմնավորված ուսումնասիրություններ չեն արվել այս ասպարեզում, բայց մտավախություն կա, որ մեդիայի պասսիվ օգտագործումը վաղ տարիքային հասակում կարող է հանգեցնել խոսքի զարգացման հապաղման, գիրացման, ապասոցիալականացման, ուշադրության խնդիրների և նույնիսկ՝ կանոնավոր քնի խանգարման, բայց այն արդեն մեր կյանք է մտել և երեխան կօգտագործի այն՝ անկախ մեծահասակների կամքից: Մեր կարևոր գործն այն է, թե ինչպե՞ս այն ճիշտ օգտագործել, որպեսզի նվազագույնի հասցնել թվարկած բացասական ազդեցությունները և առավելագույնս նպաստել երեխայի զարգացմանը:

Ամերիկյան մանկավարժական «Highscope» էլեկտրոնային ամսագիրը առաջարկում է հետևյալ սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվել, երբ գործ ունենք նախակրթարանային տարիքի երեխաների հետ.

Յուրաքանչյուր սկզբունքը նշելուց հետո հնարավորինս հիմնավորում ենք մեր կրթահամալիրային փորձով.

  • Տեխնոլոգիան պետք է չափավոր օգտագործվի. պետք չէ նրանով լիովին փոխարինել իրական ուսումնական նյութերը, որոնք ապահովում են ֆիզիկական, զգայական, մտավոր և սոցիալական ամբողջ փորձառությունները:

Այս սկզբունքը լիովին պահպանվում է մեր կրթահամալիրի նախակրթարաններում: Սաները օրվա ընթացքում մոտ 20 րոպե են զբաղված լինում պլանշետներով: Մնացած ժամանակը նրանք իրական մանկական աշխույժ կյանքով են ապրում: Ինտերակտիվ խաղ՝ Նելլի Արղուտյան և սաներ

  • Տեխնոլոգիան պետք է ինտերակտիվ լինի և զարգացնի բացահայտումով սովորելը, ստեղծականությունը՝ շեշտը չդնելով կրկնողական վարժանքների վրա:

Դիանա Գևորգյանն իր բլոգում գրում է.

Այսօր նախագծային ուսուցման երկրորդ օրն էր, ըստ մեր աշխատանքային նախագծի  այսօր իրականացրեցինք պլանշետը որպես նախագծային ուսուցման գործիք ուղղությունը: Սովորողների հետ նոր պլանշետներով  ներբեռնեցինք ծրագիր, որը թույլ էր տալիս գունավորել և զարդարել զատկական ձվիկներ: Մենք աշխատում էինք, իսկ «Արմթաբ» ընկերությունը նկարահանում էր իր գովազդային տեսահոլովակը

 

  • Տեխնոլոգիան պետք է սոցիալական շփման, փոխազդեցության կատալիզատոր (խթանիչ) լինի: Այն պետք է թվային սարքը և ծրագիրը միասին օգտագործելու, միմյանց օգնելու, փորձը փոխանցելու հնարավորություն տա երեխաներին:

Երրորդ դասարանցիները պլանշետներով շախմատ խաղալ են սովորեցնում երեք տարեկաններին:  Տպավորությունն այնպիսին է, որ ամերիկացի փորձագետները այս սկզբունքները գրելուց առաջ 2016-ի փետրվար-մարտ ամիսները մեր կրթահամալիրում են անցկացրել:

Կարեն Քոքսը՝ նախակրթարանի դաստիարակ Ջորջիա նահանգից, իր 70,000 գրանցված օգտատեր ունեցող կայք-էջում հոդված է հրապարակել  Չիկագո քաղաքի դպրոցներից մեկի նախակրթարանի դաստիարակ  Բրայան Փյուրլինգի (Brian Puerling) «Ուսուցանումը թվային տարիքում՝ 3 տարեկանից մինչև 3-րդ դասարան» գրքի 8-րդ գլխի վերաբերյալ, որն  այսպես է վերնագրված «Շարժական բազմակի հպումով թվային սարքերը աշխարհը մոտեցնում են մեր մատների ծայրերին»: Կարեն Քոքսն իր հոդվածը սկսում է գոհունակություն արտահայտելով առ այն, որ Փյուրլինգը իր գրքում չի կենտրոնանում համակարգչային խաղերով հագեցած պլանշետի օգտագործման ձևերի վրա: Նա այն կարծիքին է, որ երեխաները, միևնույնն է, այդ խաղերը բավականաչափ  տանն են խաղում: Նա այն կարծիքին է, որ մեր մանկավարժների կարևոր գործն այն կլինի, թե ինչպես այն ճիշտ օգտագործել: Անօգուտ է երեխային ասել. «Պլանշետը մեծերի համար է, քեզ համար չէ»: Կարեն Քոքսն իր հոդվածում ներկայացում է Նախակրթարանում պլանշետների օգտագործման Բրայան Փյուրլինգի փորձը՝ հիմնական դրույթները, որոնք կարող են օգտակար լինել նախակրթարանի դաստիարակների համար: Ներկայացնելով այլոց փորձը՝ ես զուգահեռաբար ներկայացնելու եմ նաև այն, ինչն արդեն արվում է մեր կրթահամալիրի նախակրթարաններում:

  1. Հեշտացնում ենք սաների խոսքը՝ նկարներ դիտելով

Պլանշետը շրջապատող աշխարհը ճանաչելու համար լայն հնարավորություններ է տալիս: Ոչ մի դասագիրք չի կարող բույսերի, ծաղիկների, կենդանիների այդքան շատ լուսանկարներ պարունակել, որքան պլանշետը: Ուսուցումն ավելի հետաքրքիր է դառնում, երբ սաներն իրենք են լուսանկարում իրենց պլանշետներով: Խորհուրդ է տրվում պլանշետներով գնալ էքսկուրսիա դեպի բնության գիրկը տարբեր եղանակներին. գարնանը՝ ծաղկած ծառերով, ամռանը՝ բազմագույն ու բազմապիսի ծաղիկներով, աշնանը՝ երբներանգ տերևաթափով, ձմռանը՝ ձյունապատ դաշտերով ու մշտադալար եղևնիներով: Մոտիկից ու մեծ պլանով լուսանկարելով տարբեր ծառերի տերևներ, կարելի է տերևների ձևով ծառաճանաչման տեղեկատու ստեղծել: Այստեղ ես կավելացնեի, որ կարելի է գնալ կենդանաբանական այգի և արդյունքում կունենանք կենդանիների ճանաչման տեղեկատու: Սաների համար շատ ավելի է հեշտանում խոսելը, երբ դիտում են իրենց պլանշետներով արված լուսանկարները:

Կրթահամալիրյան փորձը.

Նոր դպրոցի նախակրթարանի դաստիարակ Աննա Ստեփանյանը գրում է իր բլոգում. «Այս շաբաթ նախատեսված էր ներքին բակում ստեղծել մեր դասարանական ծաղկանոցը: Պլանշետների  ֆոտոխցիկներն անհարժեշտ էին ֆիքսելու ծաղկանոցի ստեղծման աշխատանքները, ինչն էլ առանց միջամտության կատարեցին մի խումբ սովորողներ»:

 

12325285_978587878897608_1366370048_n-150x15012782428_978592378897158_1321001045_n-150x15012884503_978592922230437_1249594075_n-150x15012895362_978588568897539_2037330734_n-150x150

  1. Պլանշետների միջոցով երեխաները առընչվում են գրականության հետ    

Խորուրդ է տրվում պլանշետներում ստեղծել «Ունկնդրելու կենտրոններ», որտեղ երեխաները կարող են մատով խփել էջերին տարբեր հեքիաթների նկարներին և լսել հեքիաթների ձայնագրությունները և մի օրինակ է բերվում:

Կրթահամալիրյան փորձը.

Անահիտ Հարությունյանի ստեղծած «Բզեզ» ենթակայքում հատուկ տեղ է հատկացված այս գործունեությանը:

Դեռ ավելին՝ երեխաները կարող են կարդալ Արեգ Պարսիլյանի, Վիկա և Անի Մինասյանների ընթերցարաններին, պատասխանել դրանցում գրված հարցերին և ստեղծել իրենց գիր-օրագիրը:

  1. Պլանշետները զարգացնում են երեխաների երաժշտական ունակությունները

Պլանշետներում ներբեռնվում են մանկական ինտերակտիվ երգեր, երաժշտական ռիթմը զգալու վարժանքներ,  ինչպիսին են, օրինակ, Wheels on the Bus երգը և ռիթմիկ մեքենա  Monkey Drum-ը: Այստեղ մոտ 10000 ռիթմիկ խփոց է ձայնագրված՝ աստիճանական բարդեցմամբ: Երեխաները լսում են խփոցները և փորձում են կրկնել:

Կրթահամալիրային փորձը.

«Բզեզ»-ում առկա են երգ և պար բաժինները: Պարը դեռ ստեղծման փուլում է, իսկ «երգ»-ը արդեն ունի մի քանի անգլերեն և Կոմիտասի մանկական երգերը, որոնք ձայնագրվել են մեր կրթահամալիրում:

  1. Նկարչական ունակությունների զարգացումը պլանշետներով

Աջարկվում է պլանշետներում ներբեռնել Penultimate ծրագիրը, որը հնարավորություն է տալիս երեխաներին ձեռագիր գրել և նկարել էկրանի վրա: Այս ծրագիրը ինչ-որ ձևով մեղմ հակափաստարկ է պլանշետով աշխատելու ընդդիմախոսների այն դնդումին, որ չի զարգանում երեխայի ուղեղի և մատների շարժումների փոխկապակցվածությունը: Ասում եմ մեղմ, որովհետև, այնուամենայնիվ, խորհուրդ չի տրվում լիովին հրաժարվել մատիտներից, թղթից, ջրաներկից ու պլաստիլինից:

Կարծում եմ, որ այս ծրագիրը հարկ է ներբեռնել կրթահամալիրում օգտագործվող պլանշետներում:

Պլանշետը հնարավորություն է տալիս երեխաներին աստիճանաբար ծանոթացնել նաև մեծ նկարիչների գործերին՝ Art Authority ծրագրի օգնությամբ:

  1. Տեսաֆիլմերի ստեղծում պլանշետներով

Պլանշետները հնարավորություն ունեն նաև տեսաֆիլմեր նկարելու՝ օգտագործելով imovie պլանշետներով նկարահանած տեսաֆիլմերի մոնտաժման ծրագիրը:

Նախակրթարանի սաները կարող են նկարահանել, իսկ դաստիարակներըԱյս ծրագրով արդեն կարող են մոնտաժել և ստեղծել ֆիլմն իր վերջնական տեսքով:

Առաջարկում եմ կրթահամալիրի «5-6 տարեկանի ուսումնական պլանշետ» նախագծի աշխատակարգի «Ուսումնասիրության թեմաներ» բաժնում հաշվի առնել նաև imovie ծրագիրը:

Եզրահանգում.

Հաճելի է, երբ այլոց մանկավարժական առաջավոր փորձն ուսումնասիրելիս պարզվում է, որ մեր փորձը նույնպես արժանի է ուսումնասիրման ու գնահատման: Ընդամենը երկու ամիս է անցել, կրթահամալիրի նախակրթարաններում սկսվել է իրականանալ «5-6 տարեկանի ուսումնական պլանշետ» նախագիծը, բայց արդեն բավականին գործ է արված՝ շնորհիվ նախագծի համակարգող Անահիտ Հարությունյանի և նախակրթարանների դաստիարակների: Հաջողություն մաղթելով նրանց՝ ուզում եմ ավելացնել, որ եթե նույնիսկ հայտնաբերենք նախակրթարանում պլանշետների օգտագործման ավելի արդյունավետ, ավելի հետաքրքիր ու հաջողված ձևեր, պետք չէ մոռանալ դարերից եկող հարատև ճշմարտությունը առ այն, որ փոքր երեխաները ամենից լավ սովորում են մարդկանց և տարբեր առարկաների հետ անմիջական շփումով, ինչը զարգացնում է նրանց լեզուն ու մտածողությունը, դրդում է իրավիճակին համապատասխան գործողությունների ու գործունեության: Տեխնոլոգիան վաղ հասակի երեխաների ուսումնական ծրագրի միայն մի մասն է: Այն պետք է այլ գործունեությունների հետ հավասարակշռված և ստեղծականորեն օգտագործել:

 

Աղբյուրներ՝

Fred Rogers Center

Highscope

Using Technology Appropriately in the Preschool Classroom

iPads in the Preschool Classroom

Why Use Technology in Education?

Teaching in a Digital Classroom

http://bzez.mskh.am/

 

Ճնշված Եվրոպական մուսուլմանների կործանարար առասպելը

Ամերիկյան «Investor’s Business Daily» օրաթերթի մարտի 24-ի խմբագրականը 

 

 EDIT4-pope-032816-AP

Ֆրանցիսկոս Պապը Ավագ հինգշաբթի օրը մի մարդու ոտք է համբուրում Ոտնլվա արարողությանը Հռոմի մոտ գտնվող փախստականների ճամբարում: Քահանայապետը լվաց և համբուրեց մուսուլման, ուղղափառ, հինդուս և կաթոլիկ փախստականների ոտքերը`հայտարարելով, որ նրանք բոլորը նույն Աստծո որդիներն են: Սա բարի գալստյան և եղբայրության ժեստ էր այն ժամանակ, երբ հակամուսուլմանական և հականերգաղթային զգացմունքներն են գլուխ բարձրացրել Բրյուսելում կատարված ահաբեկչությունից հետո:

 

Բազմամշակութայնություն. սա մի պատմություն է, որը շրջանառության մեջ են դրել ծայրահեղ լիբերալականները և բրահմանները այն մասին, որ Բելգիայում և Ֆրանսիայում ահաբեկիչներին օտարում են և վատ վերաբերվում, և դա է պատճառը, որ նրանք սկսեցին աղաղակել և բռնարարքների դիմել: Դա կործանարար սուտ է:

Օբամայի կառավարության նախկին պաշտոնյա՝ պաշտպանության քարտուղարի տեղակալ Էվելին Ֆարկասը, չորեքշաբթի օրվա մասսայական ահաբեկչությունից հետո MSNBC հեռուստաընկերության առավոտյան ծրագրում ասել է. «Այս համայնքներին՝ հատկապես Բրյուսելում, արհամարում են իրենց կրոնի պատճառով: Ամբողջ Եվրոպայի մտածելակերպը պետք է փոխվի, որպեսզի այդ մարդկանց հավասար հնարավորություններ տրվեն և անկեղծ հարգանքի արժանացնեն: Այս համայնքները բավարար չափով հարգված չեն զգում և չեն ընդունվում շատ Եվրոպական երկրներում: Եվ նույնիսկ, եթե դժվարանում եք ինտեգրել նրանց ձեր երկրներում, պետք է նրանց ապրուստ հայթայթելու համար հավասար հնարավորություններ տաք: Այդ երիտասարդներից շատերը հավասար հնարավորություններ չեն ունեցել»:

Սա զուտ առասպելաբանության ժանրից է: Ֆարկասը և ահաբեկիչներին արդարացնող այլ մարդիկ պետք է իրենց «ջութակները» մի կողմ դնեն և մի քիչ հետազոտություն անեն: Փաստն այն է, որ Բելգիայի կառավարությունը ծայրահեղ առատաձեռն է վարվել մուսուլմանական բնակչության հետ: Երկրի բարեկեցությունն ապահովող բյուջեյի մեծ մասը հատկացվում է մուսուլմաններին, և նույնիսկ սուբսիդավորվում են մզկիթներն ու իմամները:

Այդ երիտասարդ մուսուլմաններից շատերը, ովքեր ենթադրաբար չեն կարողանում շահավետ աշխատանք գտնել, չեն էլ ուզում աշխատել: Ինչու՞ պետք է ուզենան աշխատել, երբ նրանց նպաստը հնարավոր աշխատավարձի 70-80%-ն է կազմում: Ստացվում է, որ աշխատանք չունենալը գիտակից որոշում է: Շատերն իրենց պարտքն են համարում որևէ նպաստ չբերել իրենց ասելով «Քաֆիր» պետության տնտեսությանը, որն իրենց հյուրընկալել է: Չունենալով կանոնավոր աշխատանք նրանք ժամանակ են ունենում «հիջրահ» անել դեպի Սիրիա, որտեղ կարող են մասնակցել «ջիհադի» վերապատրաստմանը և վերադառնալ նոր «հմտություններով», որոնցից են, օրինակ, ապահով ու իշխանության կողմից չվերահսկվող տներում մեխերով լցոնած պայթուցիկներ պատրաստելը: Այդ տներում իշխանությունները գիշերային ռեյդեր չեն անում`ի հարգանք մուսուլմաններով բնակեցված թաղամասերի:

Արևմտյան աշխարհի պատմության մեջ բելգիական մուսուլմանները ամենափայփայված և երես տված փոքրամասնություններն են: Որպեսզի չվիրավորի հարաճուն ու բարգավաճող մուսուլմանական բնակչությանը Բելգիան ապաքրիստոնեացրել է քրիստոնեական տոները: Բոլոր սրբերի օրը հիմա կոչվում է «Աշնան տերև», Սուրբ ծննդյան արձակուրդները՝ «ձմեռային արձակուրդներ», Զատիկը`«Գարնանային արձակուրդ»: Միևնույն ժամանակ, իշխանությունը թույլատրում է հսկայական մզկիթների շինարարությունը, որոնց մեջ է նաև մի մզկիթ 18 մետրանոց մինարեթով, որը լուսավորվելու է աղոթքների ժամանակ: Իշխանությունները նույնիսկ թույլատրում են մուսուլման քարոզիչներին իրենց քարոզն անել Բրյուսելի մետրոյի կայարաններում: Այդ քարոզներից մեկն էլ դրդում է երիտասարդ մուսուլմաններին գնալ և կռվել Սիրիայում:

Բելգիական գերառատաձեռն նպաստային համակարգով սուբսիդավորվելով, հյուսիսային Աֆրիկայի երկրներից ներգաղթածները այս երկրում ինտեգրվելու շատ քիչ դրդապատճառներ ունեն: Դրա փոխարեն նրանք ներպարփակվելով տարանջատվում են և ստեղծում իսլամական փակ գոտիներ՝ կտրված «թշնամական» արևմտյան հասարակությունից:

«Շարիաթ Բելգիայի համար»-ը Բելգիայում ամենամեծաքանակ երիտասարդական կազմակերպությունն է: Դրա երիտասարդ կռվարար զորբաները շրջում են փողոցներում և ոտնձգություններ անում ոչ մուսուլման անցորդների նկատմամբ`արգելելով ծխախոտ ծխելը, ալկոհոլ օգտագործելը և խոզի մսի վաճառքը: Կանանց, ովքեր չեն կրում գլխաշոր, ձեռք են գցում, կամ էլ վատագույն դեպքում՝ բռնաբարում:

Խնդիրն անհանդուրժողականությունը չէ: Բազմամշակութային սոցիալիստական դրախտի հասկացությունն է, որ ամբողջ Եվրոմիությունն իրեն թույլ է տալիս ունենալ մուսուլմանական ներգաղթյալներ:

Արդյունքում մուսուլմանները մսխում են Եվրոպայում բարեկեցությունն ապահովող հարստությունը: Մուսուլման ներգաղթյալների 80%-ը նպաստառու է, իսկ դրանց կեսը «տնտեսապես պասսիվ» են: Մուսուլմաններն ամենից շատն են դիմում անաշխատունակ ճանաչվելու համար: Բելգիայում, ինչպես նաև՝ հարևան Նիդեռլանդներում մուսուլմանները ամբողջ բնակչության 5%-ն են կազմում, բայց սպառում են բյուջետային սոցիալական հատկացումների 40-60%-ը: Բելգիան ավելի շատ գործազրկության նպաստ է հատկացնում, քան աշխարհի որևէ այլ երկիր բացի Դանիայից:

Եվրոպական հասարակությունը չի ճնշում մուսուլման ներգաղթյալներին: Ընդհակառակը, փաղաքշում է նրանց՝ ապահովելով ապրելու հարմարավետ պայմաններ: Իսկ նրանք այդ լավությունը վերադարձնում են՝ գթառատ տանտերերի փորոտիքը թափելով:

Աղբյուրը՝  The Pernicious Myth Of The Oppressed European Muslim

 

Գերմանիան հասկացել է, թե ինչպես հետ ուղարկի ներգաղթյալներին. պետք է վճարել նրանց

Հեղինակ՝ «Վաշինգտոն փոստ» թերթի բեռլինյան թղթակից Էնթոնի Ֆայոլա, Բեռլին, մարտի 19

Թուրքիայի և Եվրոմիության միջև ուրբաթ օրը կայացավ վիճահարույց գործարքը, որի նպատակն է վերջնականապես կանգնեցնել Մերձավոր արևելքից դեպի Եվրոպա եկող գաղթականների պատմական անկանոն հոսքը: Բայց այսօր Գերմանիան փախստականների հետ կապված ճգնաժամի էպիկենտրոնն է և խնդիր ունի լուծելու՝ ի՞նչ անել բոլոր նրանց հետ, ովքեր արդեն այստեղ են:

030216_athens_wp111457108652

Ժամանակին «էստի համեցեք» անող երկիրը արագ թափով մագնիսի պես դեպի իրեն ձգեց մեծ թվով ներգաղթյալների և քաղաքական ապաստան խնդրողների թիվը հասավ 770000-ի: Իշխանություններն ասում են, որ դրանց մոտավորապես կեսը մերժում է ստանալու: Դա նշանակում է, որ պետք է մտածել, թե ինչպես անել, որ մերժվածները մեկնեն երկրից: Այս մասշտաբի արտաքսումները մեղմ ասած խնդրահարույց կարող են լինել և երկիրը խնդրին լուծում է տվել. «Վճարել նրանց», իսկ ոմանք էլ ասում են. «Կաշառել նրանց»:

Մինչև իրեն նման առաջարկ անելը, Լաուանդ Սադեքը արդեն փոշմանել էր, որ արել էր Իրաքից դեպի Գերմանիա այդ հոգնեցուցիչ ճամփորդությունը: Մի ամիս էր անցել, ինչ ժամանել էր ներգաղթյալներին խոստացված երկիրը, բայցևայնպես, 21-ամյա երիտասարդը դեռ խցանված էր փախստականների լեփլեցուն ճամբարում: Նա գրեթե դուրս չէր գալիս ճամբարից, քանի որ գերմաներեն չգիտեր: Հետո փախստականներով հեղեղված այս երկիրն իրեն մի հետաքրքիր առաջարկություն արեց. «Հետ գնա քո երկիրը և մենք կօգնենք քեզ այնտեղ ավելի լավ կյանք կառուցել»:  «Ես մենակ էի և շփոթված», Սադեքը տեսակապով հայտնեց Իրաքից, ուր նա ինքնակամ վերադարձել էր դեկտեմբերին: Նա այդ ընտրությունն արեց, երբ գերմանական կառավարությունը նրան ինքնաթիռի տոմս և 6,000 եվրո տվեց (մոտ $6,540), որպեսզի դա ներդնի փոքր բիզնեսի մեջ՝ նպարեղենի մի փոքր խանութ Իրբիլում: «Ես ավելի երկար կմնայի Գերմանիայում, բայց նրանց առաջարկը օգնեց ինձ հասկանալու, որ մեկնելու ժամանակն է», ասաց նա:

Այս տիպի առաջարկը ցույց է տալիս, որ Ատլանդյան օվկիանոսի այս կողմում մասսայական արտաքսումները ոչ միայն չեն համարվում հարցի լուծման վերջին նիջոց, այլև՝ ավելի քիչ արդյունավետ գործիք, քան այն որ կարելի է ներգաղթյալներին համոզել հետ գնալու ճանապարհն ընտրել: Մատնացույց անելով Միացյալ նահանգներից շատ մեկսիկացիների արտաքսումը և շատ շուտվ այդ նույն մարդկանց վերադարձի փորձեր անելը, գերմանացիները և նրանց մի շարք հարևան Եվրոպական երկրներ փաղաքշանքով համոզելու ձևեր են փնտրում, որպեսզի ներգաղթյալները մշտապես լքեն իրենց երկրները:

«Եթե ինձ տեղահան անեք, որովհետև ես այստեղ քաղցած եմ մնում, և հետ ուղարկեք ինձ այնտեղ ուր ես նորից քաղցած եմ լինելու, ես նորից կփորձեմ վերադառնալ», ասել է Եվգենիո Ամբրոսին՝ Եվրոմիության միգրացիայի միջազգային կազմակերպության տնօրենը:

Գերմանիան, հաշվի առնելով անցյալում ֆաշիստական ոստիկանության բռնությունները և սառը պատերազմը, հայտնի է ապօրինի ներգաղթյալների նկատմամբ իր բարեկիրթ վերաբերմունքով: Օրենքում եղած սողանցքերի և այլ միջոցների շնորհիվ վերջին տաևիներին շատ քիչ մարդ է արտաքսվել Գերմանիայից: Բայց հիմա աննախադեպ է այն մարտահրավերը, որին ստիպված է դիմակայել երկիրը: Կանցլեր Անգելա Մերկելի «բաց դռների» դիրքորոշումը Մերձավոր արևելքի պատերազմից փախչողների համար մագնիսի դեր խաղաց: Ի հավելումն դրա Սիրիայի և Իրաքի պատերազմական փախստականներին այստեղ միացան նաև Մարոկկոյից և Բանգլադեշից եկած աշխատանք փնտրողներ, ովքեր ներկայացնում էին պատմություններ, որ հալածվել են իրենց երկրում: Վերջինների համար գրեթե բացառվում է, որ օրինական կացության թույլտվություն կստանան: Որպեսզի նրանց դուրս հանի երկրից, Գերմանիայի պատասխանը նրանց և սպառնալից է, և բարեգութ ու խթանող, որը ներառում է հավելյալ կանխիկ դրամի առաջարկ, բիզնեսում ներդրման համար դրամաշնորհներ, և նույնիսկ՝ արհեստների ուսուցման դասընթացներ, եթե ներգաղթյալները կամավոր կերպով մեկնեն երենց երկրները:…

Աղբյուրը՝ https://www.washingtonpost.com/world/europe/germany-learns-how-to-send-back-migrants–pay-them/2016/03/19/0685dc96-e552-11e5-a9ce-681055c7a05f_story.html

Անգլերենից հայերեն թարգմանեց Յուրա Գանջալյանը

 

 

 

 

Մակեդոնիայի նախագահը Գերմանիային. «Ձեր երկիրը լիովին ձախողել է գործը»

Կայ Դիկման

1rts9soh.jpg

Ամբողջությամբ ցամաքային երկիր բալկանյան Մակեդոնիան հարյուր հազարավոր փախստականների է թույլատրել Հունաստանից իր երկրի միջով անցնել դեպի հյուսիս՝ Գերմանիա: Այս ամսվա սկզբից Մակեդոնիան, որը Եվրոմիության երկիր չէ, փախստականների առջև փակել է իր սահմանը Հունաստանի հետ, որը Եվրոմիության անդամ երկիր է:

Հազարավոր փախստականներ են շարվել Հունաստան-Մակեդոնիա սահմանին, և Մակեդոնիայի նախագահ Ջեորջե Իվանովն էլ պնդում է, որ իր երկիրն այժմ վճարում է Եվրոմիության սխալների համար:

Այս հարցազրույցը վարել է Կայ Դիկմանը՝ գերմանական Bild լրագրի հրատարակիչը և Business Insider-ի (ԲԻ) խմբագիրը:

 

ԲԻ. Պարոն նախագահ, որպեսզի դադարեցվի փախստականների հոսքը ծրագիր է եղել, որ Թուրքիան 6 մլրդ եվրո կստանա և վիզային պահանջների հարց կբարձրացվի: Միևնույն ժամանակ էլ Մակեդոնիան ստիպված է լինում Եվրոմիության համար Հունաստանի սահմանին «կեղտոտ» աշխատանքն անել, ինչպես որակում է Գերմանիայի փոխկանցլեր Գաբրիելը: Դուք ունե՞ք զգացողություն, որ Ձեզ հիմարի տեղ են դրել:

Ջեորջե Իվանով. “Սա առաջին անգամը չէ, որ Եվրոմիությունը անտեսում է  Մակեդոնիային, մեզ ծանոթ է այդ զգացողությունը. Ոչ ոք մեզ չօգնեց, երբ մենք 360.000 փախստական ընդունեցինք Կոսովոյի պատերազմի ժամանակ: Այդ է պատճառը, որ մենք հիմա նախաձեռնություն ենք ցուցաբերել՝ մեր բանակը պաշտպանում է մեր սահմանները: Փախստականների այս ճգնաժամում մենք ենք վճարում ԵՄ սխալների համար: Մենք արդեն ստիպված ենք եղել 25 մլն եվրո հարկային գումար ծախսել: Մենք արդեն արտակարգ դրություն ենք հայտարարել: Իսկ ի՞նչ ենք ստացել Եվրոպայից, ոչի′նչ: Ո′չ մի ցենտ էլ չենք ստացել: Հիմա մենք, չլինելով Եվրոմիության անդամ երկիր, ստիպված ենք պաշտպանել Եվրոպան՝ Եվրոմիության անդամ երկիր Հունաստանից”:

2rtsa5tz.jpg

ԲԻ. «Դուք նաև Շենգենի անդամ երկիր չեք, բայց պաշտպանում եք Շենգենի սահմանը…»

Ջեորջե Իվանով. «Այո, մենք այստեղ ոչինչ ենք, Եվրոմիության անդամ երկիր չենք,  Շենգեն երկիր չենք, ՆԱՏՕ-ի անդամ երկիր չենք: Ոչ ոք մեր կարիքը չունի: Այդուհանդերձ, մենք պաշտպանում ենք Եվրոպան եվրոպական երկրից, որն  անբավարար է վերահսկում, կամ էլ որևէ կերպ չի վերահսկում փախստականներին. Փախստականների ճգնաժամում անվտանգության հարցը ամբողջապես անտեսված է: Եթե մենք վստահեինք Բրյուսելին և մեր նախաձեռնությամբ չգործեինք, ապա մենք հիմա ջիհադներով հեղեղված կլինեինք»:

ԲԻ. «Ի՞նչ նկատի ունեք»:

Ջեորջե Իվանով. «Նայե′ք այս անձնագրերին և փաստաթղթերին: Սրանք բոլորը կեղծ են կամ՝ գողացված: Մենք արդեն սրանցից 9000 հատ բռնագրավել ենք: Եվրոպայում ճանապարհորդում են կեղծ փաստաթղթերով այսպես ասած փախստականներ, իսկ Հունաստանն էլ պարզապես շտամպ է դնում այդ կեղծ փաստաթղթերի վրա, որպեսզի նրանք շարունակեն իրենց ճամփորդությունը: Մենք պետք է ընդունենք, որ այդ մարդկանցից շատերը, ովքեր ճամփորդում են կեղծ փաստաթղթերով և ուզում են մտնել Եվրոմիության գոտի որպես փախստականներ, արմատական կռվողներ են»:

3rts9vci.jpg4rts9yfe.jpg

ԲԻ. «Այսպիսով մենք՝ գերմանացիներս, պետք է երախտապարտ լինե՞նք Մակեդոնիային սահմանը հիմնովին փակելու համար»:

Ջեորջե Իվանով. «Փախստականների ճգնաժամը չափվում է մարդասիրության և անվտանգության խաթարմամբ: Ինչ վերաբերում է մարդասիրությանը, Գերմանիան օրինակելի է վարվել: Բայց Ձեր երկիրը լիովին ձախողել է անվտանգության հարցը: Միայն մեկ օրինակ, մենք ուզում էինք Եվրոպայի և Գերմանիայի հետ տեղեկատվություններ փոխանակել այդ ենթադրյալ ջիհադիստների մասին: Բայց ոչ ոք չուզեց մեր տվյալները: Մեզ ասացին. «Մենք չենք կարող համագործակցել Ձեզ հետ: Դուք երրորդ երկիր եք, մեզ պետք չէ Ձեր հետ տվյալներ փոխանակել»:

ԲԻ. «Գերմանիան նույնպես չուզե՞ց օգնել Ձեզ»:

Ջեորջե Իվանով. «Ո′չ, մենք բիոմետրիկ տվյալներ հավաքող սարքի կարիք ունեինք, իսկ Գերմանիան հրաժարվեց որևէ բանով մեզ օժանդակել: Բայց մենք ուրիշ պետություններ գտանք, որոնք ի վիճակի եղան մեզ օգնել: Ամբողջությամբ անհեթեթություն է՝ մենք ոչ թե փողի այլ ամբողջ մայրցամաքի համար ենք մտահոգված: Բայց ակնհայտ է, որ դա ոչ մեկին էլ չի մտահոգում: Գիտեք, Փարիզի ահաբեկչությունից հետո մեզ հարցրեցին, թե արդյոք մենք որևէ տեղեկատվություն ունենք, բայց դա միայն այդ դեպքերից հետո: Մենք ասացինք, որ երկիր մտած 10 մարդ մարդասպանների նույն ինքնությունն էին ունեցել»:

ԲԻ. «Թուրքիան բանակցություններ է վարում Եվրոմիության հետ, իսկ Մակեդոնիային չեն հրավիրում բանակցությունների սեղանին… »     

Ջեորջե Իվանով. «Դժբախտաբար մենք այդ սեղանի մենյուի մասն ենք կազմում: Մենք միշտ էլ Եվրոմիության հաստատությունների զոհն էնք եղել: 25 տարի շարունակ մեզ խաբել են և հմտորեն բանեցրել: Արդեն յոթ անգամ քննարկվել է Մակեդոնիայի հնարավոր անդամակցության հարցը Եվրոմիությունում, բայց միշտ էլ Հունաստանը դեմ է եղել: Ոչ ոք Եվրոմիությունում չի կարողանում լեզու գտնել հույների հետ, իսկ մեզ վիճակված է միայնակ լուծել հակամարտությունը այս երկրի հետ: »

ԲԻ. «Հունաստանի վարչապետը փախստականների հարցով գովում է կանցլեր Անգելա Մերկելին. Նա ցույց է տալիս Եվրոպայի բարոյական և մարդասիրական դեմքը: Ի՞նչ դեմք է Մակեդոնիան ցույց տալիս»:

Ջեորջե Իվանով. «Մենք նույնպես մարդասիրական դեմք ենք ցույց տալիս: Մակեդոնացիները անհավատալի չափի օգնություն են ցուցաբերել: Նրանք բժշկական խնամք են տարել և հանգանակություններ են արել: Բայց նորից եմ ասում, որ մենք Եվրոմիության երկիր չենք և ստիպված ենք վճարել Եվրոմիության սխալների համար»:

ԲԻ. «Դա նշանակու՞մ է, որ Գերմանիայի բաց սահմանների քաղաքականությունը  սրեց փախստականների ճգնաժամը»:

5rtsa6y0.jpg

Ջեորջե Իվանով. «Կանցլեր Մերկելը քաջաբար գործեց իր մարդասիրական ժեստով: Բայց հիմա ոչ ոք բավականաբար քաջ չէ, որպեսզի ասի, թե ինչ է հաջորդը լինելու: Սուդանի և Եգիպտոսի միջև ընկած տարածքում 20 մլն գաղթականներ են սպասում, ովքեր ուզում են գնալ Եվրոպա: Իսկ Աֆրիկա՞ն…, Փախստականների հոսքը չի վերջանա: Բոլորն էլ լավ տեղեկացված են Twitter-ի և Facebook-ի շնորհիվ: Իսկ ի՞նչ է անում Եվրոպան: Վեց ամսից էլ ավել ժամանակ է պահանջվում միայն մի վեհաժողով կազմակերպելու համար: Մինչև այդ վեհաժողովի ժամանակը արդեն 1 մլն նոր գաղթականներ են ժամանել: Իսկ գերմանիայի վերաբերյալ կասեմ հետևյալը. Այդ ինչպես կարող է պատահել, որ 130,000 փախստական պարզապես անհետացել է Ձեր երկրում: Մենք պետք է արմատապես փոխվենք»:

ԲԻ. «Հատկապես ի՞նչը նկատի ունեք»:

Ջեորջե Իվանով. «Մենք տեսնում ենք, որ Եվրոպան չի գործում ճգնաժամային իրադրությունում: Բրյուսելին ժափազանց շատ ժամանակ է հարկավոր լինում որոշումներ կայացնելու համար: Այս է պատճառը, որ մեր նման բալկանյան երկրները ստիպված եղան ինքնուրույն գործելու: Բայց Եվրոպական ճգնաժամային կառավարությունը չի աշխատում: Ապագայում ավելի շատ երկրներ ստիպված կլինեն անկախ որոշումներ կայացնելու: Կանցլեր Մերկելը նույնպես որոշել է Եվրոպայի փրկչի դերը ինքնուրույն ստանձնել: Իր որոշումներով նա միայնակ է  Եվրոպային մի որոշակի ուղղությամբ հրելով տանում: Հիմա նա ուզում է Թուրքիայի հետ հասնել հարցի լուծմանը: Կտեսնենք, թե դա կաշխատի: Այս առումով ես շատ թերահավատ եմ»:

ԲԻ. «Բայց ի՞նչ կլինի հազարավոր մարդկանց հետ, ովքեր սպասում են հունական Իդոմենի սահմանային գյուղի մոտ»:

7rts9sp2.jpg

Ջեորջե Իվանով. «Փախստականները սպասում են, որ Մերկելը իրենց ինքնաթիռներով կամ գնացքներով կտանի: Նրանք բոլորն ուզում են Գերմանիա գնալ, չեն ուզում մնալ Հունաստանում»:

ԲԻ. «Սահմանի մոտ իրադրությունը սպառնում է ահագնանալ: Եթե փախստականները ուժ կիրառեին Մակեդոնիայի սահմանը հատելու համար, արդյո՞ք  Ձեր զինվորները չէին բավարարվի միայն արցունքաբեր գազ օգտագործելով և զենք կօգտագործեին, որպեսզի հետ մղեին նրանց»:

Ջեորջե Իվանով. «Մենք, իհարկե, անասուններ չենք, որ կրակեինք պատերազմական փախստականների վրա: Նախ պետք է նայեք Հունական կողմը: Եվրոմիության ոստիկանական ուժերը կայանել են այնտեղ և իրենց գործն է կառավարել իրադրությունը: Բայց ակնհայտ է, որ նրանք անկարող են»:

ԲԻ. «Ի՞նչ կլինի Հունաստանի հետ, եթե փակ պահեք սահմանը»:

Ջեորջե Իվանով. «Ստիպված կլինեք հույներին հարցնել: Հիմա նրանք նորից 700 մլն եվրո են ստանում Եվրոմիությունից: Նրանք ինչ ուզում են, ստանում են: Բայց խնդիրն այն է, որ նրանք դա չեն օգտագործում որևէ բանի համար: Ինչու՞ չկան ջեռուցվող ժամանակավոր կացարաններ և ճամբարներ: Ես հասկացել եմ, որ Եվրոպան մեզ որևէ բանի տեղ չի դնում, բայց ես չեմ ընդունի այն իրողությունը, որ մեզ հիմա մեղադրում են ուրիշների սխալների համար: Եվրոմիությունը իրավունք չունի մեղադրելու Մակեդոնիային: Մենք պարզապես մեր մասին ենք հոգ տանում»:

ԲԻ. «Տպավորությունն այնպիսին է, որ Դուք շատ եք բարկացած Եվրոմիության վրա, ճիշտ է՞»:

Ջեորջե Իվանով. «Ի՞նչ կանեիք, եթե ինչ-որ մեկը 25 տարի շարունակ արգելափակեր դեպի Ձեր երկիր տանող ճանապարհները, եթե Ձեզ բանեցնեին ու անընդհատ ստեին:  Անհաշիվ դրական զեկույցներից բացի ոչ մի զարգացում չի եղել մեր երկրի Եվրոմիությանը անդամակցելու հեռանկարների վերաբերյալ: Մենք, կարծես, 25 տարի շարունակ վերելակի մեջ խցանված լինենք»:

 

Աղբյուրը՝ Macedonian President to Germany: “Your country has completely failed.”

Անգլերենից հայերեն թարգմանեց Յուրա Գանջալյանը

Տեխնոլոգիական կրթությամբ դպրոցի կյանքը կապվում է իրական կյանքի հետ

 

Կրթական համակարգը, որը հիմնված է սովորողներին միայն ակադեմիական գիտելիքներ փոխանցելու վրա, ավելի ու ավելի է հեռանում իրական կյանքից՝ այն ամենից, ինչի կարիքն իրոք ունեն նախակրթարանի սաները, միջին և ավագ դպրոցների սովորողները: Շատ երկրներում են արդեն կրթական համակարգերը բարեփոխում՝ ավելի շատ հիմնվելով տեխնոլոգիական կամ էլ ավելի լայն իմաստով՝ նախագծային ուսուցման վրա: Օրինակ, Ֆինլանդիայում այս տարվանից արդեն սկսել են կրթական հեղափոխություն իրականացնել:  Հելսինկիում երիտասարդների և մեծահասակների կրթության պատասխանատու Լիիզա Պոհյոլայնեն այն կարծիքին է, որ Ֆինլանդիայում հիմա կարիք ունեն այնպիսի կրթության, որը մարդկանց կնախապատրաստի աշխատանքային կյանքին: Երեխաները վաղ տարիքից ուզում են ինքնուրույն որևէ կարևոր բան անել, բայց շատ ծնողներ խանգարողի դերում են միայն. ասեղին ձեռք չտաս՝ մատդ կծակես, մկրատին ձեռք չտաս՝ մատդ կկտրես, մուրճի հետ գործ չունես՝ մատիդ կխփես: Այսպես մենք աստիճանաբար վերացնում ենք երեխայի որևէ բան ինքնուրույն անելու ձգտումը, իսկ տարիներ հետո «տեղին» հանդիմանում. մեծ տղա ես դարձել, բայց մի մուրճ բռնել էլ չգիտես, մեծ աղջիկ ես դարձել, բայց մի կոճակ էլ չես կարողանում կարել: Այս ամենը տանը, իսկ դպրոցու՞մ:

Ամերիկացի հոգեթերապևտ Շելլի Ռայթը իր «Why Academic Teaching Doesn’t Help Kids Excel in Life –Թե ինչու ակադեմիական ուսուցումը չի օգնում երեխաներին առաջադիմել իրական կյանքում» հոդվածում գրում է. «Դպրոցը պետք է մի վայր լինի, ուր երեխաները կարողանան հայտնաբերել, թե ինչ են իրենք սիրում կյանքում: Նրանք պետք է ի վիճակի լինեն իրենց հուզող հարցերը տալ և հետամուտ լինեն դրանց պատասխանները գտնելու: Նրանք պետք է հայտնաբերեն, թե ի՞նչն է իրականում խանդավառում իրենց սրտերն ու հոգիները: Նրանք պետք է հայտնաբերեն, որ կարող են փոխել աշխարհը իրենց այդ խանդավառությամբ: Նրանք պետք է ավարտեն դպրոցը մի զգացումով. ինչու՞մ են իրենք լավ: Այսօր, կարծում եմ, որ երեխաների մեծ մասը ավարտում է դպրոցը միայն իմանալով, թե արդյոք իրենք լավ, թե վատ սովորող են եղել դպրոցում: Հաճախ մեր սովորողները մեծ ընդունակություններ ունեն, որոնք պարզապես չեն տեղավորվում «իսկական ակադեմիական գիտելիքի» մեր պատկերացումներում: Իսկ ի՞նչ է դա: Կենսաբանության ծրագրի, որը ես վերջին մի քանի տարիները դասավանդում եմ, բովանդակային կետերից մեկը անձրևորդերի բազմացումն է: Ինչ-որ մեկը կամ էլ՝ մեկից ավելի մարդիկ որոշել են, որ 17-ամյա պատանիների համար կարևոր է իմանալ անձրևորդերի բազմացման մասի՞ն»:

Շելլի Ռայթի այս միտքը շարունակելով ասեմ, որ մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե ինչու էր ինձ պետք այդքան շատ եռանկյունաչափական վարժություններ լուծելը դպրոցում: Դպրոցն ավարտելուց ի վեր, 50 տարի շարունակ իրական կյանքում ինձ պետք չեն եկել ոչ sina-ն ոչ էլ՝ cosa-ն, էլ չեմ ասում arcsin-ի ու arctg—ի մասին: Պետք չէ ասել, որ այդ վարժությունները տրամաբանություն են զարգացրել: Ես մաթեմատիկոս չէի դառնալու և դրանք սոսկ մեխանիկական գործողություններ էին ինձ համար, որոնք ձևավորում էին ոչ մի տեղ պետք չեկող կարողություններ: Համատարած գրագիտության երկիր է Հայաստանը, միջնակարգ կրթությունն էլ՝ պարտադիր: Բոլորն էլ քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա առարկաներից քննություններ են հանձնել, բայց երբ բժիշկը  որևէ մեկին ասում է, որ նա պետք է 5%-անոց աղի լուծույթով ողողում անի, նա հարցնում է բժշկին, թե որքա՞ն աղ լցնի մեկ բաժակ ջրի մեջ: Ու՞ր կորան tg-ն ու ctg-ը: Այստեղ Վիետի թեորեմն էլ չի օգնի, եթե նույնիսկ անգիր հիշել: Այո, դպրոցը միշտ էլ կյանքից հեռու է եղել ու կյանքւմ ամենաանպաշտպանները դպրոցում կարգապահ, հլու հնազանդ ու շատ լավ սովորողներն են լինում: Մայքրոսոֆթի հիմնադիր տնօրեն Բիլ Գեյթսի խորհուրդը շատ է խոսուն`«Մի արհամարեք ձեր վատ սովորող դասընկերներին. շատ հնարավոր է գա մի օր, երբ հարկ կլինի խնդրել նրանց, որպեսզի նրանք աշխատանքով ապահովեն ձեզ որպես գործատու»:
Գերի Բենենսոնը իր բավականին ծավալուն հոդվածում «Introducing Technology as a School Subject – Տեխնոլոգիան որպես դպրոցական ուսումնական առարկա» աշխատում է բացահայտել տեխնոլոգիական կրթության էությունը: Նա գրում է, որ շատ կրթական շրջանակներում տեխնոլոգիան նույնացնում են համակարգիչների հետ, իսկ ոմանք էլ ավելի են նեղացնում տեխնոլոգիայի իմաստը և համարում են դա միայն համացանցային փնտրտուք: Գերի Բենենսոնը այն կարծիքին է, որ առօրյա կյանքում պիտանի սովորական թղթե տոպրակներ պատրաստել սովորեցնելը կրտսեր դպրոցում առաջին տեխնոլոգիական կարողություններից է, որ երեխան կարող է ձեռք բերել: Տեխնոլոգիական մոտեցման բոլոր բաղադրիչներն էլ կարող են առկա լինել տոպրակի պատրաստման ժամանակ: Առաջին բաղադրիչը հետազոտելն է: Դասվարի հետ միասին որոշում են, թե ո՞ր թղթի տեսակն է ամենադիմացկունը: Աշխատանքի պլանավորումը կատարում են՝ մատիտով գծելով ապագա տոպրակի բնական չափերով ձևվացքը: Օգտագործելով մկրատ և սոսինձ ստեղծվում է առաջին տոպրակը: Սովորողները կարող են գնահատել իրենց աշխատանքը՝ տոպրակի մեջ որոշ իրեր լցնելով և կշռելով այն: Վերջում պարզում են, թե քանի՞ կիլոգրամ միրգ է կարող պարունակել իրենց պատրաստած տոպրակը:

Ի՞նչ է տեխնոլոգիական կրթությունը

Հայերենի առցանց բացատրական բառարանում «տեխնոլոգիա» բառը երկու բացատրություններով է ներկայացված. «1. Նյութերի՝ արտադրանքի մշակման միջոցների և արտադրական պրոցեսների կատարման մեթոդների մասին գիտելիքների ամբողջությունը:

  1. Որոշակի միջոցներով, եղանակներով ու հաջորդականությամբ կատարվող այն գործառնությունների ամբողջությունը, որոնցից բաղկացած է նյութերի և արտադրանքի մշակության պրոցեսը

Օքսֆորդի բացատրական բառարանում այդ բառն ունի այս բացատրությունները. «Գիտության օգտագործումը արդյունաբերական կամ առևտրային նպատակներով»: Օրինակ, կաուչուկի արտադրության տեխնոլոգիան, կոնյակի արտադրության տեխնոլոգիան…

Ամերիկյան Webster-ի մեջ ավելի պարզ է գրված. «Գործնական նպատակին հասնելու համար օգտագործվող տեխնիկական մեթոդը»:

Միջազգային բակալավրիատի կրթական ծրագրում բացատրությանը կրթական ուղղվածություն է տրված. «Մարդու ստեղծականության կիրառումը խնդրի լուծման գործում»:  Այսինքն`կրթությունը, ուսուցումը տեխնոլոգիապես ճիշտ կազմակերպելու համար հարկ է որ ուսման գործընթացում խթանել սովորողների ստեղծականությունը: Այդ ստեղծականությունը խթանվում է «հաջորդականությամբ կատարվող գործառնությունների ամբողջությամբ»: Գործառնությունների այդ ամբողջությունը 4 քայլից է բաղկացած՝ հետազոտում, աշխատանքի պլանավորում, ստեղծում և գնահատում, իսկ համակարգչային տեխնոլոգիան օգնում է, որ այդ չորս քայլերը ավելի արդյունավետ իրականացվեն: Օրինակ, հետազոտման փուլում, երբ ուսումնասիրվող նյութի մասին անհրաժեշտ է նախնական տեղեկատվության, անգնահատելի է ինտերնետին միացված համակարգիչը: Համակարգչային տարբեր ծրագրերը օգնում են նաև հավաքած տեղեկատվությունը և սեփական փորձով ձեռք բերված արդյունքները համեմատել և տեսանելի ու պատշաճ ձևով ներկայացնել, ինչը նաև կարելի է համարել աշխատանքի արդյունավետ գնահատում:

Միջին և ավագ դպրոցներում հարկ չկա տեխնոլոգիան որպես առանձին առարկա ուսումնասիրել: Մի բան անելու տեխնոլոգիական հմտությունները կարելի է կիրառել գրեթե բոլոր ուսումնական առարկաների դասավանդման ընթացքում:

Օրինակ, դիտարկենք, թե ինչն է տեխնոլոգիական ուսուցումը գրականության դասավանդման մեջ.

  1. Հետազոտական աշխատանք. ընտրում ենք թեման

Մեր ուսումնասիրվող հեղինակը Հովհաննես Թումանյանն է: Սովորողներին հանձնարարվում է կարդալ Թումանյանի բանաստեղծությունները և նրանցում գտնել այնպիսիները, որոնք հնարավոր կլինի ամփոփել մի վերնագրի տակ, որոնք գրեթե նույն թեման են շոշափում: Օրինակ, եթե ինձ տրվեր այդպիսի հանձնարարություն, մի վերնագրի տակ կամփոփեի այն բանաստեղծությունները, որոնք բացահայտում են Թումանյանին որպես մեծ հավատքով լի մի մարդ. «Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում», «Բանաստեղծը ծերացել է», «Երբ ես տխուր, հուսահատ», «Ամառային երեկո» «Անմահությանը», «Աստծո սպառնալիքը» և այլ նմանաոգի բանաստեղծություններ:

  1. Պլանավորում. դասավորում ենք ընտրված բանաստեղծությունները ըստ մտքի զարգացման
  2. և 4. Ստեղծում և գնահատում

Նորից ու նորից ենք կարդում այդ բանաստեղծությունները՝ առանց պարտադրված անգիր անելու՝ կարևորը միտքն է, որը պետք է հասկանալ ու գնահատել: Երբ գնահատում ենք այդ մտքերը, ստեղծում ենք մերը: Գնահատել՝ նշանակում է ստեղծել:

Տեխնոլոգիական նույն բաղադրիչներով կարող ենք ավագ դպրոցի սովորողներին առաջարկել մի համեմատական հետազոտություն անել Շեքսպիրի «Տիմոն Աթենացու» և Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարու» խռովահույզ մենախոսությունները:

Մեկ այլ օրինակով քննարկենք հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն թարգմանչական կարողությունները զարգացնելու տեխնոլոգիան:

  1. Հետազոտական աշխատանք. ընտրում ենք թեման

Հայերենից անգլերեն թարգմանելու համար թեմաներն ընտրվում են ըստ սովորողների հետաքրքրությունների, նրանց արդեն ունեցած փորձառությունների: Հարկ չկա ընտրել այնպիսի թեմա, որում նույնիսկ մայրենի լեզվով անհասկանալի գաղափարներ են շարադրված:

  1. Պլանավորում

Աշխատանքի հաջորդականությունը.

Ա) Սկզբում ակտիվացնում ենք Google-ի թարգմանիչ ծրագիրը

Բ) Թարգմանվող տեքստը արտատպում ենք Microsoft Word –ում:

Գ) Կարդում ենք ամբողջ տեքստը և ընդգծում ենք այն բառերն ու բառակապակցությունները, որոնց անգլերեն ձևերը չգիտենք: Կարևոր է հասկանալ տեքստի ամբողջական բովանդակությունը, որպեսզի էլեկտրոնային թարգմանչի առաջարկած տարբերակներից հնարավորին չափով ճիշտն ընտրենք: Այդ հարցում մեզ շատ է օգնում նաև երկլեզվանի բառարանին կցված անգլերեն բացատրական բառարանը:

  1. Ստեղծում.

Սկսում ենք բուն թարգմանական գործընթացը՝ յուրաքանչյուր թարգմանված նախադասություն մուտքագրելով հայերեն տեքստի վերևում և ջնջելով  համապատասխան հայերեն նախադասությունը: Վերջում մեր էջում մնում է միայն անգլերեն թարգմանվածը:

  1. Գնահատում

Վերջում արագ կարդում ենք մեր թարգմանած տեքստը և հնարավոր վրիպակները ուղղելուց հետո տեղադրում ենք այն մեր բլոգում, կայքի անգլերեն էջում, ուղարկում ենք մեր արտասահմանյան ոչ հայախոս բարեկամին: Միջմշակութային կապերի, միջազգային կրթական փոխանակումների զարգացման համար կարևոր է թարգմանչական կարողությունը:

Դպրոցական տարբեր ուսումնական առարկաների մասնագետները կարող են իրենց առարկայի թեմաները մշակել նշված տեխնոլոգիական բաղադրիչներով:

Այդուհանդերձ, հանրակրթությունը պետք է այնպես կազմակերպվի, որ արդյունքում սովորողները ձեռք բերեն իրենց կյանքում միշտ էլ անհրաժեշտ հետևյալ տեխնոլոգիական կարողությունները.

Մտածելու կարողություններ

Թեմատիկ գաղափարների վրա հիմնված լեզվական բառապաշարի ընդլայնում և կիրառում

Օգտագործել արդեն ձեռք բերած գիտելիքը նոր երևույթի բացահայտման մեջ

Վերլուծել երևույթները համեմատության մեջ՝ գտնելով դրանց նմանությունները և ընդհանրությունները

Կարողանալ ստեղծել մի նոր ամբողջ՝ համակցելով տարբեր երևույթների առանձին մասեր, ստեղծել-հորինել նորը

Կարողանալ ստեղծել՝ գնահատելով տարբեր երևույթներ

Տարբեր տեսակետները հաշվի առնելով՝ առաջ քաշել սեփականը

Սոցիալական կարողություններ

Պատասխանատվություն վերցնել մի որևէ հանձնարարություն կատարելու համար

Կարողանալ լսել և հարգել ուրիշների կարծիքը, որոշումներ կայացնել ելնելով սոցիալական արդարության ու հավասարության սկզբունքներով, հարգել այլ դավանանքներ ունեցող անձանց

Կարողանալ խմբային աշխատանք կատարել՝ իմյանց հետ կիսելով աշխատանքներ և աշխատանքային գործիքներ, ի վիճակի լինել հարթել խմբում առաջացած հակասությունները

Հաղորդակցական կարողություններ

Կարողանալ ունկնդրել ասվող ցուցումները, տեղեկատվությունը

Կարողանալ մի որևէ իրադարձության մասին բանավոր տեղեկատվություն տալ՝ մտքերի հստակ և տրամաբանական հաջորդականությամբ

Կարողանալ մի որևէ երևույթի մասին տեղեկություններ հայթհայթել համացանցից, տեղեկատվական գրքերից և դրանք կարդալով՝ գրավոր և բանավոր եզրակացություններ անել լսարանի առաջ Power Point ներկայացմամբ կամ էլ՝ բլոգում

Կարողանալ երևույթների պատկերման, զարգացման սխեմաներ ու գրաֆիկներ կարդալ և մեկնաբանել դրանք բանավոր և գրավոր

Ինքնակառավարման կարողություններ

Կարողանալ վարքագծով այնպես անել, որ սեփական անձը և ուրիշներինվտանգի մեջ չդնել

Կարողանալ արդյունավետորեն օգտագործել հանգստի և աշխատանքային ժամանակը

Կարողանալ տեղանքի քարտեզից օգտվել, կարողանալ կողմնորոշվել տեղանքում կողմնացույցով և առանց կողմնացույցի

Կարողանալ հետևել անձնական հիգիենային, առողջ սննդի և ապրելակերպի կանոններին

Համակարգչային կարողություններ

Կարողանալ աշխատել  Word office, Power Point, Paint, Photo shop, Excel, Avis, Film maker ծրագրերով

Կարողանալ անձնական բլոգ ստեղծել և վարել այն

Ֆիզիկական և աշխատանքային կարողություններ

Կարողանալ լողալ, թել ու ասեղով կարել

Կարողանալ վրան խփել ու խարույկ վառել, կարողանալ գոյատևել որոշակի էքստրեմալ պայմաններում

 

Նյութն ուսումնասիրելիս օգտագործել եմ հետևյալ աղբյուրները.

Հայերենի առցանց բառարան

Oxford Learner’s Dictionary

Ֆինլանդիայում կրթական նոր հեղափոխություն է նախապատրաստվում

Why Academic Teaching Doesn’t Help Kids Excel in Life

Project Based Learning

How We Can Connect School Life to Real Life

Introducing Technology as a School Subject

Perspectives of the San Diego Bay

Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունները

Աբու Լալա Մահարի