Just another WordPress.com site

Archive for November, 2016

Մերժում եմ Եվրասիական դպրոցական լեզվաբանական օլիմպիադան

Երեկ կրթահամալիրը մի նամակ էր ստացել, որտեղ առաջարկվում է մասնակցել Եվրասիական դպրոցական լեզվաբանական օլիմպիադային:   Ներկայացված առաջադրանքները երեք տարիքային խմբերի համար են՝ 7-8-րդ դասարաններ, 9-րդ դասարան և 10-11-րդ դասարաններ: Ռուսաստանում 11-րդը միջնակարգ դպրոցի ավարտական դասարանն է:

Սկսեցի մանրամասն ուսումնասիրել 7-8-րդ դասարանների համար նախատեսված առաջադրանքները: Պետք է ասեմ, որ դրանք շատ ավելի բարդ են և պարունակում են անհարկի և անիմաստ գիտելիքների իմացության պահանջներ, քան այդ դասարանների առարկայական ծրագրերն են: Առաջադրանքներ կան, որ պահանջում են լեզվի իմացության B2 մակարդակ, ինչը համալսարանական մակարդակ է, իսկ մեր հանրապետության և ամբողջ աշխարհի դպրոցների օտար լեզվի ավարտական քննությունները B1 մակարդակի են:  Համաձայն եմ, որ Եվրասիական միության պետություններում լեզվաբանական օլիմպիադաների անցկացման համար պետք է լեզվի իմացության բարձր մակարդակ, բայց ոչ այդ աստիճանի անհարկի տեղեկատվության իմացություն 7-րդ դասարանցու համար: Օրինակ՝ սովորողը պետք է անգլերեն իմանա անգլերենի բոլոր խոսքի մասերի անգլերեն տերմինները և որոշի, թե տվյալ բառը ո՞ր խոսքի մասին է պատկանում(առաջադրանք 14), ստուգաբանորեն ո՞ր լեզվից է փոխառնված (առաջադրանք 18), անգլիացիների Հիշատակման օրը պաշտոնապես նշվում է Բուկինգեմյան պալատում, թե՞ Սուրբ Պողոս եկեղեցիում, Մեծ Բրիտանիայում թե ԱՄՆ-ում են օգտագործվում տվյալ բառերը (առաջադրանք 20), The Sunday Telegraph-ը անգլիական, թե՞ ամերիկյան պարբերական է (առաջադրանք 19): Ամեն ինչ պետք է ընտրել, ոչ մի ստեղծական առաջադրանք: Սա կատարելագործված անգիրի դպրոցն է:

Սա իմ մասնագիտությանը վերաբերող առաջին Եվրասիական փաստաթուղթն էր, որն այնքան անօգուտ ջանքեր է պահանջում և ես մերժում եմ սա: Կյանքն առաջ է գնացել, իսկ այս առաջադրանքները մեզ ետ են տանում դեպի 20-րդ դարի կեսերը: Օրինակ, 2-րդ առաջադրանքում պահանջվում է որոշել, թե արդյոք որ դեպքերում է վերջին բաղաձայնը կրկնապատկվում ing վերջավորությունը ավելացնելիս: 21-րդ դարի երեխան չի առնչվում այդ խնդրին: Համակարգիչն է դա անում: Դուք չեք էլ կարող մուտքագրել swimming բառը մեկ m-ով: Միգուցե քաղաքականության մեջ էլ նույն վիճակն է. չգիտեմ… ես քաղաքագետ չեմ:

 

Նոյեմբեր ամսվա հաշվետվությունը

  1. Թարգմանություններ և խմբագրական աշխատանք mskh.am-ի անգլերեն էջում

“Mkhitar Sebastatsi” Educational Complex կրթահամալիրում մշակվող և իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի մասին տեղեկատվական նյութը, որը ռուսերեն թարգմանության հետ դարձավ մեր մանկավարժության ձեռքբերումների տարածման  երկլեզվյա տեղեկանք:

An Extract from the Educomplex Director’s Diary, տնօրենի նոյեմբերի 25-ի օրագրից հատված, որը վերաբերում է բլոգային ուսուցմանը:

  1. Հրապարակումներ Դպիրում.

«Գրագիտության փոխվող դեմքը. Ինչպե՞ս է պետք կարդալ սովորեցնել թվային դարաշրջանում»՝ թարգմանություն անգլերենից:

«Առաջադրանքներ գրավոր խոսքի զարգացման համար» այլոց փորձի ուսումնասիրում և տեղայնացում:

Հայերենից անգլերեն եմ թարգմանել Աշոտ Տիգրանյանի հոդվածը «Learners Choose Courses»

  1. Կրթահամալիրի «Սեբաստացու օրեր» ամենամյա ավանդական տոնը ինձ համար առանձնահատուկ ձևով եմ նշանավորել: Կրթահամալիրում աշխատանքային բոլոր տարիների ընթացքում Դպիրում իմ հրապարակումները հոդվածների, ուսումնասիրություն-վերլուծությունների, փոխադրությունների տեսքով էլեկտրոնային գիրք եմ կազմել՝ տեսակավորված 5 ուղղություններով: Գրքի վերնագիրն է՝ «Երևակում եմ դասավանդողի կյանքի իմ հետքը»: Լուսինե Ալեքսանյանը էլեկտրոնային գրքի հատուկ ծրագրով տեղադրելու է այն Մեդիագրադարանում:
  2. Նոյեմբերի 18-ին անցկացվեց իմ առաջադրանքներով կազմված անգլերենի նոյեմբերյան ֆլեշմոբը, որիարդյունքները ամփոփեցի նոյեմբերի 28-ին:
  3. Շաբաթը երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին շարունակել եմ անգլերենի դասընթացը կրթահամալիրի դասավանդողների հետ:

Դասընթացի մշտական մասնակիցներն են՝

Մանիկ Պողոսյանը, Հասմիկ Նալբանդյանը, Մերի Գրիգորյանը, Տաթև Աբրահամյանը, Հասմիկ Ղազարյանը (դասվար), Հասմիկ Թոփչյանը, Մենուա Հարությունյանը, Իվետա Ջանազյանը, Էմանուել Ագջոյանը, Անահիտ Գևորգյանը, Բաբկեն Փաշինյանը: Այս ամիս խմբին միացավ նաև Հռիփսիմե Գասպարյանը:

  1. Կատարելով կրթահամալիրի տնօրենի հրամանը՝ սկսեցի ուսումնասիրել կրթահամալիրի բոլոր դասավանդողների ուսումնական բլոգները՝ պարզելու համար, թե որքանով են դրանք համապատասխանում դասավանդողի ուսումնական բլոգին ներկայացված պահանջներին:

Արդեն ավարտել եմ դասավանդողների բլոգների ուսումնասիրությունը և նշումներ եմ արել յուրաքանչյուր բլոգի համապատասխանության մասին: Սովորողների բլոգների ուսումնասիրությունը և վերջնական եզրակացությունը ուսումնասիրություն-հոդվածի տեսքով պատրաստ կլինի Դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում:

  1. Տարբեր նամակների և դրանց հավելվածների թարգմանություններով օգնել եմ տիար Բլեյանի Գերմանիա գնալու նախապատրաստական աշխատանքներին:

Անգլերենի նոյեմբերյան ֆլեշմոբի արդյունքների ամփոփում

Անգլերենի նոյեմբերյան ֆլեշմոբը ունեցել է 187 մասնակից: Մասնակիցների թիվն ըստ դասարանների. 1-3-րդ՝ 66, 4-5-րդ՝ 83, 6-8-րդ՝ 22, 9-12-րդ՝ 16:

1-3-րդ դասարանների նոյեմբերյան առաջադրանքով ստուգվում էր, թե որքան լավ են սովորողները հասկանում անգլերեն դասավանդողների դասարանական հրահանգները, դասավանդողի պարբերաբար կրկնվող անգլերեն խոսքը: Պատասխանները պետք է լինեին անգլերենից հայերեն թարգմանություններ: Ֆլեշմոբը ցույց տվեց, որ 1-3-րդ դասարանների սովորողները և ծնողները բավականին լավ են հասկանում դասավանդողի անգլերեն խոսքը: Այս առաջադրանքի համար գնահատականներ չեն դրվել:

4-5-րդ դասարանների համար նախատեսված բոլոր առաջադրանքները հաղորդակցական էին և սովորեցնում էին, թե ինչպես պետք է հաղորդակցվել սեղանի շուրջը: Առավելագույն 10 միավոր են ստացել հետևյալ սովորողները.

  1. Արեգ Հակոբյան, Հարավային դպրոց 5-րդ.
  2. Սուսաննա Բալախչյան, Արևելյան դպրոց, 4-րդ.
  3. Լիլիթ Արևշատյան, Արևելյան դպրոց, 4-րդ.
  4. Գոհարինե Ազնաուրյան, Հարավային դպրոց, 4-րդ.
  5. Սաթինե Սաֆարյան, Հարավային դպրոց, 5-րդ.
  6. Դավիթ Հարությունյան, Հարավային դպրոց, 5-րդ.
  7. Մարկ Հովհաննիսյան, Հարավային, 5-րդ.
  8. Դավիթ Խաչատրյան, Արևմտյան դպրոց, 4-րդ.
  9. Վիկտորյա Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց, 4-րդ.
  10. Արամե Սաֆարյան, Հարավային, 4-րդ
  11. Լյուբով Բաբայան, Արևմտյան դպրոց, 5-րդ.
  12. Ջանիկյան Արթենի, Արևելյան դպրոց, 5-րդ.
  13. Սեդա Մարգարյան, Հարավային դպրոց, 4-րդ.
  14. Սոս Ղահրամանյան, Արևելյան դպրոց, 4-րդ.
  15. Լեո Դավթյան, 4-րդ, դպրոցը նշված չէ
  16. Արևիկ Արզումանյան, Հարավային դպրոց, 5-րդ.
  17. Եվա Սահրադյան, Արևմտյան դպրոց, 4-րդ.
  18. Միլենա Հարությունյան, Արևմտյան դպրոց, 5-րդ.
  19. Մանե Մկրտչյան, Արևելյան դպրոց, 4-րդ.
  20. Սվետլանա Համբարձումյան, Արևելյան դպրոց, 4-րդ.
  21. Եվա Մխիթարյան, Արևմտյան դպրոց,
  22. Էլեն Կարապետյան, Արևմտյան դպրոց, 5-րդ.
  23. Մարտին Բարսեղյան, Հյուսիսային դպրոց, 4-րդ.
  24. Հովհաննես Աճեմյան, Արևմտյան դպրոց, 4-րդ.
  25. Ալինա Արզումանյան, Արևելյան դպրոց, 5-րդ.
  26. Արսեն Հովհաննիսյան, Արևմտյան դպրոց, 4-րդ.
  27. Տիգրան Մարջանյան, Արևմտյան դպրոց, 4-րդ.
  28. Հրաչյա Աբգարյան, Հյուսիսային դպրոց, 5-րդ.

6-8-րդ դասարանների բոլոր առաջադրանքները և հաղորդակցական էին և պահանջում էին ստեղծագործական մոտեցում: Առավելագույն 10 միավոր են ստացել միջին դպրոցի հետևյալ սովորողները՝

  1. Նարե Մելքոնյան, 6-րդ դասարան
  2. Մարտին Աթոյան, 6-րդ դասարան
  3. Անուշ Թադևոսյան, 8-րդ դասարան
  4. Հայկ Մկրտչյան, 6-րդ դասարան
  5. Սերգեյ Բոյախչյան, 8-րդ դասարան
  6. Անի Գևորգյան, 8-րդ դասարան

9-12-րդ դասարանների առաջադրանքները նույնպես պահանջում էին ստեղծագործական մոտեցում և ցավալի է, որ Ավագ դպրոցից ընդամենը 15 մասնակից էր եղել:  16-րդ-ը Բաբկեն Փաշինյանն է: Առավելագույն 10 միավոր են ստացել հետևյալ սովորողները՝

  1. Մերի Երանոսյան, 10-րդ դասարան
  2. Դավիթ Ստեփանյան, 10-րդ դասարան
  3. Հուրի Իսկանյան, 10-րդ դասարան
  4. Տիգրան Աբրահամյան, 11-րդ դասարան
  5. Ամասյա Նիզիբյան, 11-րդ դասարան
  6. Բաբկեն Փաշինյան, մաթեմատիկայի դասավանդող

Անգլերենի բոլոր դասավանդողներին կուղարկեմ բոլոր մասնակիցների պատասխաններն իրենց գնահատականներով Excel ֆայլերով: Այդպես ավելի հեշտ կլինի դասավանդողների համար պատասխանել իրենց սովորողների հնարավոր հարցերին, կատարած սխալների քննարկում անել:

 

 

 

 

 

 

Գրագիտության փոխվող դեմքը Ինչպե՞ս է պետք կարդալ սովորեցնել թվային դարաշրջանում

Հեղինակ՝ Լիանա Հայթին «Education Week» շաբաթաթերթ, 8 նոյեմբերի, 2016

Թարգմանությունը կատարված է որոշ կրճատումներով:

Քննարկման ենթակա չէ այն, որ ընթերցելու բնույթը փոխվել է վերջին տասնամյակում՝ էլեկտրոնային շարժական սարքերի, էլեկտրոնային մուլտիմեդիա կայքերի, թվայնացված գրքերի, ինտերակտիվ գծապատկերների և սոցցանցերի զարգացումներով: Բայց արդյո՞ք տարրական դպրոցներում էլ է փոխվել կարդալ սովորեցնելու ձևը: Ի՞նչ պետք է ուսուցիչներն անեն, որպեսզի սովորողներին նախապատրաստեն ժամանակակից իրական ընթերցանությանը:

Մինչև հիմա ընդհանուր համաձայնություն չկա այն բանում, թե ինչպես պետք է ներառել թվային սարքերով աշխատելու կարողությունները գրագիտության ուսուցանման մեջ: Գործող ուսուցիչները քիչ ուղենիշներ ունեն և նրանցից շատերն իրենց դասերը պարզապես հարմարեցնում են նոր իրողությանը իրենց հայեցողությամբ: Գրագիտության ուսուցանման շատ փորձագետներ էլ գոնե մեկ բանում ընդհանուր համաձայնության են եկել. բոլոր սովորողները՝ նույնիսկ ամենակրտսերները, պետք է միաժամանակ սովորեն և′ տպագիր և′ թվային տեքստերով:

«Հենց այնպես ինչպես մենք կրտսեր տարիքի երեխաներին սովորեցնում ենք գեղարվեստական և ոչ գեղարվեստական խոսքը հասկանալը, կարող ենք խոսել նախադպրոցական և մանկապարտեզային տարիքի երեխաների հետ. սա այն տեքստն է, որի էջերը շրջում ենք, իսկ այս տեքստի տարբեր էջերին կտտացնում ենք», ասել է Ֆորդհեմ համալսարանի անգլերենի ուսուցման և ժամանակակից գրագիտության դոցենտ Քրիսթեն Հոլին: Շատերի կողմից է ընդունված, որ վաղ հասակում սովորողներին իրական ու ժամանակակից ձևով կարդալ սովորեցնելու եղանակը միաժամանակ տպագիր և թվային տեքստեր տալն է:

«Սա այն ձևն է, որով մարդիկ ժամանակակից աշխարհում կարդում, գրում, հաղորդակցվում և սովորում են, և ուրեմն երեխաներն էլ պետք է սկսեն նույնկերպ սովորել ամենասկզբից», ասել է Կոլորադոյի համալսարանի գրագիտության ուսուցանման դոցենտ Բրիջիտ Դալտոնը, «չի կարելի սպասել, մինչև նրանք լավ յուրացնեն կարդալու մի ձևը և հետո անցնեն մյուսին: Դա համաժամանակյա զարգացում է»: Բայց, ինչպես փորձագետներն են ասում, դժբախտաբար այդ ձևով ուսուցանման անցումը շատ վայրերում դանդաղ է իրականացվում: «Կարդալ» բառը տարրական դասարաններում դեռ հաճախ վերաբերում է միայն տպագրին:

Ըստ Կրթության զարգացման ազգային գնահատման 2015 թվականի հարցման տվյալների՝ 4-րդ դասարանցիներից օրեկան միայն 10-ից մեկն է համակարգիչ օգտագործում, որպեսզի հասանելի լինի ընթերցանության համար նախատեսված կայքերին: Չորրորդ դասարանցիների մոտավորապես 30%-ը երբեք, կամ գրեթե երբեք այդպիսի էլեկտրոնային տեքստեր կարդալու համար համակարգիչ չի օգտագործում դպրոցում:…

Հավելում Տպագրային ունակություններին

Կրտսեր դպրոցի սովորողներին տպագիր տեքստ կարդալու հիմնարար ունակություններ սովորեցնելու արդեն իսկ դժվար աշխատանքին թվայնացված տեքստեր ավելացնելը կարող է վհատեցնող լինել:

Նույնիսկ թվայնացված դարում ծնված սովորողները կարիք ունեն մի խումբ նոր ունակությունների ձեռքբերման, ինչը ներառում է նոր սարքեր ու առցանց գործիքներ աշխատացնելուն, ուշադրության կենտրոնացնելուն, անվտանգության և անձնական տվյալների գաղտնիությունը պահպանելուն:

«Դժվար է մեր համար: Լինելով ուսուցիչներ՝ ինքներս ենք նոր միայն գիտակցում, թե որքան է փոխվել մեր ընթերցելն ու գրելը առօրյա կյանքում», խոստովանել է Ֆրենկի Սիբերսոնը՝ երրորդ դասարանի ուսուցիչը Դուբլինից, Օհայո նահանգ, ով նաև անգլերենի ուսոուցիչների ազգային խորհրդի փոխնախագահն է:

Շատերն են այն կարծիքին, որ տեխնիկական ունակություններ սովորեցնելու ամենալավ ձևերից մեկը մոդելավորման միջոցով է լինում: Ուսուցիչները կարող են իրենք գործածել տեխնոլոգիան և միաժամանակ էլ բարձրաձայն ասել, թե ինչ են անում: Չիկագոյի առաջին դասարանի ուսուցիչ Քրիստին Զիմկեն էլ այսպես է արտահայտվել. «Այս շաբաթ մենք կարող ենք թղթե տպագիր գիրք կարդալ, իսկ հաջորդ շաբաթ կարող եմ անցնել իմ ընտրած «Kindle»-ին (էլեկտրոնային գրքերի հավաքածու): Ես ուզում եմ, որ իմ աշակերտները տեսնեն, թե ինչպես եմ ես  էլեկտրոնային գրքի էջը առաջ և հետ շրջում: Կարիք չկա, որ յուրաքանչյուր սովորող՝ հատկապես ամենակրտսերները, ունենա իր սեփական համակարգիչը դասարանում: Մեկ համակարգիչը իր պրոյեկտորով ամեն ինչ փոխում է և ուսուցիչների և սովորողների համար»:

«Կրտսեր սովորողների համար բոլորովին էլ դժվար չէ տպագիր բառերից ու տեքստից հայացքներն ուղղել էկրանին: Դա իրենց աշխարհընկալման բնական ձևի ընդլայնում է: Դա այն է, ինչին առերեսվում են իրենց կենցաղում», ասել է Կարեն Պելեքիսը՝ առաջին դասարանի ուսուցիչը Սքարսդեյլից:

 Ոչ գծային տեքստեր

Թղթե տպագիր և էլեկտրոնային առցանց ընթերցումների ամենամեծ տարբերությունն այն է, որ վերջինս ընթերցելուց բացի տալիս է նաև որոշում կայացնելու հնարավորություն:  Քեթրին Հեյլը՝ տեխնոլոգիայի դասավանդողը Արլինգտոն քաղաքից, հայտնել է հետևյալ կարծիքը. «Տպագիր ընթերցանությունը վերջ ունեցող մեկուսի ընթերցանություն է, իսկ թվային ընթերցանությունը ավելի շատ նման է արկածներ որոնելուն: Դու կարող ես կտտացնել մի այլ բանի վրա ու նորից շարունակել ընթերցելը»: Այլ խոսքերով ասած ընթերցանությունը գծային բնույթով տպագրից անցում է կատարում դեպի ոչ գծային առցանցը: Փորձագետներն ասում են, որ ուսուցիչները պետք է ուղղակիորեն օգտվեն այդ տարբերությունից՝ ցույց տալով սովորողներին, որ երբեմն մի որևէ հոդվածի կեսին հասնելով ճիշտը դադար առնելն է և մի հղումին կտտացնելը կամ էլ՝ մի տեսաֆիլմ դիտելը, եթե դա օգնելու է նրանց տեքսի բովանդակությունը ավելի լավ հասկանալ: Թերներն ասել է. «Մենք պետք է կրտսեր սովորողներին սովորեցնենք, որ թվայնացված տեքստերը հղումներով են և համացանցի տարբեր կայքերում են, և ընթերցողը մի տեղից մյուս տեղն է գնում թռիչքաձև, այլ ոչ թե միայն ձախից աջ»:

Միևնույն ժամանակ սովորողները պետք է գիտակցեն, որ առցանց ընթերցանության և տպագիր ընթերցանության ֆորմատները տարբեր են, բայց նպատակը նույնն է մնում:… Այդուհանդերձ, որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ 3-ից 6 տարեկան երեխաները, երբ իրենց ծնողների հետ էլեկտրոնային գրքեր են կարդում, ավելի քիչ բովանդակային մանրամասներ են հիշում, քան երբ աշխատում են տպագիր գրքերով:…Առցանց ընթերցման ընթացքում կրտես սովորողները կարիք ունեն, որպեսզի իրենց սովորեցնեն, թե ինչպես է կարելի չշեղել ուշադրությունը ընթերցանության բուն նյութից. ե՞րբ անտեսել հղումները, հարակից ներդիրները և չթռչել մի այլ տիրույթ: …

 Առցանց տեքստերի որոնում

Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ հենց այնպես, ինչպես սովորողները սովորում են տպագիր գրքեր ընտրել գրադարանում, նույնկերպ էլ նրանք պետք է սովորեն տեքստեր որոնել առցանց, բայց, իհարկե, առցանց որոնումը լի է անվտանգության և անձնական տվյալների գաղտնիության խնդիրներով և այս պատճառով կրտսեր սովորողները որոնումը պետք է կատարեն ավելի սահմանափակ տիրույթներում: Փելեկիսն, օրինակ, խուսափում է իր առաջին դասարանցիներին որոնում առաջադրելուց և միանգամից տալիս է նրանց պահանջվող տեքստի հղումը:…Այդ ձևով նա իր սովորողներին հեռու է պահում հնարավոր անպատշաճ տեքստերից: …

Իսկական ընթերցանությունը ընդդեմ խաղերի

Անհաշիվ քանակության առցանց խաղեր կան, որոնք օգնում են սովորողներին վարժանքների միջոցով բարելավել իրենց կարդալու կարողությունները և դասավանդողներն էլ տարիներ շարունակ օգտագործում են դրանք, բայց թվային ընթերցանության փորձագետները զգուշացնում են, որ էական տարբերություն կա ընթերցանական խաղեր (հնչյունական բնույթի, բառապաշարային) օգտագործելու և իսկական առցանց ընթերցանության միջև:       

Խաղերի վերաբերյալ Զիմկեն հետևյալ միտքն է ասել. «Երբ ինձ հարցնում են, թե որն է երկրորդ դասարանի համար ամենալավ բառային խաղը, որը հիմնված է ամենաշատ օգտագործվող բառերի վրա, ես պատասխանում եմ, որ չգիտեմ, ես չեմ օգտագործում խաղային տեխնոլոգիան: Ես որևէ կերպ դեմ չեմ խաղերին, բայց երբ խոսքը վերաբերում է ամնասկզբին, թե ինչից սկսենք, ես այն կարծիքին եմ, որ մենք այնքան շատ բան կարող ենք անել մեր ամենօրյա աշխատանքը մոդելավորելով և տեխնոլոգիան նպատակային իսկական ձևով օգտագործելով»:…

 Դասարանային խոչընդոտներ  

…Շատ ուսուցիչներ բողոքում են, որ իրենք դասարանում չունեն համակարգիչներ և ինտերնետ կապ, որպեսզի սկսեն առցանց ընթերցում իրականացնեն: Թերներն այն կարծիքին է, որ դա ուսուցիչների ամենափոքր խնդիրն է: «Ավելի մեծ խնդիր է այն, որ ուսուցիչները երկընտրանքի մեջ են ընկնում և չգիտեն, թե ինչպես վարվեն, քանի որ տարվող կրթական քաղաքականությունը անհրաժեշտաբար չի զարգացնում թվային առցանց ընթերցանությունը: Համացանցը լցված է միօրինականացված թեստերով, որոնք չեն պահանջում իսկական ընթերցանական կարողություններ, ինչպիսին է համացանցում որոնողական մեխանիզմների գործածումը: Եվ շատ դեպքերում, քանի որ իսկական առցանց ընթերցման կարողությունը չի գնահատվում, ուսուցիչները առաջնայնություն չեն տալիս դրա ձևավորմանը»:…

Չեստերֆիլդի մանկավարժական նորարարության համակարգող Բասսը իր բլոգում գրել է. «Մեծ հաշվով ժամանակին մեզ չեն պատրաստել որպես ուսուցիչներ, ովքեր աշխատելու էին թվայնացված տիրույթում սովորողների հետ: Մենք հետ ենք ընկնում և ապավինում ենք այն ամենին, ինչին մեզ են սովորեցրել, իսկ դա հենց խոչընդոտ է»: Որոշ ուսուցիչներ էլ այլ մտածելակերպեր ունեն, որ հետ են պահում իրենց առցանց ընթերցանությունից: Զիմկեն իր բլոգում նշել է. «Կան ուսուցիչներ, ովքեր սպասում են մինչև կանցնեն այլ աշխատանքի, կամ էլ ասում են, որ կգնան այլ դպրոց, որտեղ տեխնոլոգիային այնքան էլ ուշադրություն չեն դարձնում: Որոշ մանկավարժներ էլ գիտակցորեն կապված են այն մտքին, որ սիրահարված են տպագիր գրքերին՝ ասելով …Ինչ-որ մի ձգող կախարդական բան կա գիրքը ձեռքում պահելու և թերթերը շրջելու մեջ», բայց Հալեն գրել է. «Ընթերցելն այլևս տպագիր տեքստ ընթերցել չէ: Ընթերցելը աշխարհի ընթերցումն է դարձել»:

 

Աղբյուրը՝

How Should Reading Be Taught in a Digital Era?

 

Թարգմանությունը՝ Յուրա գանջալյանի

Այլոց փորձի ուսումնասիրում. առաջադրանքներ գրավոր խոսքի զարգացման համար

Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ ձգտում են անգլերեն սովորել, որովհետև այն միջազգային հաղորդակցության լեզու է դարձել գրեթե բոլոր ասպարեզներում՝ գիտություն, քաղաքականություն, միջազգային հարաբերություններ, միջմշակութային կապեր, կրթական փոխանակումներ, միջազգային ավիաուղիներ: Գրեթե բոլոր երկրներում կազմում են անգլերենի գիտելիքներն ու կարողությունները ստուգող առաջադրանքներ: Լավ կազմված առաջադրանքներում հաշվի է առնվում այն հանգամանքը, թե որքանով են այդ գիտելիքներն ու կարողությունները կիրառելի ուսման և աշխատանքային բնագավառներում, որքանով են դրանք մոտիվացված սովորողներին սովորելու դրդող ներքին և արտաքին դրդապատճառներով:

Ներքին դրդապատճառները որպես կանոն սովորողների հետաքրքրություններն են, նախասիրությունները, որոնք այնքան տարբեր ու բազմազան են, որ գործնականում հնարավոր չէ առաջնորդվել ըստ յուրաքանչյուրի անձնական նախասիրությունների: Իդեալական կլիներ, եթե յուրաքանչյուր սովորողի համար մի առանձին առաջադրանքների փաթեթ կազմվեր ըստ իր նախասիրությունների:

Արտաքին դրդապատճառները կիսամյակային և տարեվերջյան քննություններն են, ամենօրյա հարցումներն ու գնահատականները: Հիմա Հայաստանում մեծաթիվ են այն դպրոցներն ու դասավանդողները, ովքեր հիմնվում են միայն արտաքին դրդապատճառների վրա՝ պատճառաբանելով, որ այդ կարողությունները պետք են գալու քննություններ հանձնելիս: Այդ պատճառով էլ ավագ դպրոցներում մեծ ուշադրություն է դարձվում ԳԹԿ-ի կազմած տարբեր ուսումնական առարկաների շտեմարանների հարցաշարերին: Սովորելու դրդապատճառներն այս կերպ ունենում են միայն արտաքին բնույթ: Դրան հակառակ, անգլերենի անգլիական և ամերիկյան քննական առաջադրանքները այնպես են կազմում, որ հնարավորին չափ արտաքին դրդապատճառների բնույթը համընկնի սովորողների ներքին դրդապատճառների բնույթին: Տարբեր երկրների, ինչպես նաև մեր երկրի անգլերեն դասավանդողները այդպիսի առաջադրանքների մեծ ընտրություն ունեն համացանցում՝ մի առավելություն, որից զրկված են նույնիսկ մեր կրթահամալիրի մայրենիի դասավանդողները, ովքեր այդքան շատ են համացանցով աշխատում:

Ընդհանրապես անգլախոս երկրների շատ դպրոցներում «Գրել սովորեցնելը – Teaching Writing» առանձին ուսումնական առարկա է համարվում, որը հաջողությամբ փոխարինում է լեզվի քերականության ավանդական դասընթացին: Այս առարկան դասավանդում են հատուկ որակավորում ունեցող դասավանդողները՝ Writing teachers – գրավոր խոսքի դասավանդողները: Գրել սովորեցնելով երկու հիմնական կարողություն է ձևավորվում՝ գեղարվեստական և ոչ գեղարվեստական խոսք ստեղծելու կարողություններ: Այս երկու ուղղությունների հիմնական նպատակն է օգնել սովորողներին, որպեսզի նրանք՝

  • Գրելով սովորեն
  • Գրելով հասկանան
  • Գրելով նոր գիտելիք կառուցեն
  • Գրելով ուսումնասիրեն
  • Գրելով հարցադրում անեն
  • Գրելով հաղորդակցվեն
  • Գրելով տեսակետ արտահայտեն

Մեր իրականության մեջ մայրենիի դասավանդողները արդեն խոր արմատներ ունեցող և  ավանդույթ դարձած սովորություն են ձեռք բերել գրեթե միշտ աշխատել գրավոր խոսքի գեղարվեստական շարադրանքի ունակությունների ու կարողությունների ձևավորման վրա՝ աչքաթող անելով ոչ գեղարվեստականը, իմ կարծիքով, ավելի կարևոր ուղղությունը: Այս բացը լրացնելու համար առաջարկում եմ ստեղծական բնույթ ունեցող և գրավոր խոսքը զարգացնող առաջադրանքներ, որոնք վերցրել եմ անգլալեզու աղբյուրներից, տեղայնացրել ու հաջողությամբ փորձարկել եմ իմ աշխատանքային գործունեության տարբեր տարիներին:

Ստեղծագործական բնույթ ունեցող դասավանդողի կողմից ուղղորդվող առաջադրանքներ 

  1. Որքան հնարավոր է հիմնավոր և քաղաքավարի մերժեք այս հրավերը այնպես, որ հրավիրողը չվիրավորվի.

Հարգելի Ստեփանյաններ, խնդրում ենք ընտանյոք հանդերձ ներկա լինել Արայի և Աշխենի հարսանեկան արարողությանը, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 22-ին ժամը 16:00-ին, Փարավոն ռեստորանային համալիրում:

  1. Որքան հնարավոր է հիմնավոր և քաղաքավարի մերժեք այս խնդրանքը այնպես, որ խնդրողը չվիրավորվի և չկորցնի հարգանքը Ձեր նկատմամբ.

 Հայաստանի կույրերի միավորման երգչախումբը գործում է արդեն 40 տարի առանց պետական հովանավորության: Մեր միավորման և երգչախմբի 32 անդամների անունից խնդրում ենք երգչախմբին տալ պետական կարգավիճակ համապատասխան բյուջետային հատկացումներով:   

  1. Կարևոր է կարողանալ կարդալ, հասկանալ ու մեկնաբանել ոչ միայն բաց տեքստը`այլև մի որևէ երևույթի զարգացման գրաֆիկական պատկերը:

Տեքստային ձևով մեկնաբանեք երեխաների ծնելիության զարգացման կորը 1987-2010 թվականների ժամանակահատվածում՝մեկնաբանելով անկման և բարձրացման պատճառները: Հաշվի առեք այդ պատմական ժամանակաշրջանի առանձնահատկությունները՝ խորհրդային միության փլուզում, պատերազմական տարիներ, կենսամակարդակի անկում, արտագախթ և այլ հանգամանքներ:

cneliutyu

 

  1. Ահա մեկ այլ տիպի պատկեր՝ աղյուսակ, որը ցույց է տալիս, թե մոտավորապես ինչ ուղղություններով են Հայաստանի ավագ դպրոցների շրջանավարտները ցանկանում շարունակել իրենց կրթությունը համալսարաններում: Վերլուծեք այդ աղյուսակը՝ արտահայտելով ձեր կարծիքները, պատճառաբանությունները և դրանց հիմնավորումները:
Մասնագիտություններ Վերջին տարիներին դիմորդների միջին թվի աճ կամ նվազում ըստ մասնագիտությունների
Տնտեսագիտություն աճ
բանասիրություն նվազում
իրավագիտություն Մնացել է նույն մակարդակին
Օտար լեզու (անգլերեն) Մնացել է նույն մակարդակին
ռուսերեն նվազում
Արևելագիտություն նվազում
ճարտարագիտություն նվազում
Ֆիզիկոմաթեմատիկական, բնագիտական նվազում
Կիրառական մաթեմատիկա, համակարգչային տեխնիկա աճ
պատմագիտություն Որոշակի աճ
գյուղատնտեսություն Շեշտակի նվազում
բժշկություն նվազում
Միջազգային հարաբերություններ աճ
փիլիսոփայություն նվազում
  1. Հիվանդության կամ այլ պատճառով մի ամբողջ շաբաթ դպրոց չեք հաճախել և շատ առաջադրանքներ չեք կատարել, որովհետև չեք լսել դասավանդողի խոսքը, բացատրություններն ու պարզաբանումները, չեք կարողացել հարցեր ուղղել նրան: Նամակով դիմեք մի որևէ դասավանդողի և խնդրեք, որ նա օգնի ձեզ: Նամակը պետք է ունենա 100-150 բառ`իրավիճակի նկարագրությամբ և պարզաբանումներ ակնկալող  հարցերով:
  2. Նկարագրեք, թե ինչպես եք դպրոց հասնում ամեն առավոտ՝ նշելով փողոցների անունները, աջ ու ձախ շրջադարձերը և այլ մանրամասներ:
  3. Մի որևէ մարզից առաջին անգամ Երևան եկած քո հասակակցին բացատրիր, թե ինչպես նա կարող է Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից ոտքով հասնել մեր կրթահամալիրի Քոլեջը:
  4. Երբ գրանցվում եք մի որևէ սոցիալական կամ մասնագիտական ցանցում, ձեզնից պահանջվում է ստեղծել ձեր անձնական տեղեկատվական էջը (Personal profile): Կազմեք ձեր անձնական տեղեկատվական էջը`նշելով տեղեկություններ ձեր կրթական հաստատության, նախասիրությունների, անձնական աշխատանքային որակների, լեզուների և համակարգչային ծրագրերի իմացության մասին:
  5. Օգտվելով տեքստ-նմուշներից՝ գրեք ձեր սեփական տեքստը (դիմում, ինքնակենսագրություն, պայմանագիր, շնորհավորանք, բողոք, հրավեր, հարցում տեղեկատվություն ստանալու համար, տեղեկատվության տրամադրում, համագործակցության առաջարկ, եռալեզու (հայերեն, անգլերեն և ռուսերեն) CV…):

Ազատ ստեղծագործական բնույթ ունեցող և դասավանդողի կողմից չուղղորդվող վիճահարույց թեմաներով առաջադրանքներ.  

  1. Արդյո՞ք ճիշտ են վարվում գիտնականները՝ տարբեր տիպի փորձարկումներ անելով կենդանիների վրա:
  2. Բջջային հեռախոսների, սմարթֆոնների տված օգուտն է շա՞տ, թե՝ վնասը:
  3. Արդյո՞ք ավարտական և միասնական միօրինականացված հարցաշարերը բարելավել են կրթությունը Հայաստանում:
  4. Արդյո՞ք ուղիղ համեմատական է տեսախաղերի օգտագործման ծավալը և բռնության դրսևորումները պատանիների կյանքում:
  5. Կարծիք կա, որ տնային հանձնարարությունները չեն նպաստում կրթության բարելավմանը: Իսկ ինչ է ձեր կարծիքը այս հարցի վերաբերյալ:
  6. Կարծիք կա, որ գիտության և տեխնիկայի զարգացումը անխուսափելիորեն մարդկությանը դեպի կործանման է տանում: Կարո՞ղ եք ձեր կարծիքը հայտնել և որոշակի հիմնավորումներով պաշտպանել  այն:
  7. Արդյո՞ք գողություն է առանց թույլտվության երաժշտություն կամ ֆիլմ ներբեռնելը:
  8. Դուք արդարացնու՞մ եք այն տեսակետը, որ սոցիալական զրկանքները հանցագործություններ են առաջացնում:
  9. Արդյո՞ք կենդանիները նույնպես պետք է իրավունքներ ունենան:
  10. Կարծիք կա, որ ընդունելության քննությունների համար կրկնուսույցներին դիմելը վատ ավանդույթ է դարձել, որից պետք է հրաժարվել և ինքնակրթությամբ զբաղվել: Կհիմնավորե՞ք ձեր կարծիքը այս հարցի վերաբերյալ:

Դասավանդողները կարող են նույն ոգով շարունակել և առաջարկել իրենց սեփական առաջադրանքները, որոնք կդրդեն սովորողներին մտածել և արտահայտել սեփական տեսակետները և հնարավորին չափ պաշտպանել դրանք իրենց հիմնավորումներով:

National Writing Project

Joe Sheils: “Communication in the Modern Languages Classroom” 1996

David Seymour & Maria Popova: “700 Classroom Activities” 2005

http://esl.about.com/cs/teachingtechnique/a/a_twrite.htm

http://www.tuition.com.hk/essay-writing.htm

http://www.letter-samples.com/referral-letters.html

Յուրա Գանջալյան «Գրել սովորեցնելը ավագ դպրոցում», Դպիր 37

Teaching Writing Classes

Debate Topics

100 Topics for Debates

«Դրական միավորներով բոլոր դիմորդները կընդունվեն ԵՊՀ»