Just another WordPress.com site

Archive for January, 2014

Արժե՞ ներդրում անել նոթբուք-նեթբուքով ուսուցման «1-1» ծրագրերում

Հոդվածը տպագրվել է “District Administration” ամսագրում, 2009-ի փետրվարին

Image

Իմոն Օ’Դոնովան

Հաջողված ծրագիրը ավելին է պահանջում, քան միայն ֆինանսավորումը:

2003-ի փետրվարին Կալիֆոռնիայի Օրանժ կոմսությունում բացեցի մի նոր բարձրակարգ K8 [1] հիմնական դպրոցի դռները: Որպես տնօրեն իմ առաջնային նախաձեռնությունն էր որքան հնարավոր է շատ նոթբուք/նեթբուքեր տրամադրել 3-8-րդ դասարանների սովորողներին: Նպատակը սովորողներին նախապատրաստելն էր  բարձր տեխնոլոգիաներով ղեկավարվող աշխարհին, որում նորարարությունը, ստեղծականությունը, ինքնուրույնությունը, անհատական և խմբային հետազոտական աշխատանքը գերադասվում է գիտելիքի ավանդական կուտակումից: Սրանով ես միտք ունեի օգնել նրանց դառնալու խնդիր լուծողներ, ովքեր կկարողանային հարաճուն և հարափոփոխ գիտելիքային շտեմարանից օգտվել ու ձեռքբերումը կիրառեին իրենց առաջադրանքային կողմնորոշում ունեցող ուսման մեջ: Սրանք են այն հմտությունները, որոնք գերադասում է ԱՄՆ տնտեսությունը:

Մենք չունեինք համապատասխան ֆոնդեր` յուրաքանչյուր սովորողին մի համակարգչով ապահովելու համար: Կալիֆոռնիան գրկաբաց չընդունեց այդ գաղափարը, ինչպես այլ նահանգներ, և հիմա չունի դրա համար դպրոցական ֆինանսավորում: Դրա փոխարեն դպրոցը տրամադրեց համակարգիչներ որքան կարողացավ` մինչև 5 հատ մի դասարանին, ինչպես նաև` դասարանից դասարան շրջող մի քանի լաբորատորիաներ: Պակասը կամավորության սկզբունքով լրացրեցին ծնողները` նոթբուքեր բերելով իրենց տներից: Երկու տարվա ընթացքում սովորողների մոտ 60%-ը դպրոց էր գալիս անձնական նոթբուքերով: Այսպիսով սովորողներն սկսեցին ուսանել 1-1 համակարգչային միջավայրում, և ուսուցումն էլ տարվեց նախագծային խմբային աշխատանքներ կատարելու եղանակով: Օրինակ` 7-րդ դասարանի բնագիտական հոսքի սովորողները համացանցային հետազոտություն կատարեցին ու Պարկինսոնի հիվանդության գենետիկ բաղադրիչների և ADHD-ի (Ուշադրության պակաս և գերակտիվություն) մասին Power Point ցուցադրություն և մի տեսաֆիլմ պատրաստեցին: Սովորողները խորապես հետաքրքրված ու ներգրավված էին ուսման մեջ:

Որպես վարչական աշխատող` ես շատ մեծ դժվարություններ ու մարտահրավերներ ունեցա, որոնցից շատերն անսովոր ու եզակի էին դպրոցի համար. պետք էր համոզել ուսուցիչներին և ծնողներին, որ  նոթբուքերով ուսանելու և ուսուցանելու եղանակը իրագործելի է ու արդյունավետ: Այսօր այս մարտահրավերներն ամրապնդել են իրենց դիրքերը երկու ճակատներում.

  1. նեթբուքերով ուսուցման ընդհանուր առմամբ անորակ իրագործումը և այդ պատճառով էլ` ծրագրով աշխատող ուսուցիչների ու շահառու ծնողների չսատարելը ծրագրին.
  2. Ծրագրի արդյունավետ իրագործման համոզիչ փաստերի պակասը:

Բարերար ազդեցություն չունի հարցաշարային գնահատականների վրա

Երբ առաջին անգամ ներգրավվեցի այս նախագծում, 1-1 համակարգիչներով ուսուցման մասին մամուլը բուռն կերպով դրական էր արտահայտվում: Նախաձեռնությունները հաճախ նահանգային և շրջանային վարչական մարմինների վարած կրթական քաղաքականությունից էին բխում, որը հույս ուներ սովորողներին պատրաստել տեղեկատվական տեխնոլոգիաներով ուղղորդված գլոբալ տնտեսական համակարգին: Դա արվում էր, որպեսզի նաև այս ձևով Ամերիկան մրցունակ պահվել:

Գրեթե վեց տարի հետո մակընթացությանը հաջորդեց տեղատվությունը: 2007-ի մայիսին Նյու Յորք Թայմզ-ի «Առաջընթաց չտեսնելով` որոշ դպրոցներ մի կողմ են դնում նեթբուքերը» վերնագրով մի  հոդվածում այսպիսի մեջբերում արեցին կրթական քաղաքականություն կերտողներից. «Ուսուցիչներն ասում էին մեզ, որ երբ 1-1 հարաբերությունն է տիրում սովորողի և համակարգչի միջև, գործիքը խանգարող է լինում: Դա քայքայում է կրթական գործընթացը»: Դրան էլ ավելացրած` ծնողները մտահոգված էին, որ իրենց երեխաները չափազանց շատ ժամանակ էին ծախսում տեսախաղերի վրա: Այլ կերպ ասած` քաղաքականությունը և տեսությունը գործնականի հետ մի թավայում չտապակվեցին, քանի որ ուսուցիչները, սովորողները և ծնողները բավականին մեծ մտահոգություն ունեին իրական դասարաններում 1-1նեթբուքերով ուսուցման  ծրագրերի իրագործման նկատմամբ: Միօրինականացված հարցաշարերի գնահատականների վրա նոթբուքային ուսուցմամբ կրթական ծրագրերի ազդեցության մասին տվյալների պակասն ու թերի լինելը եղավ նրա աքիլլեսյան գարշապարը:

Եթե ավելի պարզ ձևակերպեմ, ապա պետք է իմ փորձով ասեմ, որ նոթբուքերով ուսուցմամբ ծրագրերը ուղիղ կապ չունեն միօրինականացված հարցաշարերի գնահատականների հետ: Օրինակ, առաջին մեկ տարին 1-1 նոթբուքերով ուսուցմամբ  աշխատած Ֆուլերտոնի մի դպրոցում հետազոտություն կատարած մասնագետները եզրակացրել են, որ նախորդ տարում հարցաշարային լավ գնահատականներ ունեցող սովորողները մի տարի հետո մոտավորապես նույն գնահատականներն ունեն, ինչ նույն շրջանի այլ` սովորական դպրոցների սովորողները: Այլ բառերով ասած` նոթբուքերը չեն բարձրացնում միօրինականացված հարցաշարերից ստացած գնահատականները: Մի կողմից էլ «Ոչ մի ետ մնացող երեխա» ծրագիրն է սեղմում, որի նպատակն է մինչև 2014-ը ունենալ սովորողների 100% առաջադիմություն, որի արդյունքում հարաճուն կերպով դժվարանում է արդարացնել այն ծախսերը, որոնք չեն նպաստում սովորողների առաջադիմության նվազագույն շեմին, որի հաշվարկումը հիմնավորված է միօրինականացված հարցաշարերով:

Նոթբուքերով ուսուցման պաշտպանները կասեն, որ հնարավոր չէ չափել ժամանակակից պահանջներին բավարարող կրթության արդյունավետությունը սովորողների կարողությունները չափելու ավանդական չափանիշերով, քանի որ դրանք անհամատեղելի են: Եթե ծնողներն ինձ հարցնում են, թե ինչպես են նոթբուքերը կարողանում բարելավել հարցաշարային գնահատականները, ես նրանց ասում եմ, որ իրենք սխալ հարց են տալիս:

Այնուամենայնիվ, նոթբուքերով ուսուցման ծրագիրն ստիպված է մշակել ուսուցման այդ ձևի արդյունավետությունը չափելու կարգ: Իսկ մինչ այդ, եթե կրթական հաստատության տնօրեն ես, և քո նպատակը նոթբուքերով ուսուցմամբ սովորողների հարցաշարային գնահատականները բարձրացնելն է, ապա շատ հավանական է, որ ձախողում կունենաս:  Որպես լրացուցիչ հարված էլ ստացվեց ԱՄՆ կրթական դեպարտամենտից, որն իր 2007 թվականին հրապարակված հետազոտությամբ եզրակացրեց, որ ընթերցանության և մաթեմատիկայի արդյունքներով որևէ չափելի տարբերություն չկա նոթբուքերով ուսուցման և ավանդական մեթոդների միջև:
Ի՞նչ է սա նշանակում նոթբուքերով ուսուցման ներդրման համար: Ամեն ինչ թողնվում է առանձին դպրոցների` տարբեր հանգամանքներից կախվածությանը:

Եթե դուք խնդիր ունեք «Ոչ մի ետ մնացող սովորող» ծրագրի իրագործման հետ, ապա նոթբուքերով ուսուցումը չի օգնի ձեզ սովորողների պահանջվող նվազագույն կարողությունները ձեռք բերելու գործում: Դուք ժամանակ չունեք սպասելու, թե ինչպիսի արդյունքներ է տալու նոթբուքերով ուսուցումը, ձեզ հիմա են պետք այդ արդյունքները: Եթե ձեր դպրոցի սովորողներն ունեն միօրինականացված հարցաշարերի լավ գնահատականներ, և միևնույն ժամանակ կիրառել եք հետազոտության վրա հիմնված մեթոդներ ընթերցանությունից և մաթեմատիկայից, և ունեք ձեզ աջակցող համայնք, ապա նոթբուքերով ուսուցման ծրագիրը կօգնի ձեզ մի քայլ էլ վերև բարձրանալ:

Առաջնորդության կարիք կա

Եթե դուք կրթության կազմակերպման տարածքային ղեկավարն եք, և եթե մտածում եք իրագործել կամ շարունակել նոթբուքերով ուսուցման ծրագիրը, ապա պետք է մոնիտորական հսկողությունը դպրոցների վրա անընդհատ լինի, որպեսզի նրանք շարունակաբար տվյալներ տան ծրագրի իրագործման վերաբերյալ: Սա ավանդաբար այն ոլորտն է, որտեղ նոթբուքերով ուսուցումը պարտություն է կրում: Դպրոցներից ստացված տվյալների բացակայությունը ավելի է դժվարացնում միօրինականացված հարցաշարերի պատմությանը դիմակայելու գործը:

Նոթբուքերով ուսուցման ծրագրերը ստիպված են ընդգրկել սովորողներին ներկայացվող նվազագույն պահանջները` չափորոշիչները:

Ինչպես նշել է Անդրյու Զաքերը իր «One-to-One Computing Evaluation Consortium» հոդվածում` հրապարակված 2005-ի նոյեմբերին, «Պետք է մի առաջնորդող թիմ լինի, որը իրերին նայում է երեք տարբեր տեսանկյուններից` առարկայական ծրագրի և բովանդակության տեսանկյունը, կառուցվող շենքի մշակույթի տեսանկյունը և տեխնիկական միջոցների կարիքի տեսանկյունը»: Կարծում եմ, սա է այն արդյունավետ կազմակերպչական շրջանակը, որով կարելի է պլանավորել, իրագործել և գնահատել նոթբուքերով ուսուցման ծրագիրը:

Առարկայական ծրագիրը և բովանդակությունը

Չափազանց հաճախ նոթբուքերով ուսուցման մեջ ներգրավվում են, ինչպես կներգրավվեին կարճատև ժամանակավոր նորաձևության մեջ, և մոռանում են ուշադրությունը կենտրոնացնել առարկայական ծրագրի և բովանդակության վրա: Ինչպիսին էլ լինի ուսումնական գործունեությունը, այն պետք է իր հիմքն ունենա առարկայական ծրագրում: Սովորողի ուսումնառությունը բարելավելու կարևոր բաղադրիչներից մեկն այն է, որ պետք է պարզորոշ բնորոշել, թե ինչն են սովորելու սովորողները: Այդ պատճառով էլ ուշադրությունը չպետք է շեղվի առարկայական չափորոշիչներից: Դպրոցները կարող են ստեղծագործական, քննադատական մտածողության և խնդիրներ լուծելու  նպատակներ ավելացնել, բայց այս ամենը պետք է, նախ և առաջ, հիմնված լինի չափորոշիչների վրա:

Մշակույթ բոլոր շահառուների համար

Կրթության կազմակերպման տարածքային ղեկավարները իրենց թիմերով պետք է նոթբուքերով ուսուցման ծրագրի իրականացման մշակույթ ստեղծեն, որն ընդունելի կլինի: Այդ մշակույթը պետք է բավարարի կրթական համայնքի հիմնական շահառուների կարիքները և հետաքրքրությունները:

Սովորողներ: Ծնողները հաճախ են ասում, որ իրենց երեխաները սարսափելի շատ ժամանակ են ծախսում համակարգչային խաղերի կամ այլ ոչ ակադեմիական գործունեության վրա, երբ նոթբուքերն իրենց մոտ են: Այդ պատճառով էլ յուրաքանչյուր դպրոց պետք է սահմանի համակարգիչից օգտվելու ուղենիշային կանոնները դասի ընթացքում:

Ուսուցիչներ: Դժվար է ուսուցիչների համար վերափոխել իրենց կուտակած աշխատանքային փորձը և դարձնել այն տեխնոլոգիական ուղղվածության` առանց ընդգրկուն ու անընդհատ վերապատրաստման: Ուսուցիչներին պետք է օգնել, որ նրանք գործածեն նոթբուքերը որպես ուսուցման գործիքներ: Եթե ուսուցիչը չպլանավորի նոթբուքի գործածումը դասի ընթացքում, սովորողները չեն բերի դրանք դասարան: Դպրոցի տնօրենը պետք է պլանավորի մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման ամենշաբաթյա գործնական պարապմունքներ: Արդյունք չեն տալիս միանգամյա, պատահական պարապմունքները: Հետևողականությունը պետք է մշտական լինի`յուրաքանչյուր անգամ հստակ նշելով,  թե տեխնոլոգիաների գործածման ինչ նոր կարողության յուրացում է ակնկալվում ուսուցչից:

Ծնողները: Կարևոր է ծնողներին նույնպես կրթել և հասցնել նրանց նոթբուքերով ուսուցման նպատակները և բացատրել նրանց, թե ինչպես են ուսուցիչներն ու սովորողները գործածում նոթբուքերը կրթական նպատակներով, և ինչպես կարող է դպրոցը գնահատել իր հաջողությունը ծրագրի իրականացման գործում: Կարևոր է նաև հասկացնել նրանց, թե ինչ վտանգներ կարող է ունենալ համացանցի ոչ պատշաճ կայքերից օգտվելը:

Համայնքը: Կարևոր է գործընկերային հարաբերություններ հաստատել, որոնք կարող են աջակցել նոթբուքերով ուսուցմամբ ծագրին: Դա կարող է լրացուցիչ միջոցների աղբյուր լինել և կրթական ծրագրի գովազդ լինել: Իմ դպրոցում ես գործընկերային հարաբերություններ ստեղծեցի համակարգիչներ վաճառող մոտակա մի խանութի հետ: Մեր ծրագիրը ժամանակի ընթացքում փոխշահավետ դարձավ: Ծնողները համակարգիչ էին գնում այդ խանութից, իսկ խանութի մասնագետներն էլ դպրոցական համակարգչային ծրագրերն էին ներբեռնում գնված համակարգիչների վրա:

Տեխնիկական կարիքները

Որպեսզի նոթբուքերով ուսուցման ծրագիրը արդյունավետ աշխատի, պետք է կատարել հետևյալ 10 կարևոր տեխնիկական քայլերը.

  1. Միօրինականացրեք դպրոցում գործող համակարգչային համակարգը` Apple, Microsoft, կամ բաց աղբյուր. սա էական նշանակություն ունի, որովհետև ավելի հեշտ է մի համակարգ ղեկավարել, քան երկուսը:
  2. Պետք է որոշում կայացնել և ընդունել միօրինակ համակարգչային ծրագրային գործիքներ ամբողջ դպրոցում: Սա կօգնի ուսուցիչներին ուշադրությունը դարձնել դասի բովանդակության վրա, այլ ոչ թե համակարգչային գործիքի կիրառման առանձնահատկությունների վրա:
  3. Կարևոր է մաթեմատիկայի ուսուցման համակարգչային ծրագրի ձեռքբերումը, որը հետազոտությամբ երաշխավորված է: Կարևոր է որ այդ ծրագիրը համատեղելի լինի նաև սովորողների անձնական նոթբուքերին և արժանանա դպրոցի համակարգչային սպասարկման տեխնիկական անձնակազմի հավանությանը:
  4. Որոշել, թե սովորողները որքան հասանելիություն կարող են ունենալ համացանցին: Օրինակ, կարո՞ղ են նրանք տպել (Print) դպրոցի ցանկացած համակարգչից: Կարո՞ղ են սովորողների ֆայլերը կենտրոնացված ձևով տարածվել դպրոցի սերվերով, թե՞ սովորողները պետք է պահպանեն իրենց ֆայլերը իրենց անձնական նոթբուքերում, կամ էլ` USB-ի վրա: Կարո՞ղ են սովորողները հասանելի լինել դպրոցի սերվերին իրենց տներից:
  5. Որոշեք, թե ինչպես եք գործելու, եթե սովորողները գործածեն տարբեր համակարգչային օպերատորական համակարգեր:
  6. Պլանավորեք համակարգչային հին ծրագրերը նորերով փոխարինելու գործընթացը: Ժամանակի հետ դրանք հնանում են:
  7. Պլանավորեք փչացած նոթբուքերի, մարտկոցների, տպիչների, ստեղնաշարերի, մոնիտորների և այլ տեխնիկական մասերի վերանորոգումը: Այս բոլորը դպրոցի բյուջեում պետք է հաշվի առնել:
  8. Որպես նոթբուքերով ուսուցման ծրագրին հավելյալ տեխնոլոգիա` գործածեք պրոյեկտորներ:
  9. Պլանավորեք հզոր ինտերնետային կապ: Պետք է ընդունեք, որ դպրոցում գործող բոլոր համակարգիչները կարող են միաժամանակ միացված լինել համացանցին:
  10. Ամենակարևորը` ունենալ դպրոցի սեփական տեխնիկական անձնակազմը:

Համակարգիչները շարունակելու են սովորելու համար անսահման հնարավորություններ տրամադրել: Առանձնապես հզոր է «հենց հիմա» իմանալու, սովորելու գաղափարը, երբ սովորողները գտնում են իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը իրենց ուզեցած պահին: Քանի որ համակարգիչները ավելի ու ավելի են էժանանում, իսկ իրենց հնարավորություններն էլ ավելի ու ավելի են ավելանում, նոթբուքերով ուսուցումը կշարունակի «ուսումն ամենուր ու ցանկացած ժամանակ» խոստումի իրականացումը:

1] Միացյալ Նահանգներում K8 հիմնական դպրոցները ներառում են նախակրթարանից մինչև 8-րդ դասարանների սովորողներին: Ծանոթագրությունը` թարգմանչի:

Թարգմանիչ:

Աղբյուրը`

http://www.districtadministration.com/article/are-one-one-laptop-programs-worth-investment

Վիլյամ Շեքսպիր “Ամբողջ աշխարհը բեմ է, իսկ մարդիկ` սոսկ դերասաններ”

Վիլյամ Շեքսպիր

Ամբողջ աշխարհը բեմ է… Ժաքի մենախոսությունը “Ինչպես կամենաք” պյեսից

Ամբողջ աշխարհը բեմ է,

իսկ մարդիկ` սոսկ դերասաններ.

Նրանք ունեն իրենց ելքերն ու մուտքերը,

Եվ մարդն իր բաժին ժամանակում շատ դերեր է խաղում

տարիքային խմբերի յոթ արարներում:

Սկզբում թնկթնկացող ու կերած կաթը ետ տվող

մանչուկն է դայակի գրկում:

Իսկ հետո նվնվացող դպրոցականը` իր պայուսակով,

վաղորդյան ցոլացող դեմքով, խխունջի նման ծանրաքայլ ,

իր կամքին հակառակ դպրոց է գնում:

Իսկ հետո սիրահարը` հնոցի նման տնքացող,

հոգու տիրուհու հոնքին ներբողած

իր քնարական վշտաթախիծ տողերով:

Իսկ հետո հովազամորուք զինվորը` լի տարօրինակ երդումներով,

պատվախնդիր, վեճի մեջ արագ ու հանկարծահաս.

Ով նույնիսկ հրանոթի փողի մեջ

պղպջակային համբավ է փնտրում:

Իսկ հետո արդարության ջատագովն է` բավականին կլորիկ փորով`

կաշառքի չափերին հարիր,

Խստահայաց աչքերով ու ձևապաշտ կտրված մորուքով,

Լի հին իմաստուն ասույթներով ու նորօրյա օրինակներով.

Եվ այդպես նա խաղում է իր դերը: Վեցերորդ տարիքային խումբը

նրա արդեն նիհար մարմնին փոխան ու հողաթափեր է հագցնում,

Ակնոցը քթին ու մի տոպրակ կողքին, երբ դեռ լավ պահպանված են

իր ջահել օրերի գիտրիները,

Ու մի աշխարհ` չափազանց մեծ

նրա ծալված ծնկների ու արդեն ոչ ահազդու տղամարդկային ձայնի համար,

Որը կրկին փոխվում է մանկական թոթովանքի`

շնչառության մեջ խզզոցներ, ու ֆսսոցներ: Եվ բացվում է վերջին տեսարանը`

վերջ դնելու մի կյանքի պատմության շղթային:

Դա երկրորդ մանկությունն է` ընդամենը մի ինքնամոռացում`

Առանց ատամների, առանց աչքերի, առանց համի զգացողության, առանց ամեն ինչի:

 Թարգմանեց Յուրա Գանջալյանը

William Shakespeare – All the world’s a stage (from As You Like It 2/7)

All the world's a stage,
And all the men and women merely players:
They have their exits and their entrances;
And one man in his time plays many parts,
His acts being seven ages. At first the infant,
Mewling and puking in the nurse's arms.
And then the whining school-boy, with his satchel
And shining morning face, creeping like snail
Unwillingly to school. And then the lover,
Sighing like furnace, with a woeful ballad
Made to his mistress' eyebrow. Then a soldier,
Full of strange oaths and bearded like the pard,
Jealous in honour, sudden and quick in quarrel,
Seeking the bubble reputation
Even in the cannon's mouth. And then the justice,
In fair round belly with good capon lined,
With eyes severe and beard of formal cut,
Full of wise saws and modern instances;
And so he plays his part. The sixth age shifts
Into the lean and slipper'd pantaloon,
With spectacles on nose and pouch on side,
His youthful hose, well saved, a world too wide
For his shrunk shank; and his big manly voice,
Turning again toward childish treble, pipes
And whistles in his sound. Last scene of all,
That ends this strange eventful history,
Is second childishness and mere oblivion,
Sans teeth, sans eyes, sans taste, sans everything.

Դիջիպատում 2013

Կարծում եմ, որ Դիջիպատումը պետք է ներառի միայն այն գործերը, որոնք մենք հիշում ենք  առանց  մեր կայքի “Իմ էջը” բացելու:

Ինձ համար 2013-ի հունվարը նշանավորվեց «What is it? – Ի՞նչ է սա» անգլերեն – հայերեն պատկերազարդ բառարանի աշխատանքների ավարտմամբ: Դա մեր անգլախոսների ակումբի առաջին մեծ նախագիծն էր:

Երբեք չեմ մոռանա 2013-ի փետրվար ամիսը, երբ մասնակցում էի Բրիտանական Խորհրդի կազմակերպած անգլերեն դասավանդողների միջազգային «Blogathon» մրցույթին: Մասնագիտական որակավորման բարձրացան մի յուրահատուկ դպրոց էր դա, որի ընթացքում կարդացի մոտ 500 փոքրածավալ մեթոդական հոդված, մի քանի տասնյակ մեկնաբանություններ արեցի այդ հոդվածներին, գրեցի իմ 22 հոդվածները: Այս ամենը ներկայացրեցի «Բլոգաֆոնյան դասեր» հոդվածում:

Ինձ համար հիշարժան է նաև 2013-ի հունիսյան Թարգմանչական ստուգատեսը, որի համակարգողն էի: Ստուգատեսն անցավ “Լեզուների տոն” կարգախոսով:

2013-ի ամառն ինձ համար որոշ առումով ստեղծագործական ու աշխատանքային էր: Ամռան ամիսներին Մայքրոսոֆթի “Գործընկերներ ուսուցման մեջ” ծրագրի լուսաբանողն էի մեր mskh.am-ում: Թարգմանությունների ու մեկնաբանությունների շարք սկսեցի, որոնք 6 առցանց սեմինարների նյութեր դարձան: Հետագայում այդ նյութերը հրապարակվեցին Դպիրում և Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակի կայքում:

Հոկտեմբերի 21-ից 26-ը կհիշվի “Գանձասարյան հավաք”-ով:

2013-ը բեկումնային եղավ մեր հեղինակային մանկավարժությունը անգլերեն ներկայացնելու առումով: Անգլախոսների ակումբի անդամների հետ իրականացնում ենք “mskh.am-ը անգլերեն” նախագիծը: Արդյունքն ակնհայտ է:  

2013-ի ընթացքում հարստացավ Դպիրի իմ էջը իմ հոդվածներով և թարգմանություններով` 20 հրապարակում:

Ոչ հայախոս ընթերցողների համար էապես հարստացավ նաև Dpir-2013-ը, որտեղ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում մեր դասավանդողների գրած և անգլերեն թարգմանված 16 հոդված է հրապարակվել: Հույս ունենանք, որ Dpir-2014-ը ավելի հարուստ կլինի:

Առաջարկություն.

Կրթահամալիրային իրադարձություն համարել մեր դասավանդողների գրած լավ հոդվածները, մեթոդական մշակումները: Երբ դրանք հրապարակվում են Դպիրում, հեղինակը ուշադրություն է ակնկալում, որը  չի երևում կարծիքներ բաժնում: Դասավանդողները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն իրենց գործընկերների հոդվածներին: