Just another WordPress.com site

Ասում են, որ երեխան լսում է`դեռ չծնված: Ծնվելուց հետո էլ`միջինը մոտ երկու տարի նա լսում է նախքան խոսելը: Ոչ ոք երեխային չի սովորեցնում ածականների համեմատության աստիճանները, կամ էլ` գոյականի հոգնակի թվի կազմության ձևերը: Նա այդ ամենը սովորում է լսելով: Օտար լեզու սովորեցնելիս էլ պետք է հետևել այս բնական հաջորդականությանը` նախ սովորողին հնարավորություն տալ լսելու, իսկ հետո միայն պատասխան խոսք ակնկալել: Այս կերպ մտածելիս անհեթեթ է թվում տիպային անգլերեն դասագրքի, կամ էլ տիպային անգլերեն դասավանդողի ուսումնական տարվա սկզբի սեպտեմբերյան առաջին հանձնարարությունը. << Ինչպե՞ս ես անցկացրել քո ամառային արձակուրդները>>: Օտար լեզվի որևէ դասավանդող կարո՞ղ է խոստովանել, որ դասը սկսել է`պատմելով, թե ինքն ինչպես է անցկացրել իր ամառային արձակուրդները: Սովորողի համար շատ կարևոր է նախ լսել թեմատիկ բառապաշարով ու ճիշտ քերականական կառուցվածքներով կազմված դասավանդողի խոսքը: Լսելու ընթացքում սովորողը մտապահում է այդ բառապաշարը ու մտքերը և նրա համար արդեն ավելի հեշտ է արտահայտել սեփական մտքերը լսված խոսքի հիման վրա: Բայց, այնուամենայնիվ, դասերի մեծ մասը պետք է աշակերտակենտրոն լինի: Դասերի ընթացքում պետք է հնարավորություն տալ սովորողին խոսելու, քանի որ հիմա ինտերնետին միացված համակարգիչը անսահման հնարավորություններ է տալիս սովորողին լսելու վարժանքը կատարել տանը: Սովորողը հնարավորություն ունի լսելու լեզվակիր երկրի խոսողի կենդանի խոսքը, այլ ոչ թե մեր թորած ջրի նման մաքուր ու անբացիլ երևանյան անգլերենը: Կենդանի խոսք լսելը, նախ և առաջ, մեզ` դասավանդողներիս է պետք:

Իսկ ի՞նչ լսել:

Ավագ դպրոցի 10-րդ դասարանում լսելով ընկալելու վարժանքները նպատակահարմար է սկսել www.english-test.net կայքի “Listening Exercises” բաժնից: Այստեղ   http://www.english-test.net/toeic/listening/autobahn.html  կարող ենք բացել 610 նկար, որոնց վերաբերյալ տրվում են հարցեր: Սովորողը պատասխանում է հարցերին` նայելով նկարներին: Հարցերի լեզվական մակարդակը համապատասխանում է 10-րդ դասարանի լեզվական մակարդակին`B1: Այս բաժնում տրված են նաև 600 կարճ երկխոսություններ: Յուրաքանչյուր երկխոսությանը հետևում են բազմընտրական երեք հարցերը` պատասխանների ինքնաստուգման հնարավորությունով: Պարզ է, որ այսչափ մեծ քանակի նյութը հնարավոր չէ իրագործել դասարանում: Դրա մեծ մասը սովորողը պետք է կատարի տանը ինքնուրույն: Հենց այստեղ է հիմնավորվում այն պնդումը, որ ավագ դպրոցում գիտելիքը և կարողությունները ավելի շատ անհատական աշխատանքով են ձեռք բերվում:

11 և 12-րդ  դասարաններում կարելի է վերը նշված կայքին զուգահեռ գործածել նաև http://www.learnenglishfeelgood.com/eslvideo/  կայքը, որտեղ հնարավոր է դիտել և լսել լեզվական առումով խնամքով ընտրված հատվածներ տարբեր ֆիլմերից:

12-րդ դասարանի համար առանձնահատուկ ուշադրության է արժանի http://lingualeo.ru/jungle/7996 կայքը, որը նույնպես լսելու համար անսպառ նյութ է տրամադրում: Այստեղ նույնիսկ կան լիամետրաժ ֆիլմեր, որոնց գործող անձանց խոսքերը գրվում են էկրանի ներքևի մասում: Կայքում կարելի է գտնել նաև տարբեր անսովոր տեսակետներով հետաքրքիր դասախոսություններ: Այստեղ հավաքված են աշխարհի տարբեր ծայրերում ապրող ոչ ստանդարտ մտածողություն ունեցող մարդկանց տեսակետները տարբեր հարցերի շուրջ: Կայքի արդյունավետությունը կայանում է նրանում, որ բոլոր ձայնագրություններն ունեն իրենց տեքստերը: Սովորողը լսում է իսկական բնագիր խոսք և միևնույն ժամանակ էլ կարդում է լսվող տեքստը: Տեքստերն ու ձայնագրությունները հարյուրավոր են, փաստորեն անսպառ են, որովհետև դրանք ամեն օր համալրվում են նոր նյութերով, ինչպես մեր կրթահամալիրի կայքն է զարգանում:

Եթե 12-րդ դասարանի որևէ սովորող մտադիր է հետագայում կրթությունը շարունակել արտերկրում, ապա նա ստիպված կլինի հաղթահարել նաև ամերիկյան “TOEFL” կամ անգլիական “IELTS” քննությունների լսելով ընկալելու առաջադրանքները, որոնք նույնպես կարելի է գտնել   www.english-test.net կայքում:

 9.05.2012

Leave a comment