Just another WordPress.com site

Ֆրանսուա Վիյոնի աղոթքը   (Երգի ձայնագրությունը)

Բուլատ Օկուջավա

Քանի դեռ պտտվում է երկիրը,

Քանի դեռ պայծառ է լույսը,

Տեր Աստված, տուր յուրաքանչյուրին այն,

Ինչի կարիքը նա ունի:

Իմաստունին խելք տուր,

Վախկոտին՝ նժույգ,

Փող տուր երջանիկին,

Ու իմ մասին էլ չմոռանաս:

Քանի դեռ պտտվում է երկիրը,

Տեր Աստված, Քոնն է զորությունը,

Թող նա հագենա իշխելուց, ով

տենչում է իշխանության,

Առատաձեռն էլ թող դադար առնի՝

Գոնե մինչև մայրամուտ,

Կայենին ապաշխարում տուր

Ու իմ մասին էլ չմոռանաս:

Ես գիտեմ՝ ամենակարող ես,

Հավատում եմ Քո իմաստությանը,

Ինչպես սպանված զինվորն է հավատում,

Որ դրախտում է ինքը ապրում,

Ինչպես ամեն մի ականջ հավատում է,

Քո խոսքերին ցածրաձայն,

Ինչպես և  մենք ենք հավատում,

Չիմանալով, թե ինչ ենք մենք անում:

Տեր իմ Աստված,

Կանաչաչյա Տեր իմ,

Քանի դեռ պտտվում է երկիրը,

Եվ նույնիսկ ի զարմանս իրեն,

Քանի դեռ կա նրա մեջ

Ժամանակ ու կրակ,

Տուր ամենքին քիչ-քիչ,

Ու իմ մասին էլ չմոռանաս:

Վրացական երգ  

Բուլատ Օկուջավա  Երգի ձայնագրությունը

Տաք հողի մեջ խաղողի կորիզը կթաղեմ,

Ու որթատունկը կհամբյուրեմ, ու հասած ողկույզը կքաղեմ,

Ու ընկերներիս կկանչեմ, սիրտս էլ սիրուն կհարմարեցնեմ,

Այլապես՝ ինչու եմ ապրում այս հավերժ երկրում:

Հավաքվե′ք, հյուրեր իմ, եկե′ք, հյուրասիրում եմ,

Հենց իմ երեսին ասե′ք այն, ինչին արժանի եմ,

Երկնային Տերը մեղքերիս համար ներում կուղարկի,

Այլապես՝ ինչու եմ ապրում այս հավերժ երկրում:

Իմ Դալին կերգի ինձ համար՝ իր մուգ կարմիր զգեստը հագին,

Ինքս էլ՝ սպիտակ ու սևով, կխոնարհեմ գլուխս նրա առաջ,

Եվ կլսեմ ու կլսեմ, եվ կմեռնեմ սիրուց ու վշտից,

Այլապես՝ ինչու եմ ապրում այս հավերժ երկրում:

Եվ երբ վերջալույսի շողերը կանցնեն անկյունից անկյուն,

Թող նորից ու նորից աչքերիս առաջ գան

Կապույտ գոմեշը, սպիտակ արծիվն ու կարմրախայտը ոսկեգույն,

Այլապես՝ ինչու եմ ապրում այս հավերժ երկրում:

Կապույտ գոմեշը, սպիտակ արծիվն ու կարմրախայտը ոսկեգույն,

Այլապես՝ ինչու եմ ապրում այս հավերժ երկրում:

Ռուսերենից թարգմանությունը՝

Յուրա Գանջալյանի

Leave a comment