Just another WordPress.com site

 

Այս հայեցակարգում ոչ ճիշտ միտք է արտահայտված հետևյալ պարբերության մեջ.
«Արտադրության, գիտության, կրթության և մշակույթի վերածնունդն ու զարգացումը, ինչպես նաև համաշխարհային հանրության հետ Հայաստանի մասնակցությունը աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների դիմագրավմանն ու գործընթացների իրականացմանը մեր երկրում առաջացնում են հայ երիտասարդության կողմից ռուսաց լեզվի ազատ տիրապետումն ապահովելու խնդիր և անհրաժեշտություն
Պարբերությունը ճիշտ կլիներ, եթե դրանում տեղ գտած «համաշխարհային հանրության հետ» բառախումբը փոխարինվեր «նախկին խորհրդային պետությունների հետ» բառախմբով, կամ էլ՝ «ռուսաց լեզվի» բառակապակցությունը փոխարինվեր «անգլերենի» բառով: Հանրագիտարանում «աշխարհի լեզուները» մեկնաբանության մեջ նշվում է, որ այժմ ռուսերեն գիտի 260 մլն մարդ: Մոտավորապես այդքան է նախկին Խորհրդային Միության պետությունների բնակչության այժմյան թիվը: Անգլերեն է խոսում աշխարհի 1,5 միլիարդ մարդ և այդ թիվը անընդհատ աճում է, որովհետև չինացիներն էլ են սկսել ինտենսիվ կերպով անգլերեն սովորել՝ աշխարհի տնտեսական դաշտում ավելի լավ ինտեգրվելու և հեգեմոն դեր խաղալու նպատակով:
Փաստորեն այդ սխալ միտք արտահայտող պարբերությամբ ասվում է, որ Հայաստանի ապագայի աշխարհը սահմանափակվելու է հիմնականում Ռուսաստանով, Բելոռուսիայով, Ղազախստանով և Ղրղզստանով: Լավ է գոնե Վրաստան ունենք մեր կողքին:
Փաստաթղթի ամենամեծ սխալը հենց սկզբում է, որտեղ ռուսերենը առանձնացվում է այլ օտար լեզուներից՝ նրան մի առանձնահատուկ կարգավիճակ տալով: Մինչև հիմա ռուսերենը դասավանդվում էր երկրորդ դասարանից, իսկ հիմա արդեն ռուսերեն են սովորեցնելու նախադպրոցական կրթական հաստատություններում: Հայեցակարգում ասվում է, որ համալսարան ընդունվելիս առավելություն են ստանալու ռուսերեն իմացողները: Դա արդեն կարգավիճակ է:
Հայեցակարգի այս կետով « Ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների և դասարանների (ինչպես նաև ռուսերենով ուսուցմամբ դասարանների) թվի ավելացման նպատակահարմարության որոշման համար մշտադիտարկման անցկացում» կանաչ ճանապարհ է բացվում Հայաստանում հայ երեխաների համար նոր ռուսական դպրոցների և բոլոր առարկաները ռուսերենով դասավանդվող դասարանների առաջ:
Հայեցակարգի այս կետով էլ պարտադրվելու է, որ գնահատվեն դպրոցների շրջանավարտների ոչ միայն ռուսերենի գրավոր խոսքը, այլ նաև՝ բանավորը:
Ամենավտանգավորը հայեցակարգի քաղաքական կեղտոտ ու մշուշոտ եզրափակիչ պարբերությունն է. «Ամփոփելով շարադրվածը՝ կարելի է պնդել, որ իրավիճակի բարելավումը հնարավոր է դպրոցում լիարժեք լեզվակրթության խնդրի լուծման պարագայում` սովորողներին բազմազգ և բազմամշակութային, ժողովրդավարական հասարակության մեջ ապրելուն և գործունեություն ծավալելուն նախապատրաստելով»: ˜
Բոլորս գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունում բնակչության 98%-ը հայեր են: Նախագծի հեղինակները հայ երիտասարդությանը նախապատրաստում են ապրելու մեկ այլ հանրապետությունում, որը բազմա՞զգ է և բազմամշակութայի՞ն: Երևի այդ բազմազգ հանրապետությունը Ռուսաստա՞նն է: Ոչինչ չեմ հասկանում:
Ընդհանրապես օտար լեզու սովորում են ներքին մոտիվացիա ունենալով: Այն ամենահեշտ ուսումնական առարկան է, երբ ներքին ձգտում կա, և ընդհակառակը՝ ամենադժվար ուսումնական առարկան է դառնում, երբ չկա այդ ներքին մոտիվացիան, երբ այն պարտադրվում է: Կարելի է պարտադրված լինելով մաթեմատիկա սովորել ուժերի գերագույն լարումով, բայց որքան էլ ուժերդ լարես, չես կարող օտար լեզու սովորել, երբ չկա ներքին ձգտում: Լեզուն մեր հոգին է: Որքա˜ն պետք է սիրես մեկ այլ լեզու, որքա˜ն մեծ կենսական անհրաժեշտություն պետք է լինի այն, որ ընդունես քո հոգու մեջ: Այն պարտադրանքով չի լինում:

Comments on: "Ռուսաց լեզվի դասավանդման նոր հայեցակարգի նախագծի մասին" (1)

  1. Տարիներ առաջ, երբ սովորում, իսկ հետո աշխատում էի Երևանի Պետական Համալսարանում, ինձ շատ նվաստացած էի զգում, որ Մայր բուհում ամբողջ գրագրությունը կատարվում էր ռուսերենով, գրականությունը ռուսերեն էր, նախապատվությունը տրվում էր ռուսական կրթությամբ աշխատակիցներին, իսկ ես իմ հայկական կրթությամբ բարդույթավորվում էի: Սա ՍՈՎԵՏՆ էր: Ինքնակրթությամբ կարողացա լրացնել դպրոցից ռուսերենի բացթողումները և մասնագիտական հարցերում խնդիր չունեի` գործուղումների ժամանակ զարմանում էին, թե որքան գրական ռուսերենի եմ տիրապետում: Պետք էր` սովորեցի:
    Հիմա ինչո՞ւ նորից բարձրացվեց ռուսերենի առաջնայնության, ասել է թե`պարտադիր լինելու խնդիրը: Օտար լեզուն օտար է, լինի ռուսերենը, անգլերենը, վրացերենը թե թուրքերենը: Եթե անհրաժեշտություն լինի, մարդը միշտ էլ կկարողանա սովորել և ըստ անհրաժեշտության օգտագործել այն: Իրենց հարգող ազգերը առաջին հերթին իրենց լեզուն և իրենց լեզվով են սովորում, հետո` որևէ օտար լեզու: Մեր կրթահամալիրում այս հարցը լավ է դրված` անգլերեն և ռուսերեն`միջին դպրոցում, իսկ հետո` ըստ ընտրության:
    Ակնհայտ է, որ նախարարության կողմից առաջ քաշած և վարչապետի կողմից հավանության արժանացած հարցը քաղաքական ենթատեքստ ունի: Բայց բավական է օտարահաճո և ստրկամիտ փոփոխություններով ազգին հերթական փորձության ենթարկել: Արժանապատիվ ապրենք և գործենք մեր ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ(՞)երկրում: Այդ դեպքում, օտարներն էլ կհարգեն մեզ և մեր պետականությունը:

Leave a comment