Just another WordPress.com site

Հոկտեմբերի 31-ին առավոտյան 8:30-ին տիար Բլեյանը, Անի Նավասարդյանը, Անի Սարգսյանը, 10-րդ դասարանցի Տիգրան Արամյանը և ես ճանապարհ ընկանք դեպի Գյումրի: Բոլորն էլ գիտեն, թե որքան ուսանելի է Աշոտ Բլեյանի հետ ճամփորդելը, բայց պետք է փաստեմ, որ կրկնակի ու եռակի հետաքրքիր է, երբ նրա հետ ճամփորդում ես փոքր ավտոմոքենայով, ինչպիսին իմ Օպելն է: Անընդհատ լսվում է երկրի ամեն մի բլրակի, բլրի ու լեռան, գետակի ու գետի, ծառի ու թփի, հրաբխային քարերով ու տատասկներով լեցուն վայրի ու անմշակ դաշտերի ամեն մի թիզը սրտացավ տիրոջ հոգեբանությամբ սիրող Աշոտ Բլեյանի ձայնը: Անցնում ենք հյուսիս-հարավ միջպետական մայրուղու կիսավարտ շինհրապարակների մոտով. ‹‹Ինչու՞ չեն աշխատում: Թանկարժեք, ծանր տեխնիկան կանգնած է: Ոչ մի շարժում չկա..չաշխատել այս արևոտ ու չոր եղանակի՞ն: Չես էլ հասկանա, թե ով է մեղավոր, որ բանվորները աշխատավարձ չեն ստանում…մեկը մյուսի վրա է գցում: Տեսեք ինչ գեղեցիկ են ճամփեզրի քարապատ լանջերը: Եթե ճաշակ ունենան, հենց այդպես էլ կթողնեն…միայն պետք է քարերը ինչ-որ ձևով ամրացնեն: Սխալ կլինի ճիմապատելը…ո՞վ է հետո մշակելու››: Հեռվից մեր առջև մի խրոխտ լեռ է ուրվագծվում ու տիար Բլեյանը հարցնում է մեզ, թե արդյոք մենք գիտենք այդ սարի անունը: Երկու Անիները տարբեր անուններ տվեցին, իսկ ես ու Տիգրանն էլ տղամարդավարի լռեցինք: ‹‹Կարճ ու անուշ անուն է››, շարունակում է տիարը: ‹‹Թեժ››, ասում է Անի Նավասարդյանը: ‹‹Թեժը անու՞շ է››: Լռությունը խզեց հեռախոսի զանգը. ‹‹Էմանուէլ, բարև: Պետոյի հետ Արատեսում վերևի տան մուտքը ….››: Մի քանի հրատապ արատեսյան ցուցումներ տալուց հետո. ‹‹Էմանուէլ, ի՞նչ է Թալին չհասած հեռվում երևացող այն հոյակապ վեր խոյացող սարի անունը… Իհարկե, Արտենի››: Մի քիչ հետո էլ. ‹‹Նայեք, նայեք… կարծես ինչ-որ մեկը ձեռքերով զգույշ շոյելով է այս սարը կերտել››: Մեր աջ կողմում երևում է հավասարասրուն համաչափ կոնի նմանվող մի սար: Մենք, իհարկե, չէինք նկատել այդ գեղեցկուհուն: Ինձ միշտ էլ թվացել էր, որ Երևան – Գյումրի ավտոճանապարհի աջ ու ձախ կողմերի բնությունը լուսնի ամայի լանդշաֆտի է նմանվում: Պարզվում է, որ այդպես չէ: Հայաստանի գեղեցկությունը միայն Տավուշի ու լոռվա անտառներն ու ձորերը չեն:

Պայծառ արև էր Գյումրիում: Երևանի արևը այդքան պայծառ չէ ու երկինքն էլ այդքան կապույտ չէ: Երևի պատճառը Գյումրու բարձրադիր լինելն է և օդի անհամեմատ ավելի մաքուր լինելը:

20181031_143402

Հայկական ո՞ր կինոֆիլմն է հիշեցնում այս շենքը:

20181031_141337_Burst01

 

 

 

 

 

Շիրակի մարզպետի և Գյումրու քաղաքապետի հետ հանդիպումներին ես չգնացի: ‹‹Ուսումնական Գյումրի›› նախագծի երաժշտական հարցերի մասին էին լինելու քննարկումները: Ինձ համար հետաքրքիր հանդիպումները դեռ առջևում էին: Հանդիպումներն ամենուր էին, ամեն քայլափոխին: Անհնար է տիար Բլեյանի հետ Գյումրու փողոցներով աննկատ ու հանգիստ քայլել: Բոլոր կողմերից ողջույնի խոսքեր էին լսվում. ‹‹Բարև ձեզ, պարոն Բլեյան, ինչպես ե՞ք: …Պարոն Բլեյան, նորից հյուր եք եկե՞լ մեր Գյուրի››: ‹‹Գյումրիում ես հյուր չեմ: Ես իմ տանն եմ››: ‹‹Պարոն Բլեյան, ճի՞շտ է, որ ձեր դպրոցի նման դպրոց եք հիմնելու Գյումրիում››: Պատասխանը պատասխանատվություն էր հայցում. ‹‹Եթե համայնքը ցանկանա, ամեն ինչ կլինի: Այդ հարցով դիմեք մարզպետարան, նախարարություն: Համայնքի ցանկությունն է կարևոր››: Աբովյան փողոցում ենք: ‹‹Ամեն ինչ լավ է: Հին դռները, պատերը, պատուհանները վերանորոգված են: Վատը միայն այս սպիտակ սալահատիկներով պատված գետինն է, որ չի խոսում Գյումրվա սև տուֆի հետ››: Աջ կողմում Գյումրու տիկնիկային թատրոնի շենքն է: Ներս ենք մտնում: ‹‹Բարև ձեզ, պարոն Բլեյան, հրավիրում ենք ձեզ “Երեք խոզուկները” դիտելու››: ‹‹Սիրով, սիրով կդիտեմ ձեր ներկայացումը, բայց ոչ այսօր››: Հաջորդ շենքը Գյումրու երիտասարդական պալատն էր, որը մեր ‹‹Ուսումնական Գյումրի›› նախագծի մասնակիցներից է: Դիմավորեցին անկեղծ ջերմությամբ և սկսվեց Լիլիթ Մակարյանի՝ երիտասարդական պալատի տնօրենի, շուտասելուկի նման հարցերի տարափը. ‹‹Պարոն Բլեյան, երբ է լինելու մեր հաջորդ համատեղ համերգը: Պարոն Բլեյան, Գյումրիու՞մ լավ կլինի, թե Երևանում: Պարոն Բլեյան, թե՞յ կուզեք խմել, թե՞ սուրճ››: Պատասխանն ընդհատեց մեր Հարավային դպրոցի 5-րդ դասարանցիների աշխույժ աղմուկը: Հասմիկ Պողոսյանի և Շուշան Ալեքսանյանի հետ նրանց եռօրյա ճամփորդության երկրորդ օրն էր Գյումրու Շալեում: Երեխաները տիարին տեսնելուն պես ավելի աշխուժացան ու վազեցին դեպի նա: Դահլիճ, դպրոց-պարտեզի խումբ իրենց կազմակերպիչով ու դասավանդողով, հանդիսատես. դե արի, տիար Բլեյան ու զսպիր երգացնելու, պարացնելու քո մշտարթուն մղումը: Այնքան անսպասելի ու հաճելի էր այդ փոքրիկ համերգը:

20181031_133157_Burst01 (1)

Առաջին երգը Ռուբեն Հախվերդյանի ‹‹Սա Երևանն է›› երգն էր:

20181031_133324_Burst01

Հաջորդ երգերը ծիսական հարսանեկան էին:

20181031_132951

Երբ մեր հարավցիներին ճանապարհեցինք, Լիլիթ Մակարյանը հրավիրեց մեզ իր սենյակը ու շարունակեց իր կիսատ մնացած շուտասելուկ-հարցերի տարափը: Նրա հարցադրումներում այնքան նվիրվածություն կար իր աշխատանքին, Գյումրու ստեղծագործ երիտասարդների նկատմամբ այնքան հոգատարություն ու սեր էր արտահայտվում: Որոշվեց, որ Գյումրեցի մի քանի ստեղծագործ պատանիներ  ‹‹Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ›› նախագծով կրթահամալիրի խմբի հետ կմեկնեն Վրաստան: Որոշվեց նաև, որ նոյեմբերի 15-ին կամ 16-ին կրթահամալիրի նորաստեղծ ‹‹Ֆոլք ռոք›› խումբը և Գյումրու պատանեկան ռոք խումբը համատեղ համերգ կտան Գյումրիում: Եվ հետևեց նորից Լիլիթ Մակարյանի անհանգստությամբ լի խոսք-խնդրանքը. ‹‹Պարոն Բլեյան, խնդրում եմ օգնեք, մի խորհուրդ տվեք, կամ էլ մի դուռ բացեք մեր 5-6 երիտասարդ քանդակագործների համար: Նրանք շատ լավն են››: ‹‹Լիլիթ, “շատ” բառը խոսքում մի օգտագործիր: Ես քեզ հավատում եմ, որ նրանք լավն են››: Ճիշտ է, որ յուրաքանչյուր գործ հաջողություն է ունենում, երբ կողմերը հավատում են իրար:

20181031_135225

20181031_141023_Burst01

Ժամը երեքին մեզ սպասում էին Ազատանում: Մենք ճաշեցինք Տեր Մակարի հյուրընկալ տանը: Սեղանի վրա ամեն ինչ բնական էր՝ Ազատանի արտադրանք: Մեզ հետ էր նաև գյուղի դպրոցի տնօրեն Ոսկանյանը: Ազատանը մեծ գյուղ է: Դպրոցն այստեղ ունի 750 սովորող: Ազատանում կա մանկապարտեզ, մշակույթի տուն, ֆուտբոլի դպրոց, որտեղ հաճախում են Ազատանի դպրոցի նույն սովորողները: Հետևում է տիար Բլեյանի տրամաբանական հետևությունը. ‹‹Համայնքի ուժը միասնության մեջ է: Ինչու՞ եք մեկուսանում իրարից: Չէ՞ որ բոլորդ էլ նույն երեխաների կրթական հարցերն եք լուծում: Միավորվեք և հաջողությունը երկար սպասեցնել չի տա››:

20181031_172245_Burst01

Մի ազատանցի անթաքույց հպարտությամբ ասեց ինձ, որ մշակույթի տան այս որմնանկարը Մինաս Ավետիսյանն է նկարել:

20181031_172541_Burst01

Դիմացի պատուհանից արևի լույսն էր ընկել այս լուսավոր նկարի վրա:

 

Leave a comment