Just another WordPress.com site

Անգլերենի ուսուցում-ուսումնառությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում էապես բարելավվեց, երբ 2012 թվականից կրթահամալիրն ամբողջությամբ անցավ բլոգային, նախագծային ուսուցմանը, որին նախորդել էր 2010 թվականին ներդրված «Անահատական դասընկեր-համակարգիչ պիլոտային ծրագիրը», և կրթահամալիրի 4 դպրոց-պարտեզների, Միջին և Ավագ դպրոցների, Քոլեջի բոլոր սովորողներն ու դասավանդողները սկսեցին իրենց անհատական համակարգիչներով ներկայանալ ուսման ու աշխատանքային վայր, որտեղ առկա է 24-ժամյա ինտերնետ հասանելիություն: Անգլերենի առարկայական ծրագրերը բոլոր կրթական աստիճանների, դասարանների համար սկսեցին գրվել՝ հաշվի առնելով համացանցի տված հնարավորությունները:

Անգլերենի հանրակրթական առարկայական ծրագրում առանձնակի կարևորություն է տրված ուսումնական միջավայրին, որը թույլ է տալիս անգլերենի դասավանդման հաղորդակցական մոտեցումն իրականացնել ՏՀՏ ուսումնական միջոցների օգտագործմամբ:

Կրթական տարբեր աստիճանների առարկայական ծրագրերում նշված են ոչ միայն անգլերենի իմացության չափորոշչային կարողությունները (ունկնդրելով և ընթերցելով հասկանալը, խոսելը և գրելը) տարբեր դասարանների վերջնարդյունքներով, այլ նաև՝ այդ կարողությունների ձևավորմանը նպաստող գործունեությունների ձևերը՝ համակարգիչների կիրառմամբ: Որպես օրինակ՝ ներկայացվում է քաղվածք 9-րդ դասարանի անգլերենի առարկայական ծրագրից. « Ունկնդրելու կարողություններ

Ունկնդրելու տեքստերը կարող են լինել. կարճ նկարագրու­թյուն, կարճ տեղեկատվական տեքստ, հայտարարություններ, երգեր, բա­նա­ստեղ­ծու­­թյուն­ներ, հարցազրույց,պարզեցված (ադապտաց­ված) հատված գեղարվես­տական երկերից, հեքիաթնե­րից,տեսա­ֆիլ­մ

  • Կարողանալ հասկանալ ծանոթ թեմայով լսվող նյութի հիմնական բովանդակությունը
  • Կարողանալ հասկանալ հիմնական փաստերը և իրադարձությունները
  •  Կարողանալ հասկանալ լսվող նյութի ամենակարևոր տեղեկատվությունը, որը վերաբերում է ամենօրյա կենցաղային հարցերին
  • Հասկանալ ծանոթ թեմայով մուլտֆիլմի, տեսա­ֆիլ­մի գլխա­­վոր իմաստը, կարճ տեղե­կու­թ­յուն տալ այդ մասին՝ արտահայտելով նաև սեփա­կան կարծիքը
  • Հասկանալ առօրյա իրադար­ձությունների մասին հեռուս­տա­տեսային կամ ռադիո­հա­ղոր­­դումների, կարճ ձայնա­գրու­­թյունների հիմնական բո­վանդակությունը

Ունկնդրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

  • Սովորողներն իրենց տան համակարգիչով լսում են Բրիտանական խորհրդի նոր կայքի ձայնագրությունները  http://learnenglishteens.britishcouncil.org/
  • Ուսումնական պարապմունքների ընթացքում դասավանդողների հետ, կամ տանը՝ որպես ինքնակրթության ձև, սովորողները լսում են www.english-test.net և https://listenaminute.com/ կայքերի ունկնդրելու համար նախատեսված ձայնագրությունները և պատասխանում են տրված հարցերին:
  • Դասավանդողը www.lingualeo.ru կայքից ընտրում է իր դասարանի սովորողների լեզվական իմացության մակարդակին համապատասխան տեքստեր ունկնդրելու համար:
  • Սովորողներին առաջարկվում է լսել ձայնագրություն կամ կենդանի խոսք կամ դիտել տեսաֆիլմ և պատասխանել հարցերին:
  • Սովորողները լսում են իմաստով նման երկու տեքստ և բացահայտում տարբերությունները: »

Բլոգային և նախագծային ուսուցման-ուսումնառության առավելությունները

  1. Հանրակրթության փակ համակարգից անցում է կատարվում բաց համակարգի

Սովորողների անգլերենի լեզվական կառույցներին վերաբերող հանձնարարությունների կատարման հրապարակումները, նախագծային հետազոտական աշխատանքները հասանելի են դառնում դասընկերներին, ուսումնական այլ առարկաներ դասավանդողներին, ծնողներին, համայնքին և, ընդհանրապես, բաց են բոլորի համար, որտեղ առկա է ինտերնետ կապ:

  • Սովորողի բլոգում հրապարակված նյութերը հնարավորություն են տալիս տեսնելու սովորողի գիտելիքների և կարողությունների աճը ուսումնառության տարբեր տարիներին

Օրինակ՝ Ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորող Նանե Վարդումյանի, և 12-րդ դասարանի սովորող Անի Դավիդյանի տարբեր տարիների հրապարակումներից երևում է Նանեի և Անիի ոչ միայն լեզվական կարողությունների, այլ նաև աշխարհայացքի առաջընթացը որպես անհատականություն:

  • Դասավանդողի բլոգը այլ դասավանդողների հետ փորձի փոխանակման ամենաարդյունավետ միջոցն է

Անգլերենի փորձառու դասավանդողի բլոգը յուրահատուկ վիրտուալ մենթորի դեր է կատարում կրթահամալիրում առաջին տարին աշխատող դասավանդողի համար: Որպես ասվածի ապացույց ներկայացվում են կրթահամալիրի դպրոց-պարտեզում արդեն 10-րդ տարին աշխատող Աննա Գանջալյանի և 2020-ի սեպտեմբերից աշխատող Վալենտինա Թումանյանի ուսումնական բլոգները:

  • Դպրոցական կայքը և ուսումնական բլոգները թե′ դասավանդողին, և թե′ սովորողին հնարավորություն են տալիս բովանդակության սպառողից դառնալ բովանդակության ստեղծող

Ահա մի քանի օրինակ՝

Առաջին դասարանցիների «English at Home» նախագիծը:

2-րդ դասարանցիների «I can – ես կարողանում եմ» նախագիծը:

5-րդ դասարանցիների «Հովհ. Թումանյանի հեքիաթները անգլերեն» և «My Info Planet» նախագծերը:

11-րդ դասարանցիները արտահայտվել են մարդկային ձայնի և հնչյունների մասին:

12-րդ դասարանցիների «Բանավեճ» նախագծի հերթական հանդիպումը՝ «The Keys to a Successful Marriage»

Կրթահամալիրի կայքի անգլերեն էջը

«Դպիր» մանկավարժական էլեկտրոնային հանդեսի անգլերեն էջը

  • Ուսումնական բլոգը հեռավար ուսուցման արդյունավետ գործիք է

Կրթահամալիրը հեռավար ուսուցում է կազմակերպել այն սովորողների համար, ովքեր իրենց ընտանիքների հետ ժամանակավորապես բնակվում են արտերկրում, կամ էլ ընտանեկան տարբեր պատճառներով չեն կարողանում մասնակցել առկա ուսուցմանը:

Ներկայաղցվում է անգլերենի դաս-առաջադրանքների հղումներով փաթեթըը Միջին և Ավագ դպրոցների հեռավար ուսումնառությամբ սովորողների համար:

  • Ուսումնական բլոգների, նախագծային ուսուցման, անհատական համակարգիչների կիրառման շնորհիվ իրականացվում է անգլերենի արդյունավետ ուսուցում միևնույն դասարանում սովորող, բայց տարբեր նախնական գիտելիքներ և լեզվական կարողություններ ունեցող սովորողների համար

Յուրաքանչյուր սովորող աշխատում է իր համակարգիչով իր կարողություններին համապատասխան նյութի վրա՝ իր ընդունակություններին, նյութի ընկալման միայն իրեն համապատասխան ժամանակում: Գրեթե չեն լսվում  ուսուցչի՝ բոլոր սովորողներին ուղղված խոսքն ու հարցերը: Գրեթե չեն երևում հարցերին պատասխանող արագ մտածող սովորողների միևնույն ձեռքերը: Ամենացածր ու ամենաբարձր ակադեմիական ընդունակություններով օժտված սովորողները միևնույն չափով զբաղված ու կարևորված են զգում իրենց ուսումնական պարապմունքի ընթացքում:

Կրթահամալիրի դասավանդողների ինքնակրթությանը, մասնագիտական զարգացմանն է նպաստում անգլերենի ակումբը:

  • Կրթահամալիրի Ավագ դպրոցում պարբերաբար անգլերեն ուսումնական պարապմունքներ են անցկացնում արտասահմանյան մասնագետները

Ավագ դպրոցի ենթակայքում բացվել է «Ուսումնական պարապմունքներ օտարերկրյա մասնագետների հետ» բաժինը:

  • Կրթահամալիրի սովորողները անգլերենի իրենց հաղորդակցական կարողությունները զարգացնում են նաև միջազգային ճամբարներում

Ամերիկյան NASA-ի միջազգային տիեզերագիտական ճամբարը Իզմիրում

Մոլդովայի միջազգային խաղաղության ճամբարում

Վրաստանի Մանավիի միջազգային ճամբարում

  • Ուսումնական ճամփորդությունների լուսաբանումները արվում են նաև անգլերեն

Educational Trips

Leave a comment