Just another WordPress.com site

Առաջին ուսումնական շրջանի յուրաքանչյուր ամսվա վերջին կրթահամալիրի մասնաժողովին եմ ներկայացրել լաբորատորիայի գործունեության մասին մանրամասն հաշվետվությունը՝ հղումներով հիմնավորված:

Այս ամփոփիչ հաշվետվությամբ ներկայացնում եմ այն առանձնահատուկը, որով նշանավորվեց 2021-2022 ուստարվա առաջին շրջանը:

  1. Բավականին մեծ աշխատանք կատարվեց դասավանդողների մասնագիտական զարգացման ուղղությամբ: Կրթահամալիրը դարձավ ուսուցիչների պարտադիր ատեստավորման համար կազմակերպվող վերապատրաստող կազմակերպություն: Լուսինե Փաշայանի և Մարգարիտ Սարգսյանի համակարգմամբ ստեղծվեցին վերապատրաստման մոդուլներ, որոնց մի բաղադրիչը՝ օտար լեզվի առարկայականը, մշակվեց և իրականացվեց իմ և Ժաննա Հակոբյանի համագործակցմամբ:

Վերապատրաստման դասընթացին մասնակցում էին նաև այլ դպրոցների ուսուցիչներ, ովքեր իրենց գոհունակությունն արտահայտեցին դասընթացի վերաբերյալ:

Հատկանշական էր նաև այն, որ վերապատրաստման դասընթացի ավարտից հետո օտար լեզու դասավանդողների հոկտեմբերի 13-ի առցանց հավաքի ընթացքում վերապատրաստման մասնակիցները իրենց ստացած գիտելիքների, նոր կարողությունների ու ձեռքբերումների մասին իրենց փորձը փոխանցեցին կրթահամալիրում աշխատող օտար լեզվի այլ դասավանդողներին:

Մասնագիտական զարգացմանն ուղղված երկրորդ կարևոր քայլը ԿԳՄՍ նախարարության հետ համաձայնեցված Բրիտանական խորհրդի կազմակերպած «Future English» ծրագրով վերապատրաստմանը մեր անգլերեն դասավանդողների (Իրինա Ապոյան, Հերմինե Գևորգյան, Նունե Այդինյան, Աննա Գանջալյան, Հայկուհի Հովհաննիսյան) մասնակցությունն էր: Այս միջազգային ծրագրով վերապատրաստվածները համարվում են ատեստավորված մասնագետներ:

Այս օրերին (դեկտեմբերի 27-29) «Future English» ծրագրով վերապատրաստված դասավանդողները իրենց ստացած գիտելիքները և կարողություններն են փոխանցում իրենց գործընկերներին:

2. Հետևողական եռաստիճան քննարկումներ.

Դեռ հոկտեմբեր ամսին իմ անհամաձայնությունն էի հայտնել ուսուցիչների կամավոր ատեստավորման համար ԳԹԿ-ի կազմած հարցաշարերի վերաբերյալ: Քննադատական խոսք ասելուց հետո հարցի տրամաբանական շարունակությունը եղավ նոյեմբերի 3-ին: Իրենց անհամաձայնությունը արտահայտեցին նաև կրթահամալիրի այլ մասնախմբեր, լաբորատորիաներ և առանձին դասավանդողներ: 

Նոյեմբերի 3-ին օտար լեզու դասավանդողների առցանց հավաք կազմակերպվեց, որի ընթացքում քննարկում եղավ  «Հեղինակային կրթական ծրագրով աշխատող օտար լեզվի դասավանդողների կամավոր ատեստավորումը հեղինակային կրթական պահանջներին համապատասխան» թեմայով: Նման բովանդակությամբ մշակումներ արեցին նաև կրթահամալիրի այլ մասնախմբեր:

Նոյեմբերի 20-ին կրթահամալիրի լաբորատորիային ներկայացրեցի իմ այս մշակումը.

«Կրթահամալիրի դպրոցներում աշխատող օտար լեզու դասավանդողների կամավոր ատեստացիայի հարցաշարեր՝ ըստ հեղինակային կրթական պահանջների»: Հարցաշարերը քննարկվեցին օտար լեզու դասավանդողների հետ նոյեմբերի 22-ի առցանց հավաքի ընթացքում:

Երբ հանրային քննարկման ներկայացվեց հանրակրթության օրենքում փոփոխություններ մտցնելու նախագիծը, տպավորություն ստեղծվեց, որ ԿԳՄՍ նախարարությունը փորձում է բարեփոխումներ անել: Ինձ առանձնապես հետաքրքրեց նախագծի 14.3 կետը, որտեղ առաջարկվում է նոր՝ մասնագիտական չափորոշիչ՝ ուսուցչի մասնագիտական գիտելիքների, կարողությունների, պատասխանատվության և վարքագծի նկարագիր.

Տեղին էր Գևորգ հակոբյանի հարցադրումըԻ՞նչ փաստաթուղթ է, ի՞նչ բովանդակությամբ․ հստակեցման կարիք կա։ Ո՞վ է այն հաստատում, ի՞նչ բովանդակությամբ:

Միանգամայն պարզ է, որ հարցադրումը չունի հստակ պատասխան, և կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիան էլ ճիշտ ժամանակին էր սկսել մշակել կրթահամալիրում աշխատող ուսուցչին ներկայացվող ընդհանրական պահանջները՝ կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրին համապատասխան:

Կարծում եմ, որ մեր լաբորատորիաների, մասնախմբերի և ուսկենտրոնների գործունեությունը պետք է սևեռենք հենց այս մշակումների քննարկումների վրա: Օգնենք միմյանց, որպեսզի արդյունքում ստեղծվեն նախարարություն ներկայացնելու համար բոլորիս կողմից ընդունելի ուսուցչին ներկայացվող ընդհանրական պահանջներ, որոնք կհամապատասխանեն կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրին:

Լաբորատորիայի մանրամասն հաշվետվություններն ըստ առաջին ուսշրջանի ամիսների՝

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Նոյեմբեր

Դեկտեմբեր

Նոր նախաձեռնություն

2021-2022 ուստարվա երկրորդ ուսումնական շրջանում իր գործունեությունն է սկսելու «Սովորողների անգլերենի ակումբը Քոլեջում»:

Leave a comment