Just another WordPress.com site

Ասելիքը շատ էր, իսկ ժամանակը՝ քիչ: Որքան լավ էր կազմակերպված այսօրվա մայրենիի կլոր սեղանը: Տաթև Աբրահամյանը ներկայացրեց այն ութ բաղադրիչները, որոնցով մեր կրթահամալիրի դպրոցներում հեղինակային կրթական ծրագրով իրականացվում է մայրենիի ուսուցում-ուսումնառությունը: Կենտրոնում, իհարկե, սովորողներն էին՝ մայրենիի ուսուցման հիմնական շահառուները, բայց որքան նրանք ոգևորված խոսում էին մայրենիի այս կամ այն ուղղություններով իրենց ուսումնառության ձեռքբերումների մասին, այնքան իմ աչքին բարձրանում էին ու կարևորվում մայրենիի մեր դասավանդողները: Չէ՞ որ նրանց ամենօրյա աշխատանքի շնորհիվ է այս արդյունքը ձևավորվել:

  • Նիրհող գրաբարի վրա խարսխված ամբողջական մայրենիի կենդանի եռամիասնությունը՝ արևմտահայերեն, արևելահայերեն, բարբառներ:

Արևմտահայերեն դասավանդող Հուրի Աթթարեանը ոգևորությամբ ներկայացրեց Միջին և Ավագ դպրոցներում արևմտահայերենի ուսուցման ձեռքբերումների մասին: Երբ Հուրին խոսում էր, հիշեցի, որ բոլորովին վերջերս եմ անգլերեն թարգմանել Մարիետ Սիմոնյանի «Կենդանի մայրենին՝ կենդանի ուսուցմամբ» հոդվածը, որտեղ խոսվում էր արևմտահայերենի և գրաբարի ուսուցման կարևորության մասին: Կլոր սեղանի ներկայացման մեջ տպավորիչ են գրաբարի, արևմտահայերենի և բարբառների նախագծային փաթեթները, որոնք ներկայացրել են մայրենիի դասավանդողները: Այստեղ ուզում եմ ավելացնել նաև Վարդան Կարապետյանի «Մեր բարբառները» նախագիծը, որը մեծ աշխուժություն մտցրեց կրթահամալիրում:

  • Ուսումնական ռադիոները՝ որպես խոսքի զարգացման միջոց

Վաղուց անցել են այն ժամանակները, երբ սովորողի գրած շարադրությունը հասանելի էր միայն մայրենիի ուսուցչին: Հիմա արդեն սովորողների ուսումնական բլոգների և կրթահամալիրում գործող 8 ուսումնական ռադիոների միջոցով սովորողի խոսքը հասանելի է հանրությանը: Դրանով սովորողը կարևորված է զգում, ինչը սովորելու մոտիվացիայի խթանող ուժ է:

  • Ուսումնական ամսագրերը՝ որպես խոսքի զարգացման միջոց

Երբ Google-ի որոնողական ցանցում մի որևէ երևույթի, հասկացության հայերեն անունն ենք գրում, շատ հավանական է, որ հղումը բերի մեր կրթահամալիրի այս կամ այն ուսումնական ամսագրի մի որևէ էջը: Դա արդեն իրողություն է դարձել: Կրթահամալիրում 9 գործող ուսումնական ամսագիր կա, որոնցից մի քանիսը տարիների պատմություն ունեն և որոնցում դեռ պահպանվում են տարիներ առաջ կրթահամալիրն ավարտած սովորողների նյութերը: Դրանցից են Հասմիկ Ղազարյանի նախաձեռնած «Թարգմանիր»-ը և Նունե Մովսիսյանի «Առականի»-ն: Խոստումնալից սկիզբ է Մարինե Ամիրջանյանի «Լեզվաբանական ամսագիրը»:

Կլոր սեղանի մասնակից սովորողները ներկայացրեցին իրենց թարգմանական նախագծերը: Ճիշտ են ասել, որ ամենաուշադիր ընթերցողը թարգմանիչն է:

  • Ընթերցանություն և թատրոն

Ինձ համար հոգեհարազատ էր Ավագ դպրոցի մի ընթերցասեր պատանու այն միտքը, որ ինքը նախընտրում է կարդալ այն հեղինակներին, որոնց գրելու ոճն է գրավիչ, այլ ոչ թե` գրածի սյուժեն, բովանդակությունը: Զգացվեց, որ այդ տղան լեզվամտածողության նուրբ ճաշակ ունի:

Երևի ժամանակի պակասն էր, որ կլոր սեղանի քննարկման ընթացքում պատշաճ կերպով չնշվեց Մարիետ Սիմոնյանի Գրական ակումբի գործունեությունը: Արդեն մի քանի տարի գործում է այս ակումբը: Դասավանդողների և ընթերցասեր սովորողների ինքնակրթությանը նպաստող անխոնջ մի մշակ է այս ակումբը:   

Մասնակից սովորողները, թատերական ակումբի անդամներն իրենց սերը արտահայտեցին թատրոնի նկատմամբ: Տպավորիչ էր Իլոնա Սահակյանի խոսքը իր իրականացրած դերասանական գործունեության մասին:

Ամփոփում                                                                                         

Կարծում եմ, որ շատերը դեռ ասելիք ունեին, բայց կլոր սեղանին հատկացված ժամանակը սպառված էր: Կլոր սեղանի լուսաբանման այս նյութը գրելը ինձ տալիս է հնարավորություն՝ արտահայտելու իմ չասված ասելիքը:

Խոսքս ուղղում եմ մեր մայրենին սիրող սովորողներին: Սիրելի սովորողներ, հայ մշակույթի պատմության մեջ մի ակնառու գործիչ է եղել, ով իր ստեղծագործական կյանքում ամուր կապ է ստեղծել մեր մայրենիի զարգացմանը նպաստող բոլոր այստեղ նշված բաղադրիչների միջև՝ գրաբար, արևմտահայերեն, արևելահայերեն, ընթերցանություն, թարգմանություն, թատրոն և ընդհանրապես՝ մշակույթ: Նա 20-րդ դարի շեքսպիրյան մեծագույն ողբերգակ դերասան, գրող Վահրամ Փափազյանն է: Նա ընդամենը 5 գիրք է գրել, բայց իր բառապաշարի հարստությամբ 2-րդն է համարվում հայ գրականության մեջ: Արևմտահայերենի և արևելահայերենի մի աննախադեպ գեղեցիկ շաղախով հունցված լեզու ունի Վահրամ Փափազյան գրողը: Կարդացեք նրա «Հետադարձ հայացք» գրքի երկու հատորները, «Իմ Օթելլոն», «Համլետը ինչպես տեսա», «Արքա Լիր » և «Սրտիս պարտքը» գրքերը ու դուք կզգաք, որ ձեր հոգում մայրենին մի մեծ քայլ է կատարել:               

Leave a comment