Just another WordPress.com site

Ժամը 11:55-ին սկսվեցին անգլերենի բաց դասերը Ավագ դպրոցի չորս 10-րդ դասարաններում: Կցանկանայի ներկա լինել բոլոր չորս դասարաններում միաժամանակ, ինչը անհնար էր: Կարողացա 20 րոպե մասնակցել Սիլվա Հարությունյանի կազմակերպած « Parents and Children – Ծնողները և երեխաները» թեմայով բանավեճին, իսկ մնացած 25 րոպեն անցկացրեցի Հերմինե Գևորգյանի «The Service of Love -Սիրո ծառայությունը» Օ Հենրիի պատմվածքի քննարկմանը:

Սիլվա Հարությունյանի բանավեճային ուսումնական պարապմունքները համապատասխանում են աշխարհում ընդունված ուսումնական բանավեճերի կազմակերպման նորմերին: Ամենակարևոր սկզբունքն այն է, որ դասավանդողը որևէ ձևով չի միջամտում բանավեճի ընթացքին, ակնհայտ հավանություն չի տալիս բանավիճող կողմերի իրարամերժ այս կամ այն մտքերին: Մեր դեպքում դասավանդողը միայն բանավեճ-պարապմունքը տեսանկարահանողի դերում էր:

Բանավեճը վարում էին սովորողներ Սարգիս Շահինյանը և Անի Ապրոյանը: Բանավեճի կազմակերպման երկրորդ կարևոր սկզբունքը հակառակ տեսակետը արտահայտողի առկայությունն է: Այս դերը իր փոքրիկ թիմի հետ լավ էր կատարում Մարիամ Բադալյանը: Զգացվում էր, որ սովորողները բավականին մեծ նախապատրաստական աշխատանք էին կատարել: Բացի վերը նշված սովորողներից բաց պարապմունքին իրենց ակտիվ մասնակցությամբ առանձնացվեցին նաև Արևիկ Արզումանյանը և Տարոն Փաշինյանը: Սիլվա Հարությունյանի բաց պարապմունքի տեսանյութերը այստեղ:

Քննարկվող միանգամայն այլ հարցի վերաբերյալ նույն լրջությունը և ոգևորությունը տեսա նաև Հերմինե Գևորգյանի բաց պարապմունքին: Արդեն անցել էր պարապմունքի կեսը և քննարկման մասնակից սովորողները պատասխանել էին պատմվածքի վերաբերյալ Անգելինա Հակոբյանի պատրաստած հարցերին ու հիմա արդեն քննարկվում էր սիրո թեման ընդհանրապես:

Այստեղ նույնպես նախապատրաստական մեծ աշխատանք էին կատարել սովորողները, իսկ բանավոր քննարկման ժամանակ իրենց հասուն մտքերով ու անգլերենի հաղորդակցական բավականին բարձր մակարդակով աչքի ընկան Կարինե Գոմցյանը, Յուրի Հյուսյանը, Էդվին Մեսրոպյանը և Անգելինա Հակոբյանը: Բաց պարապմունքի տեսաձայնագրությունը այստեղ:

Ժամը 14:00-ին Ավագ դպրոցի ընթերցասրահում մեկնարկեց «Օտար լեզուները կրթահամալիրում» կլոր սեղանը: «Օտար լեզուների ուսուցումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» իրեց ներածական խոսքով կլոր սեղանը բացեցին կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանը և Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանը: Պահի հանդիսավորությունը, պատասխանատվության զգացումը, մեծ թվով հյուրերի ներկայությունը մի փոքր լարվածություն էին ստեղծել, որը շատ շուտով փոխարինվեց փոխադարձ հարգանքի ու սիրո արտահայտության ջերմ աշխատանքային մթնոլորտի՝ շնորհիվ տիար Բլեյանի գնահատող ու ոգևորող խոսքերի: Սկզբում կենտրոնում ռուսերեն դասավանդողներն էին՝ Ժաննա Հակոբյանի ղեկավարությամբ: Տպավորիչ էր 9-րդ դասարանի ռուսերենի ելքի ստուգատեսի ներկայացումը: Հետաքրքիր ու օգտակար նախագիծ է սկսել Անի Ավետիսյանը՝ «Калейдоскоп» ռուսերեն ամսագիրը: Ներկայացումների ընթացքում առանձնակի հետաքրքրություն առաջացրեց Հարավային դպրոց-պարտեզի ռուսերենի դասավանդող Վիկտորիա Հովսեփյանի և Հյուսիսային դպրոց-պարտեզի ռուսերեն դասավանդող Աննա Ֆրանգյանի համագործակցային նախագիծը « Когда встречаются Север и Юг »: Մարիամ Քալանթարյանը Քոլեջի իր սովորողների հետ ներկայացրեց շուրջտարյա « Время поэзии » նախագիծը: Ինչպես տիար Բլեյանն է ասում. «Ռուսերենը օտար լեզու չէ»: Բոլոր դասավանդողները և սովորողները մայրենիի նման էին ռուսերեն խոսում:

Մեր համար ամենօրյա ու սովորական, իսկ հյուրերի համար՝ զարմանահրաշ էին պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, ֆրանսերեն, իսպաներեն և իտալերեն խոսող սովորողները: Այլոց մանկավարժական փորձի շատ ուսումնասիրություններ եմ արել, բայց որևէ տեղ չեմ հանդիպել հանրակրթական մի դպրոցի օրինակ, որի կայքը ունենա ութ երկիր խորհրդանշող դրոշների շարք և սովորողներն էլ ունենան այդքան տարբեր օտար լեզուներ սովորելու հնարավորություն: Կլոր սեղանի ընթացքում սովորողները նշեցին, որ տարբեր ժողովուրդների մշակույթների, այդ ժողովուրդների հետ կրթական փոխանակումների, Հայաստանում այդ երկրների պաշտոնական ներկայացուցչությունների հետ համագործակցումը իրենց ուսումնառության կարևոր բաղադրիչներն են:

Leave a comment