Just another WordPress.com site

Աշխարհի շատ ժողովուրդներ հատուկ վերաբերմունք ունեն «ուրբաթ 13» բառակապակցության վերաբերյալ: Այդ օրը շատերն են համարում ձախորդությունների օր և կարևոր նախաձեռնություններ չեն պլանավորում այդ օրվա համար: Այդուհանդերձ, այնպես ստացվեց, որ մայիսի 13-ի ուրբաթ օրը կրթահամալիրում անգլերենի ուսուցման-ուսումնառության կլոր սեղանն էր և ոչ մի ձախորդություն էլ չարձանագրվեց: Ընդհակառակը, կարելի է վստահորեն ասել, որ մեր կրթահամալիրում անգլերենի ուսուցման և ուսումնառության մոտեցումները լիովին նպաստում են ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչով կրթական տարբեր աստիճանների համար սահմանված վերջնարդյունքների պահանջներին:      

Եկեք պարզ համեմատություններ անենք մեր սովորողների անգլերենի լեզվական երևույթների իմացության, հաղորդակցական կարողությունների և պետական չափորոշիչով սահմանված վերջնարդյունքների միջև:

Տարրական աստիճան (կրտսեր դպրոց)                

Ըստ պետական չափորոշիչի.

Առնվազն երկու օտար լեզվով հասկանա և օգտագործի ծանոթ և պարզ նախադասություններ՝ բավարարելու կոնկրետ կարիքները, կարողանա ներկայանալ, ներկայացնել իր շրջապատի մարդկանց՝ իր և նրանց մասին հաղորդելով պարզ տեղեկություններ, հաղորդակցվել գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն կառույցներ.

Մեր կրտսեր դպրոցների առաջին դասարանում են սովորում հաղորդակցական անգլերենի պարզագույն տարրերը՝ իրար ողջունելու խոսքերը, ներկայանալը, ընտանիքի անդամներին ներկայացնելը, միմյանց անուն հարցնելը և պատասխանելը, գույները, մրգերի, բանջարեղենների ու կենդանիների անվանումները: Կլոր սեղանի ներկայացման ժամանակ երրորդ դասարանցիները նույնիսկ ազատ կարողանում են ուտելիք պատվիրել սրճարանում, իսկ 5-րդ դասարանցիներն էլ կարողանում են անգլերեն խոսելով գնումներ կատարել հագուստի և կոշիկի խանութներում, ինչպես նաև՝ հորինել սեփական փոքրիկ պատումները:

Վալենտինա Թումանյան, Աննա Գանջալյան, Անի Մրտեյան,

Հիմնական աստիճան (միջին դպրոց)

Ըստ պետական չափորոշիչի.

Առնվազն երկու օտար լեզուներով հասկանա ծանոթ, պարբերաբար հանդիպող թեմաներով բանավոր և գրավոր խոսքի հիմնական իմաստը, լեզվակիր երկրներում կարողանա կողմնորոշվել և շփվել առօրյա կենցաղային հաղորդակցական պարզ իրավիճակներում:

Կլոր սեղանի ներկայացումների ժամանակ մեր Միջին դպրոցի սովորողները անկաշկանդ բանավոր պատումներով ներկայացնում էին Արատեսում անցկացրած եռօրյա ճամփորդության կենցաղը: Ամենակարևորն այն էր, որ նրանց խոսքը դասավանդողը նախօրոք չէր պատրաստել նրանց համար: Դասավանդողի համար էլ էր հետաքրքիր, թե ինչ է ասելու սովորողը: Միջին դպրոցի սովորողները նաև ներկայացրեցին իրենց յուրատիպ նախագիծը՝ փոքրիկ հումորային մանրապատումների ներկայացումները:

Տաթև Ալեքսանյան, Անահիտ Մելքոնյան

Միջնակարգ աստիճանը (ավագ դպրոց)

Ըստ պետական չափորոշիչի.

Առնվազն երկու օտար լեզվով բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփվի լեզվակիրների հետ իրեն հետաքրքրող թեմաներով, կարդա և հասկանա տարաբնույթ տեքստերի, այդ թվում՝ ընտրած մասնագիտության ոլորտի բառապաշար պարունակող, հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ կառուցի գրավոր շարադրանք, առաջադրի հետազոտական հարցադրումներ և վարկածներ, պլանավորի և իրականացնի հետազոտություններ՝ առաջարկելով համապատասխան մեթոդներ և բարելավման եղանակներ, վերլուծի ստացված տվյալները առկա գիտելիքի և պատկերացումների համատեքստում, կատարի վերացարկումներ և ընդհանրացումներ:

Ավագ դպրոցին վերաբերող վերջնարդյունքում «հանպատրաստից» բառը ես մգացրել եմ, որովհետև դա հիմնական և միջնակարգ կրթական աստիճանների վերջնարդյունքների միջև եղած հիմնական տարբերությունն է: Հանպատրաստից խոսելու, իր տեսակետը պաշտպանելու կարողությունը դրսևորելու ամենավառ ապացույցը Ավագ դպրոցի այն կիթառով աղջիկը եղավ, ով միայն պատրաստվում էր անգլերեն երգել: Նա ընդգրկված չէր նախագծերը ներկայացնող սովորողների խմբերում, բայց երբ տիար Բլեյանը հարց ուղղեց՝ ցանկանալով իմանալ, թե որն է սովորողների անգլերեն սովորելու շարժառիթը, նա միանգամից հանպատրաստից խոսեց անգլերենի՝ որպես միջազգային լեզվի կարևորության մասին: Ավագ դպրոցի սովորողները իրենց ներկայացրած նախագծերով ապացուցեցին, որ կարողանում են անգլերեն հետազոտական աշխատանքներ կատարել և սեփական տեսակետները պաշտպանել իրենց անգլերենի պարապմունքներում հաճախ կազմակերպվող քննարկումների և բանավեճերի ընթացքում՝  Personal boundaries , Gender Inequality , The Keys to a Successful Marriage , Future specialists speak , The treasures of my Land , Radio programs on different topics, Characters that Changed the World, Forgners in Armenia, Everything about Interesting, Discussions with Cam

Կլոր սեղանի ընթացքում նշվեց նաև, որ Ավագ դպրոցի սովորողների հետ այս տարի երկու ամիս շարունակ ուսպարապմունքներ է ունեցել կամավոր հոգեբան խորհրդատու Քեմ Ադրիանը Վաշինգտոնիցՙ: Դա էլ պետական չափորոշիչի վերջնարդյունքի այն պահանջն է, որ սովորողը պետք է կարողանա լեզվակիր երկրի ներկայացուցչի հետ հաղորդակցվել:

Կլոր սեղանի ներկայացումները եզրափակեցին Քոլեջի անգլերենի դասավանդող Արփի Թովմասյանի անգլերենի ակումբի անդամները:

Կլոր սեղանի մոտ 3 րոպե տևողությամբ տեսաձայնագրությունը.

Leave a comment