Just another WordPress.com site

Չունեմ որևէ առարկություն հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության մասին:

Իմ մտահոգությունը տարակարգի շնորհման գործընթացին է վերաբերում՝ այն փաստաթղթերին, որոնք պետք է ներկայացնի ուսուցիչը:

Առաջարկված է ուսուցչի չորս բնութագիր՝ դասավանդող ուսուցիչ, ավագ ուսուցիչ, վերապատրաստող ուսուցիչ, հետազոտող ուսուցիչ։

Նորմատիվ փաստաթղթում հստակ ձևակերպված են վերապատրաստող և հետազոտող ուսուցչին ներկայացվող պահանջները:

Վերապատրաստող ուսուցչի տարակարգի համար դասավանդվող առարկայից վերջին հինգ տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 70 տոկոս արդյունքի հավաստում, Հետազոտող ուսուցչի տարակարգի համար՝ կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 80 տոկոս արդյունքի հավաստում։

Անորոշություն է դասավանդող և ավագ ուսուցչին ներկայացվող պահանջներում:

 Դասավանդող ուսուցչի և ավագ ուսուցչի վերաբերյալ առաջին կետում գրված է, որ միայն պետք է դիպլոմը ներկայացնել: Իսկ նրանց մասնակցությունը կամավոր ատեստացիային և դրա արդյունքը հավաստող փաստաթուղթ պետք չէ՞: Ի՞նչ բնութագրումով է տարբերվում ավագ ուսուցիչը դասավանդող ուսուցչից, եթե ներկայացվող բոլոր փաստաթղթերը նույնն են:

Որպեսզի ուսուցիչը ստանա «դասավանդող ուսուցիչ (առաջին տարակարգ), ավագ ուսուցիչ (երկրորդ տարակարգ), վերապատրաստող ուսուցիչ (երրորդ տարակարգ) և հետազոտող ուսուցիչ (չորրորդ տարակարգ)» նա պետք է նախարարին ուղղված իր դիմումի հետ ներկայացնի նաև հետևյալ փաստաթղթերը՝

  1. Տվյալ ուստարվա համար իր առարկայի թեմատիկ պլանը և մեկ ամսվա ընթացքում իր դասավանդած բոլոր դասերի պլանները: (սա հնարավոր է ներկայացնել)
  2. Նախորդ վեց ամիսների ընթացքում իր մոտ կատարված բոլոր դասալսումների արձանագրությունները և երկու դասի տեսաձայնագրություն: (Կասկածելի է, որ հնարավոր է այս պահանջը կատարել: Դասալսման արձանագրության կարգ կամ օրինակելի ձև կա՞ մշակված: Չի նշված նաև, թե քանի դասալսում պետք է արվի վեց ամսվա ընթացքում: Եթե երեք դասալսում արված լինի, հանձնաժողովը կարող է ասել, որ երեք դասալսումը քիչ է. պետք է 12 դասալսում արված լինի և դիմումը հետ կվերադարձվի և չի դիտարկվի)
  3. ՏՀՏ-ի հմտությունների մասին վերապատրաստման վկայական, էլեկտրոնային գործիքների կիրառմամբ իրականացված երկու դասի համապատասխան հատվածների տեսագրություն։ (Հարց է առաջանում. արդյո՞ք ԿԳՄՍՆ-ը մշակել է դասավանդողների մասնագիտական զարգացման հստակ ծրագիր, որտեղ հստակ ժամանակագրությամբ նշված են վերապատրաստումներ՝ նեղ ուղղություններով: Պարտադիր վերապատրաստման ծրագրում կա ՏՀՏ միջոցներով դասավանդման հմտությունների փոխանցում, բայց արդյո՞ք դա կարող է բավարար լինել և փոխարինել հատուկ ՏՀՏ հմտությունների վերապատրաստման վկայականին: Չափազանց կասկածելի և ինտրիգային կլինեն ուսուցիչների և սովորողների կողմից իրականացվող անանուն գնահատման արդյունքները:)
  4. 21-րդ դարի հմտությունների մասին վերապատրաստման վկայական, (նույն դիտարկումը, որն արված է 3-րդ կետի վերաբերյալ)
  5. Ռեսուրսների կառավարման հմտությունների մասին վերապատրաստման վկայական, սովորողների և ուսուցիչների կողմից ուսուցչի անանուն գնահատման արդյունքները։ (ԿԳՄՍՆ երբևէ՞ կազմակերպել է նման վերապատրաստում🙂
  6. Ուսումնառության գնահատման մեթոդաբանությունը իմանալու և կիրառել կարողանալու մասին վերապատրաստման վկայական (Երբ է նախարարությունը այսպիսի վերապատրաստում կազմակերպել հանրապետության ուսուցիչների համար և հիմա էլ այդ վերապատրաստման վկայականն է ուզում:)
  7. Ներառական մեթոդների կիրառման և սովորողների առաջադիմության մասին ծնողների անանուն գնահատման մասին տեղեկանք: (Անհնար է նման մի օբյեկտիվ տեղեկանք: Տարիներ առաջ, երբ ես իմ գործերն էի ներկայացնում տարակարգ ստանալու համար՝ այն ժամանակի պահանջներին համապատասխան, գնահատման նման մի տեղեկանք պետք է ներկայացնեի իմ սովորողների ծնողների կողմից: Նախ պետք է ասեմ, որ մի տեսակ նվաստացուցիչ է ծնողներին խնդրել, որպեսզի կարծիք գրեն: Մի երկու ծնողի ասացի, որ կարծիք գրեն, պատասխանեցին, որ կստորագրեն իմ գրածի տակ: Հայ ենք, կեղծիքներ անելու ու սուտ ասելու մեջ անհավասարելի ենք: Այդպես էլ չներկայացրեցի ծնողների կարծիքները: Նախարարությունում էլի ինչ-որ ձևական բաներ ուզեցին, որից հետո ընդհանրապես հրաժարվեցի ներկայացնել գործերս: Հիմա տասնապատիկ անգամ շատացել են պահանջվող տեղեկանքների, վկայականների ու այլ փաստաթղթերի քանակը:)
  8. Մասնագիտական զարգացման պետական պարտադիր վերապատրաստումներից դուրս այլ վերապատրաստումների մասին վկայականներ, գիտական կամ մանկավարժական հոդվածներ, միջազգային բանաժողովներին մասնակցությունը հաստատող տեղեկանքներ, գիտական աստիճաններ … Պարզ է, որ այս կետում նշվածները պարտադիր չեն, բայց ինչու՞ չի գրված, որ սրանք պարտադիր չեն: Նորից անորոշությու՞ն:
  9.  Ուսուցչական կազմակերպությունների արհմիությունների հետ աշխատանքների մասնակցության մասին տեղեկատվություն:  Ձևական տեղեկատվություն չէ՞:

Եզրակացություն

Նախարարությունը «ուզում է» ինչ-որ կերպ բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, բայց չափազանց սուղ են կրթությանը հատկացվող ֆինանսական միջոցները, և այդ պատճառով էլ վարվում է այնպես, ինչպես Շառլ Պեռոյի «Մոխրոտիկի» խորթ մայրը՝ այնպիսի պահանջներ է դնում ուսուցիչների առջև, որոնց անթերի կատարումը գրեթե անհնար է: Հրաշքի համար բարի փերի է պետք:

Leave a comment