Just another WordPress.com site

Գագարին նախագծով հայաստանում գտնվող գերմանացի անգլերենի փորձառու մասնագետ Հանս Քրիստոֆը երեք օր լինելու է մեր կրթահամալիրում և ծանոթանալու է անգլերենի ուսուցման մեր հեղինակային ծրագրի իրագործմանը: Այսօր առաջին օրն էր, որը մեծ հաջողությամբ անցավ:

Առաջինը Անժելա Մովսիսյանի ուսումնական պարապմունքն էր 9-րդ դասարանցիների հետ: Սովորողներն, իհարկե, պատրաստել էին «Իմ վերջերս կարդացած գիրքը» թեմայով իրենց խոսքը, բայց ամեն ինչ այլ կերպ ընթացավ, ինչն ավելի տպավորիչ եղավ: Նրանք սկսեցին հարցեր տալ մեր հյուրին: Հարցերը տրամաբանական էին ու գրագետ անգլերենով: Մի հարցի պատասխանը մեկ այլ հարց էր առաջացնում: Հարցերը գրական ժանրերի, փիլիսոփայության, Գերմանիայի կրթական համակարգի ու այդ երկրում ուսուցչի կարգավիճակի մասին էին: Այնպիսի տպավորություն էր, որ դա բաց դաս չէր, այլ գերմանացի հյուրին հարց տվողները լրագրողներ էին, որոնք տալիս էին իրենց անչափ հետաքրքրող հարցերը: Հարցերը շարունակվեցին նաև դասի ավարտից հետո: Լավ էր, որ մեծ դասամիջոցն էր ու մենք հասցրեցինք օգտվել Ավագ դպրոցի խոհանոցում կազմակերպված հյուրասիրությունից:

5-րդ դասաժամին միացանք Սիլվա Հարությունյանին ու նրա 11-րդ դասարանցիներին: Դասը բանավեճային էր՝ «Գենդերային հավասարություն» թեմայով:

Բանավեճին միացավ նաև պարոն Քրիստոֆը: Բերվում էին օրինակներ ընտանեկան կյանքից, աշխատանքային հարաբերություններից, կանանց ու տղամարդկանց աշխատավարձերի խտրական տրամադրումից, կառավարության և օրենսդիր մարմնի մեջ կանանց ներգրավվածության աստիճանից, միայն սիրո վրա հիմնված ամուսնական հարաբերություններից: Այդ ժամանակ մտքովս անցավ մի «տարօրինակ» միտք. «Այսքանից հետո էլ ի՞նչ թվանաշանային գնահատականի մասին կարող է խոսք լինել»: Սիլվա Հարությունյանի միջամտությունը այնքան նուրբ էր ու որևէ բան չպարտադրող: Նա կարողանում է դասարանում ստեղծել անկաշկանդ և, միևնույն ժամանակ, սովորող-սովորող փոխադարձ հարգալից մթնոլորտ:

6-րդ դասաժամին մեզ էին սպասում 10-րդ դասարանցիները իրենց անգլերենի դասավանդող Իրինա Ապոյանի հետ: Նրանք պետք է ներկայացնեին իրենց իրականացրած «Mock Trial – Խաղարկային դատարան» նախագիծը: Այստեղ նույնպես ամբողջ դասն անցավ հանպատրաստից հաղորդակցական մոտեցումով: Սովորողները պատմեցին, թե ինչպես են աշխատել, որպեսզի իրենց դատական գործի քննությունը որքան հնարավոր է նմանվի իրական դատական գործի քննությանը, որն իրականացվում է Միացյալ նահանգների դատարաններում: Փաստորեն նախքան տեքստի գրելը համացանցում ուսումնասիրել են տարբեր դատական գործեր և այդ ընթացքում սովորել են և՚ դրանց ընթացքը, և՚ դատավարության տերմինաբանությունը. մի իսկական հետազոտական աշխատանք: Տեքստը գրելուց հետո էլ պետք էր այդ ամենը բեմադրել՝ ցուցաբերելով նաև որոշակի դերասանական հմտություններ: Պատկերացնում եմ, թե ինչ բազմաբնույթ աշխատանք է կատարել Իրինա Ապոյանը: Երբ դասն ավարտվեց, ես հարցրեցի պարոն Քրիստոֆին, թե արդյոք ինքը զգաց նախագծային ուսուցման արդյունավետությունը: Նա պատասխանեց, որ շատ տպավորիչ է, եզակի է:

Ժամը 14:30-ին Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ օտար լեզու դասավանդողների և պարոն Քրիստոֆի հանդիպում-քննարկումը: Նա այն կարծիքն արտահայտեց, որ իր սպասածից ավելին էին ոչ միայն սովորողների անգլերենի հաղորդակցական կարողությունները, այլ նաև նրանց ցուցաբերած մտահորիզոնը, աշխարհայացքը ու լայնախոհությունը:

Leave a comment