Just another WordPress.com site

Նախագծային մեթոդի նկարագրման ամենասկզբում պռոֆ. Պոլատը գրում է, որ այն խնդրի (տեխնոլոգիաների) մանրամասն մշակման միջոցով դիդակտիկ նպատակին հասնելու մեթոդ է, որը պետք է ավարտվի միանգամայն իրական, շոշափելի գործնական արդյունքով՝ ձևակերպված այս կամ այն ձևով:

Եկեք այս նախադասությունը ավելի պարզ ու հասկանալի դարձնենք: Նախ և առաջ եկեք պարզենք, թե ինչ է նշանակում «հասնել դիդակտիկ նպատակին» արտահայտությունը:

ՀՀ գիտությունների ակադեմիայի Լեզվի ինստիտուտի բացատրական բառարանում այսպես է տրված «դիդակտիկա» բառի բացատրությունը. «Մանկավարժության այն բաժինը, որտեղ հիմնավորվում են ուսուցման բովանդակությունը, ձևերն ու մեթոդները»: Մեզ անհրաժեշտ «դիդակտիկ» կամ «դիդակտիկական» ածականի բացատրությունը չի տրված բառարանում, բայց գոյականին վերագրվող իմաստից կարող ենք եզրակացնել, որ «դիդակտիկը» ուսուցման բովանդակությունը, ձևերն ու մեթոդները հիմնավորողն է: Մեր վերը նշված արտահայտությունը նորից անհասկանալի է մնում:

Միանգամայն այլ բացատրություն է տրված Օքսֆորդի բառարանում. Didactic (adj) «designed to teach people something, especially a moral lesson –նախատեսված`մարդկանց ինչ-որ բան սովորեցնելու համար, հատկապես բարոյական դաս»:

Բացատրության երկրորդ կետում էլ վատ ձևով է որակվում այդ ածականը. «telling people things rather than letting them find out for themselves. The didactic teacher-led approach is no longer fashionable. – մարդկանց ասել բաներ, այլ ոչ թե թույլ տալ, որ նրանք իրենք բացահայտեն: Ուսուցչի կողմից առաջնորդվող դիդակտիկ մոտեցումն այլևս մոդայիկ չէ։

Ռուսերենի մեծ բացատրական բառարանի բացատրությունը նման է Օքսֆորդի բառարանի բացատրությանը՝ дидактический – назидательный, поучительный.

Փաստորեն ինձ ծանոթ երեք լեզուներով բառարանները որևէ կերպ չօգնեցին «դիդակտիկ նպատակ» բառակապակցությունը հասկանալու համար:  

Համեմատաբար ավելի հասկանալի, պարզ և ընդունելի բացատրություն է տրված «didactic method» բառակապակցությանը Վիկիպեդիայի անգլերեն էջում. «a theory and practical application of teaching and learning. – ուսուցման և ուսումնառության տեսության և գործնականի կիրառումը»:

Այսպիսով ստացանք այս պարզեցված ձևակերպումը՝ «Նախագծային մեթոդը խնդրի մանրամասն մշակման միջոցով ուսուցման և ուսումնառության տեսության ու գործնականի կիրառմամբ ուսուցման նպատակին հասնելու մեթոդ է, որը պետք է ավարտվի միանգամայն իրական, շոշափելի գործնական արդյունքով, որը կարող է ներկայացվել տարբեր ձևերով»:

Այլոց փորձի ուսումնասիրման իմ հոդվածում այսպես է բնորոշված ուսուցման նախագծային մեթոդը. «Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ համագործակցային, հետազոտական աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:»

Ահա նախագծային ուսուցման մեթոդի մեկ այլ բնորոշում, որը տվել է Աշոտ Տիգրանյանը իրեն հատուկ լակոնիկ ոճով գրված և համակողմանիորեն հիմնավորված «Նախագծային ուսուցում. տեսություն և փորձ» հոդվածում, որը ռուսալեզու աղբյուրների ուսումնասիրության արդյունք է. «Նախագծային ուսուցումը դասավանդողի/դասավանդողների և սովորողի/սովորողների համատեղ կրթական գործունեությունն է, որը նպատակաուղղված է որևէ հիմնախնդրի/հիմնախնդիրների տեսական և/կամ գործնական լուծմանը:»  

Այսպիսով`գալիս ենք այն եզրակացության, որ ուսումնական նախագծի իրականացման առաջին քայլը իրական կյանքում հանդիպող մի խնդրի (հիմնահարցի) ձևակերպումն է, որի լուծումը նախագծի նպատակն է:

Ավագ դպրոցի անգլերեն դասավանդող  Նունե Այդինյանի և իր սովորողների իրականացրած մեկ նախագծի օրինակով ուզում եմ ցույց տալ այդ նախագծի իրականացման քայլաշարի, նախագծի տեսակի, աշխատանքային փուլերի համապատասխանությունը պրոֆ. Պոլատի նախագծային մեթոդի մշակմանը:

Նախագծային աշխատանքի առաջին փուլը.  Խնդրի (հիմնահարցի) ձևակերպումը .

Սովորողներն ուսումնասիրում են անգլերեն, բայց լիակատար իրազեկ չեն լեզվակիր երկրի մշակույթին, պատմությանը, կառավարման համակարգին, քաղաքականությանը, առանձնահատկություններին և տարբեր ասպեկտներին:
Նախագծի նպատակն է հետաքրքրության առաջացումը և միջմշակութային իրազեկության բարձրացումը ուսումնասիրվող լեզվի երկրի վերաբերյալ, նորարարական և համագործակցային կարողությունների զարգացումը, բազմազանության նկատմամբ հարգալից վերաբերմունքի խրախուսումը, լեզվական գիտելիքների փոխանցումը, հաղորդակցվելու համար նպաստավոր միջավայրի ստեղծումը, անգլերենով հաղորդակցական, ստեղծագործական, քննադատական հմտությունների զարգացումը՝ անդրադառնալով երկրի առանձնահատկություններին և տարբեր ասպեկտներին՝ արժեքներին, խորհրդանիշներին, պատմությանը, տնտեսությանը, իրավունքին, լեզվին, կրթությանը, գիտությանը,  մշակույթին՝ արվեստին, երաժշտությանը, կինոարտադրությանը, գրականությանը, տոներին, իշխանության ճյուղերին, սպորտին, ազգային խոհանոցին և այլն: 

Աշխատանքի երկրորդ փուլը. պլանավորումը՝ խնդրի հիմնահարցի տրոհումը ենթաթեմաների և աշխատանքային խմբերի ձևավորումը 

Կարինե Գոմցյանը և Շուշան Փաշինյանը՝ ուղևորություն ԱՄՆ-ով

Անգելինա Հակոբյանը՝ ԱՄՆ քաղաքները

Ամալյա Զաքարյանը և Արաքս Քալիճյանը՝ ԱՄՆ տոները                                                

Կարինե Միքայելյանը՝ կրթությունը ԱՄՆ-ում

Տիգրան Հարությունյանը՝ ՆԱՍԱ

Ալբերտ Զախրաբեկյանը՝ ԱՄՆ խոշորագույն տեխնոլոգիական կորպորացիաները

Իլոնա Սահակյանը՝ ԱՄՆ իշխանության ճյուղերը

Շուշան Փաշինյանը՝ Քաղաքացիությունն ու ժողովրդավարությունը ԱՄՆ-ում

Արաքս Քալիճյանը՝ հանցանք և պատիժ

Կարինե Գոմցյանը՝ հայկական համայնքը ԱՄՆ-ում

Նարե Նավասարդյան՝ երաժշտությունն ԱՄՆ-ում

Լուսի Ղարիբյանը՝ ԱՄՆ երաժշտությունն ու դրա պատմությունը

Նունե Հովհաննիսյանը՝ ամերիկյան գրականության շրջանները

Էվա Սադոյան՝ ԱՄՆ գրականություն

Մարկ Միկաիլը՝ ավտոմեքենաների մշակույթն ԱՄՆ-ում

Անահիտ Ասատրյան և Սերգեյ Հայրիյան՝ կինոարտադրությունը ԱՄՆ-ում. Հոլիվուդ

Էլեն Մկրտչյան՝ ԱՄՆ արվեստը

Մերի Երեմյան՝ ԱՄՆ խորհրդանիշները

Սաթենիկ Հովհաննիսյան՝ Կուկլուքսկլան

Արշիլ Խաչատրյան՝ Հոկտեմբերյան անակնկալ

Աշխատանքի երրորդ փուլը. պրպտում, տեղեկատվական նյութերի հավաքման և մշակման հետազոտական աշխատանք

Սովորողներն ուսումնասիրում են ԱՄՆ-ի մշակույթին, պատմությանը, կառավարման համակարգին, քաղաքականությանը, և տարբեր ոլորտներին վերաբերող իրենց հանձնարարված ենթաթեմաների մասին տեղեկատվությունը, ստեղծում դրանց համառոտ ու ավելի մատչելի շարադրանքը:

Նախագիծն իրականացնելու ընթացքում սովորողները ձեռք են բերում տարբեր ոլորտներին վերաբերող տեղեկատվական գիտելիքներ, ընդլայնվում է նրանց անգլերենի բառապաշարը, ինչպես նաև զարգանում է նրանց հետազոտական աշխատանք կատարելու հմտությունները:

Աշխատանքի չորրորդ փուլը. վերջնական արդյունքի պատրաստում՝ օգտագործելով ներկայացման տարբեր համակարգչային ծրագրեր՝ sway, canva, prezi

Աշխատանքի հինգերորդ փուլ. Վերջնական արդյունքի հանրային ներկայացում

Հանրային ներկայացումը եղավ 2022-ի նոյեմբերի 19-ին, կրթահամալիրի Մայր դպրոցի փոքր դահլիճում: Միջոցառմանը ներկա էին P-H International-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը, EducationUSA կրթական խորհրդատու Իննա Ղաբուլյանը, Հայաստանում ԱՄՆ Խաղաղության կորպուսի մասնագետ Մերի Առաքելյանը, դասավանդողներ, սովորողներ:

Կարինե Գոմցյանը և Շուշան Փաշինյանը՝ ուղևորություն ԱՄՆ-ով
Անգելինա Հակոբյանը՝ ԱՄՆ քաղաքները
Ամալյա Զաքարյանը և Արաքս Քալիճյանը՝ ԱՄՆ տոները
Կարինե Միքայելյանը՝ կրթությունը ԱՄՆ-ում
Տիգրան Հարությունյանը՝ ՆԱՍԱ
Ալբերտ Զախրաբեկյանը՝ ԱՄՆ խոշորագույն տեխնոլոգիական կորպորացիաները
Իլոնա Սահակյանը՝ ԱՄՆ իշխանության ճյուղերը
Շուշան Փաշինյանը՝ Քաղաքացիությունն ու ժողովրդավարությունը ԱՄՆ-ում
Արաքս Քալիճյանը՝ հանցանք և պատիժ
Կարինե Գոմցյանը՝ հայկական համայնքը ԱՄՆ-ում
Նարե Նավասարդյան՝ երաժշտությունն ԱՄՆ-ում
Լուսի Ղարիբյանը՝ ԱՄՆ երաժշտությունն ու դրա պատմությունը
Նունե Հովհաննիսյանը՝ ամերիկյան գրականության շրջանները
Էվա Սադոյան՝ ԱՄՆ գրականություն
Մարկ Միկաիլը՝ ավտոմեքենաների մշակույթն ԱՄՆ-ում
Անահիտ Ասատրյան և Սերգեյ Հայրիյան՝ կինոարտադրությունը ԱՄՆ-ում. Հոլիվուդ
Էլեն Մկրտչյան՝ ԱՄՆ արվեստ
Մերի Երեմյան՝ ԱՄՆ խորհրդանիշները
Սաթենիկ Հովհաննիսյան՝Կուկլուքսկլան
Արշիլ Խաչատրյան՝ Հոկտեմբերյան անակնկալ

Արձագանքներ նախագծի հանրային ներկայացումից հետո.
Մասնախմբի ղեկավար Յուրա Գանջալյանի արձագանքը The Start of the 17th Autumn Creative Gathering at High School with Technologically New English Presentations
The USA in a Nutshell: The 2nd Presentation
Նունե Այդինյանի ամփոփումը՝ Wrapping up the project, որտեղ տեղ են գտել ստորև նշված կարծիքներն անգլերեն:
EducationUSA-ի կրթական խորհրդատու Իննա Ղաբուլյանի կարծիքով՝ ««ԱՄՆ-ի մասին՝ համառոտ» նախագծի շրջանակում անցկացվող միջոցառումների շարքը հիանալի առիթ է սովորողների համար քաջատեղյակ լինելու ԱՄՆ-ի մասին և հասկանալու նրա պատմությունը, արժեքները և մշակույթը, ինչն իր հերթին՝ նպաստում է սովորողներին բարձրացնելու իրենց անգլերենի իմացության մակարդակը, ինչպես նաև հանրային ելույթի, հետազոտության և ներկայացման հմտությունները: Այսպիսով, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեր տքնաջան աշխատանքի և նվիրվածության համար»:

«ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը նշել է. «Այցելելով Հայաստանի հարյուրավոր դպրոցներ՝ հազվադեպ եմ ականատես եղել սովորողների այնպիսի ինքնավարության, ինչպիսին վայելեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Սովորողների հմուտ թիմային աշխատանքն ու ստեղծագործական ունակությունները, զուգորդվելով անգլերենի գերազանց իմացությամբ, այս միջոցառումը հիրավի հիշարժան դարձրեցին ինձ համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կրթահամալիրի սովորողներին գերազանցության մշակույթին ուղղված իրենց ջանքերի, և անգլերենի դասավանդող Նունե Այդինյանին՝ իր սաների ինքնավար ուսումնառությանը և ինքնուրույն աշխատանքին աջակցելու համար»:

Իր հերթին՝ անգլերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի («ԱԵԼՏԱ») փոխնախագահ և «ԱՄՆ Խաղաղության կորպուսի» աշխատակից Մերի Առաքելյանն արտահայտել է հետևյալ կարծիքը.  «Հիանալի զգացողություն ունեցա միջոցառմանը մասնակցելու և հիրավի տաղանդավոր սովորողների հանդիպելու առիթով. սովորողներ, որ արել են հնարավորինս՝ ԱՄՆ-ի վերաբերյալ իրենց գիտելիքներն ու հմտությունները լավագույնս ներկայացնելու համար՝ տպավորիչ անգլերենով և թվային գործիքների ստեղծագործաբար կիրառմամբ: Կեցցե՛ք, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սանե՛ր և ուսուցիչնե՛ր։ Շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն տվեցիք մասնակցել միջոցառմանը»:

Leave a comment