Just another WordPress.com site

Անգլերենի բաց դաս Ավագ դպրոցի ընթերցասրահում մարտի 3-ին, առաջին դասաժամին:

Արհեստական բանականության հետ շփվելը, նրա հետ գործ ունենալը միշտ էլ ինձնից շատ հեռու եմ համարել: Իհարկե լսել էի, որ համակարգչային ծրագիր կա, որը կարող է շախմատ խաղալ նույնիսկ գրոսմայստերների հետ և հաղթել նրանց, բայց պատկերացնել չէի կարող, որ արհեստական բանականության որոշակի ծրագրերի հետ մեր Ավագ դպպրոցի սովորողներն արդեն տևական ժամանակ է, ինչ շփվում են՝ աշխատում դրանցով և երբ Ավագ դպրոցում անգլերեն դասավանդող Անժելա Մովսիսյանը հրավիրեց ինձ իր բաց դասին՝ «Artificial Intelligence – Արհեստական բանականություն» թեմայով, ես անմիջապես համաձայնվեցի: Միշտ էլ հետաքրքիր է մի որևէ բանի մասին առաջին անգամ հիմնավոր տեղեկություն ստանալը: Դասը սկզբից մինչև վերջ վարեց 10-րդ դասարանի սովորող Հայկ Ղազարյանը: Նրա խոսքը այնքան ինքնավստահ էր, այնքան բանիմաց, այնքան լուրջ, որ առաջին տպավորությունն այն էր, որ մեր առջև արհեստական բանականության մի հրավիրյալ փորձագետ էր: Հայկը ներկայացնում էր ChatGPT համակարգչային ծրագիրը, որը կարող է ցանկացած թեմայով տեքստ ստեղծել: Սկզբում ես չէի հասկացել այդ ծրագրի իմաստը, և Հայկն էլ նոր էր սկսել պատմել դրա մասին, երբ սովորողները սկսեցին հարցեր տալ իրեն: Մի քանի րոպե հետո հասկացա, որ ես ու Սիլվա Հարությունյանը, որը նույնպես եկել էր մասնակցելու բաց դասին, խաղից դուրս ենք մնացել: Այդ ի՞նչ են նրանք քննարկում: Այդ ժամանակ ես խնդրեցի Հայկի դասընկերներին հարցերը տալ վերջում՝ թույլատրելով, որ Հայկն ավարտի իր հիմնական ասելիքը: Հետևեց իմ հարց-խնդրանքը. «Հայկ, ես բոլորովին ծանոթ չեմ այդ ծրագրին, և ինձ համար անհասկանալի են մնում ծրագրի աշխատանքի մասին քո մեկնաբանությունները: Խնդրում եմ մի կոնկրետ օրինակով ցույց տուր, թե ինչպես է աշխատում այդ ծրագիրը իր արհեստական բանականությամբ»: Հայկը պատասխանեց. «Դուք մի բառ ասեք, որի բացատրությունը կցանկանայիք իմանալ»: Ես ասացի. «Love»: Հայկը գրեց «Love» բառը որոնման պատուհանում և մեկ-երկու վայրկյանից հետո մեր աչքերի առաջ սկսեց աշխատել արհեստական բանականությունը: Կարծես անգլերեն լեզվամտածողությամբ աներևույթ մի ուղեղ սկսեց թելադրել սիրո մասին մի դասախոսություն: Նախադասությունները հայտնվում էին մեկը մյուսի հետևից,  տրամաբանորեն շաղկապված ու առանց կրկնվելու: Դա անվերջ էր թվում: Ծրագիրն առայժմ անվճար է և կարելի է այն ներբեռնել համացանցից:

Այսպիսով մենք ընդունեցինք, որ ակներև են արհեստական բանականությամբ այդ համակարգչային ծրագրի առավելությունները, իսկ որո՞նք են թերությունները: Այստեղ էր, որ իր վրդովմունքը բուռն կերպով հայտնեց նույն դասարանի սովորող Վարազդատը: Նա մոտ կես ժամ համբերել էր և չէր ուզեցել խոսել ծրագրի առավելությունների մասին: Նա ասաց, որ այս արհեստական բանականությամբ ծրագիրը սովորողներին ծուլության է դրդում: Փաստորեն սովորողը կարող է իր հետազոտական աշխատանքը, տնային հանձնարարությունները, էսսեները պատրաստի ձևով ստանալ՝ առանց աշխատելու:

Ես իհարկե պաշտպանեցի Վարազդատի տեսակետը, բայց դասամիջոցին էլ ասացի նրան, որ որքան էլ ուզենանք չենք կարող և անօգուտ է պայքարել առաջընթացի դեմ:

Այդ անսովոր ու անչափ հետաքրքիր անգլերեն բաց դասից հետո իմ մտքում որոշ հարցեր առաջացան, որոնց պատասխանները չգիտեմ: Ինչու՞ է մարդը աշխատում ստեղծել իր նմանին՝ արհեստական բանականությամբ: Ինչու՞ է մարդը իր կամքով ստեղծում մի մեքենա, որը մտածելու է իր փոխարեն և մտածելու է առանց հույզերի ու զգացմունքների:                       

Leave a comment